Chapter 5
Chapter 5
Աշուն էր, պայծառ աշուն...
Հնձանի առաջ նստել էր Դիլան դային, գլուխը խոնարհել կրծքին ու միտք էր անում արևի տակ` անցած-գնացած օրերի մասին։
Այդ աշնան հաջորդ ամառը Սոնան մեռավ երեխայի վրա և լաց լացին նրա մայրը, ամուսինը, բարեկամները։ Ուրիշ աղջիկ գնաց նրա տեղը, Դիլան դային էլ կին առավ, բայց հիշողության մեջ հավիտյան անջինջ մնաց Սոնան, հնձանը, լաջվարդ շապիկը, արծաթե սուրմաները։
Դիմացի բլրակի լանջին գերեզմանատունն է։ Սոնայի գերեզմանաքարի վրա մամուռ կա, գրերը վաղուց լցվել են հողով, քարը թեքվել է մի կողմի վրա և թաղվել հողի մեջ։
Սոնային լաջվարդ շապիկով թաղեցին։ Արդեն վաղուց փտել է նրա լաջվարդն էլ, ոսկե մամուռի նման մարմինն էլ...
Քանի աշուն էր անցել այն օրից, համարք չունի։ Գիտի, որ ինքը զառամել է արդեն, քայլելիս հենվում է փայտին, աչքը չի տարբերում աշնան անտառի գույները, ականջը սուր չէ մանրիկ ոտնաձայն լսելու։
Հնձանի առաջ խոխոջալով հոսում էր առվակը, գիշեր-ցերեկ ջուրն աղմկում էր, ջրի անվախճան և անքննելի զրույցն անում մամուռներին, քարերին...
Դիլան դային առվակի կողմը նայեց, ժպտաց։ Նրա հիշողության խավար անդնդում բոցկլտաց այն օրը, ինչպես միայնակ աստղը մթին երկնքում։ Այն օրը, երբ Սոնան սրունքները կախել էր առվակի վրա և ծիծաղում էր...
Ապա միտքը սահեց, արահետով անցավ դեպի անտառը։
Միրհավ կար անտառում, թռավ արնակոլոլ, երկու փետուր թողեց փափուկ մամուռների վրա։ Միրհավի պես էր Սոնան, աչքերը խաղողի սև հատիկներ,― տարիներ առաջ, մի արևոտ աշնան, երբ իր ջլուտ ոտները պղնձաքարի ծանրությամբ ճմլում էին խաղողը և անապակ գինին շիթ առ շիթ ծորում էր մատների արանքով...
Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր։
... Դիլան դային վեր կացավ, ետ քաշեց հնձանի դուռը, երկաթե փակն ամրացրեց, մինչև մյուս գարուն։ Ապա կռացավ, դժվարությամբ շալակեց չորացած ոստերի և ցողունների կապը և հոգնած ոտքերը ծերունու հուշիկ քայլերով փոխեց դեպի այգու դուռը։
Այգում էլ ոչ ոք չմնաց։
Միայն իրիկվա հովից խշշում էին սիմինդրի կոշտացած ցողունները. չորացած տերևներն անհանգիստ խմբվում էին այս ու այն անկյունում, թպրտում հուսահատ և անմռունչ պառկում սև գուբի մեջ։