Chapter 1
I
Ձոնված՝ մարկիզ Ժան-Շառլ դը Նեգրոյին
Մարկիզուհի դը Լիստոմերը մեկն է երիտասարդ այն կանանցից, որոնք դաստիարակվել են Ռեստավրացիայի ոգով: Նա ունի իր սկզբունքները, պաս է պահում, հաղորդվում է և խիստ զուգված գնում է պարահանդես, «Բուֆֆոն» և օպերա. իր խոստովանահայրը նրան թույլ է տալիս իրար լծորդելու պիղծն ու սուրբը: Մշտապես լինելով եկեղեցու և մարդկանց նկատմամբ օրինապահ, նա հանդիսանում է ներկա ժամանակի մի պատկերը, որը որպես բնաբան ունի օրինականությունը բառը: Մարկիզուհու վարմունքը, իրոք, բավականին բարեպաշտական էր, որպեսզի հասներ, մի նոր Մենտընոնի ազդեցությամբ, Լուդովիկոս XIV-ի վերջին տարիների մռայլ ջերմեռանդությանը, աշխարհիկ բավականություններով հարուստ այդ թագավորության առաջին օրերի վայելչագեղ բարքերն ընդունելու, եթե երբևիցե այն վերադառնար: Ներկայումս նա առաքինի է՝ հաշվենկատությունից կամ, թերևս, ըստ ճաշակի: Յոթ տարուց ի վեր ամուսնացած լինելով մարկիզ դը Լիստոմերի հետ, մեկն այն դեպուտատներից, որոնք սպասում են պեր դառնալ, նա մտածում է թերևս իր վարմունքով ծառայություն մատուցել իր ընտանիքին: Որոշ կանայք նրան դատելու համար սպասում են, որ պարոն դը Լիստոմերը Ֆրանսիայի պեր դառնա, և մարկիզուհին երեսունվեց տարեկան լինի, կյանքի այն շրջանը, երբ կանանց մեծ մասը նկատում է, որ իրենք սոցիալական օրենքների խաբեության զոհերն են եղել: Մարկիզը բավականին աննշան մի մարդ է. արքունիքում դիրք ունի, նրա արժանիքները ժխտական են, ինչպես իր թերությունները. առաջինները չեն կարող այլևս նրա համար առաքինության համբավ ստեղծել, ինչպես երկրորդները նրան չեն տալիս մոլություններից ցայտող փայլը: Որպես դեպուտատ՝ նա երբեք չի արտահայտվում, բայց լավ է քվեարկում. իր ընտանիքում վարվում է այնպես, ինչպես դեպուտատների պալատում: Ուստի, համարվում է Ֆրանսիայի լավագույն ամուսինը: Թեև դյուրագրգիռ չէ, բայց չի էլ քրթմնջում բնավ, եթե նրան չստիպեն սպասել: Իր բարեկամները նրան ամպամած եղանակ են անվանել: Իրոք, նրա մոտ չի կարելի հանդիպել ո՛ չ չափազանց ուժեղ լույսի, ո՛չ բացարձակ մթության: Նա նման է բոլոր այն մինիստրություններին, որոնք Ֆրանսիայում իրար հաջորդել են Խարտիայից ի վեր: Սկզբունքային որևէ կնոջ հազիվ թե հաջողվեր լավագույն ձեռքերի մեջ ընկնել: Մի՞թե շատ չէ առաքինի կնոջ համար՝ ամուսնանալ հիմարություններ գործելու անընդունակ մի մարդու հետ: Պատահել են դենդիներ, որոնք լպիրշություն են ունեցել մարկիզուհու ձեռքը թեթևորեն սեղմելու՝ նրա հետ պարելիս. նրանք արհամարհական նայվածքների են միայն արժանացել, և բոլորն զգացել են վիրավորական այն անտարբերությունը, որ գարնան սառնամանիքի պես, ցրտահարում է ամենագեղեցիկ հույսերի սերմերը: Գեղեցիկները, սրամիտները, ինքնահավանները, զգացական մարդիկ, որոնք սնվում են իրենց գավազանները ձեռքներին, մեծանունները կամ խոշոր համբավ վայելողները, բարձր ու ցածր աստիճանի մարդիկ, բոլորը մաքրվել են նրա մոտ: Նա իրավունք է նվաճել՝ ըստ իր ցանկության երկար հաճախակի խոսելու այն անձնավորությունների հետ, որոնք իրեն խելոք են թվում, առանց չարախոսությունների դիմելու: Որոշ պչրուն կանայք կարող են յոթ տարի հետևել այսպիսի ծրագրի, հետագայում իրենց քմահաճույքներին բավարարություն տալու համար, բայց կասկածել տիկին դը Լիստոմերին նման հետին մտքի մեջ՝ նշանակում է զրպարտել նրան: Ես բարեբախտություն ունեցա տեսնելու մարկիզուհիների այս փյունիկին, նա լավ զրուցում է, ես գիտեմ ունկնդրել. նրան դուր եկա. գնում եմ նրա երեկոներին: Ո՛չ տգեղ, ո՛չ սիրուն տիկին դը Լիստոմերն ունի սպիտակ ատամներ, պայծառ գույն և խիստ կարմիր շրթներ. բարձրահասակ է և բարեձև. ունի փոքրիկ, նրբին ոտք, և այն ի ցույց չի դնում. նրա աչքերը ոչ միայն հանգած չեն, ինչպես համարյա բոլոր փարիզյան աչքերը, այլ, ընդհակառակը, ունեն քնքուշ փայլ, որ կախարդում է, երբ հանկարծ նա ոգևորվում է: Այս տարտամ կառուցվածքի միջով կարելի է գուշակել հոգին: Երբ որևէ զրույց նրան հետաքրքրում է, նա դրա մեջ ցուցաբերում է սառը կեցվածքի զգուշավորությամբ պարուրված մի շնորհալիություն, և այն ժամանակ նա սքանչելի է: Նա չի հետամտում հաջողությունների, բայց և այնպես գտնում է դրանք: Մարդիկ միշտ գտնում են այն, ինչը չեն որոնում: Այդ ասացվածքը շատ հաճախ ճշմարիտ է և չի կարող մի օր չվերածվել առածի: Սա պիտի լինի բարոյականն այս դեպքի, որն ինձ պիտի թույլ չտայի պատմել, եթե ներկայումս այնքան աղմուկ հանած չլիներ փարիզյան բոլոր հյուրասրահներում:
Մոտ մեկ ամիս առաջ մարկիզուհի դը Լիստոմերը պարել էր որքան համեստ, նույնքան անխորհուրդ մի երիտասարդի հետ, որ օժտված է լավ հատկություններով, բայց իր թերություններն է միայն դրսևորում. կրքոտ է և ծաղրում է կրքերը. տաղանդ ունի և թաքցնում է այն. իրեն գիտուն է ձևացնում արիստոկրատների մոտ և արիստոկրատություն անում գիտունների հետ: Էժեն դը Ռաստինյակը մեկն է այն խիստ ուշիմ երիտասարդներից, որոնք փորձարկում են ամեն ինչ և կարծես շոշափում են մարդկանց՝ իմանալու համար, թե ապագան ի՛նչ է բերելու: Սպասելով փառասիրության տարիքին՝ նա հեգնում է ամեն ինչ. ունի շնորհք և ինքնատիպություն, մեկը մյուսը բացառող երկու հազվագյուտ հատկություններ: Կանխամտածում չունենալով որևէ հաջողության նկատմամբ, մոտ կես ժամ նա զրույց ունեցավ մարկիզուհի դը Լիստոմերի հետ: Զվարճանալով մի զրույցի քմայքներով, զրույցի, որը Վիլհելմ Տելլ օպերայից սկսելով՝ հասել էր կանանց պարտականություններին, երիտասարդը մի քանի անգամ նայել էր մարկիզուհուն, նրան շփոթության մատնելու ձևով. հետո նրանից հեռացել էր ու այլևս բնավ չէր խոսել նրա հետ երեկոյի ամբողջ ընթացքում, պարել էր, մասնակցել թղթախաղին, մի քիչ փող կորցրել ու գնացել էր քնելու: Պատիվ ունեմ ձեզ հավաստելու, որ ամեն ինչ այսպես կատարվեց: Ոչինչ չեմ ավելացնում, ոչինչ չեմ հապավում:
Հետևյալ առավոտ Ռաստինյակն ուշ զարթնեց, մնաց անկողնում, ուր, անտարակույս, ունեցավ այգաբացի այն մի քանի երազանքներից, որոնց ընթացքում որևէ երիտասարդ օդանուշի նման սահում անցնում է մի շարք մետաքսե, քիշմիրի և բամբակե վարագույրների տակից: Այդ պահերին, որքան մարմինը ծանրացած է լինում քնից, այնքան միտքը աշխուժանում է: Ի վերջո, Ռաստինյակը վեր կացավ՝ առանց շատ հորանջելու, ինչպես անում են վատ սովորած այնքան մարդիկ, զանգ տվեց իր սպասավորին, թեյ պատվիրեց, խմեց այնչափ, որը այնքան էլ տարօրինակ չպետք է թվա նրանց, ովքեր թեյը սիրում են. սակայն, այս հանգամանքը բացատրելու համար նրանց, ովքեր թեյն ընդունում են միմիայն որպես անմարսողության համայնադեղ, պիտի ավելացնեմ, որ Էժենը գրում էր. նա հանգիստ բազմել էր և ոտքերը պահում էր ավելի շատ բուխարու երկաթների, քան ոտնամուշտակի վրա: Օ՜հ, ոտքերը դնել մոխրարգելի երկու ծայրերը միացնող հղկված երկաթաձողին ու մտածել քո սերերի մասին, երբ նոր ես վեր կացել անկողնուց և սենեկազգեստով ես, դա մի այնպիսի հեշտավետ բան է, որ անսահման ափսոսում եմ, որ չունեմ ո՛չ սիրուհի, ո՛չ բուխարու երկաթներ, ո՛չ սենեկազգեստ: Երբ այս բոլորն ունենամ, ես չեմ պատմելու իմ դիտողությունները, այլ պիտի օգտվեմ դրանցից:
Էժենի գրած առաջին նամակը վերջացավ քառորդ ժամում. ծալեց այն, կնքեց ու թողեց իր առջև՝ առանց հասցեն գրելու: Երկրորդ նամակը, սկսված ժամը տասնմեկին, վերջացավ հազիվ կեսօրին: Չորս էջը լցված էր:
— Այս կինը վարգում է գլխումս,— ասաց նա ծալելով երկրորդ գրությունը, որը նույնպես թողեց իր առջև, մտադրվելով հասցեն գրել իր ակամա երազանքն ավարտելուց հետո: Իրար վրա բերեց սենեկազգեստի երկու քղանցքները, ոտքերը զետեղեց մի ցածր աթոռի, ձեռքերը մխրճեց կարմիր քիշմիրից կարված տաբատի գրպանիկները և թիկնեց հեշտավետ մի ճոճաթոռի, որի նստատեղն ու հենակը հարյուր քսան աստիճանի հանգստավետ մի անկյուն էին կազմում: Դադարելով թեյ խմելուց՝ մնաց անշարժ, աչքերը հառած իր թին պսակող ոսկեզօծ ձեռքին, առանց տեսնելու ո՛չ ձեռք, ո՛չ թի, ո՛չ ոսկեզօծում: Չհրահրեց անգամ կրակը: Մեծագո՜ւյն սխալ: Որքա՜ն մեծ հաճույք է խառնշտկել կրակը՝ խորհելով կանանց մասին: Մեր միտքը ֆրազներ է փոխ տալիս այն փոքրիկ, կապտավուն լեզվիկներին, որոնք հանկարծ ժայթքում և ճտճտում են բուխարու մեջ: Մեկնաբանվում է մի բուրգինյոնի հզոր ու խիստ բարբառը:
Կանգ առնենք այս բառի վրա և անգետների համար այստեղ տանք բացատրությունը շատ երևելի մի ստուգաբանի, որ չցանկացավ իր անունը հայտնել: Բուրգինյոնը ժողովրդական և խորհրդանշական անուն է՝ տրված, Կարլ VI-ի թագավորությունից ի վեր, այն աղմկալի ճայթյուններին, որոնց հետևանքով մի գորգի կամ մի շրջազգեստի վրա ընկնում է ածխի փոքրիկ կտոր, որը հրդեհի թեթև սկիզբ կարող է հանդիսանալ: Կրակը, ասում են, բաց է թողնում օդի մի պղպջակ, որը կրծող որևէ որդ առաջացրել է փայտի միջուկում: Inde amor, inde burgondus*: Սարսափելի է տեսնել ձյունակույտի պես թավալվող ածուխը, որն այնքան ճարտարորեն փորձել էին զետեղել երկու բոցավառվող կոճղերի միջև: Օ՜հ, արծարծել կրակը, երբ սիրում ես, փաստորեն մտածումը զարգացնել չէ՞ միթե:
Այդ րոպեին է, որ ես մտա Էժենի մոտ. նա ցնցվեց և ասաց.
— Ա՜հ, ահա և դու, սիրելի Հորաս: Երբվանի՞ց ես այստեղ:
— Հենց նոր եկա:
— Ա՜հ:
Նա վերցրեց երկու նամակները, հասցեագրեց և զանգ տվեց սպասավորին:
— Այս նամակները հասցրու հասցեատերերին:
Եվ Ժոզեֆը մեկնեց առանց որևէ դիտողության. ի՞նչ սքանչելի ծառա։ Սկսեցինք խոսել Մորեայի արշավախմբի մասին, որտեղ ես ցանկանում էի ծառայել որպես բժիշկ: Էժենը ինձ դիտել տվեց, որ թողնելով Փարիզը՝ շատ բան կարող էի կորցնել, և մենք զրույց ունեցանք աննշան բաների մասին: Կարծում եմ՝ ինձ չեն մեղադրի, որ մեր խոսակցությունը զանց եմ առնում . . . . .
Այն պահին, երբ մարկիզուհի դը Լիստոմերը, կեսօրից հետո ժամը երկուսի մոտերը, վեր կացավ անկողնից, իր սպասուհին, Կարոլինը, նրան հանձնեց մի նամակ. նա կարդաց այն, մինչ Կարոլինը նրա մազերն էր հարդարում: (Անզգուշություն, որ շատ կանայք են գործում:) Ո՜վ սիրո թանկագին հրեշտակ, կյանքի երջանկության գանձ։ Այս նախադասության վրա, մարկիզուհին պատրաստվեց նամակը կրակը գցել. բայց նրա մտքից ինչ-որ քմայք անցավ, որը ամեն մի առաքինի կին հրաշալիորեն կարող է հասկանալ, և նա ցանկություն ունեցավ իմանալու, թե մի մարդ, որ այդպես էր սկսել, ինչպես էր վերջացնելու: Կարդաց: Երբ շուռ տվեց չորրորդ էջը, երկու բազուկները վայր թողեց հոգնած մարդու նման։
— Կարոլին, գնացեք, իմացեք, թե ո՞վ բերեց այս նամակը։
— Տիկին, ես այն ստացա բարոն դը Ռաստինյակի սպասավորից:
Երկար լռություն տիրեց:
— Տիկինը ցանկանո՞ւմ է հագնվել,— հարցրեց Կարոլինը։
— Ոչ:
«Անտարակույս շատ լպիրշն է»,— մտածեց մարկիզուհին:
…………...
Ես խնդրում եմ բոլոր կանանց, որ իրենք պատկերացնեն մեկնաբանությունը:
Տիկին դը Լիստոմերը վերջացրեց իրը՝ վճռականապես որոշելով Էժենի առաջ փակել իր տան դուռը և, եթե նրան հանդիպեր որևէ տեղ, առավել քան արհամարհանք ցուցաբերել նրա նկատմամբ, որովհետև նրա լկտիությունը չէր կարելի համեմատել ոչ մեկի հետ այն բոլորից, որոնք ի վերջո ներել էր մարկիզուհին: Նախ՝ ուզեց պահել նամակը, բայց, լավ մտածելուց հետո, այրեց:
— Տիկինը սիրո մի հիանալի հայտարարություն ստացավ և այն կարդաց,— ասաց Կարոլինը վերակացուհուն:
— Ես այդ երբեք չէի սպասում տիրուհուց,— պատասխանեց պառավը՝ բոլորովին զարմացած:
Երեկոյան կոմսուհին գնաց մարկիզ դը Բոսեանի տունը, ուր հավանաբար լինելու էր և Ռաստինյակը: Շաբաթ օր էր: Մարկիզ դը Բոսեանը փոքր-ինչ ազգական լինելով Ռաստինյակին, այս երիտասարդը չէր կարող բացակայել երեկոյից: Գիշերվա ժամը երկուսին, տիկին դը Լիստոմերը, որը միայն մնացել էր իր սառնությամբ ընկճելու Էժենին, իզուր սպասեց նրան: Սրամիտ մի մարդ, Ստենդալը2, տարօրինակ գաղափար է ունեցել բյուրեղացում անվանելու այն աշխատանքը, որ կատարեց մարկիզուհու միտքը՝ նախքան այդ երեկոն, դրա ընթացքում ու դրանից հետո:
Չորս օր անց՝ Էժենը հանդիմանում էր իր սենեկապանին.
— Է՛հ, Ժոզեֆ, սա՛ ինչ բան է, ես ստիպված կլինեմ քեզ վտարել, տղաս:
— Ինչո՞ւ, պարոն:
— Դու անվերջ հիմարություններ ես գործում: Ո՞ւր հանձնեցիր այն երկու նամակները, որ ուրբաթ օրը տվեցի քեզ:
Ժոզեֆը ապուշ կտրեց: Մի մայր-եկեղեցու գավթի արձանի պես անշարժացավ, ամբողջովին տարված իր երևակայության աշխատանքով: Հանկարծ հիմարաբար ժպտաց ու ասաց.
— Պարոն, մեկը տիկին մարկիզուհի դը Լիստոմերի համար էր, Սեն-Դոմինիկ փողոց, իսկ մյուսը՝ պարոնի դատապաշտպանի համար...
— Վստա՞հ ես ասածիդ:
Ժոզեֆը բոլորովին շփոթվեց: Պատահաբար այդտեղ գտնվելով՝ տեսա, որ իմ միջամտությունն անհրաժեշտ էր:
— Ժոզեֆը իրավացի է,— ասացի: Էժենը դարձավ դեպի ինձ:— Բոլորովին ակամա ես հասցեները կարդացի և…
— Ե՛վ,— հարեց Էժենը ինձ ընդհատելով,— նամակներից մեկը տիկին դը Նյուսինգենին չէ՞ր հասցեագրված:
— Ո՛չ, բոլոր սատանաները վկա: Ուստի կարծեցի, սիրելիս, որ քո սիրտը Սեն-Լազար փողոցից շրջվել է դեպի Սեն-Դոմինիկ փողոցը:
Էժենը ձեռքի տափակ կողմով խփեց ճակատին ու ժպտաց: Ժոզեֆը հասկացավ, որ սխալն իրը չէր:
Արդ, ահա թե որտե՛ղ են բարոյականները, որոնց վրա բոլոր երիտասարդները պետք է խորհրդածեն: Առաջին սխալ. Էժենը զվարճալի գտավ ծիծաղեցնել տիկին դը Լիստոմերին այն թյուրիմացության միջոցով, որի շնորհիվ այս վերջինը տիրացավ իրեն չվերաբերող մի նամակի: Երկրորդ սխալ. նա տիկին դը Լիստոմերի տունը գնաց միայն դեպքից չորս օր անց, այսպիսով թույլ տալով, որ պարկեշտ մի կնոջ մտքերը բյուրեղանան: Կան դեռևս մի տասնյակ սխալներ, որոնց վրայից հարկ է լռությամբ անցնել, որպեսզի կանայք հաճույք ունենան ex professo** դրանք մանրամասնելու նրանց, ովքեր պիտի չկարողանային կռահել: Էժենը հասնում է մարկիզուհու դռան. բայց երբ ուզում է ներս մտնել, դռնապանը կանգնեցնում է նրան և ասում, որ տիկին մարկիզուհին դուրս է եկել: Երբ Ռաստինյակն ուզում է նորից բարձրանալ կառքը, տուն է մտնում մարկիզը:
— Եկե՛ք, Էժեն, կինս տանն է:
Օ՜հ, ներեցեք մարկիզին: Մի ամուսին, որքան էլ լավ լինի, հազիվ թե կատարելության հասնի: Սանդուղքներով բարձրանալիս՝ Ռաստինյակը անդրադարձավ իր կյանքի գեղեցիկ գրքի այս հատվածում եղած աշխարհիկ տրամաբանության տասը սխալներին: Երբ տիկին դը Լիստոմերը տեսավ իր ամուսնու ներս մտնելը Էժենի ընկերակցությամբ, ակամա շիկնեց: Երիտասարդ բարոնը նկատեց այդ հանկարծական կարմրությունը: Քանի որ թեկուզ ամենահամեստ մարդը դեռևս իր մեջ պահպանում է ինքնավստահության մի փոքրիկ ֆոնդ, որից նա իրեն չի զրկում, ինչպես կինը չի հրաժարվում իր ճակատագրական պչրանքից, Էժենին չի կարելի դատապարտել, երբ ինքն իրեն ասաց. «Ի՞նչ, ուրեմն այս ամրությո՞ւնն էլ»: Եվ թևավորվեց: Երիտասարդները, թեև շատ ագահ չեն, բայց և այնպես սիրում են մեկ գլուխ ավելի ունենալ իրենց մեդալատուփում:
Պարոն դը Լիստոմերը վերցրեց «Գազետ դը Ֆրանսը»3, որը նկատել էր վառարանի եզրին, և մոտեցավ մի լուսամուտի, լրագրողի օժանդակությամբ Ֆրանսիայի կացության վրա իր սեփական կարծիքը կազմելու համար: Որևէ կին, թեկուզ առերևույթ զգոն, երկարատև շփոթության չի մատնվում, նույնիսկ ամենադժվարին կացության մեջ. թվում է, թե նա միշտ ձեռքում պահած ունի թզենու տերևը, որ նրան տվել է մեր նախամայր Եվան: Ուրեմն, երբ Էժենը, դռան մոտ իրեն ազդարարված արգելքը մեկնաբանելով հօգուտ իրեն, բավական համարձակ տեսքով բարևեց տիկին դը Լիստոմերին, այս վերջինս կարողացավ սքողել իր բոլոր մտածումները կանացի մի ժպիտով, ավելի անթափանց, քան որևէ թագավորի խոսքը։
— Տկա՞ր եք արդյոք, տիկին, ձեր տան մուտքը արգելել էիք։
— Ոչ, պարոն:
— Գուցե ուզում էիք դո՞ւրս գալ:
— Ոչ էլ այդ:
— Որևէ մեկի՞ն էիք սպասում:
— Ոչ ոքի:
— Եթե իմ այցելությունը անպատեհ է, պարոն մարկիզն է մեղավոր: Ես պատրաստվում էի ենթարկվել ձեր խորհրդավոր հրամանին, երբ նա ինքն իսկ ինձ մտցրեց սրբարանը:
— Պարոն դը Լիստոմերը տեղյակ չէր իմ գաղտնիքին: Խոհեմություն չէ ամեն դեպքում ամուսնուն հայտնել որոշ գաղտնիքներ...
Վճռական և մեղմ շեշտը, որով մարկիզուհին արտասանեց այս բառերը, ու հպարտ նայվածքը, որ ուղղեց նրան, Ռաստինյակին համոզեցին, որ ինքը շատ էր շտապել թևավորվելու:
— Տիկին, ես ձեզ հասկանում եմ,— հարեց նա ծիծաղելով.— ուրեմն ես ինձ պետք է կրկնակի շնորհավորեմ, որ պարոն մարկիզին հանդիպեցի. նա ինձ առիթ ընձեռեց ձեզ ներկայացնելու մի արդարացում, որը պիտի լիներ վտանգներով լի, եթե դուք նույն ինքը բարեսրտություն չլինեիք:
Մարկիզուհին երիտասարդ բարոնին նայեց բավականին զարմացած, բայց և այնպես հպարտորեն պատասխանեց.
— Պարո՛ն, լռությունը պիտի լինի ձեր լավագույն ինքնարդարացումը: Ինչ վերաբերում է ինձ, ես ձեզ խոստանում եմ վերջնականապես մոռանալ այն, մի ներում, որին հազիվ թե դուք արժանի եք:
— Տիկի՛ն,— հարեց Էժենը աշխուժորեն,— ներումն անօգուտ է այնտեղ, որտեղ վիրավորանք չի եղել: Նամակը,— ավելացրեց ցածր ձայնով,— որ ստացաք և որը ձեզ այնքան անպատշաճ պետք է թված լինի, ձեզ չէր ուղղված:
Մարկիզուհին չկարողացավ ժպիտը զսպել, նա ուզում էր վիրավորված լինել:
— Ինչո՞ւ ստել,— հարեց մարկիզուհին արհամարհական զվարթությամբ, բայց բավականին քաղցրահնչյուն ձայնով:— Այժմ, երբ ես ձեզ հանդիմանել եմ, հոժարակամ կծիծաղեմ չարաճճի այս ռազմավարության վրա: Ճանաչում եմ խեղճ կանանց, որոնք դրանից պիտի խաբվեին: «Աստվա՜ծ իմ, որքան սիրում է»,— պիտի ասեին նրանք:— Մարկիզուհին սկսեց ակամա ծիծաղել և ներողամիտ ավելացրեց.— եթե ցանկանում ենք մնալ բարեկամներ, այլևս ոչ մի ակնարկություն ինչ-որ սխալմունքների մասին, որոնք չեն կարող ինձ խաբել:
— Պատվովս երդվում եմ, տիկին, որ խաբվել եք ավելի, քան կարծում եք,— պատասխանեց Էժենը աշխուժով:
— Այդ ինչի՞ մասին եք զրուցում,— հարցրեց պարոն դը Լիստոմերը, որ մի պահից ի վեր հետևում էր նրանց խոսակցությանը, առանց կարենալ թափանցելու դրա մթությանը:
— Օ՜հ, այդ ձեզ համար հետաքրքրական չէ,— պատասխանեց մարկիզուհին:
Պարոն դը Լիստոմերը հանգիստ վերսկսեց իր թերթի ընթերցումը և ասաց.
— Ա՜հ, տիկին դը Մորսոֆը մահացել է. ձեր խեղճ եղբայրը անտարակույս Կլոշգուրդում4 է:
— Գիտե՞ք, պարոն, — շարունակեց մարկիզուհին Էժենին,— որ դուք մի ժպիրհ բան ասացիք:
— Եթե ես ծանոթ չլինեի ձեր սկզբունքների խստությանը,— միամիտ պատասխանեց վերջինս,— պիտի կարծեի, որ ուզում եք կա՛մ ինձ խորհուրդներ տալ, որոնցից ես խրտչում եմ, կա՛մ ինձնից կորզել իմ գաղտնիքը: Թերևս ուզում եք զվարճանալ ինձնով:
Մարկիզուհին ժպտաց: Այդ ժպիտը համբերությունից հանեց Էժենին:
— Տիկի՛ն, շարունակո՞ւմ եք հավատալ մի վիրավորանքի, որ ոչ մի ժամանակ չեմ թույլ տվել ինձ... Ես ջերմապես ցանկանում եմ, որ կյանքում դիպվածը ձեր առջև չհանի այն անձին, որ պետք է ընթերցեր այդ նամակը:
— Ի՞նչ, հարցը դարձյալ տիկին դը Նյուսինգենի մասի՞ն է,— բացագանչեց տիկին դը Լիստոմերը, ավելի շուտ շահագրգռված մի գաղտնիք իմանալու, քան թե երիտասարդի խայթող խոսքերից վրեժ լուծելու համար:
Էժենը շիկնեց: Հարկավոր է քսանհինգ տարեկանից վեր լինել՝ չկարմրելու համար, երբ ձեզ մեղադրում են անմիտ հավատարմության համար, որը կանայք ծաղրում են, որպեսզի ցույց չտան, թե այդ որքան իրենց նախանձն է շարժում: Այնուհանդերձ, բավականին սառն շեշտով ասաց.
— Ինչո՞ւ չէ, տիկին:
Ահավասիկ, թե ինչպիսի սխալներ են գործվում քսանհինգ տարեկան հասակում: Այս խոստովանությունը խորապես ցնցեց տիկին դը Լիստոմերին. սակայն Էժենը դեռևս չգիտեր վերլուծել կանացի դեմքը՝ այն դիտելով շտապ կամ կողմնակի: Մարկիզուհու միայն շրթները գունատվեցին: Տիկին դը Լիստոմերը զանգահարեց, որ փայտ բերեն ու այսպիսով հարկադրեց Ռաստինյակին՝ վեր կենալ մեկնելու:
— Եթե այդ այդպես է,— հարեց այն ժամանակ մարկիզուհին՝ Էժենին կանգնեցնելով սառը և կեղծ-լուրջ տեսքով,— ձեզ դժվար պիտի լինի ինձ բացատրել, պարոն, թե ո՛ր դիպվածը իմ անունը բերեց ձեր գրչի տակ: Մի նամակի վրա գրված հասցեն այն չէ, ինչ որ հարևանի ծափը, որը մտացրիվ մի րոպեին, պարահանդեսից մեկնելիս, հնարավոր է ընդունել որպես իրը:
Էժենը, շփոթված, մարկիզուհուն նայեց՝ միաժամանակ ու անմիտ արտահայտությամբ, զգաց, որ ծիծաղելի էր դառնում, դպրոցականի ինչ-որ խոսք թոթովեց ու դուրս եկավ: Մի քանի օր անց՝ մարկիզուհին ստացավ Էժենի իրավացիության անժխտելի ապացույցները: Արդեն երկու շաբաթ է, որ մարկիզուհին չի երևում աշխարհիկ հասարակության մեջ: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այս փոփոխության պատճառն իմանալ, մարկիզն ասում է.
— Կինս ստամոքսի խանգարում ունի: Ես, որ նրան խնամում եմ և ծանոթ եմ իր գաղտնիքին, գիտեմ, որ ջղային թեթև մի տագնապ ունի, որից օգտվում է տանը մնալու համար: