1. ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ «ԵՐԵՍՆԱՄՅԱ ԿԻՆԸ»

Chapter 1

ԱՌԱՋԻՆ ՍԽԱԼՆԵՐԸ

1818 թվականի ապրիլ ամսվա սկզբին բացված կիրակի առավոտը խոստանում էր այն գեղեցիկ օրերից մեկը, երբ փարիզեցիները, տարվա մեջ առաջին անգամ, պիտի տեսնեին իրենց սալահատակն առանց ցեխի և իրենց երկինքը՝ ամպերից զերծ: Կեսօրից առաջ, աշխույժ ձիերով լծված մի կաբրիոլետ, դուրս գալով Գաստիլիոնե փողոցից, մտավ Ռիվոլի փողոցը և կանգնեց ֆելյանների հարթակի վրա նոր սարքված վանդակորմի մոտ հավաքված կառքերի շարքում: Այդ թեթևաշարժ կառքը վարում էր հոգնատանջ ու հիվանդագին տեսքով մի տղամարդ. սպիտակած մազերը հազիվ էին սքողում նրա դեղնավուն գանգը և ժամանակից շուտ ծերացածի տեսք տալիս կերպարանքին: Սանձերը նետելով իր կառքին հետևող հեծյալ սպասավորին, նա իջավ, որպեսզի օգնի դուրս գալու մի դեռատի աղջկա, որի նազելի գեղանիությունը գրավեց հարթակի վրա զբոսնող ամբոխի ուշադրությունը: Ոտքը դնելով կառքի եզրին, աղջիկը դյուրահաճությամբ թույլ տվեց գրկել իր իրանը և բազուկներով փաթաթվեց ուղեկցի վզին. ծերունին նրան կանգնեցրեց մայթի վրա, նույնիսկ չխաթարելով կանաչ ռիպսից կարված նրա շրջազգեստի զարդածալքերը: Սիրեկանն անգամ այդքան հոգատար չէր լինի: Անծանոթը հավանաբար հայրն էր աղջկա, որն առանց շնորհակալություն հայտնելու, ընտանեվարի թևանցուկ արեց նրան և փութկոտ քարշ տվեց դեպի պարտեզը: Ծերունի հայրը նշմարեց մի քանի երիտասարդ տղամարդկանց զմայլված հայացքները, և նրա դեմքի վրա դրոշմված թախիծը մի պահ ջնջվեց: Նա ժպտաց, թեպետ վաղուց էր արդեն հասել այն տարիքին, երբ մարդիկ կարող են բավականանալ լոկ խաբուսիկ խնդություններով:

  • Նրանք կարծում են, թե դու իմ կինն ես,– ասաց հայրը դեռատի աղջկա ականջին, ուղղվելով և քայլելով այնպիսի մի դանդաղկոտությամբ, որ հուսահատության էր հասցնում իր ուղեկցուհուն:

Հայրը, ըստ երևույթին, հպարտանում էր դստեր գեղեցկությամբ և նրանից ավելի էր վայելք զգում այն քնքուշ նայվածքներից, որ դիտողները նետում էին աղջկա պրյունելյա, կարմրաշագանակազույն ոտնամանով նուրբ ոտքերին, լանջանոցով շրջազգեստի տակից գծագրվող նրա հիասքանչ իրանին և թարմաբույր պարանոցին, որը լրիվ չէր ծածկվում ասեղնագործ վզնոցով: Քայլվածքի թափից բարձրանում էր դեռատի աղջկա շրջազգեստը և ոտնամաններից վերև երևցնում մետաքսյա, ծակոտկեն գուլպաներով նրբաքանդակ նրա սրունքները: Եվ մի շարք պճնամոլներ անցան այդ զույգի առջևից, որպեսզի հիանային աղջկանով կամ նորից տեսնեին այդ դեռատի դեմքը, որի շուրջը թրթռում էին թուխ մազերի մի քանի փնջիկ. այդ դեմքն ավելի սպիտակ ու վարդակարմիր էր թվում նրա շնորհագեղ գլխարկն աստառող վարդագույն սնդուսի ցոլքերից և այն տենչալի անհամբերությունից, որով հուրհրատում էին այդ սիրունատես արարածի բոլոր դիմագծերը: Քաղցր մի չարաճճիություն կենդանացնում էր հիանալի կամար ունքերով, երկար թարթիչներով, սև, նշաձև նրա աչքերը, որ շողում էին վճիտ խոնավությամբ: Կանքն ու երիտասարդությունը իրենց գանձերն էին սփռում այդ կայտառ դեմքին և իրանի վրա՝ վայելչակազմ, հակառակ գոտու, որ այն ժամանակ կապում էին կրծքից ներքև: Երկրպագուների զմայլանքների նկատմամբ անզգա, դեռատի աղջիկը մի տեսակ անձկությամբ նայում էր Տյուիլերի պալատին, որն անտարակույս նրա հրատապ զբոսանքի նպատակակետն էր: Տասներկուսից քառորդ էր պակաս: Թեպետ դեռ վաղ էր, բայց բազմաթիվ կանայք, որոնք ուզում էին իրենց արդուզարդով շլացնել շրջապատին, արդեն վերադառնում էին պալատից և անբավական տեսքով շուռ էին տալիս գլուխները, ասես զղջում էին, որ այդքան ուշ են եկել նման մի տենչալի տեսարան վայելելու համար: Հուսալքված այդ գեղանի անձնավորություններից վատ տրամադրությամբ դուրս պրծած մի քանի բառերը, որոնք թռուցիկ հասնում էին սիրուն անծանոթուհուն, նրան անչափ մտատանջում էին: Ծերունին ավելի շուտ խորաթափանց, քան ծաղրական հայացքով էր հետևում իր ուղեկցուհու չքնաղ դեմքին խաղացող անհամբերության ու վախի նշաններին, և թերևս շատ ուշադրությամբ էր նրան դիտում, մի բան, որ մատնում էր հայրական ինչ-որ տագնապ:

Այդ կիրակին տասներեքերորդն էր 1813 թվականին: Մի օրից հետո Նապոլեոնը պիտի մեկներ այն ճակատագրական արշավանքին, որի ընթացքում մեկը մյուսի հետևից պիտի կորցներ Բեսիերին ու Դյուրոկին, շահեր Լյուզենի և Բաուցենի ճակատամարտերը, երբ նրան պիտի դավաճանեին Ավստրիան, Սաքսոնիան, Բավարիան, Բեռնադոտը, երբ կատաղորեն պաշտպանվեր պիտի Լայպցիգի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Կայսեր հրամանատարությամբ տեղի ունեցող հոյակապ զորահանդեսը լինելու էր վերջինը այն զորահանդեսներից, որոնք երկար ժամանակ փարիզեցիների և օտարերկրացիների հիացմունքն էին հարուցում: Հին գվարդիան վերջին անգամ կատարեց այն բարդ զորախաղերը, որոնց շքեղությունն ու ճշգրտությունը երբեմն զարմացնում էին այն հսկային, որը մենամարտի էր պատրաստվում Եվրոպայի դեմ: Տխուր մի զգացում էր Տյուիլերի բերում այդ փայլուն և հետաքրքրասեր բազմությանը: Թվում էր ամեն ոք կռահում էր ապագան, և թերևս նախազգում, որ դեռ շատ անգամ երևակայությունը պիտի վերականգներ սույն տեսարանը, երբ Ֆրանսիայի այդ հերոսական ժամանակները վերստանային գրեթե առասպելական գունավորումներ, ինչպես ներկայումս:

  • Ավելի արագ գնանք, հայրիկ,– ասում էր դեռատի աղջիկը՝ աշխուժությամբ քարշ տալով ծերունուն:– Լսո՞ւմ եք թմբկահարությունը:

  • Այդ զորամասերն են մտնում Տյուիլերի,– պատասխանեց ծերունին:

  • Կամ արդեն հանդիսավոր զորանցն է... Բոլորը վերադառնում են,– առարկեց աղջիկը մանկական այնպիսի մի դառնությամբ, որ ծերունին ժպտաց:

  • Զորահանդեսը կսկսվի միայն ժամը տասներկուս և կեսին,– ասաց հայրը, հազիվ հասնելով սրընթաց քայլող իր դստեր հետևից:

Եթե տեսնեիք, թե աղջիկն ինչպես էր թափահարում իր աջ թևը, կկարծեիք, որ դրանով նա ուզում է իրեն օգնել վազելու համար: Զեռնոցներով նրա փոքրիկ ձեռքը անհամբերությամբ ճմռում էր թաշկինակը և նմանվում էր մակույկի ալիքներ ճեղքող թիի. ծերունին մերթ ընդ մերթ ժպտում էր, բայց երբեմն հոգսերի ստվերը մթագնում էր նրա դեմքը: Այդ չքնաղ արարածի նկատմամբ ունեցած իր սերը նրան հարկադրում էր և հիանալ ներկայով, և երկյուղ ունենալ ապագայից: Թվում էր, թե նա ասում էր. «Նա հիմա երջանիկ է. միշտ էլ երջանիկ կլինի՞»: Որովհետև ծերունիները սովորաբար հակումն ունեն իրենց վշտերով օժտել երիտասարդների ապագան: Երբ հայրն ու աղջիկը հասան տաղավարի սյունաճակատի տակ, որի գլխին փողփողում էր եռագույն դրոշը և որի մոտ անցուդարձ էին անում զբոսնողները, Տյուիլերի պարտեզից մինչև կարուսելի հրապարակը, պահակները խիստ ձայնով բղավեցին.

  • Այլևս չի կարելի անցնել:

Աղջիկը բարձրացավ ոտքի մատների վրա և կարողացավ տեսնել զարդարուն կանանց մի բազմություն, որ խռնված էր մարմարյա հին կամարակապի երկու կողմերը. կայսրը պետք է դուրս գար այդ կամարակապի տակից:

  • Տեսնո՞ւմ ես, հայրիկ, մենք շատ ենք ուշացել:– Նրա շուրթերը ափսոսանքի արտահայտությամբ կախվեցին, ըստ երևույթին, նա շատ մեծ կարևորություն էր տալիս այդ զորահանդեսում ներկա լինելուն:

  • Ուրեմն, Ժյուլի, գնանք այստեղից, դու չես սիրում, որ քեզ հրեն:

  • Մնանք, հայրիկ: Այստեղից դեռ կարող եմ տեսնել կայսրին, եթե նա զոհվի նոր արշավանքի ժամանակ, ես նրան այլևս երբեք չեմ տեսնի:

Հայրը սարսռաց, լսելով այդ եսասիրական խոսքերը. աղջկա ձայնի մեջ հեկեկանք էր զգացվում. ծերունին նայեց աղջկան ու նրան թվաց, որ աղջկա կախված թարթիչների տակ արցունքներ է նշմարում, որոնք արդյունք են ոչ այնքան վրդովմունքի, որքան այն առաջին վշտերի, որոնց գաղտնիքը հեշտ կռահելի է ծերունի հոր համար: Ժյուլին հանկարծ շիկնեց և արձակեց մի բացականչություն, որի իմաստը չհասկացան ոչ պահակները և ոչ էլ ծերունին: Այդ ճիչի վրա, բակի սանդուղքի մոտ վազող մի սպա արագորեն շուռ եկավ, առաջացավ մինչև պարտեզի կամարակապը, ճանաչեց գրենադերների խոշոր թավարծի գլխարկների ետևում մի վայրկյան ծածկված դեռատի անձնավորությանը և իսկույն աղջկա ու նրա հոր նկատմամբ վերացրեց այն կարգադրությունը, որ նա ինքն էր արել, ապա, ուշադրություն չդարձնելով կամարակապը պաշարող շքեղազգեստ բազմության քրթմնջյուններին, մեղմորեն իրեն քաշեց հմայված աղջկան:

  • Ինձ հիմա այլևս չի զարմացնում, թե ինչու էր աղջիկս այդպես բարկանում և շտապում, չէ՞ որ դու հերթապահության մեջ ես,– ասաց ծերունին սպային՝ կիսալուրջ և կիսակատակ տոնով:

  • Պարոն դուքս,– պատասխանեց երիտասարդը,– եթե դուք կամենում եք լավ տեղավորվել, ապա ժամանակ չկորցնենք խոսակցությունների վրա: Կայսրը սպասել չի սիրում, և գլխավոր մարշալն ինձ հանձնարարեց իմաց տալ նրան:

Այդպես խոսելով, նա համարձակորեն բռնեց Ժյուլիի թևից ու շտապ տարավ դեպի կարուսելի հրապարակը: Ժյուլին զարմանքով նկատեց, որ ահագին ամբոխը սեղմված է մի փոքրիկ տարածության մեջ, որ ընկած էր պալատի գորշ պատերի և շղթաներով միացված սահմանաքարերի միջև, որոնք Տյուիլերի բակում ավազապատ մեծ քառակուսիներ էին գծագրում: Պահապանաջոկատը շղթա էր կազմել, որպեսզի կայսեր ու նրա գլխավոր շտաբի համար ազատ անցում ապահովի, ու մեծ դժվարությամբ էր կասեցնում անհամբեր և մեղուների պարսի նման բզզացող բազմության հորձանքը:

  • Ուրեմն, շատ գեղեցիկ բան է լինելու, չէ՞,– հարցրեց Ժյուլին ժպտալով:

  • Զգուշացեք,– բացականչեց սպան, բռնելով Ժյուլիի մեջքից և ուժով ու արազորեն նրան տեղափոխեց մի սյան մոտ:

Եթե չլիներ այդ սրընթացությունը, նրա հետաքրքրասեր ազգականուհին կճմլվեր կանաչ և ոսկեհյուս թավշյա թամբով մի սպիտակ նժույգի գավակով, որի սանձից բռնել էր Նապոլեոնի մամելյուկը, հենց կամարի տակ, մի տասը քայլ ետ բոլոր մյուս ձիերից, որոնք սպասում էին բարձրաստիճան սպաների, Նապոլեոնի ուղեկիցներին: Երիտասարդը հորն ու աղջկան տեղավորեց աջ կողմի առաջին սահմանաքարի մոտ, ամբոխի առջևում, և գլխի մի շարժումով նրանց հանձնարարեց երկու ծեր գրենադերների, որոնց մոտ գտնվեցին նրանք: Սպան գնաց պալատ՝ երջանկության ու բերկրանքի զգացումով: Նրա դեմքից չքացել էր հանկարծական սարսափի արտահայտությունը, որն առաջ էր եկել, երբ ձին ծառս էր եղել: Ժյուլին խորհրդավոր կերպով սեղմել էր նրա ձեռքը, թերևս ի պատասխան այն փոքրիկ ծառայության, որ երիտասարդը նոր մատուցել էր իրեն, կամ գուցե նրան ասելու համար, «Վերջապես ես ձեզ տեսա»: Աղջիկը մեղմորեն խոնարհեց գլուխը, ի պատասխան հարգալից այն ողջույնին, որ հեռանալիս սպան տվեց նրան և հորը: Ծերունին, որ կարծես դիտմամբ էր երկու երիտասարդներին միասին թողել, ծանրախոհ կեցվածքով կանգնած էր իր աղջկա ետևում, բայց թաքուն նայում էր նրան, ճգնելով ցուցադրել շինծու հանդարտություն, ձևացնելով, որ տարված է կարուսելի հրապարակի հոյակապ տեսարանը դիտելով: Իր ուսուցչին նայող տագնապահար աշակերտի հայացքով՝ Ժյուլին դիտեց հորը, վերջինս նրան պատասխանեց նույնիսկ բարեհաճ զվարթության մի ժպիտով, բայց ծերունու խորաթափանց աչքը հետևում էր սպային մինչև կամարակապը և այդ արագ տեսարանի ոչ մի մանրուք չէր վրիպել նրա հայացքից:

  • Ինչ գեղեցիկ տեսարան,– մեղմ ձայնով ասաց Ժյուլին՝ սեղմելով հոր ձեռքը:

Կարուսելի հրապարակի խայտանկար ու վեհապանծ տեսքը այդ պահին նույնիսկ բացականչություններ էր կորզում հազարավոր հանդիսականներից, որոնք բոլորը հիացմունքից ապշահայաց էին դարձել: Մարդկանց մի այլ շարք, որը նույնպես սեղմված էր ինչպես այն շարքը, ուր գտնվում էին ծերունին ու իր աղջիկը, գրավել էր կարուսելի հրապարակի վանդակորմի երկարությամբ ձգվող սալահատակ, նեղ տարածությունը: Այդ ամբոխը, կանանց զգեստների բազմազանությամբ, ցայտուն կերպով եզերում էր ահագին երկար քառանկյունին, որը կազմվում էր Տյուիլերիի շենքերով և այդ ժամանակ նոր սարքված վանդակորմով: Զորատեսի պատրաստ հին գվարդիայի գնդերը բռնել էին այդ ամբողջ ընդարձակ տարածությունը և ուղիղ պալատի դիմաց կանգնել էին տասշարանի լայն, կապույտ տողաններով: Շրջափակից դուրս և կարուսելի հրապարակում, այլ զուգահեռ գծերի վրա, գտնվում էին բազմաթիվ հետևակ ու հեծյալ գնդեր, որոնք պատրաստ էին հանդիսավոր քայլքով անցնել հաղթական կամարի տակից, որը բարձրանում էր վանդակորմի մեջտեղում և որի կատարին այն ժամանակներում երևում էին վենետիկյան հոյակապ նժույգները: Լուվրի ստորասրահների մոտ տեղավորված գնդային նվագախմբերի առջևում կանգնած էին լեհական հերթապահ նիզակակիրները: Ավազապատ քառանկյունու մեծ մասը դատարկ էր և ասպարեզ էր հանդիսանում լուռ տողանցման համար այն զորամասերի, որոնք շարված էին զինվորական արվեստի կանոնների համաձայն, և որոնց տասը հազար սվինները շողշողում էին արևի ճառագայթներից: Օդը տատանում էր զինվորների փետրափնջերը և ծխացնում ուժգին քամուց կռացող անտառի ծառերի նման: Շողշողուն և մունջ այդ հին զորախմբերը գույների բազմաթիվ կոնտրաստներ էին ներկայացնում, որոնք առաջ էին գալիս նրանց համազգեստների, եզրաշերտերի, զենքերի ու ուսակապերի բազմազանությունից: Այդ անսահման պատկերը, մարտից առաջ մարտադաշտի այդ մանրանկարը, իր բոլոր յուրահատկություններով ու տարօրինակ մանրամասներով, բանաստեղծորեն շրջանակված էր բարձր, փառահեղ շենքերով, որոնց անշարժությունից էին, թվում էր թե, օրինակ վերցնում պետերն ու զինվորները: Հանդիսատեսն ակամա համեմատում էր մարդկանցից կառուցված այդ պատերը քարե պատերի հետ: Գարնանային արևը, որը շռայլորեն իր լույսն էր սփռում ոչ վաղուց կառուցված սպիտակ պատերի, ինչպես նաև դարավոր պատերի վրա, լիովին լուսավորում էր արևակեզ այդ անհամար կերպարանքները, որոնք բոլորն էլ պատմում էին անցյալ վտանգների մասին և ծանրախոհ սպասում գալիք վտանգներին: Միայն գնդապետներն էին անցուդարձ անում այդ հերոսական մարդկանցից կազմված ճակատագծի առջևում: Հետո, արծաթով, լազուրով, ծիրանիով և ոսկով խայտանկար այդ զորաշարքերի հետևում հետաքրքրասերները կարող էին նշմարել լեհական վեց անխոնջ հեծյալների նիզակներին ամրացած եռագույն դրոշակներ, այդ հեծյալները, դաշտի միջով հոտին ուղեկցող շների նման, անդադար թռչկոտում էին զորասյուների և հետաքրքրվող ամբոխի միջև, որպեսզի արգելեն վերջինին անցնել այն փոքրիկ տարածությունից, որ նրան էր հատկացված կայսերական վանդակորմի մոտ: Եթե չլինեին այդ շարժումները, կարելի էր կարծել, որ գտնվում ես Քնած արքայադստեր ապարանքում: Գրենադերների երկարամազ գլխարկների վրայով անցնող գարնանային սյուքն էլ էր ընդդծում զինվորների անշարժությունը, ինչպես բազմության համար մրմունջը ընդգծում էր նրանց լռությունը: Սակայն, երբեմն, ծնծղայի թնդյունը, կամ թե մեծ թմբուկի անզգույշ ինչ-որ թեթև մի զարկ, որն արձագանքով կրկնվում էր կայսերական պալատում, նմանվում էին շանթի հեռավոր հարվածի՝ փոթորկից առաջ: Աննկատելի մի խանդավառություն էր զգացվում բազմության այդ սպասումի մեջ: Ֆրանսիան իր հրաժեշտն էր տալիս Նապոլեոնին՝ մի արշավանքի նախօրյակին, որի վտանգավորությունը կանխատեսում էր յուրաքանչյուր սովորական քաղաքացի: Այս անգամ խնդիրը ֆրանսիական կայսրության գոյությանն էր վերաբերում: Թվում էր, թե այդ միտքն էր ոգեշնչում թե՛ քաղաքացիական բնակչությանը և թե՛ զինվորներին, որոնք միակերպ լռելյայն սեղմվել էին այդ շրջափակի մեջ, ուր փողփողում էին Նապոլեոնի արծվապատկեր դրոշը և հանճարը: Այդ զինվորները Ֆրանսիայի հույսն էին, այդ զինվորները նրա արյան վերջին կաթիլներն էին, և այդ հանգամանքը կարևոր դեր էր խաղում մտատանջ հետաքրքրության մեջ: Ներկա եղողների և զինվորականներից շատերի միջև հավիտենական մնաք բարովներ էին ասվում, բայց բոլոր սրտերը, նույնիսկ կայսեր նկատմամբ թշնամական, երկինք էին առաքում հրակեզ իղձեր հայրենիքի փառքի համար: Եվրոպայի և Ֆրանսիայի միջև սկսված այդ մարտից ամենաշատ հոգնած մարդիկ անգամ, անցնելով հաղթական կամարի տակից, դեն էին նետում իրենց ատելությունները, հասկանալով, որ վտանգի ժամին Նապոլեոնը ամբողջ Ֆրանսիան է մարմնավորում: Պալատի աշտարակի ժամացույցը կեսը խփեց: Այդ պահին բազմության բզզոցները դադարեցին, և լռությունն այնպես խորունկ դարձավ, որ կարելի էր մանկան թոթովանքը լսել: Ծերունին և իր աղջիկը, որոնք թվում էր, թե ապրում են միայն աչքերով, զատորոշեցին խթանների ինչ-որ աղմուկ և թրերի շառաչյուններ, որ թնդացին պալատի հնչուն սյունաճակատի տակ:

Կանաչ համազգեստ ու սպիտակ անդրավարտիք հագած, երկարաճիտ կոշիկներով, բավականին գեր, ոչ բարձրահասակ մի մարդ հայտնվեց հանկարծ, գլխին եռանկյունի մի գլխարկ, որը նույնքան հմայիչ էր, որքան ինքը մարդը: Պատվո Լեգեոնի լայն ժապավենը վետվետում էր նրա կրծքին, կողքից կախված էր փոքրիկ մի թուր: Բոլոր աչքերը նկատեցին կայսրին և հրապարակի բոլոր կետերից միաժամանակ: Իսկույն զարկին թմբուկները, երկու նվագախմբեր սկսեցին երաժշտական մի ֆրազ, որի ռազմաշունչ արտահայտությունը կրկնեցին բոլոր գործիքները, ամենաքնքուշ ֆլեյտաներից սկսած՝ մինչև մեծ թմբուկը: Այդ մարտաշունչ կանչից սարսռացին հոգիները, դրոշները խոնարհվեցին, զինվորները պատվի առան՝ միահամուռ ու ճշգրիտ մի շարժումով, որը Կարուսելի հրապարակում տարուբերեց բոլոր հրացանները՝ առաջին շարքից մինչև վերջին շարքերը: Տողաններից որպես արձագանք, նետվեցին հրամանի բառերը: «Կեցցե՛ կայսրը» բացականչությունները ցնցեցին խանդավառ բազմությանը: Վերջապես ամեն ինչ դողաց, շարժվեց, սասանվեց: Նապոլեոնը նստեց ձին: Այդ շարժումը կյանք հաղորդեց լուռ զանգվածներին և հուզում՝ բոլորի դեմքերին: Այդ հին պալատի բարձր սրահների պատերն անգամ, թվում էր, թե նույնպես աղաղակում են «Կեցցե՛ կայսրը»: Դա ինչ-որ գերբնական բան էր: Դա մոգություն էր, աստվածային հզորության նմանություն, կամ ավելի շուտ անցողիկ այդ թագավորության մի անցողիկ պատկեր: Այդքան սիրով, խանդավառությամբ, նվիրվածությամբ, բաղձանքներով շրջապատված այդ մարդը, որի համար արևը երկնքից վտարել էր ամպերը, մնաց ձիու վրա, երեք քայլ առաջ ոսկեզօծ փոքրիկ հեծելավաշտից, որը հետևում էր նրան, ձախ կողմում գլխավոր մարշալը, աջում՝ հերթապահ մարշալը: Այդ հուզումներ հարուցող մարդն անխռով էր, և նրա դեմքը ոչ մի հուզում չէր արտահայտում:

  • Օ, աստված իմ, այո: Վագրամում՝ կրակների մեջ, Մոսկվայում՝ դիակների մեջ, նա մշտապես հանգիստ է:

Այդ էր պատասխանը մի գրենադերի, որը գտնվում էր դեռատի աղջկան մոտիկ և որին բազմաթիվ հարցեր էին տալիս: Ժյուլին մի րոպե ամբողջապես համակվեց կայսեր տեսքի հայեցությամբ, մի մարդ, որի հանգստությունը ցուցահանում էր մեծ վստահություն իր հզորության նկատմամբ: Նապոլեոնը նկատեց օրիորդ դը Շատիյոնեին և հակվելով դեպի Դյուրոկը, նրան ինչ-որ հակիրճ մի ֆրազ ասաց, իսկ գլխավոր մարշալը ժպտաց: Զորախաղերն սկսվեցին: Եթե դեռատի աղջիկը մինչ այդ իր ուշադրությունը բաժանում էր Նապոլեոնի անդորր դեմքի և զորամասերի կապույտ, կանաչ ու կարմիր շարքերի միջև, այդ րոպեին նա գրեթե բացառապես զբաղվեց մի երիտասարդ սպայով, որը հին զինվորների ջոկատների արագ ու ճշգրիտ շարժումների միջում, շարժվող շարասյուների մեջտեղով, անզուսպ խոյանքով սլանում էր դեպի այն խումբը, որի գլխին Նապոլեոնն էր փայլում իր պարզությամբ: Այդ սպան հեծել էր պերճ մի նժույգ և խայտանկար այդ բազմության մեջ զատորոշվում էր կայսեր հանձնակատար սպաների երկնագույն գեղեցիկ համազգեստով: Նրա մակակարներն այնպես ուժգին էին շողշողում արևի տակ, և նեղ ու երկար շակոյի սուտանն այնպիսի վառվռուն ցոլքեր էր ընդունում, որ հանդիսատեսները նրան պետք է որ համեմատեին թափառուն հրի հետ, մի տեսանելի ոգու հետ, որին կայսրը հանձնարարել էր ոգեշնչել, վարել այդ գումարտակները, որոնց ճաճանչափայլ զենքերը բոց էին արձակում, երբ սպայի մի նայվածքից նրանք մե՛րթ ընկրկում, մե՛րթ միանում և պտտվում էին, ինչպես ալիքները հորձանապտույտում, ինչպես այն հուժկու, ուղղաձիգ ու բարձր ալիքները, որ ցասումնալից օվկիանոսը նետում է իր եզերքներին:

Երբ զորախաղերն ավարտվեցին, հանձնակատար սպան սանձաթող սլացավ և կանգնեց կայսեր դիմաց՝ նրա հրամաններին սպասելու համար: Այդ պահին նա Ժյուլիից քսան քայլի վրա էր, կայսերական խմբի դիմաց, մի այնպիսի կեցվածքով, որ Ժերարը տվել էր գեներալ Ռապին՝ «Աուստերլիցի ճակատամարտը» նկարում: Դեռատի աղջիկը հնարավորություն ունեցավ հիանալու իր սիրահարով՝ նրա զինվորական ամբողջ շքեղության մեջ: Գնդապետ Վիկտոր դը Էգլմոնը՝ հազիվ երեսուն տարեկան, բարձրահասակ էր, բարեկազմ, նրբակերտ, երջանիկ. այդ արժանիքները ավելի լավ աչքի էին ընկնում այն ժամանակ, երբ նա իր ուժը ցուցահանում էր իր ձին վարելիս, որի վայելչակազմ ու ճկուն կռնակը, թվում էր, թե ծալվում է նրա տակ: Նրա առնական ու թուխ դեմքը ուներ աննկարագրելի այն հմայքը, որ դիմագծերի լիակատար կանոնավորությունն է հաղորդում երիտասարդներին: Ճակատը լայն էր ու բարձր: Հրացայտ աչքերը, ստվերավորված թանձր հոնքերով և եզերված երկար թարթիչներով, գծագրվում էին որպես երկու լուսավոր օվալ՝ երկու սև գծերի միջև: Քիթն արծվի կտուցի վայելչագեղ կորությունն ուներ: Շրթունքների բոսորն ավելի էր ընդգծվում անխուսափելի սև բեղերի ոլորքով: Լայն ու վառվռուն գունագեղ այտերը գորշ ու դեղին երանգներ ունեին, որոնք վկայում էին նրա արտակարգ կորովի մասին: Դեմքը, որի վրա արիության դրոշմ կար, ներկայացնում էր դեմքերի այն տիպը, որ այսօր արվեստագետները որոնում են, երբ մտածում են պատկերել կայսերական Ֆրանսիայի հերոսներից մեկին: Նրա քրտնաթոր ձիու գլխի շարժումները ծայրահեղ անհամբերություն էին արտահայտում, ձիու առջևի ոտքերը իրարից անջատ էին և կանգնած ուղիղ գծով՝ մեկը մյուսին հավասար: Ծփում էին հարդարված պոչի երկար մազերը: Կենդանու նվիրվածությունը մարմնավորում էր այն նվիրվածությունը, որ իր տերն ուներ կայսեր նկատմամբ: Տեսնելով, որ իր սիրահարն զբաղված է Նապոլեոնի հայացքները որսալով, Ժյուլին խանդ զգաց, մտածելով, որ նա դեռ իրեն չէր նայել: Հանկարծ վեհապետը ինչ-որ բան ասաց: Վիկտորը խթանեց ձիու կողքերը և քառատրոփ սլացավ, բայց ավազի վրա մի սահմանաքարի նետած շուքը վախեցրեց կենդանուն, որը խրտնեց, ընկրկեց, ծառս եղավ և այն էլ այնպես հանկարծակի, որ թվաց, թե հեծյալը վտանգի մեջ է: Ժյուլին ճիչ արձակեց, գունատվեց, ամենքը հետաքրքրությամբ նրան են նայում, նա ոչ ոքի չի տեսնում, աչքերը սևեռված են ամեհի ձիուն, որին սպան զսպում է, շտապելով տեղ հասցնել Նապոլեոնի հրամանները: Այդ շշմեցնող պատկերն այնպես էր համակել Ժյուլիին, որ նա ինքնաբերաբար բռնել էր հոր թևը և մատների ուժեղ կամ թույլ հպումներով ակամա նրան բացահայտում էր իր մտքերը: Այն ժամանակ, երբ Վիկտորը ձիուց ընկնելու վտանգի տակ էր, աղջիկն այնպես ուժգին էր կառչել հորը, ասես ինքն էր ընկնելու վտանգին ենթակա: Ծերունին մռայլ ու ցավագին մի մտատանջությամբ զննում էր դստեր փթթուն դեմքը, և ափսոսանքի ու նույնիսկ մորմոքի զգացումներ սահեցին նրա կծկված խորշոմների վրայով: Երբ Ժյուլիի աչքերի անսովոր փայլը, նրա արձակած ճիչը և մատների ջղաձգական շարժումը վերջնականապես հորը բացահայտեցին գաղտնի մի սեր, նրա առաջ ակներևաբար կանգնեց իր աղջկա տխուր ապագան, քանի որ ծերունու նայվածքը մռայլ արտահայտություն ստացավ: Այդ պահին Ժյուլիի հոգին կարծես ձուլվել էր սպայի հոգուն: Ծերունուն միշտ այդ սարսափեցնող մտքերից ավելի դառը մի միտք կծեց նրա տանջահար դիմագծերը, երբ տեսավ, որ դ’էդելմոնը, նրանց առջևից անցնելիս, փոխադարձ հասկացողության մի հայացք փոխանակեց Ժյուլիի հետ, որի աչքերը խոնավ էին, իսկ դեմքը արտակարգ մի հրայրք էր արտահայտում: Հայրն անմիջապես աղջկան տարավ Տյուիլերիի պարտեզը:

  • Բայց, Հայրիկ,– ասում էր աղջիկը,– Կարուսելի հրապարակի վրա դեռ գնդեր կան, որոնք նոր դուրս պիտի գան զորախաղի:

  • Ոչ, զավակս, բոլոր գնդերն արդեն անցնում են:

  • Ես կարծում եմ, հայրիկ, որ դուք սխալվում եք. պ. դ’Էգլմոնը պետք է նրանց առաջ շարժի...

  • Բայց աղջիկս, ես ինձ վատ եմ զգում և չեմ ուզում մնալ:

Ժյուլիի համար դժվար չէր հավատալ հորը, երբ նա իր աչքերը գցեց այդ դեմքի վրա, որին հայրական մտատանջությունները սմքած տեսք էին տվել:

  • Դուք շա՞տ եք տանջվում,– հարցրեց  աղջիկը անտարբերությամբ, այնքան նա զբաղված էր իր մտքերով:

  • Մի՞թե յուրաքանչյուր օրը շնորհ չէ ինձ համար,– պատասխանեց ծերունին:

  • Դուք նորից պետք է սկսեք ինձ վշտացնել, խոսելով ձեր մահվան մասին: Ես այնպես ուրախ էի: Չե՞ք բարեհաճի վտարել ձեր վատ, սև մտքերը:

  • Ա՜հ,– բացականչեց հայրը հառաչելով,– շփացած երեխա, լավագույն սրտերն անգամ երբեմն շատ դաժան են լինում: Ձեզ նվիրել մեր կյանքը, մտածել միայն ձեր մասին, պատրաստել ձեր բարօրությունը, մեր ճաշակները զոհաբերել ձեր քմայքներին, ձեզ պաշտել, ձեզ տալ նույնիսկ մեր արյունը, այդ բոլորը, ուրեմն, ոչինչ է: Ավա՜ղ, այո, դուք ամեն ինչ ընդունում եք անհոգությամբ: Հարկավոր է օժտված լինել աստծու հզորությամբ, որպեսզի մշտապես կարողանանք ստանալ ձեր ժպիտները և ձեր արհամարհանքոտ սերը: Ու ահա հայտնվում է մի ուրիշը, մի սիրեկան, մի ամուսին և մեզնից հափշտակում է ձեր սիրտը:

Ժյուլին զարմացած նայեց հորը, որը քայլում էր դանդաղորեն, և նրա վրա նետում մարած հայացքներ:

  • Դուք նույնիսկ թաքնվում եք մեզնից,– հարեց հայրը,– և թերևս՝ ինքներդ ձեզնից:

  • Այդ ի՞նչ եք ասում, հայրիկ:

  • Ես մտածում եմ, Ժյուլի, որ դու գաղտնիքներ ունես ինձնից:– Դու սիրում ես,– հարեց ծերունին եռանդով, նշմարելով, որ աղջիկը շիկնում է:– Ահ, հույս ունեի, որ դու հավատարիմ կլինեիր քո ծերունի հորը մինչև նրա մահը, հույս ունեի քեզ պահել ինձ մոտ երջանիկ ու շողշողուն, զմայլվել քեզնով, այն Ժյուլիով, որպիսին դու էիր մի ժամանակ: Չիմանալով քո բախտի մասին, ես կարող կլինեի դեռևս հավատալ քո անխռով ապագային, բայց հիմա ինձ համար անհնարին է այլևս հույս ունենալ, որ դու երջանիկ կլինես, որովհետև դու Վիկտորի մեջ ավելի շատ գնդապետն ես սիրում, քան զարմիկը: Այլևս կասկածներ չունեմ այդ բանում:

  • Ինչո՞ւ ինձ չի կարելի սիրել նրան,– բացականչեց աղջիկը հետաքրքրության բուռն արտահայտությամբ:

  • Ահ, իմ Ժյուլի, դու ինձ չես հասկանա,– պատասխանեց հայրը հառաչելով:

  • Ասացեք այնուամենայնիվ,– առարկեց աղջիկը, համառության մի շարժում անելով:

  • Դե լավ, զավակս, լսիր ինձ: Դեռատի աղջիկները հաճախ իրենց համար ազնիվ, հրապուրիչ պատկերներ են ստեղծում, ամբողջապես իդեալական պատկերներ, հնարում ցնորական գաղափարներ՝ տղամարդկանց, զգացմունքների, հասարակության մասին, հետո, նրանք անմեղորեն մի որևէ նկարագիր օժտում են այն կատարելություններով, որ իրենք երազել են և վստահում են նրան. իրենց ընտրած տղամարդու մեջ նրանք սիրում են այդ երևակայական արարածին: Բայց, հետագայում, երբ արդեն ուշ է լինում դժբախտությունից խույս տալը, այդ խաբուսիկ երևույթը, որ նրանք գեղազարդել էին, իրենց առաջին այդ կուռքը, վերջապես վերափոխվում է սոսկալի մի կմախքի: Ժյուլի, ես կգերադասեի, որ դու սիրահարվեիր մի ծերունու, քան գնդապետ դ’Էգլմոնին: Ահ, եթե դու կարողանայիր նախատեսել քո կյանքը մի տասը տարուց հետո, արդարացի կհամարեիր իմ փորձառությունը: Ես ճանաչում եմ Վիկտորին, նրա զվարթությունը անմիտ զվարթություն է, զորանոցային զվարթություն, նա անտաղանդ է և մսխիչ: Նա այն մարդկանցից է, որոնց երկինքն ստեղծել է, որպեսզի օրը չորս անգամ կերուխում անեն, քնեն, սիրեն առաջին իսկ հանդիպած կնոջը և կռվեն: Նա կյանքը չի հասկանում: Նրա բարի սիրտը, իսկ նրա սիրտը բարի է, գուցե նրան հարկադրի իր քսակը տալ մի դժբախտի, մի ընկերոջ, բայց նա անհոգ է, նա չի օժտված սրտի այն նրբությամբ, որ մեզ ստրուկ է դարձնում կնոջ երջանկությանը. նա տգետ է, ինքնասեր... Շատ բայցեր կան...

Նա մի պահ կանգնեց, նայեց դստերն ու ավելացրեց.

  • Բայց, իմ խեղճ Ժյուլի, դու տակավին շատ երիտասարդ ես, շատ տկար ու փխրուն, որպեսզի կարողանաս տանել ամուսնության վշտերն ու նեղությունները: Ղ’Էգլմոնին շփացրել են իր ծնողները, ինչպես քո մայրը և ես՝ քեզ: Ինչպե՞ս կարելի է հուսալ, որ դուք կկարողանաք հասկանալ միմյանց՝ ձեր տարբեր կամքերով, որոնց բռնակալությունը անհաշտելի կլինի: Դու կամ զոհ պիտի լինես, կամ բռնակալ: Մեկը կամ մյուսը հավասար չափով դժբախտություններ են բերում կնոջը իր կյանքում: Բայց դու հեզահամբույր ես և համեստ, դու կծալվես ի վերջո, դու ունես,– ասաց հայրը հուզումնալից ձայնով,– զգացումի մի նրբություն, որը չի գնահատվի, և այն ժամանակ...

Նա չվերջացրեց. արցունքները խեղդեցին նրան:

  • Վիկտորը,– շարունակեց հայրը մի փոքր դադարից հետո,– կվիրավորի քո դեռատի հոգու անաղարտությունը: Ես ճանաչում եմ զինվորականներին, իմ Ժյուլի, ես բանակներում ապրել եմ: Հազվադեպ է պատահում, որ այդ մարդկանց սիրտը կարողանա հաղթահարել այն սովորույթները, որ արդյունք են կամ այն վտանգների, որոնց ծոցում նրանք ապրում են, կամ նրանց արկածախնդրական կյանքի դիպվածների:

  • Ուրեմն, հայրիկ, դուք կամենում եք,– պատասխանեց Ժյուլին կիսալուրջ և կիսակատակ,– հակառակել իմ զգացմունքներին և ինձ ամուսնացնել ոչ թե հանուն իմ, այլ ձեր երջանկության:

  • Քեզ ամուսնացնել հանուն ի՞մ երջանկության,– բացականչեց հայրը զարմանքի մի շարժումով,– հանուն ինձ, աղջիկս, որի այդքան բարեկամորեն կշտամբող ձայնը դու շուտով չես լսելու: Ես մշտապես նկատել եմ, որ զավակներն անձնական մի զգացումի, եսասիրության են վերագրում այն զոհաբերությունները, որ կատարում են իրենց ծնողները: Պսակվիր Վիկտորի հետ, իմ Ժյուլի: Մի օր դու դառնորեն պիտի ողբաս նրա չնչինությունը, կարգ ու կանոնի պակասը, նրա եսասիրությունը, նրա աննրբանկատությունը, սիրելու նրա անընդունակությունը և կզգաս հազարավոր այլ դառնություններ, որ նա կպատճառի քեզ: Այն ժամանակ հիշիր, որ այս ծառերի ներքո քո ծերունի հոր մարգարեական խոսքերը իզուր են հնչել քո ականջներում:

Ծերունին լռեց, նա նկատեց, որ իր աղջիկը համառության արտահայտությամբ ճոճում է գլուխը: Երկուսն էլ մի քանի քայլ արին դեպի այն վանդակորմը, որի մոտ կանգնած էր նրանց կառքը: Այդ լռին քայլքի ընթացքում դեռատի աղջիկը թաքուն զննում էր հոր դեմքը, և աստիճանաբար նրա խռովկան արտահայտությունը չքացավ: Դեպի հողը հակած այդ ճակատի վրա դրոշմված խորունկ կսկիծը նրա վրա ուժեղ տպավորություն թողեց:

  • Ես խոստանում եմ ձեզ, հայրիկ,– ասաց աղջիկը մեղմ ու դողացող ձայնով,– ձեզ հետ այլևս չխոսել Վիկտորի մասին, քանի դեռ դուք չեք հրաժարվել նրա նկատմամբ ունեցած կանխակալ կարծիքից:

Ծերունին նայեց իր աղջկան զարմացած հայացքով: Արտասուքի երկու կաթիլ, որ փայլփլում էին աչքերում, ընկան նրա խորշոմած դեմքին: Նա չկարողացավ դստերը գրկել իրենց շրջապատող բազմության առաջ, բայց քնքշորեն սեղմեց Նրա ձեռքը: Երբ կառք բարձրացավ, մռայլ մտքերից նրա ճակատի վրա կուտակված բոլոր կնճիռները կոկվեցին: Իր աղջկա մի փոքր տրտում տեսքը նրան ավելի քիչ էր անհանգստացնում, քան այն անմեղ խնդությունը, որի գաղտնիքը դուրս էր պրծել Ժյուլիից՝ զորահանդեսի ժամանակ:

 

1814 թվականի մարտ ամսվա առաջին օրերին, կայսեր այդ զորահանդեսից մոտավորապես մի տարի հետո, մի կառք էր թավալվում Ամբուազից դեպի Տուր տանող ճանապարհի վրա: Թողնելով դը լա Ֆրիյերների փոստակայանը ծածկող ընկուզենիների կանաչ գմբեթը, այդ կառքը սլացավ այնպիսի արագությամբ, որ մի րոպեում հասավ Սիզ գետի վրա կառուցված կամուրջին, այդ գետի Լուառ թափվելու կետում, և այնտեղ կանգ առավ: Պարզվեց, որ ձգափոկը կտրվել էր, որովհետև երիտասարդ կառապանը իր տիրոջ հրամանով ուժգին քշելով փոստային չորս ուժեղ ձիերը, կառքը վարել էր խիստ մեծ արագությամբ: Այնպես որ, այդ դիպվածի շնորհիվ, կառքի մեջ եղած երկու անձնավորությունները հնարավորություն ունեցան զարթնելով դիտելու Լուառի եզերքներին գտնվող գեղատեսիլ վայրերից մեկը: Աջ կողմում ճանապարհորդի հայացքը ընդգրկում է Սիզի գալարումները, գետը թավալվում է որպես արծաթյա մի օձ, մարգագետինների խոտերի միջով, դաշտեր, որոնց գարնանային առաջին ծլոնները զմրուխտի գույն են տալիս դրանց: Ձախ կողմում Լուառն է հայտնվում իր ամբողջ հոյաշուքությամբ: Առավոտվա մի փոքր սառը հովիկից առաջացած անհամար վետվետումներով այդ վեհապանծ գետի լայն մակերևույթի վրա արտացոլվում է արևի ճաճանչումը: Ջրի մակերեսին այս ու այնտեղ իրար են հաջորդում կանաչագեղ կղզյակները, ասես մանյակի օղակներ: Գետի մյուս կողմում Տուրենի բերրի դաշտերն են փռում իրենց անսահման գանձերը: Հեռվում աչքը ուրիշ սահման չի տեսնում, բացի Շերի բլուրներից, որոնց գագաթներն այդ ժամին հստակորեն գծագրվում են երկնքի թափանցիկ լազուրում: Կղզյակների քնքուշ սաղարթների միջով, այդ դաշտանկարի խորքում, Տուրն է հայտնվում ջրերի ծոցից, ինչպես Վենետիկը: Նրա հնամյա մայր տաճարի աշտարակները ձգվում են օդի մեջ և այդ պահին նրանք խառնվում են սպիտակավուն ամպերի ֆանտաստիկ կերտումների հետ: Այն կամուրջի հետևում, որի վրա կանգ էր առել կառքը, ճանապարհորդը իր առջևում, Լուառի երկայնքով մինչև Տուր՝ կտեսնի ապառաժների մի շղթա, ձգված բնության քմայքով, կարծես դրանով ցանկանալով փակել գետը, որի ալիքներն անդադար ողողում են քարը. մի տեսարան, որ մշտապես զարմանք է հարուցում ճանապարհորդի մեջ: Վուվրե գյուղը կարծես բնավորված է այդ ապառաժների ճեղքվածքների ու փլվածքների մեջ, այդտեղ այդ քարաժայռերը մի տեսակ արմունկ են կազմում Սիզի վրա գցած կամուրջի առջև: Վուվրեից մինչև Տուր, այդ ճեղքռտված բլուրների ահազդեցիկ ոլորքներում բնակվում են խաղողագործներ: Մի շարք տեղերում գոյություն ունեն եռաշար տներ՝ փորված ժայռի մեջ և միացած հենց նույն քարից տաշված վտանգավոր սանդուղքներով: Ահա մի որևէ տանիքի վրայով կարմիր շրջազգեստով մի աղջիկ վազում է իր այգին: Մի ծխնելույզի ծուխը բարձրանում է խաղողի այգու նոր ծլարձակված որթատունկի միջով: Մի պառավ կին, հանգիստ նստած քարաժայռի փուլ եկած բեկորի վրա, նշենու ծաղիկների տակ, իր ճախարակն է մանում և նայում իր ոտքերի տակից անցնող ճանապարհորդներին, ծիծաղելով նրանց վախի վրա: Նա ճաքճքված գետնի նկատմամբ նույնքան է անհանգիստ, որքան մի հին պատի կախված փլվածքի հանդեպ, որի հիմքերը պահում են բաղեղի ծածկույթի գալարուն արմատները: Տակառագործների մուրճերը թնդացնում են վեր բարձրացող քարհանքերի կամարները: Վերջապես, հողն ամենուրեք մշակված է ու ամենուրեք բերրի, թեպետ այնտեղ բնությունը մարդուն հող մերժել է արդյունագործության համար: Լուառի ամբողջ հոսանքի ընթացքում չի կարելի գտնել մի այլ վայր, որ կարելի լինի համեմատել Տուրենի այդ փարթամ դաշտանկարի հետ, որը բացվում է ուղևորի աչքերի առաջ: Այդ տեսարանի եռակի պատկերը, որն այստեղ հազիվ ուրվագծվեր, թափանցում է հոգու մեջ և ընդմիշտ դրոշմվում հիշողության ծալքերում: Եթե որևէ մի պոետ վայելել է այն, ապա նա իր երազանքներում հաճախ պիտի վերականգնի ռոմանտիկական այդ հմայիչ տպավորությունները:

Այն պահին, երբ կառքը հասավ Սեզի կամուրջին, սպիտակ առագաստներով բազմաթիվ նավակներ հայտնվեցին Լուառի կղզյակների միջև և նոր ներդաշնակություն հաղորդեցին այդ սքանչելի տեսարանին: Գետը եզերող ուռենիների բուրմունքը ավելացնում էր խոնավ հողի թափանցուն անուշահոտությունը: Լսվում էր թռչունների բազմաձայն համերգը, այծապահի միալար երգը տխրություն էր սփռում, մինչդեռ նավաստիների աղաղակներն ազդարարում էին եռուն կյանքի մասին: Թեթև գոլորշիները, քմահաճորեն կանգնած այդ լայն հովտի ցրված ծառերի շուրջը, ավարտում էին այդ հրաշալի պատկերը և նրան ինչ-որ առանձնահատուկ հմայք էին հաղորդում: Տուրենն էր այդ՝ իր բովանդակ փառահեղության մեջ, գարունն էր այդ՝ իր ամբողջ շքեղությամբ: Ֆրանսիայի այդ մասը, միակ մասը, որի հանգիստը չեն խռովել օտարերկրյա բանակները, այդ ժամանակ միակ հանդարտ վայրն էր, և կարծես մարտահրավեր էր նետում օտար ներխուժմանը:

Հենց որ կառքը կանգ առավ, զինվորական գլխարկով մի գլուխ դուրս պարզվեց նրա լուսամուտից և իսկույն անհամբեր մի զինվորական անձամբ բանալով դռնակը, դուրս ցատկեց կառքից, մտադրված լինելով կռվտել կառապանի հետ: Հմտությունը, որով այդ տուրենացին նորոգում էր կտրված ձգափոկը, հանգստացրեց գնդապետ կոմս դ’Էգլմոնին, որը վերադարձավ դռնակի մոտ, շարժվեց, պրկեց թևերը, ասես ուզում էր կյանքի կոչել թմրած մկանները, հորանջեց, նայեց շուրջը և ձեռքը դրեց մուշտակի մեջ խնամքով փաթաթված դեռատի մի կնոջ բազկին:

  • Լսիր, Ժյուլի,– ասաց նա խռպոտած ձայնով,– զարթնիր և նայիր շուրջդ: Հոյակապ է:

Ժյուլին կառքից հանեց գլուխը՝ ծածկված կզաքիսի մորթուց գլխարկով, իսկ մուշտակը, որի մեջ նա փաթաթված էր, իր ծալքերով այնպես լավ էր սքողում կազմվածքը, որ միայն նրա դեմքն էր երևում: Ժյուլի դ’Էգլմոնն այլևս չէր նմանվում այն դեռատի աղջկան, որ մի ժամանակ խնդությամբ ու երջանկությամբ լի՝ վազում էր Տյուիլերիի զորահանդեսին: Դեմքը, տակավին քնքուշ, զրկվել էր այն վարդագույն երանգից, որը նրան այնպիսի հորդուն թարմություն էր տալիս: Մազերի մի քանի խոպոպիկներ, գիշերվա խոնավությունից գանգրատված, ընդգծում էին նրա դեմքի փայլատ սպիտակությունը, որի աշխուժությունը ընդարմացած էր թվում: Սակայն աչքերը փայլում էին անբնական մի կրակով, թեպետ կոպերի ներքևում, նրա նիհար այտերի վրա ուրվագծվում էին մանուշակագույն ստվերներ: Անտարբեր հայացքով նա դիտեց Շերի դաշտավայրը, Լուառը և նրա կղզյակները, Տուրը և Վուվրեի երկարաձիգ քարաժայռերը, ապա, նույնիսկ չնայելով Սիզի հրապուրիչ հովտին, նա արագորեն նորից ետ ընկավ կառքի խորքը, և մի ձայնով, որը բաց օդում ծայրահեղորեն թույլ էր հնչում, ասաց.

  • Այո, հիանալի է:

Ինչպես տեսնում եք, ի դժբախտություն իրեն, նա հաղթել էր իր հորը:

  • Ժյուլի, չէի՞ր ցանկանա ապրել այստեղ:

  • Օ, այստեղ թե մի այլ տեղ,– ասաց նա անտարբերությամբ:

  • Քեզ վա՞տ ես զգում,– հարցրեց նրան գնդապետ դ’Էգլմոնը:

  • Ամենևին,– պատասխանեց երիտասարդ կինը րոպեական աշխուժությամբ:

Նա ժպտալով նայեց ամուսնուն և ավելացրեց.

  • Քնել եմ ուզում:

Հանկարծակի լսվեց ինչ-որ ձիու քառարշավ վազքի դոփյուն: Վիկտոր դ’Էգլմոնը բաց թողեց կնոջ ձեռքը և գլուխը շուռ տվեց դեպի ճանապարհի այն կողմը, ուր դա ծռվում էր: Հենց որ գնդապետը հայացքը հեռացրեց Ժյուլիից, վերջինիս դեմքից չքացավ այն զվարթ արտահայտությունը, որ նա տվել էր իր գունատ դեմքին, ասես ինչ-որ շող դադարեց նրան լուսավորել: Ոչ մի ցանկություն չունենալով այլևս նորից դիտելու դաշտանկարը, ոչ էլ հետաքրքրվելով, թե ով է հեծյալը, որի ձին այդպես մոլեգնորեն քառարշավում էր, տեղավորվեց կառքի մի անկյունում, և, նրա աչքերը ոչ մի զգացում չդրսևորելով, սևեռվեցին ձիերի գավակին: Նրա տեսքը նույնքան բութ էր, որքան տեսքը բրետոնական այն գյուղացու, որը լսում է քահանայի քարոզը: Բարդիների և ծաղկած մլենիների պուրակից ցեղական մի նժույգի վրա հայտնվեց մի երիտասարդ:

  • Անգլիացի է,– ասաց գնդապետը:

  • Օ, աստված իմ, այո, զորավար,– ասաց կառապանը,– նա այն կտրիճների ցեղիցն է, որոնք, ինչպես ասում են, ուզում են խժռել Ֆրանսիան:

Անծանոթը մեկն էր այն ճանապարհորդներից, որոնք գտնվում էին մայրցամաքում, երբ Նապոլեոնը հրամայեց ձերբակալել բոլոր անգլիացիներին, ի հատուցումն միջազգային իրավունքի այն խախտման, որ կատարել էր Սեն-Ջեմսի կաբինետը՝ Ամիենի պայմանագրի խզման ժամանակ: Ենթակա լինելով կայսերական իշխանության քմահաճույքին, այդ գերիները չմնացին այն վայրերում, ուր նրանք բռնված էին և ոչ էլ այն տեղերում, ուր սկզբում կարող էին ընտրել իրենց բնակության համար: Այն ժամանակ Տուրենում բնակվողների մեծամասնությունը տեղահանված էր կայսրության զանազան կետերից, որտեղ նրանց բնակությունը վտանգավոր էր համարվում կոնտինենտալ քաղաքականության համար: Երիտասարդ գերին, որ այդ ժամանակ առավոտվա իր տաղտուկն էր ցրում, բյուրոկրատական նման ձեռնարկման զոհն էր: Երկու տարի առաջ, արտաքին գործերի նախարարության հրամանով, նա հեռացվեց Մոնպելիեից, ուր ապրում էր, երբ վրա հասավ պայմանագրի խզումը, և որտեղ բուժվում էր թոքերի ինչ-որ հիվանդությունից: Հենց որ երիտասարդը կոմս դ’Էգլմոնի մեջ ճանաչեց մի զինվորականի, շտապեց խուսափել նրա հայացքից և բավականին ուժգնակի գլուխը շուռ տվեց դեպի Սիզի մարգագետինները:

  • Բոլոր այդ անգլիացիները լկտի են, կարծես բովանդակ երկրագունդը նրանց է պատկանում,– ասաց գնդապետը մռլտալով:– Բարեբախտաբար Սուլտը նրանց կմտրակահարի:

Երբ գերին անցավ կառքի մոտով, հայացքը գցեց նրա ներսը: Հակառակ իր նայվածքի թռուցիկությանը, նա կարողացավ հիանալ մելամաղձության այն արտահայտությամբ, որ կոմսուհու դեմքին տալիս էր ինչ-որ աննկարագրելի մի գրավչություն: Շատ տղամարդիկ կան, որոնց սիրտն ուժգնապես հուզվում է կանանց տառապանքի լոկ տեսքը նշմարելիս. նրանց համար կսկիծը թվում է հաստատակամության կամ թե սիրո խոստում: Ամբողջապես տարված լինելով կառքի մի բարձի շտկումով, Ժյուլին ոչ մի ուշադրություն չդարձրեց ոչ ձիուն և ոչ էլ հեծյալին: Ձգափոկն արդեն ամուր ու արագորեն նորոգված էր: Կառապանը ջանաց վերստին շահել կորցրած ժամանակը և երկու ճանապարհորդներին արագորեն հասցրեց մի բլրի, որը եզրավորված էր ապառաժներով, որոնց ծոցում հասունանում է Վուվրեի գինին և որտեղից ցցվում են այնքան սիրունիկ տներ, իսկ հեռվում երևում էին մի ժամանակ սուրբ Մարտենի ապաստարան հանդիսացող Մարմուտիեի հռչակավոր աբբայության ավերակները:

  • Ի՞նչ է ուզում արդյոք մեզնից այդ վտիտ միլորդը,– բացականչեց գնդապետը, շուռ տալով գլուխը, որպեսզի հավաստիանա, որ Սեզի կամուրջից իրենց հետևող հեծյալը երիտասարդ անգլիացին էր:

Եվ որովհետև անծանոթը չէր խախտում քաղաքավարության ոչ մի կանոն, գնդապետը նորից տեղավորվեց կառքի մի անկյունում, անգլիացու վրա սպառնագին մի հայացք նետելով: Բայց, հակառակ իր ակամա թշնամության, նա չկարողացավ չնկատել ձիու գեղեցկությունը և հեծյալի վայելչությունը: Երիտասարդն ուներ բրիտանական այն դեմքերից մեկը, որի գույնն այնքան նուրբ է, մորթն այնպես քնքուշ ու այնքան սպիտակ, որ երբեմն մարդս ուզում է ենթադրել, թե այդ դեմքը պատկանում է երիտասարդ մի աղջկա: Նա խարտյաշ էր, նրբին ու բարձրահասակ: Նրա զգեստն աչքի էր ընկնում այն մատընտիրությամբ ու կոկիկությամբ, որ հատուկ է ծեքծեքուն Անգլիայի նորաձևիկ երիտասարդներին: Կարելի է ասել, որ կոմսուհուն տեսնելով, նա կարմրեց ավելի շուտ ամաչկոտությունից, քան հաճույքից: Ժյուլին միայն մի անգամ աչքերը բարձրացրեց օտարերկրացու վրա և այդ բանը նրան մի տեսակ հարկադրեց ամուսինը, կամենալով, որ կինը հիանա զտարյուն, ցեղային նժույգի սրունքներով: Ժյուլիի աչքերը հանդիպեցին ամաչկոտ անգլիացու աչքերին: Այդ րոպեից հետո, ազնվականը իր ձին կառքի կողքից քշելու փոխարեն, նրան հետևեց մի քանի քայլ հեռվից: Ժյուլին չնկատեց ո՛չ նժույգի և ո՛չ էլ հեծյալի կատարելությունը, որ նրան մատնանշել էին, և վերստին թիկնեց կառքի խորքում, հոնքերի թեթև մի շարժումով կարծես հավանություն տալով ամուսնուն: Գնդապետը նորից քնեց, և ամուսինները հասան Տուր, առանց իրար հետ որևէ խոսք փոխանակելու, և հարափոփոխ տեսարանի այդ հրապուրիչ բնապատկերները, որոնց գրկում նրանք ճանապարհորդում էին, ոչ մի անգամ չգրավեցին Ժյուլիի ուշադրությունը: Երբ ամուսինը քնած էր, Ժյուլին մի քանի անգամ նայեց նրան: Վերջին անգամ նրա վրա հայացք գցելիս, կառքի ցնցումից դեռատի կնոջ ծնկներին ընկավ սգի ժապավենով իր պարանոցին ամրացված մեդալիոնը, որի վրա հանկարծ նրան երևաց իր հոր մանրանկարը: Դրանից մինչ այդ զսպված արտասուքներ երևացին նրա աչքերում: Թերևս անգլիացին տեսավ խոնավ ու փայլուն հետքեր, որ արցունքները մի րոպե թողեցին կոմսուհու գունատ այտերին, բայց քամին արագ ցամաքեցրեց:

Կայսեր կողմից հանձնարարություն ունենալով հրամաններ հասցնել մարշալ Սուլտին, որը Ֆրանսիան պաշտպանում էր անգլիացիների կատարած ներխուժումից Բեառնեում, գնդապետ դ’Էգլմոնը օգտագործեց իր այդ առաքելությունը, որպեսզի իր կնոջն ազատի այն վտանգից, որ այն ժամանակ սպառնում էր Փարիզին, և նրան տանում էր Տուր, իր պառավ ազգականուհու մոտ: Շուտով կառքը թավալվեց Տուրի սալահատակների վրա, Մեծ փողոցում, և կանգնեց երբեմնի մարկիզուհի դը Լիստոմեր-Լանդոնի հնամենի առանձնատան առջև:

Մարկիզուհի դը Լիստոմեր-Լանդոնը գունատ դեմքով, սպիտակ մազերով այն գեղեցիկ պառավ կանանցից էր, որոնք ունեն նուրբ ժպիտ, և թվում էր, թե դեռ հագնում են հնամենի բոլորազգեստ ու կրում գլխանոց, որի մոդան անհայտ է: Այդ կանայք՝ Լյուդովիկոս XV-ի դարի յոթանասունամյա այդ դիմանկարները, գրեթե միշտ փաղաքուշ են, ասես նրանց այտերն ընդունակ են սիրելու. ոչ այնքան բարեպաշտ, որքան ջերմեռանդ են, և նվազ ջերմեռանդ, քան այն ցուցահանվում է. նրանք մշտապես իրենց շուրջ սփռում են «Մարեշալ» դիմափոշու բուրմունք, լավ պատմել գիտեն, հիանալի զրուցել և ծիծաղում են ավելի շատ մի հիշողությունից, քան մի կատակից: Արդիականությունը նրանց տհաճ է:

Երբ պառավ սպասուհին եկավ ազդարարելու մարկիզուհուն (որովհետև շուտով նա կվերստանար իր կոչումը)՝ ազգականի այցելության մասին, որին նա չէր տեսել իսպանական պատերազմից ի վեր, նա արագորեն հանեց իր ակնոցը, փակեց «Հին արքունիքի սրահը», իր սիրած գիրքը, ապա վերստացավ մի տեսակ աշխուժություն, որպեսզի դուրս գար վերնագավիթը հենց այն պահին, երբ ամուսինները բարձրանում էին նրա աստիճաններով:

Մարկիզուհին ու նրա երիտասարդ ազգականուհին արագ մի հայացք փոխանակեցին:

  • Բարի օր, սիրելի մորաքույր,– բացականչեց գնդապետը, թափով գրկելով պառավ կնոջը և համբուրելով նրան:– Ձեզ եմ բերել մի երիտասարդ անձնավորության, որին հանձնում եմ ձեր հովանավորությանը: Ես ձեզ եմ պահ տալիս իմ գանձը: Իմ Ժյուլին ոչ պչրասեր է և ոչ էլ նախանձոտ: Նա հրեշտակի պես հեզ է... Բայց, հույս ունեմ, որ այստեղ երես չի առնի,– ասաց նա, ինքն իրեն ընդհատելով:

  • Այ դու ստահակ,– պատասխանեց մարկիզուհին, նրան նետելով ծաղրական մի հայացք:

Նա առաջինը մոտեցավ բարյացակամ սիրալիրությամբ համբուրելու Ժյուլիին, որը մտախոհ կանգնել էր և ավելի շուտ շփոթված էր երևում, քան հետաքրքրված:

  • Դե, ծանոթանանք, հոգյակս,– ասաց մարկիզուհին: – Ինձնից շատ մի վախենաք, ես ջանում եմ բնավ պառավ չլինել երիտասարդների հետ:

Հյուրասրահ մտնելուց առաջ, մարկիզուհին, գավառում ընդունված սովորության համաձայն, հրամայեց նախաճաշ պատրաստել հյուրերի համար, բայց կոմսը ընդհատեց իր մորաքրոջ պերճախոսությունը, լուրջ տոնով նրան ասելով, որ այնքան ժամանակ կարող է հատկացնել նրան, որքան հարկավոր է փոստում ձիեր վերալծելու համար: Ուստի, երեք ազգականները, ինչքան կարելի էր շուտ, մտան հյուրասրահը, գնդապետը հազիվ ժամանակ ունեցավ իր մեծ մորաքրոջը պատմելու քաղաքական ու ռազմական իրադարձությունների մասին, որոնք հարկադրում էին իրեն ապաստան խնդրել կնոջ համար: Այդ պատմության ընթացքում, մորաքույրը փոխնիփոխ նայում էր իր ազգականին, որը, պատմում էր առանց ընդհատումի, և երիտասարդ ազգականուհուն, որի գունատությունն ու տխրությունը նա վերագրեց այդ հարկադրական անջատմանը: Պառավ մարկիզուհին այնպիսի տեսք ուներ, որ կարծես ինքն իրեն ասում էր. «Այս երիտասարդները սիրահարված են միմյանց»:

Այդ պահին, հնամյա բակում, ուր սալահատակները ծածկված էին խոտով, լսվեց մտրակի շաչյուն: Վիկտորը համբուրեց մարկիզուհուն և տնից դուրս թռավ:

  • Մնաս բարով, սիրելիս,– ասաց նա, համբուրելով կնոջը, որը նրան հետևել էր մինչև կառքը:

  • Օ, Վիկտոր, թույլ տուր ուղեկցել քեզ ավելի հեռու,– ասաց նա փաղաքուշ ձայնով,– ես չէի ցանկանա քեզնից անջատվել...

  • Այդ մասին անգամ մտածո՞ւմ ես:

  • Դե լավ,– պատասխանեց Ժյուլին,– գնաս բարով, քանի որ դու այդպես ես ուզում:

Կառքն անհետացավ:

  • Դուք, ուրեմն, ընկել եք այդ անպիտանի ցա՞նցը,– հարցրեց մարկիզուհին իր երիտասարդ ազգականուհուն, նրան հարցաքննելով այն հմուտ նայվածքներով, որ պառավ կանայք նետում են երիտասարդներին:

  • Ավաղ, տիկին,– պատասխանեց Ժյուլին,– մի՞թե կարելի է ամուսնանալ՝ առանց սիրելու:

Այդ վերջին նախադասությունը շեշտվեց միամտության այնպիսի երանգով, որը միաժամանակ մատնում էր անարատ մի սիրտ և խորունկ գաղտնիքներ: Եվ շատ դժվար բան էր Դյուկլոյի ու մարշալ Դիշելյեի բարեկամուհու համար չջանալ կռահել այդ երիտասարդ զույգի գաղտնիքը: Մորաքույրն ու Ժյուլին այդ ժամանակ կանգնած էին դարպասի մոտ և նայում էին հեռացող կառքին: Կոմսուհու աչքերը սեր էին արտահայտում այն իմաստով, ինչպես այդ հասկանում էր մարկիզուհին: Հարգարժան կինը ծագումով պրովանսուհի էր, և նրա կրքերը բուռն էին եղել:

  • Դուք ուրեմն ընկել եք այդ անպիտանի ցա՞նցը,– հարցրեց նա Ժյուլիին:

Կոմսուհին սարսռաց, որովհետև այդ պառավ պչրուհու շեշտից և նայվածքից թվում էր, որ նա շատ ավելի խորն է ճանաչում Վիկտորի բնավորությունը, քան նույնիսկ ինքը: Տիկին դ’Էգլմոնը, մտատանջ, պարուրվեց այն անհաջողակ ծածկամտությամբ, որ միամիտ ու հիվանդագին սրտերի առաջին ապաստանն է: Տիկին դը Լիստոմերը գոհ չեղավ Ժյուլիի պատասխանից, բայց նա ուրախությամբ մտածեց, որ իր մենությունը կզվարթանա սիրո մի գաղտնիքով, որովհետև նրան թվաց, որ երիտասարդ ազգականուհին զվարճալի ինչ-որ խարդավանքներ պիտի ունենա: Երբ տիկին դ’Էգլմոնը գտնվեց ոսկեզօծ քիվերով շրջանակված պաստառներ ունեցող մեծ հյուրասրահում և նստեց բուխարու վառ կրակի մոտ, որը միջանցիկ հովից պաշտպանված էր չինական շիրմայով, նրա թախիծը չցրվեց: Դժվարին բան էր, որ զվարթությունը ծնվեր այդ հնամյա պերճ դրվագներով առաստաղի ներքո ու դարավոր կահ-կարասիների մեջ: Այնուամենայնիվ, երիտասարդ փարիզուհին բավականություն զգաց, սուզվելով այդ խորունկ մենության ու գավառական այդ հանդիսավոր լռության մեջ: Մի քանի խոսք փոխանակելով մարկիզուհու հետ, որին մի անգամ, որպես նորահարս, նամակ էր գրել, նա մնաց լուռ, կարծես թե ինչ-որ օպերա էր լսում: Տրապիստ-վանականներին արժանի այդ մնջությունից միայն երկու ժամ հետո նա նկատեց իր ազգականուհու նկատմամբ թույլ տված անքաղաքավարությունը, հիշելով, որ նրա հարցերին պաղ պատասխաններ է տվել միայն: Պառավ կինը հարգանքով վերաբերվեց ազգականուհու քմայքին՝ շնորհալիության այնպիսի մի բնազդով, որ բնութագրում է անցյալ ժամանակների մարդկանց: Այդ պահին այրի մարկիզուհին ինչ-որ բան էր գործում: Ճիշտ է, նա բազմաթիվ անգամ բացակայել էր, զբաղվելով ինչ-որ «կանաչ» սենյակով, ուր պիտի քներ կոմսուհին, և որտեղ տան սպասավորները տեղավորում էին նրա կապոցները, բայց այդ միջոցին մարկիզուհին նորից նստել էր իր տեղը, մի մեծ բազկաթոռի վրա և թաքուն նայում էր երիտասարդ կնոջը: Ամաչելով, որ անձնատուր է եղել իր անդիմադրելի խոկումներին, Ժյուլին փորձեց ներում ստանալ, ինքն իրեն ծաղրելով:

  • Թանկագին մանկիկս, մեզ լավ հայտնի է այրիների կսկիծը,– պատասխանեց մարկիզուհին:

Հարկավոր էր քառասուն տարեկան լինել կռահելու համար այն հեգնանքը, որ արտահայտում էին պառավ տիկնոջ շրթունքները: Մյուս օրը կոմսուհու տրամադրությունն ավելի լավ էր, նա զրուցեց: Տիկին դը Լիստոմերն այլևս չհուսահատվեց՝ ընտելացնելու նորահարսին, որին նա սկզբում համարում էր վայրենի ու բթամիտ մի էակ: Նա պատմեց այդ վայրի բավականությունների մասին, պարահանդեսների մասին և այն տների, ուր նրանք կարող էին այցելել: Մարկիզուհու բոլոր հարցերը այդ օրը մի-մի որոգայթներ էին, որ, արքունի հին սովորության համաձայն, նա չէր կարող չլարել իր հարսի դեմ, որպեսզի կռահի նրա խառնվածքը: Ժյուլին դիմադրում էր մի քանի օրվա ընթացքում իրեն արված բոլոր պնդումներին և չէր համաձայնում զվարճություն որոնել դրսում: Այնպես որ, պառավ կինը հարկադրված եղավ, հակառակ իր ցանկության, հրաժարվել իր սիրունիկ հարսին՝ հասարակության մեջ հպարտորեն ման ածելու մտքից: Կոմսուհին իր մենության ու տխրության համար պատրվակ էր համարում այն վիշտը, որ նրան պատճառել էր հոր մահը, որի սուգը դեռ պահում էր: Ութ օրից հետո մարկիզուհին հիացավ Ժյուլիի հրեշտակային հեզությամբ, համեստ հրապույրներով ու ներողամիտ խելքով, և այդ օրվանից անչափ հետաքրքրվեց այն խորհրդավոր մելամաղձությամբ, որ կրծում էր այդ մատաղ սիրտը: Կոմսուհին այն կանանցից էր, որոնք ծնված են սիրված լինելու համար, և որոնցից ասես երջանկություն է բուրում: Նրա ընկերակցությունը այնպես հաճելի ու թանկարժեք դարձավ տիկին դը Լիստոմերի համար, որ նա խենթացավ իր հարսով և ցանկացավ այլևս չբաժանվել նրանից: Բավական էր մի ամիս, որ նրանց միջև հաստատված բարեկամությունը մշտնջենական դառնար: Պառավը ոչ առանց զարմանքի նկատեց, որ կերպարանափոխվել է տիկին դ’Էգլմոնը. վառ գույները, որ կիզում էին նրա դեմքը, աննկատելիորեն հանգան և կերպարանքն ստացավ փայլատ գունատություն: Ժյուլին ավելի նվաղ թախծոտ էր: Երբեմն, այրի մարկիզուհին իր երիտասարդ ազգականուհու մեջ հարուցում էր զվարթության պոռթկում, խելառ ծիծաղներ, որոնք սակայն իսկույն ընդհատվում էին ճնշող մի մտքից: Պառավը կռահեց, որ ոչ հիշողությունը հոր նկատմամբ և ոչ էլ Վիկտորի բացակայությունը պատճառ չեն այն խորունկ մելամաղձության, որ իր քողն էր գցում կոմսուհու կյանքի վրա, հետո նա ունեցավ այնպիսի տարօրինակ կասկածներ, որ նրա համար դժվարին դարձավ չարի իսկական պատճառը գտնել, որովհետև ճշմարտությունը մենք թերևս կռահում ենք պատահաբար: Եվ ահա վերջապես մի օր Ժյուլին նույնիսկ մոռացավ, որ ինքն ամուսնացած էր և զվարճացավ, ասես անհոգ մի աղջիկ լիներ, զարմացնելով մարկիզուհուն իր մտահղացումների միամտությամբ, մանկական չարաճճիությամբ, նուրբ սրամտությունը զուգակցելով խորունկ մտքի հետ, մի բան, որ Ֆրանսիայի աղջիկներին հատուկ է: Տիկին դը Լիստոմերը վճռեց հետախուզել այդ հոգու գաղտնիքները, որի ծայրահեղ պարզությանը համազոր էր անթափանց մի ծածկամտություն: Գիշերը մոտենում էր. երկու կանայք նստած էին փողոցին նայող լուսամուտի մոտ: Ժյուլին նորից մտածկոտ տեսք ընդունեց: Լուսամուտի առջևով մի հեծյալ անցավ:

  • Ահա ձեր զոհերից մեկը,– ասաց մարկիզուհին:

Տիկին դ’Էգլմոնը տարակուսանքի և տագնապի խառը մի զգացումով նայեց իր պառավ ազգականուհուն:

  • Դա մի երիտասարդ անգլիացի է, ազնվական, պատվարժան Արթուր Օրմոնդը, լորդ Գրենվիլի ավագ որդին: Նրա պատմությունը հետաքրքրական է: 1802 թվականին նա եկավ Մոնպելին, հույս ունենալով որ այդ վայրի օդը, ուր նրան բժիշկներն ուղարկել էին, նրան կբուժի կրծքի ծանր հիվանդությունից, որը նրան մահ էր սպառնում: Ինչպես նրա բոլոր հայրենակիցները, նա ևս պատերազմի ժամանակ ձերբակալվեց Բոնապարտի հրամանով, որովհետև այդ հրեշը չի կարող ապրել առանց պատերազմի: Ձանձրույթից՝ այդ երիտասարդը սկսեց ուսումնասիրել իր հիվանդությունը, որ մահացու էին կարծում: Աննկատելիորեն նա հակումն ունեցավ դեպի վիրահատությունը և բժշկությունը. կրքոտությամբ նվիրվեց այդ տեսակի գիտություններին, մի բան, որ շատ արտասովոր է տոհմիկ մարդու համար, բայց ռեգենտն էլ է զբաղվել քիմիայով: Կարճ ասած, պարոն Արթուրը զարմանալի առաջադիմություններ ունեցավ, որոնք նույնիսկ զարմացրին Մոնհելիեի պրոֆեսորներին. այդ զբաղմունքը թեթևացրել էր նրա գերության լուծը, և միաժամանակ նա իրեն արմատապես բուժեց: Պնդում են, որ նա երկու տարի չի խոսել, համաչափ է շնչել, պառկել է ախոռում, խմել է Շվեյցարիայից բերած մի կովի կաթը և սնվել ջրկոտեմով: Այն օրվանից, ինչ նա Տուրում է, ոչ ոքի հետ չի տեսնվել, հպարտ է ինչպես սիրամարգ, բայց դուք, անտարակույս, նվաճել եք նրան, որովհետև հավանաբար նա ինձ համար չէ, որ ամեն օր երկու անգամ անցնում է մեր լուսամուտների տակով՝ սկսած այն օրվանից, երբ դուք այստեղ եք... Հավանաբար նա սիրահարված է ձեզ:

Այդ վերջին բառերը կարծես մոգական ազդեցություն ունեցան կոմսուհու վրա: Նա այնպիսի շարժում արեց, և նրա դեմքին այնպիսի մի ժպիտ խաղաց, որ զարմացրին մարկիզուհուն: Ժյուլիի նայվածքը ամենափոքր չափով իսկ գոհունակություն չարտահայտեց, մի բան, որ բնազդաբար զգում է նույնիսկ ամենախստաբարո կինը, երբ իմանում է, որ մեկը սիրահարված է իրեն. այդ նայվածքը աղոտ էր ու պաղ: Նրա դեմքը խորշանք էր արտահայտում, որ մոտ էր սարսափի զգացումին:

Կինը այդպես չի մերժում բոլորին հանուն մեկի, սիրեցյալի. այն ժամանակ նա պատրաստ է կատակել և ծիծաղել. ոչ, հիմա Ժյուլին նման էր այն անձնավորությանը, որի սիրտը սեղմվում է լոկ մի վտանգի հիշողությունից, որը դեռ ուժգնակի ցավեր է պատճառում:

Մարկիզուհին, արդեն լիովին համոզված, որ Ժյուլին չի սիրում իր ամուսնուն, զարմացավ, երբ հասկացավ, որ նա ոչ ոքի չի սիրում: Նա ցնցվեց այն մտքից, որ Ժյուլիի սիրտը հիասթափ է, և որ բավական է եղել մի օրվա, թերևս մի գիշերվա փորձառությունը, որպեսզի երիտասարդ կինը ճանաչի Վիկտորի ողջ չնչինությունը:

«Եթե Ժյուլին ճանաչել է նրան, ուրեմն ամեն ինչ հասկանալի է,– մտածեց նա,– Վիկտորը շուտով կզգա ամուսնության դառնությունները»:

Մարկիզուհին մտադրվեց այն ժամանակ Ժյուլիին ներշնչել Լյուդովիկոս XV-ի դարի հայացքները, բայց մի քանի ժամից հետո հասկացավ կամ ավելի շուտ՝ կռահեց այն դրությունը, որ բավականաչափ սովորական է աշխարհիկ հասարակության մեջ, և որից բխում էր կոմսուհու մելամաղձությունը: Ժյուլին հանկարծ մտախոհ դարձավ և սովորականից ավելի շուտ հեռացավ իր սենյակը: Երբ սպասուհին օգնեց նրան հանվելու և հեռացավ, Ժյուլին նստեց կրակի մոտ, փռվեց դեղին թավիշե հինավուրց բազմոցի վրա, որը հարմարավետ է թե՛ վշտահարների և թե՛ երջանիկ մարդկանց համար. նա լաց եղավ, հառաչեց, ինչ-որ բանի մասին երկար մտորումներ ունեցավ, ապա առաջ քաշեց մի փոքր սեղան, թուղթ վերցրեց և սկսեց գրել: Ժամերն արագորեն սլանում էին. այն խոստովանությունը, որ Ժյուլին անում էր այդ նամակում, երևում է, նրան թանկ էր նստում. ամեն մի նախադասության վրա երկար մտորում էր: Հանկարծ նա հեծկլտաց և թողեց գրելը: Այդ միջոցին աշտարակի ժամացույցը երկուսը խփեց: Գլուխը անուժ կերպով ծանրացած, ինչպես մահացողի գլուխը, ծռվեց կրծքին, հետո, երբ Ժյուլին այն բարձրացրեց, տեսավ իր պառավ ազգականուհուն, որ հանկարծ հայտնվել էր այնտեղ, ասես պատերի վրա ձգված պաստառներից իջած մի պատկեր:

  • Այդ ի՞նչ է պատահել ձեզ, մանկիկս, – ասաց մարկիզուհին:– Ինչո՞ւ եք արթուն այսքան ուշ ժամին, և մանավանդ, ինչո՞ւ այդ տարիքում մենության մեջ լաց լինել:

Առանց որևէ այլ ձևականությունների, նա, նստելով հարսի մոտ, աչքերով լափեց սկսված նամակը:

  • Դուք ձեր ամուսնո՞ւն եք գրում:

  • Մի՞թե ես գիտեմ, թե ուր է նա,– պատասխանեց կոմսուհին:

Մարկիզուհին վերցրեց թուղթը և կարդաց:

Նա կանխամտածորեն իր հետ էր բերել ակնոցները: Անմեղ արարածը խոնարհաբար թույլ տվեց, որ պառավը վերցնի նամակը: Ոչ արժանապատվության պակասն էր և ոչ էլ թաքուն հանցավորության մի զգացում, որ նրան կամազուրկ էին դարձրել, ոչ, մարկիզուհին հայտնվեց այնտեղ ճգնաժամային այնպիսի պահերից մեկում, երբ հոգին առանց զսպանակի է, երբ մարդս անտարբեր է ամեն ինչի հանդեպ, թե՛ չարի և թե՛ բարու, լռության թե բացսրտության հանդեպ: Դեռատի, առաքինի աղջկա նման, որն իր սիրահարին արհամարհանքով ճմլել է, բայց երեկոյան իրեն զգում է այնպես տխուր, այնպես լքված, որ տենչում է նրան, ծարավի է մի սրտի, ուր զեղի իր տվայտանքները, Ժյուլին անխոս թույլ տվեց պոկել այն կնիքը, որ նրբանկատությունը դնում է բաց նամակի վրա, և մնաց մտածկոտ, մինչ մարկիզուհին կարդում էր.

«Թանկագին իմ Լուիզա, ինչո՞ւ այդպես համառորեն պահանջում ես ինձնից կատարել այն անխոհեմ խոստումները, որ անում են իրար երկու անփորձ դեռատի աղջիկներ: Դու միշտ հարցնում ես քեզ, գրում ես դու, թե ինչո՞ւ վեց ամսվա ընթացքում չեմ պատասխանել քո հարցումներին: Եթե դու չես հասկացել իմ լռությունը, ապա այսօր թերևս կկռահես, իմանալով այն գաղտնիքները, որ ես քեզ պիտի բաց անեմ: Ես դրանք ընդմիշտ կթաղեի իմ սրտի խորքում, եթե դու ինձ չհաղորդեիր քո առաջիկա ամուսնության մասին: Դու ամուսնանալու ես, Լուիզա: Այդ միտքն ինձ սարսափեցնում է: Խեղճ աղջիկ, ամուսնացիր, ապա մի քանի ամսից հետո, դու ամենախոցոտիչ ափսոսանքով կհիշես այն մասին, թե մենք ինչպիսին էինք ոչ այնքան վաղուց, կհիշես այն երեկոյի մասին Էկուանում, երբ երկուսովս, հասնելով մինչև ամենաբարձր լեռնաշղթայի լանջերին, դիտում էինք մեր ոտքերի տակ փռված գեղեցիկ հովիտը և այնտեղ հիանում էինք մայր մտնող արևի ճառագայթներով, որոնց ցոլքերը հրապուրում էին մեզ: Մենք նստեցինք ապառաժի մի բեկորի վրա և ընկանք հափշտակության մեջ, որին հաջորդեց անուշ մի մելամաղձություն: Առաջինը դու ասացիր, որ հեռավոր արեգակը մեզ հետ խոսում է ապագայի մասին: Այն ժամանակ մենք շատ հետաքրքրասեր էինք ու ցնորամիտ: Հիշո՞ւմ ես դու մեր բոլոր տարօրինակությունները: Մենք գրկվում էինք որպես «երկու սիրահարներ», ինչպես մենք էինք ասում: Մենք երդվեցինք, որ մեր երկուսից ով որ առաջինը ամուսնանա, մյուսին բացսրտորեն պատմի ամուսնության բոլոր գաղտնիքները, այն բերկրությունները, որ մեր մանկական հոգին մեզ պատկերում էր այնքան հրաշալի: Հիշելով այդ երեկոյի մասին, դու ափսոսանք պիտի զգաս, Լուիզա: Այն ժամանակ դու երիտասարդ էիր, գեղեցիկ, անհոգ, եթե ոչ երջանիկ. ամուսնությունը մի քանի օրում քեզ կդարձնի այնպես, ինչպես ես եմ արդեն, տգեղ, հիվանդ և թառամած: Խենթություն կլինի քեզ ասել, թե ես ինչպես հպարտ, սնապարծ և ուրախ էի գնդապետ Վիկտոր դ’Էգլմոնի հետ ամուսնանալու համար: Եվ բացի այդ, դժվար թե քեզ կարողանայի պատմել այդ, ես ինքս ինձ չէի հիշում: Շատ կարճ ժամանակում այդ երեխայությունը մի անուրջ դարձավ: Ամուսնական կապի, որի ծանրությունը չէի գիտակցում, օրհնության հանդիսավոր օրը ես այնպիսի պահվածք ունեի, որ կշտամբանքի արժանացա: Հայրս մի քանի անգամ ջանաց զսպել իմ ուրախությունը, որովհետև ես այնպիսի խնդություն էի ցուցահանում, որ անպատշաճ էր համարվում, իմ շաղակրատանքներին չարամիտ բացատրություն էին տալիս հենց նրա համար, որ դրանք չարամտությունից զուրկ էին: Ես ամեն տեսակի չարաճճիություններ էի անում հարսանեկան քողի, շրջազգեստի և ծաղիկների հետ: Երեկոյան մենակ մնալով այն սենյակում, ուր ինձ առաջնորդել էին մեծ շուքով, ես մտմտում էի գժություններ, թե ինչպիսի խաղ սարքեմ Վիկտորի գլխին, և, նրա գալուն սպասելով, սիրտս տրոփում էր այնպես, ինչպես մի ժամանակ՝ դեկտեմբերի 31-ի հանդիսավոր օրը, երբ ես աննկատ սահում էի հյուրասրահ, ուր նվերներն էին դարսված: Երբ ամուսինս ներս մտավ և սկսեց ինձ փնտրել, խեղդված ծիծաղը մուսլինների տակից, որոնցով փաթաթվել էի, վերջին պոռթկումն էր մեր այն անուշ ուրախության, որը կենդանացնում էր մեր մանկական խաղերը...»:

Երբ այրին ավարտեց այդ նամակի ընթերցումը, որը եթե այդպես էր սկսվում, հավանաբար շատ տխուր դիտողություններ էր պարունակում, սեղանի վրա դանդաղորեն դրեց ակնոցները, դրանց կողքին՝ նաև նամակը և երիտասարդ ազգականուհու վրա սևեռեց իր կանաչ աչքերը, որոնց հստակ փայլը ժամանակը դեռևս չէր մթագնել:

  • Մանկիկս,– ասաց նա,– ամուսնացած կինը չի կարող այսպես գրել մի դեռատի աղջկա, դա պատշաճության խախտում է...

  • Ես էլ հենց այդ մասին էի մտածում,– պատասխանեց Ժյուլին, ընդհատելով ազգականուհուն,– և ամոթ էի զգում, երբ դուք կարդում էիք...

  • Եթե սեղանի վրա որևէ կերակուր մեզ լավ չի թվում, հարկավոր չէ դրանից ուրիշին զզվեցնել, զավակս,– հարեց պառավը բարեհոգությամբ,– մանավանդ որ, Եվայից սկսած մինչև մեր օրերը, ամուսնությունը համարվել է պատվական բան... Դուք մայր չունե՞ք,– հարցրեց պառավ կինը:

Կոմսուհին սարսռաց. ապա նա մեղմորեն բարձրացրեց գլուխը և ասաց.

  • Մի տարի է, որ ես հաճախ եմ ափսոսանք զգացել. մայր չունենալուս, բայց ես մեղավոր եմ, որ չլսեցի հորս առարկությունները. նա չէր կամենում, որ Վիկտորը դառնա իր փեսան:

Նա նայեց իր ազգականուհուն, և ուրախության մի սարսուռ ցամաքեցրեց իր արտասուքները, երբ նկատեց, որ բարության արտահայտությունը կենդանացնում է այդ ծերունական դեմքը: Նա իր մատղաշ ձեռքը պարզեց մարկիզուհուն, որը կարծես սպասում էր դրան. նրանց մատները հյուսվեցին իրար. այդ ակնթարթում երկու կանայք լիովին հասկացան իրար:

  • Խեղճ որբուկս,– արտասանեց մարկիզուհին:

Այդ խոսքը լույսի վերջին ճառագայթն էր Ժյուլիի համար: Նա կարծեց, որ լսում է իր հոր մարգարեական խոսքերը.

  • Ձեր ձեռքերը վառվում են: Նրանք մի՞շտ են այդպես,– հարցրեց պառավ կինը:

  • Մի շաբաթ է, որ տենդս կտրվել է,– պատասխանեց Ժյուլին:

  • Դուք տենդ ունեիք և այդ ինձանից թաքցրե՞լ եք:

  • Մի տարի է, ինչ ես տենդ ունեմ,– ասաց Ժյուլին մի տեսակ ամոթխած անձկությամբ:

  • Այդպես ուրեմն, իմ քնքուշ հրեշտակ,– շարունակեց մորաքույրը,– ամուսնությունը ձեզ համար մինչև հիմա շարունակական կսկիծ է եղել:

Երիտասարդ կինը չհամարձակվեց պատասխանել, բայց հաստատելու շարժում կատարեց և այդպիսով մատնեց, որ շատ է տառապել:

  • Ուրեմն, դուք դժբա՞խտ եք:

  • Օ, ոչ, մորաքույր: Վիկտորն ինձ սիրում է պաշտելու չափ. ես էլ եմ նրան պաշտում, նա այնքան բարի է:

  • Այո, դուք նրան սիրում եք, բայց դուք խուսափում եք նրանից, այնպես չէ՞:

  • Այո... Երբեմն... Նա շատ հախուռն է...

  • Դուք հաճախ չե՞ք անհանգստանում մենության մեջ, երկյուղ ունենալով, որ նա կարող է հանկարծ հայտնվել:

  • Ավա՜ղ, այո, մորաքույր: Բայց ես նրան շատ եմ սիրում, հավատացնում եմ ձեզ:

  • Դուք թաքուն ինքներդ ձեզ չե՞ք մեղադրում, որ չգիտեք կամ չեք կարող կիսել նրա հաճույքները: Երբեք չե՞ք մտածում, որ օրինական սերը ավելի ծանր է, քան հանցավոր կիրքը:

  • Օ, այդ ճիշտ է,– ասաց Ժյուլին լաց լինելով:– Դուք կռահում եք այն բոլորը, ինչ ինձ համար առեղծված է: Իմ զգայությունները թմրած են, ես մտքեր չունեմ, վերջապես ես դժվարությամբ եմ ապրում: Իմ հոգին ճնշված է անմեկին մի երկյուղով, որը սառեցնում է իմ զգացումները և ինձ նետում մշտնջենական թմրության մեջ: Ես ձայն չունեմ, որ բողոքեմ և խոսքեր չկան, որպեսզի արտահայտեմ իմ ցավը: Ես տառապում եմ և ամաչում եմ, տեսնելով, որ այն, ինչ Վիկտորի համար երջանկություն է, ինձ համար մահ է:

  • Մանկամտություն, անմտություն է այդ բոլորը,– բացականչեց մորաքույրը, և նրա չորացած դեմքը հանկարծ կենդանացավ զվարթ մի ժպիտով, ցոլացնելով նրա երիտասարդական ուրախությունները:

  • Դուք նույնպես, այ, դուք էլ եք ծիծաղում,– հուսահատությամբ ասաց դեռատի կինը:

  • Ես էլ այդպիսին եմ եղել,– արագորեն հարեց մարկիզուհին:– Հիմա, որ Վիկտորը ձեզ մենակ է թողել, դուք նորից չե՞ք դարձել անխռով, դեռատի աղջիկ, որը չգիտե ոչ վայելքների և ոչ էլ տառապանքների մասին:

Ժյուլին ապշած, լայն բաց արավ աչքերը:

  • Վերջապես, հրեշտակս, դուք պաշտում եք Վիկտորին, այնպես չէ՞, բայց դուք կուզենայիք ավելի շուտ նրա քույրը լինել, քան նրա կինը, մի խոսքով, ձեր ամուսնությունը ձախողված է:

  • Այո, այդպես է, բայց ինչո՞ւ եք դուք ժպտում:

  • Օ, դուք իրավացի եք, իմ խեղճ զավակս, այս բոլորի մեջ ոչինչ ուրախալի բան չկա: Ձեր ապագան հղի կլինի շատ դժբախտություններով, եթե ես ձեզ չվերցնեմ իմ հովանավորության տակ, և եթե իմ հին փորձառությունը չկարողանար կռահել ձեր վշտերի խիստ անմեղ պատճառը: Իմ ազգականը արժանի չէ այդ բախտավորությանը, նա հիմար է: Մեր սիրեցյալ Լյուդովիկոս XV-ի թագավորության ժամանակ, երատասարդ մի կին եթե գտնվեր այն կացության մեջ, որ դուք եք հիմա, իսկույն կպատմեր իր ամուսնուն՝ նրա սոլդաֆոնային վարմունքի համար: Եսամոլ: Կայսերական թագակիր այդ բռնակալի զինվորականներն էլ եղկելի տգետներ են: Նրանք կոպտությունն ընդունում են բարեձևության տեղ, նրանք կանանց չեն ճանաչում ճիշտ այնպես, ինչպես չգիտեն սիրել, նրանք մտածում են, որ եթե վաղը դեպի մահը պիտի գնան, ապա այդ նրանց ազատում է նախօրյակին մեր նկատմամբ ուշադրություն և հոգատարություն ունենալուց: Առաջներում մարդիկ գիտեին թե՛ ուժգին սիրել և թե՛, երբ հարկն է, մեռնել: Թանկագինս, ես նրան կդաստիարակեմ հանուն ձեզ: Ես վերջ կդնեմ տխուր անհամաձայնությանը, որը բավական բնական է, և ձեզ կհասցներ այն բանին, որ դուք կսկսեիք ատել միմյանց, ապահարզանի ձգտել, եթե միայն չմեռնեիք, նախքան այդ հուսահատության հասնելը:

Ժյուլին մորաքրոջը լսում էր զարմացած ու ապշանքով. նա զարմացած էր, լսելով այնպիսի խոսքեր, որոնց իմաստությունն ավելի շուտ նախազգում էր, քան՝ հասկանում, և շատ ահաբեկված էր, որ փորձառությամբ լի մի ազգականուհու բերանում, թեև ավելի մեղմ ձևով, գտնում է Վիկտորի նկատմամբ նույն դատավճիռը, ինչ հնչեցրել էր իր հայրը: Նա հավանաբար ներքնատեսությամբ նշմարեց իր ապագան և զգաց, անշուշտ, թե ինչ ծանր են այն դժբախտությունները, որոնք պետք է ճզմեն իրեն. արցունքները ողողեցին նրան, և նա նետվեց պառավ կնոջ գիրկը, ասելով.

  • Եղեք ինձ համար մայր:

Մորաքույրը լաց չեղավ, որովհետև հեղափոխությունից հետո հին միապետության կանանց աչքերում քիչ արտասուք էր մնացել: Սկզբում սերը, ավելի ուշ՝ տեռորը, նրանց ընտելացրել էր ամենասուր իրադարձություններին, այնպես որ, կյանքի բոլոր վտանգներում նրանք պահպանում էին սառը վեհություն, անկեղծ մի խանդաղատանք, չարտահայտելով իրենց զգացումները զեղումներով, մշտապես պահպանում էին վարվելակարգը և այն նրբին զսպվածությունը, որ այնպես անհեթեթաբար մերժում են ժամանակակից բարքերը: Այրին գրկեց երիտասարդ կնոջը, քնքշությամբ և բարեշնորհությամբ համբուրեց նրա ճակատը, մի զգացում, որ հաճախ հատուկ է այդ կանանց պահվածքին ու սովորույթներին, քան՝ սրտին. նա իր հարսին գուրգուրեց քնքշանքի խոսքերով, նրան խոստացավ երջանիկ մի ապագա, օրորեց երջանիկ սիրո խոստումներով և օգնեց նրան պառկել, ասես նա իր աղջիկը լիներ, սիրեցյալ դուստրը, որի հույսն ու վշտերն իր սեփականն են. նա իրեն երիտասարդացած էր տեսնում՝ իր այդ երիտասարդ ազգականուհու մեջ, նրա նման իրեն անփորձ ու սիրուն էր զգում: Կոմսուհին քնեց, երջանիկ զգացումով, որ հանդիպել էր մի բարեկամուհու, մոր, որին այսուհետև կարող է ամեն ինչ վստահել: Մյուս առավոտյան այն պահին, երբ մորաքույրն ու հարսը համբուրվում էին այն խորունկ սրտակցությամբ և միմյանց հասկանալու այն արտահայտությամբ, որն ապացուցում է զգացումի ուժեղացումը, ավելի կատարյալ զոդումը երկու հոգիների, նրանք լսեցին ձիու ոտքերի դոփյուն, միաժամանակ շուռ տվին իրենց գլուխները և տեսան երիտասարդ անգլիացուն, որը, համաձայն իր սովորության, դանդաղորեն անցնում էր փողոցով: Թվում էր, թե նա որոշակի ուսումնասիրել էր այդ երկու մենակյաց կանանց ապրելակերպը և բաց չէր թողնում նրանց նախաճաշի ու ճաշի ժամերը: Նրա ձին, առանց նախազգուշացման, դանդաղեցնում էր ընթացքը, հետո, ճաշասրահի երկու լուսամուտների միջև եղած տարածությունն անցնելու ժամանակ, երիտասարդը տրտում մի նայվածք էր նետում, որը մեծ մասամբ արհամարհանքի էր արժանանում կոմսուհու կողմից և բոլորովին ուշադրության չէր առնվում: Մինչդեռ մարկիզուհին համակված էր այն ունայն հետաքրքրասիրությամբ, որով գավառում հետևում են ամենամանր բաներին անգամ, որպեսզի մի կերպ բազմազանություն մտցնեն իրենց կյանքում և որից չեն կարողանում զերծ մնալ նույնիսկ մեծ խելքով օժտված մարդիկ. պառավին հետաքրքրում էր անգլիացու լռելյայն արտահայտած այդ երկչոտ և անկեղծ սերը: Միշտ նույն ժամին Արթուրին տեսնելը նրա համար սովորություն էր դարձել և ամեն անգամ նրա երևալը մարկիզուհին նշում էր նոր կատակախոսություններով: Սեղան նստելիս երկու կանայք միաժամանակ նայեցին կղզիաբնակին: Ժյուլիի և Արթուրի նայվածքներն այս անգամ իրար հանդիպեցին զգացումի այնպիսի որոշակիությամբ, որ երիտասարդ կինը կարմրեց: Անգլիացին իսկույն ձին քշեց և քառարշավ հեռացավ:

  • Ասացեք, տիկին,– դիմեց Ժյուլին մարկիզուհուն,– ի՞նչ պետք է անել: Մարդիկ ամեն օր տեսնում են նրա անցնելը և կարող են մտածել, որ ես...

  • Իհարկե,– ընդհատեց մորաքույրը:

  • Ուրեմն, չի՞ կարելի ասել նրան, որ այստեղով չանցնի:

  • Իսկ այդ չի՞ նշանակի, որ նա կհանգի այն մտքին, որ ինքը վտանգավոր է: Եվ, բացի այդ, մի՞թե կարելի է արգելել մի մարդու անցուդարձ անել այնտեղ, ուր նա հարմար է համարում: Վաղը մենք այլևս այս սրահում չենք ուտելու, երբ երիտասարդ ազնվականը մեզ այլևս այստեղ չտեսնի, կդադարի ձեզ սիրել լուսամուտից: Ահավասիկ, սիրելի զավակս, ինչպես կարող է վարվել մի կին, որ ծանոթ է աշխարհիկ հասարակության սովորույթներին:

Բայց Ժյուլիի դժբախտությունը դրանով չպետք է վերջանար: Երկու կանայք հազիվ էին վեր կացել սեղանից, երբ հանկարծ հայտնվեց Վիկտորի սենեկապանը: Զարտուղի ճանապարհներով նա սրարշավ եկել էր Բուրժից և կոմսից նամակ էր բերում նրա կնոջը: Վիկտորը լքել էր կայսրին, և իր կնոջը հաղորդում էր կայսերական վարչակարգի անկման մասին, Փարիզը գրավելու և այն խանդավառության մասին, որ պոռթկացել էր Ֆրանսիայի բոլոր կետերում՝ հօգուտ Բուրբոնների. բայց, չիմանալով, թե ինչպես կարող է հասնել մինչև Տուր, նա խնդրում էր կնոջը՝ շտապ գալ Օրլեան, ուր հույս ուներ հասնել կոմսուհու համար անհրաժեշտ անցագրերով: Այդ սենեկապանը, նախկին զինվորական, պետք է ուղեկցեր Ժյուլիին Տուրից մինչև Օրլեան, որի ճանապարհը Վիկտորն ազատ էր կարծում:

  • Տիկին, պետք չէ մի րոպե իսկ կորցնել,– ասաց սենեկապանը,– պրուսացիները, ավստրիացիներն ու անգլիացիները կմիանան Բլուայում կամ Օրլեանում...

Երիտասարդ կինը մի քանի ժամից պատրաստ էր արդեն, և մեկնեց մարկիզուհու կողմից հատկացված հին մի ուղեկառքով:

  • Ինչո՞ւ դուք մեզ հետ չեք գալիս Փարիզ,– ասաց Ժյուլին, համբուրելով մարկիզուհուն:– Հիմա, երբ Բուրբոնները վերահաստատված են, դուք կգտնեիք...

  • Առանց նրանց այդ անհուսալի վերադարձին էլ, ես այնուամենայնիվ, կգնայի այնտեղ, որովհետև իմ խորհուրդները ձեզ շատ անհրաժեշտ են, թե՛ Վիկտորին և թե՛ ձեզ: Այնպես որ, կանեմ, ինչ որ անհրաժեշտ է, այնտեղ ձեզ միանալու համար:

Ժյուլին մեկնեց իր սպասուհու և հին զինվորականի ուղեկցությամբ, որը քառարշավում էր կառքի կողքին, հսկելով իր տիրուհու ապահովությունը: Գիշերը, հասնելով Բլուայի վերջին փոստակայանին, Ժյուլին անհանգստացած այն բանից, որ, սկսած Ամբուազից, մի կառք էր հետևում իր կառքին, դռնակից դուրս նայեց, տեսնելու համար, թե ովքեր են իր ուղեկիցները: Լուսնկան նրան հնարավորություն տվեց նկատել Արթուրին, որը, իրենից երեք քայլ հեռու կանգնած, աչքերը սևեռել էր նրա կառքին: Նրանց հայացքներն իրար հանդիպեցին: Կոմսուհին արագորեն ետ ընկավ կառքի խորքը, բայց երկյուղի մի այնպիսի զգացումով, որ սկսեց դողալ: Իրապես անմեղ և անփորձ կանանց մեծամասնության նման, նա իրեն մեղավոր էր համարում, որ ակամա սեր էր ներշնչել մի տղամարդու: Նա բնազդական մի սարսափ էր զգում, գուցե այն գիտակցությունից, որ ինքը թույլ է այդպիսի հանդուգն հարձակման դիմաց: Տղամարդու ամենաուժեղ զենքերից մեկը կնոջը իրենով զբաղեցնելու սարսափելի կարողությունն է, երբ կնոջ բնականից հարաշարժ երևակայությունը վախենում կամ վիրավորվում է հետապնդումից: Կոմսուհին հիշեց մարկիզուհու խորհուրդները և վճռեց ամբողջ ճանապարհի ընթացքում կառքից դուրս չգալ: Բայց բոլոր փոստակայաններում նա լսում էր կառքերի մոտ ման եկող Արթուրի քայլերի ձայնը, իսկ ճանապարհին ականջներում թնդում էր նրա կառքի տաղտկալի աղմուկը: Վերջապես, մխիթարվեց այն մտքով, որ ամուսինը կարող կլինի պաշտպանել իրեն այդ տարօրինակ հետապնդումից:

«Իսկ եթե այդ երիտասարդն ինձ բոլորովին էլ սիրահարված չէ, այն դեպքում ի՞նչ...»: Այդ էր նրա վերջին խորհրդածությունը: Հասնելով Օրլեան, նրա փոստակառքը բռնվեց պրուսացիների կողմից, տարվեց մի պանդոկի բակ և հանձնվեց զինվորների հսկողությանը: Դիմադրությունն անհնարին էր: Օտարերկրացիները հրամայողական նշաններով բացատրեցին երեք ուղևորներին, որ խիստ հրաման են ստացել ոչ ոքի դուրս չթողնել կառքից: Կոմսուհին երկու ժամի չափ լաց եղավ, գերի մնալով զինվորների մեջ, որոնք ծխում էին, ծիծաղում և երբեմն լկտի հետաքրքրությամբ նրան նայում: Բայց վերջապես տեսավ, որ նրանք մի տեսակ ակնածանքով մի կողմ քաշվեցին կառքից, լսելով բազմաթիվ ձիերի դոփյունը: Շուտով օտարերկրյա բարձր սպաների մի խումբ, ավստրիական մի գեներալի գլխավորությամբ, շրջապատեց փոստակառքը:

  • Տիկին,– դիմեց գեներալը Ժյուլիին,– ընդունեցեք մեր ներողությունները, սխալ է տեղի ունեցել. դուք կարող եք աներկյուղ շարունակել ձեր ճանապարհը, և ահավասիկ մի անցաթուղթ, որ ձեզ զերծ կպահի ամեն տեսակի արգելումներից:

Կոմսուհին դողդոջուն ձեռքով վերցրեց թուղթը և ինչ-որ անկապ խոսքեր թոթովեց: Նա գեներալի կողքին տեսնում էր անգլիական սպայի համազգեստ հագած Արթուրին, որին, անշուշտ, պարտական էր իր այդ արագ ազատումը: Միաժամանակ թե՛ ուրախ և թե՛ տրտում երիտասարդ անգլիացին շուռ տվեց գլուխը և համարձակվեց Ժյուլիին նայել միայն գաղտագողի: Տիկին դ’Էգլմոնը, շնորհիվ անցաթղթի, առանց որևէ տհաճ արկածի հասավ Փարիզ: Նա այնտեղ գտավ իր ամուսնուն, որը, դրժելով կայսրին տված հավատարմության իր երդումը, ամենաշողոքորթ ընդունելության էր արժանացել կոմս դ Արտուայի կողմից, որին նրա եղբայրը՝ Լյուդովիկոս XVIII-ը, հաստատել էր թագավորության փոխարքա: Վիկտորն ստացավ բարձր նշանակում անձնական գվարդիայում, բարձրացվեց գեներալի աստիճանի: Սակայն Բուրբոնների վերադարձը նշող այդ տոնակատարությունների ժամանակ խեղճ Ժյուլիին մեծ դժբախտություն վրա հասավ, որը պետք է ազդեր նրա ամբողջ կյանքի վրա. նա կորցրեց մարկիզուհի Լիստոմեր-Լանդոնին: Պառավ կինը մահացավ ուրախությունից և սրտի կաթվածից, երբ Տուրում վերստին տեսավ Անգուլեմի դքսին: Այնպես որ, այն անձնավորությունը, որի տարիքը իրավունք էր տալիս խրատել Վիկտորին, միակ ազգականուհին, որի հմուտ խորհուրդները կարող էին կնոջ և ամուսնու համաձայնությունն ավելի կատարյալ դարձնել, ահա այդ ազգականուհին մահացել էր, և դա ծանր կորուստ էր Ժյուլիի համար: Իր և ամուսնու միջև ոչ մի միջնորդ չմնաց: Նա երիտասարդ էր ու երկչոտ և գերադասեց տառապանքները կրել լռելյայն և չտրտնջալ: Ժյուլին օժտված էր այնպիսի կատարյալ բնավորությամբ, որ փորձ չարեց խույս տալ իր պարտականություններից կամ որոնել իր ցավերի պատճառները, որովհետև դրանց վերացումը խիստ փափկանկատ բան էր. նա վախենում էր, որ իր առաքինի ամոթխածությունը վիրավորանքի կենթարկվի:

Մի քանի խոսք այն մասին, թե ինչ դիրքի հասավ պարոն դ’Էգլմոնը Ռեստավրացիայի ժամանակ:

Մի՞թե չեն պատահում շատ տղամարդիկ, որոնց խորունկ ոչնչությունը գաղտնիք է նրանց ճանաչող մարդկանց մեծամասնության համար: Բարձր դիրքը, երևելի ծագումը, կարևոր պաշտոնները, քաղաքավարության որոշ փայլը, մեծ զսպվածությունը վարվելակերպի մեջ, կամ թե հարստության հմայքը նրանց համար կարծես պահակներ լինեն, որոնք արգելում են քննադատներին թափանցել նրանց խիստ անձնական գոյավիճակի մեջ: Այդ մարդիկ նման են թագավորների, որոնց իսկական հասակը, բնավորությունը և բարքերը երբեք չեն կարող ոչ լավ ճանաչվել, ոչ էլ ճշտորեն գնահատվել, որովհետև նրանք տեսանելի են կամ շատ հեռվից, կամ շատ մոտիկից: Շինծու արժանիքներով օժտված այդ մարդիկ ոչ թե խոսում են, այլ հարցեր են տալիս, հմտություն ունեն ուրիշներին նախաբեմ հանել, որպեսզի խուսափեն իրենք իրենց հանդես բերելուց, ապա զարմանալի ճարպկությամբ նրանք քաշում են յուրաքանչյուրի կրքերի ու շահագրգռությունների թելը, որոնք իրապես իրենցից բարձր են, նրանց խամաճիկներ են դարձնում ու աննշան մարդիկ համարում, իջեցնելով մինչև իրենց աստիճանը: Դրա համար, այդ դատարկ գլուխների մասին դատելու, նրանց ժխտական արժեքը կռահելու համար, դիտողը պարտավոր է ունենալ ավելի նրբին, քան խորը խելք, ավելի համբերություն, քան լայն մտահորիզոն, ավելի նրբամտություն ու տակտ, քան մտքի մեծություն ու վեհություն: Այնուամենայնիվ, ինչպիսի ճարպկություն էլ որ ցուցահանեն այդ բռնակալները՝ ծածկելու իրենց թույլ կողմերը, նրանց համար ավելի դժվար է խաբել կնոջը, մորը, երեխաներին, կամ տան բարեկամին: Բայց մերձավորները գրեթե միշտ գաղտնի են պահում այդ, դա որոշ չափով վերաբերում է իրենց ընդհանուր պատվին, և նույնիսկ այդ մերձավորներն օգնում են նման մարդկանց մոլորության մեջ գցել հասարակությանը: Եթե շնորհիվ այդ տնային դավադրության շատ տխմար մարդիկ անց են կենում որպես մեծ խելքով օժտվածներ, ապա այդպիսով հավասարակշռվում է խելոք մարդկանց քանակը, որոնք հիմար են համարվում: Այնպես որ, հասարակության մեջ միշտ էլ կան մակերեսային տաղանդներ: Մտածեցեք հիմա այն դերի մասին, որ պետք է խաղա խելոք ու զգայուն մի կին այդ տիպի մի ամուսնու կողքին. չե՞ք նկատել տխրություններով ու անձնվիրությամբ հարուստ այդպիսի անձնավորությունների, որոնց սիրով ու քնքշությամբ լի սրտերը այս աշխարհում իրենց վարձատրությունը չեն գտնում: Եթե այդպիսի սոսկալի դրության մեջ է ընկնում ուժեղ ոգու տեր կին, ապա նա դրանից դուրս է պրծնում ոճիրով, ինչպես Եկատերինա II-ը, որը, այնուամենայնիվ, Մեծի կոչում է ստացել: Բայց ոչ բոլոր կանայք են գահի վրա բազմում, նրանց մեծամասնությունը դատապարտվում է ընտանեկան դժբախտությունների, որոնք նույնքան սոսկալի են, թեև մնում են աննկատ: Կանայք, որոնք իրենց ցավերի համար անմիջական սփոփանքներ են փնտրում, հաճախ մի դժբախտությունը լոկ փոխարինում են մի այլ դժբախտությամբ, այն դեպքում, երբ ուզում են հավատարիմ մնալ իրենց պարտականություններին, կամ թե հանցանք են գործում, եթե հօգուտ իրենց բավականության խախտում են օրենքները: Այս խորհրդածությունները համարվում են Ժյուլիի գաղտնի պատմությունը: Քանի դեռ Նապոլեոնը իշխանության գլուխն էր, կոմս դ’Էգլմոնը, գնդապետ, ինչպես շատ ուրիշները, հանձնակատարության լավ սպա, ապա, գերազանցի որևէ մի վտանգավոր հանձնարարություն կատարելու մեջ, բայց անընդունակ՝ որոշ կարևորություն ներկայացնող հրամանատարության համար, ոչ մի նախանձ չէր գրգռում, համարվում էր մեկն այն քաջերից, որոնց կայսրը հովանավորում էր, և այնպիսին էր, որին զինվորականները սովորաբար կոչում են «լավ տղա»: Ռեստավրացիան վերադարձրեց նրան մարկիզի իր տիտղոսը, և նա երախտամոռ չգտնվեց: Նա Բուրբոններին հետևեց Դենդում: Հավատարմության այդ հաստատուն զգացումը հարկադրեց ստել բախտացույցը, որ մի ժամանակ կազմել էր նրա աները, նախագուշակելով, որ իր փեսան միշտ գնդապետ կմնա: Բուրբոնների երկրորդ վերադարձին, նշանակվելով գեներալ-լեյտենանտ և վերստին մարկիզ դառնալով, պարոն դ’Էգլմոնը փառասիրություն ունեցավ հասնելու պերի կոչման, նա յուրացրեց «Պահպանողական» լրագրի համոզմունքներն ու քաղաքական ուղղությունը, պարուրեց խորհրդավորությամբ, որը, սակայն ոչինչ չէր ծածկում, խրոխտ տեսք ընդունեց, հարցեր էր տալիս, իսկ ինքը լռում էր, և բոլորի կողմից ճանաչվեց խորամիտ մարդ: Անդադար պարփակվելով բանաձևերով խճողված քաղաքականության ձևերի մեջ, հիշելով և շռայլելով լոկ պատրաստի ճամարտակություններ, որոնք կանոնավոր կերպով կտրում են Փարիզում և տխմարներին մանր դրամի տեղ են ծառայում խոշոր գաղափարների և անցքերի գնահատման ժամանակ, աշխարհիկ հասարակության կողմից դ’Էգլմոնը ընդունվեց որպես ճաշակի և կրթության տեր մարդ: Լինելով համառ իր արիստոկրատական հայացքների մեջ, նա համարվեց արժանավոր մարդու տիպար: Եթե, պատահմամբ ուրախ ու անհոգ էր լինում, ինչպես մի ժամանակ, նրա խոսքերի չնչինությունը և անմտությունը ուրիշների համար դիվանագիտական գաղտնի իմաստ էին ստանում:

«Օ՜, նա ասում է այն, ինչ անհրաժեշտ է համարում ասել»,– մտածում էին շատ պարկեշտ մարդիկ:

Նրա թերությունները իրեն նույնքան լավ էին ծառայում, որքան առավելությունները: Նրա քաջությունը նրա համար զինվորական բարձր համբավ էր ստեղծել, որը ոչնչով չէր հերքվում, որովհետև նա երբեք հրամանատարության գլուխը չէր եղել: Նրա առնական ու ազնիվ դեմքը բոլորի համար խելացի էր թվում, մինչդեռ դա մի դիմակ էր իր կնոջ աչքում: Լսելով, թե ինչպես բոլորը արժանին են հատուցում իր կարծեցյալ ընդունակություններին, մարկիզ դ’Էգլմոնը ի վերջո ինքն իրեն համոզեց, որ ինքը արքունիքի ամենակարևոր մարդկանցից մեկն է, որտեղ, շնորհիվ արտաքինի, նա կարողացավ դուր գալ, և ուր նրա տարբեր արժանիքներն ընդունվեցին առանց առարկության:

Այնուամենայնիվ, պարոն դ’Էգլմոնը տանը համեստ էր, այստեղ նա բնազդաբար զգում էր կնոջ գերազանցությունը, չնայած նրա երիտասարդությանը. և այդ ակամա հարգանքից ծնվեց թաքուն մի իշխանություն, որ մարկիզուհին հարկադրված եղավ ընդունել, հակառակ իր բոլոր ճիգերին՝ ազատվելու այդ ծանրությունից: Որպես ամուսնու խորհրդական, նա ղեկավարում էր նրա գործողությունները և ունեցվածքը: Իր բնավորությանը հակառակ այդ ազդեցությունը Ժյուլիի համար մի տեսակ նվաստացում էր և աղբյուր դարձավ շատ տվայտանքների, որ նա թաղում էր իր սրտում: Կանացի նուրբ բնազդը նրան ասում էր, որ ավելի լավ է հնազանդվել տաղանդավոր մարդու, քան ղեկավարել մի հիմարի, և որ երիտասարդ կինը, որը հարկադրված է մտածել ու գործել որպես տղամարդ, ոչ կին է, ոչ տղամարդ. հրաժարվելով իր սեռի չարաբաստիկ թուլություններից, նա կորցնում է իր թովչությունը, ձեռք չբերելով այն առավելություններից ոչ մեկը, որ մեր օրենքները տալիս են տղամարդուն: Նրա կյանքը թաքցնում է շատ դառը մի հեգնանք: Մի՞թե նա հարկադրված չէր պատվել սնամեջ մի կուռքի, հովանավորել իր հովանավորողին, խղճուկ մի արարածի, որը, ի վարձատրություն կնոջ հարատև նվիրվածությանը, նրան էր նետում ամուսնու էգոիստական սերը, նրա մեջ միայն կինը տեսնելով, և որը չէր բարեհաճում կամ չէր կարողանում՝ իսկ դա նույնչափ վիրավորական էր, հոգ տանել նրա ուրախությունների մասին կամ անհանգստանալ նրա տխրության և հյուծման պատճառներով: Ինչպես ամուսիններից շատերը, որոնք զգում են ավելի բարձր խելքի լուծը, մարկիզն իր ինքնասիրության համար փրկություն էր որոնում այն բանում, որ փորձում էր Ժյուլիի ֆիզիկական թուլությունից եզրակացնել նրա հոգեկան կարողությունը, սիրով խղճում էր նրան և գանգատվում էր բախտից, որ նրան կին էր տվել հիվանդոտ մի աղջիկ: Մի խոսքով՝ նա իրեն զոհ էր համարում, մինչդեռ դահիճ էր: Մարկիզուհին, ճնշված այդ տխուր գոյավիճակի վշտերով, հարկադրված էր ժպտալ իր բթամիտ տիրոջը, սգավոր տունը ծաղիկներով զարդարել և թաքուն չարչարանքներից դժգույն իր դեմքի վրա երջանկություն արտահայտել: Այդ ազնիվ պատասխանատվությունը, այդ հոյակապ անձնուրացությունը աննկատելիորեն երիտասարդ մարկիզուհուն կանացի արժանապատվություն տվին, առաքինության մի գիտակցություն, որ նրան նեցուկ հանդիսացավ աշխարհիկ հասարակության վտանգների հանդեպ: Եթե մենք թափանցեինք մինչև այդ սրտի խորքը, ապա կտեսնեինք, որ նրա առաջին միամիտ, աղջկական սերը պսակող խորունկ, թաքնված վիշտը նրան խորշանք էր ներշնչել դեպի կրքերը. գուցե դրանից էր, որ նա չճանաչեց հափշտակությունը, արգելված, բայց խելացնոր բերկրանքները, որոնք որոշ կանանց մոռանալ են տալիս ողջամտության օրենքները, առաքինության սկզբունքները, որոնց վրա հիմնված է հասարակությունը: Հրաժարվելով, ինչպես երազից, այն քաղցրություններից, այն քնքուշ ներդաշնակությունից, որ խոստացել էր փորձառու տիկին Լիստոմեր-Լանդոնին, Ժյուլին համակերպվածությամբ սպասում էր իր ցավերի վախճանին, հուսալով, որ կմեռնի երիտասարդ հասակում: Տուրենից վերադառնալուց ի վեր, նրա առողջությունը ամեն օր ավելի վատանում էր, և նրան կյանքը համակ տանջանք էր թվում, թեպետ, ի միջի այլոց, նրա տառապանքներում ինչ-որ վայելուչ բան կար: Հիվանդությունը, որ արտաքուստ հեշտավետ էր թվում, կարող էր մակերեսային մարդկանց աչքին համարվել որպես փոքրիկ, վայելչագեղ տիրուհու քմայք: Բժիշկները թույլ չէին տալիս մարկիզուհուն վեր կենալ բազմոցից, որի վրա նա հյուծվում էր իրեն շրջապատող ծաղիկների միջում, թոշնելով այդ ծաղիկների պես: Թուլությունը նրան արգելում էր քայլել, լինել թարմ օդում, նա դուրս էր գնում միայն փակ կառքով: Շարունակ շրջապատված լինելով փարթամությամբ և արդիական արդյունագործության հրաշալիքներով, նա ավելի շատ նմանվում էր մի անփույթ թագուհու, քան՝ հիվանդի: Մի քանի բարեկամներ, որոնք թերևս զգացված էին նրա դժբախտությամբ և թուլությամբ, վստահ, որ միշտ տանը կգտնեն, գալիս էին նրան նորություններ բերելու և իրազեկ էին պահում այն հազարավոր մանր իրադարձությունների մասին, որոնք փարիզյան կյանքն այնպես բազմազան են դարձնում: Նրա մելամաղձությունը, թեև ծանր ու խորունկ, փարթամության մելամաղձություն էր: Մարկիզուհի դ’Էգլմոնը նման էր այն գեղեցիկ ծաղկին, որի արմատը կրծում է սև միջատը: Երբեմն նա լինում էր աշխարհիկ հասարակության մեջ, բայց ոչ նրա համար, որ այդ նրան դուր էր գալիս, այլ հնազանդվելու այն դիրքի պահանջներին, որին ձգտում էր իր ամուսինը: Նրա ձայնը և երգելու ընդունակությունը նրան թույլ էին տալիս ծափահարություններ քաղել, որոնք միշտ փաղաքշական էին երիտասարդ կնոջ համար, բայց ինչի՞ն էր պետք այդ հաջողությունը, երբ այն չէր զուգակցվում ոչ զգացումների և ոչ էլ հույսերի հետ: Ամուսինը երաժշտություն չէր սիրում: Վերջապես, նա իրեն միշտ նեղված էր զգում հյուրասրահներում, ուր նրա գեղեցկությունը հարուցում էր երկրպագություն և կարեկցական զգացումներ: Նրա վիճակը այնտեղ առաջ էր բերում անողոք խղճահարություն և տխուր հետաքրքրություն: Նա խոցված էր մի հիվանդությամբ, որը սովորաբար մահացու է, որի մասին կանայք փսփսում են ականջում և որի համար մեր լեզուն դեռ անուն չի գտել: Հակառակ այն լռությանը, որի ծոցում հոսում էր նրա կյանքը, հիվանդության պաաճառը գաղտնիք չէր ոչ ոքի համար: Հակառակ ամուսնացած լինելուն, նրա մեջ պահպանվել էր աղջկային ինչ-որ բան, և ամենափոքր նայվածքը նրան շփոթեցնում էր: Որպեսզի ոչ ոք չնկատեր նրա կարմրելը, նա միշտ երևում էր զվարթ ու խնդուն, շարունակ ձևացնում էր ուրախություն, ասում էր, որ իրեն լավ է զգում, կամ առողջության վերաբերյալ հարցումները կանխում էր ամոթխած ստերով: Սակայն 1817 թվականին մի դեպք շատ նպաստեց փոխելու այն ողբալի վիճակը, որի մեջ Ժյուլին մինչ այդ խորասուզված էր: Նա մի աղջիկ ունեցավ և ուզեց ինքը կերակրել նրան: Երկու տարի շարունակ մայրական խնամքից բխած բուռն զվարճություններն ու տագնապալի հուզումները նրա կյանքն իմաստավորեցին և նվաղ վշտալի դարձրին:

Անհրաժեշտությունից դրդված, նա անջատվեց իր ամուսնուց: Բժիշկները կանխագուշակեցին առողջության բարելավում, բայց մարկիզուհին չհավատաց վարկածային այդ նախանշաններին: Նման բոլոր նրանց, ում համար կյանքը այլևս ոչ մի քաղցրություն չունի, նա կարծես մահվան մեջ էր տեսնում երջանիկ լուծումը:

1819 թվականի սկզբին կյանքը նրա համար ավելի դաժան եղավ, քան երբևէ: Այն ժամանակ, երբ բավարարված էր հարաբերական բախտավորությամբ, որը կարողացել էր նվաճել, նա նշմարեց զարհուրելի վիհեր. ամուսինը աստիճանաբար սառեց իրենից: Առանց այն էլ սառած էգոիստական զգացումի պաղումը կարող էր շատ դժվարություններ բերել, այդ էին ասում Ժյուլիին իր խորաթափանցությունը և ողջամտությունը: Թեպետ վստահ էր, որ Վիկտորի վրա մեծ իշխանություն ունի և ընդմիշտ ձեռք է բերել նրա հարգանքը, բայց վախենում էր այդքան չնչին ու սնափառ, այդքան մակերեսային մարդու վրա կրքերի ազդեցությունից: Բարեկամները Ժյուլիին հաճախ գտնում էին երկար խորհրդածությունների անձնատուր եղած. նվազ խորաթափանցները, կատակելով, նրա գաղտնիքների մասին էին հարցնում, կարծես թե երիտասարդ կինը ընդունակ է մտածել միայն դատարկ բաների մասին, և մոր մտքերում երբեք խորունկ իմաստներ գոյություն չունեն: Ի միջի այլոց, ինչպես երջանկությունը, նույնպես և դժբախտությունը մեզ հակում են դեպի երազանքը: Երբեմն, խաղալով իր Էլենի հետ, Ժյուլին նայում էր նրան մթամած աչքերով և դադարում էր պատասխանել երեխայի մանկական հարցումներին, որ այնքան բավականություն են պատճառում մայրերին, և մտածում էր, թե ճակատագիրն ինչ փորձության է պատրաստում իրեն: Արցունքները ողողում էին նրա աչքերը, երբ հանկարծ որևէ բան նրան հիշեցնում էր Տյուիլերի զորահանդեսը: Հոր կանխատեսական խոսքերը դարձյալ թնդում էին նրա ականջին և խիղճը տանջում էր, որ ինքը չէր գիտակցել դրանց իմաստությունը: Այդ խենթ անհնազանդությունից էին ծագում իր բոլոր դժբախտությունները, և հաճախ ինքն էլ չգիտեր, թե այդ դժբախտություններից որն է ավելի ծանրը: Ոչ միայն իր հոգու քնքուշ գանձերն էին անհայտ մնում, այլև երբեք չկարողացավ հասնել այն բանին, որ ամուսինը հասկանա իրեն, նույնիսկ կենսական ամենասովորական հարցերում: Այն ժամանակ, երբ նրա հոգում աճում և ամրանում էր սիրելու ձգտումը, ֆիզիկական ու բարոյական տառապանքները նրա մեջ մեռցնում էին թույլատրելի սերը, ամուսնական սերը: Հետո, ամուսնու նկատմամբ այնպիսի մի արգահատանք էր զգում, որը մոտ էր արհամարհանքի, իսկ դա, ժամանակի ընթացքում, թոշնեցնում է բոլոր զգացումները: Վերջապես, եթե նույնիսկ իր մի քանի բարեկամների հետ ունեցած զրույցները, աշխարհիկ հասարակության օրինակները և անցքերը, նրան չէին համոզել, որ սերն անսահման երանություններ է բերում, ապա նրան հասցված վիրավորանքները կռահել կտային այն խորունկ ու անբիծ հաճույքները, որոնք կարող են միացնել հարազատ հոգիներին: Անցյալի հիշողության պատկերի մեջ Արթուրի անարատ կերպարանքը ամեն օր գծագրվում էր ավելի անբիծ ու գեղեցիկ, բայց այդ միայն ակնթարթորեն, որովհետև չէր համարձակվում կանգ առնել այդ հիշողության վրա: Երիտասարդ անգլիացու համր ու երկչոտ սերը միակ դեպքն էր, որ ամուսնությունից ի վեր այդ մռայլ մենավոր սրտի մեջ թողել էր մի քանի քնքուշ հետքեր: Բոլոր խաբված հույսերը, բոլոր վիժված ցանկությունները, որոնք կամաց-կամաց տրտմեցնում էին Ժյուլիի սիրտը, երևակայության բնական մի խաղով փոխանցվում էին այդ մարդու վրա, որի հակումները, զգացումները և բնավորությունը թվում էր, թե այնպես պատշաճում են իրեն: Բայց այդ միտքը քմահաճ անուրջի էր վերափոխվում: Նա ծանր հառաչանքով խզում էր այդ անիրագործելի երազը և նրանից զարթնում էր էլ ավելի դժբախտ, որովհետև ավելի սուր էին դառնում իր թաքուն կսկիծները, երբ դրանք նիրհեցնում էր ցնորական երջանկության քողի տակ: Երբեմն նրա անուրջները խենթության ու հանդգնության բնույթ էին ստանում, նա ամեն անգամ հաճույքներ էր տենչում, բայց ավելի հաճախ՝ համակված ինչ-որ բութ թմբիրով, ունկնդրում էր, առանց հասկանալու, կամ թե հղանում այնպիսի տարտամ, անորոշ մտքեր, որ բառ չէր գտնում դրանք արտահայտելու: Վիրավորված էին նրա բոլոր նվիրական ցանկությունները, բարոյական ըմբռնումները, աղջկական երազանքները, որ ունեցել էր մի ժամանակ, և նա հարկադրված էր թաքցնել արցունքները: Ո՞ւմ էր պետք իր տրտունջը, ո՞վ կարող էր նրան հասկանալ: Հետո՝ նա ուներ կանացի այն ծայրահեղ նրբանկատությունը, զգացումի այն հրապուրիչ ամոթխածությունը, որ հարկադրում են լռեցնել տրտունջը և չօգտագործել իր առավելությունը, երբ հաղթանակը պետք է հավասարապես նվաստացներ թե՛ հաղթողին և թե՛ հաղթվածին: Ժյուլին փորձում էր պարոն դ’Էգլմոնին օժտել իր կարողություններով, իր սեփական առաքինություններով, և պարծենում էր, որ երջանկություն էր ճաշակում, մինչդեռ այդ էր, որ նրան պակասում էր: Կանացի այդ բոլոր նրբամտությունները, որոնք նպատակ ունեին խնայել իր ամուսնուն, ապարդյուն էին անցնում, որովհետև վերջինս անգիտակ էր այդ բոլորին և դրանով նրա բռնակալությունն ավելի էր ամրապնդվում: Ժամանակ առ ժամանակ Ժյուլին դժբախտությունից հարբածի պես էր, առանց մտքերի ու անսանձ, բայց, բարեբախտաբար, ճշմարիտ մի երկյուղածություն նրան բերում էր դեպի վսեմ հույսը, նա ապաստան էր գտնում ապագա կյանքի մեջ. հիանալի հավատք, որը նրան հարկադրում էր հաշտվել իր դառը բախտի հետ: Այդքան ահարկու այդ պայքարները, այդ ներքին ծվատումները փառազուրկ էին, երկարատև մելամաղձությունները՝ անհայտ: Ոչ ոք չէր ընդունում նրա անփայլ նայվածքները, նրա դառը արտասուքները, որոնք թաքուն թափվում էին մենության մեջ:

Ճգնաժամային կացության վտանգը, որին մարկիզուհին անզգալիորեն հասել էր հանգամանքների բերումով, իր ամբողջ լրջությամբ երևան եկավ 1820 թվականի հունվարի մի երեկո: Երբ ամուսինները իրար կատարելապես ճանաչում են ու հասկանում, երբ փոխադարձաբար գիտեն միմյանց սովորությունները, երբ կինը ըմբռնում է տղամարդու ամենափոքր շարժումները և կարող է թափանցել այն զգացումների ու խոհերի մեջ, որ ամուսինը թաքցնում է, այն ժամանակ կարող է պատահել, որ խորհրդածություններից և որոշ դիտողություններից հետո, թեպետ դրանք արված լինեն պատահաբար և սկզբում ոչ կանխամտածված կերպով, հանկարծ ներկայանան կնոջը նոր լույսի տակ:

Կինը այդ ժամանակ հաճախ տեսնում է հանկարծ, որ ինքը կամ անդունդի եզրին է, կամ նրա խորքում: Այդպես էլ մարկիզուհին, որն իրեն երջանիկ էր զգում մի քանի օր մենակ մնալով, կռահեց իր մենության գաղտնիքը: Անհարատև, թե՛ ձանձրացած, վեհանձն, թե՛ կնոջ նկատմամբ խղճահարությամբ լի, իր ամուսինը այլևս իրեն չէր պատկանում: Այդ պահին Ժյուլին չէր մտածում իր մասին, իր տանջանքների ու զոհաբերությունների մասին, նա միայն մայր էր և տեսավ իր դստեր բախտը, ապագան ու երջանկությունը, իր դուստրը, միակ էակը, որը նրան մի որոշ երանություն էր պարգևում, իր Էլենը, միակ բարիքը, որ նրան կապում էր կյանքին: Հիմա նա ուզում էր ապրել, որպեսզի պահպանի իր երեխային այն սոսկալի լծից, որի տակ մի խորթ մայր կարող էր խեղդել այդ թանկագին արարածի կյանքը: Չարագուշակ ապագայի այդ նոր նախատեսությունից նա ընկավ այնպիսի կիզիչ խորհրդածությունների մեջ, որոնք մարդուն մի քանի տարով ծերացնում են: Իր և ամուսնու միջև այսուհետև պիտի կանգներ մտքերի մի բովանդակ աշխարհ, որոնց ծանրությունը նա մենակ պիտի կրեր: Մինչև հիմա, համոզված լինելով, որ սիրված է Վիկտորից, որքան վերջինս ընդունակ էր սիրելու, Ժյուլին իրեն նվիրել էր մի երջանկության, որն ինքը չէր բաժանում, իսկ այժմ նա այլևս բավականություն չէր զգում այն բանից, որ իր արտասուքներն ամուսնուն ուրախություն են բերում. լինելով միայնակ այս աշխարհում, նրան մնում էր միայն չարիքներից փոքրագույնը ընտրել: Այն ժամին, երբ գիշերային խորունկ լռության մեջ վհատությունը համակել էր նրան և ուժաթափ արել, այն րոպեին, երբ նա, ցամաքեցնելով արցունքները, վեր կացավ բազմոցից, ուր պառկել էր գրեթե մարած բուխարու մոտ և լամպի լույսով գնաց նայելու իր քնած աղջկան, պարոն դ’Էգլմոնը ներս մտավ միանգամայն լավ տրամադրության մեջ:

Ժյուլին կանչեց նրան, որ հիանա քնած Էլենով, բայց նա իր կնոջ խանդավառությանը դիմավորեց մի հասարակ ֆրազով.

  • Այդ տարիքին,– ասաց նա,– բոլոր երեխաներն էլ աղվորիկ են:

Ապա անփույթ համբուրելով աղջկա ճակատը, նա իջեցրեց օրորոցի վարագույրները, նայեց Ժյուլիին, բռնեց նրա ձեռքը և տարավ դեպի այն բազմոցը, ուր այնքան ճակատագրական մտքեր էին ծագել:      

  • Դուք շատ գեղեցիկ եք այս երեկո, տիկին դ’Էգլմոն,– բացականչեց նա զվարթությամբ, և այդ անտանելի էր Ժյուլիի համար, մարկիզուհին շատ լավ գիտեր նրա դատարկախոսությունը:

  • Ո՞ւր անցկացրիք երեկոն,– հարցրեց Ժյուլին շինծու անտարբերությամբ:

  • Տիկին դը Սերիզիի մոտ:

Կոմսը վերցրեց բուխարուց մի հրարգելակ և ուշադրությամբ զննում էր նրա թափանցիկ զարդանկարը, առանց նկատելու կնոջ թափած արցունքների հետքերը: Ժյուլին սարսռաց: Լեզուն չի կարող արտահայտել այն զգացումները, որ հեղեղեցին նրա սիրտը, բայց նա հարկադրված եղավ դրանք պարփակել այնտեղ:

  • Տիկին դը Սերիզիի մոտ առաջիկա երկուշաբթի օրը համերգ է կայանալու, նա քեզ տեսնելու մեծ ցանկություն ունի: Դու երկար ժամանակ է ինչ չես երևացել հասարակության մեջ. և դրա համար նա փափագում է, որ գնաս իր մոտ: Նա լավ կին է և քեզ շատ է սիրում. դու ինձ հաճույք կպատճառես, եթե գաս այնտեղ, ես գրեթե քո կողմից խոստացա...

  • Կգնամ,– պատասխանեց Ժյուլին:

Մարկիզուհու ձայնի հնչյունները, շեշտը և նայվածքը պարունակում էին այնպիսի սրտաշարժ հատուկ մի բան, որ Վիկտորը, հակառակ իր անհոգությանը, զարմանքով նայեց կնոջը: Ամեն ինչ պարզ էր: Ժյուլին կռահեց, որ տիկին դը Սերիզին այն կինն է, որ հափշտակել է ամուսնու սիրտը: Նա ընդարմացավ հուսահատական մի մտածմունքի մեջ և թվում էր, թե խիստ զբաղված էր կրակին նայելով: Վիկտորն իր մատներով պտտեցնում էր հրարգելակը ձանձրացած տեսքով մի մարդու, որ մի այլ տեղում երջանիկ լինելով, տուն է բերում իր բախտավորության խոնջանքը: Նա մի քանի անգամ հորանջեց, մի ձեռքով վերցրեց աշտանակը, իսկ մյուսով ակամա գրկեց կնոջը, որպեսզի համբուրի նրա պարանոցը. բայց Ժյուլին ծռվեց, նրան դեմ արավ իր ճակատը և այնտեղ ընդունեց իրիկնային համբույրը, սովորական այդ համբույրը, առանց սիրո համբույրը, մի տեսակ՝ ծամածռություն, որ նրան թվաց նողկալի: Երբ Վիկտորը փակեց դուռը, մարկիզուհին ընկավ բազկաթոռի վրա. նրա սրունքները երերում էին, արցունքները ողողեցին դեմքը: Հարկավոր է անցած լինել նման տեսարանների չարչարանքների միջով, հասկանալու համար, թե ինչպիսի կսկիծներ են թաքնված այնտեղ, կռահելու համար այն անվերջանալի և զարհուրելի դրամաները, որ ծագում են դրանցից: Այդ պարզ և անմիտ խոսքերը, ամուսինների միջև այդ լռությունը, նայվածքները, կեցվածքը, որով մարկիզը նստած էր կրակի մոտ, այն տեսքը, որ նա ունեցավ, փորձելով համբուրել կնոջ պարանոցը՝ այդ բոլորը այդ ժամին ծառայեցին Ժյուլիի վարած մենավոր ու ցավագին կյանքի ողբերգական բեկմանը: Իր խելացնորության մեջ նա ծնկաչոք եղավ բազմոցի առաջ, բարձին հպեց գլուխը, որպեսզի ոչինչ չտեսնի, սկսեց աղոթել առ երկինք, իր աղոթքի սովորական խոսքերին տալով նվիրական մի շեշտ, նոր մի նշանակություն, որոնք կծվատեին իր ամուսնու սիրտը, եթե նա լսեր: Մի ամբողջ շաբաթ Ժյուլին մնաց մտահոգ իր ապագայի նկատմամբ, մատնված իր դժբախտությանը, որ ուսումնասիրում էր, որոնելով միջոցներ, որպեսզի չստի իր սրտին, վերանվաճի իր իշխանությունը մարկիզի վրա և ապրի բավականաչափ երկար, հանուն իր երեխայի: Նա վճռեց մարտնչել իր մրցակցուհու հետ, վերստին հայտնվել աշխարհիկ հասարակության մեջ, փայլել այնտեղ, ձևացնել, որ սիրում է ամուսնուն, թեև այլևս սեր չէր զգում, հրապուրել նրան, ապա, երբ այդ հնարքներով Վիկտորին նորից ենթարկի իր իշխանությանը, նրա հետ պչրուն լինել, ինչպես այն քմահաճ սիրուհիները, որոնք հաճույք են զգում իրենց սիրեկաններին տանջելուց: Այդ նողկալի ձեռնածությունը միակ հնարավոր դարմանն էր իր ցավերի դեմ: Այդպիսով նա կդառնար իր տանջանքների տիրուհին, դրանք կտնօրիներ ըստ իր կամեցողության և ավելի հազվադեպ կդարձներ, միաժամանակ հպատակեցնելով ամուսնուն, ամբողջապես նվաճելով նրան զարհուրելի բռնակալության տակ: Նա հիմա այլևս խղճի ոչ մի խայթ չէր զգում, որ ամուսնու համար դժվարին կյանք է պատրաստում: Իր աղջկան փրկելու համար նա մեկից նետվեց անզգա, պաղ հաշիվների մեջ, նա հանկարծ կռահեց, թե ինչ բան է խարդավանքը, ստերն այն արարածների, որոնք չեն սիրում պչրանքի խաբկանքները և այն ժանտ խորամանկությունները, որոնք տղամարդու մեջ խոր ատելություն են առաջ բերում կնոջ նկատմամբ և նրան միտք են ներշնչում, որ կինը ի ծնե ապականված է: Իրենից թաքուն, նրա կանացի սնափառությունը, նրա շահագրգռությունը և վրիժառության տարտամ ցանկությունը համերաշխեցին նրա մեջ մայրական սիրո հետ, որպեսզի նրան հարկադրեին մտնել մի ճանապարհ, ուր նոր կսկիծներ էին սպասում նրան: Բայց նա չափազանց գեղեցիկ հոգի ուներ, չափազանց նուրբ խելք և մանավանդ չափազանց շատ սրտաբացություն և չէր կարող երկար ժամանակ մեղսակից լինել այդ նենգադավությանը: Նա սովոր էր կարդալ ինքն իր մեջ, և ախտամոլության հենց առաջին քայլին, իսկ դա իհարկե մոլություն էր: Նրա խղճմտանքի ճիչը պետք է որ խեղդեր կրքերի ու եսամոլության ճիչերին: Իսկապես, երիտասարդ մի կնոջ, որի սիրտը դեռևս անարատ է և որի մոտ սերը մնացել է կուսական, մայրության զգացումն իսկ ենթակա է ողջախոհության ձայնին: Չէ՞ որ ողջախոհությունը կնոջ էությունն է: Բայց Ժյուլին չուզեց նկատել ոչ վտանգ, ոչ էլ սխալ իր նոր կյանքի ճանապարհին: Նա գնաց տիկին դը Սերիզիի մոտ: Նրա մրցակցուհին ենթադրում էր տեսնել դժգույն, նվաղկոտ մի կին. մարկիզուհին կարմրաշպար էր դրել, և ներկայացավ զարդարանքի այնպիսի մի պերճ փայլով, որն ավելի ընդգծեց նրա գեղեցկությունը:

Տիկին դը Սերիզին մեկն էր այն կանանցից, որոնք երևակայում են, թե Փարիզում իրենք են մոդայի և աշխարհիկ հասարակության տիրակալուհիները. նա կայացնում էր վճիռներ, որոնք ընդունվում էին այն շրջանակում, ուր նա իշխում էր, և նրան թվում էր, որ ընդունված է ընդհանուրի կողմից. նա հավակնություն ուներ սրամիտ բառեր ստեղծել, իրեն համարում էր անմեղանչելի դատավոր: Գրականությունը, քաղաքականությունը, տղամարդիկ և կանայք, բոլորը ենթարկվում էին նրա գրաքննությանը, իսկ ինքը չէր վախենում ուրիշների գրաքննությունից: Նրա տունը ամեն տեսակետից հանդիսանում էր լավ ճաշակի տիպար: Վայելչաշնորհ ու գեղանի կանանցով լի այդ հյուրասրահներում Ժյուլին հաղթեց կոմսուհի դը Սերիզիին: Սրամիտ, վառվռուն, շարժուն, նա իր շուրջը համախմբեց երեկոյի բոլոր ականավոր տղամարդկանց: Ի հուսահատություն կանանց, նրա արդուզարդն անբասիր էր, և բոլորը նախանձեցին նրան, զգեստի կարվածքի ու լանջազգեստի համար, որի ներգործությունը վերագրվեց գլխավորապես անհայտ ինչ-որ դերձակուհու բարձր հմտությանը, որովհետև կանայք գերադասում են հավատալ ձորձերի գիտությանը, քան նրանց, որոնք լավ կազմվածք ունեն և օժտված են հագնվելու վայելչությամբ ու կատարելությամբ: Երբ Ժյուլին մոտեցավ դաշնամուրին, որպեսզի երգի Դեզդեմոնայի մեներգը, տղամարդիկ ներս վազեցին բոլոր հյուրասենյակներից, որպեսզի լսեն այդ հռչակավոր ձայնը, որը երկար ժամանակ լռել էր, և խորունկ լռություն տիրեց: Մարկիզուհին բուռն հուզմունք զգաց, տեսնելով դռների մոտ խռնված գլուխները և իր վրա հառած աչքերը: Նա փնտրեց իր ամուսնուն, նրա վրա գցեց պչրանքով լի քնքուշ հայացք և հաճույքով տեսավ, որ այդ պահին նրա ինքնասիրությունը արտակարգ շոյված էր: Երջանիկ այդ հաղթանակով, նա սքանչացրեց հավաքույթը «Al pié d’ unsalice» մեներգի առաջին մասով: Ոչ Մալիբրանը և ոչ էլ Պաստան երբեք այդպես զգացումով ու կատարելությամբ չէին երգել. բայց կրկներգի ժամանակ նա նայեց ունկնդիրների խմբերին և նկատեց Արթուրին, որի սևեռուն հայացքը չէր կտրվում իրենից: Ժյուլին ուժգնորեն սարսռաց, ու նրա ձայնը խաթարվեց: Տիկին դը Սերիզին իր տեղից ցատկեց դեպի մարկիզուհին:

  • Ի՞նչ պատահեց ձեզ, թանկագինս: Օ, անուշիկս, նա այնպես հիվանդ է: Ես դողում էի, տեսնելով, որ նա իր ուժերից վեր բան է ձեռնարկում...

Մեներգն ընդհատվեց, Ժյուլին, սրտնեղած, այլևս արիություն չուներ շարունակելու և ենթարկվեց իր մրցակցուհու նենգամիտ արգահատանքին: Բոլոր կանայք փսփսացին. ապա, քննարկելով այդ դիպվածը, նրանք կռահեցին, որ մարտ է սկսվել մարկիզուհու և տիկին դը Սերիզիի միջև, և նրանց չխնայեցին իրենց չարախոսություններով: Տարօրինակ նախազգացումները, որոնք հաճախ հուզում էին Ժյուլիին, հանկարծ իրականացան: Մտածելով Արթուրի մասին, նա ուզում էր հավատալ, որ արտաքնապես այդպես քնքուշ, նրբանկատ մի մարդ պետք է որ հավատարիմ մնար իր առաջին սիրույն: Երբեմն նրան շոյում էր այն միտքը, որ ինքն է հանդիսանում այդպիսի գեղեցիկ մի կրքի առարկա, անարատ ու իսկական կիրք մի երիտասարդ տղամարդու, որի բոլոր մտքերը պատկանում են սիրեցյալ կնոջը, որի բոլոր րոպեները նրան են նվիրված, որը չի կեղծում և կարմրում է այն բանից, ինչից կինն է կարմրում, մտածում ինչպես կինը, չի դավաճանում նրան, և անձնատուր է լինում նրան, առանց երազելու փառասիրության, ոչ էլ փառքի և հարստության մասին: Նա այդպես էր երազել Արթուրի մասին, խելացնորությամբ, մտացրման համար. և հանկարծ նրան թվաց, որ իր երազն իրականանում է: Երիտասարդ անգլիացու գրեթե կանացի դեմքին նա խորունկ խոկումներ, քնքուշ տրտմություն և ցավագին համակերպում կարդաց, որոնց զոհն էր եղել նաև ինքը: Նա իրեն ճանաչեց նրա մեջ: Դժբախտությունը և տրտմությունը սիրո ամենից պերճախոս մեկնաբանողներն են և անհավատալի արագությամբ մի տանջահար հոգոց փոխանցվում են մյուսին: Տառապող մարդկանց մոտ զարգացած է ինչ-որ ներքին տեսողություն, նրանք լիովին և ճիշտ կարդում են միմյանց մտքերը և միատեսակ են ընդունում տպավորությունները: Այդ պատճառով այն ցնցումը, որ ստացավ մարկիզուհին, նրան բացահայտեց իրեն սպասող բոլոր վտանգները: Նա իրեն շատ երջանիկ էր զգում, որ կարող էր պատրվակ բերել իր սովորական վատառողջությունը և հաճությամբ թույլ տվեց, որ տիկին դը Սերիզին նրան խղճա իր շինծու կարեկցությամբ:

Երգի ընդհատումը դարձավ մի իրադարձություն և հյուրերը տարբեր մեկնաբանություններ տվին դրան: Ոմանք ողբում էին Ժյուլիի բախտի համար և ցավում էին, որ այդպիսի հիանալի կինը կորած է աշխարհիկ հասարակության համար. մյուսները ուզում էին ամեն կերպ իմանալ նրա հիվանդության պատճառը և թե ինչու էր նա ապրում մենության մեջ:

  • Տեսնում ես, իմ թանկագին Ռոնկերոլ,– ասում էր մարկիզ դ’Էգլմոնը Սերիզիի եղբորը,– դու նախանձում էիր իմ բախտին, տեսնելով տիկին դ’Էգլմոնին, և նախատում էիր ինձ, որ անհավատարիմ եմ նրան: Է, դու իմ բախտը քիչ գրավիչ կգտնեիր, եթե մեկ կամ երկու տարի նստեիր մի կնոջ հետ, ինչպես ես, չհամարձակվելով համբուրել նրա ձեռքը, վախենալով, որ կփշրես այն: Քեզ մի ծանրաբեռնի երբեք այդպիսի փխրուն գոհարներով, որոնք պիտանի են միայն ապակու տակ դրվելու համար, և որ նրանց դյուրաբեկությունը ու թանկարժեքությունը մեզ մշտապես հարկադրում են խնայել նրանց: Տեղատարափ անձրևի կամ ձյունի ժամանակ դու դուրս հանո՞ւմ ես քո գեղեցիկ նժույգը, որի վրա, ասում են, դողում ես: Ահա այդպես և ես: Ճիշտ է, համոզված եմ իմ կնոջ առաքինության մեջ, բայց իմ ամուսնությունը ավելորդ մի ճոխություն է ինձ համար, և եթե դու ինձ ամուսնացած ես կարծում, ապա սխալվում ես: Այնպես որ, իմ անհավատարմությունները որոշ տեսակով ներելի են: Շատ կուզենայի իմանալ, եթե դուք լինեիք իմ տեղը, ինչ կանեիք, պարոնայք ծաղրարարներ: Շատ տղամարդիկ իրենց կանանց նկատմամբ այդպես զգուշաբար չէին վերաբերվի: Ես համոզված եմ,– ավելացրեց կամացուկ,– որ տիկին դ’Էգլմոնը ոչինչ չի կասկածում: Այնպես որ, անիրավացի կլինեի, եթե գանգատվեի. ես շատ երջանիկ եմ... Միայն թե, ոչինչ այնպես տաղտկալի չէ մի զգայուն մարդու համար, որը տեսնում է, թե ինչպես է տանջվում մի խեղճ արարած, որին կապված է...

  • Ուրեմն, դու շատ զգայուն ես,– պատասխանեց պարոն դը Ռոնկերոլը,– որովհետև հազվադեպ ես տանը լինում:– Այդ բարեկամական կատակախոսությունը ծիծաղ հարուցեց ունկնդիրների մեջ, բայց Արթուրը մնաց սառը և անխռով, ինչպես մի ջենտլմեն, որը լրջությունն է համարում խառնվածքի հիմքը: Մարկիզի տարօրինակ խոսքերը հավանաբար որոշ հույսեր ներշնչեցին երիտասարդ անգլիացուն, որը անհամբեր սպասում էր այն րոպեին, որ մենակ լինի պարոն դ’Էգլմոնի հետ, և այդ առիթը շուտով ներկայացավ:

  • Պարոն,– դիմեց Արթուրը մարկիզին,– ես անչափ ցավ եմ զգում, տեսնելով, թե որքան խաթարված է մարկիզուհու առողջական վիճակը և, եթե դուք իմանայիք, որ հատուկ ռեժիմի բացակայության դեպքում նա կարող է տանջալիորեն մահանալ, կարծում եմ, որ այդպես չէիք կատակախոսի նրա հիվանդության վրա: Ես համարձակվում եմ ձեզ հետ այդպես խոսել, որովհետև լիովին համոզված եմ, որ կարող եմ փրկել տիկին դ’Էգլմոնին, և նրան վերադարձնել կյանքի ու երջանկության: Քիչ հավանական է, որ իմ կարգի մի մարդ բժիշկ լինի, և այնուհանդերձ, բախտը կամեցել է, որ ես ուսումնասիրեմ բժշկությունը: Արդ, ինձ տանջում է ձանձրույթը,– ասաց նա, ձևացնելով սառը եսամոլություն, որը պետք է ծառայեր նրա մտահղացումներին,– և ինձ համար բացարձակապես միևնույն է, թե իմ ժամանակը ճանապարհորդության ընթացքում գործադրեմ հօգուտ մի հիվանդ էակի, թե դրա փոխարեն գոհացնեմ իմ ինչ-որ հիմար քմայքները: Այդ տեսակի հիվանդությունների բուժումը շատ հազվադեպ է, որովհետև դա պահանջում է շատ խնամք, ժամանակ ու համբերություն, հարկավոր է մանավանդ հարուստ լինել, ճանապարհորդել, բարեխղճորեն հետևել բժշկի պատվերներին, որոնք ամեն օր փոխվում են և սակայն տհաճություն չեն պարունակում: Մենք երկուսս էլ ազնվական ենք,– ասաց նա, այդ խոսքին տալով անգլիական «ջենտլմեն» բառի նշանակությունը,– և կարող ենք իրար հասկանալ: Նախազգուշացնում եմ ձեզ, որ եթե ընդունեք իմ առաջարկությունը, դուք ամեն րոպե կլինեք իմ վարմունքի դատավորը: Ես ոչինչ չեմ ձեռնարկի՝ առանց ձեզ հետ խորհրդակցելու և առանց ձեր հսկողության, և պատասխանատու եմ հաջողության համար, եթե դուք հնազանդվեք ինձ: Այո, եթե դուք համաձայն եք երկար ժամանակով չլինել տիկին դ’Էգլմոնի ամուսինը,– ասաց նրա ականջին:

Այդ րոպեին Ժյուլին նորից երևաց դաշնամուրի մոտ: Նա երգեց Շամիրամի մեներգը, «Son regina son guerriera»[1]: Միահամուռ ծափահարություններ, բայց զսպված ծափահարություններ, այսպես ասած, Սեն-Ժերմեն արվարձանի քաղաքավարի ծափողջյունները վկայեցին ունկնդիրների հիացմունքը:

Երբ դ’Էգլմոնն իր կնոջ հետ տուն վերադարձավ, Ժյուլին ինչ-որ տագնապալի բավականությամբ զգաց, որ իր դիտավորություններն արագ հաջողություն են ունեցել: Ամուսինը, դրդված իր կնոջ խաղացած դերով, քմահաճ հակումն ունեցավ դեպի նա, սկսեց սիրահետել նրան, ինչպես կսիրահետեր մի դերասանուհու: Ժյուլիին զվարճալի թվաց նման վարմունքը իր՝ առաքինի և ամուսնացած կնոջ հանդեպ, նա փորձեց նորից խաղ անել իր իշխանությամբ և այդ առաջին պայքարում, իր բարության շնորհիվ, առաջին իսկ մարտում պարտվեց, և բախտի տված բոլոր դասերից այդ ամենազարհուրելին էր: Գիշերվա ժամը երկուսին թե երեքին նա նստած էր ամուսնական անկողնու վրա՝ մռայլ ու մտախոհ, թույլ լույս տվող լամպը աղոտ կերպով լուսավորում էր սենյակը. խորունկ լռություն էր տիրում այնտեղ, և մարկիզուհին, խղճի սուր խայթերից տանջահար, մոտ մի ժամի չափ ողողվեց արցունքներով, որոնց դառնությունը կարող են ըմբռնել թերևս լոկ այն կանայք, որոնք գտնվել են այդ կացության մեջ: Հարկավոր էր ունենալ Ժյուլիի հոգին՝ զգալու համար, թե որքան նողկալի է հաշվենկատ գգվանքը, որքան վիրավորական է պաղ համբույրը, սրտի ուխտադրժությունը, որը ծանրացած էր ծախվածության գիտակցությամբ: Նա իրեն քամահրում էր, նզովում ամուսնությունը, նա ուզում էր մեռած լինել, և եթե չլսեր այդ պահին քնած աղջկա ճիչը, լուսամուտից դուրս կնետվեր սալահատակի վրա: Պարոն դ’Էգլմոնը հանդարտ քնած էր նրա կողքին, չզարթնելով այն տաք արցունքներից, որ թափվում էին նրա վրա: Մյուս օրը Ժյուլիին հաջողվեց ձևացնել, որ զվարթ է. նա իր մեջ ուժ գտավ երջանիկ երևալու համար և թաքցնելու արդեն ոչ միայն տրտմությունը, այլև՝ անհաղթելի խորշանքը: Այդ օրվանից հետո նա իրեն այլևս անբասիր կին չէր համարում: Չէ՞ որ ստել էր, խաբել ինքն իրեն: Չէ՞ որ այսուհետև նա ընդունակ էր ծածկամտության և կարող էր զարմանալի խորաթափանցությամբ այն գործադրել ընտանեկան իր պարտազանցություններում: Հենց իր ամուսնության մեջ էր թաքնված հավանական այլասերության պատճառը, որը նա դեռևս ոչնչով չէր արտահայտել: Բայց արդեն Ժյուլին մտածել էր, թե ինչո՞ւ դիմադրել մի տղամարդու, որին սիրում ես, երբ, հակառակ սրտի և բնության ուխտերի, տրվում ես չսիրված ամուսնուն: Բոլոր սխալները, գուցե և հանցանքները հիմնված են անճիշտ դատողության և ծայրահեղ եսամոլության վրա: Հասարակությունը կարող է գոյություն ունենալ միայն անձնական զոհաբերություններով, որ օրենքներն են պահանջում: Հասարակության առավելություններն ընդունելը չի՞ նշանակում իր վրա վերցնել այն պայմանները պահպանելու պարտականությունը, որոնք ապահովում են նրա գոյությունը: Այն թշվառները, որոնք հաց չունեն, բայց հարկադրված են հարգել ուրիշի սեփականությունը, արժանի են ոչ պակաս խղճահարության, որքան այն կանայք, որոնք վիրավորված են իրենց բաղձանքներում և իրենց հոգեկան նրբության մեջ: Մի քանի օր հետո այդ տեսարանից, որի գաղտնիքները թաղվեցին ամուսնական անկողնու մեջ, դ’Էգլմոնը լորդ Գրենվիլին ներկայացրեց իր կնոջը: Ժյուլին Արթուրին ընդունեց պաղ մի քաղաքավարությամբ, որը պատիվ էր բերում նրա ծածկամտությանը: Նա իր սրտին հարկադրեց լռել, քողարկել իր նայվածքները, ձայնին ամրություն տվեց և այդպիսով նրան հաջողվեց իր ապագայի տիրուհին լինել: Ապա, կանանց համար բնածին նրբազգացմամբ հասկանալով, թե որքան ուժեղ է իր ներշնչած սերը, տիկին դ’Էգլմոնն ուրախացավ արագ կազդուրվելու հույսով և այլևս դիմադրություն ցույց չտվեց իր ամուսնուն, որը կամենում էր համոզել նրան՝ ընդունելու երիտասարդ բժշկի խնամքները: Այնուամենայնիվ, նա չուզեց ապավինել լորդ Գրենվիլին, առանց բավականաչափ ուսումնասիրելու նրա մտքերն ու վարքագիծը, համոզվելու համար, որ Արթուրը վեհանձնություն կունենա տանջվել լռության մեջ: Ժյուլին նրա վրա բացարձակ իշխանություն ուներ և արդեն չարաշահում էր այն: Չէ՞ որ նա կին էր:

Մոնկոնտուրը մի հնամենի դղյակ է, որը գտնվում է այն շիկավուն քարաժայռերի վրա, որոնց ներքևից հոսում է Լուառը, ոչ հեռու այն վայրից, ուր 1814 թվականին կանգ էր առել Ժյուլին: Դա Տուրենի ֆլամանդական ժանյակների պես ասեղնագործված քանդակազարդ աշտարակներով այն փոքրիկ գողտրիկ դղյակներից մեկն է, որոնք արտացոլվում են գետի ջրերի մեջ թթենու իրենց պուրակներով, խաղողի այգիներով, քարքարոտ կածաններով, իրենց ծակոտկեն երկար բազրիքներով, ժայռերի մեջ փորված քարհանքներով, բաղեղների ծածկույթներով և իրենց կտրուկ զառիթափներով: Մոնկոնտուրի տանիքները շողշողում են արևի տակ, ամեն ինչ այնտեղ հրավառ է: Իսպանական հազարավոր հետքեր բանաստեղծական տեսք են տալիս այդ սքանչելի բնակավայրին. հազարավոր ոսկեփայլ որոճները, զանգակածաղիկները անուշահոտում են սյուքը, օդը փաղաքուշ է, գետինը ամենուրեք ժպտում է, և ամենուրեք անուշ թովչանքներ են պարուրում հոգին, այն դարձնում ծույլ, սիրատարփ, մեղկացնում են և օրորում: Այդ գեղատեսիլ և անուշաբույր վայրը նիրհեցնում է կսկիծները և արթնացնում կրքերը: Ոչ ոք չի կարող սառնարյուն մնալ այդ ջինջ երկնքի տակ, այդ շողշողուն ջրերի դիմաց: Այդտեղ մեռնում են շատերի փառասիրությունները, այդտեղ պառկում եք հանդարտ մի երջանկության գրկում, ինչպես ամեն օր արևը մայր է մտնում իր բոսորագույն ու լազուրե ամպերի ծոցում:

1821 թվականի օգոստոս ամսվա մեղմ մի երեկո երկու հոգի մագլցում էին այն արահետներով, որ ձգված են քարաժայռերի միջով, որոնց վրա կանգնած է դղյակը. և ուղղվեցին դեպի բարձունքները, որպեսզի, անշուշտ, հիանան այնտեղից բացվող տեսարաններով: Այդ երկու անձնավորությունները ժյուլին ու լորդ Գրենվիլն էին: Բայց այդ Ժյուլին բոլորովին այլ կին էր թվում: Մարկիզուհին ուներ առողջության անեղծ գույներ: Նրա աչքերը, բեղմնավոր մի ուժով կենդանացած, շողշողում էին խոնավ փայլով, նման այն խոնավությանը, որ մանկական աչքերին այնպիսի անդիմադրելի հմայք է տալիս: Նա լիարյուն ժպտում էր, երջանիկ էր ու ըմբռնում էր կյանքի իմաստը: Իր գողտրիկ ոտքերը բարձրացնելու եղանակից հեշտ կարելի էր նկատել, որ ոչ մի ցավ, ինչպես մի ժամանակ, չի ծանրացնում նրա շարժումները, չի նվազեցնում նրա նայվածքները, խոսքերը, շարժուձևերը: Սպիտակ մետաքսի իր հովանոցի տակ, որը պահպանում էր նրան արևի կիզիչ ճառագայթներից, նա նման էր քողածածկ մի նորահարսի, սիրո դյութանքներին հանձնվելու պատրաստ մի կույսի: Արթուրը նրան ուղեկցում էր սիրեկանի հոգատարությամբ, առաջնորդում նրան, ինչպես տանում են մի երեխայի, ընտրում ավելի լավ կածաններ, ջանում էր, որ Ժյուլին չդիպչի քարերին, ցույց տալիս մի լուսաբացատ կամ բերում որևէ ծաղկի մոտ. նրան մշտապես ղեկավարում էր բարության անփոփոխ զգացումը, նրբանկատությունը, խորապես հասկանում էր, թե ինչն է դուրեկան այդ կնոջ համար, և այդ զգացմունքները, թվում էին, թե նրա մեջ նույնքան յուրահատուկ են և թերևս նույնիսկ ավելի, քան այն բոլորը, ինչ նա անում էր հանուն իր բարօրության: Հիվանդն ու բժիշկը քայլում էին համաքայլ, չզարմանալով այդ ներդաշնակության վրա, որը, թվում էր, թե գոյություն ունի այն օրվանից, երբ սկսեցին միատեղ քայլել. նրանք ենթարկվում էին միևնույն կամքի, կանգ էին առնում, ենթարկվում միևնույն զգացողությունների, նրանց նայվածքներն արտահայտում էին մտքեր, որոնք նրանց մոտ ծագում էին միաժամանակ: Հասնելով խաղողի մի այգու, երկուսով ցանկացան նստել այն մեծ սպիտակ քարերից մեկի վրա, որոնք շարունակ հանվում են քարաժայռերի մեջ փորված քարհանքերից, բայց նախքան նստելը, Ժյուլին դիտեց դաշտանկարը:

  • Հիանալի երկիր,– բացականչեց նա:– Խփենք մի վրան և ապրենք այստեղ: Վիկտոր,– ձայն տվեց նա,– եկեք այստեղ:

Պարոն դ’Էգլմոնը ներքևից պատասխանեց որսորդական սուլոցով, բայց չարագացրեց իր քայլվածքը. միայն թե, նա մերթ ընդ մերթ նայում էր իր կնոջը, երբ այդ թույլ էին տալիս կածանի դարձերը: Ժյուլին բավականաչափ շնչեց օդը, բարձրացնելով գլուխը և Արթուրին նետելով այն նուրբ ակնարկներից մեկը, որոնցով խելոք կինը արտահայտում է իր մտքերը:

  • Օ,– հարեց նա,– ես կուզենայի մշտապես այստեղ մնալ: Կարելի՞ է միթե երբևէ հոգնել այս սքանչելի հովիտով հիանալուց: Չգիտե՞ք, միլորդ, այս սիրուն գետակի անունը:

  • Այդ Սիզն է:

  • Սիզը,– կրկնեց Ժյուլին:– Իսկ այնտեղ, մեր դիմա՞ց:

  • Ղրանք Շերի բլուրներն են,– ասաց Արթուրը:

  • Իսկ աջ կողմո՞ւմ: Հա, դա Տուրն է: Բայց, նայեցեք, թե հեռվից ինչ տպավորություն են թողնում մայր տաճարի զանգակատները:

Նա լռեց և դեպի քաղաքը պարզած իր ձեռքն ընկավ Արթուրի թևին: Երկուսով լռելյայն հիացան դաշտանկարով և այդ ներդաշնակ բնության գեղեցկություններով: Ջրերի մրմունջը, օդի և երկնքի հստակությունը, բոլորը դաշն էր նրանց մտքերի հետ, որոնք հախուռն խռնվում էին նրանց սիրատարափ ու մատաղ սրտերում:

  • Օ, աստված իմ, ինչպես եմ սիրում այս վայրը,– կրկնեց Ժյուլին աճող ու միամիտ խանդավառությամբ: – Դուք երկար ժամանակ ե՞ք այստեղ ապրել,– հարցրեց նա մի փոքր դադարից հետո:

Այդ խոսքերի վրա լորդ Գրենվիլը ցնցվեց:

  • Այդտեղ էր ահա,– պատասխանեց նա մելամաղձությամբ, ճանապարհի վրա ցույց տալով ընկուզենիների մի պուրակ,– այնտեղ, ուր ես, որպես գերի, առաջին անգամ տեսա ձեզ...

  • Այո, ես այն ժամանակ շատ տխուր էի. այս բնությունը ինձ վայրի էր թվում, իսկ հիմա...

Նա կանգ առավ, լորդ Գրենվիլը չհամարձակվեց նրան նայել:

  • Ձեզ եմ պարտական այս բավականությամբ,– ասաց Ժյուլին երկար մի լռությունից հետո:– Միայն կենդանի մարդը կարոդ է զգալ կյանքի ուրախությունները, և մինչև հիմա մի՞թե ես մեռած չէի ամեն բանի համար: Դուք ինձ ավելին տվիք, քան թե առողջությունը, դուք ինձ սովորեցրիք զգալ նրա ամբողջ արժեքը...

Կանայք աննման տաղանդ ունեն իրենց զգացումներն արտահայտելու առանց չափազանց ուժեղ բառեր գործադրելու. նրանց պերճախոսությունները հատկապես շեշտի, շարժուձևի, կեցվածքի ու նայվածքների մեջն է: Լորդ Գրենվիլը դեմքը ծածկեց ձեռքերով, որովհետև արցունքներ հոսեցին նրա աչքերից: Այդ առաջին անգամն էր, որ Փարիզից գալուց հետո Ժյուլին նրան շնորհակալություն էր հայտնում: Ամբողջ մի տարի լիակատար նվիրվածությամբ նա խնամել էր մարկիզուհուն: Դ’Էգլմոնի հետ միասին, նա Ժյուլիին ուղեկցել էր Էկսի ջրերը, ապա ծովափը, Լա-Ռոշելում: Հետևելով ամեն րոպե այն փոփոխություններին, որ առաջ էին բերում իր հմուտ ու պարզ պատվերները նրա խախտված օրգանիզմի վրա, Արթուրը նրան խնամում էր այնպես, ինչպես պարտիզպանն է խնամում որևէ հազվագյուտ ծաղիկ: Մարկիզուհին կարծես ընդունում էր Արթուրի հմուտ խնամքները երկրպագության սովոր փարիզուհու եսամոլությամբ կամ թե կուրտիզանուհու անհոգությամբ, որը չգիտի ոչ իրերի արժեքը, ոչ էլ մարդկանց գինը և օգտվում է դրանցից, որքան իրեն հարկավոր է համարում:

Բնության թողած ազդեցությունը հոգու վրա դիտողության արժանի բան է: Եթե մելամաղձությունը անխուսափելիորեն համակում է մեզ, երբ ջրի եզերքին ենք, ապա, մեր բնությունից անբաժանելի մի այլ օրենքի համաձայն, մեր հոգին գտնվում է լեռների վրա, կրքերն այնտեղ ավելի նվազ բուռն են լինում, դրա փոխարեն ավելի խորունկ են դառնում: Լուառի լայն ավազանի տեսքը, գեղատեսիլ բարձր բլուրը հավանաբար նպաստում էին այն երանելի անդորրությանը, որի գրկում նրանք վայելում էին այն երջանկությունը, երբ իմանում ես, թե որքան անսահման է սերը, որը թաքնված է խոսքերի ներքո, որոնք, թվում է, թե ոչինչ չեն նշանակում: Այն րոպեին, երբ Ժյուլին ավարտում էր լորդ Գրենվիլին ուժգնորեն հուզած իր ֆրազը, փաղաքուշ մի հովիկ շարժեց ծառերի կատարները, ջրերի զովությունը սփռելով օդի մեջ. ամպերը ծածկեցին արեգակը և թեթև ստվերները թույլ տվին տեսնել այդ հիասքանչ բնության բոլոր գեղեցկությունները: Ժյուլին շուռ տվեց գլուխը, որպեսզի երիտասարդ լորդից թաքցնի իր արտասուքները, որ կարողացավ զսպել և ցամաքեցնել: Արթուրի խանդաղատանքը արագորեն համակել էր նրան: Ժյուլին չհամարձակվեց աչքը բարձրացնել նրա վրա, վախենալով, որ չլինի, թե Արթուրը չափազանց խնդություն կարդա դրանց մեջ: Կանացի բնազդը նրան զգացնել էր տալիս, որ այդ վտանգավոր ժամին ինքը պարտավոր է իր սերը թաղել սրտի խորքում: Սակայն լռությունն էլ կարող էր սոսկալի լինել: Նկատելով, որ լորդ Գրենվիլը ի վիճակի չէ որևէ բան արտասանելու, Ժյուլին մեղմ ձայնով շարունակեց:

  • Զեզ հուզեց այն, ինչ ես ասացի, միլորդ: Ինչպիսի բարի և զգայուն հոգի ունեք դուք, որ այդպես անկեղծ ուրախությամբ հրաժարվում եք մարդկանց մասին ունեցած սխալ մի հետևությունից: Դուք ինձ ապերախտ կհամարեիք, տեսնելով ինձ այդպես սառն ու զսպված, կամ ծաղրասեր ու անզգա՝ այս ճանապարհորդության ընթացքում, որը բարեբախտաբար, շուտով վերջանալու է: Ես անարժան կլինեի ընդունել ձեր խնամքները, եթե անընդունակ լինեի դրանք գնահատել: Միլորդ, ես ոչինչ չեմ մոռացել: Ավաղ, ես ոչինչ չեմ մոռանա, ոչ այն հոգատարությունը, որով դուք պարուրում էիք ինձ, ինչպես մայրն է պարուրում իր երեխային, ոչ էլ մանավանդ այն ազնիվ դյուրավստահությունը, որով ինձ հետ եղբայրական զրույցներ էիք ունենում, ինչպես նաև ձեր վարմունքի նրբանկատությունը. այդ հրապուրանքների հանդեպ մենք՝ կանայքս, անզոր ենք: Միլորդ, իմ ուժերից վեր է ձեզ վարձահատույց լինել:

Այս խոսքի վրա ժյուլին արագությամբ հեռացավ, իսկ լորդ Գրենվիլը ոչ մի շարժում չարեց նրան կանգնեցնելու համար: Մարկիզուհին գնաց դեպի ոչ հեռու տարածության վրա գտնվող մի ապառաժը և անշարժ կանգնեց այնտեղ, նրանց հուզումները գաղտնիք մնացին իրենց համար, իսկ, անկասկած, նրանք լալիս էին լռությամբ, թռչունների երգերը, մայրամուտին այնքան զվարթ, քնքուշ արտահայտություններով այնքան շռայլ, պետք է որ ավելացնեին նրանց ուժգին սասանումը, որ նրանց հարկադրել էր անջատվել. ինքը բնությունն էր նրանց ճռվողում մի սիրո մասին, որի մասին նրանք չէին համարձակվում խոսել:

  • Այդպես ուրեմն, միլորդ,– շարունակեց Ժյուլին, հայտնվելով նրա դեմ, արժանապատվության այնպիսի մի կեցվածքով, որը նրան թույլ էր տալիս բռնել Արթուրի ձեռքը,– ես կխնդրեի ձեզնից անարատ ու սուրբ դարձնել այն կյանքը, որ դուք վերակոչեցիք: Այստեղ մենք անջատվում ենք միմյանցից: Ես գիտեմ,– ավելացրեց նա, տեսնելով, որ լորդ Գրենվիլը գունատվում է,– որ ի վարձատվություն ձեր նվիրվածության, ես ձեզնից պահանջելու եմ մի զոհաբերություն, որը էլ ավելի մեծ է, քան այն զոհաբերությունները, որոնց համար ես պետք է շատ ավելի շնորհապարտ լինեի... Բայց այդպես է հարկավոր... Դուք պետք է հեռանաք Ֆրանսիայից: Ձեզ այդ հրամայելը չի՞ նշանակում արդյոք ձեզ տալ իրավունքներ, որոնք սրբազան պիտի լինեն,– ավելացրեց Ժյուլին, երիտասարդի ձեռքը հպելով իր տրոփուն սրտին:

  • Իհարկե,– ասաց Արթուրը, վեր կենալով:

Նույն պահին նա ցույց տվեց դ’Էգլմոնին, որն իր աղջկան գրկած երևաց դղյակի բազրիքի մոտի լեռնային կածանի վրա: Նա բարձրացել էր այնտեղ, որպեսզի իր փոքրիկ Էլենը խաղ անի բաց օդում:

  • Ժյուլի, ես երբեք ձեզ հետ չեմ խոսելու իմ սիրո մասին, մեր հոգիներն իրար շատ լավ են հասկանում: Որքան էլ խորունկ, որքան էլ թաքուն լինեն իմ սրտի բերկրանքները, դուք դրանք բոլորը կիսել եք: Ես այդ զգում եմ, գիտեմ և տեսնում եմ: Հիմա ես ստացա մեր սրտերի հարատև համակրանքի սքանչելի ապացույցը, բայց ես փախչում եմ: Ես մի քանի անգամ չափազանց հմտորեն հաշվի եմ առել այդ մարդուն սպանելու միջոցները, և միշտ էլ չեմ կարողանա իմ մեջ հաղթահարել այդ փորձությունը, եթե մնամ այստեղ:

  • Ես էլ եմ ունեցել նույն միտքը,– ասաց Ժյուլին, իր հուզված դեմքի վրա արտահայտելով վշտագին մի զարմանք:

Այնքան առաքինություն, իր նկատմամբ այնքան շատ համոզվածություն, սիրո վրա գաղտնաբար տարած այնքան հաղթանակներ կային Ժյուլիի ձայնի մեջ, որ լորդ Գրենվիլը հիացմունքով համակվեց: Հանցագործության ստվերն իսկ ցնդեց այդ միամիտ հոգու մեջ: Կրոնական զգացմունքը, որը լուսավորում էր Ժյուլիի գեղանի դեմքը, ընդմիշտ վտարեց ակամա հոռի մտքերը, որ ծնում է մեր անկատար բնությունը, բայց որոնք ցույց են տալիս, թե մեր բախտի մեջ ինչքան վեհ և միաժամանակ կործանարար բան կա թաքնված:

  • Այն ժամանակ,– շարունակեց Ժյուլին,– ես կարժանանայի ձեր արհամարհանքին, և դա ինձ կփրկեր,– ասաց նա՝ խոնարհելով աչքերը:– Ձեր հարգանքը կորցնելը չի՞ նշանակում արդյոք մեռնել:

Այդ երկու հերոսական սիրահարներն էլի մի րոպե լուռ մնացին, ճգնելով հաղթահարել իրենց վշտերը. նրանց մտքերը, լավ թե վատ, միշտ էլ միևնույնն էին, նրանք միմյանց նույնքան լավ հասկանում էին իրենց սրտի ուրախություններում, որքան՝ ամենաթաքուն տանջանքներում:

  • Ես չպետք է տրտնջամ, իմ կյանքի դժբախտությունը իմ ձեռքի գործն է,– ավելացրեց Ժյուլին, դեպի երկինքը բարձրացնելով արցունքներով լի աչքերը:

  • Միլորդ,– բղավեց գեներալը իր տեղից, ձեռքերը թափահարելով,– մենք առաջին անգամ իրար հանդիպել ենք այնտեղ: Գուցե, դուք այդ չեք հիշում: Նայեցեք, այնտեղ՝ բարդիների մոտ:

Անգլիացին պատասխանեց գլխի արագ մի շարժումով:

  • Ինձ վիճակված է մեռնել երիտասարդ ու դժբախտ,– շարունակեց Ժյուլին:– Այո, մի մտածեք, որ ես կապրեմ: Վիշտը կլինի նույնքան մահացու, որքան կարող էր լինել այն սարսափելի հիվանդությունը, որից դուք ինձ բուժեցիք: Ես ինձ մեղավոր չեմ համարում: Ո՛չ, ձեր նկատմամբ ունեցած իմ զգացմունքները անդիմադրելի են հավերժ, իմ կամքից անկախ, բայց ես ուզում եմ առաքինի մնալ: Ես հավատարիմ կմնամ ամուսնական և մայրական իմ պարտականություններին և իմ սրտի ուխտերին: Լսեցեք,– ասաց նա փոխված ձայնով,– ես այլևս չեմ պատկանելու այդ մարդուն, երբեք:

Եվ անթաքույց խորշանք ու զարհուրանք արտահայտող մի շարժումով Ժյուլին ցույց տվեց իր ամուսնուն:

  • Աշխարհիկ հասարակության օրենքները,– շարունակեց Ժյուլին,– պահանջում են, որ ես նրա գոյությունը երջանիկ դարձնեմ, ես հնազանդվում եմ դրանց. ես կլինեմ նրա աղախինը, իմ նվիրվածությունը նրա նկատմամբ անսահման կլինի: Բայց այսօրվանից ես այրի եմ: Ես չեմ ուզում անբարո կին լինել ոչ իմ աչքում, ոչ էլ հասարակության աչքում. եթե այլևս չեմ պատկանում պարոն դ’Էգլմոնին, երբեք չեմ պատկանելու մի ուրիշի: Դուք ինձնից կորզեցիք այս խոստովանությունը: Բայց էլ ուրիշ ոչինչ չեք ստանա ինձնից: Ահա այն դատավճիռը, որ ինքս հանել եմ իմ դեմ,– ասաց նա՝ հպարտությամբ նայելով Արթուրին:– Եվ այդ անդառնալի է, միլորդ: Հիմա, իմացեք, եթե դուք տեղի տաք մի որևէ հանցագործ մտքի, պարոն դ’Էգլմոնի այրին վանք կմտնի կամ Իտալիայում, կամ թե Իսպանիայում: Ճակատագիրը կամեցավ, որ մենք խոսեինք մեր սիրո մասին: Թերևս այդ խոստովանություններն անխուսափելի էին, բայց, թող այս լինի վերջին անգամ, թող մեր սրտերը վերջին անգամ այդպես ուժգին թրթռան: Վաղը դուք կձևացնեք, որ Անգլիայից նամակ եք ստացել ու ձեզ կանչում են այնտեղ, և մենք ընդմիշտ կբաժանվենք:

Այնուհետև Ժյուլին, հոգեկան այդ ճիգից ուժասպառ, զգաց, որ ոտքերը ծալվում են, մահացու մի ցուրտ համակեց նրան, և զուտ կանացիական մի մղումով նա նստեց, որպեսզի չընկնի Արթուրի գիրկը:

  • Ժյուլի,– ճչաց լորդ Գրենվիլը:

Այդ թափանցուն ճիչը թնդաց, ինչպես շանթի հարված: Այդ ծվատիչ աղաղակը արտահայտեց այն բոլորը, ինչ սիրահարը, մինչ այդ համր, չէր կարողացել ասել:

  • Ի՞նչ բան է, ի՞նչ պատահեց նրա հետ,– հարցրեց գեներալը:

Լսելով Արթուրի ճիչը, մարկիզն արագացրել էր քայլերը և հանկարծ հայտնվեց երկու սիրահարների դիմաց:

  • Ոչինչ բան է,– ասաց Ժյուլին այն հիանալի պաղարյունությամբ և կանանց հատուկ նրբամտությամբ, որ կանայք շատ հաճախ կարողանում են ցուցահանել կյանքի մեծ տագնապների ժամանակ:– Այո ընկուզենուտն այնպես խոնավ է ու ցուրտ, որ քիչ մնաց ուշաթափվեի, և իմ բժիշկը հավանաբար վախեցավ: Չէ՞ որ ես նրա համար արվեստի մի գործ եմ, որը դեռ ավարտված չէ: Նա թերևս դողաց այն մտքից, որ այն կարող է փշրվել:

Ժյուլին համարձակորեն թևանցուկ արեց լորդ Գրենվիլին, ժպտաց իր ամուսնուն, քարաժայռերի կատարը թողնելուց առաջ նայեց դաշտանկարին և ուղեկցի ձեռքը բռնած տարավ նրան իր ետևից:

  • Ահա այստեղից, ըստ իս, բացվում է ամենահիանալի տեսարանը,– ասաց Ժյուլին,– ես երբեք չեմ մոռանա այս: Նայեցեք, Վիկտոր, ինչպիսի հեռաստաններ, ինչպիսի լայնարձակություն, ինչպիսի զանազանակերպություններ: Այստեղ ես ըմբռնում եմ սերը...– ծիծաղելով ջղաձիգ մի ծիծաղով: Բայց այնպես, որ կարող էր խաբել ամուսնուն, նա զվարթորեն սլացավ գոգավոր շավիղներում ու անհետացավ:

  • Ինչպես, այդպես շուտով...– ասաց նա, երբ հեռու գտնվեցին պ. դ’Էգլմոնից:– Ինչպես բարեկամս, մի րոպեից հետո մենք այլև չենք կարող միասին լինել և երբեք չենք լինելու այնպես, ինչպես կանք, մի խոսքով, մենք չենք ապրելու այլևս...

  • Ղանդաղ գնանք,– պատասխանեց լորդ Գրենվիլը,– կառքերը դեռ հեռու են: Մենք կքայլենք միասին, և եթե մեզ թույլատրված է խոսել նայվածքներով, մեր սրտերը մի ակնթարթ ավելի կապրեն:

Նրանք զբոսնեցին թմբի վրա, ջրերի եզերքին, իրիկվա վերջին շողերի մեջ, գրեթե լռելյայն, արտասանելով միայն տարտամ խոսքեր՝ Լուառի մրմունջների պես քաղցր, որոնք հուզում էին հոգին: Արևը մայրամուտի պահին, նախքան անհետանալը, իր կարմիր ցոլքերով պարուրեց նրանց որպես իրենց ճակատագրական սիրո մելամաղձիկ պատկեր: Գեներալը, անհանգստացած այն բանից, որ չի գտնում իր կառքը այնտեղ, ուր կանգ էր առել, հետևում էր երկու սիրահարներին կամ նրանցից առաջ անցնում, չխառնվելով նրանց խոսակցությանը: Լորդ Գրենվիլի նրբանկատ ու ազնվական վարվելակերպը այդ ճանապարհորդության ընթացքում ջնջել էր նրա կասկածները, և նա իր կնոջը ազատություն էր տվել, վստահելով լորդ-բժշկի խաբուսիկ անշահախնդրությանը: Արթուրը և Ժյուլին քայլում էին, և նրանց հուսալքված սրտերը բաբախում էին ցավագին ու տխուր համաձայնությամբ: Դեռ քիչ առաջ, երբ նրանք մագլցում էին Մոնկոնտուրի զառիթափը, երկուսն էլ ունեին տարտամ մի հույս, անհանգիստ մի երջանկություն, որի մասին նրանք չէին համարձակվում հաշիվ տալ իրենց, բայց, իջնելով թմբի երկարությամբ, նրանք տապալեցին իրենց երևակայության մեջ կառուցված խախուտ շենքը, որի վրա նրանք չէին համարձակվում շնչել, նման այն երեխաներին, որոնք նախատեսում են իրենց կառուցած խաղաքարտե տնակների փլուզումը: Հենց նույն երեկոյան լորդ Գրենվիլը մեկնեց: Վերջին նայվածքը, որ նա գցեց Ժյուլիին, ապացուցեց, որ այն րոպեից սկսած, երբ սրտերի փոխադարձ մղումը նրանց բացահայտել էր, թե որքան ուժեղ է կիրքը, Արթուրն իրավացի էր, որ վստահ չէր իր նկատմամբ:

Երբ պարոն դ’Էգլմոնը և նրա կինը, առանց իրենց ուղեկցի, նստեցին կառքը և արագությամբ սլացան այն ճանապարհներով, որոնցով մի ժամանակ, 1814 թվականին, անցել էր մարկիզուհին, որը դեռ անգիտակ էր այդ սիրո մասին և այն ժամանակ գրեթե անիծել էր սիրո հարատևությունը, նա վերագտավ հազարավոր մոռացված տպավորություններ: Սիրտն ունի իր սեփական հիշողությունը: Երբեմն կինը անկարող է մտաբերել կարևոր իրադարձությունները, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում նա կհիշի այնպիսի բաներ, որոնք նրա զգացումներին են վերաբերում: Այնպես էլ ժյուլին հստակորեն հիշեց նույնիսկ ամենադատարկ մանրամասնությունները. նա երջանկությամբ մտաբերեց իր առաջին ճանապարհորդության ամենաթեթև դիպվածները, անգամ այն մտքերը, որ նրա մեջ ծագել էին ճանապարհի որոշ մասերում: Վիկտորը, որը կրքոտորեն սիրահարվել էր իր կնոջը սկսած այն օրից, երբ Ժյուլին վերստացել էր իր երիտասարդական թարմությունը և բովանդակ գեղեցկությունը, սիրեկանի նման հպվում էր նրան: Երբ նա փորձեց գրկել Ժյուլիին, սա մեղմորեն դուրս պրծավ նրա բազուկներից և ինչ-որ մի պատրվակ գտավ՝ խուսափելու համար այդ անմեղ գգվանքից: Հետո, շուտով նա խորշանք զգաց Վիկտորի հպումից, որի ջերմությունը նա զգում և բաժանում էր շնորհիվ այն բանի, որ նրանք շատ ընդհուպ էին նստած. նա ուզեց մենակ նստել կառքի առաջամասում, բայց ամուսինը շնորհ արեց նրան թողնել կառքի խորքում: Ժյուլին շնորհակալություն հայտնեց այդ ուշադրության համար մի հառաչով, որը ամուսնուն մոլորության մեջ գցեց, և կայազորի այդ երբեմնի գայթակղիչը իր կնոջ մելամաղձոտությունը հօգուտ իրեն մեկնաբանեց. այդ բանը հարկադրեց Ժյուլիին օրվա վերջում նրա հետ խոսել այնպիսի մի հաստատակամությամբ, որ նրան հարգանք ներշնչեց:

  • Բարեկամս,– ասաց Ժյուլին ամուսնուն,– քիչ էր մնում, որ դուք սպանեիք ինձ. դուք այդ գիտեք: Եթե ես անփորձ մի դեռատի աղջիկ լինեի, կարող էի նորից ձեզ զոհաբերել իմ կյանքը, բայց ես մայր եմ, ինձ հարկավոր է դաստիարակել իմ աղջկան, և ես նույնքան գիտակցում եմ իմ պարտականությունները նրա հանդեպ, որքան ձեր հանդեպ: Ենթարկվենք մի դժբախտության, որը մեզ հավասարապես հարվածում է: Մեր երկուսից դուք ամենից քիչն եք ցավակցության արժանի: Մի՞թե դուք չկարողացաք սփոփանքներ գտնել, որ իմ պարտականությունը, մեր ընդհանուր պատիվը, և, որ գլխավորն է՝ բնությունը, արգելում են ինձ: Տեսեք,– ավելացրեց նա,– դուք անզգուշաբար արկղում մոռացել եք տիկին դը Սերիզիի երեք նամակները. ահա դրանք: Իմ լռությունը ձեզ ապացուցում է, որ հանձին ինձ, դուք ունեք ներողամիտ մի կին, որը չի պահանջում ձեզնից զոհաբերություններ, որոնց նրան դատապարտում են օրենքները, բայց ես բավական խորհրդածել եմ և գիտեմ, որ մեր դերերը նույնը չեն, և որ դժբախտությունը կնոջն է նախասահմանված: Իմ առաքինությունը խարսխված է հաստատուն և որոշակի սկզբունքների վրա: Ես ուզում եմ անբասիր կյանք վարել, և թույլ տվեք ինձ ապրել:

Մարկիզը, շշմած այն տրամաբանությամբ, որին կանայք վերահասու են լինում սիրո լույսի տակ, հնազանդվեց այն վեհ արժանապատվությանը, որը կենսական նման ճգնաժամերում հատուկ է կանանց: Բնազդական խորշանքը, որ ցուցահանում էր Ժյուլին այն ամենի նկատմամբ, ինչը վիրավորում էր իր սերը և սրտի բաղձանքները, կանանց ամենագեղեցիկ հատկություններից մեկն է և ծագում է թերևս բնածին առաքինությունից, որը չեն կարող լռեցնել ո՛չ օրենքները և ո՛չ էլ քաղաքակրթությունը: Բայց ո՞վ կհամարձակվի պարսավել կանանց: Մի՞թե նրանք չեն նմանվում հավատքը կորցրած քրմերի, երբ հարկադրում են լսել այն զգացմանը, որը թույլ չի տալիս նրանց միաժամանակ պատկանել երկու տղամարդկանց: Եթե որոշ խստապահանջ խելքեր պարսավելի են գտնում Ժյուլիի մոտ սիրո և պարտականության միջև կնքված այդ յուրահատուկ գործարքը, ապա կրքոտ հոգիները հանցագործություն են համարում այն: Այդ համայնական պարսավանքը խոսում է այն դժբախտության մասին, որն սպասում է նրանց, ովքեր խախտում են օրենքները, և այն բարոյական հիմքերի շատ տխուր անկատարության մասին, որոնց վրա հիմնված է եվրոպական հասարակությունը:

Անցել էր երկու տարի, որի ընթացքում պարոն և տիկին դ’Էգլմոնները վարում էին աշխարհիկ կյանք. յուրաքանչյուրը գնում էր իր ճանապարհով. նրանք ուրիշների հյուրասրահներում իրար ավելի շատ էին հանդիպում, քան իրենց տանը. վայելուչ մի ապահարզան էր դա, որով վերջանում են շատ ամուսնություններ աշխարհիկ հասարակության մեջ: Մի երեկո, հակառակ սովորության, նրանք գտնվում էին իրենց հյուրասրահում: Տիկին դ’Էգլմոնը ճաշի էր հրավիրել բարեկամուհիներից մեկին, և գեներալը, որը մշտապես դրսումն էր ճաշում, մնաց տանը:

  • Դուք շուտով ձեզ շատ երջանիկ կզգաք, մարկիզուհի,– ասաց պարոն դ’Էգլմոնը, սեղանի վրա դնելով գավաթը, որով սուրճ էր խմում:

Մարկիզը նայեց տիկին դը Վիմֆենին կիսածաղրական, կիսատխուր արտահայտությամբ և ավելացրեց.

