Chapter 3
Chapter 3
Դիլան դային միայն գիշերը տուն գնաց։ Ամբողջ օրը թափառել էր ձորում, եղել էր հարևանի այգու շրջակայքում, աղբյուրն էր գնացել, փողոցի անկյունում կանգնել էր, բայց ոչ մի տեղ Սոնային չէր տեսել։
Լուսնյակ գիշեր էր, երկինքն անամպ։ Փչում էր գիշերվա հովը։ Դիլան դային պառկեց դեզի գլխին, նոր հարած խոտերի վրա ու քունը չտարավ։
Հազարավոր չորացած ծաղիկներ էին բուրում խոտի խուրձերի միջից և լուսնյակ գիշերով նրան այնպես էր թվում, ասես այդ նույն դեզի վրա պառկել է Սոնան և խուրձերի մեջ թողել լաջվարդի բույրը։
Լուսաբացին հալվեցին աստղերը, գիշերվա լազուրը գունատվեց։ Երբ ծաղիկներն արթնացան գիշերվա նիրհից և ցողը շողշողուն կաթիլներ շարեց նարնջագույն քարերի վրա, արևի առաջին շողերի հետ, գյուղի դիմաց, դեղնած արտերում, զարթնեց կաքավը.
― Կա՛խ-կղա, շա՛խ-կղա...
Լսվում էր կաքավի թավ երգը։ Ավելի վերև, անտառի խորքից, կանչում էր միրհավը։
Դիլան դային վեր կացավ, ուսը գցեց կայծքարով հրացանը և երեսը դարձրեց դեպի սարալանջի անտառը, որտեղից կանչում էր միրհավը։
Սիրտ չուներ իջնելու այգին, տեսնելու հնձանը։
Քայլում էր Դիլան դային շաղոտ խոտերի միջով, հնձած արտերն էր կոխ տալիս, ոսկեգույն ծղոտները, և գլուխը կախ բարձրանում դեպի անտառը` արահետի կեռմաններով և թփերի միջով։
Ահա ճամփի եզրին` մասրենու պառավ թուփը, նրա մոտ տափակ քարը, որի վրա հովիվներն այժմ էլ աղ են ցանում ոչխարի համար... Խուրձ էին կրում միասին` ինքը, Սոնան։ Արևը խանձել էր աղջկա երեսը, ոսկեդեղձան հյուսերի ծայրը։ Դեղին ծղնոտի փշրանքներ կային մազերի արանքում։
Կալից ձիերը քաշում էին, հասնում այդ քարին, և ձիերը կանգնեցնում։ Ինքը բարձրացնում էր Սոնային ձիու վրա, հետո իր ձին նստում և գնում արտերը խուրձի։
Մի անգամ էլ Սոնան խնդրեց, որ միասին նստեն։ Ու մի ձին հետևից քաշեցին։ Առջևը Սոնան էր նստել, հետևում` ինքը։ Մի ձեռով սանձն էր պահում, մյուսով գրկել էր նրա բարակ մարմինը։ Աղջկա ծամերը քսվում էին նրա երեսին։
Իսկ մյուս առավոտը, երբ այդ քարին հասան, և ինքը առաջարկեց նորից միասին մի ձի նստեն, Սոնան հայտնեց, որ մայրը հանդիմանել է իրեն և խստիվ պատվիրել առանձին նստելու։
― Ինչո՞ւ։
― Ամոթ է,― ասաց աղջիկը արդար ժպիտով։
Դիլան դային մոտեցավ մի դեզի, ձեռքը կոխեց խուրձերի մեջ և տաքություն զգաց։ Կեծացել էին խուրձերը, գիշերվա խոնավությունից հասկերը տմկել էին։
Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց կայծքարով հրացանին, միտք արեց։ Սոնան այստեղ մի ամառ քաղհան էր անում, կռանում էր ցորենների վրա, մատները փուշ էին մտնում։ Սոնան հնձվորի համար հաց էր բերում, քրտնում էր արևի տակ և քրտինքից շապիկը փակչում էր լանջին։
Լինե՜ր, այնպես լիներ, որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձեր, Սոնան հաց բերեր իրեն, շապիկը քրտներ և քրտնած նստեր կողքին։
Ետ նայեց Դիլան դային, եկած ճանապարհին նայեց։ Մարդ չկար. աշնան մերկ դաշտերն էին։ Ու միայն մասրենու կարմիր թփերն էին, և փայլուն մասուրները դեղնած տերևների արանքում։
Հանկարծ մի թփի հետևից լսվեց կաքավի ձայնը.
― Կա՛խ-կղա, շա՛խ-կղա...
Դիլան դային զգույշ քայլերով, կուզեկուզ մոտեցավ թփերին: Հնձած արտում կաքավները հավաքում էին ընկած հատիկները, կտցահարում թափված հասկերը։ Մեկը չէր, շատ էին։ Ցատկոտում էին, օրորում գեր մարմինները։ Գարնան երկու ճուտեր մի հասկի համար կռվում են` կտուց կտուցի։
Դիլան դային չոքեց, նշան բռնեց։ Մի գեր կաքավ սպիտակ վիզը ձգեց, սկսեց չորս կողմը նայել։ Մյուսները լռեցին, տապ արին ծղոտների մեջ։
Քամին խշխշացրեց թփերը, ինչպես Սոնան սիմինդրի երկար ցողունները... Ու խշշոցը կաքավներին հասավ թե չէ, իսկույն փռռալով մի քանի հանգույց արին օդում, իջան արև առած արտերի վրա։
Ճանապարհը շարունակեց։ Քանի գնում, թփերն ավելի էին շատանում, արտերի մեջ երևում էին հատուկենտ կաղնիներ` ծռված, կռացած, կայծակի խառնված։ Ասես պահապաններ էին կանգնել անտառի և արտերի սահմանում։
Արահետը բարակում էր։ Վերջին արտերն էր կոխ տալիս։ Անտառից հովը փչեց նրա դեմքին, ռունգերն ագահորեն ծծեցին անտառի խոնավ ու զով օդը։