1. Կտակ

Chapter 4

Դ

Այդ դեպքերից մի քանի ամիս հետո քաղաքի առաջնորդարանում գումարված սահմանադրական դատական ժողովը սպասում էր Պողոս եպիսկոպոսի՝ նախագահի մտնելուն, որպեսզի դատերը սկսեն:

Առաջնորդարանի բակում, պատշգամբում, ս. Նշան եկեղեցու գավթի պատերի տակ, ջրհորի շուրջը՝ լցվել նստել էին բազմաթիվ հայ և քուրդ գյուղացիներ, որոնցից յուրաքանչյուրը յուր ցավն էր պատմում մյուսին, իսկ երբեմն-երբեմն առաջնորդարանի թուրք կսվազը և շատ անգամ սրբազունի Վարդան ծառան դուռը բաց անելով հայհոյանքով՝ հրամայում էին ցած խոսել գյուղացիներին, որոնք իրենց աղմուկով լցրել էին բակը:

Իսկ երբ շուկայի դռան մոտից մտնում էին աղաներ, իսկույն գյուղացիք ոտքի էին ելնում և լռությամբ ճանապարհ էին տալիս նրանց, որոնք մտնում էին առաջնորդարանի խորհրդարանը:

Ներսի կողմում, սրահի «զահվե-օջաղի» կոչվող նախագավթի մեջ, մի քանի կոտրած աթոռների վրա, լուսամուտների մեջ կամ ուղղակի գետնի վրա նստել էին հինգ-վեց քահանաներ, որոնցից շատերն իրենց գյուղացի լինելն իսկույն հայտնում էին, որովհետև հագել էին բազմաթիվ այլագույն կարկատաններով լի վերարկուներ, հնությունից դժգունած կալպախները գլխներին և տրեխներ հագած, իսկ քաղաքի երկու քահանաները նրանց իրենց մեջ առած, խոսեցնում և քրքիջներով ծիծաղում էին նրանց միամտության, լեզվի, պատմած գյուղական կյանքի մեջ եղած ցավերի վրա և այլն:

Վանի առաջնորդարանը բաղկացած է չորս սենյակներից. մեկը խորհրդարանն է. սանդուղի ուղղակի կողքինը գրագրի սենյակն է, իսկ նրա աջ կողմում գտնվում են սրբազանի ննջարանը և աշխատության սենյակը:

Եվ մինչդեռ ժողովի անդամները սրահում նստած իրենց նախագահին էին սպասում. մինչդեռ ժողովուրդը խռնված ակնդետ իրենց հերթին էին նայում, որ տեսնեն սրբազանին, ինքը սրբազանը յուր աշխատության սենյակի մեջ մի թիկնաթոռի վրա բազմած՝ ուշադրությամբ լսում էր սենյակի դռան մոտ չոքած մի գյուղական քահանայի:

Ծվստանի տեր-Գալուստն էր, որ մեղմ ձայնով պատմում էր, իսկ սրբազանը երբեմն հեգնորեն և երբեմն խորհրդավոր կերպով լսում էր:

— Հըմ...— ասաց սրբազանը, երբ տեր-Գալուստը յուր պատմությունը վերջացրեց,— գիտե՞ս, տեր-Գալուստ, որ Պողոս սրբազանը չորս աչք ունի, տասնևհինգ էլ ականջ... այդ աչքերը շատ սրատես են, ականջները խիստ սուր են և գլխումը եղած խելքն էլ շատ շուտ ըմբռնող։ Հըմ... Խնդիրը այն չէ, որ «Խաթուն Մարեն» յուր ունեցածը բոլորը քեզ է թողել, իսկ ինձ հետաքրքիր է իմանալ, թե կտակը գրելուց հետո ի՞նչ պատահեց խրճիթում... Տես, սուտ մի խոսիլ, ես քեզ արդեն խոսք տվի, որ կօգնեմ քեզ, միայն ամեն ինչ ճիշտը պատմիր...

— Ցավդ առնեմ, սրբազան,— խոսեց տեր-Գալուստը,— ինչպես ասացի, նորեն ասում եմ և աստված էլ գիտե, որ սուտ չեմ ասում... Կտակը երբ գրեցի և ստորագրել տվի, պառավը ցույց տվեց յուր գլխի կողմը դրված չեքմեջեն , խնդրեց, որ կտակը այնտեղ դնեմ, հետո բանալին առավ և յուր ներս մտնող եղբորը տվեց:

— Հենց այդտեղ է բանը,— ժպտեց սրբազանը,— հենց այդտեղ բանը փչանում է, որովհետև եթե ամեն ինչ քեզ էր թողել, ինչո՞ւ բանալին քեզ չթողեց, այլ եղբորը հանձնեց...

— Այստեղ խելքս չէ հասնում, սրբազան,— պատասխանեց քահանան շփոթված և կարմրելով,— որովհետև տվեց թե չէ, համբուրեց լաց լինող եղբոր ճակատը և մեռավ...

— Սկի խոսք չասա՞ց եղբորը:

— Խո՞սք... ասաց... ասաց..., որ կամենում էր եղբոր ձայնը լսել:

— Հետո՞:

— Եղբայրը լաց լինելով «սիրելի քույրս» գոչեց, «Խաթուն Մարեն» փաթաթվեց նրան և մի րոպեից հետո արդեն անշունչ դիակ էր այլևս:

— Իսկ քեզ ոչինչ չասա՞ց...

— Ոչ, սրբազան,— խոսեց քահանան ավելի ևս կարմրելով,— ես կամեցա օրհնել նրան, բայց նա երևի մոռացել էր իմ ով լինելս — ձեռքով հրեց պարզած ձեռքս և ասաց. «հեռու, խաբեբա՛...»:

— Հըմ,— ծիծաղեց սրբազանը,— լավ անուն է տվել քեզ... ապա հիմա ինձ ասա, թե ինչո՞ւ քեզ այդպես պատվեց հանգուցյալը...

— Ի՞նչ մեղքս պահեմ, սրբազան,— ժպտեց քահանան,— ինձ ուղարկեց եղբորը կանչելու, ես էլ վազեցի, բայց եղբայրը տանը չէր...

Սրբազանը մի մեծ քրքիջ արձակեց, հետո ոտքի ելնելով լրջացավ և պահ մի ևս չոքած քահանային հեգնական դեմքով նայելուց հետո, ծանրաքայլ մոտեցավ նրան, փոքր ինչ էլ ժպտելով նրան դիտեց և ասաց.

— Տեր-Գալուստ, կուզե՞ս, որ ես ճշտորեն պատմեմ, թե ինչպես է եղել:

— Հավատացիր, սրբազան... էն ս. Նշանը վկա...— կմկմաց քահանան:

— Լռիր, Պողոս եպիսկոպոսը հիմար չէ... դու շատ լավ էլ գիտես, որ նրանից ծածուկ պահել մի բան անկարելի է... Այ, պատմեմ քեզ... Պառավը յուր եղբորը կանչել է տվել, որ ամեն բան նրան թողնե և վերջին անգամ ևս նրա հետ խոսե... բայց դու դուրս ես գնացել և ետ դառնալով՝ ասել ես, որ եղբայրդ չէ գալիս... այո, դու ինքդ դիտմամբ չես գնացել եղբորը բերելու... սակայն պառավը պատվիրել է, որ գրես կտակի մեջ, որ յուր բոլոր ունեցածը եղբորն է թողնում, իսկ դու, աստծու ընտիր պաշտոնյան, ամեն բան քեզ վրա ես գրել, օգուտ քաղելով պառավի կարդալ չգիտենալուց և դրությունից... իսկ երբ եղբայրն եկել է, պառավը լավ հասկանալով, թե ինչպես դու յուր եղբորը կանչելու չես գնացել՝ քեզ «խաբեբա» է կոչել և կարծելով թե յուր ամեն ունեցածը եղբորն է թողել՝ բանալին էլ նրան է հանձնել... այս է բոլորը... Հիմա իմացա՞ր, որ Պողոս եպիսկոպոսից ծածկել անկարելի է...

— Սրբազան...— կմկմաց քահանան։

Եպիսկոպոսը մի քանի շրջան գործեց սենյակում, հետո կանգ առավ, նորից նստեց բազկաթոռի մեջ և հարցրեց.

