Chapter 43
Գլուխ XLI,2
Այդպես էլ արին նրանք հետևյալ օրը, երբ որ արդեն իսպանական ափը երևում էր։ Հենց որ մենք ափը տեսանք, մեր ուրախությունն այնքան մեծ եղավ, որ մենք մոռացանք մեր բոլոր ցավերն ու տառապանքները, ասես թե մեզ ոչ մի վատ բան պատահած չլիներ։ Այդքան քաղցր էր վերստին գնտել կորցրած ազատությունը։
Երևի կեսօր կլիներ, երբ ֆրանսիացիները մեզ նստեցրին նավակ և տվին մեզ երկու փոքրիկ տակառ ջուր ու մի քիչ չորացած հաց։ Երբ որ չքնաղ Զորաիդան իջնում էր նավակը, կապիտանը, մղված հանկարծակի կարեկցությամբ, նվիրեց նրան քառասուն ոսկի էսկուդո և թույլ չտվեց, որ նավաստիները հանեն նրա շորերը, որոնց մեջ դուք հիմա տեսնում եք նրան։ Մենք նավակ նստեցինք և շնորհակալություն հայտնեցինք մեզ արած շնորհի համար՝ արտահայտելով ավելի շուտ երախտապարտություն, քան տհաճություն։ Ֆրանսիական նավն անհետացավ բաց ծովում ծովածոցի ուղղությամբ, իսկ մենք, ուղղակի մեր դիմաց երևացող ափին ճամփա բռնելով՝ որպես ուղեցույց աստղի, այնպիսի լարվածությամբ զոռ տվինք թիերին, որ մայրամուտի դեմ մոտիկացանք ցամաքին և հույս ունեինք մինչև գիշերվա վրա հասնելը ափ դուրս գալ։ Բայց, որովհետև այդ գիշեր լուսին չկար, երկինքը սև էր, և մենք ստուգապես չգիտեինք, թե որտեղ ենք գտնվում, ապա մենք համարում էինք, թե անվտանգ չէ անմիջապես մոտենալ ափին։ Շատերը թեև կարծում էին, թե դարձյալ ավելի լավ կլինի, որ ափ իջնենք անգամ ժայռերի միջև և բնակավայրից հեռու, որովհետև այն ժամանակ մենք կարող ենք երկյուղ չկրել Տետուանի ծովահեններից, որոնք երեկոյան լինում են Բերբերիայում, իսկ առավոտյան դեմ հաճախ Իսպանիայի ափերի մոտ, որտեղ ավար առնելով, ետ են գալիս գիշերելու տանը։ Իսկ այդ երկյուղը տեղին էր։ Քննարկելով այդ հակառակ կարծիքները՝ մենք ի վերջո որոշեցինք առանց շտապելու մոտենալ ափին և, եթե ծովը շատ փոթորկալից չլինի, ափ ելնել՝ որտեղ որ պատահի։ Այդպես էլ արինք մենք և կես֊գիշերին մոտ հասանք բարձր ու գիրթ լերան ստորոտին, որ, սակայն, անմիջապես ափից չէր սկսվում, այնպես որ հողի մի փոքր շերտ կար, որին կարելի էր հարմար կերպով մոտենալ։ Նավակը խրվեց ավազուտ հատակին, մենք դուրս եկանք ափ և, համբուրելով հողը, մեծամեծ խնդությամբ և արցունքներով շնորհակալ եղանք Աստծուն աննման շնորհի համար, որ առաքել էր մեզ։ Դուրս քաշելով նավը՝ մենք հանեցինք միջից մեր պաշարը և բավական բարձր վեր ելանք սարը։ Սակայն անգամ այստեղ մենք չկարողացանք հանգստացնել մեր սրտի հուզմունքը և վերջնականապես հավատալ, որ մենք ոտ ենք դրել քրիստոնեական հողի վրա։
Լուսաբացն ավելի ուշ բացվեց, քան ես կկամենայի։ Մենք հասանք սարի կատարը և սկսեցինք նայել ամեն կողմ՝ չի՞ երևում արդյոք որևէ գյուղ կամ հովվի խուղ։ Բայց ինչքան էլ լարում էինք մեր տեսողությունը, բան չէր երևում, ո՛չ մարդ, ո՛չ գյուղ, ո՛չ ճամփա, ո՛չ արահետ։ Այնուամենայնիվ, մենք որոշեցինք շարունակել մեր ուղին երկրի խորքը։ Հո պիտի՞ մեկն ու մեկը հանդիպեր մեզ, որ ասեր, թե որտեղ ենք գտնվում մենք։ Սակայն ամենից շատ ինձ տանջում էր այն, որ Զորաիդան ոտով էր գնում այս ծանր ճանապարհով։ Ես փորձեցի նրան ուսերիս վրա առնել, բայց նա իմ հոգնածությունից առավել էր հոգնում, քան հանգիստ էր առնում հանգստանալուց և այլևս չէր համաձայնում, որ ես նրան տանեմ։ Նա առաջ էր ընթանում համբերությամբ և ուրախ֊ուրախ՝ բռնած իմ ձեռքը։ Այսպես անցանք մենք մոտ քառորդ մղոն և հանկարծ մեր ականջին հասավ զանգակների ձայն, որ պարզ վկայում էր, թե ոչ հեռու հոտ կա։ Մենք բոլորս սկսեցինք ուշի֊ուշով նայել և վերջապես մի կաղնու տակ նկատեցինք մի երիտասարդ հովվի, որ դանակով ձեռնափայտ էր տաշում՝ խաղաղ ու անհոգ։ Մենք ճչացինք, մեր ձայնի վրա նա արագ վեր թռավ և, ինչպես մենք հետագայում իմացանք, նախ և առաջ նա դավանափոխին և Զորաիդային նկատեց։ Տեսնելով մավրիտանական տարազով մարդկանց՝ նա միտք արեց, թե նրա վրա արշավում է ողջ Բերբերիան և, փախուստ տալով մերին, որ հեռու չէր, սկսեց զիլ ձայնով գոռալ․
― Մավրեր են ափ իջել, մավրե՜ր, մավրե՜ր։ Ի զե՜ն, ի զե՜ն։
Մենք այնքան շփոթվեցինք նրա աղաղակից, որ չգիտեինք, թե ինչ անենք։ Բայց վճռելով, որ այդ աղաղակները ոտի կկանգնեցնեն ողջ աղգաբնակչությանը և որ առափնյա ձիավոր պահակախումբը կգա տեղեկանալու բանի էությունը, մենք դավանափոխին խորհուրդ տվինք հանել տաճկական վերարկուն և հագնել գերու կապա, որ մեր գերիներից մեկը զիջեց նրան, ինքը մնալով շապկանց։ Այսպիսով, հանձնելով մեզ Աստծու կամքին՝ մենք առաջ ընթացանք նույն ճանապարհով, որով փախավ հովիվը, շարունակ սպասելով, թե ահա վրա կհասնի առափնյա պահակախումբը։ Նախազգացումը մեզ չխաբեց, որովհետև հազիվ երկու ժամ գնալուց հետո մերուց դաշտավայրը դուրս գալուց մենք մոտ հիսուն ձիավոր տեսանք, որ արագ֊արագ յորդա սուրում էին մեզ վրա։ Տեսնելով նրանց՝ մենք կանգ առանք՝ սպասելու։ Նրանք մոտ քշեցին ձիերը և, համոզվելով, որ մենք մավրեր չենք, որոնց նրանք որոնում էին, այլ աղքատ քրիստոնյաներ, ըստ երևույթին շփոթվեցին, և նրանցից մեկը հարցրեց, մեր պատճառով չէ՞ արդյոք մի հովիվ «ի զեն» կոչել։ «Այո», ― պատասխանեցի ես և ուզում էի նրան պատմել, թե որտեղից ենք մենք, ովքեր և ինչ է եկել մեր գլխով, բայց այդ րոպեին քրիստոնյաներից մեկը՝ մեր ուղեկիցը, ճանաչեց ձիավորին, որ մեզ հարց ու փորձ էր անում և, կտրելով խոսքս, բացականչեց․
― Փառք տանք Աստծուն, որ մեզ այս երջանիկ աշխարհը բերեց, որովհետև, սինյորներ, եթե ես չեմ սխալվում, մենք քայլում ենք Վե՛լես Մա՛լագա[181] քաղաքի հողի վրա։ Եվ եթե գերության տարիները տակավին չեն մթագնել իմ հիշողությունը, ապա դուք, սինյոր, որ հարցնում եք, թե ովքեր ենք մենք, Պեդրո դե Բուստամանտեն եք, իմ քեռին։
Հազիվ էր գերին արտասանել այս խոսքերը, որ ձիավորը, ցած թռչելով ձիուց, գրկեց երիտասարդին և ասաց․
― Քրոջս տղա, հոգուս ու կյանքիս բերկրությունը, ճանաչում եմ քեզ։ Ե՛ս էլ, քո՛ւյրս էլ, քո մայրը և կենդանի մնացած բոլոր ազգականներդ ողբում էին քո մահը, բայց Աստված հաճեց երկարել նրանց օրերը, որպեսզի կարողանան ուրախանալ՝ հանդիպելով քեզ։ Մենք գիտեինք, որ դու Ալժիրում ես և քո, ինչպես նաև քո ուղեկիցների տեսքից ու զգեստից գլխի եմ ընկնում, թե ի՜նչ հրաշքով եք դուք փրկվել գերությունից։
― Հենց այդպես էլ է, ― պատասխանեց երիտասարդը, ― մենք դեռ ժամանակ կունենանք ամեն ինչ մանրամասնորեն պատմելու քեզ։
Երբ որ մյուս ձիավորները լսեցին, որ մենք գերի քրիստոնյաներ ենք, վեր եկան ձիերից և առաջարկեցին մեզ իրենց ձիերը՝ Վե՛լես Մա՛լագա քաղաքը գնալու համար, որ մեկուկես մղոն հեռավորության վրա էր։ Ձիավորների մի մասը, իմանալով մեզնից, թե որտեղ ենք թողել մեր նավակը, գնացին նրա ետևից, որ քաղաք բերեն։ Մնացածները նստացրին մեզ իրենց գավակին։ Զորաիդան հեծավ մեր երիտասարդ գերու քեռու ձին։ Ամբողջ քաղաքը դուրս էր եկել մեզ դիմավորելու, որովհետև ձիավորներից մեկը, մեզնից շուտ հասնելով, արդեն մեր գալստյան լուրը հաղորդել էր։ Բնակիչներին այն չէր զարմացնում, որ իրենց առջև ազատված գերիներ են և գերված մավրեր, ― այս առափնյա բնակիչները սովոր էին թե՛ սրանց, թե՛ նրանց, ― ո՛չ, նրանք զարմացած մնացին Զորաիդայի գեղեցկությունից, որ առանձնապես փայլում էր այն րոպեին։ Երկար ճամփի հոգնածությունից և խնդությունից, որ վերջապես կատարելապես ապահով է և քրիստոնյա երկրում, նրա այտերը ալ կարմիր էին ներկվել։ Եվ, եթե սերը չի կուրացնում ինձ, ես կարող եմ հաստատել, որ ավելի չքնաղ արարած աշխարհս չէր տեսել, առնվազն, իմ աչքերը չէին տեսել։
Մենք ուղղակի գնացինք եկեղեցի, փառք տալու Աստծուն մեզ արած շնորհի համար, և Զորաիդան ներս մտնելով ասաց, որ նա տեսնում է Լելա Մարիենին նմանող դեմքեր։ Մենք նրան բացատրեցինք, թե դրանք սուրբ կույսի սրբապատկերներն են, և դավանափոխը աշխատեց, ինչպես կարող էր, հասկացնել՝ ինչ կնշանակի դա և ինչու նա պիտի պաշտի դրանց այնպես, ինչպես եթե յուրաքանչյուր պատկեր ճշմարտապես Լելա Մարիեն լիներ, որ իր հետ խոսել է։ Զորաիդայի միտքը սուր էր և, բնականից արագ ու պայծառ խելքի տեր լինելով, լուսապատկերների մասին ինչ որ ասվեց՝ հեշտ յուրացրեց։ Ապա մեզ տարան ու տեղակեցին զանազան տներում, իսկ Զորաիդային, ինձ ու դավանափոխին մեր ուղեկից գերին իր ծնողների տունը տարավ, որոնք, բավական ունևոր մարդիկ լինելով, մեզ ոչ պակաս սիրով ընդունեցին, քան իրենց սեփական որդուն։
Վեց օր մենք մնացինք Վելեսում, ապա թե դավանափոխը, հավաքելով բոլոր տեղեկանքները, գնաց Գրանադա քաղաքը, որպեսզի այնտեղ, սուրբ ինկվիզիցիայի միջոցով վերադառնա սուրբ եկեղեցու ծոցը։ Մնացած ազատված քրիստոնյաները գնացին ուր որ ամեն մեկը կամեցավ։ Մնացինք մենակ ես ու Զորաիդան, և մոտներս այն էսկուդոներն էին մնացել, որ Զորաիդան պարտական էր ֆրանսիացու սիրալիրության։ Այդ փողով ես գնեցի այն ձին, որով նա եկավ այստեղ։ Մինչև հիմա ես նրա համար հայր ու զինակիր եմ եղել, բայց ոչ ամուսին, և մենք գնում ենք ծննդավայրս՝ իմանալու՝ կենդանի՞ է արդյոք հայրս և ավելի հաջողակ չի՞ եղել եղբայրներիցս մեկն ու մեկը, քան թե ես։ Թեև, ասենք, ինձ թվում է, թե բախտը, ինձ համար Զորաիդային կենակից առաքելով, չէր կարող ավելի մեծ ու թանկագին բարիք նվիրել։ Զորաիդան այնպիսի համբերությամբ է տանում զրկանքները, որ բխում են աղքատությունից և այնքան սաստիկ է ցանկանում քրիստոնյա դառնալ, որ ես, հիացումով լեցուն, պատրաստ եմ ծառայելու նրան մինչև օրերիս վախճանը։ Սակայն ուրախությունը, որ ես զգում եմ այն մտքից, թե ես պատկանում եմ նրան, իսկ նա՝ ինձ, թունավորում ու սևանում է, որովհետև ես չգիտեմ՝ արդյոք ծննդավայրումս կգտնվի՞ մի անկյուն, որտեղ ես բնակվեի նրա հետ։ Կարող է պատահել, որ հայրս ու եղբայրներս կենդանի մնացած չլինեն կամ թե չէ այս ժամանակամիջոցում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որ ինձ դիմավորող մարդ մնացած չլինի։
Ահա և իմ ամբողջ պատմությունը, սինյորներ։ Ինքներդ դատեցեք, թե որքան երևելի ու հաճելի է։ Գալով ինձ՝ կասեմ միայն, որ ես կկամենայի ձեզ ավելի կարճառոտ պատմած լինել, թեև ձեզ ձանձրացնելու երկյուղը առանց այն էլ ստիպեց ինձ մի քանի մանրամասներ դուրս գցելու։