Chapter 1
Գլուխ 1. Երազը
—Լիլի՜, Լիլի՛, Լիլի՞, վեր կաց, քեզ համար նոր գիրք եմ գնել։ ―Ոչ մի արձագանք չստանալով, նա իր աղջկա գիրքը դրեց սեղանին։
—Եթե լսում ես, իմացիր, որ կողքդ եմ դրել,—մայրը համբուրեց դստեր ճակատն ու գնաց իր ամենօրյա գործերին:
Մինչ այդ Լիլին մի կերպ էր զսպում ծիծաղը, որ քնած մարդու տպավորությունը թողնի, սակայն՝ մի քանի րոպե անց կրկին քնեց, իսկ համբույրից՝ ջերմացավ։ Քիչ անց, փոքրիկ աղջնակը մի զարմանահրաշ երազ տեսավ, որը պետք է մեծ նշանակություն ունենար ապագայում։ Ամենասկզբում, նրա դիմաց մառախուղից բացի ոչինչ չէր երևում, սակայն մի փոքր առաջանալուց հետո՝ մառախուղը ցրվեց։ Լիլին հայտնվեց մի կանաչ այգում։ Երկնքում հրե գնդակի նմանվող կիզիչ արևը ասեղի նման ծակում էր Լիլիի աչքերը։ Հանկարծ նա մի շատ տարօրինակ բան նկատեց, գեղեցիկ, հարթ կտրված թփերի կողքով մի վագր էր քայլում, ավելի ճիշտ՝ սողում, իսկ նրանից մի քանի մետր այն կողմ՝ մի օձ էր քայլում։ Վագրը ֆշշացնում էր, իսկ օձն այնպիսի մռնչյուն էր արձակում, որը նույնիսկ մեռելին քնից կհաներ։ Այս տարօրինակության հետին պլանում Լիլիի աչքը գրավեց մի շողշողուն, սպիտակ՝ մետաքսե երկար, լայնափեշ զգեստ կրող մի գեղեցկուհի։ Նրա մազերը նույնպես սպիտակ էին, կարմիր շրթներկը վառ արտահայտվում էր սպիտակ մաշկին, իսկ սև սուրման ընդգծել էր կապույտ աչքերը։ Իր բարակ, սպիտակ ձեռքերի նուրբ եղունգները նույնպես ալ կարմիր գույն ունեին։ Իր բարակ մատներով բռնել էր ինչ֊որ տարօրինակ ծաղիկ։ Դրա պոչը ներքևից բավականին հաստ էր, սակայն գնալով բարակում էր, մոտավորապես տասը սանտիմետր ձգվելուց հետո հայտնվում էին սպիտակ, գեղեցիկ, սուր, նեղ թերթիկներ, ուղիղ հիսուն հատ՝ իրար վրա աճած հինգ կլոր շարքերով՝ ամեն մեկի վրա տասը թերթ, իսկ կլոր շարքերը գնալով փոքրանում էին։ Նա մի հոտ քաշեց դրանից, վայելեց այն ու հանգիստ դեն նետեց։ Ծաղիկը դանդավ ընկավ:
Նրա նետելուց հետո ծաղկի թերթերը թառամեցին, չորացան ու շատ տկար տեսք ընդունեցին։ Հաստ պոչը ճմրթվեց ու անշնչացավ, կարծես ծաղիկը <<մահացավ>>: Լիլին գնաց ծաղկի մոտ, վերցրեց այն։ Վերցնելուն պես այն կրկին թարմացավ և նոր շունչ առավ։ Լիլին հոտ քաշեց։ Այնքա՜ն անուշ ու թարմ հոտ էր գալիս այդ տարօրինակ ծաղկից։ Կարճ ասած՝ այն նման էր օշարակի, ավելի ճիշտ տասը հատ օշարակի հոտերին։ Իսկ երբ Լիլին ծաղիկը ցած դրեց՝ այն կրկին թառամեց։ Նա մի փոքր էլ առաջացավ, իսկ այս ամենը մնաց ստվերում։ Ինը տարեկան աղջկա համար սա չափազանց սարսափելի և տարօրինակ երազ էր։ Մի քիչ էլ առաջանալուց հետո նա հասավ մի հսկայական կամարի։ Կամարը հասնում էր մոտավորապես տասնչորս մետրի, ծածկված էր նույն տարօրինակ ծաղիկներով։ Այդ քարե շինությունից այն կողմ ամբողջովին մառախուղ էր։ Հանկարծ մառախուղի միջից մի սպիտակ կատու վազ տվեց դեպի առաջ։ Լիլիի սիրտը կանգ առավ։
―Այստեղ ինչ֊որ մեկը կա՞,―ձայն չլսեց։―Կ-կ-կա՞ ինչ֊որ մ-մ-մեկը,―ոչինչ՝ բացի իր սեփական ձայնի արձագանքից։ Առաջանալով մառախուղը ցրվեց և իր առաջ մի կանաչ դաշտ բացվեց։ Դաշտի կենտրոնում սպիտակ շորերով տասնամյա մի աղջիկ էր կանգնած։ Նրա գլուխը պինդ կապված էր սպիտակ գլխաշորով, հագին նույնպես սպիտակ, նեղ, երկար զգեստ էր: Երեխան դրա տակից սև սվիտր էր հագել։ Ձեռքերում նույն ծաղկից էր բռնել, գլխաշորի ծայրերին նույնպես այդ ծաղիկներն էին ամրացված։ Աղջկա մուգ կապույտ աչքերը վախ ու անհանգստություն էին արտացոլում։ Նրա ճակատը ձգվել էր, կարծես անհանգստությունից տեղը չէր գտնում։ Դողդողացող ձեռքերը ծաղիկն այնքան ուժեղ էին բռնել, որ թվում էր, թե աղջիկն ուր որ է փղձկալու էր։ Հանկարծ նրա մկանները ձգվեցին, բերանը սաստիկ մեծ բացվեց ու մի սուր ճիչ լսվեց։
Ճիչը խլացրեց Լիլիին։ Նա սարսափահար արթնացավ ու վազեց ներքև։ Պարզվեց՝ մայրն էր մատը այրել ճաշ պատրաստելիս, և կարճ գոռոց արձակել, ինչն էլ երազում ընկալվել էր որպես բարձր ճիչ։