Chapter 5
վերջում
Մաս 1
Ինձ բերեցին հոգեբուժարան որպես շիզոֆրենիկ: Հա-հա-հա: Այստեղ այնքան մարդիկ են բուժվել… Է՜, մահացել են ու տարբեր պատճառներով: Մահվան վկայականներում շատ տարբեր են եղել արդյունքները: Սակայն, եթե ինձ հարցնեք, այստեղ բոլորի մահվան պատճառն էլ նույնն է. սիրո և ջերմության բացակայություն: Ճի՛շտ է, այս կլինիկան ամենալավն է քաղաքում, և այստեղ ամենահոգատար բժշկական անձնակազմն է, սակայն յուրաքանչյուր հիվանդ ամենից առաջ իր հարազատի ու սիրելի մարդու կարիքն ունի:
Այստեղ բոլորն են լքված, իսկ բուժքույրները վաղուց իրենց սեփական հոգեբաններին են վարձել և դեղատուփերով են շրջում: Այնքան եմ խղճում նրանց, քանզի նրանք ավելի բարդ վիճակում են, քան՝ հիվանդները: Վերջիններս շատ բան չեն էլ գիտակցում, իսկ խնամողները տեսնում, լսում, զգում ու, որ ամենավատն է, հասկանում են եղելությունը, գիտակցում, որ աստիճանաբար գժվում են: Ամենահանգիստ մարդն անգամ այստեղ կարող է խելագարվել:
Ինձ ուղեկցեցին իմ սենյակ: Այն ինձ հետ կիսում էր մի տարեց կին: Հանգիստ պառկած էր: Ականջին լսողական սարք կար, որը ժամանակ առ ժամանակ իր ազդանշանն էր արձակում (սարսափելի ձայն է,ուլտրաձայնի է նման և ավելի է քանդում նյարդային համակարգը): Հայացքը հառել էր մի կետի ու ստվերների խաղի ժամանակ չէր էլ թարթում (երևի կույր էր): Ինձ տվեցին իմ հասանելիք հաբը և հեռացան: Ես պառկեցի անկողնուս մեջ, որպեսզի քնեմ, իսկ տարեց կնոջը սարքը շարունակում էր սուլել: Բարկացա, տեղիցս վեր կացա, հանեցի այն նրա ականջից և մի կողմ դրեցի (մոտակա մի քանի ժամը սարքը նրան պետք չէր գա): Պառկեցի ու ակնթարթորեն քնեցի:
Մաս 2
-Ի՞նչ եք անում: Ինձ սպանե՞լ եք ուզում: Թողե՛ք: Թողե՛ք: Թող…
Ինձ արթնացրեցին այս մարող բացականչությունները: Աչքերս բացեցի: Սենյակում՝ տատի շուրջ, հավաքված էին մի քանի բուժքույրներ:
-Թե ով էր նրան խնդրել ականջից հանել սարքը, որ հիմա էլ այս օրն էր ընկել:
-Հա՜, հազիվ կարողացանք քնաբեր ներարկել. ոչ մի կերպ չէր ենթարկվում:
-Ախր խեղճ կինը չի լսում, չի տեսնում, ոտքը կոտրված է, կողքն էլ հարազատ մարդ չկա, ինքն էլ միայն կարող է վախենալ, որովհետև չի էլ գիտակցում ուր է ու ինչու:
Կրծքավանդակիս հատվածում ծանրություն զգացի: Մյուս կողմից էլ նյարդերս էին տեղի տալիս (ապարատը կրկին ականջին էր ու սուլում էր): Ճաշի ժամն էր: Դուրս եկա սենյակից:
Մաս 3
Վերդարձա սենյակ: Դռան ճռնչոցը սթափեցրեց կնոջը:
-Ո՞վ կա այստեղ:
-Ես Հասմիկն եմ՝ Ձեր հարևանը:
-Հասմի՞կ: Աղջի՛կս, դու եկար: Ես հավատում էի, որ գալու է այս օրը, ու դու նորից իմ կողքին կլինես:
-Տիկի՛ն, ներեցե՛ք, սխալ հասկացաք: Ես Ձեր դուստրը չեմ, ես ուղղակի այստեղ Ձեր հետ նույն սենյակում եմ քնում:
Կնոջ աչքերն արցունքով լցվեցին:
-Աղջի՛կս, ու՞ր էիր, քեզ այնքան էի կարոտել:
-Տա՛տ, ես քո աղջիկը չեմ:
-Պատմի՛ր, ինչպե՞ս են թոռնիկներս:
-Լավ են, լավ են:
-Այնքան եմ կարոտել նրանց: Ինչո՞ւ քեզ հետ չբերեցիր:
-Սա նրանց տեղը չէ,- ինքնաբերաբար ինչ-որ պատասխաններ եմ տալիս:
-Հա՜,իրո՛ք: Ես էլ չեմ հասկանում՝ ուր եմ: Սիրելի՛ս, եկել ես,որ ինձ տանես,այնպես չ՞է:
-Չէ՛, եկել եմ, որ մնամ:
Նա խանդավառվեց, ես էլ, փաստորեն, դարձա նրա աղջիկը:
-Ձեռքդ տո՛ւր, աղջի՛կս:
Տվեցի: Քնքշորեն շոյում էր: Սկսեց կամաց ինչ-որ երգ երգել, հանդարտվեց ու քնեց: Գնացի դեպի իմ անկողինը: Այդ պահին նա գլուխը թեքեց, և սարքը կրկին սկսեց սուլել: Անջատեցի…
Մաս 4
Նորից նույն աղմուկն էր: Փորձում էին կնոջը հանգստացնող ներարկել, բայց նա դիմադրում էր:
-Թույլ տվե՛ք՝ ես փորձեմ,-դիմեցի բժշկին:
-Անիմաստ է:
-Ոչի՛նչ, ես ուզում եմ փորձել:
-Լավ, փորձի՛ր:
Բոլորը մի կողմ քաշվեցին: Նա հանգստացավ: Սարքը վերցրի ու մոտեցա նրան: Այն պահին, երբ ապարատով դիպա նրա ականջին, խլացնելու չափ բարձր ծղրտաց: Ես վախեցա և հետ գնացի: Նա հանգստացավ: Մոտեցա, ձեռքս դրեցի ուսին:
-Մամա ջա՜ն, ի՞նչ եք անում: Ինչի՞ եք ինձ սպանում:
Պաշտպանվելու համար ակնթարթորեն բռնեց ձեռքս ու ուզեց սեղմել, որպեսզի ցավեցնի, բայց հանկարծ քարացած մնաց:
-Աղջի՛կս, այդ դո՞ւ ես:
Ես ձեռքս թույլ էի թողել: Նա այն շոյեց, ես էլ իր ուսը շոյեցի ու համբերատարորեն սարքը դրեցի ականջին ու միացրեցի: Բոլորը քարացած էին, իսկ ես՝ լարված: Չգիտեմ,թե որտեղից այդքան ուժ գտա, որ նրա ամեն մի ագրեսիվ շարժման ժամանակ չապտակեցի նրան: Նա էլ բավականին երջանիկ էր, որովհետև իր աղջիկն իր կողքն էր:
Մաս 5
Քնած էր: Սկսեց խոսել. քնի մեջ, թե արթուն՝ ես չհասկացա: Հարցրեց.
-Հիմա մենք ին՞չ լեզվով ենք խոսում:
-Հայերեն:
-Բա մենք անգլերեն չե՞նք խոսում:
-Չէ՛:
-Բա մենք հայերեն չե՞նք խոսում:
-Հայերեն ենք խոսում:
-Բա ինչի՞ հայերեն չենք խոսում: Ինչի՞ ենք ռուսերեն խոսում:
-Տա՛տ, ձե՞ռ ես առնում:
-Չէ՜: Հարցնում եմ, հիմա իրա՞նք էլ են հայերեն խոսում:
-Իրանք ովքե՞ր են:
-Դե էնտեղ նստածները:
-Տա՛տ, էստեղ մենակ ես ու դու ենք:
-Հա՞: Բա իրանք ինչի՞ չեն խոսում… Իրանք ինչի՞ են հայերեն խոսում:
-Տա՛տ, վերջացրո՛ւ:
-Հը՞:
Մոտեցա:
-Վերջացրո՛ւ,-արդեն եռում եմ կատաղությունից:
-Բա որ վերջացնեմ, իրանք հայերեն կխոսա՞ն:
Չհասկացա էլ ինչպես,բայց թարս ապտակ հասցրեցի նրան: Նա անգիտակից ընկավ:
… Ինձ տեղափոխեցին ուրիշ սենյակ:
Մաս 6
Գուցե իմ ուղեղում մի բան այն չէ, բայց իմ խղճի հետ, ցավոք, ամեն ինչ լավ է: Ամեն անգամ մարդկանց վրա բարկանալուց կամ նրանց հարվածելուց հետո այն ինձ տանջում, ներսից կրծում ու քայքայում է՝ չթողնելով հանգիստ քնել: Ինքս քնել չէի կարողանում, իսկ եթե դեղերի ազդեցությամբ էլ քնում էի, ապա երազներս էին ինձ տանջում:
Ազատ զբաղմունքի ժամին տիկնոջը հանդիպեցի սրահում՝ իր սայլակի մեջ: Գիտեմ,որ արածս անիմաստ էր,նույնիսկ՝ աներեսություն, բայց որոշեցի մոտենալ: Բռնեցի ձեռքը:
-Տա՛տ… տա՛տ ջան: Կներես: Ուղղակի ուղեղս… ուղղակի ես… ես հիվանդ եմ… չկարողացա տիրապետել ինձ:
-Ի՞նչ ես ասում, աղջի՛կս: Ես էի մեղավոր: Ես ինքս եմ քեզ համբերությունից հանել: Ծեր կին եմ, խելքս գլխիս չի: Դու ինձ ներիր, որ բարկացրել եմ քեզ:
Այդ պահին երազում էի, որ նա դանակ հաներ ու սպաներ ինձ, միայն թե այդ խոսքերը ճշմարիտ չլինեին:
-Աղջի՛կս, կներե՞ս ինձ:
Լաց եղա:
-Ինչո՞ւ ես լալիս,- վշտացած հարցրեց:
-Չէ՛,ամեն ինչ կարգին է,- փորձեցի կուլ տալ արցունքներս, դիմանալ կոկորդիս ցավին ու չբղավել, որ էլ ավելի չվշտանա:
-Տա՛տ, ես քեզ հաճախ այցի կգամ, հա՞:
-Իհարկե՛, սիրելի՛ս: Ամեն ինչից շատ ուզում եմ կողքիդ լինել:
Մաս 7
Ամեն գիշեր գաղտնի այցի էի գնում նրան: Երբեմն գիտակցում էր, երբեմն՝ ոչ: Կապվել էի նրան,բայց ոչ թե որպես մոր, այլ՝ որպես զավակի: Նա մանկան նման էր: Դեմքը ծեր էր, բայց ինձ համար նա ամենանուրբ երեխան էր:
Հերթական գիշերը գնացի նրա սենյակ: Դուռը փակ էր: Պարզվեց, որ միայն ես չեմ գիշերով այստեղ անցուդարձ անում: Հիվանդներից մեկն ասաց, որ երեկոյան նա մահացել է, և նրան արդեն տարել են:
Որքա՜ն կուզեի վերջին անգամ գրկել նրան, համբուրել ճակատը, լսել նրա երգերը ու, թեկուզ, անիմաստ զրույցները:Չհասցրեցի:
…Խնդրեցի՝ ինձ թույլ տան մասնակցել թաղման արարողությանը: Միշտ խուսափել եմ նման տեղերից, բայց նրան վերջին անգամ այս աշխարհում տեսնելու ցանկությունս ավելի զորեղ գտնվեց: Անչափ ուրախ եմ, որ այն զորեղ էր, քանզի երբ տեսա նրան, անգույն ու մռայլ դեմքին մի լուսաշող ժպիտ կար:
Մաս 8 (Նամակ)
<<80-ս արդեն բոլորել եմ: Առողջությունս ինձ դավաճանել էր դեռևս շատ վաղուց: Ինչեր ասես, որ չտեսա իմ կյանքում, որքան հիվանդություններ հաղթահարեցի, որոնցից մեկը չցանկացավ լքել ինձ, դարձավ կյանքիս ուղեկիցը ու առաջնորդեց դեպ այսօր: Նա ինձ միայնակ չթողեց, բայց, ցավոք, ուղեկցեց նաև դստերս:Որքան ցավ պատճառեց նա ինձ, բայց սարսափելին այն է, որ տանջեց աղջկաս: Նա իր կյանքի լավագույն տարիները նվիրեց ինձ՝ ինքն իրեն հիվանդացնելով: Ես երջանիկ եմ, որ ունեմ նրա պես զավակ, սակայն դժբախտ եմ, որ տեսել եմ նրա տառապանքը ու, որ ամենավատն է, դրա պատճառը ես եմ եղել: Այսօրվանից նա կապրի ազատ ու հանգիստ: Ցանկանում եմ, որ հետագա կյանքում միայն երջանկության արցունքները թրջեն նրա այտերը: Հուսամ, մահվանս լուրը նրան շատ չի ցավեցնի: Վերջին շրջանում ինձ այնքան վատ էի պահում, կոպտում էի նրան, ազդում նյարդերին, որպեսզի այսօր նա ինձ համար գրեթե արցունք չթափի: Մի անգամ էլ հասցրեցի նրան, որ ապտակեց, բայց հետո իրեն շատ վատ զգաց: Այնքան կուզեի,որ չզղջար…
Ինչևէ, ես երջանիկ եմ եղել ու հաջողակ, որ նրա պես դուստր ունեմ, ու հիմա աչքերս կփակեմ խաղաղությամբ ու ժպիտով>>:
Ավաղ, թաղմանը միայն մի Հասմիկ կար: