Chapter 5
5
Արա՛գ, արա՛գ, արա՛գ...
Կյանքը սահում է, ամեն ինչ փոխվում է: Կանաչ ծառերը չորանում են և նրանց տեղ նորերն են մեծանում: Աշնանը թափվում են տերևները, իսկ մյուս գարնան նրանք կանաչում են նորից: Ծաղիկները մեռնում են և ուրիշ-ուրիշ ծաղիկներ են բուսնում:
Աճում են մարդիկ, գյուղեր, քաղաքներ... Այդպես աճում ու մեծանում են նաև մենավոր մարդիկ:
Երբ Վոլոդյան ու Աննան մեծացան, նրանք ուզեցին ամուսնանալ իրար հետ: Եվ որովհետև երկուսի էլ ծնողները գծապահներ էին և մտերիմներ, դրա համար էլ ուրախացան:
Նրանք ամուսնացան:
Մի օր էլ, երբ գնացքը եկավ ու դանդաղեցրեց իր ընթացքը տնակների մոտ, Վոլոդյան ու Աննան մնաս բարև ասացին իրենց ծնողներին, համբուրվեցին նրանց հետ, նստեցին գնացք և գնացին...
Նրանք գնացին ձուլվելու իրենց միլիոնավոր ընկերների, միլիոնավոր եղբայրների քույրերի հետ:
Անիվները թակթակում էին, գնացքը սլանում էր: Գծի կողքին մերթ-մերթ երևում էին փոքրիկ լույսեր:
Գծապահ տնակների կրակներն էին դրանք: