1. Մոխրագույն Կատուն

Chapter 1

Chapter 1

Այս պատմությունը սկսվում է այն պահից, երբ մեծահարուստ Գագիկ Շահինյանն աշնանային մի գիշեր զանգահարում է իր ավագ դստերը՝ Սեդային, ու հայտնում, որ վերադառնում է Հայաստան։

  • Էդ հերդ է՞ր զանգել։

Հարցրեց ամուսինը՝ Սերոբը։

  • Հա, լսի, վաղը գալիս ա Հայաստան։ Բան չասաց՝ խի ա գալիս, քանի օրով ա գալիս։ Անհանգստացա։

  • Երևի ոնց խելքին փչել էր՝ գնար Մոսկվա, նույն ձև էլ որոշել է հետ գա։ Դու ավելի լավ է լույսն անջատի՝ քնենք։

Սեդան անջատեց լույսը ու պառկեց ամուսնու կողքին, բայց վստահ էր, որ այս լուրից հետո ամուսինը դժվար թե միանգամից քներ։

  • Տրամադրությունը ո՞նց էր։

Հարցրեց Սերոբը։

  • Բան չհասկացա, ոչ մի հարցիս չպատասխանեց։ Ասաց՝ հենց գա, ամեն ինչ կասի։ Չգիտեմ, անհանգիստ եմ։

  • Անհանգստանաս, չանհանգստանաս՝ բան չի փոխվի։ Վաղը թող գա՝ կհասկանանք։ Բարի գիշեր։

  • Լավ, դու քնի, ես զանգեմ Վարդին ու Աննային ասեմ։

Երկու տարի առաջ Սեդայի մայրը պարտվել էր քաղցկեղի դեմ պայքարում ու մահացել։ Գագիկը հասկացել էր, որ իր կինը այն միակ մարդն էր, ով իրեն անկեղծ սիրում էր։ Այդ փաստը Գագիկին շատ էր հուսահատեցրել։ Նրա համար մեծ հաշվով բոլորը մեկ էին, բայց ոչ իր աղջիկները։ Գագիկն ուներ երեք դուստր, երեքին էլ ամուսնացրել էր։ Կնոջ մահից հետո դուստրերն ու փեսաները սկսեցին ավելի հաճախ այցելել Գագիկին, հետաքրքրվել նրա առողջությամբ և այլն։ Բայց Գագիկն այդ ամենի մեջ ավելի շատ կեղծիք էր տեսնում, քան հոգատարություն։ Նա հասկանում էր, որ բոլորի մտքում մի բան էր՝ իր փողերը։ Ու մի գեղեցիկ կամ տգեղ օր նա որոշեց լքել Հայաստանը ու որոշ ժամանակ հանգիստ ապրել առանց փողասեր բարեկամների։ Նա մեկնեց Մոսկվա։

Գագիկի աղջիկներն էին՝ մեծը Սեդան, միջնեկը՝ Վարդուհին ու փոքրը՝ Աննան։ Սեդան արդեն ութ տարի էր, ինչ ամուսնացած էր Սերոբ Սուի հետ, և նրանք մեկ դուստր ունեին։ Սերոբը Գագիկի փեսաներից ամենաանվանին էր՝ հայտնի բիզնեսմեն, որի սրճարաններն ու խանութները գտնվում էին Երևանի գրեթե ամեն անկյունում։ «Սու» մականունը ստացել էր Սուրենյան ազգանվան կրճատ տարբերակից։ Սերոբը, չնայած իր հարստությանը, ամեն օր գլուխը բարձին դնելիս մտածում էր, թե Գագիկի մահից հետո ինչպես են բաժանվելու նրա փողերը, իսկ երբ իմացավ, որ աները վերադառնում է Մոսկվայից, սկսեց ավելի շատ մտածել այդ մասին ու ամբողջ գիշեր աչք չփակեց։

Սեդան առաջինը զանգեց իր միջնեկ քրոջը՝ Վարդուհուն, ու տեղեկացրեց, որ հայրը վերադառնում է։ Վարդը քրոջ հետ խոսակցությունն ավարտելուց հետո միանգամից զանգեց ամուսնուն՝ Վային։

  • Կնիկ, ասացի՝ բլոտ եմ խաղում։

  • Վայ, պապան ա գալիս վաղը, արի շուտ տուն։

Վարդը ամուսնուց պատասխան չստացավ։ Փոխարենը՝ ուղիղ հինգ րոպե անց լսեց դռան զանգը։ Վայը ներս մտավ․ աչքերը չռած՝ նայում էր կնոջը։

  • Վաղը ե՞րբ ա գալիս։

  • Սեդան ասաց՝ երեկոյան վեցին տունը կլինի։

  • Սեդային ա, հա՞, ասել, որ գալիս ա, բա քեզ խի՞ չի զանգել։

  • Չգիտեմ, վաղը հենց պապայից էլ կհարցնես,— հեգնեց Վարդը։

  • Իսկ ես գիտեմ, կյանք, որտև Սեդայի մարդը Սերոբ Սուն է, իսկ մենք ո՞վ ենք։

Վայն ու Վարդուհին արդեն չորս տարի էր՝ ամուսնացած էին։ Վայը ոչ մի լավ բանով աչքի չընկնող մարդ էր։ Հասարակ երևանցի, որը Գագիկի դստերը հասել էր իր համառությամբ․ նա երեք տարի շարունակ գնում-գալիս էր Վարդուհու հետևից, նվերներ ուղարկում ու տասնյակ անգամներ մերժվում, բայց վերջիվերջո Վային հաջողվել էր գրավել Վարդի սիրտը։ Նրա իրական անունը Արմեն էր, բայց այդ անունով Վային գրեթե ոչ ոք չէր ճանաչում․ նրան ամբողջ կյանքի ընթացքում մականուններ էին ուղեկցել։ Բակում նա Տոտան էր, դպրոցում՝ Կիսատը, բանակում՝ Բորոն, իսկ իր ամենասիրելի մականունը՝ Վայը, ստացել էր բանակից հետո։

  • Բա ո՞վ ա դիմավորելու հորդ, երևի էլի Սերոբը, չէ՞։

  • Տո, բա հո դու չես դիմավորելու,— կատաղեց Վարդը,— ինչո՞վ ես ուզում պապային դիմավորես՝ պապայի նվիրած մեքենայո՞վ, որ ծախեցիր ու քամուն տվեցիր փողերը, թե՞ տաքսիով ես գնալու հորս դիմավորելու։

  • Կնիկ, հլը հանգստացի, բան ենք խոսում, խի՞ ես բորբոքվում,— Վայը հասկացավ, որ կինն էլ ավելի է կատաղելու ու ավելացրեց,— համ էլ քեզ ջղայնանալ չի կարելի, կյանքս։ Սպասի՝ տղես ծնվի, ինչքան ուզես՝ ջղայնանանք։

  • Օֆ, հավեսդ չունեմ։ Լավ, վաղը մի թանկանոց խմիչք կվերցնես խանութից։ Իրիկունը գնալու ենք պապայի տուն։

  • Հա, սիրտս, դու հանգիստ քնի, վաղը մարդդ սաղ կանի։

Վայն էլ Սերոբի նման ամբողջ գիշեր չկարողացավ քնել։ Բայց նա, ի տարբերություն Սերոբի, աներոջ մահվանը չէր սպասում (չնայած դեմ էլ չէր լինի), այլ մտածում էր, թե քանի դեռ նա ողջ է՝ ինչ կարող է նրանից պոկել։

Սեդան զանգեց նաև իր կրտսեր քրոջը՝ Աննային։ Բայց պատասխանող չեղավ։ Աննան քույրերից միակն էր, որն աշխատում էր, հետևաբար գիշերվա տասներկուսն անց կեսին նա արթուն չէր։

  • Աչքիս՝ քնած է,— բարձրաձայն ասաց Սեդան,— եթե իմանայիր՝ ինչի համար եմ զանգում, տեղնուտեղը կարթնանայիր։

Աննան վեց ամիս առաջ էր ամուսնացել իր կուրսեցի Արամի հետ։ Ինչպես համալսարանում էին միասին սովորել, այնպես էլ հիմա միասին աշխատում էին քաղաքի ամենախոշոր օֆիսներից մեկում։ Արամը Գագիկի փեսաներից միակն էր, որ չուներ մականուն․ նա ուղղակի Արամն էր և, կարելի էր ասել, Գագիկի ամենասիրելի փեսան։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ նրանք գրեթե չէին շփվել։ Գագիկը մինչև Մոսկվա մեկնելը ճանաչում էր Արամին, բայց որպես Աննայի ընկեր, իսկ որպես աներ ու փեսա նրանք ընդամենը մի քանի օր էին շփվել, երբ Գագիկը Մոսկվայից մի քանի օրով եկել էր մասնակցելու նրանց հարսանիքին։ Արամն իր կնոջ կողքին հանգիստ քնած էր, բայց նա էլ Սերոբ Սուի ու Վայի նման ամբողջ գիշեր չէր քնի, եթե իմանար, թե հաջորդ օրը ինչ հյուրեր էին իրեն սպասում։

Comments