1. Կտակ

Chapter 2

Բ

Բայց հանկարծ հիշեց, որ պետք է վերջին անգամ հաղորդությունն առնել, խոստովանվել յուր չունեցած մեղքերը և բոլորովին մաքուր խղճով գնալ առ աստված:

Կարծում էր, թե մեղք ուներ և արքայություն չէր կարող գնալ։

Նստեց անկողնու մեջ, շոշափելով գտավ ձեռքի փայտը և դրանով բախեց կողքի պատը: Այդպես էր անում նա, երբ կամենում էր յուր դրացու հարսին կանչել։

Փոքր-ինչ հետո խրճիթի դուռը բացվեց։

— Ինձ կանչեցի՞ր, «Խաթուն Մարե»,— հարցրեց դրացու հարսը։

— Ներս արի,— պատասխանեց «Խաթուն Մարեն»:

— Տնաշեն, ինչի՞ ես մութի մեջ նստել, չե՞ս կարող ճրագ վառել։

— Ինձ համար միևնույն է, բայց դու կուզես՝ վառիր:

— Որտե՞ղ է չախմախ քարը:

— Գլխիս վրայի պատուհանումն է:

Հարսը ծանրաքայլ մոտեցավ, վերցրեց պատուհանից փոքրիկ արկղիկը, որի մեջ լցրած էր վառված շորի «մնձուրը» — աբեդը և կայծաքարը, չխկացրեց, շորի մնձուրը վառեց և տվեց նրան մի չոր ձողի ծայրին քսած ծծմբին. ծծումբը վառվեց, հետո ձողը և այդ ձողով հարսը վառեց նույն պատուհանի մոտ դրված ճրագակալի վրայի ձեթե ճրագը, հետո, երբ լույսը եղավ, նա մոտեցավ հիվանդին.

— Այդ ի՞նչ է, «Խաթուն Մարե», պառկե՞լ ես:

— Քնելու եմ,— ժպտեց հիվանդը:

— Քնելո՞ւ ես, ինչո՞ւ ուրեմն ինձ կանչեցիր։

— Որ մարդուդ ասես, գնա տերտերին կանչե։

— Տերտերի՞ն,— գոչեց հարսը զարմացած։

— Այո, զգում եմ, որ մեռնելու եմ, գնա, սիրուն Նազլուս, գնա ասա թող տերտերին կանչեն...

Հարսը տեսավ, որ «Խաթուն Մարեն» ծանրացել էր, հասկացավ, որ կատակի ժամանակ չէր, ուստի և լռությամբ վերմակով ծածկեց հիվանդին և ասաց.

— Կերթամ...

— Աստված քեզ օրհնե,— մրմնջաց հիվանդը:

Եվ աչքերը փակեց, որովհետև ուզում էր աղոթել։

Ճրագի լույսը երբեմն պայծառ և երբեմն աղոտ կերպով օրորվում էր, բայց երդիկիցն էլ լուսինը մի երկար շող էր սփռել դեպի հիվանդի անկողինը, որի տակից լսվում էին աղոթողի մրմունջները:

Շուտով լսվեց դրացի դռան ձայնը, դրացի գյուղացին էր, որ դուրս էր ելնում քահանային փնտրելով:

Տեր-Գալուստը շատ հեռու չէր, յուր դռան մոտ նստած խոսում էր մի քանի դրացիների և գյուղի վարժապետի հետ, երբ գյուղացին նրանց մոտեցավ և հայտնեց, որ «Խաթուն Մարեն» հաղորդություն էր պահանջում:

— «Խաթուն Մարե՞ն»,— գոչեց քահանան,— մեռնո՞ւմ է:

— Մեռնելու մոտ է,— խոսեց գյուղացին:

Քահանան ծոծրակը քորեց, ոտքի ելավ և ասաց.

— Սպասիր գնամ մասնատուփը և մաշտոցը առնեմ,— և ներս մտավ:

— Խեղճ «Խաթուն Մարեն»,— խոսեց գյուղացիներից մեկը։

— Լավ կնիկ էր,— ավելացրեց երկրորդը:

— Լավ հողեր ունի,— դիտեց երրորդը,— արդյոք որի՞ն պիտ թողնե:

— Ո՞վ գիտե, գուցե եղբորը թողնե:

— Հա՜յ, հո՜յ...— մեջ մտավ մի ուրիշը,— «Խաթուն Մարեն» էդ կամապաշտին ոչինչ էլ չի տա... սաղ կենան տիրացու Հայրոյի եղբայրները...

Այդ միջոցին քահանան դուրս եկավ:

— Եղբայրներ ունի՞ տիրացու Հայրոն,— հարցրեց նա՝ լսած լինելով վերջին խոսքերը:

— Իհարկե,— պատասխանեց վարժապետը,— քաղաքի մեջ «քենքենչիներ» են:

— Վայ,— գոչեց մտախոհ կերպով քահանան դառնալով իրեն հրավիրող գյուղացուն՝ ասաց,— գնանք, որդի...

Ճանապարհին քահանայի և գյուղացու մեջ բացվեց մի տաք խոսակցություն, որի մեջ հայտնվեց, որ «Խաթուն Մարեն» «քսան սոմարի» հողի, վեց կովի, երկու եզների և հինգ ոչխարի տեր էր, որ քաղաքումն էլ ս. Հակովբա թաղում լավ տներ ուներ:

Երբ ներս մտան «Խաթուն Մարեի» խրճիթը, ճրագի պատրույգի ծայրը ներս քաշված լինելով՝ մի նվազ լույսով էր միայն տեսնվում հիվանդի անկողինը և պառավի ալեխառն մազերով գունաթափ դեմքը:

— Է՛, որդի,— դարձավ քահանան իրեն բերող գյուղացուն,— դու կարող ես գնալ, խոստովանեցնելու եմ այս կնոջը:

Եվ երբ մենակ մնաց, մոտեցավ անկողնուն։

Պառավը աչքերը բաց արավ, թուլությամբ համբուրեց քահանայի պարզած ձեռքը և ցած ձայնով ասաց.

— Տեր հայր, խոստովանեցրու ինձ:

— Խելքդ վրա՞դ է, աղջիկս,— հարցրեց քահանան:

— Բոլորովին...

— Կարդա «մեղան»:

Եվ քահանայի հետ պառավը կրկնում էր այդ բազմաթիվ մեղքերի անուններով լի խոստովանության աղոթքը:

— Տեր հայր,— ասաց պառավը, երբ աղոթքը վերջացել էր,— ես մի մեղավոր կին եմ, թեև չեմ հիշում մեղքերս, բայց գուցե բոլոր բաներն արել եմ, ինձ արձակում տուր... բայց ոչ, առաջ թող տուր ինձ փոքր-ինչ աղոթել...

Քահանան լռությամբ նրան էր նայում. պահ մի լռելուց հետո ծալեց մաշտոցը, կողքին դրեց և ասաց.

— Խաթուն Մարե:

— Տեր հայր...— պատասխանեց կինը:

— Ես որ քո խոստովանահայրդ եմ, աստված ինձ վրա պարտք է դնում քեզ ասելու իմ խորհուրդները, որպեսզի ավելի հանգստացնեմ քո մահդ և որպեսզի քեզնից հետո եղած վեճերը քո պատճառովդ եղած չլինեն...

Նրա ձայնը դողում էր, իսկ պառավը հարցական կերպով նրան նայեց:

— Գիտե՛ս, աղջիկս,— շարունակեց քահանան,— հիմիկվան աշխարհը շատ փոխվել է, էլ չմնացին առաջվա միամիտ, միմյանց հետ խաղաղությամբ ապրող և միմյանց համար ջանը դնող մարդիկ... Էլ չմնացին աշխարհային ունեցածների վրա ծիծաղող և նրանց «ունայնություն» կոչող ջերմեռանդ մարդիկ... Հիմի երբ մի ոսկոր հանեն, իրարու գլուխ կջարդեն, որ այդ ոսկորին տիրանան... Է՛հ, որդի,— հառաչեց նա,— աշխարհս փչացել է, ո՞վ գիտե ինչե՜ր պիտի լինին մեզանից հետո... Ավելի լավ չէ՞, որ մենք առիթ չլինինք ապագա խռովությունների...

— Ի՞նչ ես ուզում ասել, տեր հա՛յր,— հարցրեց պառավը զարմացած:

— Ա՛խ, որդի,— շարունակեց քահանան, մի տխուր կերպարանք ստանալով,— գիտեմ, կունենաս աշխարհային բաներ, ունես հող, տավար, գուցեև ունես փող և զարդեր... Թեև փուչ բաներ են այդ բոլորը համեմատելով մյուս աշխարհի երջանկության հետ, բայց արի և այդ բոլորը հասկացրու մեր այժմյան թերահավատ մարդկանց... Մի կտոր հողի համար միմյանց գլխին հող կցանեն, մի տավարի համար իրարու անասուն կշինեն և մի կտոր ոսկու համար միմյանց կխեղդեն... ավերածություններ շատ կլինեն և ինչո՞ւ այդ բոլորի պատճառը դու լինես... արի ինձ, խոստովանահորդ լսիր, գրել տուր բոլոր ունեցածդ և կտակիր ում որ կամենաս...

— Ինչե՜ր ես ասում, տեր հա՛յր,— գոչեց հիվանդը,— ի՞նչ կտակ, ի՞նչ բան, չէ որ իմ մեռնելուց հետո ամեն ինչ եղբորս կմնա...

Հազիվ թե արտասանեց այդ խոսքերը, որ հանկարծ երեսը ծածկեց և ընկավ անկողնի վրա:

— Է՛հ, որդի, — ասաց քահանան,— դու մի եղբայր ունես, իսկ ամուսինդ մի քանի հատ, քո մեռնելուց հետո այդ բոլոր մարդիկ միմյանց միսը կսկսեն ուտել, որ թողած կայքերիդ տերը դառնան... Ինձ լսիր, եթե եղբորդ ես ուզում թողնել՝ արա՛, միայն թղթով արա, թղթով, որը չէ կարող ջնջվել և որի դեմ ոչ ոք կարող է խոսել... Եթե լոկ խոսքով անես, քեզ չեն հավատա, որովհետև եղբորդ հետ հաշտ չես...

— Այո՛, այո,— մռմռաց հիվանդը,— հաշտ չեմ և պիտի մեռնեմ առանց նրա հետ մի խոսք խոսելու... աղաչում եմ, տեր հայր,— հարեց նա նստելով,— թե կարգդ կհարգես, թե որդիներդ կսիրես... գնա, շուտ գնա եղբորս մոտ, կանչիր, բեր նրան ինձ մոտ, ասա քույրդ մեռնում է, ամեն ինչ քեզ կտա, միայն ուզում է, որ վերջին անգամ յուր հետ երկու խոսք խոսես... աստված իմ, աստված իմ... մի՞թե պիտի մեռնեմ առանց եղբորս ձայնը լսելու, առանց իմ Մարգարիս տեսնելու... տե՛ր հայր,— դարձավ նա նորից քահանային,— աստված սիրես, աղաչում եմ, ոտքդ եմ ընկնում...

— Բավական է, որդի,— ընդհատեց քահանան,— իմ պարտքն է եղբորդ բերել քեզ հետ հաշտեցնել. մի՛ երկմտիլ, այս րոպեիս կերթամ, ուր որ լինի կգտնեմ և կբերեմ, աստված ինձ սրա համար կներե իմ մի քանի մեղքերս և քո շնորհիվ...

— Ղուրբան լինեմ քեզ, տե՛ր հայր,— գոչեց հիվանդը ուրախությամբ,— աստված կարգիդ հաստատ պահե... ունեցածիս կեսը քեզ պիտի թողնեմ, այո՛, թղթով, կեսը քեզ և կեսը եղբորս... գնա՛, տեր հայր, գտիր և բեր, ապա թե ոչ կմեռնեմ և իմ ոչ մի մեղքս քաված չի լինի...

Քահանան մտախոհ ոտքի ելավ, գնաց դեպի դուռը, ուր պահ մի կանգ առնելով՝ ծոծրակը քորեց և հանկարծ հիվանդին դառնալով՝ ասաց.

— Որդի, թուղթ է՞լ բերեմ հետս:

— Իհարկե, տեր հայր, բեր, կարգիդ ղուրբան... բեր, ես ամենայն ուրախությամբ ունեցածիս կեսը քեզ կտամ...

Այլևս չկարողացավ շարունակել և գլուխը բարձի վրա ընկավ: Քահանան մի տարօրինակ ժպիտով նրան նայեց և դուրս գնաց:

Comments