1. Թզուկ Քիթը

Chapter 1

I

Գերմանական մի մեծ քաղաքում իր կնոջ՝ Հաննայի հետ միասին ապրում էր մի կօշկակար, անունը՝ Ֆրիդրիխ։ Ամբողջ օրը նա նստում էր փողոցում եւ կօշիկներ ու մաշիկներ կարկատում։ Նա նոր կօշիկներ էլ էր կարում, եթէ որեւէ մէկը պատուիրում էր, բայց այդ դէպքում ստիպուած էր լինում նախ կաշի գնել, որովհետեւ այնքան փող չունէր, որ միշտ կաշուի պաշար պահեր։

Իսկ Հաննան իր փոքրիկ պարտէզից ստացած պտուղներն ու բանջարեղէնն էր շուկայում վաճառում։ Նա շատ մաքրասէր կին էր եւ կարողանում էր գեղեցիկ դասաւորել ապրանքը, դրա համար էլ միշտ շատ գնորդներ էր ունենում։

Հաննան ու Ֆրիդրիխը ունէին մի որդի Յակով անունով․ նա բարեկազմ, գեղեցիկ տղայ էր, իր տասներկու տարեկան հասակի համար բաւական բարձր։ Սովորաբար նա նստում էր շուկայում, մօր մօտ։ Երբ որեւէ խոհարար կամ խոհարարուհի Հաննայից շատ բանջարեղէն էր գնում, Յակովը նրան օգնում էր գնածը տուն հասցնելու եւ քիչ էր պատահում, որ ձեռնունայն վերադառնար․ Հաննայի գնորդները սիրում էին այդ սիրունիկ տղային եւ համարեայ միշտ նուիրում էին նրան որեւէ բան՝ ծաղիկ, քաղցր կարկանդակ կամ մի փոքր դրամ։

Մի անգամ Հաննան սովորականի պէս առեւտուր էր անում շուկայում։ Նրա առաջ շարուած էին մի քանի զամբիւղ կաղամբ, կարտոֆիլ, արմատիք եւ ամէն տեսակ կանաչեղէն։ Իսկ մի փոքրիկ զամբիւղում շողշողում էին վաղահաս տանձերը, խնձորներն ու ծիրանները։

Յակովը նստած էր մօր կողքին եւ բարձր ձայնով կանչում էր․

— Այստե՜ղ եկէք, այստե՜ղ, խոհարարնե՜ր, խոհարարուհինե՜ր։ Այ լաւ կաղա՜մբ, կանաչեղէ՜ն, տա՜նձ, խնձո՜ր։ Ո՞վ է ուզում։ Մայրիկստ էժան կը վաճառի։

Եւ յանկարծ նրանց մօտեցաւ աղքատիկ հագնուած մի պառաւ՝ մանրիկ, կարմիր աչքերով, ծերութիւնից կնճռոտուած, երկարաւուն երեսով եւ խիստ շատ երկար քթով, որը իջնում էր մինչեւ կզակը։ Նա հենւում էր ձեռնափայտին եւ զարմանալի էր, որ առհասարակ կարողանում էր քայլել, որովհետեւ նա կաղ էր, սայթաքում էր ու լընգլնգում, կարծես ոտքերի տակ անիւներ լինէին դրած։ Թւում էր, թէ ահա, որտեղ որ է կընկնի եւ իր սուր քիթը կխփի գետնին։

Հաննան հետաքրքրութեամբ նայում էր պառաւին։ Ահա արդեն տասնվեց տարի էր, ինչ նա առեւտուր էր անում շուկայում, բայց այդպիսի տարօրինակ պառաւ դեռ չէր տեսել։ Նա նոյնիսկ մի քիչ սրտնեղեց, երբ պառաւը կանգ առաւ իր զամբիւղների մօտ։

— Դո՞ւք էք բանջարեղէն վաճառող Հաննան,— հարցրեց պառաւը ճռճռան ձայնով, գլուխը շարունակ ցնցելով։

— Այո,— պատասխանեց կօշկակարի կինը։— Կը կամենայի՞ք մի բան գնել։

— Տեսնե՛նք, տեսնե՛նք,— քթի տակ մրթմրթաց պառաւը։— Նայենք կանաչեղէնը, տնտղենք արմտիքը։ Տեսնենք, ունե՞ս այնպիսի բան, որ ինձ պէտք լինի…

Նա կռացաւ եւ սկսեց իր երկար, դարչնագոյն մատներով խառնել զամբիւղի կանաչեղէնը, որ այնքան գեղեցիկ ու կանոնաւոր դասաւորել էր Հաննան։ Վերցնում էր մի կապ, մօտեցնում քթին, հոտոտում բոլոր կողմերից, ապա՝ երկրորդը, երրորդը։

Հաննայի սիրտն ուղղակի պայթում էր, այնքան ծանր էր նրա համար տեսնել, թէ պառաւն ինչպէս է վարւում իր կանաչեղէնի հետ։ Բայց նա ոչինչ չէր կարող ասել․ չէ՞ որ գնորդը ապրանքը զննելու իրաւունք ունի։ Բացի դրանից նա աւելի ու աւելի էր վախենում այդ պառաւից։

Ամբողջ կանաչեղէնը խառնշտելով՝ պառաւը բարձրացաւ ու մրթմրթաց․

— Վա՛տ ապրանք է… Վա՛տ կանաչեղէն է… Այնպիսի բան չկայ, որ ինձ պէտք լինի։ Յիսուն տարի առաջ որքա՜ն աւելի լաւ ապրանք կար… Վա՛տ ապրանք է, վա՛տ։

Այս խօսքերը բարկացրին փոքրիկ Յակովին։

— Է՛յ, դո՛ւ, անխիղճ պառաւ,— գոչեց նա,— հոտոտեցիր ամբողջ կանաչեղէնը քո երկար քթով, խառնեցիր ամբողջ արմտիքը քո դարչնագոյն մատներով, այնպէս որ հիմա այլեւս ոչ ոք չի գնի, եւ դեռ փնթփնթում էլ ես, թէ՝ վատ ապրանք է։ Մեզանից նոյնիսկ հերցոգի խոհարարն է ապրանք գնում։

Պառաւը խեթ֊խեթ նայեց տղային եւ խռպոտ ձայնով ասաց․

— Քեզ դուր չի՞ գալիս իմ քիթը, իմ սքանչելի երկար քիթը։ Քո քիթն էլ կը լինի այսպէս, մինչեւ կզակդ կիջնի։

Նա թեքուեց դէպի միւս զամբիւղը, որ լի էր կաղամբով, վերցրեց մի քանի գլուխ հիանալի կաղամբ եւ այնպէս սեղմեց, որ կաղամբի գլուխները ողբագին ճռռացին։ Յետոյ նա կաղամբները նետեց զամբիւղը եւ նորից ասաց․

— Վա՜տ ապրանք է… Վա՛տ կաղամբ…

— Դէ բաւական է գլուխդ այդպէս այլանդակ տըմտըմբացնես,— գոցառ Յակովը։— Քո վիզը կաղամբի վզից էլ հաստ չէ․ մէկ էլ տեսար՝ գլուխդ կպոկուի ու կընկնի մեր զամբիւղի մէջ։ Այն ժամանակ ո՞վ մեզանից բան կառնի։

— Ուրեմն քո ասելով իմ վիզը շա՞տ է բարակ,— ասաց պառաւը շարունակ նոյն ձեւով քմծիծաղ տալով։— Լաւ, իսկ դու կը լինես բոլորովին առանց վզի։ Քո գլուխն ուղղակի կպած կը լինի ուսերիդ։ Այդպէս մարմնիցդ չի պոկուի։

— Այդպիսի յիմարութիւններ մի՛ ասէք երեխային,— վերջապէս ասաց Հաննան՝ իսկապէս զայրանալով։— Եթէ ուզում էք բան գնել, գնեցէք շուտ։ Դուք իմ բոլոր գնորդներին կը փախցնէք։

Պառաւը բարկացած նայեց Հաննային։

— Լաւ, լաւ,— մրթմրթաց նա։— Թող քո ասածը լինի։ Ես քեզանից կը վերցնեմ այս վեց գլուխ կաղամբը։ Միայն թէ իմ ձեռքին հենացուպ կայ, եւ ես ինքս տանել չեմ կարող։ Թող քո տղան կաղամբներն ինձ հետ բերի մինչեւ տուն։ Ես դրա համար լաւ կը վարձատրեմ նրան։

Յակովը բոլորովին չէր ուզում գնալ եւ նոյնիսկ լաց եղաւ․ նա վախենում էր այդ սարսափելի պառաւից։ Բայց մայրը խիստ հրամայեց տանել․ նրան մեղք էր թւում ստիպել, որ այդ պառաւ, թոյլ կինը այդպիսի ծանրութիւն տանի։ Յակովն արցունքները սրբելով կաղամբը դրեց զամբիւղի մէջ եւ գնաց պառաւի հետեւից։

Պառաւն արագ չէր քայլում, եւ համարեայ մի ժամ անցաւ, մինչեւ որ նրանք հասան քաղաքի ծայրում մի ինչ֊որ հեռաւոր փողոց եւ կանգ առան մի կիսաւեր տնակի առաջ։ Պառաւը գրպանից հանեց մի ժանգոտ կեռ, ճարպկութեամբ խրեց դռան անցքի մէջ, եւ յանկարծ դուռն աղմուկով բացուեց։ Յակովը ներս մտաւ եւ զարմանքից քար կտրեց․ տան առաստաղն ու պատերը մարմարից էին, բազկաթոռները՝ սեւ փայտից, զարդարուած ոսկով ու թանկագին քարերով․ իսկ յատակը ապակուց էր եւ այնքան ողորկ, որ Յակովը մի քանի անգամ սայթաքեց ու ընկաւ։

Պառաւը շրթունքներին դրեց մի փոքրիկ արծաթէ սուլիչ եւ սուլեց մի տեսակ թրթռուն ձայնով, այնպէս որ ձայնը տարածուեց ամբողջ տնով մէկ։ Եւ իսկոյն սանդուղքով ցած վազեցին ծովախոզուկներ, բոլորովին տարօրինակ ծովախոզուկներ, որոնք քայլում էին երկու թաթերի վրայ, կօշիկների փոխարէն ունէին ընկոյզի կճեպներ, եւ հագնուած էին բոլորովին մարդու նման, նոյնիսկ գլխարկները չէին մոռացել վերցնել։

— Ո՞ւր էք գցել իմ մաշիկները, անպիտաննե՛ր,— գոռաց պառաւը եւ խոզուկներին այնպէս խփեց փայտով, որ նրանք վժժալով վեր ցատկեցին։— Շա՞տ եմ կանգնելու ես այստեղ…

Խոզուկները սանդուղքով վերեւ վազեցին, բերեցին կոկոսի երկու կճեպ՝ կաշուէ աստառով, եւ ճարպկութեամբ հագցրին պառաւի ոտքերին։ Պառաւը միանգամից դադարեց կաղալուց։ Նա իր հենացուպը մի կողմ նետեց եւ ապակէ յատակի վրայով արագօրէն սահեց, իր հետեւից քարշ տալով փոքրիկ Յակովին։ Պառաւն իր կոկոսի կճեպներով այնքան արագ էր շարժւում, որ Յակովը նոյնիսկ դժուարանում էր նրա հետեւից հասնել։

Վերջապէս նա կանգ առաւ մի սենեակում, որտեղ զանազան տեսակի շատ ամանեղէն կար։ Դա, ինչպէս երեւում է, խոհանոցն էր, թէեւ յատակին գորգեր էին փռած, իսկ բազմոցների վրայ դրուած էին ծաղկանկար բարձեր, ինչպէս պալատներում է լինում։

— Նստիր, որդիս,— քնքշութեամբ ասաց պառաւը եւ Յակովին նստեցրեց բազմոցին ու սեղանը մօտեցրեց, որպէսզի Յակովը չկարողանայ իր տեղից հեռանալ։— Մի լաւ հանգստացիր։ Երեւի յոգնած կը լինես։ Չէ՞ որ մարդու գլուխները թեթեւ բեռ չեն։

— Այդ ի՜նչ զարմանալի բաներ էք ասում,— գոչեց Յակովը։— Յոգնելը, իսկապէս որ յոգնել եմ, բայց ես մարդու գլուխներ չեմ բերել, այլ՝ կաղամբի գլուխներ։ Դուք իմ մայրիկից գնեցիք այն։

— Այդ ճիշտ չես ասում,— պատասխանեց պառաւն ու ծիծաղեց։ Ապա զամբիւղը բանալով՝ նա մազերից բռնած դուրս քաշեց մի մարդկային գլուխ։

