1. Միայնակ հեծանվորդուհին

Chapter 1

I

1894-ից մինչև 1901 թվականները Շերլոկ Հոլմսի գործունեության խիստ լարված տարիներն էին։ Թերևս այդ տարիներին ոչ մի դժվար հետաքննություն չէր անցել առանց նրա խորհրդի։ Մասնավոր հարցաքննությունները, որոնցում նա նշանակալի դեր է խաղացել, հարյուրներով էին հաշվվում, ընդ որում, դրանցից շատերը խիստ խառնաշփոթ և արտակարգ անսովոր էին։ Ինչպիսի՞ն է այդ տարիների հանրագումարը։ Բազմաթիվ փայլուն հաղթանակներ և, ավաղ, մի քանի անհաջողություն։ Քանի որ ես եմ պահել բոլոր գործերի ամենամանրակրկիտ գրառումները և հաճախ ինքս եմ մասնակցել այդ գործերին, ինձ, հավանաբար, դժվար է որոշել, թե որն է հրատարակության ավելի արժանի։ Ես կհետևեմ իմ կանոնին․ առավելություն տալ այն դեպքերին, որոնք ուշադրության են արժանի ոչ թե հանցագործության հրեշավորությամբ, այլ նրա բացահայտման նրբությամբ և դրամատիկ անսպասելիությամբ։ Ահա թե ինչու ես ցանկանում եմ նկարագրել չարլինգտոնցի միայնակ հեծանվորդուհու՝ միսս Վայոլետ Սմիթի հույժ հետաքրքիր և անսպասելի ողբերգությամբ ընդհատված հետաքննությունը։ Չէի ասի, թե այդ գործն առանձնապես վառ է արտացոլում վաստակած փառքի արժանացած ընկերոջս զարմանալի շնորհքը։ Սակայն, այն իր մեջ ընդգրկում է մի քանի առանձնահատկություններ, որոնց շնորհիվ երևելի տեղ է գրավում հանցագործությունների քրոնիկոնում, որտեղից քաղում եմ իմ ներկա նոթերի նյութը։

Ահա 1895 թվականի նոթատետրը։ Այո, առաջին անգամ մենք միսս Վայոլետ Սմիթին տեսանք ապրիլի 23-ին, շաբաթ օրը։ Հիշում եմ, որ նրա այցը շատ անցանկալի էր Հոլմսի համար․ նա ամբողջապես կլանված էր մի բարդ և հանելուկային գործով՝ հետապնդում էին Ջոն Վինսենթ Հարտենին՝ ծխախոտի հայտնի գործարանատեր միլիոնատիրոջը։ Հոլմսը ամենից շատ սիրում էր ճշգրիտ, խորասուզված ու կենտրոնացված մտքի աշխատանքը և չէր կարողանում հանդուրժել, երբ իրեն շեղում էին հետաքննվող գործից։ Բայց պետք էր հատուկ անգթություն ունենալ հրաժարվելու բարձրահասակ, բարեկազմ, թագուհու պես հպարտ դեռատի կնոջը լսելուց, որը մեզ մոտ՝ Բեյքր-Սթրիթ էր եկել երեկոյան, խնդրելով օգնել իրեն։ Հոլմսը հավատացնում էր, որ ինքը զբաղված է, բայց դա անօգուտ էր, քանի որ երիտասարդ կինը, հավանաբար, հաստատ որոշել էր չգնալ՝ մինչև Հոլմսը չլսի իրեն, և նրան վռնդել կարելի էր միայն ուժով։ Հոլմսը հաշտվեց և, հոգնած ժպտալով, սքանչելի այցելուհուն առաջարկեց նստել և պատմել, թե ինչն է նրան այդպես հուզել։

— Դե, իհարկե, ոչ առողջությունը, — եզրակացրեց Հոլմսը, նրա վրա մի արագ, խորաթափանց հայացք գցելով։ — Այսպիսի մոլեռանդ հեծանվորդուհին վատառողջ լինել չի կարող։

Օրիորդը նայեց իր ոտքերին․ իսկապես կիսակոշիկի ծայրը փոքր-ինչ մաշվել էր հեծանիվի ոտնակի հաճախակի շփումից։

— Այո, ես շատ եմ շրջում հեծանվով, միստր Հոլմս, և դա ուղղակի կապ ունի իմ այցելության հետ։

Հոլմսը մոտեցավ և բռնեց նրա ձեռքը (մեր այցելուն ձեռնոցներ չէր հագել)։ Նա սկսեց այնպես ուշադիր և սառնասիրտ զննել նրա ձեռքը, ինչպես գիտնականը զննում է կենդանական կամ բուսական աշխարհի եզակի ներկայացուցչին։

— Հուսով եմ, ինձ կներեք։ Այսպիսին է իմ աշխատանքը, — ասաց նա՝ թողնելով այցելուի ձեռքը։ — Քիչ էր մնում սխալվեի, կարծում էի, մեքենագրուհի եք։ Բայց, իհարկե, դուք զբաղվում եք երաժշտությամբ։ Ուոտսոն, ուշադրություն դարձրեք մատների տափակ ծայրերին։ Դա բնորոշ է դաշնակահարի և մեքենագրուհու համար։ Ձեր դեմքին ոգեշնչվածություն կա, — Հոլմսը նուրբ շարժումով դեպի լույսը շրջեց նրա դեմքը։ — Մեքենագրուհուն դա հատուկ չէ։ Անկասկած, մեր հյուրը զբաղվում է երաժշտությամբ։

— Այո, միստր Հոլմս, ես երաժշտության ուսուցչուհի եմ։

— Եվ դատելով ձեր դեմքի գույնից, ապրում եք քաղաքից դուրս։

— Չսխալվեցիք։ Ֆարնեմի մոտ, Սուրեյի սահմանագծում։

— Հիանալի վայր է։ Դրա հետ կապված մենք շատ հուշեր ունենք։ Հիշո՞ւմ եք, Ուոտսոն, մենք այնտեղ զբաղվեցինք փաստաթղթեր կեղծած Արչիբալդ Ստենֆորդով։ Դե լավ։ Պատմեք մեզ, միսս Վայոլետ, ձեզ հետ ի՞նչ է պատահել Ֆարնեմից ոչ հեռու Սուրեյի կոմսության սահմանագծին։

Երիտասարդ կինը շատ պարզ և ճշգրիտ շարադրեց հետևյալ խիստ տարօրինակ պատահարը։

— Իմ հանգուցյալ հայրը, միստր Հոլմս, Ջեյմս Սմիթը, մի թատրոնում նվագախմբի դիրիժոր էր։ Երբ մահացավ, ես ու մայրս ոչ մեկը չունեինք, բացի հորեղբորիցս՝ Ռալֆ Սմիթից։ Բայց նա քսանհինգ տարի առաջ մեկնել էր Աֆրիկա և նրա մասին մինչև հիմա ոչինչ չգիտեինք։ Հորս մահից հետո մենք մնացինք առանց ապրուստի միջոցների։ Եվ ահա մի անգամ մեզ ասացին, որ «Թայմսում» հայտարարություն է տպված այն մասին, որ մեզ ինչ-որ մեկը փնտրում է։ Դուք հեշտությամբ կարող եք պատկերացնել մեր հուզմունքը։ Որոշեցինք, որ ինչ-որ մեկը մեզ ժառանգություն է թողել, և տեղն ու տեղը գնացինք այն իրավաբանի մոտ, որի անունը գրված էր հայտարարության մեջ։ Այնտեղ մեզ ներկայացրին երկու ջենտլմենի՝ միստր Կարուտերսին և միստր Վուդլիին։ Նրանք ապրում էին հարավային Աֆրիկայում և մի քանի օրով տուն էին եկել։ Այդ ջենտլմենները մեզ ասացին, որ հորեղբայրս իրենց ընկերն է եղել ու մահացել է Իոհաննեսբուրգում, ծայրահեղ աղքատության մեջ։ Մահանալիս հորեղբայրս նրանց խնդրել է գտնել մեզ և օգնել, եթե կարիքի մեջ լինենք։ Մեզ տարօրինակ թվաց, որ հորեղբայր Ռալֆը, որը չէր ցանկանում մեզ ճանաչել, հանկարծ մահանալիս նման հոգատարություն է ցուցաբերել։ Սակայն միստր Կարուտերսը բացատրեց, որ հորեղբայրս իր եղբոր մահվան մասին լսել է մեռնելուց քիչ առաջ և շատ է անհանգստացել մեր ճակատագրով։

— Ներեցեք, — ասաց Հոլմսը, — իսկ ե՞րբ տեղի ունեցավ այդ խոսակցությունը։

— Չորս ամիս առաջ, անցյալ տարվա դեկտեմբերին։

— Խնդրում եմ, շարունակեք։

— Այդ միստր Վուդլին ինձ մոտ անմիջապես գարշանք առաջացրեց։ Գռեհիկ, սառը դեմքով, դեղին բեղերով և օսլայած մազերով այդ երիտասարդը ինձ վրա աչք գցեց։ Նա ինձ զզվելի թվաց, ես հավատացած էի, որ Սիրիլը հավանություն չէր տա այդպիսի ծանոթությանը։

— Նրա անունը Սիրիլ է, — ժպտալով ասաց Հոլմսը։

Դեռատի այցելուն կարմրեց և ծիծաղեց։

— Այո, միստր Հոլմս, նրա անունը Սիրիլ Մորթոն է։ Նա ինժեներ-էլեկտրիկ է, և, հուսով եմ, մենք ամռան վերջին կամուսնանանք։ Աստված իմ, այդ ինչպե՞ս պատահեց, որ նրա մասին խոսեցի։ Ես միայն ցանկացա ասել, որ այդ միստր Վուդլին ինձ զզվելի թվաց, իսկ միստր Կարուտերսը, որն ավելի տարեց էր, հաճելի տպավորություն թողեց։ Սևահեր էր, դեմքը դեղնավուն, հիվանդագին, մաքուր սափրված, լավ շարժուձև և հաճելի ժպիտ ուներ։ Համարյա ամբողջ ժամանակ լուռ էր, միայն հարցրեց, թե ապրելու ինչ միջոցներ են մնացել հորս մահից հետո, և իմանալով, որ ապրուստի միջոց չունենք, առաջարկեց, որ իր տասնամյա միակ աղջկան երաժշտություն դասավանդեմ։ Ես պատասխանեցի, որ չէի ցանկանա մորս մենակ թողնել, բայց նա ասաց, որ ես կարող եմ ամեն շաբաթ և կիրակի օրերը տուն մեկնել։ Նա տարին կվճարի հարյուր գինեյ, կիրակի օրերը թույլ կտա տուն մեկնել։ Իհարկե, լավ առաջարկություն էր։ Վերջ ի վերջո, համաձայնեցի և մեկնեցի Չիլտերն-Գրեյնջ, որը Ֆարնեմից վեց մղոն էր հեռու։ Միստր Կարուտերսի կինը մահացել էր և տնտեսությունը վարում էր տնային տնտեսուհին, շատ հարգալից տարեց մի կին՝ միսիս Դիկսոնը։ Աղջիկն ուղղակի սքանչելի էր։ Մի խոսքով, ամեն ինչ բարեհաջող էր։ Ինքը՝ միստր Կարուտերսը, շատ բարի էր, սիրում էր երաժշտությունը, և երեկոներն այդ պատճառով շատ հաճելի էին անցնում։ Իսկ ամեն շաբաթ ես մեկնում էի քաղաք՝ տուն։

Իմ կյանքը մթագնող առաջին ամպը եղավ միստր Վուդլիի՝ այն դեղին բեղերով երիտասարդի գալը։ Նա եկել էր ընդամենը մի շաբաթով, բայց այդ շաբաթն ինձ ավելի երկար թվաց, քան երեք ամիսը։ Նա սարսափելի մարդ էր, բոլորին կոպտում էր և տանջում, բայց ամենից վատթարը նրա վերաբերմունքն էր իմ հանդեպ։ Նա համառորեն սիրահետում էր ինձ ամենաստոր ձևով, անվերջ պարծենում իր հարստությամբ, կրկնում, որ եթե իր հետ ամուսնանամ, իմը կլինեն Լոնդոնի լավագույն ադամանդները, և վերջապես, երբ նրան հայտնեցի, որ չեմ ցանկանում ընդհանուր ոչինչ ունենալ իր հետ, գրկեց ինձ, չնայած իմ դիմադրությանը, և երդվեց, որ բաց չի թողնի, քանի դեռ իրեն չեմ համբուրել։ Նա սարսափելի ուժեղ էր, և ես չկարողացա պոկվել նրա գրկից։ Բարեբախտաբար, այդ պահին ներս մտավ միստր Կարուտերսը և բառացիորեն ինձ պոկեց նրանից։ Այդ ամբարտավանը նետվեց տանտիրոջ վրա, նրան գցեց գետնին և ապտակեց։ Սրանով ավարտվեց միստր Վուդլիի՝ որպես հյուր այդ տանը մնալու պատմությունը։ Միստր Կարուտերսը հաջորդ օրը ներողություն խնդրեց ինձնից և հավատացրեց, որ այլևս երբեք չեմ ենթարկվի նման ստորացման․ ինքը դրանով կզբաղվի։ Իսկապես, միստր Վուդլին այդ օրվանից չքվեց։

