Chapter 13
XIII
Չորրորդ մոլորակը պատկանում էր մի գործարար մարդու: Նա այնքան զբաղված էր, որ երբ Փոքրիկ իշխանը հայտնվեց, գլուխն անգամ չբարձրացրեց:
– Բարի օր, – ասաց Փոքրիկ իշխանը, – ձեր ծխախոտը հանգել է:
– Երեքին գումարած երկու՝ հինգ: Հինգին գումարած յոթ՝ տասներկու: Բարի օր: Տասնհինգ, յոթ էլ՝ քսաներկու: Քսաներկու, վեց էլ, հավասար է քսանութի: Ժամանակ չունեմ լուցկի վառելու: Քսանվեցին գումարած հինգ հավասար է երեսունմեկի: Ո՜ւֆ... այսպիսով, ընդամենը հինգ հարյուր միլիոն վեց հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր երեսունմեկ:
– Հինգ հարյուր միլիոն ի՞նչ...
– Ի՞նչ... Դու այստե՞ղ ես: Հինգ հարյուր միլիոն... արդեն չեմ հիշում, թե ինչ... Ես այնքան գործ ունեմ... ես լուրջ մարդ եմ, շաղարատելու ժամանակ չունեմ... երկուս, հինգ էլ՝ յոթ...
– Հինգ հարյուր միլիոն ի՞նչ... – կրկնեց Փոքրիկ իշխանը: Մի բան որ հարցներ, նա այլևս չէր հանգստանա, մինչև պատասխանը չստանար: Գործարար մարդը գլուխը բարձրացրեց.
– Արդեն հիսունչորս տարի է, ինչ ես ապրում եմ այս մոլորակի վրա, և այդ ընթացքում ինձ միայն երեք անգամ են խանգարել: Առաջին անգամ՝ քսաներկու տարի սրանից առաջ, չգիտես որտեղից հայտնվեց մի մայիսյան բզեզ: Նա սարսափելի աղմուկ բարձրացրեց, և ես գումարման ժամանակ չորս սխալ արեցի: Երկրորդ անգամ՝ տասնմեկ տարի առաջ, ռևմատիզմի նոպա ունեցա՝ նստակյաց կյանքից: Ես ման գալու ժամանակ չունեմ: Ես լուրջ մարդ եմ: Երրորդ անգամ... ահա սա... Այսպես, ուրեմն, հինգ հարյուր միլիոն...
– Միլիոն ի՞նչ...
Գործարար մարդը գլխի ընկավ, որ պետք է պատասխանի, թե չէ հանգիստ չի ունենա:
– Հինգ հարյուր միլիոն էն բաներից... որ օդում մեկ-մեկ երևում են...
– Դրանք ի՞նչ են, ճանճե՞ր...
– Դե չէ... փոքրիկ, փայլուն բաներ են...
– Մեղունե՞ր...
– Չէ՛, չէ՛... Այսպիսի փոքրիկ բաներ են... ոսկեգույն, ամեն մի ծույլ մարդ հենց նայում է դրանց, սկսում է երազել: Ես լուրջ մարդ եմ, ես երազելու ժամանակ չունեմ:
– Աա՜, աստղեր:
– Ա՛յ, ա՛յ, աստղեր:
– Հինգ հարյուր միլիոն ա՞ստղ... իսկ ի՞նչ ես անում այդ աստղերը...
– Հինգ հարյուր մեկ միլիոն վեց հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր երեսունմեկ: Ես լուրջ մարդ եմ, ես սիրում եմ, որ ամեն ինչ ճշգրիտ լինի:
– Ի՞նչ ես անում դու այդ բոլոր աստղերը:
– Ինչ եմ անո՞ւմ...
– Այո՛:
– Ոչինչ էլ չեմ անում: Ես տիրում եմ դրանց:
– Տիրում ես աստղերի՞ն:
– Այո՛:
– Բայց ես արդեն մի թագավոր եմ տեսել, որը...
– Թագավորները ոչնչի չեն տիրում... նրանք միայն կառավարում են... դա բոլորովին այլ բան է:
– Իսկ ինչի՞ համար ես տիրում աստղերին:
– Որպեսզի հարուստ լինեմ:
– Իսկ ինչո՞ւ ես ուզում հարուստ լինել:
– Որպեսզի էլի նոր աստղեր առնեմ, եթե որևէ մեկը նոր աստղեր հայտնաբերի:
«Սա իսկ և իսկ այն հարբեցողի նման է դատում», – մտածեց Փոքրիկ իշխանը:
Եվ շարունակեց հարցնել.
– Իսկ աստղերին ինչպե՞ս են տիրում:
– Աստղերն ո՞ւմն են, – տհաճությամբ հարցրեց գործարարը:
– Չգիտեմ: Ոչ մեկինն էլ չեն:
– Ուրեմն իմն են, որովհետև ես առաջինն եմ այդ բանը մտածել:
– Եվ դա բավական է:
– Դե իհարկե: Եթե դու ալմաստ ես գտնում, որը տեր չունի, ուրեմն քոնն է: Եթե դու մի կղզի ես գտնում, որը տեր չունի, ուրեմն քոնն է: Եթե առաջին անգամ քո գլխում մի միտք է ծագում, դու նրա համար պատենտ ես վերցնում, և այն քոնն է: Ես աստղերին տիրում եմ, որովհետև ինձանից առաջ ոչ ոք գլխի չի ընկել, որ կարելի է նրանց տիրել:
– Ա՛յ դա ճիշտ է, – ասաց Փոքրիկ իշխանը: – Եվ ի՞նչ պիտի անես դու այդ աստղերը:
– Ինչ ուզենամ՝ կանեմ, – պատասպանեց գործարարը, – հաշվում եմ ու էլի կհաշվեմ: Դա շատ դժվար բան է: Բայց ես լուրջ մարդ եմ:
Սակայն Փոքրիկ իշխանի համար դա շատ քիչ էր:
– Եթե ես մետաքսե թաշկինակ ունենամ, կարող եմ կապել վզիս ու հետս տանել, – ասաց նա: – Եթե ես մի ծաղիկ ունենամ, կարող եմ պոկել ու հետս տանել: Բայց չէ՞ որ դու չես կարող աստղերը տանել:
– Չեմ կարող, բայց ես դրանք կարող եմ բանկ դնել:
– Այդ ինչպե՞ս:
– Շատ պարզ, թղթի վրա գրում եմ, թե որքան աստղ ունեմ: Հետո այդ թուղթը դնում եմ արկղի մեջ ու բանալիով փակում:
– Այդքա՞նը:
– Դա բավական է:
«Հետաքրքիր է, – մտածեղ Փոքրիկ իշխանը: – Եվ նույնիսկ բանաստեղծական է: Բայց այնքան էլ լուրջ բան չէ»:
Թե ինչն է լուրջ բան, ինչը՝ ոչ, Փոքրիկ իշխանը յուրովի էր հասկանում, ոչ այնպես, ինչպես մեծահասակները:
– Ես մի ծաղիկ ունեմ, – ասաց նա, և ես ամեն առավոտ ջրում եմ այն: Ես երեք հրաբուխ ունեմ, ամեն շաբաթ մաքրում եմ դրանք: Բոլորն էլ մաքրում եմ, հանգածը նույնպես: Դե, ինչ ասես կարող է պատահել: Եվ իմ հրաբուխների ու իմ ծաղկի
համար օգտակար է, որ ես տիրում եմ նրանց: Իսկ աստղերը քեզանից ոչ մի օգուտ չեն ստանում...
Գործարար մարդը բերանը բաց արեց, բայց այդպես էլ չիմացավ, թե ինչ պատասխանի, և Փոքրիկ իշխանը շարունակեց իր ճամփան:
«Այո, մեծահասակներն իրոք զարմանալի մարդիկ են», – ճանապարհը շարունակելով՝ պարզամտորեն ասում էր նա ինքն իրեն: