Chapter 1
I
Հակառակ իր ծանրաշարժ տեսքին՝ «Աորայ» երկկայմանավը մեղմ քամու օգնությամբ թեթևորեն առաջ ընթացավ։ Նախքան խարիսխ գցելը, նավապետը նավը մոտեցրեց կղզուն և կանգնեցրեց ալեբախության ճիշտ եզրին։ Հիքուերու ատոլլը ցածրանիստ էր, մակընթացության ամենավերին մակարդակից հազիվ չորս-հինգ ոտնաչափ բարձր։ Նրա օղակաձև գոտին, որ ծածկված էր մարջանային մանր ավազով, ուներ հարյուր յարդ լայնություն և քսան մղոն շրջագիծ։ Այդ գոտու մեջ պարփակված ընդարձակ, ապակենման ծովալճակի հատակը հարուստ էր մարգարտախեցիներով, և դրսում կանգնած երկկայմանավի տախտակամածից կարելի էր հետևել սուզակների աշխատանքին։ Սակայն կղզու մուտքն այնքան նեղ էր, որ առևտրական երկկայմանավը չէր կարող ծովալճակ մտնել։ Միայն փոքր կատերներն էին համընթաց քամու ժամանակ անցնում ծանծաղ, օձապտույտ նեղուցով, իսկ երկկայմանավերը մնում էին խարսխակայանում, և ներս ուղարկում իրենց մակույկները։
«Աորայից» շտապ ծով իջեցրին մի մակույկ, և կարմիր կոնքակապով վեց թխամորթ նավաստիներ ցատկեցին նրա մեջ։ Երբ նրանք ձեռքներն առան թիակները, մի երիտասարդ մոտեցավ մակույկի նավախելին և կանգնեց ղեկի մոտ։ Նա սպիտակ զգեստով էր, որպիսին հագնում են արևադարձային երկրներում ապրող եվրոպացիները, բայց զտարյուն եվրոպացի չէր։ Ճերմակավուն մաշկի ոսկեգույն երանգն ու փայլփլող կապույտ աչքերի ոսկեշող լույսերը մատնում էին նրա պոլինեզիական ծագումը։ Դա Ռաուլն էր, Ալեքսանդր Ռաուլը, ամենակրտսեր որդին մեծահարուստ խառնածին Մերի Ռաուլի, որը կառավարում էր «Աորայի» մեծությամբ վեց սեփական երկկայմանավ։
Նեղուցի մուտքի մոտ պտտվող հորձանուտն անցնելով, մակույկը ճեղքեց եռացող ալեբախության շերտը և մտավ հանդարտ, հայելու պես ողորկ ծովալճակը։ Ռաուլը մակույկից ցատկեց սպիտակ ավազի վրա և ձեռքով բարևեց մի բարձրահասակ սևամորթի, որը կղզու բնիկներից էր։ Այդ մարդն ուներ հոյակապ կուրծք և լայն ուսեր, բայց կտրված աջ բազուկից մի քանի մատնաչափ դուրս ցցված ու տարիների ընթացքում սպիտակած ոսկորը վկայում էր, որ նա ժամանակին հանդիպում է ունեցել շնաձկան հետ։ Այդ էր պատճառը, որ մարգարտի որսը թողնելով, նա դարձել էր բանսարկություններ հյուսող մի պորտաբույծ։
— Լսե՞լ ես, Ալեք,— եղան նրա առաջին խոսքերը,— Մապուհին մի մարգարիտ է գտել, այնպիսի մի մարգարիտ, որի նմանը ոչ ոք չի որսացել ո՛չ Հիքուերուում, ո՛չ Պաումոտյան կղզիներում, ո՛չ էլ ամբողջ աշխարհում։ Գնիր մարգարիտը, դեռ նրա մոտ է։ Եվ հիշիր, որ ես եմ քեզ հայտնել առաջին անգամ։ Մապուհին հիմար է, և դու կարող ես շատ էժան գնել։ Ծխախոտ չունե՞ս։
Ռաուլը շտապ բարձրացավ ափն ի վեր, խադարենու տակ գտնվող հյուղակի ուղղությամբ։ Լինելով իր մոր գործակալը, նա շրջագայում էր Պաումոտյան կղզիները և գնում կոկոսի կորիզ, խեցի ու մարգարիտ։ Նա դեռ սկսնակ էր և այդ պաշտոնով այժմ իր երկրորդ ճանապարհորդությունն էր կատարում։ Ահա թե ինչու նրան անհանգստացնում էր այն միտքը, թե բավականաչափ փորձառություն չունի մարգարիտ գնահատելու գործում։ Բայց երբ Մապուհին ցույց տվեց մարգարիտը, նա, այնուամենայնիվ, կարողացավ զսպել զարմանքի բացականչությունը և ընդունեց անտարբեր ու գործարար տեսք։ Մարգարիտը հմայել էր նրան։ Դա աղավնու ձվի մեծությամբ և անթերի կլորությամբ մի մարգարիտ էր, իսկ մակերեսն այնքան ճերմակ էր, որ բազմերանգ լույսեր էր սփռում շուրջը։ Ասես կենդանի լիներ։ Ռաուլը բնավ չէր տեսել նման մի բան։ Երբ Մապուհին մարգարիտը դրեց նրա ափի մեջ, Ռաուլին ապշեցրեց ծանրությունը, որ թանկարժեքության գրավականն էր։ Ռաուլը խոշորացույցով ուշադրությամբ զննեց և տեսավ, որ ոչ մի գիծ կամ արատ չկա վրան։ Մարգարիտն այնքան վճիտ էր, որ թվում էր, թե կարող է հանկարծ հալվել օդում։ Ստվերում մեղմ լույս էր սփռում, ինչպես լուսնի շոյող լույսը։ Իսկ սպիտակությունկ այնքան թափանցիկ էր, որ ջրով լի բաժակի մեջ գցելուց հետո Ռաուլը դժվարությամբ կարողացավ այն գտնել։ Մարգարիտն այնքան արագ սուզվեց ջրի հատակը, որ երիտասարդը անմիջապես գնահատեց նրա կշիռը։
— Ի՞նչ ես ուզում սրա համար,— հարցրեց նա, անտարբեր դանդաղությամբ։
— Ես ուզում եմ...— սկսեց Մապուհին, և նույն պահին նրա թուխ դեմքի ետևում հայտնվեցին թխադեմ երկու կին ու մի աղջիկ, որոնք գլխի շարժումով հավանություն տվեցին նրա հայտնելիք ցանկությանը և զսպված հուզմունքով, ագահությունից փայլող աչքերով, վզները առաջ ձգած՝ լուռ սպասեցին։
— Ես ուզում եմ մի տուն,— ասաց Մապուհին,- որը պետք է ունենա երեսունվեց ոտնաչափ երկարություն, ցինկով ծածկված տանիք, ճոճանակավոր ութանկյուն մի ժամացույց և շրջապատված լինի սյունազարդ պատշգամբով։ Տան կենտրոնում պետք է լինի մի խոշոր սենյակ, սենյակի մեջտեղում մի կլոր սեղան, իսկ պատին՝ ութանկյուն ժամացույցը։ Խոշոր սենյակի յուրաքանչյուր կողմում պետք է լինի երկու ննջարան, իսկ յուրաքանչյուր ննջարանում երկաթե մահճակալ, երկու աթոռ ու մեկ լվացարան։ Տան ետևում պետք է լինի խոհանոցը․ մի գեղեցիկ խոհանոց, կաթսաներով, թավաներով ու վառարանով։ Բայց տունը պետք է կառուցվի իմ ծննդավայրում՝ Ֆակավարա կղզում։
— Ա՞յդ է ամբողջը,— հարցրեց Ռաուլը թերահավատությամբ։
— Պետք է նաև ունենա կարի մեքենա,— մեջ մտավ Թեֆարան՝ Մապուհիի կինը։
— Եվ անպայման ճոճանակավոր ութանկյուն ժամացույց,— ավելացրեց Նաուրին՝ Մապուհիի մայրը։
— Այո, այդքանը,— ասաց Մապուհին։
Երիտասարդ Ռաուլը ծիծաղեց։ Նա ծիծաղեց սրտանց, երկար։ Բայց ծիծաղելիս մտովի կատարեց թվաբանական հաշիվներ։ Նա իր կյանքում երբեք տուն չէր կառուցել, և տան կառուցման վերաբերյալ չափազանց աղոտ պատկերացում ուներ։ Շարունակելով ծիծաղել, նա հաշվեց շինանյութերի արժեքը, փոխադրածախսը մինչև Թաիթի ու այդտեղից Ֆակարավա, բեռնաթափման և շինարարության ծախսերը։ Այդ ամենի համար հարկավոր էր — հաշվի առնելով նաև չնախատեսված ծախսերը — չորս հազար ֆրանսիական դոլլար, այսինքն՝ քսան հազար ֆրանկ։ Դա անհնարին է։ Ինչպե՞ս կարող է ինքը իմանալ այդպիսի մարգարտի արժեքը։ Քսան հազար ֆրանկը մեծ փող է, ընդ որում մոր փողը։
— Մապուհի,— ասաց նա,— դու հիմար ես։ Եկ գինը նշանակիր դրամով։
Բայց Մապուհին գլուխն օրորեց, և նրա ետևում երեք գլուխները նույնպես օրորվեցին։
— Ինձ տուն է հարկավոր,— ասաց նա։— Եվ այն պետք է ունենա երեսունվեց ոտնաչափ երկարություն, շրջապատված լինի սյունազարդ պատշգամբով...
— Այո՛, այո՛,— ընդհատեց Ռաուլը։— Այդ ամենը գիտեմ, բայց դրանից ոչինչ դուրս չի գա։ Ես քեզ կտամ հազար չիլիական դոլլար։
Չորս գլուխները միասին օրորվեցիք բացասական շարժումով։
— Նաև հարյուր չիլիական դոլլարի վարկ։
— Ինձ տուն է հարկավոր,— վերսկսեց Մապուհին։
— Ինչի՞դ է պետք տունը,— հարցրեց Ռաուլը։— Հենց առաջին մրըիկը տունդ կպոկի ու կգցի ծովը։ Ինքդ էլ այդ բանը լավ գիտես։ Նավապետ Րաֆֆին ասում է, որ հենց հիմա էլ կարող է փոթորիկ պայթել։
— Բայց ոչ Ֆակարավայում,— ասաց Մապուհին։— Այնտեղ ափը շատ ավելի բարձր է։ Այս կղզու վրա, ճիշտ է, մրըիկը կարող է ամեն ինչ քշել տանել։ Իմ տունը կառուցվելու է Ֆակարավայում և պետք է ունենա երեսունվեց ոտնաչափ երկարություն, շրջապատված լինի սյունազարդ պատշգամբով․․․
Եվ Ռաուլը նորից ծայրեծայր լսեց տան նկարագրությունը։ Նա մի քանի ժամ կորցրեց Մապուհիին համոզելու, որ հրաժարվի տուն կառուցելու մտքից, բայց մայրը, կինը և աղջիկը՝ Նգակուրան, Մապուհիին քաջալերեցին, որ անխախտ մնա իր որոշման մեջ։ Քսաներորդ անգամ տան նկարագրությունը լսելիս Ռաուլը բաց դռան միջով նկատեց, որ իր երկկայմանավի երկրորդ մակույկը մոտեցել է ափին։ Նավաստիները թիակները բաց չէին թողել։ Նշանակում է՝ շտապում էին վերադառնալ։ Նավապետի օգնականը ափ ցատկեց, մի քանի խոսք փոխանակեց միձեռնանի բնիկի հետ, ապա արագ քայլեց դեպի հյուղակը։ Նույն պահին մի սև ամպ ծածկեց արևը, և օրը մթնեց։ Ռաուլը տեսավ, որ ծովալճակի հանդիպակաց կողմից մեծ արագությամբ մոտենում է չարագուշակ քամին։
— Նավապետ Րաֆֆին ասում է՝ հարկավոր է իսկույն հեռանալ այստեղից,— հաղորդեց օգնականը։— Նա ասում է՝ եթե մարգարիտ կա, հետո էլ կարելի է գնել։ Բարոմետրը իջել է քսանինը և յոթանասունի։
Քամին թափով ճոճեց խադարենու գագաթը, սուրալով անցավ հնդընկուզենիների ճյուղերի միջով, և մի քանի հասուն ընկույզներ ցած թափվեցին խուլ աղմուկով։ Մռնչացող քամու հետ հեռվից աստիճանաբար մոտեցավ անձրևը և տեղալով ծովալճակի վրա՝ կնճռոտեց ջրի երեսը։ Ռաուլը լսեց տերևների վրա ընկնող առաջին կաթիլների կտկտոցը և ոտքի ցատկեց։
— Հազար չիլիական դոլլար կանխիկ դրամով, Մապուհի, և երկու հարյուր չիլիական դոլլարի վարկ,— ասաց նա։
— Ինձ տուն է հարկավոր...— սկսեց Մապուհին։
— Մապուհի՛,— գոռաց Ռաուլը քամու աղմուկի միջով,— դու հիմար ես։
Նա հյուղակից դուրս նետվեց և նավապետի օգնականի հետ կողք—կողքի քայլելով ու քամու դեմ կռվելով՝ առաջացավ մակույկի ուղղությամբ։ Մակույկը չէր երևում։ Արևադարձային հորդ տարափը նրանց շրջապատել էր անթափանց պատնեշի պես, այնպես որ նրանք տեսնում էին միայն ոտքի տակի նեղ հողաշերտը և ծովալճակի փոքրիկ չարաճճի ալիքները, որ ծեծում ու կծոտում էին ավազը։ Տեղատարափի միջից հայտնվեց մի կերպարանք։ Միձեռնանի Հուրու-Հուրուն էր։
— Մարգարիտը գնեցի՞ր,— գոռաց նա Ռաուլի ականջին։
— Մապուհին հիմար է,— պատասխանեց Ռաուլը, նույնպես գռռալով, և հաջորդ րոպեին նրանք իրար կորցրին տեղացող հեղեղի մեջ։
Կես ժամ հետո Հուրու-Հուրուն, որ ափին կանգնած ծովն էր դիտում, տեսավ, թե ինչպես Ռաուլի մակույկները բարձրացվեցին «Աորայի» վրա, և երկկայմանավը քիթը դարձրեց դեպի բաց ծովը։ Հետո մի ուրիշ երկկայմանավ, կարծես քամու թիերին հեծած, մոտեցավ «Աորային» և կանգ առնելով՝ մակույկ իջեցրեց ծովը։ Հուրու-Հուրուն ճանաչում էր նոր երկկայմանավը։ Դա «Օրոհենան» էր և պատկանում էր Տորիկի անունով մի խառնածին առևտրականի, որ անձամբ էր կատարում իր գնումները և այժմ, անկասկած, գտնվում էր մակույկի նավախելում։ Հուրու-Հուրուն քրքջաց։ Նա գիտեր, որ Մապուհին պետք է Տորիկիին վճարի նախորդ տարում վարկով գնած ապրանքի արժեքը։
Ամպրոպը դադարել էր։ Արևը սփռել էր իր տաք ճառագայթները, և ծովալճակի մակերեսը նորից դարձել էր ողորկ, ինչպես հայելի։ Բայց օդը խեժի պես կպչուն էր. նրա ծանրությունը կարծես ճնշում էր թոքերը և դժվարացնում շնչառությունը։
— Նորություն լսե՞լ ես, Տորիկի,— հարցրեց Հուրու-Հուրուն։— Մապուհին մի մարգարիտ է գտել։ Դրա նմանը ոչ ոք չի որսացել ո՛չ Հիքուերուում , ո՛չ Պաումոտյան կղզիներում, ոչ էլ ամբողջ աշխարհում։ Մասքուհին հիմար է։ Բացի այդ․ նա քեզ փող է պարտք։ Հիշիր, որ ես եմ քեզ հայտնել առաջին անգամ։ Ծխախոտ չունե՞ս։
Տորիկին ուղղվեց դեպի Մապուհիի ծղոտե հյուղակը։ Նա տիրական մարդ էր, բայց և բավականին տխմար։ Անփույթ հայացքով նա նայեց զմայլելի մարգարտին, նայեց լոկ մի վայրկյան, և ապա նույնքան մի անփույթ շարժումով դրեց իր գրպանը։
— Դե՛հ, բախտավոր մարդ ես,— ասաց նա։— Գեղեցիկ մարգարիտ է։ Դրա փոխարեն քեզ վարկով ապրանք կտամ։
— Ինձ տուն է հարկավոր,— սկսեց Մապուհին, ահաբեկված։— Տունը պետք է ունենա երեսունվեց ոտնաչափ...
— Կորի՛ր դու քո երեսունվեց ոտնաչափով,— ընդհատեց վաճառականը։— Քեզ հարկավոր է պարտքդ վճարել, ահա թե ինչ է քեզ հարկավոր։ Դու ինձ պարտք էիր հազար երկու հարյուր չիլիական դոլլար։ Դե լավ, հիմա ոչինչ պարտք չես, մեր հաշիվը փակված է։ Ավելին, վարկով քեզ կտամ երկու հարյուր չիլիական դոլլարի ապրանք։ Իսկ եթե Թաիթիում մարգարիտը լավ գնով վաճառվի, ևս հարյուր դոլլարի ապառիկ ապրանք կտամ, այսինքն՝ ընդամենը երեք հարյուր դոլլարի վարկ։ Բայց մի՛ մոռանա, միայն այն դեպքում, երբ մարգարիտը լավ գնով վաճառվի, որովհետև, ո՞վ գիտե, կարող է և վնաս կրեմ դրա վաճառքից։
Մապուհին խոր թախիծով խաչեց ձեռքերը, և գլուխը կախ նստեց։ Նրանից հափշտակել էին գանձը։ Տուն ունենալու փոխարեն նա միայն պարտքն էր մարել, իսկ մարգարտի համար ոչինչ չէր ստացել։
— Դու հիմար ես,— հետո ասաց Թեֆարան։
— Դու հիմար ես,— արձագանքեց մայրը՝ Նաուրին։— Ինչո՞ւ նրան հանձնեցիր մարգարիտը։
— Ի՞նչ կարող էի անել,— առարկեց Մապուհին։— Ես նրան փող էի պարտք։ Նա գիտեր, որ ես մարգարիտ ունեմ։ Դուք ինքներդ լսեցիք, երբ նա խնդրեց ցույց տալ։ Ես ոչինչ չէի ասել։ Նա արդեն գիտեր։ Ուրիշն էր իմաց տվել։ Իսկ ես հո պարտք էի նրան։
— Մապուհին հիմար է,— մեծերին հետևեց նաև Նգակուրան։
Նա տասներկու տարեկան էր և դեռ չէր կարող ինքնուրույն տրամաբանել։ Զայրույթը մեղմելու համար Մապուհին բռունցքի հարվածով նրան գլորեց հատակին։ Իսկ Թեֆարան ու Նաուրին աղի արցունք թափելով շարունակեցին կշտամբել նրան, ինչպես սովոր են անել կանայք։
Ծովափին կանգնած Հուրու-Հուրուն տեսավ, թե ինչպես մի երըորդ երկկայմանավ, որը դարձյալ ծանոթ էր իրեն, խարիսխ նետեց կղզու մուտքի մոտ, և մակույկ իջեցրեց ծովը։ Երկկայմանավը պատկանում էր Լեվի անունով մի գերմանացի հրեայի, որը մարգարտի ամենախոշոր գնորդն էր։ Նավը կոչվում էր «Հիրա», իսկ Հիրան, ինչպես հայտնի է, ձկնորսների ու գողերի աստվածն է Թաիթիում։
— Նորություն լսե՞լ ես,— հարցրեց Հուրոլ-Հուրուն, հենց որ ցամաք իջավ գիրուկ, ահագին գլխով ու անհամաչափ դիմագծերով Լեվին։— Մապուհին գտել է մի մարգարիտ։ Այդպիսի մարգարիտ ոչ ոք չի որսացել ո՛չ Հիքուերուում, ո՛չ Պաումոտյան կղզիներում, ո՛չ էլ ամբողջ աշխարհում։ Մապուհին հիմար է։ Նա այն ծախեց Տորիկիին, ծախեց հազար չորս հարյուր չիլիական դոլլարով։ Ես այդ լսեցի դռան ետևից։ Տորիկին նույնպես հիմար է։ Դու կարող ես նրանից գնել շատ էժան։ Մի՛ մոռանա, որ ես եմ քեզ հայտնել առաջին անգամ։ Ծխախոտ չունե՞ս։
— Որտե՞ղ է Տորիկին։
— Նավապետ Լինչի տանը աբսենթ է խմում։ Մեկ ժամ կլինի, ինչ այնտեղ է։
Մինչ Լեվին ու Տորիկին աբսենթ խմելով բանակցում էին մարգարտի գնի շուրջ, Հուրու-Հուրուն ականջ դնելով իմացավ, որ Լեվին համաձայնեց վճարել մի անհավատալի գումար՝ քսանհինգ հազար ֆրանկ։
Հենց այդ ժամանակ «Օրոհենան» ու «Հիրան» մոտեցան ծովափին և սկսեցին հրանոթով կրակել ու խելահեղորեն ազդանշաններ տալ։ Նավապետ Լինչն ու նրա Հյուրերը դուրս եկան տնից և, հազիվ հասցրին տեսնել, թե ինչպես երկու երկկայմանավերը շուռ գալով շտապ հեռացան, ճանապարհին հավաքելով միջնակայմի ու առաջակայմի առագաստները։ Մրըիկը նրանց քշեց տարավ փրփրակալած ջրի վրայով, և նրանք շուտով անհետացան անթափանց անձրևի մեջ։
— Փոթորիկը դադարելուց հետո կվերադառնան,— ասաց Տորիկին,— Լավ կլինի հեռանանք այստեղից։
— Կարծեմ բարոմետրը ավելի է իջել,— ասաց նավապետ Լինչը։
Նավապետն ալեհեր, մորուքավոր մի ծերուկ էր, որն այլևս չէր նավարկում, և վաղուց հասկացել էր, որ իր շնչարգելության հետ կարող է հաշտ ապրել միայն Հիքուերու կղզում։ Նա տուն մտավ բարոմետրը զննելու։
— Տե՜ր աստված,— բացականչեց նա։
Լեվին ու Տորիկին իսկույն ներս վազեցին ու նրան մոտենալով՝ դիտեցին բարոմետրը, որի սլաքն այժմ ցույց էր տալիս քսանինն ու քսան։
Նրանք նորից դուրս եկան և անհանգստությամբ դիտեցին ծովն ու երկինքը։ Անձրևր դադարել էր, բայց երկինքը դեռ ամպամած էր։ Երկու երկկայմանավերը մի երրորդի հետ միասին, առագաստները պարզած ետ էին գալիս։ Քամու ուղղությունը հանկարծ փոխվեց,և նրանք ստիպված եղան թուլացնել առագաստները։ Հինգ րոպե հետո քամին սկսեց փչել դիմացից, և ծովափին կանգնածները տեսան, որ երկկայմանավերում առաջակայմի առագաստները հավաքեցին։ Ալեբախությունն այժմ շառաչում էր ահեղ ու սպառնալի, իսկ կոհակներն աստիճանաբար ավելի ու ավելի էին ուռչում։ Մի ահռելի կայծակ պատռեց մթնած երկինքը, և ամպրոպը մոլեգնորեն որոտաց։
Տորիկին ու Լեվին վազեցին դեպի իրենց մակույկները։ Լեվին վազում էր օրորվելով, ինչպես մի սարսափահար գետաձի։ Իրենց մակույկներով նեղուցն անցնելիս նրանք հանդիպեցին «Աորայի» մակույկին, որը ներս էր մտնում։ Ռաուլը, նավախելում կանգնած, քաջալերում էր թիավարներին։ Չկարողանալով մտքից վանել մարգարտի պատկերը, նա վերադառնում էր, որ ընդունի Մապուհիի՝ տուն կառուցելու առաջարկը։
Ամպրոպային անձրևն այնքան խիտ ու անթափանց էր, որ ափ ցատկելիս՝ նա առանց նկատելու բախվեց Հուրու-Հուրուին։
— Ուշացա՜ր,— գոռաց Հուրու-Հուրուն։— Մապուհին մարգարիտը Տորիկիին ծախեց հազար չորս հարյուր չիլիական դոլլարով, իսկ Տորիկին այն ծախեց Լեվիին՝ քսանհինգ հազար ֆրանկով։ Լեվին մարգարիտը կծախի Ֆրանսիայում, հարյուր հազար ֆրանկով։ Ծխախոտ չունե՞ս։
Ռաուլի սիրտը հանգստացավ։ Մարգարտի առնչությամբ նրա ապրումները խաղաղվեցին։ Հիմա նրան այլևս չէր հուզում այն հարցը, թե ինչու չէր գնել մարգարիտը։ Սակայն նա չէր հավատում Հուրու-Հուրուին։ Անհավանական չէր, որ Մապուհին այն ծախած լիներ հազար չորս հարյուր չիլիական դոլլարով, բայց որ Լեվին՝ մարգարտի հմուտ վաճառականը վճարեր քսանհինգ հազար ֆրանկ, դա արդեն անհավատալի էր և Ռաուլը որոշեց հարցուփորձել նավապետ Լինչին։ Երբ նա մտավ ծերուկ ծովայինի տունը, նավապետը աչքերը չռած նայում էր բարոմետրին։
— Որքա՞ն է ձեր կարծիքով,— անհանգստությամբ հարցրեց նավապետ Լինչը, և ակնոցը մաքրելով՝ նորից ուշադրությամբ նայեց գործիքին։
— Քսանինը և տասը,— ասաց Ռաուլը։— Ես երբեք չեմ տեսել, որ այսքան ցած իջնի աստիճանը։
— Զէիք էլ կարող տեսնել,— քրթմնջաց նավապետը։— Ես հիսուն տարի նավարկել եմ ծովում, բայց բարոմետրը երբեք չի եղել այսքան ցածր։ Լսո՞ւմ եք․․․
Նրանք մի պահ ականջ դրին ալեբախության մռնչյունին, որը դղրդացրեց տունը, հետո միասին դուրս եկան։ Քամին դադարել էր։ Հակառակ դրան, ծովափից մեկ մղոն հեռու կանգնած «Աորայը» խենթի պես ցնցվում ու ցատկոտում էր ահագին ալիքների վրա, որոնք հյուսիս արևելքից մոտենալով՝ հոյակապ շքերթով թավալվում ու կատաղությամբ նետվում էին մարջանային կղզու ափերին։ Մակույկի մեջ նստած թիավարներից մեկը մատով Ռաուլին ցույց տվեց նեղուցի մուտքը, և գլուխն օրորեց։ Ռաուլը նայեց այդ ուղղությամբ, և այնտեղ տեսավ ալեբախության ու փրփուրի մի սպիտակ քաոս։
— Երևի ձեզ մոտ պիտի գիշերեմ, նավապետ,— ասաց նա, ապա դիմելով թիավարին, պատվիրեց մակույկն ափ հանել, և իր ու ընկերների համար որևէ պատսպարան ճարել։
— Ճիշտ քսանինը,— հաղորդեց նավապետ Լինչը, երբ բարոմետրին նայելուց հետո նորից դուրս եկավ, ձեռքին մի աթոռ։
Նա նստեց և ակնապիշ դիտեց ծովի տեսարանը։ Արևը, ամպերի ետևից դուրս գալով, ավելի էր սաստկացրել հեղձուցիչ տոթը։ Թեև անհողմությանը շարունակվում էր, բայց ծովում ալիքները գնալով ավելի էին խոշորանում։
— Չեմ հասկանում, թե ի՞նչն է առաջացնում այդ ալիքները,— մրմնջաց Ռաուլը գրգռվածությամբ։— Քամի չկա, բայց տեսեք, ա՛յ, տեսե՛ք դրան...
Մի քանի մղոն երկարությամբ և հազարավոր տոննա ծանրությամբ ջրի զանգվածը փշրվեց փխրուն կղզյակի վրա, որը ցնցվեց ինչպես երկրաշարժից։ Նավապետ Լինչը շշմել էր։
— Տե՜ր աստված,— բացականչեց նա, կիսով չափ բարձրանալով աթոռից, ապա դարձյալ նստեց։
— Բայց քամի չկա,— կրկնեց Ռաուլը։— Ինձ համար այս ամենը հասկանալի կլիներ, եթե քամի փչեր։
— Կարող եք չանհանգստանալ, շուտով քամին էլ կհայտնվի,— մռայլ պատասխանեց նավապետը։
Նրանք լռեցին։ Նրանց մարմինների վրա գոյանում էին քրտինքի բյուրավոր հյուլեներ, որոնք իրար միանալով՝ վերածվում էին կաթիլների, իսկ կաթիլները բարակ վտակներ կազմելով՝ ծորում էին ցած։ Երկուսի սրտերն էլ ուժգին բաբախում էին շնչասպառությունից, մանավանդ ծերուկ նավապետինը, որ դժվարությամբ ու տանջվելով էր շնչում։ Մի խոշոր ալիք ողողեց ծովափը, և հնդընկուզենիների բները լիզելով հասավ նավապետ Լինչի ոտքերին։
— Մակընթացությունը բարձրացել է ավելի վեր, քան իր բարձրակետը,— նկատեց նա։— Այսպիսի բան երբեք չի պատահել իմ այստեղ ապրած տասնմեկ տարվա ընթացքում։— Նա նայեց իր ժամացույցին։— Ժամը երեքն է։
Այդ պահին հայտնվեցին մի տղամարդ ու մի կին, որոնց հետևում էր երեխաների ու շների մի խայտաբղետ թափոր։ Նրանք տխուր-տրտում անցան տան մոտով, քիչ հեռու կանգ առան, և երկար վարանելուց հետո նստեցին ավազին։ Մի քանի րոպե անց, հակառակ կողմից մոտեցավ մի ուրիշ ընտանիք, իր հետ փոխադրելով տնային բազմապիսի իրեր։ Եվ շուտով նավապետի տան շուրջը հավաքվեցին տարբեր տարիքի ու սեռի մի քանի հարյուր մարդ։ Նավապետը հարցուփորձեց նորեկներից մեկին՝ ծծկեր երեխա գրկած մի կնոջ, որը հայտնեց, թե ալիքը հենց նոր քշել ու ծովալճակն է շպրտել իր հյուղակը։
Նավապետի տունը գտնվում էր կղզու ամենաբարձր կետում։ Նրա աջ ու ձախ կողմերում հսկա ալիքները կղզու նեղ գոտու վրայով արդեն բազմաթիվ տեղերից անցել ու թափվել էին ծովալճակի մեջ։ Այդ գոտու երկարությունը քսան մղոն էր, իսկ լայնությունը ոչ մի կետում հարյուր չարդից չէր անցնում։ Մարգարտորսության ամենաեռուն սեզոնը լինելով, շրջակա բոլոր կղզիների, նույնիսկ հեռավոր Թաիթիի բնիկները եկել հավաքվել էին Հիքուերուում։
— Հիմա այստեղ մոտավորապես հազար երկու հարյուր մարդ կա, հաշված կանայք ու երեխաները,— ասաց նավապետ Լինչը։— Դժվար է ասել նրանցից քանի՞սը ողջ կլինեն վաղը առավոտ։
— Բայց ինչո՞ւ քամի չի փչում, այդ եմ ուզում հասկանալ,— կրկնեց Ռաուլը։
— Մի՛ անհանգստացեք, երիտասարդ, մի՛ անհանգստացեք, շատ շուտով կսկսվի անախորժությունը։
Նավապետ Լինչը հազիվ էր խոսքը վերջացրել, երբ մի ահագին կոհակ բախվեց կղզուն։ Ծովի ջուրը երեք մատնաչափ խորությամբ ծածկեց ավազը և փրփրեց նրանց աթոռների տակ։ Կանայք վախից ճչացին։ Երեխաները, բռունցքները սեղմած, հսկա ալիքներին նայելով լաց եղան։ Հավերն ու կատուները, ջրից դուրս գալով, կարծես միահամուռ համաձայնությամբ թռան նավապետի տան տանիքը։ Պաումոտցի մի բնիկ, զամբյուղի մեջ նորածին շան լակոտներ լցրած, մագլցեց հնդընկուզենու բնով, և գետնից քսան ոտնաչափ բարձրության վրա ամրացրեց զամբյուղը, մինչդեռ մայր շունը հաչելով ու կաղկանձելով ցատկոտում էր ջրի մեջ։
Արևը դեռ փայլում էր, և շարունակվում էր անհողմությունր։ Նավապետ Լինչն ու Ռաուլը նստած նայում էին «Աորային», որը խելագարի պես ցնցվում ու ճոճվում էր ալիքների վրա։ Նավապետը երկար դիտեց կղզին ողողող լեռնանման ալիքները, մինչև որ հոգնեց ու ձեռքերով փակեց աչքերը։ Հետո տուն մտավ։
— Քսանութ և վաթսուն,— ցածրաձայն հայտնեց նա, երբ կրկին դուրս եկավ։ Նրա ձեռքին կար հաստ պարանի մի կծիկ։ Նա կտրեց տասներկու ոտնաչափ երկարությամբ երկու կտոր պարան, մեկը տվեց Ռաուլին, մյուսը պահեց իրեն, իսկ մնացածը բաժանելով կանանց , պատվիրեց, որ յուրաքանչյուրը մի ծառ ընտրի և բարձրանա վրան։
Հյուսիս֊արևելքից փչեց մի թեթև զեփյուռ, որի շունչն զգալով իր դեմքին՝ Ռաուլը կարծես ոգևորվեց։ Հետո նա տեսավ, որ «Աորայը» առագաստները պարզած հեռանում է, և ափսոսաց, որ ինքն էլ երկկայմանավի վրա չէ։ Երկկայմանավը, համենալն դեպս, կփրկվի, մինչդեռ կղզին... Կղզու օղակի վրայով խուժեց մի կոհակ, որը քիչ մնաց նրան ցած գլորեր։ Երիտասարդը իր համար ընտրեց մի ծառ, բայց հանկարծ հիշեց բարոմետրը և վազելով վերադարձավ տուն։ Դռան մոտ նա հանդիպեց նավապետ Լինչին, որը եկել էր նույն նպատակով։ Նրանք միասին ներս մտան։
— Քսանութ և քսան,— նկատեց ծերուկ ծովայինը։— Այստեղ իսկական դժոխք է դառնալու... Այս ի՞նչ է...
Խտացած օդի մի ուժեղ հոսանք էր ներս խուժել։ Նույն պահին տունը դղրդաց, օրորվեց, և նրանք լսեցին մի հզոր թնդյուն։ Պատուհանների ապակիները շաչեցին, մի պատուհան ջարդվեց, և քամու հոսանքն այնպիսի թափով բախվեց նավապետին ու Ռաուլին, որ նրանք ամբողջ մարմնով երերացին։ Դիմացի դուռը շառաչելով փակվեց, պոկելով փականքի լեզվակը։ Դռան սպիտակ բռնակի կտորները ցաքուցրիվ ընկան հատակին։ Սենյակի պատերը կորացան, ինչպես գազով արագորեն փքվող մի օդապարիկ։ Հետո մի նոր կոհակ խփվեց տան պատին այնպիսի որոտով, որ կարծես զենքի կրակոց լիներ։ Նավապետ Լինչը նայեց իր ժամացույցին։ Ժամը չորսն էր։ Նա հագավ մահուդե կապույտ վերարկուն, և բարոմետրն իջեցնելով պատից,՚ խոթեց վերարկուի խորունկ գրպանը։ Մի ուրիշ կոհակ ուժգին բախյունով հարվածեց տանը։ Թեթև կառույցն իր հիմքի վրա թեքվելով՝ գետնի հետ կազմեց տասը աստիճանի մի անկյուն։
Ռաուլը առաջինը դուրս եկավ։ Քամու հորձանքը նրան պտտելով՝ քշեց հեռու։ Նա նկատեց, որ քամին այժմ փչում է դեպի արևելք։ Մեծ դժվարությամբ պառկելով ավազին, նա ջանաց անշարժ, մնալ։ Քամին նավապետ Լինչին թռցրեց ինչպես հարդի շյուղ, և գլորեց Ռաուլի վրա։ «Աորայի» նավաստիներից երկուսը թողեցին հնդընկուզենին, որից կառչած էին, և փութացին օգնության։ Քայլելիս նրանք ամբողջ մարմնով հենվում էին դիմացից փչող քամուն, գետնի հետ կազմելով անհավանական անկյուններ, և առաջանում էին քայլ առ քայլ, հողը չանգռելով։
Ծերունու հոդերը վաղուց կորցրել էին իրենց ճկունությունը, և նա անկարող էր ծառը մագլցել։ Նավաստիները մի քանի կարճ պարաններ իրար կապեցին, և նրան կամաց-կամաց բարձրացնելով՝ ամրացրին ծառի գագաթին, որը հիսուն ոտնաչափ բարձր էր։ Ռաուլն իր պարանը կապեց ամենամոտ ծառի բնին, և սկսեց շուրջը դիտել։ Քամին սարսափելի էր դարձել։ Նա երբեք չէր կարծում, թե քամին կարող է այդքան ուժեղ փչել։ Կղզու օղակի վրայով անցավ մի նոր կոհակ, որը նրան թրջեց մինչև ծնկները, ապա թափվեց ծովալճակի մեջ։ Արևը խավարել էր, և կղզին ծածկվել էր կապարագույն մթնշաղով։ Ուղղաձիգ տեղացող անձրևի կաթիլները կապարագնդիկների նման հարվածում էին Ռաուլի կողերը։ Հարձակվող մի ալիք իր փրփուրով ապտակեց նրան։ Այտերն այրվեցին ցավից, և աչքերը ակամայից լցվեցին արցունքով»։
Մի քանի հարյուր բնիկներ բարձրացել էին ծառերի վրա։ Ուրիշ ժամանակ Ռաուլը կծիծաղեր՝ տեսնելով ծառերի գագաթներից կախված մարդկային այդ ողկույզները։ Ծնված լինելով Թաիթիում, տեղի բնիկներին հատուկ ճարպկությամբ նա մեջքը կռացրեց, ձեռքերով փաթաթվեց ծառին և ոտքերի ներբաններն ամուր զետեղելով բնին՝ սկսեց չորեքթաթ մագլցել։ Ծառի գագաթին նա հանդիպեց երկու կանանց, երկու աղջիկների ու մի տղամարդու։ Աղջիկներից մեկը գրկում սեղմել էր կատվին։
Ռաուլն իր բարձր դիտարանից ձեռքով ողջունեց նավապետ Լինչին, և արիասիրտ ծերուկը ձեռքի շարժումով պատասխանեց նրան։ Ռաուլին սոսկում պատճառեց երկնքի տեսքը, այն հիմա սևացել ու այնքան էր մոտեցել, որ կարծես փռվել էր հենց գլխավերևում։ Բնիկներից շատերը խումբ—խումբ հավաքվել էին ծառերի տակ և իրար ձեռքից բռնած՝ ջանում էին անշարժ մնալ։ Խմբերից մի քանիսն աղոթում էին։ Մի մորմոն միսիոներ սրտապնդում էր իր խմբի մարդկանց։ Ռաուլի ականջին հասավ մոգական, ռիթմիկ մի ձայն, թույլ, ինչպես ծղրիդի հեռավոր ճռճռոց։ Դա տևեց ընդամենը մեկ վայրկյան, բայց այդ կարճատև վայրկյանում նրա մտքում արթնացավ դրախտի ու երկնային երաժշտության աղոտ գաղափարը։ Նա դիտեց շուրջը, և տեսավ ծառերից մեկի ստորոտում կանգնած մի մեծ խումբ մաբդկանց, որոնք պարաններից ու իրար ձեռքերից կառչած՝ պահում էին միմյանց։ Նրանց դիմախաղերից ու շուրթերի համատեղ շարժումներից Ռաուլը կռահեց, որ սաղմոս են երգում, թեև ձայն չէր լսվում։
Քամին հետզհետե սաստկանում էր։ Ռաուլը չէր կարողանում մտովի չափել նրա ուժը, որը վաղուց անցել էր իր նախկին պատկերացումների սահմանը։ Բայց, այնուհանդերձ, նա գիտեր, որ փչում է առաջվանից ավելի ուժեղ։ Ոչ շատ հեռու կանգնած մի ծառ արմատախիլ եղավ, նրա գագաթին թառած մարդիկ վայր ընկան, և կղզու օղակի վրայով խուժող ալիքը նրանց գցեց ծովալճակի մեջ։
Ամեն ինչ կատարվում էր ակնթարթային արագությամբ։ Ծովալճակի փրփրակալած մակերեսին Ռաուլը տեսավ մի սև գլուխ և դարչնագույն ուսի ուրվագծեր։ Հաջորդ վայրկյանին դա ևս անհետացավ։ Ծառերը թեքվում, տապալվում և խաչաձևվում էին լուցկիների պես։ Ռաուլին ապշեցնում, էր քամու ամենազոր ուժը։ Ծառը, որի վրա ապաստանել էր ինքը, ճոճվում էր սպառնագին։ Գագաթին կապված կանանցից մեկը լացուկոծ բարձրացնելով, ամուր սեղմեց աղջկան, որը դեռ փաթաթված էր կատվին։ Մյուս երեխային գրկած տղամարդը դիպավ Ռաուլի ուսին և մատով ինչ֊որ բան ցույց տվեց։ Ռաուլը նայեց մատնանշված ուղղությամբ և տեսավ, որ իր ծառից հարյուր ոտնաչափ հեռու մորմոնական մատուռը հարբածի պես տատանվելով՝ վազում էր դեպի ծովալճակը։ Այն պոկվել էր հիմքից, և քամին ու ալիքները նրան քշում էին ցած։ Մի ահռելի կոհակ կանգնեցրեց նրան, շրջեց, և ետ շպրտելով նետեց մի տասնյակ հնդընկուզենիների վրա, որոնց գագաթներից կախված մարդկային ողկույզները հասուն ընկույզների պես ցած թափվեցին։ Երբ կոհակը նահանջեց, նրանք մնացին գետնին։ Ոմանք անշարժ փռվել էին, մյուսները գալարվում էին, կամ սողում։ Ռաուլի աչքում նրանք տարօրինակ կերպով նման էին մրջյունների։ Բայց աղետը նրան չսարսափեցրեց։ Նա այժմ կանգնած էր ավելի վեր, քան սարսափի զգացողությունը։ Եվ երբ հաջորդ կոհակը քշեց-տարավ ավազի վրա սփռված մարդկային բեկորները, նա այդ ընդունեց անտարբերությամբ։ Մի երրորդ կոհակ, որը մինչև այժմ եղածներից ամենավիթխարին էր, մատուռը գլորեց ծովալճակի մեջ։ Խավարում ծփալով, կիսով ջրասույզ, մատուռը հեռացավ հողմընթաց ուղղությամբ, Ռաուլին հիշեցնելով Նոյի տապանը։