1. Մենավոր մարդկանց մասին

Chapter 2

2

Գծապահի մի տնակ կար: Այնտեղ ապրում էին՝ տղամարդը, որ քառասուն տարեկան էր, հինգ տարով ավելի փոքր նրա կինը և վեց տարեկան երեխան:

Հայրն ամեն առավոտ ստուգում և մաքրում էր գնացքի գիծը, իսկ հետո զբաղվում էր տնային աշխատանքներով: Մայրը ճաշ էր եփում, շորեր էր կարկատում և երբեմն էլ, շաբաթական մի անգամ, լվացք էր անում:

Իսկ ի՞նչ ուներ անելու երեխան: Նրա շրջապատում միայն տափաստանն էր և երկու ռելսերն էին, որոնց մի զույգ ծայրերը հորիզոնի մի կողմումն էին անհետանում, իսկ մյուս զույգը՝ մյուս կողմում: Միայն ավազ կար շրջապատում, որ պետք էր գալիս շպալների վրա լցնելու համար, և ավազից էլ շատ հող կար:

Բակում յոթ-ութ ծառեր կային, իսկ պատի տակ կար արևի առատ լույս ու տաքություն և ավազը շատ էր այնտեղ: Երեխան նստում էր փոքրիկ բակում, պատի տակ, և խաղում էր ավազի հետ:

Այդպես անցնում էին իրար նման օրերը:

Հաճախ պատահում էր, որ երեխայի ծնողները գնում էին մյուս տնակում ապրողների մոտ, իսկ նրան թողնում էին տանը: Ծնողները միշտ գնում էին դեպի հարավ, իսկ դեպի հյուսիս չէին գնում, որովհետև այն կողմի դրկիցը մի մռայլ և մարդախույս ծերուկ էր:

Երեխան, որի անունը Վոլոդյա էր, այդպիսի դեպքերում էլի նստում էր պատի տակ, էլի խաղում էր ավազի հետ, իսկ երբ ձանձրանում էր, գալիս նստում էր ռելսերի կողքին և նայում էր:

— Ո՞ւր են ձգվում ռելսերը...

Մի օր, երբ Վոլոդյայի ծնողները տանն էին, մյուս տնակի բնակիչներն իրենք եկան նրանց մոտ: Մարդ ու կին էին և մեկ էլ նրանց փոքրիկ աղջիկը: Վոլոդյան տեսավ աղջկան, կանչեց իր մոտ, և նրանք սկսեցին խաղալ միասին: Վոլոդյան առաջին անգամն էր խաղ անում ուրիշի հետ միասին: Հետո նրանք դուրս ելան երկուսով և շարունակեցին խաղալ ավազի վրա:

Այնքան ուրախ երեխա էր Աննան...

Երբ ծնողները գնացին և Աննան էլ գնաց, Վոլոդյան նորից մենակ մնաց ու նրա փոքրիկ գլուխն սկսեց մտածել:

— Ի՜նչ վատ բան է մենակությունը...

Comments