Այժմ, միստր Հոլմս, ես անցնում եմ այն դեպքերին, որոնք հարկադրեցին խորհրդի գալ ձեզ մոտ։ Ամեն շաբաթ օր ես հեծանիվով ուղևորվում եմ Ֆարնեմ կայարանը, որպեսզի հասնեմ 12.22-ի գնացքին։ Չիլտերն-Գրեյնջից մինչև կայարան ճանապարհն ամայի է, հատկապես ամայի է այնտեղ, ուր ճանապարհի մի կողմում չարլինգտոնյան անմշակ հողատարածությունն է, իսկ մյուս կողմում՝ Չարլինգտոն-հոլի շրջակա անտառները։ Ճանապարհի այս մասը ձգվում է մղոնից շատ, և դժվար է ավելի ամայի վայր պատկերացնել։ Երբեմն կհանդիպես սայլի կամ միայնակ թափառող գյուղացու և այսպես մինչև Կրուկսբերի-հիլ, որտեղ ճանապարհը դուրս է գալիս մայրուղի։ Երկու շաբաթ առաջ, այդտեղով անցնելիս, ես պատահաբար նայեցի շուրջս և ինձնից մոտավորապես երկու հարյուր յարդ հեռավորության վրա մի հեծանվորդի տեսա։ Նա միջին տարիքի մարդ էր, և ես նկատեցի, որ կարճ, սև մորուք ուներ։ Երբ ետ նայեցի, հեծանվորդն անհետացել էր, և ես նրան մոռացա։ Պատկերացրեք զարմանքս, միստր Հոլմս, երբ երկուշաբթի, ետ վերադառնալիս, դարձյալ նկատեցի նույն հեծանվորդին նույն տեղում։ Իմ զարմանքն ավելի աճեց, երբ այդ պատմությունը նույնությամբ կրկնվեց հաջորդ շաբաթ և երկուշաբթի օրերին։ Հեծանվորդն ամբողջ ժամանակ իրեն պահում էր ինձնից պատկառելի հեռավորության վրա, և ես ոչ մի կերպ չէի կարող նրա վարմունքը պնդերեսություն համարել։ Եվ, այնուամենայնիվ, այդտեղ ինչ-որ տարօրինակ և տհաճ բան կար։ Ես ամեն ինչ պատմեցի միստր Կարուտերսին, նա անհանգստացավ և ասաց, որ պատվիրել է թեթև, զսպանակավոր կառք ու ձի, որ այլևս մենակ չգնամ այդ ամայի ճանապարհով։

Ձին և կառքը մեզ խոստացան տրամադրել այս շաբաթ, բայց, չգիտես ինչու, չբերեցին, և այսօր առավոտյան դարձյալ հարկադրված էի հեծանիվով մենակ գնալ մինչև կայարան։ Երբ ես մոտեցա չարլինգտոնյան անմշակ հողատարածություններին, ետ նայեցի՝ կրկին նույն հեծանվորդն էր։ Նա դարձյալ ինձնից հեռու էր, և ես չկարողացա նրա դեմքը տեսնել, բայց մի բան պարզ էր՝ նրան չէի ճանաչում։ Մուգ գույնի կոստյումով էր, գլխին՝ կեպի։ Ինչ վերաբերում էր դիմագծերին, ապա ես պարզ տեսա միայն սև մորուքը։ Չգիտես ինչու, այդ օրը չվախեցա։ Ինձ պատել էր հետաքրքրասիրությունը՝ ո՞վ է նա, ի՞նչ է ուզում ինձնից։ Ես պակասեցրի արագությունս։ Նա ևս պակասեցրեց։ Ես կանգ առա։ Նա էլ կանգ առավ։ Դե լավ։ Ճանապարհի թեքվող մասում ես արագ անցա շրջադարձը, իսկ հետո կտրուկ կանգ առա և սպասեցի։ Մտածում էի, նա դուրս կթռչի շրջադարձից և կսլանա իմ կողքով, չկարողանալով կանգ առնել։ Նման ոչ մի բան տեղի չունեցավ։ Նա այդպես էլ չերևաց։ Ես նստեցի հեծանիվը և ետ դարձա։ Անցա շրջադարձը, որից հետո տեսանելիությունը մոտավորապես մեկ մղոն էր, իսկ հեծանվորդը չկար։ Բայց չէ որ ճանապարհը ոչ մի տեղում չէր ճյուղավորվում։ Ո՞ւր էր անհետացել նա։

Հոլմսն սկսեց ծիծաղել՝ հաճույքից ձեռքերն իրար շփելով։

— Այո, ինչ խոսք, յուրօրինակ դեպք է, — ասաց նա։ — Չէի՞ք կարող արդյոք ասել, թե որքան ժամանակ անցավ այն պահից, երբ դուք անցաք շրջադարձը և տեսաք, որ ճանապարհին ոչ ոք չկա։

— Երկու-երեք րոպեից ոչ ավելի։

— Ուրեմն, այդ ընթացքում նա չէր կարող անհետանալ ետ դառնալով, ոչ էլ մի կողմ թեքվել, որովհետև ճանապարհը ոչ մի ճյուղավորում չունի։

— Բացարձակ։

— Այդ դեպքում նա ընտրել է ինչ-որ արահետ՝ աջ կամ ձախ։

— Միայն ոչ անմշակ հողատարածությունը։ Այլապես կտեսնեի նրան։

— Ըստ բացառման մեթոդի մենք պետք է եզրակացնենք, որ հեծանվորդը գնացել է Չարլինգտոն-հոլ կալվածքի կողմը, որը գտնվում է, եթե չեմ սխալվում, ճանապարհից ոչ հեռու։ Ուրի՞շ ինչ կարող եք ասել։

— Ոչինչ, միստր Հոլմս, բացի այն, որ դա ինձ լրջորեն անհանգստացնում է, ես գիտեի, որ չեմ հանգստանա, մինչև ձեզ չգտնեմ և խորհուրդ չխնդրեմ։

Հոլմսը միառժամանակ լռեց։

— Իսկ որտե՞ղ է աշխատում այն ջենտլմենը, որի հետ դուք նշանված եք, — վերջապես հարցրեց նա։

— Քովենթրիում՝ «Միդլենդ էլեկտրիկ» ընկերությունում։

— Կարո՞ղ էր նա անսպասելիորեն գալ ձեզ մոտ, առանց նախօրոք հայտնելու։

— Ի՞նչ եք ասում, միստր Հոլմս։ Ոչ մի դեպքում։ Ես բավականին լավ գիտեմ նրան։

— Դուք ուրիշ երկրպագուներ ունե՞ք։

— Մինչև Սիրիլի հետ ծանոթանալս, մի քանիսը կային։

— Իսկ հետո՞։

— Հետո այդ սարսափելի Վուդլին, եթե, իհարկե, կարելի է նրան երկրպագու համարել։

— Իսկ մեկ ուրի՞շը։

Մեր հիասքանչ այցելուհին մի փոքր շվարել էր։

— Դե, ուրիշ ո՞վ, — կրկնեց Հոլմսը։

— Չգիտեմ, գուցե դա իմ երևակայության արդյունքն է, բայց երբեմն ինձ թվում է, որ միստր Կարուտերսը, որի մոտ աշխատում եմ, այնքան էլ իմ նկատմամբ… անտարբեր չէ։ Չէ որ մենք միասին այնքան ժամանակ ենք անցկացնում։ Երեկոները ես նրան նվագակցում եմ։ Նա երբեք ոչ մի խոսք չի ասում։ Նա իսկական ջենտլմեն է։ Բայց դուք գիտեք, որ ցանկացած օրիորդ նման բաները կռահում է առանց խոսքի։

— Հըմ, — Հոլմսը խոժոռվեց։ — Ապրուստի ի՞նչ միջոցներ ունի նա։

— Նա հարուստ մարդ է։

— Եվ ոչ մի տեղ չի՞ գնում։

— Համենայն դեպս, նա միանգամայն ապահովված է։ Շաբաթը երկու, երեք անգամ քաղաք է մեկնում։ Նրան հետաքրքրում են հարավաֆրիկյան ոսկու հանքերի արժեթղթերը։

— Ես կխնդրեի ձեզ, միսս Սմիթ, ինձ տեղեկացնեք հետագա բոլոր իրադարձությունների մասին։ Ես հիմա շատ զբաղված եմ, բայց ժամանակ կգտնեմ ձեր գործի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար, իսկ առայժմ, խնդրում եմ ձեզ, առանց իմ գիտության ոչ մի քայլ չձեռնարկեք։ Ցտեսություն, և հուսով եմ, որ մենք ձեզնից լավ լուրեր կլսենք։

Այցելուհին գնաց։

— Դե ինչ, բնական է, որ այդպիսի աղջիկը երկրպագուներ ունենա, — խոսեց Հոլմսը՝ ծուխ արձակելով ծխամորճից։ — Եվ նրանցից մեկը որոշել է հեծանվով հետևել նրան ամայի ճանապարհի վրա։ Հավանաբար, նրա գաղտնի սիրահարը։ Ի դեպ, Ուոտսոն, այս գործում խորհրդածելու համար, հետաքրքիր մանրամասներ կան։

— Դուք ցանկանում եք ասել, տարօրինակ է, որ այդ սիրահարը հայտնվում է միայն ճանապարհի մի հատվածում։

— Միանգամայն ճիշտ է։ Նախ և առաջ, մենք պետք է պարզենք, թե ով է ապրում Չարլինգտոն-հոլում։ Հետո պետք է իմանալ, թե ինչն է կապում Կարուտերսին և Վուդլիին, քանի որ հայտնի է, նրանք միանգամայն տարբեր մարդիկ են։ Ինչու՞ նրանք երկուսով սկսեցին այդպիսի եռանդով փնտրել Ռալֆ Սմիթի հարազատներին։ Մի անորոշություն ևս․ ինչ արտասովոր տեր է, որ իր դաստիրակչուհուն վճարում է սովորականից ավելի, բայց ձիեր չի պահում, չնայած կայարանից վեց մղոն հեռավորության վրա է ապրում։ Այո, Ուոտսոն, այս բոլորը տարօրինակ է, շատ տարօրինակ։

— Դուք կմեկնե՞ք այնտեղ։

— Ոչ, թանկագին Ուոտսոն։ Դուք կգնաք։ Հնարավոր է, որ վերջ ի վերջո սա ինչ-որ դատարկ խարդավանք լինի, և ես չեմ կարող հանուն դրա դադարեցնել կարևոր հետաքննությունը։ Երկուշաբթի վաղ առավոտյան կմեկնեք Չարլինգտոն-հոլ, կհետևեք և կգործեք ըստ ձեր հայեցողության։ Հետո պետք է իմանաք, թե ով է ապրում Չարլինգտոն-հոլում, կվերադառնաք և ինձ կպատմեք այն ամենն, ինչ իմացել եք։ Իսկ հիմա, Ուոտսոն, այլևս ոչ մի խոսք այդ գործի մասին, առայժմ մենք հուսալի փաստեր չունենք, որոնք մեզ կհանգեցնեն հարցի լուծմանը։

Մեր այցելուհուց իմացանք, որ այն գնացքը, որով նա վերադառնալու է երկուշաբթի, Վաթերլոոյից մեկնում է 9.50-ին։ Այդ պատճառով ես տնից շուտ դուրս եկա։ Մեկնեցի 9 անց 12 րոպեին։ Ֆարնեմ կայարանում ինձ բացատրեցին, որտեղ է գտնվում Չարլինգտոն-հոլը, և այն գտա առանց դժվարության։ Սխալվել հնարավոր չէր, ճանապարհի մի կողմում ձգվում էր անմշակ հողատարածությունը, իսկ մյուս կողմում՝ հին կեչիների կանաչ ցանկապատը, որից հետո սկսվում էր հիանալի ծառերով այգին։ Այգու գլխավոր դարպասի քարերը մամռակալել էին, իսկ երկու սյուները զարդարված էին խունացած ազնվականական զինանշաններով։ Գլխավոր մուտքից բացի ես կենիների արանքում մի քանի արահետներ նկատեցի։ Տունը ճանապարհից տեսանելի չէր, բայց ողջ շրջակայքը խոսում էր լքվածության և ամայության մասին։

Comments