  • Ես մեկնում եմ երկարատև որսորդության՝ արքայական որսապետի հետ: Դուք առնվազն մի շաբաթ բացարձակապես այրի կլինեք, մի բան, որ դուք ցանկանում եք, ես կարծում եմ…

  • Գիյոմ,– ասաց նա սպասավորին, որը եկավ հավաքելու գավաթները,– ասացեք, որ լծեն:

Տիկին դը Վիմֆենը հենց այն Լուիզան էր, որին մի ժամանակ տիկին դ’Էգլմոնը ուզում էր խորհուրդ տալ ամուրի մնալ: Երկու կանայք միմյանց նետեցին փոխադարձ ըմբռնողության մի հայացք, որն ապացուցում էր, թե Ժյուլին ընկերուհու մեջ գտել էր իր վշտերին խորհրդակից, թանկարժեք ու գթասիրտ մի մտերմուհու, որովհետև տիկին դը Վիմֆենը շատ երջանիկ էր իր ամուսնությամբ, և այդ ներհակ կացությունների մեջ, ուր նրանք գտնվում էին, մեկի երջանկությունը թերևս երաշխիք էր հանդիսանում նվիրվածություն ցուցաբերել մյուսի դժբախտության նկատմամբ: Նման դեպքերում բախտերի ոչ համանմանությունը գրեթե միշտ ուժեղացնում է բարեկամության կապերը:

  • Մի՞թե հիմա որսորդության ժամանակն է,– ասաց Ժյուլին, ամուսնու վրա անտարբեր մի հայացք նետելով:

Մարտ ամսվա վերջն էր:

  • Տիկին, արքայական որսապետը որսի է ելնում, երբ կամենում է և ուր կամենում է: Մենք գնում ենք թագավորական անտառը վարազներ խփելու:

  • Զգույշ եղեք, որ ձեզ որևէ բան չպատահի...

  • Դժբախտությունը կանխատեսել չի կարելի,– պատասխանեց մարկիզը ժպտալով:

  • Պարոնի կառքը պատրաստ է,– ասաց Գիյոմը:

Գեներալը վեր կացավ, համբուրեց տիկին դը Վիմֆենի ձեռքը և դարձավ դեպի Ժյուլին:

  • Տիկին, եթե ես վարազի զոհ դառնամ...– ասաց նա աղաչական մի արտահայտությամբ:

  • Այդ ի՞նչ է նշանակում,– հարցրեց տիկին դը Վիմֆենը:

  • Դե, մոտեցեք,– ասաց տիկին դ’Էգլմոնը Վիկտորին:

Հետո նա ժպտաց, կարծես ուզում էր Լուիզային ասել. «Հիմա կտեսնես»:

Ժյուլին իր պարանոցը պարզեց ամուսնուն, որը մոտեցավ նրան համբուրելու, բայց մարկիզուհին այնպիսի ձևով ծռվեց, որ ամուսնական համբույրը սահեց կնոջ ուսարկի ծալին.

  • Դուք վկա կլինեք աստծու մոտ,– հարեց մարկիզը, դիմելով տիկին դը Վիմֆենին,– ինձ ֆարման[2] է հարկավոր՝ այդպիսի մի թեթև շնորհի արժանանալու համար: Ահա թե իմ կինն ինչպես է հասկանում սերը: Նա ինձ հասցրել է դրան, չգիտեմ, թե ինչպիսի խորամանկությամբ... Ողջ մնաք:

Եվ նա դուրս եկավ:

  • Բայց քո խեղճ ամուսինը, իսկապես որ, շատ բարի է,– բացականչեց Լուիզան, երբ երկու կանայք մենակ մնացին: – Նա քեզ սիրում է:

  • Օ, մի վանկ անգամ մի ավելացնի այդ բառին: Այն անունը, որ ես կրում եմ, ինձ նողկանք է պատճառում...

  • Այո, բայց Վիկտորը լիովին հնազանդվում է քեզ,– ասաց Լուիզան:

  • Նրա հնազանդությունը,– պատասխանեց Ժյուլին,– հիմնված է այն մեծ հարգանքի վրա, որ ես կարողացել եմ ներշնչել նրան. օրենքների տեսակետից ես շատ առաքինի կին եմ. ես նրա տունը հաճելի եմ դարձնում, աչքերս փակում իր սիրային արկածների վրա, ոչինչ չեմ վերցնում իր ունեցվածքից. նա կարող է ուզածի պես վատնել իր եկամուտները. ես հոգ եմ տանում՝ սոսկ ունեցվածքը պահպանելու: Այդ գնով ես խաղաղություն ունեմ: Նա ինքն իր համար չի պարզում կամ չի ուզում պարզել, թե ինչպես եմ ապրում ես: Եթե ես այդպես ղեկավարում եմ իմ ամուսնուն, այդ չի նշանակում, թե չեմ վախենում, որ կարող է մի օր ի հայտ գալ նրա նկարագիրը: Ես նման եմ արջ վարժեցնողի, որը վախենում է, թե հանկարծ դնչկալը չկոտրվի: Եթե Վիկտորը հավատար, որ իրավունք ունի ինձ չհարգել այլևս, չեմ կարող նախատեսել, թե ինչ կարող է պատահել. նա տաքարյուն է, ինքնասեր, և մանավանդ՝ սնափառությամբ լի: Թեև նրա խելքը բավականաչափ նրբին չէ, որպեսզի բանականորեն վարվի մի որևէ բարդ հանգամանքում, երբ հարցը իր հոռի կրքերին է վերաբերում, սակայն նա թույլ բնավորություն ունի. եթե նա ինձ սպանի, մյուս օրը ինքը հավանաբար վշտից կմեռնի: Բայց ես երկյուղ չունեմ նման ճակատագրական երջանկությունից:

Մի պահ լռություն տիրեց, որի ընթացքում երկու բարեկամուհիների մտքերը տարվեցին դեպի այդ դրության գաղտնի պատճառը:

  • Ինձ շատ անողոքաբար են պատժել հնազանդվելով,– շարունակեց Ժյուլին, Լուիզայի վրա նետելով համամտության մի նայվածք:– Սակայն չէ՞ որ ես նրան չարգելեցի ինձ գրել: Ահ, նա ինձ մոռացել է և իրավացի է: Ինչ հրեշավոր բան կլիներ, եթե նրա կյանքը փշրված լիներ, մի՞թե բավական չէ միայն իմը: Հավատո՞ւմ ես ինձ, սիրելիս, որ ես կարդում եմ անգլերեն թերթերը սոսկ, որպեսզի հանդիպեմ նրա անվանը: Բայց նա դեռ չի հայտնվել Լորդերի պալատում:

  • Մի՞թե դու անգլերեն գիտես:

  • Ես քեզ չեմ ասել... սովորեցի:

  • Խեղճ փոքրիկս,– բացականչեց Լուիզան, բռնելով Ժյուլիի ձեռքը,– բայց դու ինչպե՞ս կարող ես ապրել տակավին:

  • Դա գաղտնիք է,– պատասխանեց մարկիզուհին, գրեթե մանկական մի շարժումով:– Լսիր, ես օփիում եմ ընդունում: Դքսուհի դը***.-ի հետ Լոնդոնում տեղի ունեցած դեպքը ինձ բերեց այդ մտքին: Մաթյուրենը այդ մասին մի վեպ է գրել: Լաուդանումի իմ կաթիլները շատ թույլ են: Ես քնում եմ: Արթուն եմ լինում միայն յոթ ժամ և դրանք անց եմ կացնում աղջկաս հետ:

Լուիզան նայեց կրակին, չհամարձակվելով դիտել իր բարեկամուհուն, որի բոլոր թշվառությունները նրա աչքերի առջև առաջին անգամ ծավալվեցին:

  • Լուիզա, պահիր իմ գաղտնիքը,– ասաց Ժյուլին փոքր լռությունից հետո:

Նույն րոպեին սպասավորը մի նամակ բերեց մարկիզուհուն:

  • Ա՜հ,– ճչաց Ժյուլին գունատվելով:

  • Չեմ հարցնում, թե ումից է,– ասաց նրան տիկին դը Վիմֆենը:

Մարկիզուհին կարդում էր և այլևս ոչինչ չէր լսում: Նրա բարեկամուհին տեսավ, որ տիկին դ’Էգլմոնի դեմքի վրա նկատվում են ամենաբուռն զգացումներ, ամենավտանգավոր մի հուզավառություն: Ժյուլին մերթ շիկնում էր, մերթ գունատվում: Ի վերջո, նա թուղթը նետեց կրակի մեջ…

  • Այդ նամակը հրկիզող է: Օ՜, ես շնչահեղձ եմ լինում:

Նա վեր կացավ, սկսեց քայլել, նրա աչքերը վառվում էին:

  • Նա չի հեռացել Փարիզից,– գոչեց նա:

Նրա թափընդհատ ճառը, որը տիկին դը Վիմֆենը չհամարձակվեց ընդմիջել, միջահատվում էր զարհուրելի դադարներով: Ամեն մի ընդհատումից հետո բառերն արտասանվում էին ավելի ու ավելի խորունկ շեշտերով: Վերջին բառերն ինչ-որ ահարկու բան էին պարունակում:

  • Նա շարունակել է գաղտնաբար տեսնել ինձ: Նրա կողմից որսած իմ ամեն մի նայվածքը օգնում է նրան ապրել: Դու չգիտես, Լուիզա, նա մեռնում է և թույլտվություն է խնդրում հրաժեշտ տալ ինձ, նա գիտե, որ իմ ամուսինը մի քանի օր տանը չի լինելու, և հիմա նա գալու է: Օ, ես կկործանվեմ: Ես կորած եմ: Լսիր, կաց ինձ հետ: Քո ներկայությամբ նա չի հանդգնի: Օ, մնա, ես վախենում եմ ինձնից:

  • Բայց իմ ամուսինը գիտե, որ քեզ մոտ եմ ճաշել,– պատասխանեց տիկին դը Վիմֆենը,– և պետք է գա իմ ետևից:

  • Դե լավ, մինչև քո մեկնելը ես նրան ճամփու կդնեմ: Ես կլինեմ մեր երկուսի դահիճը: Ավաղ, պիտի մտածի, որ ես այլևս նրան չեմ սիրում: Եվ այդ նամակը, թանկագինս, այնպիսի խոսքեր էր պարունակում, որ ասես կրակե տառերով էր գրված:

Դարպասից մի կառք ներս մտավ:

  • Ահ,– բացականչեց մարկիզուհին, ուրախության մի ժպիտով,– նա գալիս է հրապարակորեն և առանց որևէ խորհրդավորության:

  • Լորդ Գրենվիլ,– զեկուցեց սպասավորը:

Մարկիզուհին մնաց կանգնած, անշարժ: Տեսնելով Արթուրին գունատ, նիհար և հյուծված, նա այլևս հնարավոր խստություն չցուցահանեց: Թեպետ լորդ Գրենվիլը չափազանց դժկամեց, որ Ժյուլիին մենակ չգտավ, բայց մնաց հանդարտ ու սառը: Սակայն այդ երկու կանանց համար, որոնք հաղորդակից էին նրա սիրո գաղտնիքներին, նրա զսպվածությունը, ձայնի հնչյունը, նրա նայվածքի արտահայտությունը էլեկտրական թափի ինչ-որ ուժ ունեին: Մարկիզուհին ու տիկին դը Վիմֆենը ասես քարացան, տեսնելով նրա կսկծալի և հուզված տեսքը: Լորդ Գրենվիլի ձայնի հնչյունը հարկադրում էր այնպես ցավագնորեն սարսռալ տիկին դ’Էգլմոնին, որ սա չէր համարձակվում նրան պատասխանել, վախենալով, որ Արթուրը կնկատի, թե ինչպիսի իշխանություն ունի նրա վրա: Լորդ Գրենվիլը չէր համարձակվում նայել ժյուլիին, այնպես որ, տիկին դը Վիմֆենը մենակ էր վարում գրեթե որևէ շահագրգռությունից զուրկ մի խոսակցություն. բարեկամուհուն նետելով հուզիչ երախտագիտության մի նայվածք, Ժյուլին շնորհակալություն հայտնեց այն օգնության համար, որ նա մատուցում էր իրեն: Այդ միջոցին երկու սիրահարներ ճնշեցին իրենց զգացումները և պարտավորվեցին իրենց պահել պարտականության ու պատշաճության սահմաններում: Բայց շուտով ազդարարեցին պարոն դը Վիմֆենի գալուստը. տեսնելով նրա ներս մտնելը, երկու բարեկամուհիները իրար մի նայվածը նետեցին, և անխոս հասկացան կացության նոր դժվարությունները: Անհնար է պարոն դը Վիմֆենին իրազեկ դարձնել այդ դրամայի գաղտնիքի մասին, իսկ Լուիզան անհրաժեշտ փաստարկումներ չուներ, որպեսզի խնդրեր ամուսնուն, որ թուլլ տա իրեն մնալ բարեկամուհու մոտ: Երբ տիկին դը Վիմֆենը իր շալն էր գցում, Ժլուլին վեր կացավ, որպես թե օգնում է Լուիզալին կապելու, և կամացուկ ասաց.

  • Ես արիություն կունենամ: Եթե նա ինձ մոտ է եկել հրապարակորեն, ինչի՞ց եմ վախենում: Բայց, առանց քեզ, առաջին պահին, նրան տեսնելով այդպես փոխված, ես կընկնեի նրա ոտքերը:

  • Ուրեմն, Արթուր, դուք ինձ չհնազանդվեցիք,– ասաց տիկին դ’Էգլմոնը դողդոջուն ձայնով, երբ վերադարձավ և վերստին գրավեց իր տեղը բազմոցի վրա, որտեղ լորդ Գրենվիլը չհամարձակվեց նստել:

  • Ես չկարողացա ավելի երկար դիմադրել ձեր ձայնը լսելու, ձեզ մոտ լինելու ցանկությանը: Այդ մի խելացնորություն էր, մի զառանցանք: Ես այլևս իմ տերը չեմ: Ես ինձ լավ եմ հետազոտել, ես չափազանց տկար եմ: Ես պիտի մեռնեմ: Բայց մեռնել՝ առանց ձեզ տեսնելու, առանց լսելու ձեր շրջազդեստի շրշյունը, առանց ընդունելու ձեր արցունքները, այդ կլիներ սարսափելի մահ:

Նա ուզեց ետ քաշվել Ժյուլիից, բայց ուժգին շարժումից գրպանից ընկավ մի ատրճանակ: Մարկիզուհին նայեց այդ զենքին այնպիսի հայացքով, որը չէր արտահայտում ո՛չ զգացումներ և ո՛չ էլ մտքեր: Լորդ Գրենվիլը վերցրեց ատրճանակը և շատ խիստ սրտնեղվեց այդ պատահարից, որը կարող էր համարվել սիրահարվածի կանխամտածություն:

  • Արթո՞ւր,– հարցրեց Ժյուլին:

  • Տիկին,– պատասխանեց Գրենվիլը, խոնարհեցնելով աչքերը,– ես եկա լի հուսահատությամբ, ես ուզում էի...

Նա կանգ առավ:

  • Դուք կամենում էիք ձեզ սպանել իմ տանը,– բացականչեց Ժյուլին:

  • Բայց ոչ մենակ ինձ,– կամացուկ ասաց Արթուրը:

  • Էլ ո՞ւմ, թերևս ամուսնո՞ւս:

  • Ոչ, ոչ,– ճչաց Արթուրը խեղդված ձայնով:– Բայց հանգստացեք,– հարեց նա,– իմ ճակատագրական դիտավորությունը ցնդեց: Երբ ներս մտա, երբ տեսա ձեզ, իսկույն արիություն զգացի լռելու, մեռնելու մենակ:

Ժյուլին վեր կացավ, նետվեց Արթուրի գիրկը. և սա, հակառակ իր սիրուհու հեկեկանքներին, զատորոշեց հրայրքով լի երկու խոսք.

  • Ճանաչել երջանկությունը և մեռնել...– ասաց Ժյուլին:– Է, ինչ արած, թող այդպես լինի:

Ժյուլիի բովանդակ պատմությունը այդ խորունկ ճիչի մեջ էր, մարմնի ու սիրո ճիչը, սեր, որին չեն կարող դիմադրել հավատքից զուրկ կանայք: Արթուրը իսկույն գրկեց նրան և բերեց բազմոցի վրա, նրա շարժումներն համակված էին այն ուժով, որ անսպասելի երջանկությունն է տալիս մեզ: Բայց, մարկիզուհին հանկարծ դուրս պրծավ Գրենվիլի բազուկներից, նրան նետեց հուսահատության հասած կնոջ անշարժ նայվածքը, բռնեց նրա ձեռքը, վերցրեց մի մոմ, և նրան քարշ տվեց իր ննջարանը: Հետո, հասնելով օրորոցին, որտեղ քնած էր Էլենը, ետ քաշեց վարագույրները, բաց արավ իր երեխային, մի ձեռքը դնելով մոմի դիմաց, որպեսզի լույսի պայծառությունը չդիպչի իր դստրիկի թափանցիկ ու հազիվ գոցված կոպերին: Էլենը բազուկները պարզել էր և ժպտում էր քնի մեջ: Ժյուլին նայվածքով լորդ Գրենվիլին ցույց տվեց իր մանկիկին: Այդ նայվածքով ամեն ինչ ասված էր:

«Ամուսնուն կարելի է լքել, եթե նույնիսկ նա սիրում է մեզ: Տղամարդը ուժեղ էակ է, նա սփոփանքներ ունի: Մենք կարող ենք արհամարհել աշխարհիկ հասարակության օրենքները: Բայց երեխային ինչպե՞ս թողնել առանց մոր»:

Բոլոր այդ մտքերը և հազարավոր ուրիշ ավելի սրտաշարժ մտքեր ցոլացին այդ նայվածքում:

  • Մենք կարող ենք նրան մեզ հետ տանել,– ասաց անգլիացին մրմնջալով,– ես նրան շատ պիտի սիրեմ...

  • Մայրիկ,– ասաց Էլենը զարթնելով:

Այս բառի վրա Ժյուլին հեծկլտաց, Լորդ Գրենվիլը նստեց և այդպես մնաց՝ ձեռքերը խաչած, համր ու մռայլ:

«Մայրիկ»: Այդ գողտրիկ, միամիտ բացականչությունը զարթեցրեց այնքան ազնիվ զգացումներ և այնքան անդիմադրելի քնքշություններ, որ սերը մի պահ ճզմվեց մայրության հզոր ձայնից: Ժյուլին այլևս կին չէր, նա մայր էր: Լորդ Գրենվիլը չկարողացավ երկար դիմադրել, Ժյուլիի արցունքները զինաթափեցին նրան: Այդ նույն պահին, ինչ-որ դուռ ուժգնապես և աղմուկով բացվեց և «Տիկին դ’Էգլմոն, դու այստե՞ղ ես» բառերը, թնդացին երկու սիրահարների սրտերում, ինչպես շանթի հարված: Մարկիզը վերադարձել էր: Ժյուլին դեռ չէր կարողացել վերստանալ իր սառնարյունությունը, երբ գեներալը իր սենյակից ուղղվեց դեպի կնոջ սենյակը: Այդ երկու սենյակները կից էին: Բարեբախտաբար, Ժյուլին նշան արեց լորդ Գրենվիլին, որը նետվեց արդուզարդի սենյակը, և մարկիզուհին արագորեն փակեց դուռը:

  • Այդպես ուրեմն, կինս,– ասաց Վիկտորը,– ահա և ես: Որսորդությունը չհաջողվեց: Ես գնում եմ պառկելու:

  • Բարի գիշեր,– ասաց Ժյուլին – ինքս էլ եմ նույնը անելու, այնպես որ, թողեք ինձ շորերս հանեմ:

  • Դուք այսօր շատ կամակոր եք: Ես ձեզ հնազանդվում եմ, մարկիզուհի:

Գեներալը մտավ իր սենյակը, Ժյուլին ուղեկցեց նրան, որպեսզի փակի հաղորդակցության դուռը, և նետվեց ազատելու լորդ Գրենվիլին: Նա վերստացավ իր ճարտարամտությունը, և մտածեց, որ իր նախկին բժշկի այցելությունը խիստ բնական էր, նա կարող էր նրան թողնել հյուրասրահում և գալ պառկեցնելու իր աղջկան: Ժյուլին գնաց նրան ասելու, որ կամացուկ անցնի հյուրասրահ, բայց, երբ բաց արեց արդուզարդի առանձնասենյակի դուռը, ծակող մի ճիչ արձակեց: Լորդ Գրենվիլի մատները ընկել էին դռան տակ և ջնջխվել:

  • Այդ ի՞նչ պատահեց քեզ,– հարցրեց ամուսինը:

  • Ոչինչ, ոչինչ,– պատասխանեց կինը,– ես գնդասեղով մատս ծակեցի:

Հաղորդակցության դուռը հանկարծ բացվեց: Մարկիզուհին մտածեց, որ ամուսինը գալիս է իր հետ պատահածի համար անհանգստացած և անիծեց այդ հոգածությունը, որի մեջ սերը դեր չէր խաղում: Նա հազիվ ժամանակ ունեցավ փակելու արդուզարդի սենյակի դուռը, երբ լորդ Գրենվիլը դեռ իր ձեռքը չէր ազատել: Հիրավի գեներալը հայտնվեց, բայց մարկիզուհին խաբված էր. ամուսնուն այնտեղ էր բերում իր սեփական անձի վերաբերյալ մի անհանգստություն:

  • Կարո՞ղ ես ինձ փոխ տալ գլխի մի թաշկինակ: Այդ անպիտան Շառլը ինձ թողնում է առանց գլխի թաշկինակի: Մեր ամուսնության առաջին օրերում դու խառնվում էիր իմ գործերին այնպիսի բծախնդիր հոգատարությամբ, որ ինձ ձանձրացնում էիր: Ահ, մեղրամիսն ինձ և իմ օձիքների համար երկար չտևեց: Հիմա ես մատնված եմ այնպիսի մարդկանց իշխանությանը, որոնք բոլորն էլ ծիծաղում են ինձ վրա:

  • Վերցրեք, ահա թաշկինակը: Դուք չմտա՞ք հյուրասրահ:

  • Ոչ:

  • Դուք այնտեղ, գուցե դեռ հանդիպեիք լորդ Գրենվիլին:

  • Նա Փարիզո՞ւմ է:

  • Հավանաբար:

  • Օ, ես կգնամ այնտեղ… այդ հիանալի բժիշկը…

  • Բայց նա կարող է մեկնած լինել,– բացականչեց Ժյուլին:

Մարկիզն այն րոպեին գտնվում էր իր կնոջ սենյակի մեջտեղում, և թաշկինակը գլխին կապելով, հաճությամբ իրեն էր դիտում հայելու մեջ:

  • Ես չգիտեմ, թե ուր են մեր սպասավորները,– ասաց մարկիզը:– Արդեն երեք անգամ զանգահարել եմ Շառլին, բայց նա չերևաց: Դուք նույնպես առանց ձեր սպասուհու եք: Զանգահարեցեք նրան, ես կուզենայի այս գիշեր մի ավելորդ վերմակ ունենալ:

  • Պոլինը դուրս է գնացել,– չորությամբ պատասխանեց մարկիզուհին:

  • Կեսգիշեր է հիմա,– ասաց գեներալը:

  • Ես նրան թույլատրեցի գնալ օպերա:

  • Տարօրինակ է,– հարեց ամուսինը շորերը հանելով,– կարծում եմ, որ ես նրան տեսա, երբ բարձրանում էի սանդուղքից:

  • Այդ դեպքում, անշուշտ, տուն եկած կլինի,– ասաց Ժյուլին՝ անհամբերություն ցուցահանելով:

Բայց, որպեսզի իր ամուսնու մոտ ոչ մի կասկած չարթնացնի, քաշեց զանգակի լարը, բայց թույլ կերպով:

Այդ գիշերվա ոչ բոլոր անցքերը հայտնի դարձան, բայց այդ բոլորը ակներևաբար նույնքան պարզ, նույնքան զարհուրելի էին, ինչպես եղել էին դրան նախորդող անցքերը: Մյուս օրը մարկիզուհի դ’Էգլմոնը մի քանի օրով անկողին ընկավ:

  • Այդ ի՞նչ արտակարգ բան է պատահել քո տանը, որ բոլորը խոսում են քո կնոջ մասին,– հարցրեց պարոն դը Ռոնկերոլը պարոն դ’Էգլմոնին, այդ աղետալի գիշերից մի քանի օր հետո:

  • Հավատա ինձ, մնա ամուրի,– ասաց դ’Էգլմոնը: – Վառվեցին վարագույրներն այն անկողնի, ուր պառկած էր Էլենը. իմ կինը այդ բանից այնպես է ցնցվել, որ մի տարի հիվանդ պիտի պառկի, ինչպես ասում է բժիշկը: Դուք ամուսնանում եք մի սիրունիկ կնոջ հետ, նա տգեղանում է. դուք ամուսնանում եք առողջությամբ լի մի դեռատի աղջկա հետ, նա կդառնա հիվանդոտ. դուք նրան հրայրքոտ կկարծեք, նա կլինի սառը. կամ թե արտաքուստ սառը կերևա, բայց իրապես այնչափ կրքոտ կլինի, որ ձեզ կսպանի կամ կխայտառակի: Հեզ էակները կդառնան անսաստ, իսկ ահասաստը երբեք հեզ չի դառնում: Երբեմն, այն երեխան, որին դուք համարում եք պարզունակ ու թույլ, ձեր նկատմամբ կդրսևորի երկաթյա կամք, դիվային խելք: Ես ձանձրացել եմ ամուսնությունից:

  • Թե՞ քո կնոջից:

  • Դժվար թե: Ի միջի այլոց կուզե՞ս ինձ հետ գալ Թոմաս Ակվինացու եկեղեցին՝ լորդ Գրենվիլի թաղմանը:

  • Տարօրինակ ժամանց: Բայց,– հարեց Ռոնկերոլը,– հաստատապես հայտնի՞ է նրա մահվան պատճառը:

  • Նրա սպասավորը պնդում է, որ մի ամբողջ գիշեր նա մնացել է ինչ-որ մեկի լուսամուտի արտաքին ելուստի վրա, փրկելու համար իր սիրուհու պատիվը, իսկ այդ օրերին սաստիկ ցուրտ էր:

  • Նման ինքնազոհություն հարգանքի շատ արժանի կլիներ մեզ, հին փորձառուներիս մոտ, իսկ լորդ Գրենվիլը երիտասարդ էր և... անգլիացի: Այդ անգլիացիները շարունակ ուզում են յուրահատուկ բան անել:

  • Բահ,– պատասխանեց դ’Էգլմոնը,– հերոսականության այդ վարմունքները կախված են այն կնոջից, որը ներշնչում է դրանք, և իհարկե, իմ կնոջ համար չէ, որ մեռել է այդ խեղճ Արթուրը:


[1] «Ես թագուհի եմ, ես ռազմուհի եմ» (իտ.) - Մեներգ Ռոսսինիի «Շամիրամ» օպերայից:

[2] Սուլթանական հրամանագիր, բնագրում գործածված է թուրքերեն այդ բառը:

Comments

  • Սակայն, հայրիկ, պետք է, որ նա խելոք և ընդունակ լինի, քանի որ գնդապետ է դարձել:

  • Սիրելիս, Վիկտորն իր ամբողջ կյանքում գնդապետ էլ կմնա: Ես դեռ չեմ հանդիպել այնպիսի մի մարդու, որ արժանի համարեմ քեզ,– ասաց ծերունի հայրը մի տեսակ ոգեշնչումով:

  • Դե, իհարկե, միլորդ,– ասաց մարկիզը ծիծաղելով,– միայն անգլիացին կարող էր անել ինձ այդպիսի մի արտառոց առաջարկություն: Թույլ տվեք ինձ չմերժել այն և չընդունել, ես կմտածեմ այդ մասին: Ամենից առաջ այդ մասին պետք է հարցնել իմ կնոջ կարծիքը: