1. Փոքրիկ Իշխանը

Chapter 1

I

Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս: Ահա թե ինչպիսին էր այդ նկարը:

Գրքում ասվում էր. «Վիշապօձը իր զոհին կուլ է տալիս առանց ծամելու, ողջողջ: Դրանից հետո նա այլևս չի կարողանում շարժվել և կես տարի անընդհատ քնում է՝ մինչև որ մարսում է կերածը»:

Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին և գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ № 1 նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել:

Ես իմ առաջին ստեղծագործությունը ցույց տվեցի մեծահասակներին և հարցրի՝ սարսափելի չէ արդյոք:

– Մի՞թե գլխարկը սարսափելի է,– առարկեցին նրանք:

Իսկ դա ամենևին էլ գլխարկ չէր, այլ մի վիշապօձ, որը փիղ էր կուլ տվել: Ստիպված վիշապօձը նկարեցի ներսի կողմից, որպեսզի մեծահասակներին հասկանալի լինի: Ախր նրանց ամեն բան պետք է բացատրել: Ահա իմ № 2 նկարը

Մեծահասակներն ինձ խորհուրդ տվեցին օձ չնկարել ոչ դրսի և ոչ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ, թվաբանությամբ և ուղղագրությամբ: Ահա թե ինչպես պատահեց, որ ես վեց տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից: № 1 և № 2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս: Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:

Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել և սովորեցի ինքնաթիռ վարել: Ես ամբողջ աշխարհը գրեթե ման եմ եկել: Եվ, ճիշտ որ ասեմ, աշխարհագրությունն ինձ շատ պետք եկավ: Առաջին իսկ հայացքից կարողանում էի Չինաստանն ու Արիզոնան տարբերել. երբ գիշերը շեղվում ես ճանապարհից, շատ կարևոր է այս իմանալը:

Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:

Երբ հանդիպում էի որևէ մեծահասակի, որն ինձ մյուսներից ավելի հասկացող ու խելացի էր թվում, ես նրան ցույց էի տալիս իմ № 1 նկարը, որը միշտ մոտս էի պահում: Ես ուզում էի իմանալ, թե այդ մարդը իսկապես մի բան հասկանում է: Բայց բոլորն էլ ինձ պատասխանում էին. «Դա գլխարկ է»:

Եվ ես այլևս նրանց մոտ չէի խոսում ոչ վիշապօձերի, ոչ ջունգլիների և ոչ էլ աստղերի մասին: Ես հարմարվում էի նրանց մտածողությանը: Ես նրանց հետ խոսում էի բրիջ և գոլֆ խաղալու մասին, քաղաքականության ու փողկապների մասին: Եվ մեծահասակները շատ գոհ էին մնում, որ ծանոթացել են ինձ նման առողջ դատողության տեր մարդու հետ:

Comments