Chapter 4
Chapter 4
Անտառը ծանոթ էր նրան, գիտեր, թե որտեղ է սիրում բույն դնել ու կանչել միրհավը, մթին անտառների ոսկեփետուր թռչունը։
Անտառի մեջ մամռոտ ժայռեր կային, արջաբներ, քամուց ընկած դարավոր կաղնիներ, որոնց վրա սունկերը շատ էին ընկել։ Ծառերի կիսաչոր ճղները մամռոտել էին և կիսախավարի մեջ կարծես հետին որտքերի վրա բրդոտ արջեր էին կանգնած։
Ժայռերին չհասած` դիմացից լսվեց հրացանի պայթյուն։
Աղմուկից դրնգաց անտառը, դեղին տերևների ցողի խոշոր կաթիլները մետաղե ծանրությամբ ընկան խազալի վրա։ Մթնկա խորշում թպրտաց գիշերահավը։
Ո՞վ պիտի լիներ։ Կայծքարով հրացանի ձայն չէր։ Իսկ գյուղում ուրիշ բերդան չկար։
― Տեսնես ո՞վ է որս անում,― մտածեց նա։
Տերևները խշշացին։ Դիլան դային տապ արավ, պահվեց քարի հետևը։ Միրհավն էր. հանգիստ քուջուջ անելով փոխում էր արնագույն տոտիկները և կտուցով քրքրում լորենու փափուկ տերևները։
Դիլան դային թաքստոցից գլուխը հանեց նշանի, հրացանի փողը երկարեց քարի վրա։ Բայց հանկարծ թռավ միրհավը, հետքից մի ուրիշը, ապա երրորդը, չորրորդը...
Զգույշ է միրհավը, դժվար է նրան խփել։ Երբեմն այնքան մոտ է գալիս, ահա ուզում ես կրակել, բայց մի թեթև խշշոցից, նույնիսկ որսորդի խոր շնչառությունից, բացում է թևերը, թռչում է գնդակից արագ, ծղրտում, պտույտներ անում թանձր սաղարթի վրա և անձայն իջնում մի ուրիշ տեղ։ Զգույշ է միրհավը, քուջուջ անելիս ձգում է վիզը, աջ ու ձախ կռանում և ապա նորից երկարում վիզը, չորս կողմը նայում։
Դիլան դային թաքստոցից դուրս եկավ, ճանապարհը շարունակեց։ Արդեն անտառի խորքն էր. տեղ-տեղ ծառերն անանց պատնեշ էին կազմել։ Տերևները հարյուրավոր տարիներ թափվել էին իրար վրա, արևերես չէին տեսել ու չէին փնտրել։ Ծառերի բները թաղվել էին տերևների կույտի մեջ և ճյուղերը թխսամոր թևերի նման փռել ստվերում կապույտ սունկերի վրա։
Դիլան դային կոխ էր տալիս չորացած տերևները, թաղվում, ինչպես հարդի շեղջի մեջ, սայթաքում և ճղներից բռնելով ճանապարհը շարունակում։
Հասավ աղբյուրը, կռացավ կուշտ ջուր խմեց։ Քիչ հետո իջավ լորենիների ձորը։
Ներքև, քարերի վրա, այնքան շատ միրհավ կար... Արևը տաքացրել էր մամռոտ քարերը, ոսկեփետուր միրհավը, թևերին սև պուտեր, թռչում էր քարից քար, կանչում, կտցահարում հարևանին, էգի շուրջը պտույտներ անում։։
Նշան բռնեց։ Երբ քարը կայծ տվավ և կայծից բռնկվեց վառոդը, հրացանի փողից բոց ու մուխ ելավ, ձորերը որոտացին ահավոր արձագանքով, ձորից թռան միրհավները` թևերը լայն, փափուկ բմբուլով, թևերը փռած աշնան արևի ոսկե շողերի տակ։
Միայն մեկը թփրտաց, մամռոտ քարից վայր ընկավ թփուտների մեջ։
Դիլան դային վազեց և վազելիս նկատեց, որ մի սպիտակ շուն լեզու հանած, ցատկեց թփուտների կողմը։
Որսկան շան շունչն ու Դիլան դայու ձեռները միասին ձգվեցին դեպի արնոտ միրհավը։
Նրա մատները դիպան դեղին բմբուլներին, բայց վիրավոր միրհավը հանկարծ թևին տվեց, թռավ վեր։ Երկու փետուր օրորվելով վայր ընկան, աշնան դեղին տերևների նման։
Դիլան դային ափսոսանքով նայում էր արնոտ միրհավի ետևից, երբ հանկարծ, շատ մոտիկ, լսվեց ոտնաձայն։ Ետ նայեց, աչքերը զարմանքից լայնացան և հրացանը բնազդմամբ ձեռքից վայր սահեց ծառի հետևը։
Անտառապահն էր, աչքերը` կաս-կարմիր ածուխ...
Մոտեցավ, բղավեց և մինչև ուշքի կգար, նրա մտրակը օդը ճեղքելով չախեց Դիլան դայու ուսը, մինչև թիակների ոսկորը մրմուռը ծակեց, ինչպես եղինջի հարվածը բաց մսերի վրա։ Անտառապահը հարվածում էր նրան և զայրանում, որ Դիլան դային փախցրել էր նրա միրհավը։
Անտառապահի որսկան շունը մեկ նայում էր տիրոջը, մեկ` Դիլան դայուն, մռռում էր, պոչը գետնով տալիս, մեկ բերանը բաց` հուզմունքից հորանջում, մեկ էլ անհանգիստ հոտոտում թփերը, որտեղ քիչ առաջ թպտում էր արնոտ միրհավը։
Անակնկալ հանդիպումը նրան շշմեցրեց... Նրանք արդեն հեռացել էին, երբ Դիլան դային ուշքի եկավ, նայեց նրանց ետևից, մտաբերեց շան կարմիր երախը...
Դիլան դային նստեց քարի վրա։ Ցավից նրա դեմքը կծկվում էր։ Մեջքը կարծես շիկացած շամփուրներով խաշել էին, աչքի տակը հարվածից տաքացել էր։ Երկար միտք արեց Դիլան դային, աչքը միրհավի փետուրներին։ Մի անհուն դառնություն և կսկիծ ավերեց նրա չքնաղ օրը։
...Արևը խաղում էր մայրամուտի ամպերի հետ։ Անտառում լռություն էր։ Միրհավը թռել էր հեռու... Մամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած, դեղնագույն-սև պուտերով, իսկ թփի չոր ճյուղերին` արյան կաթիլներ։
Դիլան դային ձորով իջավ ներքև։
Երբեմն երազ էր թվում միրհավը, բայց մտրակի տեղերը մրմնջում էին, աչքի տակ ցավ էր զգում, ոտքերը դողում էին։
Սեղմել էր հրացանի տաք փողը, ինչպես միրհավի մարմինը, որին միայն մեկ վայրկյան շոշափեց և մատների ծայրով զգաց, որ բմբուլը փափուկ է։ Միրհավի մարմինը` տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ։
Տուն չգնաց։ Քարքարոտ արահետով իջավ այգին։ Ճռնչաց հնձանի դռնակը, ներս մտավ, մեկնվեց քարե հատակի վրա։
Երբ առավոտյան արևի շողքը հնձանի դռնակի ճեղքով փայլեց ներսում, Դիլան դային զարթնեց, տրորեց աչքերը և աչքի տակ ցավ զգաց։ Ուռուցքը չէր անցել։
Այդ օրը նա քարե տաշտում ավելի զայրացած էր ճմլում սև խաղողը և չէր զգում, թե ինչպես քրտինքը գլորվում էր ճակատից, կաթում պղտոր գինու մեջ...