1. Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Chapter 5

Գլուխ IV

Այն մասին, թե ինչ պատահեց մեր ասպետին պանդոկից դուրս գալուց հետո

Լույսը բացվում էր արդեն, որ դոն Կիխոտը դուրս եկավ պանդոկից և այնքան գոհ, այնքան հպարտ, ուրախությունից այնքան հուզված՝ ասպետ կարգված լինելու համար, որ նրա ձիու կողերն էլ էին զգում ուրախությունը։ Սակայն մտաբերելով պանդոկապանի խորհուրդները անհրաժեշտ պաշարի մասին, որ մարդ պիտի հետը վերցրած լինի, մանավանդ փող ու շապիկները, ― նա վճռեց տուն դառնալ, որ ամեն ինչի պատրաստություն տեսնի և զինակիր գտնի․ այն էլ ասենք, որ նա աչք ուներ իր հարևանի՝ աղքատ և մեծ ընտանիքի տեր մի գյուղացու վրա, որը շատ պիտանի էր թափառական ասպետի զինակրի պաշտոնի համար։ Այս մտքերով նա շուռ տվեց Ռոսինանտին գլուխը դեպի գյուղ, և վերջինս, ասես իր տիրոջ միտքն ըմբռնելով, այնպիսի պատրաստակամությամբ և այնքան թեթև վազ տվեց, որ թվում էր թե նրա սմբակները չեն դիպչում գետնին։ Հազիվ էր դոն Կիխոտը մի քանի քայլ արել, որ նրան թվաց, թե աջ կողմում գտնվող անտառի թավուտից թույլ և աղեխարշ հեծեծանք է լսում։ Եվ լսեց թե չէ, նա ասաց․

― Շնորհակալ եմ երկնքից ինձ առաքած ողորմության համար։ Ահա դեպքը բերում է ինձ կատարելու ասպետի պարտականությունը և իմ ազնիվ որոշման պտուղը քաղելու՝ անտարակույս իմ օգնության և պաշտպանության կարոտ որևէ տղամարդ կամ կին է հեծեծում։

Եվ Ռոսինանտի գլուխը շուռ տալով՝ նա փութաց դեպի այն կողմը, որտեղից հեծեծանքի ձայն էր գալիս։ Հենց որ նա մտավ անտառը, նրա աչքին երևաց կաղնուց կապած տասնհինգ տարեկան տղա, որ մինչև գոտետեղին մերկ էր։ Հեծողն էլ հենց սա էր և ոչ առանց պատճառի, որովհետև մի բռի գյուղացի նրան անխնա ծեծում էր կաշվե գոտիով, յուրաքանչյուր հարվածի հետ խրատ ու խորհուրդ տալով։

― Աչքդ բաց պահիր, ― ասում էր նա, ― իսկ բերանդ՝ փակ։

― Այլևս երբեք չեմ անի, վարպետ, ― պատասխանում էր տղան, ― երդվում եմ տիրոջ չարչարանքով, որ այլևս երբեք չեմ անի։ Խոսք եմ տալիս ձեզ, որ այսուհետև ավելի լավ կհետևեմ հոտին։

Տեսնելով այս պատկերը՝ դոն Կիխոտը բացականչեց ցասկոտ ձայնով․

― Անարժան ասպետ, ամոթ է հարձակվելը նրանց վրա, որոնք ի վիճակի չեն պաշտպանվելու, հեծե՛ք ձին, վերցրե՛ք նիզակը (գյուղացու նիզակը[46] հենված էր նույն կաղնուն, որից կապված էր նրա մադիանը), և ես կապացուցեմ ձեր վարմունքի ողջ ստորությունը։

Տեսնելով իր գլխի վերև ինչ֊որ կերպարանք, որի վրա զանազան զենքեր են կախված և որը քիչ է մնում նիզակը խրի իր փորը՝ գյուղացին վճռեց, որ հասել է իր վախճանը, ուստի ահ ու դողով պատասխանեց․

― Սինյոր ասպետ, տղան, որին ես պատժում եմ, իմ ծառան է, որ այստեղից ոչ հեռու արածեցնում է իմ ոչխարներին։ Նա այնքան բերանբացն է, որ ամեն օր մեկական ոչխարս կորչում է։ Ես նրան պատժում եմ անփութության և չարամտության համար, իսկ նա պնդում է, որ ես այդ չարությունից դրդված եմ անում, որ իր ռոճիկը կտրեմ։ Աստված վկա, նա ստում է։

― «Ստո՜ւմ է»։ Եվ դու այդ իմ ներկայությամբ ես ասում, ստոր և կոպիտ մարդ,[47] ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Երդվում եմ մեզ լուսավորող արևով, որ իսկույն նիզակով կծակեմ քեզ։ Անմիջապես վճարիր նրան և մի՛ խոսիր, թե չէ երդվում եմ երկնավոր հորով՝ մեկ հարվածիցս շունչդ կփչես և տեղն ու տեղը կսատկես։ Իսկույն ևեթ արձակիր նրան։

Գյուղացին գլուխը քաշ արեց և առանց մի բառ արտասանելու արձակեց տղին, իսկ դոն Կիխոտը հարցրեց տղայից, թե տերն իրեն ինքան է պարտ։ Տղան պատասխանեց, թե ինը ամսվան ռոճիկը, հաշվելով ամսական յոթ ռեալ։ Դոն Կիխոտը հաշվեց ― դուրս եկավ վաթսուներեք ռեալ ― և հրամայեց, որ գյուղացին իսկույն քսակը հանի կամ պատրաստվի մահվան։ Ահաբեկված գյուղացին երդվեց իրեն սպառնացող կործանումով և վերհիշեց իր նախընթաց երդումը (թեև նա իսկի չէր էլ երդվել), որ իր պարտքը բնավ այդքան մեծ չէ, որ պետք է հաշվի առնել և այդ գումարից հանել երեք զույգ կոշիկի արժեքը, որ մաշել է ծառան և երկու անգամ արյուն առնելու վճարը, որ արված է եղել նրա հիվանդության պահին և նստել է մեկ ռեալ։

― Ենթադրենք, թե այդպես է,― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն ծեծելով նրան անմեղ տեղը, դուք լրիվ ստացել եք թե՛ կոշիկների, թե՛ արյուն առնելու համար, որովհետև եթե նա ճղել է կոշիկի կաշին, որ դուք գնել եք նրա համար, դուք նրա սեփական կաշին եք ճղել։ Եթե դալլաքը արյուն է առել նրա հիվանդության միջոցին, դուք առողջի արյունն եք առնում։ Կնշանակի՝ տեղը դուրս է եկել։

― Ցավն այն է, սինյոր ասպետ, որ մոտս ձեռաց փող չունեմ։ Թող Անդրեսը հետս գա տուն, և ես կվճարեմ մինչև վերջին ռեալը։

― Ես նրա հետ գնամ տո՞ւն, ― բացականչեց տղան։ ― Երբե՛ք, սինյոր, Աստված ինձ պահի։ Չեմ էլ մտածի գնալու մասին։ Չէ՞որ նրա հետ մենակ մնանք թե չէ, նա իմ կաշիս կքերթի, ինչպես սուրբ Բարդուղիմեոսինը։

― Նա այդ չի անի, ― առարկեց դոն Կիխոտը։ ― Բավական է, որ ես նրան հրամայեմ, նա իմ պատիվը կպահի։ Թող միայն նա երդվի ասպետական ուխտով, որին պատկանում է, և ես նրան բաց կթողնեմ և կերաշխավորեմ, որ նա քեզ կվճարի։

― Խորհեցեք, ձերդ ողորմածություն, սինյոր, թե դուք ի՜նչ եք ասում, ― ասաց տղան։ ― Իմ տերը բնավ ասպետ չէ և ոչ մի ասպետական ուխտի մեջ չի գրված։ Նա Խուան Հալդուդոն է, Կինտանար գյուղի հարուստներից։

― Դա կարևոր չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Հալդուդոն էլ կարող է ասպետ լինել, առավել ևս, որ մեզնից ամեն մեկը իր գործերի զավական է։

― Դա, իհարկե, ճիշտ է, ― ասաց Անդրեսը, ― միայն թե այդ ի՞նչ գործերի զավակ է իմ տերը, եթե հրաժարվում է վճարել աշխատանքի և ծառայության համար։

― Ես չեմ հրաժարվում, Անդրես բալիկ, ― ընդհատեց նրան գյուղացին, ― հաճեցեք միայն հետո գալ, և ես երդվում եմ բոլոր ասպետական ուխտերով, որ գոյություն ունեն աշխարհիս երեսին, կվճարեմ ձեզ, ինչպես արդեն ասացի, մինչև վերջին ռեալը, այն նոր֊նոր դրամներով։

― Թույլատրում եմ ձեզ և ոչ նորերով, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ես միանգամայն բավարարված կլինեմ, եթե դուք սովորական ռեալներով վճարելու լինեք։ Ձեր երդումը պահեք, հա՜, թե չէ, ես իմ հերթին երդվում եմ, որ կվերադառնամ, կգտնեմ ձեզ և կպատժեմ։ Դուք կարող եք թաք կենալ մողեսի պես, միևնույն է, դարձյալ ես ձեզ կգտնեմ։ Իսկ եթե հաճեիք իմանալ, թե ով է ձեզ այդ հրամայում, ապա իմացած եղեք՝ (հիմա դուք ավելի եռանդուն կկատարեք ձեր խոստումը), ես՝ արի դոն Կիխոտ Լամանչեցին եմ, անարգանք ու անարդարություն պատճառողների վրիժառուն։ Տերը ձեզ հետ, և մի՛ք մոռանա ձեր խոստումն ու երդումը, թե չէ խոստացածս պատիժը վրա կհասնի։

Այս խոսքերը բերնին՝ նա խթանեց Ռոստինանտին և արագ֊արագ հեռացավ։ Գյուղացին նրան աչքերով ճամփա գցեց և համոզվելով, որ ասպետն անհետացավ անտառի թավուտում և այլևս չի երևում, նա դարձավ իր ծառային և ասաց․

― Աբա մոտեցիր, Անդրես բալիկ, ես ուզում եմ վճարել քեզ պարտքս, ինչպես հրամայեց այն անարգանք պատճառողների վրիժառուն։

― Խոսք եմ տալիս ձեզ, ― պատասխանեց Անդրեսը, ― որ ձերդ ողորմածությունը շատ լավ կանի, եթե կատարի այն բարի ասպետի հրամանը։ Աստված նրան հազար տարի կյանք տա իր արիության և արդար դատաստանի համար։ Երդվում եմ սուրբ Ռոկեի անվամբ, որ եթե դուք ինձ վճարելու չլինեք, նա իսկույն կվերադառնա և ձեր հախիցը կգա, ինչպես որ խոստացավ։

― Ես էլ եմ երդվում, ― պատասխանեց գյուղացին, ― և որովհետև ես քեզ շա՜տ եմ սիրում, ապա իսկույն կավելացնեմ պարտքս, որպեսզի հատուցումն էլ ավել լինի։

Եվ բռնելով նրա թևից՝ նա տղին կրկին կապեց նույն կաղնուց և գանահարեց՝ հասցնելով տղին կիսամեռ վիճակի։

― Դե, հիմա, սինյոր Անդրես, ― ասաց գյուղացին, ― դուք կարող եք կանչել անարգանք պատճառողների վրիժառուին և դուք կտեսնեք, թե ձեզ համար նա ինչպե՜ս վրեժ կլուծի։ Ասենք՝ ինձ թվում է, որ ես այդ անարգանքը դեռ լրիվ չեմ հասցրել՝ շա՜տ եմ ուզում ձեր կաշին կենդանի֊կենդանի մաշկած լինել, ինչպես դուք ինքներդ դրանից երկյուղ էիք կրում։

Վերջ ի վերջո գյուղացին այնուհանդերձ արձակեց տղին և թույլ տվեց, որ նա գնա իր դատավորին որոնի, որպեսզի վերջինս ի կատար ածի իր արտասանած դատավճիռը։ Անդրեսը հուսահատ գնաց, երդվելով որ կգտնի արի դոն Կիխոտ Լամանչեցուն և մանրամասն կպատմի նրան եղելությունը, և տերը հարկադրված կլինի հարյուրապատիկը վճարել։ Բոլոր այս սպառնալիքներով հանդերձ նա գնաց արտասվաթոր, մինչդեռ իր տերը մնաց կանգնած և լիաթոք ծիծաղում էր․ ահա՜ թե ինչպես արի դոն Կիխոտը պատժեց անարգողին։

Նույն այդ միջոցին մեր ասպետին թվում էր, որ նա գեղեցիկ և վեհ սկիզբ է դրել իր ասպետական սխրագործություններին։ Միանգամայն բավարարված տեղի ունեցածով և ծայր աստիճան գոհ ինքն իրենով՝ նա շարունակում էր գնալ դեպի իր գյուղը, կիսաձայն ասելով․

― Օ՜, գեղեցիկ Դուլսինեա Տոբոսցի, ճշմարտապես դու կարող ես քեզ բոլոր աշխարհիս երեսին ապրող կանանցից երջանկագույնը համարել, օ՜, գեղեցիկդ գեղեցիկներից։ Որովհետև բախտը տվել է քեզ հրամայել, որպես ստրուկի, որ հլու է քո կամքին և քո ցանկություններին, այնպիսի մի խիզախ և հռչակավոր ասպետի, որպիսին ցույց տվեց ինքն իրեն և ցույց է տալու դոն Կիխոտ Լամանչեցին։ Արար աշխարհը գիտի, որ նա երեկ կարգվեց ասպետ, իսկ այսօր արդեն այնպիսի անարգանքի և անարդարության համար վրեժ առավ, որ դեռևս չի հնարել չարամտությունը և չի կատարել խստասրտությունը, որովհետև նա այսօր խլեց պատվազուրկ չարագործի ձեռքից խարազանը, որ առանց որևէ պատճառի գանակոծում էր թույլ պատանուն։

Այս խոսքերի վրա նա հասավ այն տեղը, որտեղ ճամփան բաժանվում էր չորս ճյուղի և նա իսկույն մտաբերեց, որ թափառական ասպետները սովորաբար կանգ են առնելիս եղել ճամփաբաժաններին և խորհելիս, թե որ ճամփով ընթանան։ Որպեսզի նրանց օրինակին հետևած լինի, նա՛ էլ պահ մի կանգ առավ, սկսեց խորհել դրության մասին, բաց թողեց Ռոստինանտի սանձը, և ենթարկեց իր կամքը քնձռոտ ձիու կամքին, որ հավատարիմ մնալով իր սկզբնական մտադրության, բռնեց գոմը տանող ճամփան։ Մի երկու մղոն կտրելուց հետո դոն Կիխոտը նկատեց մարդկանց մի մեծ խումբ։ Դրանք, ինչպես հետո պարզվեց, Տոլեդոցի վաճառականներ էին, որ անցնում էին Մուրսիա մետաքս գնելու նպատակով։ Վեց հոգի էին և գնում էին գլխներին հովանոց բռնած, ուղեկցությամբ չորս ձիավոր ծառաների և երեք ջորեպան֊տղաների, որ ոտով էին գնում։ Հազիվ էր նրանց նշմարել դոն Կիխոտը, իսկույն նրան թվաց, թե նրան նոր արկած է սպասում։ Եվ կամենալով ամեն բանում, ինչ չափով որ դա հնարավոր էր թվում, հետևած լինի սովորություններին, որոնց մասին նա կարդացել էր վեպերում, նա վճռեց, որ տեղին կլինի այստեղ ի կատար ածել իր խորհած մեկ ծրագիրը։ Ուստի հպարտ ու խիզախ տեսքով նա ոտներն ամրացրեց ասպանդակների մեջ, ավելի ամուր բռնեց նիզակը, կուրծքը ծածկեց վահանով և, կանգ առնելով ճամփի մեջտեղում, սպասեց, որ թափառական ասպետները մոտենան (որովհետև վաճառականներին նա համարում էր թափառական ասպետներ)։ Եվ հենց որ նրանք մոտեցան այնչափ, որ կարող էին նրան տեսնել և լսել նրա ձայնը, նա բարձր ձայնով և հպարտ֊հպարտ ասաց․

― Ոչ ոք ձեզնից մի քայլ առաջ չի անի, եթե չխոստովանի, որ ամբողջ աշխարհում ավելի գեղեցիկ աղջիկ չկա, քան Լամանչի կայսրուհին, աննման Դուլսինեա Տոբոսցին։

Լսելով այս խոսքերը և տեսնելով խոսողի տարօրինակ կերպարանքը՝ վաճառականները կանգ առան։ Անծանոթի խոսքերից էլ, կերպարանքից էլ նրանք իսկույն կռահեցին, որ սա խելագար է։ Սակայն նրանք կամեցան իմանալ, թե ինչու է նա պահանջում նրանցից այդպիսի խոստովանություն և նրանցից մեկը՝ կատակ սիրող ու սրամիտ, պատասխանեց․

― Սինյոր ասպետ, մենք չգիտենք, թե ո՛վ է այդ բարի տիրուհին, որի մասին դուք խոսում եք, մենք ամենայն սիրով և առանց որևէ հարկանդրանքի կճանաչենք և կկատարենք ձեր պահանջը։

― Եթե ձեզ ցույց տամ, ― ասաց դոն Կիխոտը, ― դուք ճանաչեք այնքան ակներև մի ճշմարտություն, ապա ի՞նչ կլինի ձեր արժանիքը։ Ես հենց պահանջում եմ ձեզնից, որպեսզի դուք առանց նրան տեսնելու հավատաք, ճանաչեք, հաստատեք, երդվեք և պաշտպանեք այդ ճշմարտությունը։ Հակառակ դեպքում ես ձեզ մարտի եմ կանչում անճոռնի՛ և ժպի՛րհ մարդուկներ։ Դուրս եկեք կամ մեկ֊մեկ, ինչպես պահանջում է ասպետական օրենքը, կամ բոլորդ միասին, ըստ ձեր կոչման մարդկանց վատ սովորության․ ես սպասում եմ ձեզ և պատրաստ եմ ըստ արժանվույն դիմավորել ձեզ, հավատացած լինելով, որ կատարելապես արդարացի եմ։

― Սինյոր ասպետ, ― պատասխանեց վաճառականը, ― բոլոր այս արքայորդիների՝ իմ ուղեկիցների անունից աղաչում եմ ձերդ ողորմածությանը, որպեսզի մենք մեր հոգու վրա մեղք վերցրած չլինենք, ճանաչելով մի բան, որ մենք երբեք չենք տեսել և որի մասին երբեք չենք լսել, նամանավանդ որ դրանով մենք մեծ վնաս հասցրած կլինենք Ալկաբրիայի և Էստրեմադուրայի[48] կայսրուհիներին և թագուհիներին․ ցույց տվեք այդ կնոջ որևէ պատկերը, անգամ եթե այդ պատկերը ցորենի հատիկից մեծ չլինի՝ չէ՞ որ ասվում է, թե բրդի փոքրիկ մի կտորից ճանաչվում է ոչխարը։ Այդ մեզ միանգամայն կհանգստացնի ու կհամոզի, ձերդ ողորմածությունն էլ բավարարված կլինի՝ ստանալով ցանկացածը։ Մենք հիմա իսկ այնքան հակամետ ենք համաձայնելու ձեզ, որ եթե պատկերի վրա, որ դուք մեզ ցույց կտաք, երևա, թե ձեր տիկնոջ մեկ աչքը կույր է, իսկ մյուսից խրուկ ու ծծումբ է ծորում, միևնույն է, մենք ի հաճույս ձերդ ողորմածության, կճանաչենք ինչ արժանիքներ էլ դուք հաճեք։

― Ոչինչ էլ նրա աչքից չի ծորում, ստոր սրիկա, ― զայրույթով վառված գոչեց դոն Կիխոտը, ― լսո՞ւմ եք, այդ տեսակ բան չկա։ Թանկագին մուշկ ու համպարի հոտ է բուրում նրանից, և նա բնավ մի աչքով կույր չէ, ոչ էլ կուզ, այլ վայելչակազմ՝ որպես Գուադարամայի իլիկ։[49] Դուք կպատժվեք այն մեծագույն պղծության համար, որով վիրավորեցիք իմ տիրուհու աննման գեղեցկությունը։

Եվ, ասելով այս խոսքերը, նա նիզակը ճոճեց և կատաղի ու ցասումնալից հարձակվեց իր խոսակցի վրա այնպես, որ եթե վերջինիս բախտից Ռոսինանտը ճամփի կեսին չսայթաքեր և վայր չընկներ, ապա հանդուգն վաճառականի բանը բուրդ կլիներ։ Ռոսինանտը վայր ընկավ, և դոն Կիխոտը գլորվեց մի կողմ։ Չնայած իր թափած ճիգերին, նա ոչ մի կերպ չկարողացավ ոտի ելնել՝ նրան շատ էին խանգարում նիզակը, վահանը, խթանները, սաղավարտը և ծանր, հին զենք ու զրահը։ Ապարդյուն ճգնելով բարձրանալ, նա միաժամանակ շարունակում էր խոսել։

― Մի՛ք փախչի, վախկոտներ, անպիտաններ, սպասեցեք։ Իմ մեղքը չէ, որ ես վայր ընկա, իմ երիվարն է մեղավոր։

Ջորեպաններից մեկը, որ, ըստ երևույթին, հեզ բնավորության տեր չէր, լսելով, որ վայր ընկած ասպետը շարունակում է վիրավորանքներ թափել իրենց գլխին, չհամբերեց և վճռեց՝ ի պատասխան, նրա բուրդը գզել։ Նա մոտեցավ դոն Կիխոտին, խլեց նրա ձեռքից նիզակը, կտոր֊կտոր արեց և մի կտորով սկսեց հարվածել մեր ասպետին այնպես, որ չնայած նրա զրահին, ջարդեց նրան, ասես մի ջվալ ցորեն։ Վաճառականները գոռում էին, որ նա դադարի, այլևս չխփի, բայց ջորեպանը ոգևորվել էր և չէր ուզում խաղն ավարտել, մինչև որ չսպառեց իր ցասումի ողջ պաշարը։ Նիզակի կտորները, մեկը մյուսի ետևից վերցնելով նա կոտրում էր՝ հարվածելով գետնին փռված, թշվառական ասպետի մեջքին, որը չնայած կարկուտի պես տեղացող հարվածներին չէր լռում և շարունակում էր սպառնալ երկնքին, երկրին և նրանց, որոնց նա ավազակների տեղ էր դնում։

Վերջապես ջորեպանը հոգնեց, և վաճառականները շարունակեցին իրենց ճամփան։ Ամբողջ ճամփորդության ընթացքում նրանք ասում ու խոսում էին ծեծ կերած ասպետի մասին։ Դոն Կիխոտը տեսնելով, որ թշնամիները հեռացան, նորից վեր կենալու փորձ արեց։ Սակայն եթե առաջ նա ողջ ու առողջ չէր կարողանում ոտի կանգնել, ապա հիմա՝ ծեծված, կիսամեռ վիճակում, ինչպե՞ս ելներ։ Այնուհանդերձ, նա իրեն երջանիկ էր համարում, երևակայելով, որ հենց այդպիսի ձախորդություններ են պատահում թափառական ասպետներին, և որ ամբողջ մեղքը ձիունն է։ Միայն թե վեր կենալ նա չէր կարողանում, այնքան էին ցավում նրա ոսկորները։

Comments