1. Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Chapter 6

Գլուխ V

Որ շարունակում է մեր ասպետի ձախորդությունների պատմությունը

Այսպիսով համոզվելով, որ իրոք ի վիճակի չի տեղից շարժվելու, մեր ասպետը որոշեց դիմել իր սովորական դեղին, այսինքն՝ մտաբերել որևէ դեպք վեպերից։ Եվ նրա խելահեղ երևակայությանը ներկայացավ Բալդովինոյի և մարկիզ Մանտուացու տեսարանը, երբ որ Կարլոտոն վիրավոր Բալդովինոյին թողեց լեռներում․ մի պատմություն, որ լավ ծանոթ է մանուկներին, անհայտ չէ պատանիներին և վայելում է ծերերի սերն ու վստահությունը, և չնայած այդ ամենին, ավելի ստույգ չէ, քան Մոհամմեդի հրաշագործությունները։ Դոն Կիխոտին թվաց, որ այդ պատմությունը շատ սազում է իր ցավալի վիճակին։ Եվ ահա նա սկսեց գլորվել գետնին և խորունկ զգացմունքով կրկնել թույլ ձայնով խոսքեր, որ երգի հեղինակը դրել է վիրավոր Անտառի Ասպետի շուրթերում․

Արի՛, ցավս բաժանիր,

Ո՜հ, իմ տիկին փափկասուն,

Մի՞թե ցավս չգիտես,

Կամ թե ինձ չես ափսոսում։

Շարունակելով այս երգը՝ նա հասավ հետևյալ տողերին․

Մանտուանի դու իշխան,

Ո՜հ իմ տեր ու հորեղբայր։

Բախտն այնպես էր տնօրինել, որ այն պահին, երբ նա հասավ այս տողերին, ճանապարհով պատահմամբ մի գյուղացի էր անցնում, միևնույն գյուղի բնակիչ, որտեղից որ մեր ասպետն էր։ Նա վերադառնում էր ջրաղացից, որտեղ ցորեն էր տարել և, գետնին պառկած մարդ տեսնելով, մոտեցավ ու հարցրեց, թե ո՞վ է նա, ի՞նչն է ցավում և ինչո՞ւ է նա այդքան աղիողորմ հառաչում։ Դոն Կիխոտը երևի կարծեց, թե իր առջև իր հորեղբայր մարկիզ Մանտուացին է և այդ պատճառով ոչ մի բառ չարտասանեց, այլ շարունակեց իր երգը, որ ասում էր նրա դժբախտությունների մասին և կայսրորդու սիրո մասին՝ դեպի իր կինը, մի խոսքով այն ամենը, որ այդ երգում երգվում է։

Այս բոլոր անմտություններից գյուղացին ապշեց։ Հանելով դոն Կիխոտի երեսկալը, որ ջարդվել էր փայտի հարվածներից, նա սրբեց նրա փոշոտ դեմքը և սրբելուց հետո իսկույն ճանաչեց նրան և ասաց․

― Սինյոր Կիխադա (որովհետև նա այդպես էր կոչվում, քանի խելքը տեղն էր և խաղաղ հիդալգոյից թափառական ասպետ չէր դառել), այդ ո՞վ է ձերդ ողորմածության բուրդը գզել։

Սակայն դոն Կիխոտը, առանց պատասխանելու, շարունակում էր իր երգը։ Ապա թե բարի մարդը ջանասիրությամբ, որքան որ կարող էր, հանեց նրա կրծկալն ու մեջկալը, որպեսզի տեսնի՝ վիրավորված չի՞ նա արդյոք։ Սակայն ոչ վերք, ոչ արյուն երևաց։ Հետո նա բարձրացրեց նրան գետնից և մեծ դժվարությամբ նստեցրեց իր էշի վրա, որովհետև նրան թվում էր, թե հիվանդի համար էշով գնալն ավելի հանգիստ կլինի, քան ձիով։ Վերջապես նա հավաքեց զենքերը, անգամ նիզակի կտորները, այդ ամենը կապեց Ռոսինանտի թամքին, բռնեց ձիու և էշի սանձերն ու ուղևորվեց դեպի գյուղ, խորհելով խելագար խոսքերի մասին, որ արտասանում էր դոն Կիխոտը։ Սակայն դոն Կիխոտն էլ պակաս մտահոգված չէր գնում, այնքան ջարդված ու տրորված էր, որ հազիվ էր կարողանում փալանի վրա նստած մնալ։ Մերթ ընդ մերթ նա խորը հոգոց էր քաշում, որ ասես հասնում էին երկնքին իսկ։ Այդ մղեց գյուղացուն դարձյալ հարց տալու, թե նրա ինչն է ցավում։ Պետք է կարծել, որ ինքը դևն էր հիշեցնում դոն Կիխոտին զանազան պատմություններ, հար ու նման իր սեփական արկածներին․ որովհետև այդ վայրկյանին նա մոռացավ Բալդովինոյին և մտաբերեց, թե ինչպես Անտեկերայի կառավարիչ Ռոդրիգո դե Նարվա՛եսը բռնել էր մավր Աբինդարրաե՛սին և բանտարկել իր սեփական դղյակում։ Ուստի երբ որ գյուղացին երկրորդ անգամ հարցրեց նրանից, թե ինչպե՞ս է նրա քեֆը և ի՞նչն է ցավում, նա պատասխանեց նույն բառերով և դարձվածքներով, ինչպես գերի Աբենսերա՛եսը[50] պատասխանեց Ռոդրիգո դե Նարվա՛եսին Խորգե դե Մոնտեմայորի «Դիանայի» մեջ, որ մեր ասպետը կարդացել էր։ Եվ նա այնքան աջող գործադրեց իր նկատմամբ այդ տեղը, որ գյուղացին անմտությունների այդ կույտը լսելով, պատրաստ էր հոգին սատանին վաճառելու։ Ահա այստեղ նա գլխի ընկավ, որ իր հարևանը ցնդել է և շտապեց շուտ տուն հասնել, որովհետև դոն Կիխոտի երկար ու բարակ ճառերը նրան սաստիկ ձանձրացրել էին։ Իսկ դոն Կիխոտը ի վերջո հայտարարեց․

― Իմացած եղեք, ձերդ ողորմածություն, սինյոր դոն Ռոդրիգո դե Նարվաե՛ս, որ գեղեցկուհի Խարիֆան, որի մասին ես նոր ասում էի ձեզ, այժմ չքնաղ Դուլսինեա Տոբոսացին է, ի պատիվ որի ես կատարեցի, կատարում եմ և կատարելու եմ այնպիսի փառավոր սխրագործություններ, որ ոչ ոք աշխարհիս երեսին չի տեսել, չի տեսնում և չի տեսնի երբեք։

Գյուղացին դրան պատասխանեց․

― Ախր հասկացեք, ձերդ ողորմածություն, սինյոր, վա՛յ ինձ, մեղավորիս, որ ես բնավ դոն Ռոդրիգո Նարվաե՛սը չեմ, ոչ էլ մարկիզ Մանտուացին, այլ Պեդրո Ալոնսոն՝ ձեր համագյուղացին, իսկ ձեր ողորմածությունը Բալդովինոն չէ, ոչ էլ Աբինդարբաե՛սը, այլ պատվավոր հիդալգո սինոր Կիխադան։

― Ես ինքս գիտեմ, թե ով եմ, ― հակաճառեց դոն Կիխոտը, ― այն էլ գիտեմ, թե կարող եմ լինել ոչ միայն այդ ասպետներից մեկն ու մեկը, այլ Ֆրանսիայի տասներկու պերերից և Փառքի ինը այրերից[51] յուրաքանչյուրը, որովհետև նրանց կատարած սխրագործությունները բոլորը միասին և ամեն մեկն առանձին չեն հավասարվի իմ սխրագործություններին։

Շարունակելով խոսակցել այս եղանակով՝ նրանք իրիկնադեմին հասան գյուղ։ Սակայն գյուղացին սպասեց, որ բոլորովին մթնի, որովհետև նա չէր կամենում, որ մեկն ու մեկը տեսնի մեր հիդալգոյին՝ ծեծված և հազիվ էշի վրա նստած։ Երբ որ նրա կարծիքով հարմար ժամանակ հասավ, նա ներս մտավ գյուղը և դիմեց դոն Կիխոտի տունը։ Այստեղ բոլորը շփոթմունքի մեջ էին։ Եկել էին երկու նրա մտերիմ բարեկամները՝ տեղական դալլաքն ու քահանան, և խոսում էին տնտեսուհու հետ, որ բարձրաձայն բացականչում էր․

― Ի՞նչ կասեք, ձերդ ողորմածություն, սինյոր լիցենտիատ Պերո Պերես (այդպես էր քահանայի անունը) իմ տիրոջ դժբախտության մասին։ Ահա՛, երեք օր է, ինչ անհետացան և՛ նա, և՛ նրա քնձռոտ ձին, և՛ վահանը, և՛ նիզակը, և՛ զրահները։ Ա՜խ, ես դժբախտ կին եմ։ Ես այսպես եմ կարծում, և դա նույնպիսի ճշմարտություն է, ինչպիսին է այն, որ մենք ծնվել ենք մեռնելու համար։ Այն անիծյալ ասպետական վեպերը, որ նա շարունակ կարդում էր, նրան խելագարեցրին։ Ես հիմա մտաբերում եմ, որ նա քանիցս խոսելով ինձ հետ, ասում էր, որ ինքն ուզում է թափառական ասպետ դառնալ և գնալ զանազան երկրներ արկածներ որոնելու համար։ Սատանան և Բարրաբասը տանեն բոլոր այդ գրքերը, որ կործանեցի Լամանչի ամենաբանական գլուխը։

Նույնն էր ասում նաև դոն Կիխոտի քրոջ աղջիկը, որ դեռ ավելացնում էր․

― Գիտե՞ք, սինյոր վարպետ Նիկոլաս (այդպես էր դալլաքի անունը), հաճախ իմ սինյոր քեռին տարվում էր այդ անիծյալ վեպերի ընթերցանությամբ երկու օր, երկու գիշեր առանց դադարի։ Վերջը նա գցում էր գիրքը, բռնում սուրը և սկսում ծակել պատերը։ Իսկ երբ որ բոլորովին ուժասպառ էր լինում, հայտարարում էր, որ չորս հսկա է սպանել, որոնցից յուրաքանչյուրի հասակը չորս անգամ բարձր է աշտարակից։ Հոգնությունից նա քրտնաթոր էր լինում, իսկ ինքը պնդում էր, որ արյուն է հոսում իր վերքերից, որ նա ստացել է մարտի ժամանակ։ Ապա թե նա խմում էր մի մեծ փարչ սառը ջուր, թարմանում, հանգստանում, և հայտարարում, որ դա ջուր չէր, այլ թանկագին խմիչք, որ բերել է իր բարեկամը և մեծ կախարդ, իմաստուն Էսկիֆեն։ Սակայն այս ամենի մեղքն իմն է, որովհետև ես գլխի չընկա իմ սինյոր քեռու խելագարության մասին նախօրոք հաղորդել ձեր ողորմածություններին․ դուք վերջ կդնեիք, նախքան նա հասավ այս վիճակին, եթե այրեիք բոլոր այս աստվածահակառակ գրքերը (իսկ նա դրանցից շատ ունի), որ արժանի են խառույկի ոչ պակաս, քան հերձվածային գրությունները։

― Ես նույն կարծիքի եմ, ― վրա բերեց քահանան, ― խոսք եմ տալիս ձեզ, որ վաղն իսկ մենք աուտոդաֆեի կենթարկենք և կմատնենք կրակի, որպեսզի այլևս նրանց ընթերցողներին չհրեն դեպի այնպիսի գործեր, որ, երևի, կատարում է հիմա իմ խեղճ բարեկամը։

Դոն Կիխոտն իր ուղեկցի հետ լսեց այս բոլոր խոսակցությունը, և գյուղացու համար բոլորովին պարզվեց իր հարևանի ցավը։ Ուստի նա բարձրաձայն աղաղակեց․

― Բաց արեք, տիրուհի, ժամանել են ծանր վիրավորված սինյոր Բալդովինը և սինյոր մարկիզ Մանտուացին, նույն ինքը՝ սինյոր մավր Աբինդարրաե՛սը, որին, գերի վարած, բերում է արի Ռոդրիգո դե Նարվաե՛սը՝ Անտեկերի կառավարիչը։

Բոլորը դուրս վազեցին ձայնի վրա։ Տղամարդիկ ճանաչեցին իրենց բարեկամին, կանայք ― մեկը՝ իր տիրոջը, մյուսը՝ իր քեռուն, և բոլորը վրա տվին, որ գրկեն, մինչդեռ դոն Կիխոտը մնացել էր նստած էշի վրա, որովհետև ոչ մի կերպ չէր կարողանում իջնել։ Նա ասաց․

― Բոլորդ էլ համբերեցեք, իմ երիվարի երեսից ես ծանր վիրավորված եմ։ Ինձ տարեք դրեք անկողնի մեջ և, եթե հնարավոր է, կանչեցեք իմաստուն Ուրգանդային, որպեսզի նա կապի ու բուժի իմ վերքերը։

― Ի՜նչ դժբախտություն, տեսա՞ք, ― բացականչեց տնտեսուհին։ ― Սիրտս ճիշտ էր ասում, թե մեր սինյորի որ ոտն է կաղում։ Համեցեք, ձեր գալուստը բարի, ձերդ ողորմածություն, մենք կկարողանանք ձեզ բժշկել և առանց այդ Ուրգանդայի։[52] Մի անգամ էլ, հազար անգամ էլ անիծվեն այն ասպետական գրքերը, ահա՛ թե նրանք ձերդ ողորմածությանը որտեղ հասցրին։

Ապա նրանք դոն Կիխոտին տարան֊դրեցին անկողին և ուզում էին կապել նրա վերքերը, սակայն ոչ մի վերք չկար։ Նա բացատրեց, որ պարզապես ցավել է, որովհետև իր երիվար Ռոսինանտի հետ գլորվել է գետին մարտի ամենաթեժ պահին տասը հսկաների դեմ․ ավելի հանդուգն և կատաղի էակներ, նրա ասելով, աշխարհս չի ստեղծել։

― Պա֊պա֊պա, ― ընդհատեց քահանան, ― մեզանում հսկաներ են երևան եկել։ Երդվում եմ Մադոննայով, վաղն ևեթ, արևը դեռ մայր չմտած, նրանք բոլորը այրված կլինեն։

Եվ նրանք սկսեցին դոն Կիխոտին հարց ու փորձ անել, սակայն նա չուզեց նրանց բան պատմել, միայն խնդրեց, որ իրեն ուտելու բան տան և հանգիստ թողնեն, որովհետև ամենից շատ ուտելու և քնելու կարիք ունի։ Նրա ցանկությունը կատարեցին, ապա թե քահանան մանրամասն հարց ու փորձ արեց գյուղացուց, թե նա ինչպես գտավ դոն Կիխոտին։ Գյուղացին պատմեց և կրկնեց բոլոր անմտությունները, որ մեր ասպետն ասում էր թե՛ գետնին պառկած, թե՛ էշով գնալիս։ Այս տեղեկություններից հետո մեր լիցենցիատի մեջ առավել ևս ամրացավ իր ծրագիրն ի կատար ածելու ցանկությունը։ Նա այդպես էլ արեց՝ հետևյալ օրը նա անցավ իր բարեկամի՝ դալլաք վարպետ Նիկոլասի ետևից և նրանք երկուսով գնացին դոն Կիխոտի տունը։

Comments