Յակովը սարսափից քիչ մնաց վայր ընկներ։ Նա իսկոյն մտածեց իր մօր մասին։ Չէ՞ որ, եթէ որեւէ մէկն այդ գլուխների մասին իմանայ, իսկոյն կը մատնի եւ մայրիկի բանը վատ կը լինի։

— Հարկաւոր է դեռ քեզ պարգեւ տալ, որ դու այդքան հնազանդ ես,— շարունակեց պառաւը։— Քիչ համբերիր, հիմա ես քեզ համար այնպիսի ապուր եփեմ, որ մինչեւ մահ չմոռանաս։

Նա նորից փչեց իր սուլիչը, եւ խոհանոց վազեցին մարդու պէս հագնուած գոգնոցներով ծովախոզուկները՝ շերեփներն ու խոհանոցի դանակները գօտիները խրած։ Նրանց հետեւից վազելով եկան սկիւռները, շատ սկիւռներ՝ նոյնպէս երկու ոտքերի վրայ։ Նրանց հագին լայն շալուարներ կային, գլխներին կանաչ թաւշեայ գլխարկներ էին դրուած։ Երեւում էր, որ դրանք խոհարարի օգնականներն էին։ Նրանք արագ֊արագ մագլցում էին պատերն ի վեր եւ սալօջախի մօտ էին բերում ամաններ, թաւաներ, ձու, իւղ, արմտիք եւ ալիւր։ Իսկ սալօջախի մօտ իր կոկոսի կճեպները հագին ես ու առաջ շորորալով ձեռ ու ոտ էր ընկել ինքը՝ պառաւը․ երեւում էր, որ նա շատ էր ուզում Յակովի համար մի լաւ բան եփել։ Սալօջախում կրակն աւելի ու աւելի էր բորբոքւում, թաւաների մէջ ինչ֊որ բան էր թշթշում ու գոլորշի արձակում, սենեակում հաճելի, անուշ բուրմունք էր տարածուել։ Պառաւը դէս ու դէն էր ընկնում եւ շուտ֊շուտ իր երկար քիթը կոխում ապուրամանի մէջ, որ տեսնի, թէ ուտելիքը պատրաստ չէ՞։

Վերջապէս ապուրամանի մէջ ինչ֊որ բան քլթքլթաց ու խլթխլթաց, նրանից գոլորշի բարձրացաւ եւ թանձր փրփուրը թափուեց կրակի վրայ։ Այն ժամանակ պառաւը սալօջախից վերցրեց ապուրամանը, մի արծաթէ թասի մէջ ապուր լցրեց եւ դրեց Յակովի առաջ։

— Կե՛ր, որդեակ,— ասաց նա։— Այս ապուրը կուտես եւ ինձ նման կը գեղեցկանաս։ Եւ լաւ խոհարար կը դառնաս․ չէ՞ որ հարկաւոր է, որ դու մի որեւէ արհեստ սովորես։

Յակովը լաւ էլ չէր հասկանում, թէ ինչ է մրթմրթում պառաւը եւ չէր էլ լսում նրան, աւելի շատ ապուրով էր զբաղուած։ Մայրը յաճախ էր նրա համար համեղ բաներ եփում, բայց երբեք նա այդ ապուրից լաւ ուտելիք չէր տեսել։ Նրանից կանաչեղէնի ու արմտիքի այնպիսի բուրմունք էր գալիս, եւ այնքան համեղ էր այդ ապուրը՝ ե՛ւ անուշ, ե՛ւ թթուաշ, ե՛ւ, բացի այդ, թունդ։

Երբ Յակովը համարեայ ամբողջ ապուրը կերաւ, խոզուկները մի փոքրիկ թաւայի վրայ ինչ֊որ հաճելի բուրմունքով մի բան վառեցին եւ ամբողջ սենեակով մէկ կապտաւուն ծխի ամպ տարածուեց։ Ծուխն աւելի ու աւելի էր թանձրանում, աւելի ու աւելի խիտ էր պարուրում տղային, այնպէս որ վերջապէս Յակովի գլուխը պտտուեց։ Իզուր էր նա ինքն իրեն ասում, որ ժամանակն է մայրիկի մօտ վերադառնալու, իզուր էր փորձում ոտքի կանգնել։ Բաւական էր մի փոքր բարձրանալ եւ նորից ընկնում էր բազմոցի վրայ, մինչեւ որ յանկարծ նա քնել ուզեց։ Հինգ րոպէ էլ չանցաւ, եւ նա իսկապէս քնեց բազմոցի վրայ, այլանդակ պառաւի խոհանոցում։

Եւ Յակովը մի զարմանալի երազ տեսաւ։ Նա երազում տեսաւ, իբր թէ պառաւը հանեց իր շորերը, իրեն փաթաթեց սկիւռի մորթու մէջ։ Իբր թէ ինքը սովորեց ցատկել ու ոստոստալ սկիւռի պէս, մտերմացաւ միւս սկիւռների ու խոզուկների հետ, որոնք բոլորն էլ շատ լաւն էին։

Եւ Յակովն էլ նրանց պէս սկսեց ծառայել պառաւին։ Սկզբում եղաւ կօշիկ մաքրող։ Նա պէտք է իւղ քսեր այն կոկոսի կճեպներին, որ հագնում էր պառաւը, եւ փալասով այնքան պիտի շփեր, որ նրանք փայլէին։ Տանը Յակովը յաճախ էր կօշիկներ ու մաշիկներ մաքրել, այնպէս որ նա այդ գործում յաջողութիւն ունեցաւ։ Մօտաւորապէս մի տարուց յետոյ նրան փոխադրեցին մի այլ, աւելի դժուար աշխատանքի։ Մի քանի ուրիշ սկիւռների հետ նա արեւի ճառագայթների միջից փոշու մանրիկ հատիկներ էր որսում եւ մաղում մազից շինուած ամենախիտ մաղով, իսկ յետոյ նրանից հաց էին թխում պառաւի համար։ Պառաւի բերանում ոչ մի ատամ չէր մնացել, դրա համար էլ նա ուտում էր արեւի փոշուց թխուած բուլկի, որից փափուկ բան, ինչպէս յայտնի է, աշխարհում չկայ։

Էլի մի տարի անց՝ Յակովին յանձնարարուեց պառաւի համար խմելու ջուր կրել։ Դուք կարծում էք, նա բակում փորած ջրհո՞ր ունէր, կամ դուրսը դրած դո՞յլ ունէր, որ ջուր հաւաքի։ Ո՛չ։ Հասարակ ջուրը պառաւը բերանն էլ չէր առնի։ Յակովը եւ միւս սկիւռները ծաղիկների վրայից ցող էին հաւաքում ընկոյզի կճեպների մէջ, եւ պառաւը, միայն այդ էր խմում։ Եւ նա շատ ու շատ էր խմում, այնպէս որ ջրկիրները մինչեւ կոկորդը թաղուած էին գործի մէջ։

Անցաւ էլի մի տարի, եւ Յակովը փոխադրուեց ծառայելու սենեակներում— յատակները մաքրելու։ Այդ եւս այնքան էլ թեթեւ գործ չէր․ չէ՞ որ յատակներն ապակուց էին․ մարդու շունշն էլ որ դիպչեր յատակին, այդ շունչն էլ կերեւար։ Յակովը մաքրում էր նախ խոզանակով, ապա մահուդ էր քսում, որ փաթաթում էր ոտքերին։

Հինգերորդ տարին Յակովն սկսեց խոհանոցում աշխատել։ Դա պատուաւոր աշխատանք էր, որը յանձնարարւում էր միայն ընտրութեամբ, երկար փորձաշրջանից յետոյ։ Յակովն անցաւ բոլոր պաշտօնները՝ խոհարարի աշակերտից մինչեւ աւագ կարկանգադագործ վարպետը, եւ դարձաւ այնպիսի փորձուած ու հմուտ խոհարար, որ նոյնիսկ ինքն էլ էր զարմանում։ Ի՜նչ ասես, որ նա չսովորեց պատրաստել։ Երկու հարիւր տեսակ կարկանդակ, աշխարհիս երեսին եղած բոլոր խոտերից ու արմտիքից ապուրներ եւ այս ամէնը նա կարող էր պատրաստել արագ ու համեղ։

Այսպէս Յակովը պառաւի մօտ ապրեց եօթ տարի։ Եւ ահա, մի անգամ պառաւը հագաւ իր ընկոյզի կճեպները, վերցրեց հենացուպն ու զամբիւղը, որ գնա քաղաք, իսկ Յակովին հրամայեց մինչեւ իր վերադարձը մի հաւ փետրել, համեղել կանաչեղէնով եւ լաւ տապակել։ Յակովն իսկոյն գործի անցաւ։ Նա ոլորեց հաւի գլուխը, եռման ջրի մէջ գցեց, ճարպկօրէն փետրեց, մաշկը քերեց, այնպէս որ նա աւելի նուրբ ու փայլուն դարձաւ, ապա հանեց հաւի փորոտիքը։ Յետոյ հաւը համեմելու համար նրան հարկաւոր եղան զանազան խոտեր։ Նա գնաց մառան, որտեղ պահւում էր պառաւի ամէն տեսակ կանաչեղէնը, եւ սկսեց իրեն հարկաւոր համեմունքն ընտրել։ Յանկարծ մառանի պատի մէջ տեսաւ մի փոքրիկ պահարան, որ առաջ երբեք չէր նկատել։ Պահարանի դռնակը կիսաբաց էր։ Յակովը հետաքրքրութեամբ նայեց ներսը եւ տեսաւ, որ այնտեղ դրուած են ինչ֊որ մանրիկ զամբիւղներ։ Յակովը բաց արեց նրանցից մէկը եւ այնտեղ տեսաւ այնպիսի զարմանալի խոտեր, որպիսիք երբեք չէր տեսել։ Նրանց ցողունները կանաչաւուն էին եւ իւրաքանչիւր ցողունի վրայ կար վառ կարմիր մի ծաղիկ՝ դեղին շրջանակով։ Յակովը մի ծաղիկ մօտեցրեց քթին եւ յանկարծ զգաց ծանօթ մի հոտ, հենց այն ապուրի հոտը, որով պառաւն իրեն կերակրել էր, երբ նա առաջին անգամ եկել էր այդտեղ։ Հոտն այնքան ուժեղ էր, որ Յակովը մի քանի անգամ փռշտաց եւ արթնացաւ։

Նա զարմացած շուրջը նայեց եւ տեսաւ, որ պառկած է պառաւի խոհանոցում, միեւնոյն բազմոցի վրայ։

«Ա՛յ, թէ երազ էր հա՜,— մտածեց Յակովը։— Կարծես ամէն ինչ իրական լինէր։ Ա՛յ թէ մայրիկս կը ծիծաղի, երբ ես նրան պատմեմ այս երազը։ Եւ կը բարականայ ինձ վրայ, որ ես փոխանակ շուտ վերադառնալու շուկայ, քնել եմ ուրիշի տանը»։

Նա արագ վեր թռաւ բազմոցից եւ ուզում էր վազել մօր մօտ, բայց զգաց, որ ամբողջ մարմինը կարծես փայտից լինէր, վիզն այնպէս էր փայտացել, որ հազիւ էր կարողանում գլուխը շարժել։ Նրա քիթը շուտ֊շուտ դիպչում էր պատերին կամ պահարանին, իսկ մի անգամ էլ, երբ արագ շուռ եկաւ, քիթն այնպէս ամուր դիպաւ դռանը, որ ցաւեց։

Սկիւռներն ու խոզուկները վազվզում էին Յակովի շուրջը եւ ճվճւում, երեւում էր, որ չէին ուզում բաց թողնել նրան։ Պառաւի տանից դուրս գալիս Յակովը ձեռքով էր անում նրանց․ նա էլ ափսոսանքով էր բաժանւում նրանցից։ Բայց սկիւռները իրենց կճեպները սահեցնելով արագ ետ վազեցին սենեակները, եւ տղան դեռ երկար ժամանակ հեռուից լսում էր նրանց աղիողորմ ճղճղոցը։

Պառաւի տունը, ինչպէս արդեն գիտենք, հեռու էր շուկայից, եւ Յակովը երկար ժամանակ քայլում էր նեղլիկ, ծուռումուռ նրբափողոցներով, մինչեւ որ հասաւ շուկայ։ Փողոցներում մեծ բազմութիւն էր խռնուած․ երեւի մօտերքում մի տեղ թզուկ էին ցոյց տալիս, որովհետեւ Յակովի շուրջը բոլորը գոռում էին․

— Նայեցէ՜ք, նայեցէ՜ք, ա՛յ քեզ այլանդակ թզուկ։ Որտեղի՞ց լոյս ընկաւ այս թզուկը։ Ա՜յ թէ երկար քիթ ունի հա՛։ Իսկ գլուխն ուղղակի ուսերին է կպած, առանց վզի։ Իսկ ձեռքերը, ձեռքերը տեսէք, մինչեւ կրունկներն են իջնում։

Ուրիշ ժամանակ Յակովը հաճոյքով կը վազէր թզուկին դիտելու․ նա շատ էր սիրում տեսնել զանազան այլանդակ կերպարանքներ, որ ցոյց էին տալիս շուկայում։ Բայց այսօր դրա ժամանակը չէր․ հարկաւոր էր շտապել մայրիկի մօտ։

Վերջապէս Յակովը հասաւ շուկայ։ Նա լուրջ վախենում էր, որ մայրիկից պատիժ կը ստանայ։ Հաննան էլի նստած էր իր տեղը, նրա զամբիւղում դեռ բաւականաչափ կանաչեղէն կար․ նշանակում է, Յակովն այնքան էլ երկար չի քնել։ Դեռ հեռուից նա նկատեց, որ իր մայրը շատ թախծոտ է։ Նա նստած էր լուռ, այտը հենած ձեռքին, գունատ ու տխուր։

Յակովը երկար ժամանակ կանգնել էր ու սիրտ չէր անում մօրը մօտենալ։ Վերջապէս նա սիրտ արաւ եւ հետեւից գաղտնաբար մօտեցաւ մօրը՝ ձեռքը դրեց նրա ուսին ու ասաց․

— Մայրիկ, ի՞նչ է պատահել քեզ։ Ինձ վրա՞յ ես բարկացել։

Հաննան ետ նայեց եւ Յակովին տեսնելով սոսկումից ճչաց։

— Ի՞նչ ես ուզում ինձանից, զարհուրելի թզուկ,— գոռաց նա։— Հեռացիր, հեռացիր։ Ես այդպիսի կատակներ տանել չեմ կարող։

— Ի՞նչ ես ասում, մայրիկ,— վախեցած ասաց Յակովը։— Երեւի հիւանդ ես։ Ինչո՞ւ ես վռնդում ինձ։

— Քեզ ասում եմ՝ գնա քո ճանապարհով,— զայրացած գոչեց Հաննան։— Քո այդ կատակների համար ինձանից ոչինչ չես ստանայ, գարշելի արարած։

«Նա խելագարուել է,— մտածեց խեղճ Յակովը։— Հիմա ես սրան ինչպէ՞ս տուն տանեմ»։

— Մայրիկ, ախր մի լաւ նայիր ինձ,— ասաց լացակումած։— Ախր ես քո տղան եմ, Յակովը։

— Դէ, այս արդեն չափազանց է,— գոռաց Հաննան դիմելով իր հարեւանուհիներին։— Նայեցէք այս զարհուրելի թզուկին։ Վախեցնում ու փախցնում է բոլոր գնորդներին եւ դեռ ծիծաղում էլ է իմ վշտի վրայ։ Ես քո տղան եմ, ասում է, քո Յակովը։ Անպիտա՛ն։

Հաննայի հարեւանուհիներն իսկոյն ոտքի ելան եւ սկսեցին Յակովին հայհոյել․

— Ինչպէ՞ս ես համարձակւում ծաղրել խեղճ կնոջ վիշտը։ Նրա տղային գողացել են եօթ տարի առաջ։ Եւ ի՜նչ տղայ էր… ուղղակի պատկեր։ Կորի՛ր իսկոյն այստեղից, թէ չէ աչքերդ կհանենք։

Խեղճ Յակովը չէր իմանում, թէ ինչ մտածի։ Չէ՞ որ ինքն այս առաւօտ մօր հետ շուկայ եկաւ եւ նրան օգնեց բանջարեղէնը դասաւորել, յետոյ պառաւին օգնեց կաղամբը տանելու, մտաւ նրա տուն, ապուր կերաւ նրա մօտ ու միքիչ քնեց եւ ահա, հիմա վերադարձել է։ Իսկ վաճառուհիները խօսում են ինչ֊որ եօթ տարուայ մասին։ Եւ իրեն՝ Յակովին այլանդակ թզում են անուանում։ Այս ի՞նչ է պատահել սրանց։

Արցունքն աչքերին Յակովը դուրս եկաւ շուկայից։ Քանի որ մայրը չի ուզում իրեն ճանաչել, կը գնա հօր մօտ։

«Տեսնենք ինչ կը լինի,— մտածեց Յակովը։— Մի՞թէ հայրիկն էլ կը վռնդի ինձ։ Կը կանգնեմ դռան առաջ եւ կը խօսեմ նրա հետ»։

Նա մօտեցաւ կօշկակարի խանութին։ Հայրը, ինչպէս միշտ, այնտեղ նստած աշխատում էր։ Յակովը կանգնեց դռան մօտ եւ ներս նայեց։ Ֆրիդրիխն այնպէս զբաղուած էր գործով, որ սկզբում Յակովին չնկատեց։ Բայց յանկարծ նա պատահաբար վեր նայեց, ձեռքից գցեց կօշիկը, բիզն ու մոմաթելը եւ գոչեց․

— Ա՛յս ինչ է, ա՛յս ինչ է։

— Բարի երեկոյ, վարպես,— ասաց Յակովը եւ մտաւ խանութ։— Ինչպէ՞ս ես։

— Վատ եմ, պարոնս, վատ,— պատասխանեց կոշկակարը, որը նոյնպէս, երեւում է, չճանաչեց Յակովին։— Գործս բոլորովին առաջ չի գնում։ Արդեն պառաւել եմ բայց մենակ եմ․ իսկ օգնական վարձելու փող չունեմ։

— Մի՞թէ որդի չունես, որ քեզ օգնի,— հարցրեց Յակովը։

— Ունէի մի տղայ, Յակով էր անունը,— պատասխանեց կօշկակարը։— Հիմ նա քսալ տարեկան կը լինէր։ Այ, նա լաւ կօգնէր ինձ․ դեռ տասներկու տարեկան ժամանակ այնքա՜ն խելոք տղայ էր։ Արհեստից էլ արդեն բան էր հասկանում, եւ ի՜նչ գեղեցիկն էր։ Նա հիմա կը կարողանար պատուիրատուներ ընդունել, եւ ես ստիպուած չէի լինի կարկատաններ անել, միայն նոր կօշիկներ կը կարէի։ Բայց, երեւում է, բախտս այս էր։

— Իսկ ո՞ւր է հիմա ձեր որդին,— վախվխելով հարցրեց Յակովը։

— Միայն աստուած գիտէ այդ,— ծանր հառաչելով պատասխանեց կօշկակարը։— Ահա եօթ տարի է, որ շուկայից գողացել են նրան։

— Եօթ տարի՜,— սարսափելով կրկնեց Յակովը։

— Այո, պարոնիկս, եօթ տարի։ Յիշում եմ այսօրուայ պէս․ կինս շուկայից վազելով եկաւ, լալիս է, գոռում։ Արդեն երեկոյ է, իսկ երեխան չի եկել։ Նա ամբողջ օրը որոնել էր նրան, հարց ու փորձ արել բոլորին, թէ՝ չե՞ն տեսել․ եւ չէր գտել։ Ես միշտ ասում էի, որ այդպիսի մի բան կը պատահի։ Ինչ֊որ ճիշտ է, ճիշտ է․ մեր Յակովը շատ սիրուն երեխայ էր։ Կինս պարծենում էր նրանով եւ յաճախ ուղարկում էր գնորդների գնած բանջարեղէնը տանելու։ Մեղք չանենք․ միշտ նրան լաւ վարձատրում էին, բայց ես յաճախ կնոջս ասում էի․ «Տես, Հաննա, մեծ քաղաք է, վատ մարդիկ շատ կան։ Յանկարծ մի փորձանք չպատահի մեր Յակովին»։ Այդպէս էլ եղաւ։ Այն օրը մի այլանդակ պառաւ կին էր եկել շուկայ, սկսել էր ապրանք ջոկել եւ այնքան շատ բան էր գնել, որ ինքը տանել չէր կարողացել։ Հաննան բարի սիրտ ունի եւ տղային ուղարկել էր նրա հետ։ Եւ այդպէս էլ դրանից յետոյ մենք նրան չտեսանք։

— Եւ ուրեմն այդ ժամանակից եօթ տարի՞ է անցել։

— Գարնանը եօթ տարի կը լինի։ Մենք շատ որոնեցինք նրան, հարց ու փորձ արինք․ ախր նրան շատերն էին ճանաչում, բոլորը սիրում էին, այնքան լաւ, սիրունիկ երեխայ էր, բայց ինչքան էլ փնտրեցինք, այդպէս էլ չգտանք։ Եւ այն կնոջն էլ, որ Հաննայից բանջարեղէն էր գնել, ոչ ոք չի տեսել։ Մի պառաւ կին, որ արդեն իննսուն տարեկան է, Հաննային ասել է, թէ դա երեւի չար կախարդ Քրեյթերուեյսն է եղել, որ յիսուն տարին մէկ անգամ քաղաք է գալիս մթերքներ գնելու։

Այսպէս էր պատմում Յակովի հայրը՝ մուրճը խփելով կօշիկին եւ բռի մէջ ձիգ տալով երկար մոմաթելը։ Այժմ արդեն Յակովը հասկացաւ, թէ ինչ է պատահել իրեն։ Նշանակում է ինքը ոչ թէ երազում է տեսել, այլ իսկապէս եօթ տարի սկիւռ է եղել եւ ծառայել է չար կախարդին։ Նրա սիրտը զայրոյթից ուղղակի պայթում էր։ Պառաւն իր կեանքից եօթ տարի էր գողացել, իսկ ինքն ի՞նչ էր ստացել դրա դիմաց։ Սովորել էր կոկոսի կճեպ մաքրել, ապակէ յատակներ մաքրել եւ ամէն տեսակ համեղ ուտելիքներ պատրաստել։

Երկար ժամանակ նա անխօս կանգնած էր խանութի շեմքին։ Վերջապէս կօշկակարը հարցրեց․

— Գուցէ որեւէ բան ձեզ դո՞ւր է եկել, պարոն։ Չե՞ք վերցնի մի զոյգ մաշիկ, կամ թէկուզ…— այստեղ նա յանկարծ ծիծաղեց փռթկաց— գուցէ պատեան կը վերցնէք ձեր քթի համար։

— Իսկ իմ քթին ի՞նչ կայ որ,— հարցրե Յակովը,— ինչո՞ւ պէտք է պատեան առնեմ քթիս համար։

— Կամքը ձերն է,— պատասխանեց կօշկակարը,— բայց եթէ ես այդպիսի զարհուրելի քիթ ունենայի, ես, համարձակւում եմ ասել, կը թաքցնէի պատեանի մէջ, վարդագոյն լաքից պատրաստած լաւ պատեանի մէջ։ Տեսէք, ես հենց այդպիսի հարմար կտոր ունեմ։ Ճիշտ է, ձեր քթի համար շատ կաշի կը գնայ, բայց որքա՜ն հարմար կը լինի ձեզ համար, պարոնիկս։ Չէ՞ որ, երեւի յաճախ ձեր քիթը դռներին է դիպչում։

Յակովը զարմանքից ոչ մի խօսք ասել չկարողացաւ։ Նա շօշափեց իր քիթը․ քիթը հաստ էր ու երկար, կէս թզից ոչ պակաս։ Երեւում է, չար պառաւն իսկապէս որ նրան այլանդակ էր դարձրել։ Ահա թէ ինչու մայրը չճանաչեց իրեն։

— Վարպետ,— լացակումած ասաց նա,— հայելի չունե՞ք։ Ինձ հարկաւոր է նայել հայելուն։ Անպայման հարկաւոր է։

— Ճիշտ որ ասենք, պարոնս,— պատասխանեց կօշկակարը,— այնպիսի մի կերպարանք չունէք դուք, որ կարողանայիք պարծենալ։ Կարիք էլ չկայ, որ ամէն րոպէ հայելուն նայեք։ Թողէք այդ սովորութիւնը, ձեզ ամենեւին չի սազի այդ։

— Տուէք, վարպետ, շուտ, մի հայելի տուէք,— աղաչեց Յակովը։— Հաւատացնում եմ, ինձ խիստ հարկաւոր է։ Ճիշտն ասած՝ հպարտանալու մտքով չեմ ասում…

— Դէ լա՛ւ, լա՛ւ,— բարկացաւ կօշկակարը։— Ես հայելի չունեմ։ Կինս ունէր մի փոքրիկ հայելի, այն էլ չգիտեմ որտեղ է գցել։ Եթէ այդքան շատ էք ուզում ձեզ տեսնել, ահա, դիմացը սափրիչ Ուրբանի խանութն է։ Նա մի հայելի ունի, որ ձեզանից երկու անգամ մեծ է։ Գնացէք այնտեղ, որքան կուզէք՝ նայեցէք ձեզ։ Բարի ճանապարհ։

Եւ կօշկակարը թեթեւակի Յակովին դուրս հրեց խանութից, դուռը փակեց նրա հետեւից։ Յակովն արագ փողոցն անցաւ եւ մտաւ սափրիչի խանութը, որին լաւ էր ճանաչում։

— Բարի լոյս, Ուրբան,— ասաց նա։— Ես մի բան եմ խնդրելու ձեզանից։ Բարի եղէք, թոյլ տուէք ինձ նայեմ ձեր հայելու մէջ։

— Խնդրեմ, խնդրեմ, ահա, ձախ պատին կախուած է,— գոչեց Ուրբանը եւ բարձր հռհռաց։— Հիացէ՜ք, հիացէ՜ք ձեզանով։ Դուք չէ՞ որ իսկական գեղեցիկ էք՝ նուրբ ու բարեկազմ, կարապավիզ, կարծես իսկը թագուհու ձեռքեր են ձեռքերդ, իսկ քիթդ կճատ, այնպէս, որ աշխարհիս երեսին քեզանից լաւը չկայ… Դուք, իհարկէ, երեւի մի քիչ պարծենում էք ձեզանով։ Դէհ, միեւնոյն է, նայեցէք ձեզ։ Թող չասեն, թէ նախանձից դրդուած ձեզ արգելեցի նայել իմ հայելու մէջ։

Ուրբանի յաճախորդները, որոնք եկել էին սափրուելու կամ մազերը խուզել տալու, լսելով նրա կատակը՝ խլացուցիչ քրքիջ բարձրացրին։ Յակովը մօտեցաւ հայելուն եւ զարմացած ետ֊ետ քաշուեց։ Նրա աչքերը լցուեցին արցունքով։ Մի՞թէ ինքն էր այդ այլանդակ թզուկը։ Աչքերը փոքրացել էին խոզի աչքերի պէս, ահագին քիթը կախուել էր կզակից էլ ցած, իսկ վիզ՝ կարծես բոլորովին չունէր։ Գլուխը խոր խրուել էր ուսերի մէջ եւ համարեայ բոլորովին շուռ տալ չէր կարողանում։ Իսկ հասակի բարձրութիւնն այնքան էր, ինչքան եօթ տարի առաջ— բոլորովին կարճլիկ։ Ուրիշ երեխաներն այդ տարիների ընթացքում աճել, բոյ էին քաշել, իսկ Յակովը միայն լայնացել ու հաստացել էր։ Նրա մէջքը եւ կուրծքն այնքան էին լայնացել, որ նա նման էր պինդ խցկուած մի մեծ պարկի։ Կարճլիկ ու բարակ ոտքերը հազիւ էին դիմանում մարմնի ծանրութեանը։ Իսկ կեռ մատներով ձեռքերն, ընդհակառակը, երկար էին ինչպէս մեծահասակ մարդու ձեռքեր, եւ կախուել էին համարեայ մինչեւ գետին։

Այդպէս էր այժմ խեղճ Յակովը։

«Այո,— մտածեց նա խոր հառաչելով,— զարմանալի չէ, մայրիկ, որ դու չճանաչեցիր քո տղային։ Այսպիսին չէր նա առաջ, երբ դու սիրում էիր հարեւանուհիներիդ մօտ պարծենալ քո տղայով»։

Նա յիշեց, թէ ինչպէս այն առաւօտ պառաւը մօտեցաւ մայրիկին։ Յիշեց, թէ ինչպէս այն ժամանակ ինքը ծիծաղեց նրա երկար քթի վրայ, այլանդակ մատների վրայ, եւ այդ ամէնը հիմա ինքն ստացել է իր ծաղրի համար։ Նա զրկել է իրեն վզից, ինչպէս որ խոստացել էր…

— Հը՞, կուշտ նայեցի՞ր ինքդ քեզ, գեղեցիկ պարոն,— ծաղրանքով հարցրեց Ուրբանը, մօտենալով հայելուն եւ ոտքից֊գլուխ նայելով տղային։— Ազնիւ խօսք, այդպիսի ծիծաղաշարժ թզուկ երազում էլ չի կարելի տեսնել։ Գիտէ՞ք ինչ, պստլիկ, ես ուզում եմ ձեզ մի գործ առաջարկել։ Իմ վարսավիրանոցում բաւական մարդ է լինում, բայց ոչ այնքան, որքան առաջ էր։ Իսկ դրա պատճառն այն է, որ իմ հարեւան վարսավիր Շաումը ճարել է մի հսկայ, որը յաճախորդներ է հրապուրում նրա մօտ։ Ասենք, հսկայ դառնալն այնքան էլ մեծ բան չէ, բայց այ, այդպիսի թզուկ դառնալը, ինչպէս դուք էք, այդ բոլորովին ուրիշ բան է։ Ծառայութեան մտէք ինձ մօտ, պստլիկ։ Ե՛ւ բնակարան, ե՛ւ ուտելիք ե՛ւ հագուստ— ամէն ինչ կը ստանաք ինձանից, իսկ աշխատանքդ կը լինի՝ կանգնել վարսավիրանոցի դռանը եւ մարդկանց կանչել։ Եւ մէկ էլ՝ օճառ փրփրացնել ու սրբիչ հրամցնել։ Եւ, հաստատ ասում եմ, երկուսս էլ կը շահենք․ ես Շաումից աւելի շատ յաճախորդ կունենամ, իսկ ձեզ դեռ մարդիկ մի֊մի բաժակ թէյի փող էլ կը տան։

Յակովը հոգու խորքում խիստ վիրաւորուեց․ ինչպէ՞ս են իրեն առաջարկում սափրիչի մօտ ծառայել որպէս յաճախորդ հրապուրող առարկայ․ բայց ինչ կարող էր անել․ ստիպուած եղաւ կուլ տալ այդ վիրաւորանքը։ Նա հանգիստ պատասխանեց, թէ խիստ զբաղուած է, այդպիսի աշխատանք կատարելու ժամանակ չունի եւ հեռացաւ։

Թեպէտ Յակովի մարմինն այլանդակուած էր, բայց գլուխը լաւ էր աշխատում, ինչպէս առաջ։ Նա զգաց, որ այդ եօթ տարուայ ընթացքում բոլորովին հասուն մարդ է դարձել։

«Ցաւն այն չէ, որ ես այլակերպ եմ դարձել,— մտածում էր նա փողոցով գնալիս։— Ցաւն այն է, որ ե՛ւ հայրս, ե՛ւ մայրս վռնդեցին ինձ որպէս շուն։ Փորձեմ մի անգամ էլ խօսել մօրս հետ։ Գուցէ թէ նա ինձ, այնուամենայնիւ, ճանաչի»։

Նա նորից գնաց շուկայ եւ մօտենալով Հաննային՝ խնդրեց նրան հանգիստ լսել, թէ ինչ է ուզում ասել ինքը։ Նա մօրը յիշեցրեց, թէ ինչպէս պառաւն իրեն տարաւ, պատմեց այն ամէնը, ինչ֊որ մանկութեան ժամանակ պատահել էր իրեն եւ ապա ասաց, որ ինքը եօթ տարի ապրել է կախարդ պառաւի մօտ, որն իրեն սկզբում դարձրել էր սիւռ, իսկ յետոյ՝ թզուկ, որովհետեւ ինքը ծաղրել էր նրան։

Հաննան չգիտեր, թէ ինչ մտածի։ Այն ամէնը, որ թզուկն ասաց իր մանկութեան մասին, ճիշտ էր, բայց որ նա եօթ տարի սկիւռ եղած լինի— դրան նա հաւատալ չէր կարողանում։

— Այդ հնարաւոր չէ՛,— գոչեց նա։

Վերջապէս Հաննան որոշեց խորհրդակցել ամուսնու հետ։ Նա հաւաքեց իր զամբիւղները եւ Յակովին առաջարկեց իր հետ գնալ կօշկակարի խանութը։ Երբ տեղ հասակն, Հաննան ամուսնուն ասաց․

— Այս թզուկն ասում է, որ ինքը մեր որդի Յակովն է։ Նա ինձ պատմեց, որ իրեն եօթ տարի առաջ գողացել են մեզանից եւ որ իրեն կախարդել է կախարդ պառաւը։

— Օհո՜, ա՛յ թէ ի՜նչ,— բարկացած ընդհատեց կօշկակարը։— Ուրեմն նա քեզ այդ բոլորը պատմե՞ց։ Սպասիր, յիմար կին։ Բայց ես ինքս հենց նոր նրան պատմեցի մեր Յակովի մասին, իսկ նա, սրա՜ն տեսէք, ուղիղ վազել է քեզ մօտ, որ քեզ յիմարացնի։ Ուրեմն, ասում ես, քեզ կախարդե՞լ էին։ Դէ հիմա ես քեզ կախարդութիւնից կազատեմ…

Եւ կօշկակարը մի փոկ վերցնելով նետուեց դէպի Յակովը եւ այնպէս մտրակեց նրան, որ խեղճ տղան դառնագին լալով դուրս փախաւ խանութից։

Ամբողջ օրը խեղճ թզուկը սոված֊ծարավ թափառում էր քաղաքում։ Ոչ ոք նրան չխղճաց, միայն ծիծաղում, ծաղրում էին։ Նա ստիպուած եղաւ գիշերել եկեղեցու սանդուղքի վրայ, ուղղակի պաղ ու կոշտ քարերին պառկած։

Հենց որ արեւը ծագեց, Յակովը վեր կացաւ եւ նորից գնաց քաղաքում թափառելու։

«Ինչպէ՞ս եմ այսուհետեւ ապրելու,— մտածում էր նա։— Սափրիչի մօտ ցուցանակ լինել կամ փողով ինձ ցուցադրել չեմ ուզում, իսկ հայրս ու մայրս ինձ վռնդեցին։ Ուրեմն ի՞նչ անեմ, որ սովամահ չլինեմ»։

Եւ այդ ժամանակ Յակովը յիշեց, որ երբ ինքը սկիւռ էր եւ ապրում էր պառաւի մօտ, իրեն յաջողուել էր սովորել՝ լաւ ուտելիքներ պատրաստել։

Եւ նա որոշեց որպէս խոհարար ծառայութիւն մտնել հերցոգի մօտ։

Իսկ հերցոգը, որ այդ երկրի կառավարիչն էր, յայտնի էր որպէս լաւ ուտելիքներ ու քաղցրեղէններ սիրող մարդ։ Նա ամէնից աւելի սիրում էր լաւ ուտել եւ իր համար խոհարարներ էր բերել տալիս աշխարհի բոլոր ծայրերից։

Յակովը մի քիչ սպասեց, մինչեւ որ բոլորովին լուսացաւ եւ ապա ուղեւորուեց դէպի հերցոգի պալատը։

Երբ նա պալատի դարբասին մօտեցաւ, սիրտն սկսեց արագ բաբախել։ Դռնապանները հարցրին, թէ ինչ է ուզում, եւ սկսեցին ծիծաղել նրա վրայ, բայց Յակովը չշփոթուեց, այլ ասաց, որ ուզում է տեսնել խոհանոցի գլխաւոր պետին։ Նրան տարան ինչ֊որ բակերով, եւ հերցոգի ծառաներից ով էլ նրան տեսնում էր, վազում էր հետեւից եւ բարձր քրքջում։

Շուտով Յակովի շուրջն ահագին շքախումբ ստեղծուեց։ Ձիապանները նետեցին իրենց քերիչները, արագավազներն իրար առաջ էին ընկնում, որ ետ չմնան նրանից, յատակ մաքրողները դադարեցրին գորգեր թափ տալը։ Բոլորը խմբուել էին Յակովի շուրջը, եւ բակում այնպիսի աղմուկ֊աղաղակ էր բարձրացել, որ կարծես թշնամիները քաղաքի վրայ էին հարձակուել։ Ամէն կողմից աղաղակ էր լսւում։

— Թզո՜ւկ, թզո՜ւկ։ Տեսե՞լ էք թզուկին։

Վերջապէս բակը դուրս եկաւ պալատական վերակացուն՝ հաստափոր մի մարդ, երկար մտրակը ձեռքին։

— Է՜յ, դո՛ւք, շնե՛ր։ Այս ի՞նչ աղմուկ է,— բարձր գոռաց նա՝ իր մտրակով անահաողոքաբար հարուածելով ձիապանների ու սպասաւորների թիկունքներին։— Մի՞թէ չգիտէք, որ նորին պայծառափայլութիւնը դեռ քնած է։

— Տէր,— պատասխանեցին բարապանները,— տեսէք, թէ ինչ մարդ ենք բերել ձեզ մօտ․ իսկական թզուկ։ Այսպիսի թզուկ երեւի դուք երբեք տեսած չէք լինի։

Comments