Chapter 7
Մաս 7։Ջերմ օջախ՝ սառը լեռների մեջ
Մառախուղը վերջապես սկսեց ցրվել, երբ հորիզոնում երևացին Էդվարդի հարազատ գյուղի մուգ ու ցածրիկ տնակները։ Սա այն վերջին կետն էր Անգլիայի հողի վրա, որից այն կողմ սկսվում էր անհանգիստ Շոտլանդիան։ Էմման և ծերունին, ուժասպառ ու ցեխոտված, դանդաղ առաջ էին շարժվում գյուղի նեղ արահետներով։
Քայլելով առաջ՝ Էմման ևս մեկ անգամ ակնհայտորեն զգաց այն հսկայական տարբերությունը, որը կար Անգլիայի այս խիստ հյուսիսի և իր հարազատ Ֆրանսիայի միջև։ Այստեղ ամեն ինչ թվում էր ծանր ու մռայլ։ Մարդիկ կասկածամիտ ու սառը հայացքներով էին զննում յուրաքանչյուր անցորդի. պատերազմի շունչը զգացվում էր օդում։ Փողոցի ամեն անկյունում լսվում էին շշուկներ Շոտլանդիայի հետ սպասվող նոր բախումների մասին։
Տները կառուցված էին մուգ, կոպիտ քարից, ցածր առաստաղներով, որոնք կարծես սեղմում էին գետնին։ Խոնավությունն ամենուր էր՝ պատերին, հագուստի մեջ, նույնիսկ մարդկանց հոգիներում։ Ամեն քայլափոխի նրանք հանդիպում էին զրահապատ ասպետների ու պարեկների, որոնք զննող հայացքով հարցաքննում էին բոլորին։
Մի քանի անգամ նրանց կանգնեցրին։
— Ո՞վ եք դուք և ո՞ւր եք գնում այս ժամին, — կոպտորեն հարցրեց մի զինվոր՝ ձեռքը հենելով սրի դաստակին։
Էդվարդը, փորձվածի պես հանգստությամբ, Էմմային քաշեց իր կողմը։
— Սա իմ թոռնուհին է, պարո՛ն։ Պարզապես տուն ենք վերադառնում ծանր ճանապարհից հետո, — ասաց նա՝ գլուխը խոնարհելով։ Զինվորը կասկածանքով նայեց Էմմայի հոգնած, բայց հպարտ դեմքին, սակայն ոչինչ չասաց ու թույլ տվեց անցնել։
Վերջապես նրանք հասան Էդվարդի կացարանին։ Դա մի կոպիտ քարե շինություն էր, որի դրսում թափված էին սայլի մասեր, կախված էին կենդանիների մորթիներ, իսկ շուրջբոլորը ցեխ էր ու թափառող հավեր։ Ներս մտնելուն պես Էմմային հարվածեց ծխի, այրվող փայտի և թաց շների ու ձիերի սուր հոտը։ Տան ներսում տիրում էր կիսախավար, միայն կրակարանի թույլ լույսն էր լուսավորում դարբնի գործիքներն ու պատերից կախված սևացած վահանները։
Էդվարդը միայնակ էր ապրում։ Նա լուռ մի կտոր հաց ու մի քիչ պանիր դրեց սեղանին։
— Կե՛ր, բալե՛ս, սա այն ամենն է, ինչ հիմա ունեմ, — շշնջաց նա։
Էմման մեխանիկորեն կերավ մի քանի պատառ, բայց ուժերն այլևս չէին հերիքում նույնիսկ խոսելու համար։ Նա տեղավորվեց անկյունում դրված ծղոտե մահճակալի վրա։ Հենց գլուխը հպվեց կոշտ բարձին, աչքերը փակվեցին։ Նա ուժասպառ պառկեց՝ զգալով, որ սահմանն արդեն այնքան մոտ է, բայց այս գիշեր նրան միայն քուն էր հարկավոր՝ մոռանալու համար անցած ճանապարհի սարսափներն ու Ալեխանդրոյի կորուստը։
Էմման արթնացավ ու մի պահ չհասկացավ, թե որտեղ է։ Տանը լռություն էր։ Նա վեր կացավ, ուղղեց հագուստն ու դուրս եկավ ցեխոտ բակը։ Շուտով նա գտավ Էդվարդին. ծերունին զբաղված էր հավ մորթելով։
— Պարո՛ն Էդվարդ, շատ շնորհակալ եմ ձեր հյուրընկալության համար, բայց ես արդեն պետք է շարժվեմ, — ասաց Էմման՝ մոտենալով նրան։
Ծերունին բարձրացրեց գլուխը, սրբեց ձեռքերն ու բարյացակամ ժպտաց։
— Սպասի՛ր, աղջիկս, մի՛ շտապիր։ Հիմա այս հավը կեփեմ, որ հետդ վերցնես։ Առջևումդ երկար ու դժվար ճանապարհ կա։ Բացի այդ, ես արդեն խոսել եմ հարևանի տղայի հետ. նա քեզ կուղեկցի սահմանից այն կողմ։ Հիմա պատերազմ է, ու միայնակ աղջնակի համար վտանգավոր է։ Ափսոս, չեմ կարող ստիպել այդ տղային, որ մինչև վերջ հետդ գա. իր համար էլ է վտանգավոր, առավել ևս, որ անգլիացի է։
Էմման ժպտաց։ Նա զգում էր ծերունու անկեղծ հոգատարությունը և համաձայնեց սպասել։ Նրանք միասին անցան խոհանոց։ Մինչ պատրաստվում էր հրաժեշտի սեղանը և Էմմայի ճանապարհի պաշարը, նրանք զրույցի բռնվեցին։ Էդվարդի հանգիստ հարցերի ներքո Էմման բացվեց և պատմեց իր ողջ պատմությունը՝ Ֆրանսիայի իր կյանքից մինչև այս պահը։
Երբ սեղանն արդեն պատրաստ էր և ուտելիքը դասավորված, Էդվարդը մի պահ լռեց, ապա գնաց հարևան սենյակ։ Նա վերադարձավ՝ ձեռքին բռնած իր արհեստանոցի լավագույն նմուշները՝ մի նրբակերտ, բայց ամուր սուր և փայլուն վահան։
— Սա քեզ նվեր, Էմմա՛։ Շնորհակալ եմ կյանքս փրկելու համար, — ասաց նա՝ զենքերը մեկնելով աղջկան։
Էմմայի աչքերը փայլեցին հիացմունքից։ Նա զգուշությամբ վերցրեց սուրը։
— Անչափ շնորհակալ եմ, պարո՛ն Էդվարդ։ Առանց սրի ես ինձ զգում էի ինչպես առանց ձեռքերի։
Ծերունին նստեց սեղանի մոտ ու ուշադիր նայեց նրան։
— Իսկ Շոտլանդիայում հստակ մարդու մո՞տ ես գնում, թե՞ պարզապես բախտիդ հույսին ես։
— Այո՛, — պատասխանեց Էմման վճռականությամբ։ — Ես լսել եմ մի ասպետի մասին, ով Շոտլանդիայում ուսուցանում է ասպետական գաղտնիքների նոր տեխնիկաներ։ Ասում են՝ նրա աշակերտը դառնալու համար ոչ գումար է պետք, ոչ էլ տիտղոս, այլ միայն իսկական ասպետի ոգի։ Լսել եմ, որ նրա մոտ մարզվածները մեծ հաջողությունների են հասել։
Նա թեթևակի ծիծաղեց ու շարունակեց.
— Ես ինքնուս եմ եղել։ Ֆրանսիայում ասպետների կարգը մի փոքր այլ է՝ ավելի ռոմանտիկ։ Նրանք կռվում են իրենց տիկնանց համար, նրանց թաշկինակն ստանալու համար։ Ինձ դա այդքան էլ հարազատ չէ, հատկապես որ ես ինքս աղջիկ եմ։ Ես ուզում եմ տիրապետել ասպետի արվեստին, որպեսզի իմ կռիվն օգնի մարդկանց, երկրիս ու հարազատներիս։ Ուզում եմ, որ անմեղները չտուժեն ուժեղներից։
Էդվարդը լուռ լսում էր՝ հիացած 14-ամյա աղջկա հասունությամբ։ Այդ պահին դուռը բացվեց, և ներս մտավ հարևանի տղան։
— Ժամանակն է, — ասաց նա։
Էմման վերցրեց իր նոր զենքերը, փաթեթավորված ուտելիքը և վերջին անգամ գրկեց ծերունուն։ Նրանք դուրս եկան տնից և կամաց-կամաց սկսեցին շարժվել դեպի մառախլապատ հորիզոնը։
Անգլիայի սահմանն անցնելուց հետո նրանք որոշ ժամանակ քայլեցին լուռ՝ լսելով միայն քամու հևոցը։ Վերջապես, հարևանի տղան կանգ առավ, գլխով արեց Էմմային և, առանց ավելորդ խոսքերի, հետ դարձավ դեպի մառախլապատ հարթավայրը։ Էմման մնաց մենակ։ Նա արդեն Շոտլանդիայի հողի վրա էր։
Առջևում բացվում էր մի տեսարան, որն իր վայրի գեղեցկությամբ տարբերվում էր այն ամենից, ինչ Էմման տեսել էր մինչ այդ։ Արևը դանդաղ մայր էր մտնում՝ հորիզոնը ներկելով վառ կարմիր, մանուշակագույն և ոսկեգույն երանգներով։ Հեռվում վեր էին խոյանում մութ ու վեհաշուք լեռները, որոնց գագաթները կարծես դիպչում էին երկնքին։ Օդը սառն էր, բայց զարմանալիորեն մաքուր՝ լցված թաց մամուռի, հին քարերի և հեռվից փչող լեռնային թարմության հոտով։ Լռությունը խորն էր ու հանդիսավոր, որը միայն երբեմն ընդհատվում էր լեռնային առվակների հեռավոր կարկաչյունով։
Էմման հասավ մի փոքրիկ գյուղի, որը թաքնված էր բլուրների արանքում։ Տները կառուցված էին գորշ քարից, իսկ տանիքները ծածկված էին խիտ տորֆով։ Նա մոտեցավ առաջին իսկ տանը և թակեց փայտյա ծանր դուռը։
Երբ դուռը բացվեց, նրան դիմավորեց մի կին՝ խիստ, բայց բարի դիմագծերով։ Էմման, հիշելով իր պատրաստած պատմությունը, խոնարհվեց։
— Բարի երեկո, տիկի՛ն։ Ես շոտլանդացի եմ, ում ծնողները զոհվել են այս անիծյալ պատերազմում։ Ես մնացել եմ փողոցում և չունեմ ոչ ոքի։ Խնդրում եմ, թույլ տվեք այս գիշեր ձեր հարկի տակ մնալ։ Փոխարենը ես պատրաստ եմ օգնել ձեզ և ձեր ամուսնուն տան ցանկացած գործում։
Տան ներսից երևաց մի բարձրահասակ, թիկնեղ տղամարդ՝ խիտ շեկ մորուքով։ Նրանք մի պահ հայացքներով խորհրդակցեցին։ Թեև անծանոթին ներս թողնելը վտանգավոր էր, բայց տեսնելով հոգնած ու միայնակ աղջկան՝ նրանք որոշեցին, որ նա չի կարող վնաս տալ։
— Նե՛րս արի, աղջիկս, — ասաց տղամարդը թավ ձայնով։ — Մեր դուռը փակ չէ կարիքավորի առջև։
Տունը ներսից պարզ էր, բայց ջերմ։ Կենտրոնում գտնվող օջախում վառվում էր տորֆը՝ լցնելով սենյակը յուրահատուկ, հաճելի հոտով։ Առաստաղից կախված էին չորացրած խոտաբույսեր և մսի կտորներ։ Կահույքը կոպիտ էր՝ ձեռքով տաշված փայտից, բայց ամեն ինչ մաքուր էր ու խնամված։Սեղանին դրված էր շոգեխաշած բանջարեղեն և վարսակի հաց։ Չնայած պատերազմական վիճակին, այս ընտանիքում տիրում էր խաղաղություն, որը հիմնված էր միմյանց հանդեպ վստահության վրա։Էմման նստեց կրակի մոտ՝ զգալով, թե ինչպես է ջերմությունը վերադառնում իր սառած մարմնին։
Էմմայի առաջին առավոտը Շոտլանդիայում սկսվեց անսովոր անդորրով։ Նա արթնացավ հանգստացած, և առաջին անգամ երկար ժամանակ անց նրա սիրտը սեղմված չէր տագնապից։ Տանտիկին Էլսպետը նրան հյուրասիրեց տաք շիլայով և թարմ կաթով, ինչից հետո Էմման, չսպասելով խնդրանքների, անցավ գործի։
Էմման օրվա մեծ մասն անցկացնում էր տնային գործերով։ Նա օգնում էր Էլսպետին բուրդ գզելու և թել մանելու հարցում, ջուր էր բերում հեռավոր առվակից և նույնիսկ փորձում էր տիրապետել շոտլանդական բարդ կերակուրների գաղտնիքներին։ Սակայն նրա ամենասիրելի զբաղմունքը ձիու խնամքն էր։Տեսնողը երբեք չէր գուշակի, որ այս աղջիկը ֆրանսիական ազնվական ընտանիքից է։ Փողոցում և հասարակ մարդկանց հետ նա դարձել էր լիովին «իրային»։ Եթե մոր դաստիարակությունը նրան դարձրել էր իդեալական օրիորդ՝ նրբագեղ շարժուձևով, ապա ճանապարհի դժվարությունները նրան սովորեցրել էին լինել պարզ, ճկուն և աննկատ։ Նա հիանալիորեն խառնվում էր ամբոխին՝ թաքցնելով իր արիստոկրատական հպարտությունը ։Երբ երեկոյան բոլորը հավաքվել էին սեղանի շուրջ և վայելում էին օրվա համեստ վաստակը, դուռը հանկարծակի բացվեց։ Ներս մտավ մի բարձրահասակ, հոգնած դեմքով երիտասարդ տղա՝ զինվորականի հագուստով։ Դա Մաքլաուդների որդին էր՝ Ալիստերը։
Այդ ժամանակներում Շոտլանդիայում պատերազմը խլում էր բոլոր երիտասարդներին, հատկապես հասարակ ընտանիքներից, և նրանց տուն վերադառնալը նույնիսկ մի քանի ժամով համարվում էր իսկական հրաշք։
— Որդի՛ս, — Էլսպետը արցունքն աչքերին նետվեց նրա գիրկը։ — Դու ողջ ես...
Ալիստերը ծանր շնչելով գրկեց մորը, հետո հայացքը հառեց անծանոթ աղջկան, ով լուռ նստած էր անկյունում։
— Սա Էմման է, — ներկայացրեց հայրը՝ Մաքլաուդը։ — Նա մեզ շատ է օգնում, որդի՛ս։
Սեղանի շուրջ զրույցը սկզբում դժվարությամբ էր ընթանում։ Ալիստերը պատմում էր ռազմաճակատի դաժանությունների մասին, իսկ Էմման ուշադիր լսում էր՝ փորձելով հասկանալ պատերազմի իրական դեմքը։ Տեսնելով աղջկա աշխատասիրությունն ու համեստությունը՝ Մաքլաուդը դիմեց նրան.
— Լսի՛ր, Էմմա, դու այս կարճ ժամանակում դարձել ես մեր տան մի մասնիկը։ Եթե չունես գնալու տեղ, մնա՛ մեզ մոտ այնքան, որքան ուզում ես։ Մեզ նման օգնական և քեզ նման բարի հոգի այս օրերին դժվար է գտնել։
Էմման զգացված էր։ Նա նայեց Ալիստերին, ով իր հերթին զարմացած հետևում էր, թե ինչպես է այս «հասարակ» աղջիկը մեծ հարգանքով ու միևնույն ժամանակ ներքին արժանապատվությամբ պատասխանում իր հորը։
— Շնորհակալ եմ ձեր բարության համար, — ասաց Էմման։ — Ես կմնամ ձեզ մոտ որոշ ժամանակ, քանի դեռ չեմ պատրաստվել իմ ճանապարհի հաջորդ փուլին։
Էմման մեխանիկորեն հավաքում էր սեղանը՝ ամանները դասավորելով, բայց նրա միտքը լիովին այլ տեղ էր։ Նրա հայացքն անընդհատ սահում էր դեպի դռան մոտ հենված Ալիստերի սուրը։ Այդ զենքը նրա համար պարզապես մետաղի կտոր չէր, այլ մի ամբողջ պատմություն, որը կանչում էր իրեն։
Աշխատանքն ավարտելուց հետո Էմման քաշվեց մի կողմ՝ փորձելով չխանգարել ընտանեկան ջերմությանը։ Մաքլաուդներն իրենց տղային շրջապատել էին այնպիսի հոգատարությամբ, որը համակված էր թե՛ անսահման ուրախությամբ, թե՛ խորը թախիծով։ Բոլորն էլ գիտեին, որ այս հանդիպումը կարող է վերջինը լինել. պատերազմը հաշվի չի նստում սպասողների հետ։
Որոշ ժամանակ անց Ալիստերը, զգալով Էմմայի մեկուսացվածությունը, մոտեցավ նրան և նստեց կողքին։ Նա մի փոքր շփոթված էր, կարծես չգիտեր՝ ինչպես սկսել խոսակցությունը մի աղջկա հետ, ում հայացքում տարօրինակ մի ուժ կար։
— Ցավում եմ ծնողներիդ համար, — ցածրաձայն ասաց նա։
Էմման, ով իրականում ոչ ոքի չէր կորցրել, մի պահ քարացավ։ Նա ստիպված էր դեր խաղալ և փորձեց դեմքին հաղորդել սգավորի արտահայտություն, թեև սիրտը տակնուվրա էր լինում ստի համար։
— Պատերազմն իրոք սարսափելի վայր է, — շարունակեց Ալիստերը՝ նայելով կրակին։ — Այնտեղ հասկանում ես, թե որքան կարճ է կյանքը, որքան քիչ ժամանակ ունես երազանքներդ իրականացնելու կամ սիրելի մարդկանց տեսնելու համար։
Էմման լուռ էր։ Նա սպասում էր, որ տղան կխոսի մարտերից, բայց Ալիստերի խոսքերն այլ ուղղությամբ գնացին։
— Էմմա՛, մնա մեր տանը ընդմիշտ, — հանկարծ ասաց տղան՝ նայելով նրա աչքերին։ — Ծնողներս քեզ շատ են հավանել, ես էլ եմ տեսնում, թե որքան աշխատասեր ես։ Իմ տունը թող դառնա քոնը։ Ծնողներիս կարող ես դիմել «մայր» ու «հայր», իսկ ինձ... ամուսին։ Միգուցե շատ ուղիղ եմ ասում, բայց ես ուզում եմ հասցնել երջանիկ լինել, նույնիսկ եթե դա կարճ տևի։ Պարգևի՛ր ինձ մեկ զավակ, ունեցիր քո ընտանիքը։ Ուրիշ ի՞նչ է պետք աղջկան երջանիկ լինելու համար։
Էմման ապշած էր։ Նա չգիտեր՝ ծիծաղեր այս իրավիճակի վրա, թե լաց լիներ։ Ալիստերը նրան տեսնում էր որպես խեղճ, անօգնական մի աղջկա, ում համար երջանկության գագաթնակետը տունն ու երեխան էին։ Բայց Էմմայի հոգում ասպետի ոգի էր թաքնված, ոչ թե հնազանդ հարսնացուի։
Շփոթմունքից նա ուղղակի ասաց առաջին բանը, որ եկավ մտքին.
— Կարո՞ղ եմ սուրդ ձեռք տալ։
Ալիստերը քարացավ։ Դա վերջին բանն էր, որ նա սպասում էր լսել ամուսնության առաջարկից հետո։
— Ա... այո, իհարկե, — զարմացած մրմնջաց նա։
Էմման միանգամից վեր թռավ տեղից, շտապեց դեպի դուռը և վերցրեց սուրը։ Նա սկսեց զննել այն մասնագիտական հայացքով։ Զենքը շատ ծանր էր, կոպիտ տաշված, բայց զարմանալիորեն հավասարակշռված՝ իսկական պատերազմի համար նախատեսված։
Ալիստերի համար սա անհարմար պահ էր ։Նա սպասում էր իր առաջարկի պատասխանին՝ հուզիչ խոսքերի կամ գոնե համաձայնության, բայց տեսնում էր մի աղջկա, ով զննում էր պողպատի շեղբը և քթի տակ անհասկանալի բաներ մրմնջում հավասարակշռության և կռման որակի մասին։
— Սա շատ ավելի լավն է, քան Էդվարդի սուրը... — շշնջաց Էմման՝ մատներով շոշափելով սուրը, լիովին մոռանալով, որ հենց նոր իրեն սեր և ընտանիք էին առաջարկել։
Ալիստերը մոտեցավ Էմմային, զգուշորեն, բայց վճռականորեն նրա ձեռքից վերցրեց սուրը և, կարծես արհամարհելով այդ սառը մետաղը, այն մի կողմ դրեց։ Նրա համար զենքը միայն մահ էր խորհրդանշում, մինչդեռ իր առջև կանգնած աղջիկը՝ կյանքի մի նոր հույս։ Նա բռնեց Էմմայի նուրբ ձեռքը, թեթևակի համբուրեց այն և նորից հարցրեց՝ նայելով ուղիղ նրա աչքերի մեջ.
— Էմմա՛, դու այդպես էլ չպատասխանեցիր։ Ի՞նչ կասես իմ առաջարկին։
Էմման շփոթված հետ քաշեց ձեռքը, մի թեթև հազաց՝ փորձելով թաքցնել անհանգստությունը, և ցածրաձայն պատասխանեց.
Էմման արթնացավ ախոռի խորքում լսվող ցածրաձայն, բայց խիստ շշուկներից։ Ծղոտի հոտն ու ձիու հանդարտ շնչառությունը մի պահ ստիպեցին նրան մոռանալ, թե որտեղ է, բայց դրսից հնչող Ալիստերի և նրա հոր՝ Մաքլաուդի ձայները միանգամից սթափեցրին նրան։ Նա զգուշորեն շարժվեց դեպի փայտե պատի ճեղքը և սկսեց ուշադիր լսել։
Գիշերային լռության մեջ ամեն մի բառ հստակ էր հնչում։
— Ինձ մի՛ խաբիր, որդի՛ս, — լսվեց Մաքլաուդի ծանր ու կասկածամիտ ձայնը։ — Ես ամբողջ կյանքս այս հողի վրա եմ անցկացրել և գիտեմ՝ պատերազմը մարդկանց ոսկով չի վարձատրում։ Որտեղի՞ց քեզ այդքան դրամը և այս ձին, որն ավելի շատ ազնվականի նժույգ է հիշեցնում, քան գյուղացի զինվորի անասուն։ Մայրդ կարոտից կուրացել է և ոչինչ չի հարցնում, բայց ես տեսնում եմ այն, ինչ փորձում ես թաքցնել։
Ալիստերը մի պահ լռեց, ապա նրա ձայնը հնչեց ավելի վստահ, բայց մի տեսակ չափազանցված հպարտությամբ.
— Հայրի՛կ, դու հին ժամանակների մասին ես խոսում։ Հիմա ամեն ինչ այլ է։ Այդ ոսկին ես ստացել եմ որպես երախտագիտություն։ Մի քանի շաբաթ առաջ մեր ջոկատը փրկեց մի հարուստ վաճառականի և նրա ընտանիքին անգլիացի ավազակների ձեռքից։ Ես առաջինն էի, որ նետվեցի կռվի մեջ։ Նա այնքան շնորհակալ էր, որ ինձ տվեց այդ ոսկին և այս ձին։ Իսկ իմ հրամանատարը, տեսնելով իմ քաջությունը, ինձ թույլ տվեց տուն գալ։ Նա ասաց, որ ես արժանի եմ ապրելու, տուն վերադառնալու և մեր տոհմը շարունակելու։
— Տուն ուղարկեցի՞ն... — Մաքլաուդի ձայնի մեջ զարմանք ու տագնապ կար։ — Պատերազմի ամենաթեժ պահին քեզ թույլ տվեցին հեռանալ միայն քաջության համար՞։ Ալիստե՛ր, դա հեքիաթ է հիշեցնում։
— Դա հեքիաթ չէ, հայրի՛կ, դա իրականություն է, — արագ արձագանքեց տղան։ — Ես ուզում եմ, որ դուք այլևս կարիքի մեջ չլինեք։ Այդ ոսկին մեզ կօգնի նորոգել տունը, ձեռք բերել անասուններ։ Եվ կա ևս մեկ բան... Էմման։ Ես ուզում եմ նրան դարձնել իմ կինը։ Նա քաջ է, աշխատասեր և հենց այնպիսի աղջիկ է, ով կարող է լինել մեր տան սյունը, մինչ ես կկառուցեմ մեր նոր ապագան։
Մաքլաուդը երկար ժամանակ լռեց։ Էմման զգում էր, թե ինչպես է ծերունին տատանվում։ Նա ուզում էր հավատալ իր որդուն, ուզում էր հպարտանալ նրանով, բայց նրա ներքին ձայնը հուշում էր, որ այս ամենը չափազանց գեղեցիկ է ճշմարտություն լինելու համար։
— Դու ասում ես՝ փրկել ես մարդկանց... — դանդաղ ասաց հայրը։ — Իսկ ինչո՞ւ են քո աչքերը փախչում, երբ այդ մասին ես խոսում։ Մի՞թե փորձում ես քեզ կապել այս հողին, որպեսզի այլևս երբեք հետ չգնաս պատերազմ։
— Ես ուղղակի ուզում եմ երջանիկ լինել, հայրի՛կ, — Ալիստերի ձայնը մի պահ դողաց։ — Դու միշտ ասել ես, որ մեր տեսակը արժանի է լավ կյանքի։ Ես բերել եմ այդ կյանքը։ Հավատա՛ ինձ, ես ոչ մի վատ բան չեմ արել։ Ես ուղղակի օգտագործել եմ ինձ տրված շանսը։
— Երանի՜ թե այդպես լիներ, — շշնջաց Մաքլաուդը։ — Եթե այդ ոսկին իրոք օրհնված է, ուրեմն թող այդպես լինի։ Բայց հիշի՛ր, որդի՛ս, սուտը նման է ճահճի. որքան շատ ես փորձում դուրս գալ, այնքան խորն ես խրվում։
Հաջորդ երկու օրերը Էմմայի համար անցան միապաղաղ, բայց խաղաղ աշխատանքի մեջ։ Նրա գլխավոր նպատակն էր՝ օգտագործել այս կարճ ժամանակը մի քանի արծաթե դրամ հավաքելու համար։ Անտառում ապաստարան կառուցելու, գործիքներ, պարան և որոշակի պաշարներ գնելու համար նրան գումար էր պետք։ Նա չէր ուզում կախում ունենալ ոչ ոքից, առավել ևս՝ Ալիստերից։
— Սո՛ւտ է, որդիս քաջ զինվոր է, նա փրկել է մարդկանց, — գոռում էր հայրը՝ նորից նետվելով կռվի մեջ։
Այդ պահին ներս վազեց Ալիստերը։ Տեսնելով կռիվն ու լսելով իր հասցեին հնչող մեղադրանքները՝ նա նույնպես միացավ հորը։
— Դա սո՛ւտ է, — գոռում էր Ալիստերը՝ հարվածելով անծանոթներին։ — Դուք ոչ մի ապացույց չունեք։ Դուք ձեր սգից ու կորստից խելագարվել եք և անմեղ մարդու եք մեղադրում։ Հեռացե՛ք իմ տնից։
Օտարները, տեսնելով, որ արդեն երկու տղամարդկանց դեմ չեն կարողանում հաղթել, և արդեն ուժասպառ լինելով, դանդաղ հետ քաշվեցին դեպի դուռը։ Նրանց դեմքերը լի էին ատելությամբ, իսկ շուրթերից միայն անեծքներ էին թափվում։
— Մենք կգնանք, — կատաղած շշնջաց նրանցից առաջնորդը՝ արյունոտ շուրթը սրբելով։ — Բայց դուք խաղաղություն չեք տեսնի։ Ալիստե՛ր, դու մի քանի հարուստ տղաների մահվան պատճառն ես դարձել։ Այդ հարուստ ընտանիքները հիմա գալիս են քո հետևից։ Նրանք արդեն ճանապարհին են, և նրանց վրեժից դու չես փախչի։ Աստված ձեզ կպատժի ձեր արածի համար։
Այս վերջին խոսքերն արտասանելով՝ նրանք լքեցին տունը՝ դուռը թողնելով բաց։ Տանը տիրեց գերեզմանային լռություն։