Chapter 17
XVII
Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի: Լապտերավառների մասին պատմելիս ես ճշմարտության դեմ մի փոքր մեղանչեցի: Վախենում եմ՝ ովքեր վատ գիտեն մեր մոլորակը, կարող են նրա մասին սխալ կարծիք կազմել: Մարդիկ երկրագնդի վրա այնքան էլ շատ տեղ չեն գրավում: Եթե նրա երկու միլիարդ բնակիչները հավաքվեն մի տեղ, ինչպես միտինգների ժամանակ, ապա նրանք հեշտությամբ կտեղավորվեին քսան մղոն երկարություն և քսան մղոն լայնություն ունեցող մի տարածության վրա: Ամբողջ մարդկությանը կարելի է կուտակել Խաղաղ օվկիանոսի ամենափոքրիկ մի կղզու վրա:
Մեծահասակները, իհարկե, ձեզ չեն հավատա: Նրանք երևակայում են, թե շատ տեղ են գրավում: Նրանք իրենց աչքում բաոբաբի նման խոշոր ու մեծասքանչ են երևում: Իսկ դուք խորհուրդ տվեք, որ ճիշտ հաշվեն: Դա նրանց դուր կգա, չէ՞ որ նրանք պաշտում են թվերը: Դե, դուք այդ թվաբանության վրա ժամանակ չեք կորցնի: Դուք առանց այդ էլ հավատում եք ինձ:
Այսպես ուրեմն, երկրագնդի վրա ընկնելով՝ Փոքրիկ իշխանը ոչ մի մարդ չտեսավ, և դա նրան շատ զարմացրեց: Նա նույնիսկ մտածեց, թե սխալմամբ թռել է մի ուրիշ մոլորակի վրա: Բայց հենց այդ ժամանակ ավազի վրա լուսնի ճառագայթի նման մի օղակ շարժվեց:
– Բարի երեկո, – համենայն դեպս ասաց Փոքրիկ իշխանը:
– Բարի երեկ, – ասաց օձը:
– Այս ի՞նչ մոլորակ եմ ես ընկել:
– Երկրագունդն է, – ասաց օձը: – Դու Աֆրիկայում ես:
– Այ թե ի՜նչ: Իսկ ի՛նչ է, երկրագնդի վրա մարդիկ չկա՞ն:
– Սա անապատ է: Անապատներում ոչ ոք չի ապրում:
Բայց երկրագունդը մեծ է:
Փոքրիկ իշխանը նստեց մի քարի վրա և հայացքը գցեց երկնքին:
– Կուզեի իմանալ, թե աստղերն ինչու են փայլում, – մտածկոտ ասաց նա: – Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի:
Նայիր, ահա, իմ մոլորակը ուղիղ իմ գլխի վրա է, բայց ինչքա՜ն հեռու է այստեղից:
– Գեցեցիկ մոլորակ է, – ասաց օձը: – Իսկ դու ի՞նչ պիտի անես այստեղ՝ երկրագնդի վրա:
– Ես խռովել եմ իմ ծաղկից, – խոստովանեց Փոքրիկ իշխանը:
– Այ թե ի՜նչ...
Եվ երկուսն էլ լռեցին:
– Իսկ որտե՞ղ են մարդիկ, – վերջապես խոսեց Փոքրիկ իշխանը: – Անապատում, այնուամենայնիվ, մարդ մենակ է զգում իրեն:
– Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն, – նկատեց օձը:
Փոքրիկ իշխանը ուշադիր նայեց նրան:
– Տարօրինակ արարած ես դու, – ասաց նա: – Մատիս հաստությունը հազիվ ունենաս:
– Բայց իմ մեջ ավելի շատ հզորություն կա, քան նույնիսկ թագավորի մատի մեջ, – առարկեց օձը:
Փոքրիկ իշխանը ժպտաց:
– Մի՞թե դու այդքան հզոր ես: Դու նույնիսկ թաթեր չունես: Դու նույնիսկ ճանապարհորդել չես կարող...
– Քեզ ուզածդ նավից ավելի հեռուն կարող եմ տանել ես, – ասաց օձը:
Եվ ոսկե ապարանջանի նման փաթաթվեց Փոքրիկ իշխանի ոտքի կոճիկին:
– Ում որ ես դիպչեմ, կվերադարձնեմ այն հողին, որից որ նա ծնվել է, – ասաց օձը: – Բայց դու մաքուր ես, անբասիր, աստղերից ես իջել...
Փոքրիկ իշխանը չպատասխանեց:
– Ես քեզ խղճում եմ, – շարունակեց օձը: – Դու այս գրանիտի նման չոր ու կոպիտ երկրի համար շատ ես թույլ: Այն օրը, երբ դու դառնորեն զղջաս քո մոլորակը թողնելու համար, ես քեզ կարող եմ օգնել: Ես կարող եմ...
– Ես քեզ շատ լավ հասկացա, – ասաց Փոքրիկ իշխանը: – Բայց դու ինչո՞ւ ես միշտ հանելուկներով խոսում:
– Ես լուծում եմ բոլոր հանելուկները:
Եվ երկուսն էլ լռեցին: