1. Օձամանուկ և Արևահատ

Chapter 3

Բ

Աղջկերքը տեղ են հասնում։ Քաղաքի մեծ ու փոքրը հավաքվում են, որ տեսնեն ինչ աղջկերք են եկողները, ու տեսնում են, որ ի՜նչ՝ բոլորն էլ հայ աղջկերք, մինը քան մյուսը գեղեցիկ։ Շատ ափսոսում են, որ այդ խեղճերը պիտի վիշապի կերակուր դառնան։ Նրանց միջին միայն Արևահատն է ամենից տգեղ երևում, որովհետև երեսին ցեխ ու մուր էր քսել, սիրունությունը չէր երևում։ Թագավորը հրամայում է, որ դրանց լավ տան մեջ պահեն, լավ հագցնեն, լավ ուտեցնեն, գիրացնեն և օրենը մեկը տան օձին։ Առաջին օրը ընտրում են Արևահատին, թե՝ սա ամենից տգեղն է և չի էլ վախենում, առաջ դրան տանենք, որ մյուսներն էլ սիրտ առնեն։

Բռնում են Արևահատի կռնիցը, թե՝ դե արի գնանք, քեզ պիտի մարդու տանք, քո փեսացուն թագավորի որդին է, դու թագուհի կդառնաս։ Այդպես խաբելով, կռնիցը բռնած՝ տանում են օձի բնակարանը, որ թագավորական պալատումը մի ընդարձակ տեղ էր բռնում իր առաջի պարտեզովն ու նրա միջի գեղեցիկ ավազաններովը։

Երբ որ մտնում են պարտեզը և այնտեղից ուզում են դուռը բաց անեն, ներս գցեն, Արևահատն ասում է.

― Որովհետև ինձ տանում եք թագավորի որդու մոտ, թողե՛ք առաջ այս հավուզումը երեսս լվանամ, հագուստս շտկեմ, մազերս սանրեմ, թե չէ՝ ամոթ է։

Ասում են.

― Շա՛տ լավ, ինչ անում ես՝ արա, մենք կհեռանանք կշտիցդ, որ դու չամաչես մեզանից։ Արևահատը որ մենակ է մնում, երեսը լվանում է, գլուխը սանրում, Արևամոր տված հագուստը հագնում է։ Այսպես զուգված, զարդարված որ դուրս չի գալիս, նրա տանող մարդիկը մնում են ապշած, այնպես են կարծում, թե՝ մի նոր արեգակ դուրս եկավ պարտեզիցը. չեն հավատում, որ նա իրանց տարած աղջիկն է, որ նա մի հողեղեն է. ասում են սա երկնքից կլինի եկած խեղճ աղջկա կերպարանքով, բայց հիմա փոխվեց, իր պատկերն առավ։ ​

Արևահատը մոտենում է նրանց ու էլ խեղճ-խեղճ չի խոսում, այլ հրամայում է, թե՝ ի՞նչ եք պլշել տավարի պես, ցո՛ւյց տվեք ինձ ճանապարհը, ո՞ւր պիտի գնամ։ Այսպես որ հրամայում է նրանց՝ նրանք դողում, սարսափում են. չոքում են առաջին, մեղա գալիս, խնդրում են, որ իրանց հանցանքը ների։ Ասում են՝ քեզ բերել ենք ոչ թե մարդու տալու, այլ՝ վիշապին, որ ահա այս տան մեջն է։ Եթե ուզում ես՝ մենք քեզ կազատենք, թեկուզ թագավորը դրա համար մեզ խեղդել տա։

Արևահատն ասում է՝ հարկավոր չէ. տվե՛ք ինձ այս դռների բալանիքները, ես վիշապից չեմ վախենում։

Բալանիքները առնում է, բաց է անում դուռը, սենյակից սենյակ անցնելով՝ մտնում է մի մեծ դարբաս, տեսնում է, որ ահա այստեղ, տախտակի վրա մի ահագին վիշապ է մեկնված։ Արևահատը մի քիչ հեռու կանգնում է ու ասում.

― Բարո՛վ քեզ, թագավորի որդի։ Ես Արևամոր կշտիցն եմ գալիս․ նա շնորհավորում է քո ծնունդը ու քեզ արևշատություն է ցանկանում։

Վիշապը գլուխը բարձրացնում է ու սուր աչքերով մտիկ է տալիս Արևահատին։ Արևահատը սկսում է դողդողալ, ամբողջ մարմինը սարսռում է, մազերը՝ փշաքաղվում։ Օձը տեսնում է, որ Արևահատը վախենում է, գլուխը շուռ է տալիս՝ տանում պոչի մոտ, բայց մեկ էլ էլի ետ է դառնում մտիկ տալիս, այսպես կրկնում է մի քանի անգամ և խեղճ աղջկանը հալումաշ է անում։ Հետո Արևահատի միտն է ընկնում Արևամոր տված խրատը, նոր սիրտ է առնում ու ասում է.

― Թագավորի որդի, եթե ինձ ուտելու ես՝ միանգամից կուլ տուր, ես պրծնեմ, էլ ինչո՞ւ ես ինձ այսպես տանջում, իսկ եթե ոչ՝ Արևամոր անունովը ես քեզ հրամայում եմ՝ դո՛ւրս արի քո խորխիցը (մաշկից)։

Այս խոսքի ասելն ու վիշապի կծկվիլը մին է դառնում։ Կծկվում է, կծկվում, կոլոլվում, դողդողում, ոլորվում ու մեկ էլ՝ որ չի տրաքվո՜ւմ, նրա ձայնից բոլոր պալատն այնպես է թնդում, որ թագավորն ինքը տեղիցը վեր է թռչում։

Ամեն կողմից վազում գալիս են, որ տեսնեն ինչ պատահեց, ու գալիս տեսնում են, որ ի՜նչ՝ վիշապի խորխը մի կողմ ընկած, ու նրա տեղ սպիտակ սավանում փաթաթված մի սիրուն տղա, մոտն էլ խաս ու ղումաշում ծփալիս, արևի նման շարմաղ մի աղջիկ նստած՝ իրար հետ խոսում, ծիծաղում են։ Իսկույն վազում են թագավորին ականջաբռնուկ. նրան աչքալույս են տալիս ու ասում. «Բա չես ասիլ, օձը մի սիրուն, շարմաղ տղա է դառել»։ Թագավորը, թագուհին վազում են, իրանց որդուն ջոկ, Արևահատին ջոկ գրկում, համբուրում։ Տղային հագցնում են, զուգում, զարդարում, անունն էլ դնում են Օձամանուկ։ Հետո Օձամանուկին ու Արևահատին յոթն օր, յոթը գիշեր հարսանիք են անում, նրանք հասնում են իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Comments