Chapter 4
Դ
Իջևան մ'է կառուցված սահմանին վրա Շիրակին,
Գործ արքունի ճոխության, մեծազանգված, ահագին:
Լայն դըռներն իր կը բացվին ճամբուն վըրա հրատոչոր
Դուրս շընչելով զովություն և աղբերուն հոտը չոր:
Արևուն դեմ կիզանուտ ապաստան մ'է մըշտազով
Ճամբորդներն հոն կը հասնին տոթեն թխացած ծոցերով
Եվ հոնքերնին բեռնավոր փոշիներով տապախարշ.
Հո՛ն կը հասնին սայլերն հույլ գոմեշներե ծանրաքարշ,
Եվ կաղացող ջորիներն ու կարավանն էշերու
Քաղցրաողկույզ խաղողին կողովներուն տակ հըլու:
Հո՛ն կը հասնին շար ի շար ուղտերը հաղթ` բեռնավոր
Տարաշխարհի զանազան համեմներով քաղցրածոր
Եվ կը պառկին ծընկածալ, խըրոխտավիզ, կ'որոճան
Անծանոթ խոտն հեռավոր երկիրներուն արփական:
Թանձրակառույց իջևանը բարիք մ'է երկնատու
Երբ կը հըսկե ճամբուն վրա` որուն ծայրերը երկու
Հորիզոնին խորհուրդին մեջ տաղտկորեն կ'անհետին,
Երբ կը վառե անկենդան լըռության մեջ լեռնային
Իր պանդուխտի օճախներն ամեն մարդու անխըտիր
Եվ հոն ամռան ջերմությունը մարելու ի խընդիր
Թանին ալիքը կը հոսի երակներու մեջ ծարավ:
Բայց միշտ հասնիլն հոն, անկե մեկնելեն քաղցըր չէ բնավ:
Ավասիկ այդ իջևանն է` ուր կու գա Տըրդատես
Ապաստանիլ նետերուն և արևուն դեմ հրակեզ:
Ծալքերուն մեջ թիկնոցին և կուրծքին վրա զրահակուռ
Պարուրված է Նազենիկ մարմարի պես ջարդուփշուր.
Այլևս, ո՛հ, չի հուզեր ոչ մեկ սարսուռ, ոչ մեկ վանկ
Չըքնաղ մարմինն իր սառած լուսարձանի մ'հանգունակ:
–«Արդյոք քնացա՞վ (կը խորհի` ասպետն հասած իջևան)
Թե սարսափեն մարեցավ, ճըրագի պես, կուրծքիս վրան:
Ի՜նչպես կըրնա սալանալ այդքան եռանդ մ'հանկարծույն
Եվ տարածվիլ սըրտիս վրա շիրմաքարի մը հանգույն»:
Խորհելով այսպե՛ս Տըրդատ վար կը ցատկե նըժույգեն
Եվ կ'իջեցնե վարձակն ալ, բայց աչքերն իր կը տեսնեն
Մազերուն մեջ Բակուրի նետն ըսպաննիչ, արյունն հիր`
Որ հոսած է ծոծրակեն ժապավենի պես կարմիր:
Կընոջ մարմինը անշունչ գիրկը կ'իյնա ցըրտագին.
Կատաղություն ահավոր ասպետական խաբկանքին…
Մազերն ամբողջ կը քըստմնին` երբ սիրտն անոր կը տեսնե
Տիեզերքի մը սըրտին նըման` դադրած տրոփելե,
Երբ կը խորհի թե կինն այդ մեկ թարթափին մեջ աչքին
Գեղեցկության հեթանոս ուներ գանձերը անգին,
Թե իր մարմինն է լոգցած երկնի շողովը անշեջ,
Մեղր ուներ իր թուշին տակ, լույս ուներ իր ծիծին մեջ,
Եվ իր ձեռքին ու ոտքին մատերուն ծայրն էր խըտացած
Տիեզերքն այս հարդագող Ճարտարությունն առեղծված.
Եվ խորհեցավ վերջապես` սրահին մեջ Բակուրին
Աստվածացումն իր միսին, փոթորկումները պարին,
Եվ առջի հեղ ըլլալով ապառաժ մարդն այդ լացա՜վ…
–Ո՜վ պատրանքի արցունքներ հերոսներուն մեծ համբավ,
Որոնք երբեմըն սըրտի խորեն կ'հոսին տըխրամած
Հին օրերու հաղթության պըսակներուն վրա դեղնած: