1. Միրհավ

Chapter 2

Chapter 2

Նրանք մանկության ընկերներ էին և նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը։ Առուների ափին, այգիներում, դաշտերից խուրձ կրելիս, ամառվա լուսնյակ գիշերներին խոտի դեզի մոտ, ամեն տեղից այդ սերը ծիծեռնակի պես ճռվողում էր, մինչև հասունացան նրանք, և մի օր էլ մեծատուն հարևանի շեմքով ներս մտավ Սոնան, հարսի քողը երեսին, արցունքից կարմրած աչքերը` պայծառ, որպես լեռնային ծովակ։

Հարսանիքից չորս ամիս հետո, պատահմամբ հանդիպել էին իրար այգիների ճանապարհին։ Դիլանը նրան կանգնեցրել, հարցրել էր հալը, Սոնան թախիծով թոթվել էր ուսը և արագ հեռացել։

Հանդիպումը բորբոքել էր նրան, բայց առաջվա նման մոտիկ լինելու ցանկությունը, իբրև խոր երկնքում ճախրող թռչուն, երբեք չէր իջնում նրա շեմքին։

Ու հանկարծ այդ հավքը թառեց նրա ուսին...

Ինչո՞ւ եկավ այգին, արդյոք Սոնան մանկության առվակի ջրե՞րն էր կարոտել, թե՞ պատահմամբ մոտեցավ հնձանի դռնակին` մտածելով, որ ներսն էլ ամայի է, ինչպես այգում։ Դիլան դային մինչև վերջ չիմացավ այդ։

Մի քանի անգամ մոտեցավ, կամեցավ նրա հետ խոսել, բայց Սոնան խույս տվեց։

― Թո՛ղ, Դիլան, գնա քեզ համար…

Եվ էլ իրար չտեսան։

Comments