1. Պղնձագույն հաճարենիներ

Chapter 1

I

— Մարդ, որը սիրում է արվեստը հանուն արվեստի, — ասաց Հոլմսը մի կողմ նետելով «Դեյլի տելեգրաֆի» հայտարարությունների էջը, — հաճախ ամենամեծ հաճույքը նրա նվազ նշանակալի և պակաս ակնառու դրսևորումներից է ստանում։ Ուրախալի է նշել, որ դուք, Ուոտսոն, լավ եք յուրացրել այդ ճշմարտությունը, և մեր համեստ սխրագործությունների մասին պատմելիս, որոնք, ձեր բարությունից ելնելով, որոշել եք անմահացնել, և ստիպված եմ նշել, որ երբեմն փորձում եք գեղեցկացնել, ուշադրություն եք դարձնում ոչ այնքան մեծ աղմուկ հանած գործերին և ցնցող դատավարություններին, որոնց ես պատիվ եմ ունեցել մասնակցել, որքան այն դեպքերին, որոնք ինքնին աննշան են, բայց դրա փոխարեն մեծ հնարավորություն են ստեղծում մտածողության դեդուկտիվ մեթոդի և տրամաբանական սինթեզի համար, որը հատկապես հետաքրքրում է ինձ։

— Այնուամենայնիվ, — ժպտացի ես, — չեմ համարձակվում պնդել, որ իմ նոթերում ընդհանրապես բացակայում է ձգտումը դեպի սենսացիան։

— Գուցե և սխալվում եք, — շարունակեց նա, ունելիով վերցնելով ածուխը և վառելով բալենու փայտից պատրաստված երկար ծխամորճը, որն այն օրերին, երբ տրամադրված էր ավելի շատ վիճելու, քան խորհելու, փոխարինում էր կավե ծխամորճին, — գուցե և սխալվում եք, ջանալով գեղեցկացնել և կենդանություն հաղորդել ձեր նոթերին՝ պատճառի և հետևանքի չոր վերլուծությամբ սահմանափակվելու փոխարեն, միակ բանը, որ կարող է հետաքրքրություն առաջացնել այս կամ այն գործում։

— Ինձ թվում է, իմ նոթերում ես ձեզ արժանին եմ մատուցում, — առարկեցի ես փոքր-ինչ սառնությամբ, քանի որ ինձ ջղայնացրեց ընկերոջս մեծամտությունը, որն, ինչպես բազմիցս համոզվել եմ, նրա յուրօրինակ բնավորության խիստ ակնառու հատկանիշն էր։

— Ոչ, սա եսասիրություն չէ և ոչ էլ սնափառություն, — ասաց նա, ըստ սովորության ավելի շուտ պատասխանելով իմ մտքերին, քան խոսքերին։ — Եթե ես խնդրում եմ արժանին մատուցել իմ արվեստին, ապա դա ոչ մի կապ չունի անձամբ ինձ հետ, դա ինձնից հեռու է։ Հանցագործություն միշտ կա։ Տրամաբանություն՝ հազվադեպ։ Հատկապես տրամաբանության և ոչ թե հանցագործության վրա դուք պետք է կենտրոնանաք։ Իսկ ձեզ մոտ լուրջ դասախոսության դասընթացը վերածվել է հետաքրքրաշարժ պատմվածքների ժողովածուի։

Վաղ գարնան ցուրտ առավոտ էր․ վերջացնելով նախաճաշը, մենք նստել էինք բոցկլտացող բուխարու մոտ։ Թանձր մառախուղը կախված էր կիսալուսավորված շենքերի շարքերի միջև և միայն դիմացի պատուհաններն էին իրենց աղոտ, անորոշ կեղտաբծերով նշմարվում մուգ դեղնավուն մշուշում։ Մեր լույսը վառվում էր, նրա ցոլքերը խաղում էին սեղանի տակավին չհավաքված ճերմակ սփռոցի և ամանեղենի վրա։ Ամբողջ առավոտ Շերլոկ Հոլմսը լուռ, սևեռուն կարդում էր թերթերի հայտարարությունները, մինչև, վերջապես, երևի հրաժարվելով փնտրելուց և ընկնելով վատ տրամադրության մեջ, սկսեց խրատել ինձ գրական զբաղմունքիս առթիվ։

— Միաժամանակ, — դադարից հետո շարունակեց նա, ծուխ արձակելով իր երկար ծխամորճից և մտածկոտ նայելով կրակին, — դժվար թե ձեզ կարելի է մեղադրել սենսացիայի ձգտելու մեջ, քանի որ այն դեպքերի մեծ մասը, որոնց նկատմամբ դուք այդքան սիրալիր հետաքրքրություն եք ցուցաբերել, իրենցից բոլորովին հանցագործություն չեն ներկայացնում։ Բոհեմայի թագավորի հետ կապված աննշան պատահարը, երբ ես փորձեցի նրան օգնություն ցույց տալ, Մերի Սազերլենդի տարօրինակ դեպքը, ճեղքված շրթունքով մարդու պատմությունը և մեծահարուստ ամուրու պատահարը՝ այս բոլորը չեն կարող դատական քննության առարկա դառնալ։ Միայն վախենում եմ, որ փախչելով սենսացիայից, դուք դարձել եք փծունության գերի։

— Հնարավոր է, վերջ ի վերջո, հենց այդպես էլ եղել է, — պատասխանեցի ես, — բայց այն մեթոդները, որոնց մասին պատմում եմ, յուրօրինակ են և զուրկ չեն թարմությունից։

— Թանկագինս, հասարակությունն ի՞նչ գործ ունի անալիզի և դեդուկցիայի նրբերանգների հետ, եթե այդ մեծ, բայց զննողականությունից զուրկ հասարակությունը հազիվ թե ընդունակ լինի ատամներից ճանաչել ջուլհակին կամ ձախ ձեռքի բութ մատից՝ գրաշարին։ Եվ, այնուամենայնիվ, դուք էլ փծուն եք, ձեզ չեմ մեղադրում, քանի որ մեծ գործերի օրերը հաշված են։ Մարդը, կամ ծայրահեղ դեպքում հանցագործը, կորցրել է ձեռներեցությունն ու յուրօրինակությունը։ Իսկ ինչ վերաբերում է իմ համեստ գործունեությանը, ես վերածվում եմ կորած մատիտներ որոնող հետախուզության գործակալի կամ ազնվաբարո աղջնակների պանսիոնի դաստիարակի։ Վերջապես ես հասկացա, ինչի եմ պիտանի։ Իսկ առավոտյան ստացած նամակը նշանակում է, որ ժամանակն է նոր գործունեությամբ զբաղվելու։ Կարդացեք։ — Եվ նա ինձ մեկնեց ճմռթված մի գրություն։

Նամակն ուղարկված էր երեկ երեկոյան Մոնթեգյու-փլեյսից։

«Թանկագին միստր Հոլմս։

Ես շատ եմ ցանկանում Ձեզ հետ խորհրդակցել ինձ առաջարկված տնային դաստիարակչուհու տեղի առթիվ։ Եթե թույլ տաք, ես Ձեզ մոտ կգամ վաղը տասն անց կեսին։

Հարգանքներով՝ Վայոլետ Հանտեր»։

— Դուք ճանաչո՞ւմ եք այդ երիտասարդ լեդիին, — հարցրի ես։

— Ոչ։

— Հիմա տասն անց կես է։

— Ահա, չեմ կասկածում, նա է զանգողը։

— Այս գործը կարող է ավելի հետաքրքիր լինել, քան դուք պատկերացնում եք։ Հիշեք երկնագույն նռնաքարի դեպքը, որը դուք սկզբում պարզապես թյուրիմացություն համարեցիք, բայց հետո լուրջ հետաքննություն պահանջվեց։ Այդպես կարող է պատահել նաև այս անգամ։

— Դե ինչ, հուսանք։ Մեր կասկածները շատ շուտով կփարատվեն, որովհետև ահա և այն անձնավորությունը, ում մասին խոսում ենք։

Դուռը բացվեց, և սենյակ մտավ մի կին։ Համեստ, բայց կոկիկ էր հագնված, դեմքը խելամիտ էր, աշխույժ, ամբողջովին պեպենոտ՝ դաշտակտցարի հավկիթի պես, իսկ շարժուձևի մեջ զգացվող եռանդը վկայում էր, որ կյանքում նա ինքն է իր համար ճանապարհ հարթում։

— Աստծու սիրուն, ներեցեք անհանգստացնելու համար, — ասաց նա, երբ ընկերս գնաց նրան ընդառաջ։ — Բայց ինձ հետ այնպիսի տարօրինակ բան պատահեց, որ որոշեցի ձեզնից խորհուրդ հարցնել։ Ոչ ծնողներ ունեմ, ոչ բարեկամներ, որոնց կարողանայի դիմել։

— Խնդրում եմ նստեք, միսս Հանտեր։ Երջանիկ կլինեմ, եթե կարողանամ ձեզ օգնել։

Հասկացա, որ այցելուի խոսքն ու շարժուձևը Հոլմսի վրա հաճելի տպավորություն թողեցին։ Հոլմսը ոտքից գլուխ զննեց նրան, հետո փակեց աչքերն ու միացնելով մատների ծայրերը, պատրաստվեց լսելու։

— Հինգ տարի ես տնային դաստիարակչուհի էի գնդապետ Սպենս Մանրոույի տանը, բայց երկու ամիս առաջ գնդապետը նշանակում ստացավ Կանադայում և զավակներին իր հետ Գալիֆաքս տարավ։ Ես մնացի առանց աշխատանքի։ Հայտարարություններ տվեցի, ինքս գնացի հայտարարությունների հասցեներով, բայց ապարդյուն։ Վերջապես, այն մի քիչ գումարը, որն ինձ հաջողվել էր կուտակել, սկսեց սպառվել, և ես պարզապես չգիտեի ինչ անել։

Վեստ-Էնդում է գտնվում վարձակալական «Վեսթեուեյ» գործակալությունը, դա բոլորն էլ գիտեն, և ես սովորություն դարձրի այնտեղ գնալ շաբաթը մեկ անգամ՝ հարմար գործ փնտրելու։ Վեսթեուեյը գործակալության տիրոջ ազգանունն է, իրականում բոլոր գործերը կատարում է ոմն միսս Ստոպեր։ Նա նստում է իր գրասենյակում, աշխատանք փնտրող կանայք սպասում են ընդունարանում, որոնց հերթով կանչում են գրասենյակ, և միսս Ստոպերը նայելով իր հաստ մատյանը, նրանց առաջարկում է այս կամ այն թափուր պաշտոնը։

Սովորականի պես ինձ էլ հրավիրեցին գրասենյակ։ Երբ ներս մտա, այս անգամ միսս Ստոպերը մենակ չէր։ Կողքին նստել էր շատ գեր մի մարդ, ժպտուն դեմքով և մեծ կզակով, որը ծանր ծալքերով իջնում էր կրծքին։ Նա ակնոցի միջից ուշադիր զննում էր խնդրառուներին։ Նոր էի ներս մտել, երբ նա վեր թռավ տեղից և շրջվեց միսս Ստոպերի կողմը։

— Համապատասխանում է, — բացականչեց նա։ — Ավելի լավը չի էլ լինի։ Հիասքանչ է, հիասքանչ։

Նա, հավանաբար, խանդավառված էր և բավականությունից շփում էր ձեռքերը։ Հաճելի էր նրան նայելը, այնպես բարեհոգի էր թվում։

— Դուք աշխատանքի տե՞ղ եք փնտրում, միսս, — հարցրեց նա։

— Այո, սըր։

— Դաստիարակչուհու՞

— Այո, սըր։

— Իսկ որքա՞ն եք ցանկանում ստանալ։

— Գնդապետ Սպենս Մանրոուն, որի մոտ ծառայել եմ, ինձ ամսական վճարում էր չորս ֆունտ։

— Ա՜յ քեզ բան։ Ամենաիսկական շահագործում է, — բղավեց նա, զայրացած թափահարելով գիրուկ բռունցքները։ — Մի՞թե կարելի է այդքան չնչին գումար առաջարկել այսպիսի արտաքինով և այսպիսի արժանիքներով օժտված լեդիին։

— Իմ արժանիքները, սըր, կարող են պակաս գրավիչ լինել, քան ենթադրում եք, — ասացի ես։ — Մի քիչ ֆրանսերեն, մի քիչ գերմաներեն, նկարչություն, երաժշտություն…

— Ա՜յ քեզ բան, — նորից բացականչեց նա։ — Ուրեմն, խոսելու կարիք չկա։ Կարճ, մի երկու խոսքով, թե բանն ինչ է։ Դուք տիրապետո՞ւմ եք իսկական լեդիի շարժուձևին։ Եթե ոչ, ապա մեզ չեք համապատասխանում, որովհետև խոսքը մի երեխայի դաստիարակության մասին է, որը կարող է մի գեղեցիկ օր նկատելի դեր խաղալ Անգլիայի պատմության մեջ։ Եթե այո, ապա մի՞թե ջենտլմենն իրավունք ունի ձեզ առաջարկել եռանիշ թվից պակաս գումար։ Ինձ մոտ, տիրուհի, դուք սկզբում կստանաք տարեկան հարյուր ֆունտ։

Դուք, իհարկե, պատկերացնում եք միստր Հոլմս, որ այսպիսի առաջարկությունն ինձ պարզապես անհավանական թվաց, չէ որ ես մնացել էի առանց միջոցների։ Սակայն այդ ջենտլմենն իմ դեմքին անվստահություն կարդալով, դրամապանակից փող հանեց։

— Սովորություն ունեմ նաև երիտասարդ լեդիներին սկզբից վճարել վարձի կեսը, — ասաց նա հաճելիորեն ժպտալով, որից նրա աչքերը դեմքի ճերմակ ծալքերի մեջ վերածվեցին փոքրիկ ճեղքերի, — որպեսզի նրանք կարողանան ճանապարհորդության ընթացքում վճարել մանր ծախսերի համար և ձեռք բերել անհրաժեշտ հանդերձը։

«Ես դեռ երբեք չեմ հանդիպել ավելի հմայիչ և ուշադիր մարդու» — մտածեցի ես։ Չէ որ ես արդեն ունեի ինչ-որ պարտքեր, կանխավճարը շատ տեղին էր, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ տարօրինակ բան կար այդ գործում և նախքան համաձայնություն տալը փորձեցի այդ մարդու մասին ավելի շատ բան իմանալ։

— Իսկ դուք որտե՞ղ եք ապրում, սըր, — հարցրի ես։

— Հեմփշիրում։ Հրաշալի գյուղական վայր է։ «Պղնձագույն հաճարենիները» Վինչեստերից հինգ մղոն հեռավորության վրա է։ Հիանալի վայր է, իմ թանկագին փոքրիկ լեդի, և տունն էլ հիասքանչ է՝ հին, քաղաքամերձ տուն։

— Իսկ որո՞նք են իմ պարտականությունները, սըր։ Կցանկանայի իմանալ, թե ինչ պետք է անեմ։

— Մի երեխա, սքանչելի փոքրիկ չարաճճի, հենց նոր է լրացել նրա վեց տարին։ Եթե դուք տեսնեք, ինչպես է հողաթափերով խփում ուտիճներին։ Թըխկ, թըխկ, թըխկ։ Չես հասցնում աչքդ թարթել, և երեքն էլ արդեն չկան։

Քրքջալով, նա ետ ընկավ աթոռի թիկնակին, և աչքերը նորից վերածվեցին ճեղքերի։

Ինձ մի քիչ զարմացրեց երեխայի մանկական զվարճանքը, բայց հայրը ծիծաղում էր, և ես մտածեցի, որ նա կատակում է։

— Ուրեմն, իմ պարտականությունն է հետևել երեխայի՞ն, — հարցրի ես։

— Ոչ, ոչ, ոչ միայն հետևել, ոչ միայն, իմ թանկագին փոքրիկ լեդի, — բացականչեց նա, — ձեզ հարկ կլինի նույնպես, ես վստահ եմ, որ դուք չեք բողոքի, կատարել կնոջս ինչ-ինչ հանձնարարությունները․ պայմանով, իհարկե, եթե այդ հանձնարարությունները չեն նվաստացնի ձեր արժանապատվությունը։ Քիչ է, այնպես չէ՞։

— Ուրախ կլինեմ ձեզ օգտակար լինել։

— Շատ լավ։ Օրինակ, խոսք կլինի հագուստի մասին։ Մենք, գիտեք, տարօրինակ մարդիկ ենք, բայց մեր սիրտը բարի է։ Եթե մենք խնդրենք մեր տված շրջազգեստը հագնել, դուք չե՞ք առարկի մեր փոքր քմահաճույքի համար, հը՞։

— Ոչ, — պատասխանեցի ծայրահեղ զարմանքով։

— Կամ որ նստեք այնտեղ, ուր մենք ցանկանա՞նք։ Չէ որ դա ձեզ վիրավորական չի թվա։

— Դե ոչ…

— Կամ որ կտրեք ձեր մազերը մինչև մեզ մոտ գալը։

Ես հազիվ հավատացի ականջներիս։ Դուք տեսնում եք, միստր Հոլմս, ես խիտ, շագանակագույն մազեր ունեմ, կարմրավուն փայլով։ Իմ մազերը գեղեցիկ են համարում։ Ինչու հանկարծ զոհաբերեմ դրանք։

— Ոչ, դա անհնարին է, — պատասխանեցի ես։

Նա դժգոհ նայեց ինձ, և ես նկատեցի, որ նրա դեմքը մռայլվեց։

— Բայց դա պարտադիր պայման է, — ասաց նա։ — Կնոջս փոքր քմահաճույքը, իսկ կնոջ քմայքը, ինչպես մեզ հայտնի է, տիրուհի, պետք է ներողամտաբար կատարել։ Ուրեմն, դուք համաձայն չե՞ք ձեր մազերը կտրել։

— Ոչ սըր, չեմ կարող, — հաստատ պատասխանեցի ես։

— Դե ինչ… Ուրեմն հարցը որոշված է։ Ափսոս, մնացած բոլոր հարցերում հարմար էիք։ Միսս Ստոպեր, այդ դեպքում ես ստիպված կլինեմ ծանոթանալու ուրիշ երիտասարդ լեդիների հետ։

Գործակալության կառավարիչը այս ամբողջ ընթացքում լուռ նստած աչքի էր անց կացնում իր թղթերը, բայց այժմ նա ինձ նայեց այնպիսի զայրույթով, որ ես հասկացա․ իմ պատճառով նա կորցրեց բավականաչափ միջնորդավարձ։

— Դուք ցանկանում եք մնա՞լ մեր ցուցակներում, — հարցրեց նա։

— Եթե կարելի է, միսս Ստոպեր։

— Դա ինձ անօգուտ է թվում, քանի որ հրաժարվեցիք շատ հետաքրքիր առաջարկից, — կտրուկ նկատեց նա։ — Մենք կաշվից դուրս չենք գալու, որ ձեզ համար նման տեղ ընտրենք։ Հաջողություն, միսս Հանտեր։

Նա զանգը հնչեցրեց, և տղան ինձ ուղեկցեց ետ՝ ընդունարան։

Տուն վերադառնալով (իմ պահարանը դատարկ էր, իսկ սեղանին միայն նոր հաշիվներ էին) ես ինձ հարցրի, արդյո՞ք անշրջահայաց չգտնվեցի։ Ինչ անենք, որ այդ մարդիկ ինչ-որ տարօրինակություններ ունեն և ցանկանում են, որպեսզի կատարվեն իրենց անսպասելի քմայքները։ Չէ որ նրանք պատրաստ են դրա համար վճարել։ Արդյոք Անգլիայում շա՞տ կան այնպիսի տնային դաստիարակչուհիներ, որոնք տարին ստանում են հարյուր ֆունտ։ Բացի այդ, ի՞նչ շահ իմ մազերից։ Ոմանց նույնիսկ սազում են կարճ մազերը, կարող է ինձ էլ սազեն։ Հաջորդ օրը ես մտածեցի, որ սխալ եմ գործել, իսկ մի քանի օր անց դադարեցի կասկածելուց։ Իմ մեջ խեղդելով հպարտության զգացումը, արդեն պատրաստվում էի նորից գնալ գործակալություն, իմանալու, ազատ չէ, արդյոք, այդ տեղը, երբ հանկարծ նույն ջենտլմենից նամակ եմ ստանում։ Ահա, միստր Հոլմս, ես կկարդամ այն։

«Պղնձագույն հաճարենիներ», Վինչեստերից ոչ հեռու։

Թանկագին միսս Հանտեր․

Միսս Ստոպերը սիրալիր համաձայնեց տալ ձեր հասցեն և ես գրում եմ տնից, ցանկանալով տեղեկանալ, չե՞ք փոխել արդյոք ձեր որոշումը։ Կինս շատ է ցանկանում, որ գաք մեզ մոտ․ ես նկարագրեցի ձեզ, և նա շատ հավանեց։ Մենք պատրաստ ենք ձեզ ամիսը վճարել տասը ֆունտ, այսինքն, տարին՝ հարյուր քսան, որպես փոխհատուցում այն անհարմարությունների, որոնք կարող են պատճառել մեր պահանջները։ Դե դրանք այնքան էլ խիստ չեն։ Իմ կինը շատ է սիրում երկնագույնը և կցանկանար, որ առավոտները այդ գույնի հագնեիք։ Դուք բոլորովին կարիք չեք զգա նման բաների վրա փող ծախսելու, քանի որ մեզ մոտ են իմ թանկագին դստեր՝ Ալիսի (հիմա գտնվում է Ֆիլադելֆիայում) հագուստները։ Կարծում եմ, դրանք հենց ձեր վրայով են։ Կարծում եմ, որ սենյակում որոշակի տեղ գրավելու խնդրանքը կամ որևէ այլ հանձնարարություն կատարելը չափազանց ծանր չեք համարի։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մազերին, ապա դրանք իսկապես ափսոս են, նույնիսկ մեր կարճ զրույցի ժամանակ ես հասցրեցի նկատել, թե ինչ լավն են դրանք, այնուամենայնիվ, ստիպված եմ պնդել այդ պայմանը։ Հուսով եմ, ձեր աշխատավարձի ավելացումը փոխհատուցում կլինի այդ զոհողությանը։ Երեխայի նկատմամբ ձեր պարտականությունները բոլորովին բարդ չեն։ Խնդրում եմ, եկեք, ես ձեզ կդիմավորեմ Վինչեստերում։

Հայտնեք, որ գնացքով եք ժամանելու։

Անկեղծորեն՝ Ձեր

Ջեֆրո Ռուքասլ»։

Ահա թե ինչ նամակ ստացա, միստր Հոլմս, և հաստատ որոշեցի ընդունել առաջարկը։ Միայն թե նախքան վերջնական քայլին դիմելը կցանկանայի լսել ձեր կարծիքը։

— Դե ինչ, միսս Հանտեր, քանի որ վճռել եք, ուրեմն, էլ հարց չկա, — ժպտաց Հոլմսը։

— Իսկ դուք խորհուրդ չե՞ք տալիս։

— Խոստովանում եմ, այն տեղերից չէ, ուր կցանկանայի քրոջս ուղարկել։

— Այնուամենայնիվ, ինչ է թաքնված դրա ետևում, միստր Հոլմս։

— Չգիտեմ։ Կարող է դուք ինչ-որ նկատառումնե՞ր ունեք։

— Կարծում եմ, միստր Ռուքասլը փափկասիրտ մարդ է։ Իսկ նրա կինը, հավանաբար, մի քիչ խելագար է։ Եվ ամուսինը ջանում է դա գաղտնի պահել, վախենալով, որ հանկարծ կնոջը գժանոց չտանեն, և ներողամտորեն քաջալերում է նրա քմահաճույքները, որպեսզի կինը չընկնի նոպայի մեջ։

— Հնարավոր է, հնարավոր է։ Առայժմ դա ամենահավանական ենթադրություն է։ Այնուամենայնիվ, այդ տեղը երիտասարդ լեդիի համար չէ։

— Բայց վարձատրությունը, միստր Հոլմս, վարձատրությունը։

— Այո, իհարկե, վարձատրությունը լավ է, նույնիսկ շատ լավ։ Դա էլ հենց անհանգստացնում է ինձ։ Ինչու՞ են նրանք հարյուր քսան ֆունտ տալիս, երբ հեշտությամբ կարող են մարդ գտնել քառասունով։ Ուրեմն, ինչ-որ ծանրակշիռ պատճառ կա։

— Ահա ես էլ մտածեցի, որ եթե ձեզ պատմեմ գործի հանգամանքները, դուք թույլ կտաք անհրաժեշտության դեպքում դիմել ձեր օգնությանը։ Ես ինձ ավելի հանգիստ կզգամ, գիտենալով, որ պաշտպան ունեմ։

— Ինձ կարող եք լիովին վստահել։ Հավատացնում եմ, ձեր փոքր խնդիրը խոստանում է վերջին ամիսների ամենահետաքրքիր դեպքը լինել։ Մանրամասներն իրենց մեջ որոշակիորեն ինչ-որ յուրօրինակություններ են պարունակում։ Եթե ինչ-որ բան կասկածեք, կամ վտանգ առաջանա…

— Վտա՞նգ։ Ի՞նչ վտանգ…

— Եթե վտանգը կարելի լիներ կանխագուշակել, դրանից չէին սարսափի, — ամենալուրջ տեսքով բացատրեց Հոլմսը։ — Ամեն դեպքում, օրվա ցանկացած ժամին՝ գիշեր, թե ցերեկ, հեռագիր ուղարկեք, ես օգնության կգամ։

— Այդ դեպքում, ամեն ինչ կարգին է։ — Դեմքի մտահոգությունը չքացավ, նա արագորեն վեր կացավ։ — Հենց հիմա կգրեմ միստր Ռուքասլին, երեկոյան կկտրեմ խեղճ մազերս և վաղը կմեկնեմ Վինչեստեր։

Թռուցիկ շնորհակալություն հայտնելով Հոլմսին և հրաժեշտ տալով, նա գնաց։

— Ամեն դեպքում, — ասացի ես, սանդուղքի վրա լսելով նրա արագ քայլերը, — ինքն իրեն պաշտպանել կարողացող մարդու տպավորություն է թողնում։

— Նա ստիպված կլինի այդ անելու, — մռայլ նկատեց Հոլմսը։ — Չեմ կասկածում, մի քանի օր հետո նրանից լուր կստանանք…

Ինչպես միշտ, ընկերոջս կանխագուշակությունը կատարվեց։ Մեկ շաբաթ անցավ, որի ընթացքում ես բազմիցս մտովի վերադառնում էի մեր այցելուին, մտածելով, թե մարդկային հարաբերությունները ինչի կհասցնեն այդ միայնակ կնոջ կյանքը։ Բարձր վարձատրություն, տարօրինակ պայմաններ, թեթև պարտականություններ, այս ամենի մեջ ինչ-որ անբնական բան կար, չնայած ես բացարձակապես ի վիճակի չէի որոշելու, քմահաճույք էր դա, թե ինչ-որ ծրագիր, բարեգործ էր այդ մարդը, թե՝ ստոր։ Ինչ վերաբերում է Հոլմսին, ապա նա երկար նստում էր՝ կնճռոտելով ճակատը և ցրված նայելով հեռուն, իսկ երբ սկսեցի հարց ու փորձ անել, որպես պատասխան միայն ձեռքը թափ տվեց։

— Ոչինչ չգիտեմ, — Գրգռված բացականչեց նա։

— Երբ ձեռքի տակ կավ չկա, ինչի՞ց աղյուս պատրաստես։

Իսկ հետո քթի տակ մռթմռթաց, որ եթե քույր ունենար, խորհուրդ չէր տա ընդունել նման առաջարկը։

Հեռագիրը, որ մենք ստացանք, եկել էր ուշ գիշերին, երբ ես արդեն պատրաստվում էի քնելու, իսկ Հոլմսը ձեռնամուխ էր եղել փորձերին, որոնց համար հաճախ էր գիշերներն արթուն անցկացնում։ Երբ գնում էի ննջարան, նա խոնարհվել էր սրվակների և փորձանոթների վրա, առավոտյան, իջնելով նախաճաշի, ես նրան գտա նույն վիճակում։ Նա բացեց դեղին ծրարը և հայացքը սահեցնելով նամակի վրա, տվեց ինձ։

— Նայեք գնացքների չվացուցակը, — ասաց նա և շրջվեց իր փորձանոթների կողմը։

Հեռագրի տեքստը համառոտ էր և ստիպող․

«Խնդրում եմ վաղը կեսօրին լինեք Վինչեստերի «Սև կարապ» հյուրանոցում։ Եկեք։ Չգիտեմ, ինչ անել։ Հանտեր»։

— Ինձ հետ կմեկնե՞ք, — հարցրեց Հոլմսը՝ մի պահ կտրվելով իր փորձանոթներից։

— Հաճույքով։

— Այդ դեպքում, նայեք գնացքների չվացուցակը։

— Ինն անց կեսին գնացք կա, — ասացի ես՝ ուսումնասիրելով տեղեկատուն։ — Վինչեստեր է հասնում տասնմեկնանց կեսին։

— Հիանալի է։ Այդ դեպքում, թերևս ես կհետաձգեմ ացետոնի անալիզը․ վաղն առավոտյան մեզ շատ ուժ է պետք։

Հաջորդ առավոտ ժամը տասնմեկին մենք արդեն ճանապարհ էինք ընկել դեպի Անգլիայի հին մայրաքաղաքը։ Ամբողջ ճանապարհի ընթացքում Հոլմսը աչքը չէր կտրում թերթից, բայց Հեմփշիրի սահմանն անցնելուց հետո դեն նետեց թերթը և սկսեց պատուհանից դուրս նայել։ Գարնանային գեղեցիկ օր էր, երկինքը զարդարվել էր կուտակված փոքրիկ ամպերով, որոնք լողում էին արևմուտքից արևելք։ Արևը Վառ լուսավորում էր, և երկնքում բերկրանք էր ու կայտառություն։ Ողջ ճանապարհի ընթացքում, մինչև Օլդերշոտի բլուրները, ծառերի գարնանային սաղարթի միջից երևում էին ֆերմաների կարմիր և մոխրագույն տանիքները։

— Ինչ հրաշալի է դրանց նայելը, — բացականչեցի ես այն մարդու խանդավառությամբ, որը դուրս էր պրծել Բեյքր֊ սթրիթի մառախուղից։

Հոլմսը մռայլ տարուբերեց գլուխը։

— Գիտեք, Ուոտսոն, — ասաց նա, — այնպիսի մտածողության, ինչպիսին իմն է, դժբախտությունը կայանում է նրանում, որ ես շրջապատն ընկալում եմ սուբյեկտիվորեն։ Ահա, դուք նայում եք ճանապարհի երկայնքով շարված տներին և հիանում դրանց գեղեցկությամբ։ Իսկ ես, երբ նայում եմ դրանց, մտածում եմ միայն այն մասին, թե ինչ մեկուսի են և ինչ հեշտությամբ կարելի է այդտեղ հանցագործություն կատարել։

— Օ՜, աստված իմ, — բացականչեցի ես։ — Ո՞ւմ մտքով կանցնի այս սրտամոտ, հաճելի հին տնակները հանցագործության հետ կապել։

— Դրանք ինձ սարսափ են ներշնչում։ Ես հավատացած եմ, Ուոտսոն, և այդ հավատը սկիզբ է առնում փորձից, որ Լոնդոնի ամենանողկալի խորշերում չի կատարվում այնքան ահավոր հանցանք, որքան այս հիասքանչ և ուրախ գյուղական վայրերում։

— Պարզապես սարսափելի է ձեզ լսելը։

— Եվ դրա պատճառը միանգամայն ակնբախ է։ Այն, ինչ ի վիճակի չէ անելու օրենքը, քաղաքում անում է հասարակական կարծիքը։ Ամենախեղճ խորշերում երեխայի ճիչը, որին ծեծում են, կամ կռիվը, որը սարքել է հարբեցողը, տեղն ու տեղը առաջացնում է հարևանների զայրույթը կամ մասնակցությունը․ և արդարադատությունը մոտ է, այնպես որ բողոքի միացյալ խոսքը շարժման մեջ է դնում մեխանիզմը։ Ուրեմն, հանցագործությունից մինչև դատական նստաշրջանը մեկ քայլ է։ Իսկ հիմա նայեք այս մեկուսացած տներին, դրանցից ամեն մեկը հարևանից հեռու է մեկ մղոնով, դրանք մեծ մասամբ բնակեցված են տգետ խեղճերով, որոնք քիչ են հասկանում օրենսդրությունից։ Պատկերացրեք, ինչ հրեշավոր, դաժան մտքեր և անբարոյականություն է ծաղկում այստեղ տարեցտարի։ Մեր օգնությանը դիմած օրիորդը եթե տեղավորվեր Վինչեստերում, ես չէի վախենա նրա համար։ Քաղաքից հինգ մղոն հեռավորության վրա՝ ահա որտեղ է վտանգը։ Համենայն դեպս, հայտնի է, որ վտանգն անձամբ իրեն չի սպառնում։

— Հասկանալի է։ Եթե նա կարող է ժամանել Վինչեստեր և մեզ դիմավորել, նշանակում է, ի վիճակի է ընդհանրապես մեկնելու։

— Միանգամայն ճիշտ եք։ Նրա ազատությունը սահմանափակված չէ։

— Այդ դեպքում, ինչո՞ւմն է բանը։ Դուք ինչ-որ պատճառաբանություն գտա՞ք։

— Ես մտածել եմ յոթ տարբեր վարկածներ և դրանցից յուրաքանչյուրը հենվում է մեզ հայտնի փաստերի վրա։ Թե դրանցից որն է ճիշտը, ցույց կտան նոր փաստերը, որոնք, չեմ կասկածում, սպասում են մեզ։ Ահա և եկեղեցու գմբեթը, շուտով մենք կիմանանք, ինչ է ցանկանում մեզ հայտնել միսս Հանտերը։

Պարզվեց, որ «Սև կարապը» քաղաքում հարգված հյուրանոց է և գտնվում է Հայ-սթրիթի վրա, կայարանին շատ մոտ․ այնտեղ էլ գտանք երիտասարդ կնոջը։ Նա նստած էր հյուրասենյակում, սեղանին մեզ էր սպասում նախաճաշը։

— Շատ ուրախ եմ, որ եկաք, — լուրջ ասաց նա։ — Շատ շնորհակալ եմ։ Ես, իրոք, չգիտեմ ինչ անել։ Ինձ խիստ անհրաժեշտ է ձեր խորհուրդը։

— Պատմեք, ինչ է պատահել։

— Հիմա կպատմեմ, ես պետք է շտապեմ, որովհետև միստր Ռուքասլին խոստացել եմ վերադառնալ ժամը երեքին։ Նա թույլատրեց ինձ այս առավոտ մեկնել քաղաք, չնայած, իհարկե, նրան հայտնի չէ, թե ինչու։

— Պատմեք հերթականությամբ, — Հոլմսը մեկնեց իր երկար ոտքերը բուխարու կողմը և պատրաստվեց լսելու։

— Նախ և առաջ, պետք է ասեմ, որ ընդհանրապես միստր և միսիս Ռուքասլներն ինձ դիմավորեցին բավականաչափ սիրալիր։ Հանուն արդարության արժե այդ մասին նշել։ Բայց նրանց ես չեմ կարողանում հասկանալ և դա ինձ հանգիստ չի տալիս։

— Հատկապես ի՞նչը։

— Նրանց վարքը։ Պատմեմ ամեն ինչ հերթականությամբ։ Երբ ես ժամանեցի, միստր Ռուքասլը ինձ դիմավորեց կայարանում և իր կառքով տարավ «Պղնձե հաճարենիներ»։ Տեղն ինչպես ասել էր, հիանալի է, բայց բոլորովին աչքի չի ընկնում իր գեղեցկությամբ․ քառակուսի մեծ տուն, կրով սպիտակեցրած, բայց անձրևից ու խոնավությունից ամբողջովին կեղտոտված։ Տունը երեք կողմից շրջապատված է անտառով, իսկ ճակատի կողմում մարգագետինն է, որը ձգվում է դեպի Սաութհեմփտոն տանող ճանապարհը․ սա շքամուտքի թևից հեռու է մոտավորապես հարյուր յարդ։ Տնամերձը պատկանում է միստր Ռուքասլին, իսկ շրջակայքի անտառները լորդ Սաութերտոնի սեփականությունն են։

Իմ տերը համակ սիրալիրություն է․ ինձ դիմավորեց կայարանում և նույն երեկոյան էլ ծանոթացրեց իր կնոջ և որդու հետ։ Մեր ենթադրությունը, միստր Հոլմս, սխալ դուրս եկավ։ Միսիս Ռուքասլը խելագար չէ։ Լռակյաց, գունատ կին է, իր ամուսնուց բավական երիտասարդ, արտաքինից երեսուն տարեկանից ոչ անց, այն դեպքում, երբ ամուսնուն կտաս քառասունհինգ։ Խոսակցությունից հասկացա, որ նրանք յոթ տարի է, ինչ ամուսնացած են։ Միստր Ռուքասլը ամուսնացած է եղել և առաջին կնոջից աղջիկ ունի՝ այն, որը Ֆիլադելֆիայում է։ Միստր Ռուքասլը իբրև գաղտնիք ինձ հայտնեց, որ դուստրը հեռացել է, որովհետև ինչ-որ անհասկանալի հակակրանք է զգացել խորթ մոր հանդեպ։ Քանի որ դուստրը մոտավորապես քսան տարեկան է, ապա ես միանգամայն պարզ պատկերացրի, թե ինչ անհարմար է զգացել իր հոր երիտասարդ կնոջ մոտ։

Comments