— Ի՞նչ ունի «Խաթուն Մարեն»:

— Ծառա եմ, սրբազան,— պատասխանեց քահանան,— մի քանի սոմարի հող, 6—7 հատ տավար, մի տուն ս. Հակովբա թաղի մեջ...

— Հըմ... վնաս չունի, մի գյուղացու համար այդ լավ հարստություն է...

Եվ նորից սկսեց ճեմել սենյակում. քահանան գլուխը կախած՝ գաղտագողի դիտում էր սրբազանի դեմքի փոփոխությունները...

— Ինչևիցե,— խոսեց վերջապես սրբազանը,— դատական խորհուրդը ինձ է սպասում. դու երևան չգաս, մինչև որ արկղը բացվի և կտակը կարդացվի... այն ժամանակ քեզ կկանչեմ... բայց, այ, ինչպես որ խոսեցինք... կեսը և ձեր գյուղի Սրմալու խաթունը մի շաբաթ ի Լիմ անապատ... հասկացա՞ր...

— Ծառա եմ, սրբազան,— թոթովեց քահանան,— ձեր հրամաններին ո՞վ կարող է չհնազանդվել...

— Դե, այժմ գնա,— խոսեց սրբազանը:

Տեր-Գալուստը ոտքի ելավ, ետ-ետ քաշվելով մի քանի անգամ ձեռքը կրծքին դրած մինչև կես մեջքը ծռելով խորին խոնարհություններ արեց, դուրս գնաց, պահ մի դրսում դրած չարուխները հագնելով զբաղվեց և խառնվեց նախագավթում սպասող գյուղական քահանաների մեջ:

Փոքր-ինչ հետո սրբազանը եկավ, խոնարհած ամբոխի միջից անցավ և մտավ ժողովի սրահը:

Այնտեղ ևս միայն խոնարհած գլուխներ տեսավ, նստեց սեդիրի վերին գլուխը, ձեռքն առավ քեհրիբարե մեղեսիկը, մի քանի կատակներ արեց յուր կողքին և փոքր-ինչ պատկառանոք նստող ծերունի աղաների հետ և հրամայեց ժողովը սկսել:

Գրագիրն արդեն բռնել էր յուր տեղը ատենապետի մոտ:

Մի քանի թեթև գործեր տեսնելուց հետո, ատենապետը հայտնեց, որ Ծվստան գյուղի «Խաթուն Մարեի» գործը քննելու պիտի սկսվի:

Այդ գործը այսպես էր.

Տիրացու Հայրոյի եղբայրները, իրենց հարսի մեռնելը լսելով՝ թափվել էին գյուղը և յուրաքանչյուրը նրանցից աշխատում էր պառավի ունեցվածքներից մի-մի բան կամ ամբողջը խլել. «Խաթուն Մարեի» եղբայրը, որն արդեն բռնել նստել էր ամեն ինչ, սկսեց հակառակել նրանց. և մի ժամի չափ «տուրուդմփոցը» ամբողջ գյուղը բռնեց. վերջապես քաղաքացիք լավ ծեծ ուտելուց հետո ետ քաշվեցան և խնդիր տվին դատական խորհրդին, որ այն ժամանակ դեռևս գոյություն ուներ:

Առաջին հարցաքննության մեջ «Խաթուն Մարեի» եղբայրը հայտնել էր, որ նա յուր քրոջից մի արկղի բանալի էր ստացել, ուստի և առաջնորդարանն իսկույն արկղը բերել տվեց, կնքեց և բանալին էլ պահեց մինչև դատի լրանալը, իսկ տավարները և հողը «եղով» տվեց մյուս գյուղացիներին:

Այդ օրը վերջնական վճիռը պիտի տրվեր, և խորհրդի ներկայությամբ պիտի բացվեր արկղը, որի մեջ — ինչպես պնդում էր մեռյալի եղբայրը — կար մի կտակ։

Այդպես ուրեմն, սրբազանի հրամանով արկղիկը բացվեց և սրբազանը ինքն յուր ձեռքով, մի քանի աղաների ներկայությամբ, բաց արեց:

Արկղի մեջ կային երեք շարան ոսկիներ, արծաթյա ապարանջաններ, մատանիներ, քնար և մերջեն գլխով քորոցներ, որոնց մի առ մի սրբազանը ժողովին ցույց տալուց հետո հանեց այնտեղից չորս ծալված թուղթ, բաց արեց և դառնալով ժողովին՝ ասաց.

— Հանգուցյալի եղբայրը իրավունք ուներ, այստեղ կա մի կտակ... Կուզե՞ ժողովը, որ այս կտակը կարդացվի:

Բոլորը հավանություն տվին, և սրբազանը ժպտելու, որովհետև բովանդակությունը նրան արդեն հայտնի էր, կարդաց.

«Հանուն աստուծո, ես Մարիամ, կին տիրացու Հայրոյի, որդի Սահակի, կոչեցյալն Ծոտոտենց, խելքս բոլորովին գլխիս կընեմ սույն կտակս: Իմ բոլոր ունեցածներս, այսինքն Ծվստան գյուղին մեջ ունեցածս քսան սոմարի հողը, ախոռիս մեջ գտնված երկու եզները, վեց կովը, հինգ ոչխարը, սնդուկիս միջի հագուստները, 50 հատ բաջաղլու ոսկիներս, 10 հատ մահմուդե, արծաթե քնար, թաս, պլազիկներս, մի խոսքով ինչ որ ինձ կպատկանի, բոլորը թողնում եմ իմ խոստովանահայր տեր... տեր-Գալուստին...

— Տեր-Գալուստ չէ, սրբազան,— դիտեց աղաներից մեկը, որ հետևում էր սրբազանի կարդալուն՝ թղթի վրա նայելով...

— Ապա ի՞նչ է...

— Տեր-Խորեն...

Բոլորը զարմացած միմյանց երեսին նայեցին. սրբազանի ձեռքերը դողացին, թուղթը աչքին մոտեցրեց և նորեն կարդաց, բայց նորից տեսավ այնտեղ տեր-Խորեն անունը՝ խուշոր տառերով գրված...

Շփոթվել էր և հրաշքի պես բան էր երևում իրեն այդ...

Պահ մի կարդաց լռությամբ այդ, հետո մի ճիչ արձակեց և ոտքի ելավ...

— Էֆենդիներ և աղաներ,— ասաց նա հուզմամբ,— ժողովը շարունակենք և ձեր վճիռը տվեք, ահա այս կտակը... արեք, ինչպես որ օրենքն է և ինչպես գրված է այս կտակի մեջ... Ես փոքր-ինչ անհանգիստ եմ...

Եվ առանց այլևս մի բառ ավելացնելու, դուրս գնաց սրահից, դռան առջև կանգնած յուր ծառային դարձավ, հրամայեց նրան իրեն հետևել և երբ մտնում էր սենյակը՝ գոչեց.

— Վարդան, շուտով այդ Ծվստանի ախմախ տեր-Գալուստին այստեղ բեր, շո՛ւտ...

Պահ մի հետո տեր-Գալուստը ներս էր մտնում:

Սրբազանը, որ ճեմում էր սենյակում, երբ տեսավ տեր-Գալուստին, դեմքը խոժոռելով մոտեցավ նրան և գոչեց.

— Ախմա՛խ, է՛շ, տխմա՛ր... Կորիր, էլ աչքիս չերևաս... Դու ի՞նչ մարդ ես, որ կարողանաս գործ տեսնել, հայդե՛, իթիլ , թերես …

Տեր-Գալուստը քարացած էր այդ հայհոյանքների կույտի տակ:

— Սրբազան...— թոթովեց նա:

— Կորիր... էշաք հերիֆ ... Այնչափ ախմախ ես, կտակի մեջ փոխանակ քո անունդ գրելու, տեր-Խորենի անունն ես գրել:

Տեր-Գալուստը նախ զարմացած մնաց, հետո դողաց պատին կռթնեց ցած չընկնելու համար:

Սրբազանը մի քանի պտույտ էլ գործեց սենյակի մեջ, հետո բեղերն ոլորելով մոտեցավ կիսամեռ քահանային հարցրեց խստությամբ.

— Ճիշտ խոսիր, ո՞վ գրեց կտակը, դո՞ւ, թե տեր-Խորենը։

— Ես, սրբազան, ես...— թոթովեց քահանան:

— Լռիր, ես այնչափ էշ չեմ, որ չճանաչեմ տեր-Խորենի գիրը...

— Սրբազա՛ն...

— Գնա՛, կորի՛ր աչքիցս, հիմա՛ր... Վարդա՛ն,— դարձավ նա սպասող ծառային, որից սրբազանը գաղտնիքներ չէր պահում,— շուտ մարդ ուղարկիր և տեր-Խորենին որտեղ որ է գտնեն և բերեն... Իսկ դո՛ւ, կորսվի՛ր,— դարձավ նա տեր-Գալուստին...

Վարդանը հրելով դուրս հանեց սենյակից տեր-Գալուստին։

Իսկ սրբազանը գնաց նստելու յուր բազկաթոռի վրա, բեղերը ոլորեց և մռմռաց.

— Հոգ չէ, թող տեր-Խորենը լինի, ես իմ բաժինս կունենամ նորեն... Սատանա մարդ է այդ տեր-Խորենը... Հըմ, հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է եղել այս գործը...

Տեր-Խորենը շատ լավ գիտեր յուր գործը և ինչպես տեսաք, շատ հեշտությամբ խաբեց տեր-Գալուստին։ Օգուտ քաղեց նրա խրճիթից դուրս գնալուց և յուր գրած կտակը դյուրությամբ փոխեց նրա գրածի հետ։

Իսկ տեր-Գալուստը կարծելով թե «Խաթուն Մարեն» կմեռներ՝ առանց նայելու, թե գրվածքը իրենն էր թե ոչ՝ ստորագրել էր տվել տեր-Խորենի գրած թուղթը և փակել արկղիկի մեջ:

Ասում են, թե սրբազանն իսկ յուր բոլոր խորամանկությամբ հանդերձ, անդադար գովում էր այնուհետև տեր-Խորենի ճարտարությունը և դրա համար իսկ նրան գյուղիցը փոխադրել տվեց քաղաքի ս. Հակովբ եկեղեցում, ուր և մինչև այժմ կարելի է տեսնել, թեև այժմ բոլորովին կարճահասակ դարձած, բայց նույն կեղծ դեմքով, և ստորաքարշ ծիծաղով տեր-Խորենին, որն ամառ թե ձմեռ, միշտ մուշտակը հագին աղոթում է գլխի ցավ ունեցողների վրա, կտրում է տենդը և նկատվել է իբրև մի բարեպաշտ, բարի և ընտիր քահանա։

Հարուստ էլ է, ունի երկու մեծ տներ, Ծվստանում հողեր և «եղով» տված տավարներ, ունի նաև սրբազանի սերը և բարեկամությունը...

Մարգարի — «Խաթուն Մարեի» եղբոր մասին պատմում են, որ երկար ժամանակ դատ վարեց առաջնորդարանի դեմ և յուր այդ համարձակության համար էլ կորցրեց յուր ամբողջ ունեցածը, պարտքի տակ ընկավ, ստիպվեց պանդխտության գնալ և Կ. Պոլիս գնաց՝ յուր կնոջը և որդոց թողնելով յուր հայրենակիցների գթության։

—————

Երեք տարի սրանից առաջ, երբ Կ. Պոլսի ազգային հիվանդանոցի գերեզմանատան մեջ «Պալըխլի այազմայի» ժողովրդական հանդեսը տեսնելու էի գնացել, մի թրթուրակեր ծառի տակ ինձ ցույց տվին Մարգարի անշուք գերեզմանը։

Մշակություն էր արել, հետո հիվանդացել, հիվանդանոցում մի քանի ամիս պառկել էր և ոչ ոք ունենալով յուր վրա լացող՝ մեռել էր...

Իսկապես չգիտեմ, թե ինչ եղան նրա կինը, որդիները և աղջիկները. ի՞նչ պիտի լինեն — մի՞թե դժվար է գուշակել...

Comments