1. Փոքրիկ Իշխանը

Chapter 15

XV

Վեցերորդ մոլորակը նախորդից տասն անգամ մեծ էր: Նրա վրա մի ծերունի էր ապրում, որը հաստափոր գրքեր էր գրում:

– Նայեցե՛ք... ահա և ճանապարհորդը, – Փոքրիկ իշխանին նկատելով՝ բացականչեց ծերունին:

Փոքրիկ իշխանը նստեց սեղանի վրա, որպեսզի շունչ քաշի:

Նա արդեն բավական շատ էր թափառել:

– Որտեղի՞ց ես գալիս, – հարցրեց ծերունին:

– Այդ ի՞նչ գիրք է այդքան մեծ, – հարցրեց Փոքրիկ իշխանը: – Ի՞նչ եք անում այստեղ:

– Ես աշխարհագրագետ եմ, – պատասխանեց ծերունին:

– Ի՞նչ բան է աշխարհագրագետը:

– Դա մի գիտնական է, որը գիտի, թե որտեղ են գտնվում ծովերը, քաղաքները, լեռներն ու անապատները:

– Ի՜նչ հետաքրքիր է, – ասաց Փոքրիկ իշխանը: – Ա՛յ, դա իսկական գործ է:

Եվ նա մի հայացք գցեց աշխարհագրագետի մոլորակի վրա: Փոքրիկ իշխանը երբեք այդքան փառահեղ մոլորակ չէր տեսել:

– Ձեր մոլորակը շատ գեղեցիկ է, – ասաց նա: – Իսկ օվկիանոս դուք ունե՞ք...

– Դա ես չգիտեմ, – ասաց աշխարհագրագետը:

– Օհո՜,– ասաց Փոքրիկ իշխանը հիասթափված: – Իսկ լեռներ կա՞ն...

– Չգիտեմ, – կրկնեց աշխարհագրագետը:

– Իսկ քաղաքնե՞ր, գետե՞ր, անտառնե՞ր...

– Դա էլ չգիտեմ:

– Բայց չէ՞ որ դուք աշխարհագրագետ եք:

– Հենց բանն էլ այդ է, – ասաց ծերուկը: – ես աշխարհագրագետ եմ և ոչ թե ճանապարհորդ: Ես ճանապարհորդների խիստ կարիք եմ զգում: Չէ՞ որ աշխարհագրագետները չեն, որ պահում են քաղաքների, գետերի, լեռների, ծովերի, օվկիանոսների և անապատների հաշիվը: Աշխարհագրագետը շատ կարևոր դեմք է, նա թափառելու ժամանակ չունի: Նա իր առանձնասենյակից դուրս չի գալիս, բայց ընդունում է ճանապարհորդներին և նրանց պատմությունները գրի է առնում:

Եվ եթե նրանցից որևէ մեկը ինչ-որ հետաքրքիր բան է պատմում, աշխարհագրագետը ստուգում է, թե կարգին մարդ է այդ ճանապարհորդը:

– Իսկ ինչո՞ւ:

– Ախր եթե ճանապարհորդը սկսի փչել, այն ժամանակ աշխարհագրության դասագրքերում ամեն ինչ իրար կխառնվի: Եվ եթե մի երկու բաժակ ավելի է խմել, էլի վատ է:

– Ինչո՞ւ...

– Որովհետև հարբեցողների աչքին ամեն բան զույգ է երևում: Եվ այնտեղ, ուր իրականում մի սար կա, աշխարհագրագետը երկուսը կնշի:

– Ես ճանաչում եմ մի մարդու, որից շատ վատ ճանապարհորդ դուրս կգար, – նկատեց Փոքրիկ իշխանը:

– Շատ հավանական է: Ուրեմն այսպես, եթե պարզվում է, որ ճանապարհորդը կարգին մարդ է, այն ժամանակ ստուգում են նրա հայտնագործությունը:

- Ինչպե՞ս են ստուգում: Գնում և նայո՞ւմ են...

– Չէ՛, ի՜նչ ես ասում: Դա շատ բարդ է: Ուղղակի պահանջում են, որ ճանապարհորդը ապացույցներ ներկայացնի: Օրինակ, եթե նա մեծ սար է հայտնագործել, թող այնտեղից մեծ-մեծ քարեր բերի:

Աշխարհագրագետը հանկարծ հուզվեց.

– Բայց չէ՞ որ դու էլ ես ճանապարհորդ: Հեռվից ես եկել: Պատմի՛ր ինձ քո մոլորակի մասին:

Եվ աշխարհագրագետը բաց արեց իր հաստափոր գիրքն ու մատիտը սրեց: Ճանապարհորդների պատմությունները նախ մատիտով են գրում և միայն հետո, երբ ճանապարհորդը ապացույցներ է բերում, կարելի է նրա պատմածը գրանցել թանաքով:

– Ես քեզ լսում եմ, – ասաց աշխարհագրագետը:

– Դե իմ մոլորակի վրա այնքան էլ հետաքրքիր բաներ չկան, – շշնջաց Փոքրիկ իշխանը: – Իմ մոլորակի վրա ամեն ինչ փոքր է: Երեք հրաբուխ կա: Երկուսը գործում են, իսկ մեկը վաղուց հանգած է: Բայց դե ո՞վ գիտե, մեկ էլ տեսար...

– Այո՛, ամեն ինչ կարող է պատահել, – հաստատեց աշխարհագրագետը:

– Հետո ես մի ծաղիկ ունեմ:

– Ծաղիկները մենք չենք նշում:

– Ինչո՞ւ... չէ՞ որ ծաղիկը ամենագեղեցիկ բանն է:

– Որովհետև ծաղիկները վաղանցիկ են:

– Ի՞նչ է նշանակում վաղանցիկ:

– Աշխարհագրության գրքերը աշխարհում ամենաթանկ գրքերն են, – բացատրեց աշխարհագրագետը: – Նրանք երբեք չեն հնանում: Չէ՞ որ քիչ է պատահում, որ սարը տեղից շարժվի, կամ, ասենք, օվկիանոսը ցամաքի: Մենք գրում ենք հավերժական և անփոփոխ առարկաների մասին:

– Բայց հանգած հրաբուխը կարող է նորից արթնանալ, – ընդհատեց Փոքրիկ իշխանը: – Իսկ ի՞նչ է նշանակում վաղանցիկ:

– Հանգել է հրաբուխը, թե գործում է, մեզ՝ աշխարհագրագետներիս համար նշանակություն չունի, – ասաց աշխարհագրագետը:

– Կարևորը սարն է: Սարը չի փոխվում:

– Իսկ ի՞նչ է նշանակում «վաղանցիկ», – հարցրեց Փոքրիկ իշխանը, որը երբ մի հարց էր տալիս, էլ չէր հանգստանում, մինչև պատասխանը չստանար:

– Այդ նշանակում է այն, ինչը շուտով պիտի անհետանա:

– Իմ ծաղի՞կն էլ շուտով պիտի անհետանա:

– Հասկանալի է:

«Իմ ուրախությունն ու գեղեցկությունը հավիտենական չեն, – ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը, – և նա ոչինչ չունի պաշտպանվելու համար, նրա ունեցածը չորս փուշ է: Իսկ ես նրան լքեցի ու նա մեն-մենակ մնաց իմ մոլորակի վրա»:

Դա առաջին անգամ էր, որ նա ափսոսաց լքված ծաղկի համար: Բայց անմիջապես արիացավ:

– Դուք ի՞նչ խորհուրդ կտաք ինձ, ո՞ւր կարելի է գնալ, – հարցրեց նա աշխարհագրագետին:

– Այցելիր Երկիր մոլորակը, նա բավական լավ համբավ ունի, – պատասխանեց աշխարհագրագետը:

Եվ Փոքրիկ իշխանը ճամփա ընկավ, բայց նրա մտքերը լքված ծաղկի հետ էին...

Comments