1. Կարմիր Շուշանը. Չինական Ժողովրդական Հեքիաթներ

Chapter 2

ԼՅՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Շատ հին ժամանակ ծովի ափին մի բարի կին էր ապրում: Նա հինգ որդի ուներ, որոնք հինգ Լյու եղբայրն էին՝ Լյու առաջին, Լյու երկրորդ, Լյու երրորդ, Լյու չորրորդ, Լյու հինգերորդ: Նրանք այնքան նման էին, որ ոչ ոք չէր կարող նրանց տարբերել միմյանցից: Նույնիսկ մայրն էր երբեմն շփոթում: Բայց եղբայրներից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ուներ: Ավագ եղբայր Լյու առաջինը կարող էր խմել ամբողջ ծովը, ապա նորից բաց թողնել, Լյու երկրորդը չէր վախենում կրակից, Լյու երրորդը կարող էր իր ոտքերը ձգել ցանկացած երկարությամբ, Լյու չորրորդի մարմինը ամենաամուր երկաթից ամուր էր, իսկ ամենակրտսերը՝ Լյու հինգերորդը, հասկանում էր թռչունների ու կենդանիների լեզուն:

Նրանք երջանիկ և բարեկեցիկ էին ապրում: Լյու առաջինը ձուկ էր որսում, Լյու երկրորդը տան կրակը միշտ վառ էր պահում, Լյու երրորդն ու Լյու չորրորդը դաշտում էին աշխատում, իսկ Լյու հինգերորդը սագեր ու ոչխարներ էր արածեցնում:

Մի անգամ այնտեղ, որտեղ ապրում էին Լյու եղբայրները, որսի եկավ նահանգի հարուստ և չար կառավարիչը: Անտառի բացատում նա տեսավ հոտն արածեցնող հովիվ տղային: Նա Լյու հինգերորդն էր: Նրա կողքին մի գեղեցիկ քարայծ էր քնած: Կառավարիչը ձեռքն առավ իր աղեղը և նշան բռնեց նրա վրա: Վախեցած Լյուն ճչաց, իսկ այծիկը մի ցատկով թաքնվեց անտառում: Թավուտից շուրջը նայեց եղջերուն: Լյուն կանչեց նրան եղջերուի լեզվով. «Փրկվի՛ր»,- և եղջերուն չքացավ: Բացատում հայտնվեցին ուրախ նապաստակները: Լյուն նրանց ձայն տվեց նապաստակային լեզվով, և նրանք հեռու սլացան: Բոլոր գազանները թաքնվեցին, անտառը դատարկվեց: Իզուր էր կառավարիչը նետերն արձակում և ապարդյուն կորցնում: Նա սաստիկ զայրացած էր: Իսկ բարի Լյուն ուրախանում էր, որ հասցրեց օգնել իր անտառային բարեկամներին:

Չար կառավարիչը հրամայեց ձերբակալել Լյու հինգերորդին: Նրան քաղաք տարան և սոված վագրի մոտ վանդակի մեջ նետեցին: Կառավարիչը կարծում էր, թե վագրը կբզկտի համարձակ աղքատին, բայց Լյու հինգերորդը վագրային լեզվով խոսեց վագրի հետ, և ամեհի գազանը նրան չդիպավ:

Այդ մասին իմացավ կառավարիչը և ավելի չարացավ: Նա հրամայեց գլխատել Լյու հինգերորդին: Բայց երբ իր եղբոր մոտ բանտ եկավ Լյու չորրորդը, որի մարմինն ավելի ամուր էր ամենաամուր երկաթից, եղբոր փոխարեն նա բանտում մնաց, իսկ Լյու հինգերորդը հանգիստ դուրս եկավ և տուն գնաց: Նրանք այնքան նման էին միմյանց, որ ոչ ոք ոչինչ չնկատեց:

Հաջորդ առավոտյան Լյու չորրորդին քաղաքի հրապարակ տարան: Դահիճն ուզեց գլխատել նրան, բայց ամենածանր և ամենաամուր սուրը, հարվածելով Լյու չորրորդի երկաթյա վզին, փշրվեց և ցաքուցրիվ եղավ: Այդ ժամանակ կատաղած կառավարիչը հրամայեց նրան բանտ տանել, իսկ առավոտյան հանդուգն աղքատին բարձր ժայռից ցած նետել:

Գիշերը բանտ թափանցեց Լյու երրորդը, որը կարող էր իր ոտքերը ձգել ցանկացած երկարությամբ, և այնտեղ մնաց եղբոր փոխարեն: Եվ կրկին ոչ ոք ոչինչ չկռահեց:

Արշալույսին Լյու երրորդին բարձր ժայռի վրա բարձրացրին: Եթե որևէ մարդու ցած նետեին այդ ժայռից, կջախջախվեր ու կմեռներ:

Եվ ահա դահիճները հրեցին Լյու երրորդին, իսկ նա հանգիստ ձգեց իր հրաշալի ոտքերը և կանգնեց այնպես, կարծես ոչինչ էլ չէր եղել: Կատաղած կառավարիչը հեռացավ իր պալատ: Այդ նույն օրը նա հրամայեց խարույկի վրա այրել անհնազանդ Լյուին:

Դահիճները հրապարակում կառավարչի պալատի առջև, մի վիթխարի խարույկ սարքեցին: Պահակազորը աղեղներով և նիզակներով շրջապատեց հրապարակը:

Մարդկանց բազմություններ էին գալիս բոլոր կողմերից:

Այդ ժամանակ Լյու երկրորդը, որը չէր վախենում կրակից, բանտ մտավ և աննկատ փոխարինեց Լյու երրորդին: Դեռ նոր էր հասցրել դա անել, երբ կառավարիչը մահապատիժը սկսելու նշան տվեց:

Դահիճները բռնեցին Լյու երկրորդին և վիթխարի խարույկի մեջ նետեցին: Բոցը տներից էլ վերև բարձրացավ: Լյու երկրորդը անհետացավ կրակի և սև ծխի մեջ: Ամբոխը արտասվում էր խղճահարությունից, իսկ դաժան կառավարիչը չարանենգ ծիծաղում էր:

Սակայն շուտով ծուխը ցրվեց, և բոլորը տեսան, որ կրակի մեջտեղում կանգնած է Լյու երկրորդը և ժպտում է այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Կառավարիչը քիչ մնաց կատաղությունից շնչահեղձ լիներ:

- Ի՞նչ մարդ է սա,- ճչաց նա։- Կրակի մեջ չի այրվում, ժայռից ընկնելիս չի ջախջախվում, թուրը նրան չի կտրում, և նույնիսկ ամեհի վագրը չի հոշոտում նրան:

Այսպիսի բան հնարավոր չէ, որ ես՝ հզոր կառավարիչս, չկարողանամ հասարակ գյուղացու հախից գալ:

Եվ դաժան կառավարիչը որոշեց Լյուին տանել հեռավոր ծովը, վզին ծանր քար կապել և ջրահեղձ անել: «Գուցե նա ջրի՞ց էլ չի վախենում»,- մտածեց կառավարիչը:- Միևնույն է, քարը նրան չի թողնի լողով ջրի երես դուրս գալ: Թող ծովի հատակին էլ մնա»: Եվ նույն օրվա երեկոյան նա հրամայեց մահապատիժն ի կատար ածել:

Մեծ դժվարությամբ բանտ մտավ Լյու առաջինը, որը կարող էր խմել ողջ ծովը: Նա զբաղեցրեց իր եղբոր տեղը և սկսեց սպասել:

Երեկոյան նրան նավ նստեցրին: Կառավարիչն իր շքախմբով տեղավորվեց մի ուրիշ նավում: Նավերը լողացին ծովի խորքը: Ամենախոր տեղում Լյու առաջինի վզին հսկայական քար կախեցին, և դաժան կառավարչի ազդանշանով ծովի ալիքների մեջ նետեցին:

Հենց Լյու առաջինը ջրով ծածկվեց, իսկույն սկսեց ծովի ջուրը խմել: Կառավարիչը տեսավ, որ ծովը անհետանում է ինչ-որ տեղ և սարսափից գունատվեց: Շուտով ծովի հատակը մերկացավ: Նավերը շրջվեցին, կառավարիչն ու իր շքախումբը խրվեցին ծովային տիղմի մեջ:

Այդ ժամանակ Լյու առաջինը քարի կապը քանդեց, հանգիստ ափ դուրս եկավ, ապա ծովը կրկին բաց թողեց:

Կառավարիչն իր շքախմբի հետ այդպես էլ ծովի հատակում մնաց, իսկ ժողովուրդը ուրախացավ և փառաբանեց անհաղթ Լյու եղբայրներին:

Comments