1. Մոխրագույն Կատուն

Chapter 3

Chapter 3

Ուղիղ կեսգիշերին Սերոբ Սուի ոչ պակաս շքեղ առանձնատանը թեժ մթնոլորտ էր։ Անժելան երկրորդ հարկում՝ իր սենյակում պառկած, փորձում էր քնել, բայց ներքևից լսվող գոռգոռոցները խանգարում էին նրան։ «Տեսնես՝ ինչի՞ համար են մեծերը վիճում»,— մտածում էր Անժելան ու շուռումուռ գալիս անկողնում։

  • Լավ, բա ընդհանրապես հնարավո՞ր է, որ վաթսունհինգ տարեկան մարդը երեխա ունենա։

Հարցրեց Սերոբը։

  • Հենց նոր Գուգլով էդ էի նայում,— պատասխանեց Աննան,— ասում ա՝ ամեն տարիքում էլ հնարավոր ա, ուղղակի մեծ տարիքում ռիսկերը շատ են։

  • Իսկ մեր դեպքում էլ ավելի շատ են ռիսկերը, մանավանդ որ տղա ա ծնվելու։

Ասաց Սեդան ու ծխախոտ վառեց։ Նրա ծխելու մասին մինչ այդ միայն Սերոբը գիտեր։ Սեդան նույնիսկ երեխայի մոտ չէր ծխում, որ ոչ ոք չիմանար։

  • Պահո՜,— միանգամից արձագանքեց Արամը,— Սեդան էլ ա ծխում, փաստորեն։

  • Լսի, հիմա դրա ժամանակն ա՞,— ասաց Սեդան։— Ավելի կարևոր հարցեր կան, Արամ, դրանց մասին մտածի։

  • Սեդ ջան, էս հաստիցդ տուր՝ մի հատ ծխեմ,— Վայն, առանց պատասխանի սպասելու, սեղանից վերցրեց ծխախոտի տուփը։— Էս իմը բան չի ասում։

Վարդը կատաղած նայեց ամուսնուն։

  • Ծխի, էդ հաստը ծխի, որ ավելի շատ վնաս տաս մեր երեխուն։ Թե՞ բոլորդ մոռացել եք, որ ես էլ եմ հղի։

Վարդը քայլեց դեպի պատուհանը, բացեց այն ու շարունակեց։

  • Ժողովուրդ, էդ երեխեն որ ծնվի՝ մեր վերջը եկած ա։ Կարող եք մոռանալ պապայի ժառանգության մասին․ մեզ մի քոռ կոպեկ չի հասնելու, հասկանո՞ւմ եք։

  • Արդեն շատ ուշ ա,— ասաց Արամը։ Նա շատ հանգիստ էր խոսում, ասես այդ ամենն իրեն այնքան էլ չէր անհանգստացնում։— Չենք կարա նենց անենք, որ էդ երեխեն չծնվի։

  • Ամեն ինչ էլ հնարավոր է։

Ասաց Սերոբը՝ նայելով պատի ինչ-որ անհայտ կետի։

  • Արա, աներ, էս ի՞նչ քաշել քաշեցիր դու մեզ,— ասաց Վայն ու երկու ձեռքով բռնեց գլուխը։— Ուզում եմ հասկանամ՝ աներս ա մեզ էշի տեղ դրե՞լ, թե էդ կնիկն ա աներոջս էշի տեղ դրել։

  • Ճիշտ ես, Վայ,— ասաց Աննան,— մեր խնդիրն ավելի շատ Ռոզան ա, քան էդ չծնված երեխեն, ու պետք ա...

  • Էդ Ռոզան հորս ուղեղը սրբել ա,— ընդհատեց Սեդան քրոջը,— ու չկասկածեք, որ մոտ օրերս զագսով էլ կամուսնանան։

  • Չէ՜, Գագիկը խելացի մարդ ա,— ասաց Արամը։— Ինքը նման բան չի անի։ Էդ մարդը ուղղակի երջանիկ ա, որ տղա ա ունենալու, ու ամեն բան կանի էդ երեխու համար։

  • Խի՞, իմ տղեն, որ ծնվելու ա, պակաս տղա՞ ա, Արամ,— ասաց Վարդը՝ աչքերը լցրած։— Խի՞ ա իմ երեխեն վատ ապրելու, իսկ էդ անհայտ լակոտը՝ բամբակների մեջ։

  • Որտև ինքն ա Գագիկ Շահինյանի տղեն,— պատասխանեց Արամը,— իսկ քո տղայի համար իրա հերը պիտի լավ կյանք ապահովի։ Եթե կարող ա, իհարկե։

  • Լսի, բաջանաղ, ես իմ երեխու համար ամեն ինչ էլ կարամ անեմ,— ասաց Վայը՝ հանգցնելով Սեդայից վերցրած ծխախոտը։— Դու մյուս անգամ բառերիդ մեջ զգույշ եղի, թե չէ Վայն եկել, քեզ տարել ա։

Արամն ուզում էր պատասխանել, բայց Սերոբը միջամտեց։

  • Լավ, հիմա կռվի ժամանակը չի։ Էդ Ռոզան էլ, իր երեխան էլ խնդիր են բոլորիս համար։ Եկեք վաղը չէ մյուս օրվա քեֆն անցնի, հասկանանք՝ ինչն ինչոց ա, ով ում բարեկամն ա, հետո կորոշենք՝ ինչ ենք անում։

Comments