1. Հազարան Բուլբուլ

Chapter 3

III

Տուն հասան թե չէ՝ Ֆարիզադայի առաջին գործն այն եղավ, որ Հազարան Բուլբուլի վանդակը կախեց այգու հովանոցներից մեկում, որն ամենից փառավորն էր և ծառայում էր իբրև խոսարան՝ պատվական հյուրերի համար։ Այդտեղ հենց որ ձայնը ​բարձրացրեց Խոսող Թռչունը՝ այգեստանի բոլոր թռչունները մնացին ապուշ կտրած զարմանքից ու հիացմունքից, և կարծես խոսք մեկ արած՝ հավաքվեցին միասին և ամբողջ երամով եկան բարի գալուստ ասելու նորեկ հրաշալի հյուրին։ Սրանց մեջն էր և տեղացի սոխակը, որ նույնպես Բուլբուլ էր անվանվում, և մյուս թռչուններից՝ լորը, արտույտը, սարյակը, դեղձանիկը և մյուսները, որոնք քիչ թե շատ երգել գիտեին, ինչպիսիք էին և աղավնին, տատրակը, ագռավն ու կաչաղակը, մոշահավն ու ծիծեռնակը։ Սրանք բոլորն ամեն մեկն իր ձայնով, մի առանձին ներդաշնակությամբ սկսեցին ձայն պահել Հազարան Բուլբուլի բարձրաձայն երգին։ Սրանով նրանք բոլորը մի տեսակ խոնարհություն և հպատակություն էին ցույց տալիս Խոսող Թռչունին, և նա ավելի էր ոգևորվում և ցույց էր տալիս իր բոլոր շնորհքը։

Հովանոցի մոտն էր և մարմարիոնի ավազանը, որ Ֆարիզադայի համար հայելու պաշտոն էր կատարում. նա տեսնում էր իր պատկերը և վարսագեղ մազերը՝ կեսը ոսկի և կեսը արծաթի։ Այդ ավազանի մեջ կաթեցրեց Ոսկեցնցուղ Ջրից մի կաթիլ։ Ոսկե կաթիլն սկսեց քչքչալ, խոշորանալ և դառնալ մի ջրային խուրձ, որից, իբրև հազարավոր ծորակներից, վեր էին ցայտում ոսկի կաթիլները շատ բարձր և կրկին վայր թափվում ավազանի մեջ։ Ցայտող կաթիլներն այնքան պաղ էին, որ զովացնում էին տիրող անտանելի շոգն ու տոթը։

Հետո իր ձեռքով տնկեց Երգող Ծառի ոստը։ Փոքրիկ ճյուղն իսկույն արմատ բռնեց, աճեց, մեծացավ և դառավ մի հսկայական ծառ։ Եվ սկսեց ծառը նվագել այնպիսի եղանակներ, որ չէին կարող հնչել ո՛չ զեփյուռը Պարսկաստանի այգիներում, ո՛չ հնդկական վիները[12], ո՛չ սիրիական տավիղը և ո՛չ եգիպտական ջութակը։ Ծառի հազարավոր բերաններից բխող այս երկնային հնչյունները լսելու համար չորս կողմում տիրում էր խորին լռություն, մնջվում էին թռչունները, ջուրը կտրում էր իր խոխոջյունը, զեփյուռը ետ էր քաշում իր մետաքսե քնքուշ ծածկոցը, որ չդիպչի ոչ մի բանի։

Ֆարիզադան այլևս առիթ չուներ ո՛չ տխրելու և ո՛չ ձանձրանալու։ Նա սկսեց շարունակել իր սովորական տնային պարապմունքը, միշտ նստած Խոսող Թռչունի մոտ, որը նրան զբաղեցնում էր շատ իմաստալից և հետաքրքրական պատմություններով։ Նրա թողած պակասը լրացնում էին Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը, իսկ եղբայրները ցերեկն իրանց որսորդությունով էին պարապած, գիշերները վերադառնում էին տուն, ուրախ ժամանակ անցկացնում իրանց քրոջ հետ։

Մեկ անգամ էլ, ահա, երբ Ֆարիդն ու Ֆարուզն անցնում էին մի նեղ ձորակով, որից չէր կարելի շեղվել ո՛չ աջ և ո՛չ ձախ, դեմ առ դեմ հանդիպեցին սուլթանին, որ իր մարդկանցով եկել էր նույնպես որսորդության։ Եղբայրներն իջան ձիերից և ծունկ չոքեցին թագավորի առջև, գլուխները խոնարհած մինչև գետին։ Սուլթանը շատ զարմացավ՝ տեսնելով այն անտառում նրանց այնքան ճոխ հագնված, որ կարծես իր շքախմբից լինեին։ Նա ուզեց տեսնել նրանց երեսները, հրամայեց վեր կենալ։ Եղբայրները վեր կացան և թագավորի առջև կանգնեցին, պահպանելով իրանց արժանապատվությունը և խորին հարգանքը դեպի թագավորը, որ, հափշտակված նրանց վայելչակազմ գեղեցկությունով, երկար ժամանակ զննեց նրանց ոտից մինչև գլուխ։ Հետո հարցրեց նրանց, թե՝ ովքեր են և որտեղ են կենում։ Նրա սիրտը հուզվում էր ու մի առանձին ձգողությամբ քաշվում դեպի նրանց, ինչպես դեպի իր հարազատներին։

Եղբայրները պատասխանեցին. ​

— Ո՛վ արքա ժամանակների, մենք քո հանգուցյալ ստրուկի որդիքն ենք, քո ծառայի, որ կառավարում էր քո արքայական այգիները։ Այստեղից հեռու չէ մեր բնակարանը, որ քո առատաձեռնության պտուղն է, դո՛ւ ես ընծայել մեր հորը։

Սուլթանը շատ ուրախացավ, որ ծանոթացավ իր նախկին հավատարիմ ծառայի որդոց հետ, միայն զարմացավ, որ մինչև հիմա նրանք չեն հայտնվել իր պալատում և չեն գտնվում իր շքախմբի մեջ։ Եվ երբ որ հարցրեց այս մասին՝ նրանք պատասխանեցին.

— Ո՛վ ժամանակների թագավոր, ների՛ր մեզ, որ մինչև հիմա չենք մտել քո մեծահոգի բազուկներիդ պաշտպանության տակ. դրա պատճառն այն է, որ մենք մեզանից փոքր մի քույր ունինք, որի պահպանության հոգսը մեզ վրա է գցել մեր հայրը իր մահից առաջ. մենք էլ պահպանում ենք այնպիսի սիրով, որ չենք կարող բաժանվել նրանից։

Թագավորը շատ զգացվեց սրանց եղբայրական սիրուց և ավելի ուրախացավ, որ հանդիպեց սրանց, և ասաց ինքն իրան. «Երբեք չեմ կարծել, որ իմ թագավորության մեջ կարող են երկու հոգի լինել այսքան գեղեցիկ ամեն կողմով և ազատ սնափառությունից»։ Եվ մի առանձին բաղձանքով ուզեց այցելել նրանց տունը և ավելի մոտիկից ծանոթանալ նրանց հետ և հագեցնել աչքերը նրանց քաղցր տեսությունով։ Իր այս ցանկությունը սուլթանը հայտնեց եղբայրներին, որոնք շատ ուրախացան և շտապեցին լինել նրա ուղեկիցը։ Ֆարիդը նրանցից շուտ գնաց տուն, որ նախապատրաստե քրոջը։

Ֆարիզադան, սովոր չլինելով սուլթանի չափ մեծ հյուր ընդունելու, մնացել էր շվարած և չգիտեր ինչ աներ։ Իսկույն մտածեց դիմել իր խորհրդակցին՝ Խոսող Թռչունին, և ասաց նրան.

— Ո՛վ Հազարան Բուլբուլ, սուլթանն ուզում է գալ մեր տուն, որ մեծ պատիվ է մեզ համար, և մենք պետք է հյուրասիրենք նրան իր մեծության համեմատ։ Սովորեցրո՛ւ ինձ, ինչպե՞ս պիտի անենք, որ նա բավական մնա մեզանից։

Բուլբուլը պատասխանեց.

— Ո՛վ իմ տիրուհիս, չարժե խոհարարուհուդ հրամայել, որ բազմատեսակ կերակուր պատրաստե, որովհետև այսօր թագավորին կարող է դուր գալ միայն մեկ տեսակ կերակուր, նրանով էլ պետք է հյուրասիրել։ Այդ կերակուրը պետք է պատրաստած լինի բորինջանով[13], մեջը լցրած մարգարիտով…

Ֆարիզադան զարմացավ, և կարծելով, որ թռչունը սխալ է հասկացել բանը, ասաց նրան.

— Թռչո՛ւն, թռչո՛ւն, այդ ի՞նչ ես ասում, ինչպե՞ս կարելի է մարգարիտ լցնել բորինջանի մեջ, այդ տեսակ կերակուր չի լսված։ Եթե թագավորը մեզ պատիվ է անում և ուզում է մեզ մոտ ճաշել, այդ կնշանակե, որ նա ուտել է ուզում և ո՛չ կուլ տալ մարգարիտի հատիկներ։ Դու երևի ուզեցիր ասել՝ «բորինջան, բրնձով լցրած»։

Բայց Խոսող Թռչունը բացականչեց.

— Ամենևին ո՛չ, ամենևին ո՛չ, լցրած պետք է լինի մարգարիտ, և ո՛չ բրինձ, բրի՜նձ, բրի՜նձ, բրի՜նձ…

Ֆարիզադան, որ ամեն բանում հավատում էր Խոսող Թռչունին, շուտով պատվիրեց պառավ խոհարարուհուն, որ մի պնակ բորինջան եփե՝ մեջը լցրած մարգարիտի հատիկներով, որ ուներ մեծ քանակությամբ…

Մինչ այդ, սուլթանն էլ եկավ՝ Ֆարուզի ուղեկցությամբ։ Ֆարիդը այգու դռանը ընդունեց թագավորին, բռնելով ասպանդակը, իջեցրեց ձիուց։ Իսկ Ֆարիզադան, Բուլբուլի խորհրդով, երեսը քողով ծածկեց և այդպես մոտեցավ ու համբուրեց սուլթանի ձեռքը։ ​Սուլթանը շատ զգացված էր նրա սիրալիր ընդունելությունից և այն մաքրությունից, որ բուրում էր նրանից, իբրև թարմ հասմիկից, և հիշելով իր անզավակությունը ծերության հասակում՝ արտասուք երևաց աչքերում։ Հետո, օրհնելով Ֆարիզադային՝ ասաց.

— Նա, ով որ իրանից հետո թողնում է հետնորդներ, չի մեռնում, այլ՝ անմահանում է։ Ձեր հայրը մեռած չէ, այլ՝ կենդանի է դեռ, քանի որ ունի ձեզ պես զավակներ։ Ապրի՛ս, զավակս, դե մեզ տար մի տերևախիտ ծառի տակ, որ մեզ ազատե արևի շոգից։

Ֆարիզադան և իր եղբայրները սուլթանին տարան Երգող Ծառի մոտ, Ոսկեցնցուղ Ջրի ավազանի ափը, որի մոտ էր և Խոսող Թռչունի զրուցարան-հովանոցը, ուր և բազմեցրին նրան։ Մի րոպե կանգ առավ նա ավազանի մոտ և, նայելով ոսկեցնցուղ խուրձից վեր ցայտող պաղ ջրի կաթիլներին՝ բացականչեց.

— Ի՜նչ հրաշալի ջուր է, ինչքա՜ն դուրեկան է նայելը։

Հենց այդ միջոցին լսեց և Երգող Ծառի խմբերգը և հոգով ու մտքով հափշտակվեց նրա երկնային նվագից։ Բայց հենց որ մտավ հովանոցը, ուր կախված էր Հազարան Բուլբուլի ոսկի վանդակը, տիրեց խորին լռություն, կարծես համրացավ ամբողջ այգին։ Այդ ժամանակ, ահա, ձայնը բարձրացրեց Խոսող Թռչունը և սկսեց երգելով ասել.

Բարո՜վ եկար, Խոսրով-շահ,

Բարո՜վ, բարո՜վ,

Բարո՜վ եկար, Խոսրով-շահ,

Բարո՜վ, բարո՜վ։

Հենց որ Խոսող Թռչունը բարի գալուստ մաղթեց, այգու բոլոր թռչունները արձագանք տվին նրան՝ ասելով.

Բարո՜վ եկար, բարո՜վ, բարո՜վ։

Սուլթանն այս բոլոր հրաշալիքների ազդեցության տակ սկսեց բացականչել.

— Սա՛ է երջանկության տունը, այստեղ մարդ ո՛չ կհիվանդանա, ո՛չ կծերանա և ո՛չ կմեռնի։ Սա՛ է երկրային դրախտը։ Ես իմ թագավորությունս կտայի այստեղ ձեզ հետ ապրելու համար։

Եվ երբ որ հարցրեց նա եղած հրաշալիքների մասին՝ նրան ցույց տվին Երգող Ծառը և Խոսող Թռչունը։ Եվ Ֆարիզադան ասաց.

— Սրանց բոլորի մասին ես կպատմեմ, երբ կհանգստանա մեր տեր թագավորը։— Այս ասելուց հետո Ֆարիզադան գնաց բերելու եփած բորինջանը մի պնակով և դրավ թագավորի առջևը։

Սուլթանը, որ այդ կերակուրը շատ էր սիրում, զարմացավ, որ իր սիրած կերակուրը մոտ բերին։ Բայց նրա զարմանքը ավելի սաստկացավ, երբ նկատեց, որ բորինջանը մարգարիտով էր լցված, որ չէր կարելի ուտել։ Եվ ասաց նա Ֆարիզադային.

— Երդվում եմ կյանքովս, որ այսպես բան չեմ տեսած ես։ Այս ի՞նչ նոր տեսակ կերակուր է։ Վաղո՞ւց է, ինչ որ մարգարիտը բռնում է բրնձի և պիստակի տեղը։

Եվ մինչդեռ ամենքն էլ լռել էին և չգիտեին ինչ պատասխանել սուլթանին, Խոսող Թռչունը ձայնը բարձրացրեց և ասաց. ​

— Ո՜վ մեր Խոսրով-շահ, դուք զարմանում եք, որ այդպես կերակուր լինել չի՞ կարող, հապա ինչո՞ւ չզարմացաք, ինչո՞ւ հավատացիք, որ Պարսկաստանի թագուհին կարող է, փոխանակ չնաշխարհիկ զավակների՝ տալ, ով գիտե, ի՛նչ տեսակ կենդանիներ։ Հիշիր, ո՛վ Խոսրով-շահ, այն խոսքերը, որ լսեցիր մի երեկո. երեք քույրերից փոքրի ասածը, թե. «Ո՛վ իմ քույրեր, երբ որ ես դառնամ սուլթանի ամուսինը՝ մենք կունենանք զավակներ, որովհետև որդիքս ամեն բանով արժանի կլինին իրանց հորը, իսկ աղջիկս կլինի երկնքի ժպիտը։ Նրա մազերի մի կողմինը կլինի ոսկի, մյուս կողմինը՝ արծաթի. նրա արցունքը, երբ լաց լինի, կդառնա մարգարիտի հատիկներ, ծիծաղը՝ ոսկի դրամներ, իսկ ժպիտը՝ նորափթիթ վարդեր»։

Սուլթանը, հիշելով Բուլբուլի ասածները, գլուխը բռնեց երկու ձեռքով և սկսեց հեկեկալ։ Բայց Բուլբուլը շուտով հանեց նրան տխրությունից, ասելով.

— Ո՛վ Ֆարիզադա, քողը հեռացրո՛ւ երեսիցդ, թող հայրդ տեսնի երեսդ….

Ֆարիզադան ետ քաշեց քողը թե չէ՝ նրա ոսկի ու արծաթի վարսերը թափվեցին կրծքի վրա։ Սուլթանը, այդ տեսնելով, վեր կացավ բարձրաձայն բացականչությունով.

— Աղջի՜կս, աղջի՜կս է սա։

Իսկ Հազարան Բուլբուլը գոչեց.

— Այո՛, տե՛ր թագավոր, դա քո աղջիկդ է, իսկ դրանք էլ քո որդիքն են։

Եվ որովհետև ո՛չ քույրը և ո՛չ եղբայրները չգիտեին իրանց ծագումը՝ Հազարան Բուլբուլը այստեղ պատմեց բոլորը, ինչ որ թագավորն էլ չգիտեր։

Թագավորն ու իր զավակները, որ լսում էին Խոսող Թռչունին, զարմանքից քարացած, վերջապես ուշքի եկան և գրկախառնվեցին միմյանց՝ թափելով ուրախության հորդ արտասուք։ Եվ երբ որ հանգիստ առան՝ հուզմունքից թագավորն ասաց.

— Ո՛վ իմ զավակներս, շտապենք մի ժամ առաջ տեսնել ձեր մորը։

Բայց ի՞նչ լեզու կարող է պատմել մոր ուրախության չափը։ Նա, որ սուլթանի աչքից ընկնելով, պալատի մի հեռավոր անկյունում էր բնակվում՝ ընկճված, կուչ եկած, թառամած, այժմ աչքովը տեսնելով իր զավակները, կարծես մեռած տեղից հարություն առավ, մի նո՛ր մարմին հագավ՝ ավելի՛ առույգ և ավելի՛ գեղեցիկ, քան թե երբեմն եղած էր։

Իսկ քույրերը, լսելով այդ բանը, մարդկային պատժի չարժանացան, այլ հենց նույն օրը մեռան կատաղությունից։

Եվ թող լինի չարն այնտեղ, բարին՝ այստեղ։

Comments