Chapter 3
Զ-Է
Զ
Կանչում էր այնինչ վերևից, բլուրի գագաթից, դժնի
Այն շեփորը ձայնով չարագոյժ,- և գնում էր թափորը վերև,
Անցնում էր անվերջ՝ ողողւած արնագոյն ցոլքերով լուսնի,
Եւ գնում էին արդէն մերկ մանուկներ, կանայք և ծերեր:
Անցել էր արդէն թափորի գլխաւոր հոսանքը ամբողջ,
Թափորի մի ծայրը վաղուց հասել էր բլրի գագաթին,
Որտեղից երկինք էր հասնում արդէն ալ, արնագոյն մի բոց,-
Իսկ թափորը դեռ չէր վերջանում, դեռ գալիս էր - անվե՜րջ ու անթիւ:
Ներքևում անտառը արդէն ճարճատում էր հրով ընդհանուր,
Երկինք էր բարձրանում այնտեղից արդէն նո՛ր մի, ընդհանուր հրդեհ,
Եւ ռումբեր էին շառաչում, և թնդում էր բիւր թնդանօթ,
Եւ կրակը շէնե՛ր էր ամբողջ սկսել երկինք շպրտել:
Դղրդում էր հողը արդէն ռումբերի շաչող որոտից,
Բովանդակ աշխա՛րհն էր արդէն սասանել մոլուցքից արեան,-
Լցվել էր տիեզերքն ամբողջ արդէն տօթ բոյրով վառոդի,
Էլ չկար հեռու ու մօտիկ,- բայց թափորը երգում էր «յարեաւ»:
Կատարեալ բանակներ էին արշաւում մեր դէմից արդէն,
Շտապում էին տագնապով կոնաձև բլուրն հասնելու,-
Եւ ահա վառւող անտառից սկսեց նոր մի գետ յորդել
Եւ հոսել, հոսել անընդհատ, նախիրի նման անգլուխ...
Երբ ռազմի շաչով-շառաչով, ցնցելով հնչուն ծնծղաներ,
Թմբուկներ խփելով տօնական, երգելով երգեր ռազմաճիչ,
Դոփելով՝ բանակներն անցան,- սկսւեց տրտունջ մի անել,
Յուսահատ հեկեկանք ու լաց, խելագար հառաչք ու քրքիջ:
Մեր դէմից անցնում էին արդ մանուկներ մեռեալ և ծերեր,
Հաշմանդամ սերունդներ ամբողջ՝ Եղեռնի հնձանին ընծայ...
Նախիրներ էին անցնում հոծ, սարսափած կոյրերի պէս երեր,
Եւ ցանքսեր, արտեր ոսկեզօծ՝ դեռ ո՛չ մի ձեռքով չհնձած...
Եւ անցնում էին զօրքերից ոտնակոխ արւած պարտէզներ,
Հրդեհից մոխրացած հիւղեր, քաղաքներ մեռեալ և շէներ,-
Եւ գետեր՝ տապից չորացած, ցորեանի հրդեհւած դեզեր,
Եւ գայլեր՝ մարդուց գազազած, և մկնե՛ր զառամ, և շնե՛ր...
Սրածւած սերունդնե՜ր էին արդ անցնում, քաղաքներ քանդած,
Հեղեղի պէս պրծած, տեղահան, գնում էր երկի՛ր մի ամբողջ,-
Անցնում էր արմատից պոկած, անխնայ կտրած մի անտառ,-
Սարսափած նախիրի նման՝ սպանդից փախած մի ամբոխ...
Ամեհի լացով, աղմուկով, ոռնոցով անյոյս ու մռայլ
Շարժւում էր ամբոխը դէպի այն բլուրը կարմիր, կոնաձև.-
Վերջանում էր երթը արդէն, երբ մենք է՛լ, ձուլւելով նրանց,
Քայլեցինք կամ կարծես թռանք՝ շիւղերի նման հողմածեծ:
Դիւական մի ձեռք էր կարծես թռցնում, քշում մեզ առաջ,
Եւ ահա, տարւելով այդպէս, երբ լեռան գագաթը հասանք,-
Կանգնեցինք՝ մեր դէմ ծառացած պատկերի առջև շւարած.
Զառանցա՛նք էր պատկերն այդ կարծես, որ մեր դէմ փռւած մենք տեսանք...
Բացւում էր բլուրի վրայ մի անծայր, լերկ հարթավայր,
Ողողւած կարմրաւուն լոյսով, որ դողում էր անվերջ ու պարում.
Իր բոսոր, արնավառ գոյնով ներկելով շրջակայքը խաւար՝
Վառւում էր բլուրի մէջտեղում մի հսկայ, երկնահուպ խարոյկ:
Կրակէ օղակի նման բոցկլտում էր խարոյկը կարմիր.
Բոցեղէն պարիսպ էր կարծես՝ Արքայի շուրջը քաշած:-
Այդ նրանց արքա՛ն էր գուցէ, կամ՝ սերած Հրդեհի զարմից՝
Առաջնորդը նրանց կրակէ, որ ցոյցի էր ելել մարդաշատ:
Խարոյկի մէջտեղում, ոսկեայ մի գահի վրայ ընկղմած,
Նստած էր Արքան այդ ահեղ, որ չունէր կերպարանք որոշ.
Մերթ թւում էր, թէ դա - կրակէ մի մարդ է՝ բռունցքը սեղմած,
Որ բռնել է սեղմած բռունցքում - մի փոքրիկ եռագոյն դրօշ:
Բայց յաջորդ վայրկյանին արդէն փոխւում էր տեսքը նրա,
Եւ ահա - գահի վրայ նոյն - մի գայլի գլխով վարդապետ,
Սևասև վեղարը գլխին և դեղին ճակատի վրայ -
Մի հսկայ, շողշողուն ադամանդ, որ թէ՛ խաչ է, թէ՛ գունդ է, թէ՛ նետ:
Փոխւում էր ապա նաև այդ կերպարանքը. յանկարծ նրա տեղ՝
Երևում էր դեղին մի կատու՝ աչքերում կրակներ ահի,-
Եւ թւում էր, թէ դէմքը նա իր - ոսկեկար քողով է պատել,
Եւ նետը դարձել է նժար, և խաչը դարձել է մահիկ:
Նստած էր ոսկեայ իր գահին կրակէ Արքան այդ ահեղ,
Տեսիլքի նման մի դժնի, կերպարանքը մթին ու մռայլ,-
Եւ շուրջը նրա խարոյկի, բոլորած մի պար խելահեղ,
Ցատկոտում էին ու պարում ամբոխները այն դիւահար:
Խարոյկին ամենից մօտիկ, բոլորած շրջանն առաջին,
Թռչկոտում էին ու պարում մեր տեսած այրերն այն ճիւաղ,-
Հոլաձև կմախքն էր պարում, և ձայնով, նման բառաչի,
Երգում էր խաժադուժ մի երգ՝ սփռելով տառապանք ու վախ:
Նրա ձեռքը բռնած, նրա հետ, պարում էր անտառում հանդիպած
Խարոյկի պահապանը գաճաճ և գուսանը ապա ռազմատենչ.
Պարում էր վարդապետը պարթև՝ շերեփը շրթերին հպած,
Եւ բոլոր ասպետնե՛րն ապա՝ աչքերում մոլուցք մի անշէջ:
Գնալով լայնանում էր, ուռչում շրջանակը այդ շուրջպարի.-
Բռնելով հարթավայրն ամբողջ, չարագոյժ բոցերի ներքոյ,
Ահռելի տեսիլքի նման ելնելով կարծես խաւարից՝
Մի ամբողջ ժողովո՛ւրդ էր պարում եղկելի ճիչով ու երգով:
Մանուկներ տկլոր, անատամ աղջիկներ, ծերեր հաշմանդամ,
Գլուխները բռնած ձեռներին, վայրենի լացով ու ճիչով,
Թռչկոտում էին ու պարում,- ցատկոտում էր կարծես մի անտառ,-
Եւ անցնում էինք մենք դանդաղ այդ պարող անտառի միջով...
«Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն,Հըդահյո՜ւն»,- ոռնում էր ամբոխը մոլի,
Կարկառած ձեռները վերև կամ դիմացը՝ դեղին Արքային,-
Երբ ճիւաղը յանկարծ այն ծանօթ, որ նման էր մարդակերպ հոլի,
Մորեխի պէս օդում ցատկելով՝ մօտեցաւ Արքայի գահին:
Մոտեցաւ շարժումով հատու և կտրած գլուխն իր նետեց
Արքայի ոտքերի առջև, իբրև տուրք, կամ զոհ սրբազան,-
Եւ ամբոխը խռպոտ ճիչերով, ոռնոցով նրան հետևեց -
Բարձրացաւ գանգերի մի բուրգ և բուրգը աստղերին հասաւ...
Իսկ շուրջը վիթխարի այդ բուրգի, մշուշում, բռնած խոլապար,
Թռչկոտում էին ու պարում աւերւած քաղաքներ ու շէներ,-
Եւ երթի ելած նրանց հետ՝ ամեհի խանդով, խոլաբար՝
Թռչկոտում էին ու պարում նախիրներ զառամ և շներ...
Եւ արդէն ոսկեայ իր գահից բարձրացած բլուրի վրայ ՝
Կանգնել էր Արքան այն դեղին՝ հրդեհի նման մօրուքով,-
Եւ փողի նման անողոք՝ մահագոյժ շեփորը նրա
Կանչում էր, կանչում էր նրանց - դէպի նոր մի մեռեալ Երիքով...
Է
Այդ դաժան տեսիլքին ի տես՝ քայլերով երեր մենք փախանք,
Կտրեցինք հարթավայրն ամբողջ և իջանք անտառ մի ուրիշ,
Մինչ հասնում էր դեռ բլուրից մի լացի նման աղաղակ,
Ոռնում էր կարծես մի քաղաք՝ փախչելով հրից ու սրից:
Խաւար էր անտառում այդ նոր, և ծառերը, կորած խաւարում,
Կմախքներ էին կարծես սև, որ պարզած ոսկորէ ձեռներ -
Մեզ բռնել էին կամենում, քաշքշում էին ու հրում
Եւ մահվան սառնութիւն բուրում, քրքջալով մտքերին մեր վեհ:
Հառաչում էին նրանք խուլ ձայներով, անեծք շշնջում,
Կամ կարծես օգնութիւն հայցում մօտեցող սրից ու հրից,-
Դեռ հասնում էին բլուրից սրերի շառաչ ու շաչիւն,
Դեռ շեփորը կանչում էր, կանչում այն Մահու և Արեան բլուրից:
Սարսափած փախչում էինք մենք անտառի միջով այդ խաւար,
Այդ մռայլ ծառերի միջով, որ պարզած երերուն ձեռներ -
Մեզ թւում էին մի գալիք ահռելի սպանդի համար
Հանրային դամբանից ելած, յարութիւն առած մեռելներ:
Մեր ոտքերը դիպչում էին սուր, փշերի նման քարերի,
Ծառերի ճիւղերը՝ կանանց մատների նման գալարուն՝
Չանգռտում էին, արնոտում մեր դէմքերը,- և հին դարերից
Նախամա՛րդն էր արդէն արշաւում՝ աչքերում մոլուցք ու արիւն:
Ժամանակը ե՛տ էր թռչում արդէն խուլ աշխարհի վրայով,
Մարդակերպ Կապի՛կն էր արդէն արշաւում հետքերից մեր նորից,-
Եւ լուսինը, եդէմ ժպիտով ծառերի արանքից նայող,
Մեզ թւում էր վհուկ՝ հմայող, որ փրկում է ջրից ու հրից...
Սարսափած փախչում էինք մենք անտառի ծառերի միջով,
Եւ ամէն ծառի ետևից մեզ նայում էր արդէն մի հրէշ,
Մեզ արդէն ագռա՛ւն էր ծաղրում իր լացի նման քրքիջով,
Եւ ամէն մի շրշիւն ու շշուկ մեզ գուժում էր պատիժ ու վրէժ:
Մեր հոգուց քերում էր մի ձեռք այն ամենը, որ տարիներ,
Կամ դարե՜ր էինք կուտակել՝ սերունդից սերունդ կրելով,-
Եւ գունատ ցոլքերը լուսնի մեզ թւում էին հուրիներ,
Արիւնռուշտ, չարա՛չք հուրիներ՝ մարդու միս ու արիւն սիրող:-
Մենք երկար, երկար վազեցինք, սարսափից խելագար, անյոյս,
Այդ մռայլ ու մութ անտառում կորցրած ուղի ու հավատ,-
Երբ յանկարծ ծառերի միջից երևաց երկնագոյն մի լոյս,
Որ աստղի նման փրկարար շողշողաց հեռւում այն խաւար:
Հևիհև, արիւնոտ ոտքերով, չանգռելով կուրծք ու երես,
Վազեցինք մենք լոյսը դէպի, որ ցոլում էր ցոլքով մի մաքուր,-
Եւ ահա, վազքից շնչասպառ, քայլերով անուժ ու երեր,
Մոտեցանք անտառի եզերքին - և տեսանք կերպարանք մի հուր:
Մի մարդ էր գալիս դէպի մեզ՝ ոսկեզօծ լապտերը ձեռին.
Գունատ էր. հսկայ ճակատով. երկնագոյն աչքեր նա ուներ.
Լոյսի պէս սպիտակ դէմքին խաղում էր ժպիտ մի վերին,
Հայացքը թափանցում էր կարծես անսահման, անծիր հեռուներ:
Ողջունեց ժպիտով նա մեզ և ապա լապտերն հուրհուրան
Նա պահեց մի պահ մեր առաջ, իբրև աստղ, նշան լուսատու.-
Վիթխարի ճակատով այդ մարդու լապտերի ապակու վրայ
Նկարւած էր ոսկէթև մի աստղ և գրւած էր պատգամ մի հատու:
Այդ լապտերը իր դէմ պահելով՝ նա հանեց մեզ մութ անտառից,
Մոլորւել էինք ուր արդէն՝ կորցըրած ուղի ու հավատ,-
Եւ այստեղ հրաժեշտ տւեց ինձ Վարպետը Մահու աշխարհի,
Որ գիտէր լոկ վիշտ ու չարիք և երգել էր դժոխքը խաւար:
Արդ՝ անցել էինք արդէն մենք Անցյալի մռայլ եզերքից,
Լայնահուն աշխարհն էր իմ դէմ՝ ողողւած հրով փրկարար,-
Այն ոսկեայ լապտերի լոյսով ես դարձայ Գալիքի՛ երգիչ,-
Այդ լապտերը, ո՜վ Առաջնորդ, կփրկէ աշխա՛րհը արար...