Chapter 2
II
Ֆոն Բորկը վեր թռավ բազկաթոռից։
— Դուք լկտիաբար ասում եք ինձ, որ ես մատնում եմ իմ սեփական գործակալների՞ն։
— Ես այդ չասացի, միստր, բայց այստեղ ինչ-որ տեղ մատնիչ է հայտնվել կամ ինչ-որ մեկն աշխատում է և՛ ձեր, և՛ նրանց համար։ Եվ հարկ է, որ դուք գտնեք, թե ով է նա։ Ամեն դեպքում ես այլևս գլուխս վտանգի տակ չեմ դնի։ Ինձ տեղափոխեք Հոլանդիա, և որքան շուտ, այնքան լավ։
Ֆոն Բորկը խեղդեց իր զայրույթը։
— Մենք շատ ենք միասին աշխատել, որպեսզի հիմա, հաղթանակի նախօրյակին, վիճենք, — ասաց նա։ Դուք գերազանց եք աշխատել, վտանգել եք ձեզ, և ես դա չեմ մոռանա։ Իհարկե, մեկնեք Հոլանդիա։ Ռոտերդամում կարող եք նստել շոգենավ՝ մինչև Նյու Յորք։ Մնացած բոլոր նավագծերը մեկ շաբաթից կդառնան վտանգավոր։ Ուրեմն, այսպես, ես վերցնում եմ ձեր ցուցակը և կցում մյուս փաստաթղթերին։
Ամերիկացին շարունակում էր բռնած պահել ծրարը և ոչ մի ցանկություն չուներ դրանից բաժանվել։
— Իսկ ինչպե՞ս է դրամի հարցը։
— Ի՞նչ է պատահել։
— Դրամի գործով։ Պարգևատրություն աշխատանքի համար։ Իմ հինգ հարյուր ֆունտը։ Նա, ով այս բոլորն ինձ համար ձեռք բերեց, վերջում համառեց, հարկ եղավ նրան համոզել՝ տվեցի ևս հարյուր դոլար։ Եթե ոչ, մենք կմնայինք առանց ոչ մի շանսի՝ և դուք, և ես… «Գործն առաջ չի գնա», — ասաց նա ինձ, և ես տեսա, որ նա չի կատակում։ Բայց երկրորդ հարյուրն իր գործն արեց։ Այնպես որ, այս ամբողջին տվեցի երկու հարյուր և հիմա մինչև իմը չստանամ, թղթերը չեմ տա։
Ֆոն Բորկը դառնությամբ ժպտաց։
— Թվում է, դուք այնքան էլ մեծ կարծիքի չեք իմ ազնվության մասին, — ասաց նա։ — Ցանկանում եք, որպեսզի դրամը տամ մինչև թղթերը ստանալը։
— Դե ինչ, միստր, մենք գործնական մարդիկ ենք։
— Լավ, թող ձեր ասածը լինի։ — Ֆոն Բորկը նստեց սեղանի մոտ, լրացրեց դրամաթուղթը, պոկեց դրամագրքույկից, բայց տալ չշտապեց։ — Միստր Օլթեմոնտ, քանի որ մենք անցանք այսպիսի փոխհարաբերությունների, իմաստ չեմ տեսնում, թե ինչու պետք է ես ձեզ ավելի վստահեմ, քան դուք՝ ինձ։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք, — ավելացրեց նա, ուսի վրայով նայելով ամերիկացուն։ — Դրամաթուղթը կդնեմ սեղանին։ Ես իրավունք ունեմ պահանջելու, որ դուք թույլ տաք սկզբում աչքի անցկացնել ծրարի պարունակությունը, հետո միայն վերցնեք դրամաթուղթը։
Ոչինչ չասելով, ամերիկացին մեկնեց ծրարը։ Ֆոն Բորկը քանդեց ժապավենը, բացեց երկտակ փաթեթը։ Մի քանի ակնթարթ նա զարմացած հայացքը չէր կտրում կապույտ կազմով գրքից, որի վրա ոսկե տառերով դրոշմված էր «Մեղուների բազմացման գործնական ձեռնարկ»։ Բայց նրան չհաջողվեց երկար նայել այդ անմիտ վերնագրին․ երկաթե սեղմիչների պես ուժեղ ձեռքերը ետևից ճանկեցին վիզը և նրա դեմքին սեղմեցին քլորոֆորմով թրջված սպունգը։
— Մի բաժա՞կ էլ, Ուոտսոն, — ասաց Շերլոկ Հոլմսը՝ մեկնելով տոկայական գինով շիշը։
Ամրակազմ, թիկնեղ վարորդը, հիմա արդեն սեղանի մոտ նստած, նկատելի պատրաստակամությամբ մեկնեց իր բաժակը։
— Վատ գինի չէ, Հոլմս։
— Հիանալի է, Ուոտսոն։ Հիմա բազմոցին պառկած մեր ընկերը հավատացնում էր ինձ, որ այս գինին Ֆրանց Իոսիֆի Շենբրունկյան դղյակի անձնական մառանից է։ Խնդրում եմ բացեք պատուհանը։ Քլորոֆորմի գոլորշին չի նպաստում հաճելի համի զգացողությանը։
Չհրկիզվող պահարանը մնացել էր բաց, և Հոլմսը այնտեղից հանում էր գործ գործի ետևից, յուրաքանչյուրն արագ զննում և հետո կանոնավոր դարսում ֆոն Բորկի ճամպրուկում։ Գերմանացին խռպոտ շնչելով պառկած էր բազմոցին՝ ձեռքերն ու ոտքերը գոտիներով կապկպված։
— Առանձնապես կարելի է չշտապել, Ուոտսոն։ Մեզ ոչ ոք չի խանգարում։ Բարի եղեք սեղմել զանգի կոճակը։ Տանը ոչ ոք չկա, բացի ծեր Մարթայից, նա իր դերը գերազանց կատարեց։ Հենց որ ձեռնամուխ եղա այս գործի քննությանը, նրան անմիջապես այստեղ տեղավորեցի։
— Ա՜, Մարթա, եկաք։ Ձեզ հաճելի կլինի իմանալ, որ ամեն ինչ կարգին է։
Պատվարժան ծեր կինը կանգնեց դռան մոտ և ժպտալով խոնարհվեց Հոլմսի առաջ, հետո փոքր-ինչ վախով նայեց բազմոցին փռված մարմնին։
— Մի վախեցեք, Մարթա։ Նրան բացարձակապես ոչինչ չի պատահել։
— Շատ ուրախ եմ, միստր Հոլմս։ Իր տեսակի մեջ վատ տեր չէր։ Նույնիսկ ցանկանում էր, որ ես իր կնոջ հետ Գերմանիա մեկնեմ, բայց դա չէր մտնում ձեր ծրագրի մեջ, ճիշտ չէ՞, սըր։
— Իհարկե, ոչ։ Քանի դուք այստեղ էիք, ես հանգիստ էի։ Բայց այսօր մեզ հարկ եղավ երկար սպասել ձեր ազդանշանին։
— Դա քարտուղարի պատճառով էր, սըր։
— Այո, ես գիտեմ։ Մենք հանդիպեցինք նրա մեքենային։
— Ես արդեն մտածում էի, որ նա այլևս չի գնա։ Գիտեի, սըր, որ նրա այստեղ գտնվելը չէր համապատասխանում ձեր ծրագրերին։
— Իհարկե, ոչ։ Մի կես ժամ սպասեցինք, բայց դա նշանակություն չունի։ Հենց տեսա, որ հանգցրիք լամպը, հասկացա, որ ճանապարհն ազատ է։ Վաղը, Մարթա, կարող եք գալ ինձ մոտ՝ Լոնդոն, «Կլարիջ» հյուրանոց։
— Լսում եմ, սըր։
— Կարծում եմ, ամեն ինչ պատրաստել եք մեկնելու համար։
— Այո, սըր։ Նա այսօր յոթ նամակ ուղարկեց։ Ինչպես միշտ՝ ես արտագրեցի հասցեները։
— Հիանալի է, Մարթա։ Վաղը ես դրանք կնայեմ։ Բարի գիշեր։ Ահա այս թղթերը, — շարունակեց նա, երբ ծեր կինը գնաց իր սենյակը, — հատուկ արժեք չեն ներկայացնում․ այստեղ եղած տվյալները, իհարկե, վաղուց արդեն հաղորդվել են Գերմանիա։ Սրանք բոլորը բնագրեր են, որոնք այնքան էլ հեշտ չէ սահմանից անցկացնել։
— Ուրեմն, դրանցից ոչ մի օգուտ չկա՞։
— Չէի ասի, Ուոտսոն։ Ամեն դեպքում, դրանց միջոցով մենք կարող ենք ստուգել, թե ինչ է հայտնի և ինչ անհայտ գերմանական հետախուզությանը։ Պետք է նկատել, որ այս փաստաթղթերից շատերն անցել են իմ ձեռքով և, իհարկե, ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Օր ծերության ինձ հաճելի կլինի հետևել, թե ինչպես գերմանական հածանավը կմտնի Սոլենտի նեղուցը, ղեկավարվելով իմ կազմած ականապատման սխեմայով։ Հապա, Ուոտսոն, թույլ տվեք ձեզ նայել։ — Հոլմսը մի կողմ թողեց գործը և գրկեց ընկերոջ ուսերը։ — Ես ձեզ դեռ լույսի տակ չեմ տեսել։ Դե, ինչպե՞ս է անցած ժամանակն ազդել ձեզ վրա։ Ըստ իս, դուք նույն կենսախինդ պատանին եք, ինչպես և առաջ։
— Հոլմս, հիմա ես ինձ քսան տարով երիտասարդացած եմ զգում։ Դուք չեք կարող պատկերացնել, որքան ուրախացա, երբ ստացա ձեր հեռագիրը՝ մեքենայով ձեր ետևից Հարիջ գալու։ Դուք էլ, Հոլմս, շատ քիչ եք փոխվել։ Եթե չլիներ այդ սարսափելի մորուքը…
— Հայրենիքը զոհեր է պահանջում, Ուոտսոն, — ասաց Հոլմսը, ձգելով իր կզակի նոսր մազափունջը։ — Վաղը սա կդառնա լոկ մռայլ հիշողություն։ Կսափրեմ մորուքս, արտաքին ինչ-որ փոփոխություններ կկատարեմ և վաղը «Կլարիջում» նորից կլինեմ այնպիսին, ինչպիսին էի մինչև այս ամերիկյան գործը․ խնդրում եմ ներեք ինձ, Ուոտսոն, ես, թվում է, բոլորովին մոռացել եմ անգլերեն խոսելը։ Ցանկանում եմ ասել, ինչպիսին էի մինչև ամերիկացու դերում հանդես գալը։
— Բայց չէ որ դուք հեռացել էիք գործից, Հոլմս։ Մեզ լուրեր էին հասել, որ դուք մենակյաց կյանք էիք վարում Սուսեկսի ոչ մեծ ֆերմայում ձեր մեղուների և գրքերի շրջապատում։
— Միանգամայն ճիշտ է, Ուոտսոն։ Եվ ահա իմ ժամանցի արդյունքը՝ վերջին տարիների magnum opus-ը։ — Նա սեղանից վերցրեց փոքր գիրքը և բարձրաձայն կարդաց ամբողջ խորագիրը․ «Մեղուներ պահելու, ինչպես նաև առանձին պարսամայրերի դիտարկման գործնական ձեռնարկ»։ Դա ես մենակ կատարեցի։ Տեսեք օրերի և գիշերային խոհերի արգասիքները, երբ ես հետևում էի աշխատասեր մեղուներին, ճիշտ այնպես, ինչպես ինչ-որ ժամանակ Լոնդոնում հետևում էի հանցագործներին։
— Բայց ինչպե՞ս պատահեց, որ դուք նորից գործի անցաք։
— Ինքս էլ չգիտեմ։ Գիտեք ինչ, արտաքին գործերի մինիստրին ես դեռ կարող էի դիմադրել, բայց երբ անձամբ պրեմիեր մինիստրը բարեհաճեց այցելել իմ համեստ բնակարանը… Բանն այն է Ուոտսոն, որ բազմոցին պառկած այս ջենտլմենը այն ընկույզն է, որը մեր հակահետախուզության ատամի բանը չէր։ Իր տեսակի մեջ սա առաջնակարգ մասնագետ է։ Մեզ մոտ ինչ-որ բան չէր ստացվում և ոչ-ոք չէր հասկանում, թե բանն ինչն է։ Ինչ-որ մեկին կասկածում էին, որսում էին գործակալներին, բայց պարզ էր, որ նրանց գաղտնի ուղղություն էր տալիս ինչ-որ ուժեղ մի ձեռք։ Խիստ անհրաժեշտ էր նրան հայտնաբերել։ Ինձ վրա ուժեղ ճնշում գործադրեցին, ստիպեցին, որպեսզի ես զբաղվեմ այս գործով։ Դրա վրա երկու տարի ծախսեցի, Ուոտսոն, և չեմ կարող ասել, թե դրանք ինձ հաճելի հուզմունք չպատճառեցին։ Սկզբում ուղևորվեցի Չիկագո, փորձություն ձեռք բերելու Բուֆալոյի իռլանդական գաղտնի ընկերությունում, քիչ անհանգստություն չպատճառեցի Սկիբերինի ոստիկանությանը և վերջ ի վերջո ինձ վրա ուշադրություն դարձրեց ֆոն Բորկի ամենափոքր գործակալներից մեկը։ Նա, որպես հարմար մարդ, ինձ երաշխավորեց իր շեֆին։ Ինչպես տեսնում եք, բարդ աշխատանք է տարվել։ Եվ ահա ես արժանացա ֆոն Բորկի վստահությանը, չնայած որ նրա ծրագրերի մեծ մասը, չգիտես ինչու, տապալվեցին, և նրա հինգ լավագույն գործակալները բանտ ընկան։ Ես հետևեցի նրանց և չեզոքացրի, հենց որ նրանք հասունացան… Դե, սըր, հուսով եմ, դուք ձեզ այնքան էլ վատ չեք զգում։
Վերջին դիտողությունը հասցեագրված էր անձամբ ֆոն Բորկին, որն սկզբում երկար ժամանակ բերանով էր օդ ներս քաշում, շնչահեղձ էր լինում և հաճախ թարթում աչքերը, բայց հիմա անշարժ պառկել և լսում էր այն, ինչ պատմում էր Հոլմսը։
Հանկարծ նրա դեմքն աղավաղվեց կատաղությունից, և սենյակը լցվեց գերմանական հայհոյանքների հեղեղով։ Քանի դեռ գերին հայհոյում էր, Հոլմսը շարունակեց արագ և գործնական զննել փաստաթղթերը։
— Գերմաներենը, չնայած զուրկ է երաժշտականությունից, բայց ամենաարտահայտիչն է բոլոր լեզուներից, — նկատեց Հոլմսը, երբ ֆոն Բորկը լռեց, հավանաբար շնչահեղձ եղավ։ — Օ՜հ, թվում է, մի թռչնակ էլ է վանդակն ընկնում, — բացականչեց նա՝ ուշադիր նայելով ինչ-որ պատճենահանված գծագրերի։ — Ես վաղուց եմ այդ գանձապահին նկատի ունեցել, բայց, այնուամենայնիվ, չեմ մտածել, որ նա այսքան սրիկա է։ Միստր ֆոն Բորկ, ձեզ հարկ կլինի բազմաթիվ հարցերի պատասխանել։
Գերին դժվարությամբ գլուխը բարձրացրեց և իր թշնամուն նայեց զարմանքի և ատելության տարօրինակ խառնուրդով։
— Ես ձեզ հետ հաշիվներս կփակեմ, — խոսեց նա դանդաղ, հստակ արտասանելով բառերը։ — Թեկուզ դրա համար վատնեմ ողջ կյանքս, բայց կփոխհատուցեմ։
— Հաճելի հին երգ է, — ասաց Հոլմսը։ — Քանի անգամ եմ ես դա լսել անցած-գնացած ժամանակներում։ Երջանկահիշատակ պրոֆեսոր Մորիարտիի սիրած մոտիվը։ Եվ գնդապետ Սեբաստիան Մորենն էլ, ինչպես հայտնի է, սիրում էր դա երգել։ Իսկ ես, ահա, մինչև այսօր ողջ եմ և մեղուներ եմ բազմացնում Սուսեկսում։
— Նզովյալ լինես, երիցս դավաճան, — գոռաց գերմանացին ճիգ գործադրելով ազատվել կապանքներից՝ Հոլմսին շանթելով ատելությամբ լի հայացքով։
— Ոչ, ոչ, գործն այդքան էլ սարսափելի չէ, — ժպտաց Հոլմսը։ — Ինչպես ձեզ ապացուցում է իմ խոսքը՝ Չիկագոյի Օլթեմոնտը իրականում առասպել է։ Ես օգտագործեցի նրան, և նա անհետացավ։
— Այդ դեպքում դուք ո՞վ եք։
— Ընդհանուր առմամբ, դա էական չէ, բայց եթե դուք այդքան հետաքրքրվում եք, միստր ֆոն Բորկ, կարող եմ ասել, որ ես առաջին անգամ չէ, որ հանդիպում եմ ձեր ընտանիքի անդամներին։ Անցյալում ես քիչ գործեր չեմ բացահայտել Գերմանիայում և իմ անունը, հնարավոր է, ձեզ անհայտ չէ։
— Կցանկանայի իմանալ այն, — մռայլ ասաց պրուսացին։
— Այդ ես նպաստեցի, որպեսզի դադարի Իրեն Ադլերի և Բոհեմիայի հանգուցյալ թագավորի միությունը, երբ ձեր զարմիկ Հենրին դեսպանորդ էր։ Այդ ես փրկեցի կոմս ֆոն Գրաֆենշտեյնին՝ ձեր ավագ մորեղբորը, երբ նրան մահ էր սպասում նիհիլիստ Կոմպանի ձեռքից։ Այդ ես…
Ֆոն Բորկը զարմանքից նստեց։
— Միայն մեկ մարդ կա, որ…
— Ինքն է, որ կա, — ասաց Հոլմսը։
Ֆոն Բորկը հառաչեց և նորից ընկավ բազմոցին։
— Եվ համարյա բոլոր տեղեկությունները գալիս էին ձեզնից, — բացականչեց նա։ — Այս ի՞նչ եղավ։ Ի՞նչ արեցի ես։ Ես ոչնչացված եմ, իմ կարիերան անվերադարձ կործանվեց։
— Ձեր մոտի նյութն, իհարկե, այնքան էլ հուսալի չէ, — ասաց Հոլմսը։ — Դա ստուգում է պահանջում, բայց դրա համար ձեր ժամանակը քիչ է։ Ձեր ծովակալը կհայտնաբերի, որ նոր թնդանոթներն ավելի խոշոր են, իսկ հածանավերը լողում են ավելի արագ, քան ինքն էր սպասում։
Հուսահատությունից ֆոն Բորկն իր կոկորդից կառչեց։
— Անկասկած, ժամանակին շատ անճշտություններ կհայտնաբերվեն, — շարունակեց Հոլմսը։ — Բայց դուք գերմանացիների համար հազվագյուտ մի հատկություն ունեք՝ դուք մարզիկ եք։ Դուք ինձ վրա չեք զայրանա, երբ հասկանաք, որ այդքան մարդ հիմարացնելով, վերջապես դուք ինքներդ հիմարացաք։ Դուք ջանացիք հանուն ձեր երկրի բարօրության, իսկ ես՝ հանուն իմ։ Էլ ինչ կարող էր ավելի բնական լինել։ Եվ բացի այդ, — ավելացրեց նա ամենևին ոչ չարությամբ և ձեռքը դնելով ֆոն Բորկի ուսին, — այնուամենայնիվ, գերադասելի է զոհվել վեհանձն թշնամու ձեռքով։ Բոլոր թղթերն ստուգված են, Ուոտսոն։ Եթե դուք ինձ օգնեք բարձրացնել գերուն, կարծում եմ, անհրաժեշտ է հենց այս րոպեին ուղևորվել Լոնդոն։
Ֆոն Բորկին տեղից շարժելը հեշտ չէր։ Հուսահատությունը կրկնապատկել էր նրա ուժերը։ Վերջապես, երկու կողմից բռնելով գերմանացու արմունկներից, երկու ընկերները նրան դանդաղ տարան պարտեզի այն նույն ճանապարհով, որով մի քանի ժամ առաջ նա քայլում էր այնքան վստահությամբ՝ հաճոյախոսություններ լսելով հռչակված քաղաքագետից։ Կարճատև պայքարից հետո, ոտքերն ու ձեռքերը կապված ֆոն Բորկին նստեցրին փոքրիկ «Ֆորդի» ազատ նստարանին։ Նրա թանկարժեք ճամպրուկը տեղավորեցին կողքին։
— Հուսով եմ, այսպես հարմար է, որքան թույլ են տալիս հանգամանքները, — ասաց Հոլմսը, երբ ամեն ինչ պատրաստ էր։ — Դուք կամայականություն չե՞ք համարի, եթե ես սիգարը վառեմ և խցկեմ ձեր բերանը։
Բայց այս ամբողջ սիրալիրությունները զուր էին զայրացած գերմանացու համար։
— Կարծում եմ, դուք ձեզ հաշիվ տալիս եք, միստր Հոլմս, որ եթե ձեր կառավարությունը հավանություն տա իմ նկատմամբ ցուցաբերած ձեր գործունեությանը, ապա դա պատերազմ կնշանակի։
— Իսկ ձեր կառավարությունն ու նրա գործունեությո՞ւնը, — հարցրեց Հոլմսը՝ խփելով ճամպրուկին։
— Դուք մասնավոր անձ եք։ Դուք ինձ ձերբակալելու համար հրաման չունեք։ Ձեր ողջ գործունեությունը միանգամայն անօրինական և զայրացուցիչ է։
— Միանգամայն, — համաձայնեց Հոլմսը։
— Գերմանական հպատակի հափշտակում…
— Եվ նրա անձնական թղթերի։
— Ընդհանրապես, ձեզ պարզ է, թե ինչ վիճակում եք դուք և ձեր մեղսակիցը։ Եթե գյուղով անցնելիս ես օգնություն կանչեմ…
— Թանկագին սըր, եթե դուք մտածեք նման հիմարություն թույլ տալ, անկասկած կխախտեք մեր հյուրանոցների և պանդոկների ցուցանակների միօրինակությունը, դրանց ավելացնելով մեկը ևս՝ «Պրուսացին պարանի վրա»։ Անգլիացին համբերատար էակ է, բայց նա հիմա մի փոքր կատաղած է և լավ կլինի նրան չներքաշեք փորձության մեջ։ Ոչ, միստր ֆոն Բորկ, դուք մեզ հետ հանգիստ կհասնեք Սկոտլանդ-Յարդ և այդտեղից էլ եթե ցանկանաք, մարդ կուղարկեք ձեր ընկերոջ՝ բարոն ֆոն Հերլինգի ետևից։ Ինչ իմանաս, գուցե դեռ պահպանված է ձեր տեղը դեսպանության անձնակազմում։ Ինչ վերաբերվում է ձեզ, Ուոտսոն, որքան հասկացա, դուք վերադառնում եք զինվորական ծառայության, այնպես որ Լոնդոնը ձեր ճանապարհին է։ Եկեք մի փոքր կանգնենք բաց պատշգամբում․ սա երևի վերջին հանգիստ զրույցն է, որից կարող ենք հաճույք ստանալ։
Մի քանի րոպե ընկերները զրուցում էին՝ հիշելով անցյալ օրերը, իսկ նրանց գերին ապարդյուն փորձում էր ազատվել իրեն բաժին ընկած ճակատագրից։ Երբ ընկերները մոտեցան ավտոմեքենային, Հոլմսը ցույց տվեց լուսնի լույսով ողողված ծովն ու մտածկոտ օրորեց գլուխը։
— Շուտով արևելքից քամի կփչի, Ուոտսոն։
— Չեմ կարծում, Հոլմս, օրը դեռ տաք է։
— Է՜, ծերուկ Ուոտսոն, այս փոփոխական դարում միայն դուք չեք փոխվում։ Այո, շուտով այնպիսի արևելյան քամի կբարձրանա, որպիսին դեռ երբեք չի փչել Անգլիայի վրա։ Սառը, ծակող քամի, Ուոտսոն, և հնարավոր է մեզնից շատերը զոհվեն նրա սառցե շնչից։ Բայց, այնուամենայնիվ, դա աստծո տվածն է, և երբ փոթորիկը հանդարտվի, երկիրը արևոտ երկնքի տակ կդառնա ուժեղ, մաքուր, բարի։ Գործի դրեք մեքենան, Ուոտսոն, մեկնելու ժամանակն է։ Մոտս հինգ հարյուր ֆունտի դրամագրքույկի թուղթ կա ստորագրված, պետք է վաղը որքան կարելի է շուտ ներկայացնել, թե չէ, մեկ էլ տեսար, նա, ով ինձ տվել է, կդադարեցնի վճարումը: