Chapter 2
II
Նա աչքերով փնտրեց նավապետ Լինչի տունը, և զարմանքով նկատեց, որ չքացել է։ Այո, իրոք որ ամեն ինչ կատարվում էր ակնթարթային արագությամբ։ Ռաուլը նշմարեց, որ ծառերի վրա պատսպարվածներից շատերն իջել են ցած։ Քամին այժմ ավելի էր սաստկացել, այդ մասին վկայում էր հենց իր՝ Ռաուլի հնդընկուզենին։ Այն այլևս ետ ու առաջ չէր օրորվում, այլ, քամու թափից թեքված՝ նույն դիրքում թրթռում էր։ Այդ թրթռումից, որ նման էր կիթառի լարի կամ կամերտոնի ձողի թրթռոցին, նա սրտխառնուք զգաց։ Վատն այն էր, որ ծառը թրթռում էր արտակարգ արագությամբ։ Նույնիսկ եթե արմատները պահեին, դարձյալ չէր կարող երկար դիմանալ այդքան լարվածության և ինչ-որ տեղից պետք է անպայման կոտրվեր։
Մի ուրիշ ծառ կոտրվել էր արդեն։ Ռաուլը չտեսավ, թե այդ ինչպես տեղի ունեցավ։ Վերևի մասը պոկվել էր, և մնացել էր միայն ներքևի կեսը։ Մինչև աչքով չտեսնես, չես հասկանա, թե ինչ է կատարվում։ Ծառերի ճարճատյունն ու մարդկանց հուսահատ ճիչերը խլանում էին ամպրոպի ահեղ մռնչոցի մեջ։ Ռաուլը պատահմամբ նայում էր նավապետ Լինչի ուղղությամբ, երբ տեղի ունեցավ աղետը։ Ծառի վերևի մասը, որի գագաթին թառել էին ծերուկ նավապետն ու «Աորայի» երեք նավաստիները, առանց աղմուկի անջատվեց բնից, և ծղոտի պես օդում թռչելով, ընկավ հարյուր յարդ հեռու՝ ուղիղ ծովալճակի մեջ։ Տեսողությունը լարելով՝ Ռաուլը որոշակի տեսավ, թե ինչպես նավապետ Լինչը ձեռքի շարժումով հրաժեշտ է տալիս իրեն։
Նա այլևս չսպասեց։ Հրելով բնիկի ուսը, նշան արեց, որ ցած իջնի։ Բնիկը համաձայն էր, բայց կանայք քարացել էին սարսափից։ Ռաուլը որոշեց նրանցից չհեռանալ։ Պարանն անցկացնելով ծառի շուրջը, նա սահեց ներքև։ Հարձակվող ալիքը աղի ջրով ողողեց նրան, մինչև գլուխը։ Նա շունչը պահեց և հուսահատ ճիգով կառչեց պարանից։ Երբ ալիքը նահանջեց, նա իսկույն շրջվեց դեպի ծառաբունը, շունչ քաշեց, և ավելի ամուր ձգեց պարանը։ Հետո մի նոր ալիք ողողեց նրան։ Կանանցից մեկը ծառաբնով սահեց ներքև ու միացավ Ռաուլին, իսկ բնիկը մնաց վերևում, մյուս կնոջ, երեխաների ու կատվի հետ։
Ռաուլը դեռ վերևից նկատել էր, որ ծառերի տակ հավաքված ու կոճղերին կառչած մարդիկ հետզհետե քչանում են։ Այժմ նույնը սկսեց տեղի ունենալ իր շուրջը։ Նա ամբողջ ուժը գործադրեց ջրից չքշվելու համար։ Նրան միացող կինն աստիճանաբար թուլանում էր։ Յուրաքանչյուր ալիքից հետո Ռաուլը զարմանում էր, որ դեռ տեղից չի պոկվել, սակայն ավելի էր զարմանում տեսներվ, որ կինն էլ դեռ տեղումն է։ Ի վերջո, մի նոր ալիքի տակից դուրս գալով, նա նկատեց, որ մենակ է մնացել։ Նա նայեց վեր, և տեսավ, որ ծառի գագաթը նույնպես անհետացել է։ Կիսատ ծառաբնի վերևում դեռ թրթռում էր ճեղքված փայտաշերտը։ Ռաուլը փրկվել էր։ Հնդընկուզենու արմատները այժմ կարող էին դիմանալ, քանի որ բունն ազատվել էր քամուն ենթարկվող ու թրթռոց առաջացնող գագաթից։ Նա սկսեց մագլցել ծառն ի վեր, բայց ուժասպառ լինելով դանդաղ էր առաջանում։ Ալիքները մի քանի անգամ էլ ողողեցին նրան։ Վերջապես նա բարձրացավ վերև, իրեն կապեց ծառաբնին, և ուժերը հավաքելով պատրաստվեց արիաբար դիմավորել գիշերն ու գալիք անհայտ վտանգները։
Մթության մեջ Ռաուլը բոլորովին մենակ զգաց իրեն։ Երբեմն նրան թվում էր, թե աշխարհի վերջն է և միայն ինքն է ողջ մնացել։ Քամին դեռ շարունակվում էր, ժամ առ ժամ սաստկանալով։ Ռաուլի հաշվով ժամը տասնմեկն էր, երբ քամու թափը հասավ անհավատալի սաստկության։ Դա կարծես մի ահավոր հրեշ էր, կատաղորեն ոռնացող մի գազան, կամ անծայրածիր մի պատնեշ, որն անվերջ շարժվում է առաջ, ճանապարհին խորտակելով ամեն ինչ։ Հետո Ռաուլին թվաց, թե ինքը դարձել է անկշիռ, թե իրականում ինքն է շարժվողը, և անլուր արագությամբ առաջանում է կարծր, անսահման, մի զանգվածի միջով։ Քամին այլևս շարժվող օդ չէր, այլ ինչ-որ հեղուկ, ջրի կամ սնդիկի պես։ Նրան նույնիսկ թվաց, թե հնարավոր է ձեռքով բռնել այդ թանձր քամին և կտրտել, ինչպես կտրտում են եղջերուի միսը, կամ կառչել նրանից, ինչպես կառչում են ապառաժից։
Քամին խեղդում էր նրան։ Նա չէր կարող դեմքը քամուն դարձրած շնչել, որովհետև օդը խուժում էր բերանից ու ռունգներից ներս և թոքերն ուռցնում պարկի նման։ Այդպիսի րոպեներին նրան թվում էր, թե ամբողջ մարմինը լցվում է հողով։ Շնչելու համար նա շրթունքները կպցնում էր ծառաբնին։ Այդ անդադրում քամին թուլացրեց նրան, հոգնեցրեց մարմինը և ուղեղը։ Ռաուլն այլևս չէր դիտում, չէր մտածում, նա կիսագիտակից վիճակում էր։ Նրա գիտակցության մեջ մնացել էր միայն մի միտք․ «Ուրեմն սա՜ է մրրիկը»։ Այս միտքը նրա ուղեղում կրկնվում էր անկանոն ընդմիջումներով, մերթընդմերթ առկայծող թույլ բոցի նման։ Թմբիրից երբեմն սթափվելով, նա կրկին մտածում էր. «Որեմն սա է մրրիկը․․․», ապա նորից թմրում։
Մրրիկի կատաղությունը տևեց գիշերվա ժամը տասնմեկից մինչև երեքը։ Հենց տասնմեկին էր, երբ քամին կոտրեց ու թռցրեց այն ծառը, որի վրա ապաստանել էր Մապուհին իր ընտանիքով։ Մապուհին բարձրացավ ծովալճակի երեսը, պինդ գրկած իր աղջկան՝ Նգակուրային։ Նման պայմաններում միայն Հարավային կղզիների բնիկները կարող են ողջ պրծնել անխուսափելի շնչահեղձությունից։ Ծառաբունը, որին դեռ կապված էր նա, անդադար պտտվում էր փրփրակալած ալիքների մեջ։ Մապուհին ծառաբնից կառչած սպասում էր, հետո ձեռքերն արագ տեղափոխելով ջրից բարձրացնում իր ու աղջկա գլուխը՝ շունչ քաշելու համար։ Բայց նրանց շնչած օդը հագեցած էր ցայտող փրփուրով և ուղղաձիգ տեղացող անձրևի ջրով։ Ծովալճակի հանդիպակաց ափը մոտավորապես տասը մղոն հեռու էր։ Աղետյալներից շատերն ամբողջ ծովալճակը լողալով անցան և երբ այս կողմում փորձեցին ափ դուրս գալ, տապալվող ծառաբները, տախտակի շերտերը, և նավակների ու տների բեկորները սպանեցին յուրաքանչյուր տասը հոգուց իննին։ Ուժասպառ ու կիսախեղդ թշվառները տարերքի այդ դժոխային շաղախի մեջ թափվելով վերածվեցին անձև մսակույտի։ Սակայն Մապուհիի բախտը բերեց։ Ճակատագրի քմահաճույքով նրան վիճակվեց լինել փրկվածների թվում։ Երբ նա ափ դուրս եկավ, մարմնի տասնյակ վերքերից հոսում էր արյունը։ Նգակուրայի ձախ թևը կոտրվել էր, աջ ձեռքի մատները ճմլվել էին, այտն ու ճակատը ճեղքվել մինչև ոսկորը։ Մապուհին մեկ ձեռքով փաթաթվեց կանգուն մնացած ծառերից մեկին, իսկ մյուսով պահեց աղջկան։ Նա շնչում, էր հևալով։ Ծովալճակի ալիքները բարձրանում էին մինչև ծնկները, երբեմն էլ մինչև գոտկատեղը։
Առավոտյան ժամը երեքին մրրիկի թափը կոտրվեց։ Ժամը հինգին հողմը համեմատաբար մեղմացավ, վեցին բոլորովին հանդարտվեց, և ապա արևը երևաց։ Խաղաղվեց նաև ծովը։ Լճակի դեռևս ալեկոծ ափին Մապուհին տեսավ այն մարդկանց դիակները, որոնք չէին կարողացել ողջ հասնել ցամաք։ Հավանական է՝ նրանց թվում լինեն նաև իր կինն ու մայրը։ Նա քայլեց ափի երկայնքով, զննեց դիակները, և վերջապես գտավ կնոջը՝ Թեֆարային, որը կիսով չափ պառկած էր ջրի մեջ։ Մապուհին նստեց ավազի վրա և սկսեց ողբալ, գազանային խռպոտ ձայներով արտահայտելով իր վիշտը։ Կինը անհանգիստ շարժվեց ու հառաչեց։ Մապուհին ուշադրությամբ դիտեց նրան։ Թեֆարան ոչ միայն ողջ էր, այլև նույնիսկ վերքեր չէր ստացել։ Նա պարզապես քնած էր։ Նրան ևս վիճակվել էր լինել երջանիկների թվում։
Կղզում ապրող հազար երկու հարյուր հագուց միայն երեք հարյուրն էին ողջ մնացել։ Մորմոն միսիոները և ժանդարմը նրանց ցուցակագրեցին։ Դիակները վխտում էին ծովալճակի երեսին։ Բոլոր տնակներն ու խրճիթները քանդվել էին՝, քարը քարի վրա չէր մնացել։ Յուրաքանչյուր հիսուն հնդընկուզենուց միայն մեկն էր կանգուն, այն էլ՝ կիսակործան, իսկ ընկույզներն ամբողջությամբ թափվել էին գետնին։
Խմելու չուր չկար։ Ծանծաղ ջրհորները, որոնց մեջ հավաքվում էին անձրևի ջրերը, այժմ լցված էին աղի ջրով։ Փրկվածները ծովալճակից դուրս քաշեցին մի քանի պարկ թրջված ալյուր, տապալված ծառերից հնդընկույզները կտրելով միջուկները պոկեցին ու կերան։ Նրանք փոսեր փորեցին ավազի մեջ, թիթեղի կտորներով ծածկեցին, և չորեքթաթ սողոսկեցին ներս։ Միսիոները մի պարզ թորանոց սարքեց, բայց նրան չհաջողվեց երեք հարյուր հոգու համար բավականաչափ ջուր թորել։ Երկրորդ օրվա երեկոյան, ծովալճակում լողանալիս՝ Ռաուլը զգաց, որ իր ծարավը որոշ չափով մեղմացել է։ Նա այդ հայտնագործությունը բարձրաձայն հաղորդեց բոլորին, և շուտով երեք հարյուր տղամարդ, կին ու երեխա ծովալճակի մեջ մինչև վզները թաղված կանգնեցին, ջանալով ջուր խմել գոնե մաշկի միջոցով։ Ջրի երեսին եղող դիակները ծփում էին նրանց շուրջը, իսկ հատակում փռվածները ոտնակոխ էին լինում։ Երրորդ օրը նրանք թաղեցին իրենց մեռելները և գետնին նստելով սպասեցին փրկարար նավերի։
\
Իսկ այդ ընթացքում Նաուրին, որ փոթորկի ժամանակ անջատվել էր ընտանիքից, ալիքներից քշվելով ունեցավ իր ուրույն ապրումները։ Նա լողում էր կառչելով մի կոշտ տախտակի, որի փշերը ծակծկում ու վիրավորում էին ամբողջ մարմինը։ Հանկարծ մի հուժկու կոհակ կղզու օղակի վրայով նրան շպրտեց ծովի մեջ։ Այնտեղ, թավալվող լեռնակուտակ ալիքների մեջ, նա կորցրեց տախտակը։ Նաուրին մոտ վաթսուն տարեկան էր, բայց ծնված լինելով Պաումոտյան կղզիներում, իր ամբողջ կյանքն ապրել էր ծովափին։ Լողալով մթության մեջ, ջուր կուլ տալով ու շնչահեղձ լինելով՝ նա մաքառում էր օդ շնչելու համար, երբ ուսին խփվեց մի հնդընկույզ։ Նույն ակնթարթում նա հղացավ մի ծրագիր, և բռնեց հնդընկույզը։ Մեկ ժամվա ընթացքում նա որսաց յոթ հատ ևս, և դրանք իրար միացնելով կազմեց մի փրկագոտի, որը թեև պահպանում էր նրա կյանքը, բայց միևնույն ժամանակ սպառնում էր մահացու կերպով ճմլել մարմինը։
Լինելով գեր, նա շուտով բազմաթիվ կապտուկներ ստացավ։ Սակայն Նաուրին շատ մրրիկներ էր տեսել։ Նա աղոթեց շնաձուկ-աստծուն, խնդրելով, որ իրեն պաշտպանի շնաձկներից, և սպասեց, որ քամին հանդարտվի։ Ժամր երեքին քամին մեղմացավ, բայց Նաուրին այնքան էր ընդարմացել, որ չնկատեց օդի փոփոխությունը։ Ժամր վեցին, երբ քամին բոլորովին խաղաղվեց, նա դեռ թմրած էր։ Նա ցնցվելով սթափվեց միայն այն պահին, երբ ալիքը նրան ափ նետեց։ Արյունլվա ձեռքերով ու ոտքերով ճանկռելով ավազը, Նաուրին մագլցեց ափն ի վեր, որպեսզի նահանջող ալիքներն իրեն ետ չտանեն։
Նաուրին կռահեց, թե որտեղ է գտնվում։ Այս ցամաքը կարող էր միայն ու միայն Թակոկոտա կղզյակը լինել։ Այստեղ ո՛չ ծովալճակ կար, ո՛չ էլ բնակչություն։ Հիքուերուն տասնհինգ մղոն հեռու էր, և չէր երևում, բայց Նաուրին գիտեր, որ դա պետք է լիներ հարավում։ Անցան օրեր, և նա սնվեց այն հնդընկույզներով, որոնք ծառայել էին որպես փրկագոտի։ Նա ուտում էր դրանց միջուկը և խմում հյութը։ Սակայն ուտում ու խմում էր խնայողությամբ, որովհետև չգիտեր, թե երբ կհասնի փրկության օրը։ Հորիզոնում նա տեսնում էր փրկարար նավերի ծուխը, բայց մտածում էր, թե ո՞ր նավը կգա այս անմարդաբնակ ու մենավոր կղզյակը։
Հենց սկզբի օրից դիակները նրան հանգիստ չավին։ Ծովը համառորեն նետում էր դիակները նեղլիկ ափի վրա, իսկ Նաուրին, քանի դեռ ուժ ուներ, նույնպիսի համառությամբ նորից շպրտում էր ծովը, որտեղ շնաձկները դրանց հոշոտում ու լափում էին։ Երբ նա բոլորովին ուժասպառ եղավ, դիակները հետզհետե կուտակվեցին ծովափին, կազմելով մի ահատեսիլ դրասանք։ Նաուրին հնարավորին չափ հեռացավ դրանցից, բայց նահանջելու շատ քիչ տարածություն կար ետևում։
Տասներորդ օրը րերջին հնդընկույզն էլ ուտելուց հետո, Նաուրին սկսեց տանջվել ծարավից։ Ավազի վրա քարշ գալով, նա հնդընկույզ էր փնտրում։ Տարօրինակ է, մտածում էր նա, ինչո՞ւ այդքան շատ դիակներ են դուրս նետվում, իսկ հնդընկույզ՝ ոչ։ Ծովում պետք է ավելի հնդընկույզ լիներ, քան դիակ․․․ Ի վերջո նա հույսը կտրեց և ուժասպառ պառկեց գետնին։ Վախճանը մոտեցել էր։ Այլևս ոչինչ չէր մնում անել, բացի մահվան սպասելուց։
Թմրությունից սթափվելով, Նաուրին սկսեց աստիճանաբար գիտակցել, որ նայում է ինչ֊որ դիակի շիկահեր գլխին։ Ալիքը դիակը նրան մոտեցրեց, հետո ետ տարավ։ Երբ դիակը շուռ, եկավ, Նաուրին տեսավ, որ սա դեմք չունի։ Այնուամենայնիվ, այդ շեկ մազերը կարծես ծանոթ էին նրան։ Անցավ մեկ ժամ։ Նաուրին չփորձեց ճանաչել դիակը։ Նա սպասում էր մահվան, և նրա համար կարևորություն չուներ, թե անցյալում ով էր եղել այդ զարհուրելի այլանդակությունը։
Սակայն մեկ ժամ անց, դանդաղ բարձրանալով՝ նա նստեց, և սկսեց ուշադրությամբ զննել դիակը, որին մի խոշոր ալիք նետել էր ծովեզրից այնքան հեռու, որ փոքր ալիքներն այլևս չէին կարող ետ տանել։ Այո, նա չէր սխալվում։ Այդպիսի շեկ մազեր ոչ ոք չուներ Պաումոտյան կղզիներում, բացի Լեվիից՝ գերմանացի հրեայից, որը գնել էր Մապուհիի մարգարիտը և մեկնել էր «Հիրա» երկկայմանավով։ Տարակույս չկար, որ երկկայմանավը խորտակվել էր։ Ուրեմն ձկնորսների ու գողերի Հիրա աստվածը երես էր դարձրել մարգարտի գնորդից։
Նաուրին չորեքթաթ մոտեցավ դիակին։ Մեռելի պոկված շապկի տակից երևում էր գրպանավոր կաշվե գոտին։ Նաուրին, շունչը պահած, փորձեց գոտու ճարմանդը քանդել։ Այն քանդվեց առանց դժվարության, և նա ավազի վրա սողալով շտապ հեռացավ, իր հետևից քաշելով գոտին։ Հետո մեկ-մեկ բացեց գոտու գրպանները։ Դրանք դատարկ էին։ Որտե՞ղ կարող էր դրված լինել։ Ամենավերջին գրպանում նա գտավ այն միակ մարգարիտը, որ վաճառականը գնել էր իր վերջին ուղևորության ընթացքում։ Նաուրին քարշ գալով մի քանի քայլ հեռացավ ժանտահոտ գոտուց, ապա զննեց մարգարիտը։ Դա հենց այն մարգարիտն էր, որ գտել էր Մապուհին, իսկ Տորիկին խլել էր նրանից։ Նա իր ափի մեջ կշռեց այն, և գուրգուրանքով շուռումուռ տվեց։ Բայց Նաուրին մարգարտի մեջ տեսնում էր ոչ թե նրա բուն գեղեցկությունը, այլ այն տունը, որ Մապուհին, Թեֆարան և ինքը ջանասիրաբար կառուցել էին իրենց երևակայության մեջ։ Յուրաքանչյուր անգամ մարգարտին նայելիս, նա տեսնում էր տունն իր բոլոր մանրամասներով, ներառյալ ճոճանակավոր ութանկյուն ժամացույցը։ Դա մի երջանկություն էր, որի համար արժեր ապրել։
Նաուրին իր «ահուից» կտրեց մի շերտ, և դրա մեջ պինդ կապելով մարգարիտը, կախեց վզից։ Հետո, հևալով ու տնքալով քայլեց ծովափի երկայնքով՝ հնդընկույզ որոնելու հաստատ վճռականությամբ։ Շատ չանցած, նա մի հատ գտավ։ Ապա շուրջը նայելով տեսավ մի հատ ևս։ Նա կոտրեց դրանցից մեկը, խմեց հյութը, որն արդեն բորբոսնել էր, և միջուկը կերավ մինչև վերջ։ Քիչ հետո նա հանդիպեց մի խորտակված նավակի, որը թիանցք չուներ Բայց Նաուրին չհուսահատվեց, և երեկոյան դեմ գտավ թիանցքը։ Յուրաքանչյուր հայտնաբերություն մի բարեգուշակ նշան էր։ Մարգարիտը հուռութքի պես հաջողություն էր բերում։ Մայրամուտից առաջ նա նկատեց կիսով չափ ջրի մեջ թաղված փայտե մի արկղ։ Երբ փորձեց հանել ափ, պարունակությունը շխկշխկաց։ Արկղում կար տասը տուփ սաղմոնի պահածո։ Նա դրանցից մեկը նավակի եզրին խփելով ծակեց, միջի հյութը խմեց մինչև վերջին կաթիլը, հետո մի քանի ժամ աշխատեց, որպեսզի տուփը ճզմելով ու ցնցելով ձկնեղենը փոքրիկ կտորներով դուրս հանի։
Նաուրին ութ օր ևս սպասեց օգնության։ Այդ ժամանակամիջոցում նա թիանցքն ամրացրեց նավակին, պարանի փոխարեն օգտագործելով հավաքած հնդընկույզների մանրաթելերն ու «ահուի» մնացորդը։ Նավակը մի խոշոր ճեղքվածք ուներ, որը հնարավոր չէր խծուծել։ Բայց Նաուրին մի հնդընկույզի դատարկ կեղև պահեց, որ օգտագործի որպես դույլ։ Թիակ պատրաստելու մասին երկար մտածելուց հետո նա թիթեղի մի կտորով արմատից կտրեց իր մազերը, դրանք հյուսելով պարան սարքեց, այդ պարանսվ պահածոների արկղի տախտակներից մեկը կապեց երեք ոտնաչափ երկարությամբ մի ձողի, հետո ատամներով կրծոտելով պատրաստեց թիթեղյա սեպեր, ու դրանցով ամրացրեց փաթաթված պարանը։
Տասնութերորդ օրը, կես գիշերին, նա նավակն իջեցրեց ծովը, և անցնելով ալեբախության գոտին, նավարկեց դեպի Հիքուերու։ Նաուրին ծեր կին էր։ Տանջանքներից ու զրկանքներից նրա մարմնի ամբողջ ճարպը հալվել էր, մնացել էին միայն մաշկը և թորշոմած մկաններով ծածկված ոսկորները։ Նավակը խոշոր էր, այն կառուցված էր երեք ուժեղ թիավարների համար, իսկ Նաուրին թիավարում էր մենակ, այն էլ ձեռակերտ թիակով։ Բացի այդ, ճեղքից այնքան ջուր էր լցվում ներս, որ նա իր ժամանակի մեկ երրորդը կորցնում էր ջուր դատարկելով։ Երբ արշալույսը ծագեց, Հիքուերուն դեռ չէր երևում, մինչդեռ Թակոկոտան անհետացել էր հորիզոնի ետևում։ Արևն այրում էր նաուրիի մերկ մարմինը, որը քրտնում էր, և այդպիսով զրկվում սեփական խոնավությունից։ Սաղմոնի պահածոյից մնացել էր միայն երկու տուփ։ Օրվա ընթացքում նա դրանք ծակծկեց և խմեց հյութը, բայց ձկան միսը դուրս քաշելու ժամանակ չունեցավ։ Ջրի հոսանքը նավակը քշում էր դեպի արևմուտք, իսկ Նաուրին չգիտեր, թե ինչ ուղղությամբ է դնում, դեպի արևմո՞ւտք, թե՞ հարավ։
Կեսօրից քիչ հետո, նավակի մեջ կանգնելով, նա նշմարեց Հիքուերուն։ Հնդընկուզենիների շքեղ խմբերը չքացել էին։ Միայն տեղ-տեղ, իրարից բավական հեռու, կանգնած էին ջախջախված ծառերի բները։ Հիքուերուն տեսնելով նաուրին ուրախացավ։ Նա չէր կարծում, որ այդքան մոտեցել է կղզուն։ Սակայն հոսանքը նրան միշտ քշում էր դեպի արևմուտք։ Նաուրին շարունակեց թիավարել, աշխատելով նավակն ուղղել դեպի հարավ։ Սեպերը, որոնցով պարանն ամրացված էր թիակին, խարխլվել էին, և նա ամեն անգամ ահագին ժամանակ էր կորցնում նորից ամրապնդելու համար։ Բացի դրանից, նա ստիպված էր հաճախակի դատարկել նավակի հատակում հավաքվող ջուրը։ Իսկ այդ ընթացքում նավակը շարունակ քշվում էր դեպի արևմուտք։
Մայրամուտից առաջ Հիքուերուն գտնվում էր երեք մղոն հեռավորության վրա, հարավարևելյան կողմում։ Երկնքում երևաց լիալուսինը։ ժամը ութին կղզին գտնվում էր ուղիղ արևելքում, երկու մղոն հեռու։ Նաուրին մի ժամ ևս պայքարեց, բայց ցամաքին չէր մոտենում, որովհետև հոսանքը նրան ամուր պահել էր։ Նավակը շատ խոշոր էր, թիակը չափազանց անհարմար, իսկ ջրի դատարկման աշխատանքը խլում էր նրա ուժի և ժամանակի մեծ մասը։ Նա հոգնել էր, և գնալով ավելի էր թուլանում։ Հակառակ նրա գործադրած ջանքերին, նավակը միշտ քշվում էր դեպի արևմուտք։
Նաուրին աղոթեց իր շնաձուկ-աստծուն, հետո նավակի եզրով սահեց ջրի մեջ և սկսեց լողալ։ Ջուրը թարմացրեց նրան, և շուտով նա հեռացավ նավակից։ Մի ժամ անց, ցամաքն արդեն նկատելիորեն մոտեցել էր։ Բայց ահա պատահեց ամենասարսափելին։ Ուղիղ նրա աչքերի առաջ, հազիվ քսան ոտնաչափ հեռու, մի հսկա լողակ ճեղքում էր ջուրը։ Նաուրին վճռականորեն լողաց դեպի լողակը, որը դանդաղ հեռացավ, թեքվեց դեպի աջ, և սկսեց պտույտներ գործել նրա շուրջը։ Աչքերը լողակին հառած՝ Նաուրին շարունակեց առաջանալ։ Երբ լողակն անհետանում էր, նա դեմքը մխրճում էր ջրի մեջ, և դիտելով սպասում, իսկ երբ նորից էր երևում, Նաուրին լողում էր առաջ։ Պարզ էր, որ հրեշը չէր շտապում։ Նա, անկասկած, լավ էր սնվել մրրիկից հետո։ Նաուրին գիտեր, որ եթե նա քաղցած լիներ, իսկույն կնետվեր իր վրա։ Շնաձուկն ուներ տասնհինգ ոտնաչափ երկարություն և կարող էր ծնոտի մեկ հարվածով երկուսի բաժանել մարդկային մարմինը։
Բայց նաուրին ժամանակ չուներ զբաղվելու շնաձկով, քանի որ լողար կամ չլողար, միևնույն է, հոսանքը նրան հեռացնում էր ցամաքից։ Անցավ կես ժամ, և շնաձուկն սկսեց աստիճանաբար հանդգնանալ։ Տեսնելով, որ Նաուրին վտանգ չի ներկայացնում, նա սկսեց մոտենալ, հետզհետե ավելի նեղ պտույտներ կատարել, և մոտով անցնելիս՝ լկտիորեն նայել նրան։ Նաուրին գիտեր, որ վաղ թե ուշ շնաձուկը քաջություն հավաքելով պիտի հարձակվի իր վրա։ Ուստի որոշեց գործի անցնել չսպասելով դրան, և դիմեց մի հուսահատ արարքի։ Քաղցից ու զրկանքներից թուլացած պառավը դեմ հանդիման գտնվելով այդ ծովային վագրին, մտածեց նրա հարձակումը կանխել՝ առաջինը ինքը հարձակվելով։ Նա շարունակեց լողալ, սպասելով պատեհ առիթի։ Եվ ահա շնաձուկը նորից անցավ, այս անգամ հազիվ ութ ոտնաչափ հեռվից։ Նաուրին հանկարծակի առաջ նետվեց, ձևացնելով, թե գրոհում է նրա վրա։ Շնաձուկը փախուստ տվեց, բայց անցնելիս թափահարեց ապակեթղթի պես խորդուբորդ պոչը, որը քսվեց կնոջ մարմնին, և մորթը պոկեց արմունկից մինչև ուսը։ Արագ լողալով և հետզհետե ավելի լայն պտույտներ գործելով հրեշն ի վերջո անհետացավ։
\
Ավազի մեջ փորված խրամատում, թիթեղյա ծածկի տակ պառկած` Մապուհին ու Թեֆարան վիճում էին։
— Եթե իմ ասածի պես անեիր,— կշտամբում էր Թեֆարան հազարերորդ անգամ,— եթե մարգարիտը պահեիր ու ոչ ոքի ոչինչ չասեիր, հիմա քոնը կլիներ։
— Բայց Հուրու-Հուրուն մոտս էր, երբ խեցին բացեցի: Ես քեզ հազար-հազար անգամ եմ ասել այդ մասին։
— Իսկ հիմա մենք զրկված ենք տնից։ Այսօ Ռաուլն ինձ ասաց, որ եթե մարգարիտը Տորիկիին ծախած չլինեիր...
— Ես չծախեցի։ Տորիկին կողոպտնց ինձ...
— ...Եթե մարգարիտը ծախած չլինեիր, ինքը դրա համար քեզ կվճարեր հինգ հազար ֆրանսիական դոլլար, որը կանի տասը հազար չիլիական։
— Երևի նա մոր հետ խորհրդակցել է,— բացատրեց Մապուհին։— Մայրը լավ է հասկանում մարգարտի արժեքը։
— Բայց հիմա արդեն մարգարիտ չունենք,— գանգատվեց Թեֆարան։
— Համենայն դեպս, դրանով պարտքս վճարեցի Տորիկիին։ Այդպիսով շահեցի հազար երկու հարյուր։
— Բայց Տորիկին մեռած է,— գոչեց Թեֆարան։— Նրա երկկայմանավի մասին ոչ մի լուր չկա, կործանվել է «Աորայի» և «Հիրայի» հետ։ Հիմա Տորիկին կարո՞ղ է քեզ տալ խոստացած երեք հարյուրի վարկը։ Ո՛չ, քանի որ նա մեռած է։ Իսկ եթե մարգարիտը գտած չլինեիր, մի՞թե այսօր դու դարձյալ նրան պարտական կլինեիր հազար երկու հարյուր։ Ո՛չ, որովհետև Տորիկին մեռած է, իսկ մեռած մարդկանց պարտք չեն վճարում։
— Ուրեմն Լեվին էլ չի վճարել Տորիկիին,— ասաց Մապուհին։— Նա Տորիկիին տվել է թղթի մի կտոր, որպեսզի դրանով, վող ստանա Պապեետեում։ Բայց Լեվին մեռած է և չի կարող փող վճարել, Տորիկին էլ մեռած է, և թուղթը կորել է նրա հետ, իսկ մարգարիտը կորել է Լեվիի հետ։ Դու իրավացի ես, Թեֆարա, մարգարիտը ձեռիցս բաց թողեցի և փոխարենը ոչինչ չստացա։ Դեհ, հիմա քնենք։
Հանկարծ նա ձեռքը բարձրացրեց և սկսեց ականջ դնել։ Դրսից խուլ ձայն էր լսվում, կարծես մեկը շնչում էր, դժվար ու ծանր։ Նույն պահին մի ձեռք խարխափեց փսիաթը, որ ծառայում էր որպես դուռ։
— Ո՞վ է,— գոչեց Մապուհին։
— Նաուրին,— եղավ պատասխանը։— Չե՞ք ասի՝ որտեղ է իմ որդի Մապուհին։
Թեֆարան ճչաց և սեղմեց ամուսնու ձեռքը։
— Ուրվակա՜ն է,— թոթովեց նա,— ուրվակա՜ն է...
Մապուհիի դեմքը սաստիկ դեղնեց։ Թուլացած ձեռքերով նա փաթաթվեց կնոջը։
— Բարի կին,— ասաց նա կակազելով ու ջանալով ձայնը կեղծել ես լավ ճանաչում եմ քո որդուն։ Նա ապրում է լճակի արևելյան ափում։
Դրսից հառաչանք լսվեց։ Մապուհին ուրախացավ, որ կարողացել է խաբել ուրվականին։
— Իսկ որտեղի՞ց ես եկել, բարի կին,— հարցրեց նա։
— Ծովից,— պատասխանեց Նաուրին վհատ ձայնով։
— Այդպես էլ գիտեի,— ճչաց Թեֆարան ետ ու առաջ օրորվելով,— այդպե՜ս էլ գիտեի։
— Այդ երբվանի՞ց է Թեֆարան գիշերում օտար տներում,— լսվեց Նաուրիի ձայնը փսիաթի մյուս կողմից։
Սարսափած Մապուհին կշտամբալի նայեց կնոջը, որի ձայնը մատնել էր իրենց։
— Եվ այդ երբվանից է, որ իմ որդի Մապուհին ուրացել է իր պառավ մորը,— շարունակեց ձայնը։
— Ո՛չ, ոչ, ես չեմ... Մապուհին չի մոռացել քեզ։ Ես Մապուհին չեմ։ Քեզ ասում եմ, որ նա լճակի արևելյան ծայրում է։
Նգակուրան նստեց անկողնում և բարձրաձայն արտասվեց։
Փսիաթն սկսեց շարժվել։
— Ի՞նչ ես անում,— հարցրեց Մապուհին։
— Ներս եմ գալիս,— ասաց Նաուրիի ձայնը։
Փսիաթի մեկ ծայրը վեր բարձրացավ։ Թեֆարան փորձեց թաքնվել վերմակի տակ, բայց Մապուհին չթողեց, որովհետև նրան հարկավոր էր մի որևէ բանի փաթաթվել։ Ամբողջ մարմնով դողալով և ատամները կափկափելով՝ նրանք երկուսով դիտեցին բարձրացող փսիաթը, ու տեսան, թե ինչպես նաուրին առանց «ահուի», բոլորովին թաց մարմնով ներս սողոսկեց։ Նրանք ետ նետվեցին և փորձեցին խլել Նգակուրայի վերմակը, որպեսզի ծածկեն գլուխները։
— Գոնե ձեր պառավ մորը որևէ բան տայիք խմելու,— գանգատվեց ուրվականը։
— Ջուր տուր նրան,— ամուսնուն հրամայեց Թեֆարան դողացող ձայնով։
— Ջուր տուր նրան,— աղջկան հրամայեց Մապուհին իր հերթին։
Եվ երկուսով Նգակուրային դուրս գցեցին վերմակի տակից։ Մի րոպե հետո, գաղտագողի նայելով, Մապուհին տեսավ, որ ուրվականը խմում է ջուրը։ Երբ ուրվականն իր դողդոջուն ձեռքը երկարելով դիպավ նրա ձեռքին, նա զգաց ծանրությունը և համոզվեց, որ դիմացինն ուրվական չէ։ Հետո դուրս եկավ վերմակի տակից, իր հետ քաշելով Թեֆարային։
Մի քանի րոպե անց նրանք ունկնդրում էին Նաուրիին։ Երբ նա պատմեց Լեվիի մասին և մարգարիտը դրեց Թեֆարայի ափում, անգամ Թեֆարան համոզվեց, որ նա իրոք իր սկեսուրն է։
Առավոտյան մարգարիտը կծախես Ռաուլին, հինգ հազար ֆրանսիական դոլլարով,— ասաց Թեֆարան։
— Իսկ տո՞ւնը,— հարցրեց Նաուրին։
Ռաուլը կկառուցի տունը,— պատասխանեց Թեֆարան։- Նա ասում է, որ տունը կնստի չորս հազար ֆրանսիական։ Նա բանալու է նաև հազար ֆրանսիական դոլլարի վարկ, այդ կանի երկու հազար չիլիական։
— Տան երկարությունը լինելո՞ւ է երեսունվեց ոտնաչափ,— հարցրեց Նաուրին։
— Այո,— պատասխանեց Մապուհին,— երեսունվեց ոտնաչափ։
— Իսկ մեջտեղի սենյակում կլինի՞ ճոճանակավոր ութանկյուն ժամացույց։
— Այո, և կլոր սեղան։
— Որ այդպես է, ինձ ուտելիք տվեք, սոված եմ,— ասաց Նաուրին։— Հետո կքնենք, որովհետև ես հոգնած եմ։ Իսկ վաղը, մարգարիտը ծախսելուց առաջ մենք ավելի երկար կխոսենք տան մասին։ Լավ կլինի, որ հազար ֆրանսիական դոլլարը կանխիկ ստանանք։ Որովհետև առևտրականներից ապրանք գնելու ժամանակ ավելի լավ է կանխիկ դրամով վճարել արժեքը, քան վարկով վերցնել։