Chapter 6
Chapter 6
Մոտ երկու ժամ անց նրանք Ծիլքար գյուղում էին։ Ըստ Գառնիկի՝ սա վերջին գյուղն էր նրանց ճանապարհին։
Գռնո՛, հլը լավ նայի,— ասաց Աշոտը՝ ուշադիր հետևելով փոսերով լի ճանապարհին,— էդ քարտեզիդ մեջ Հաջամանդ չկա՞։
Չէ, չկա։ Մի հազար անգամ նայել եմ։ Ինձ թվում ա՝ շատ փոքր գյուղ ա, դրա համար էլ չկա էստեղ։
Տղե՛ք,— ասաց Տիգրանը,— քանի էս Ծիլքարում ենք, եկեք մտնենք գյուղ, մարդկանց հարցուփորձ անենք։ Հնարավոր է՝ նրանք իմանան Հաջամանդի մասին։
Ապե՛, ճիշտ ես ասում։ Էս ամենամոտ գյուղն ա։ Պետք ա որ իմանան։
Աշոտը աջ թեքեց մեքենան ու բազմաթիվ մուտքերից մեկով մտավ գյուղ։
Որոշ ժամանակ տղաները շրջեցին այնտեղ ու այդպես էլ ոչ ոքի չհանդիպեցին։ Նրանք որոշեցին տներից մեկը մտնել։ Գառնիկն առաջարկեց մտնել այն մեծ քարե տունը, որի դիմաց երեք ավտոմեքենա էր կայանած։
Ինչքան շատ մարդ լինի, էդքան շատ բան կիմանանք,— ասաց նա։
Տիգրանը թակեց տան դուռը, սակայն բացող չեղավ։ Ներսից բարձր ծիծաղի ձայներ էին գալիս։
Ախպե՛ր,— ասաց Աշոտը,— էս գեղացիք կոնկրետ Նոր տարի են նշում։ Իրենց դուռը բացելուն որ սպասենք, էսօր սաղ օրը ստեղ կմնանք։ Եկեք իմ հետևից։
Նա բացեց դուռն ու ներս մտավ, Տիգրանն ու Գառնիկն էլ՝ նրա հետևից։ Ներս մտնելուն պես ուտեստների անուշ բույրերը Տիգրանին հիշեցրին, որ նա ամբողջ օրը հաց չէր կերել։
Երբ նրանք առաջացան դեպի բարձր ձայների կողմը, հասան տան հյուրասենյակ, որտեղ մեծ օվալաձև սեղանի շուրջ նստած էին տասնվեց հոգի։ Նրանցից տասնմեկը տղամարդ էին, հինգը՝ կին։ Սեղանի գլխին նստած էր մի ծերունի, իսկ նրա աջ ու ձախ կողմերում՝ մնացած տղամարդիկ։ Սեղանի հակառակ կողմում էլ կանայք էին նստած։ Տղամարդկանց ու կանանց իրարից բաժանում էին յուրաքանչյուր կողմից դրված երկուական դատարկ աթոռները։
Տեսնելով տղաներին՝ սեղանի գլխին նստած ծերուկն ասաց․
Իյա՜, տղերք ջան, եկեք նստեք, ո՞ւմ եք սպասում։
Ձեր բոլորի Նոր տարին շնորհավոր,— ասաց Տիգրանը,— բայց մենք...
Այ մարդ, նստեք՝ ասում եմ,— ասաց ծերուկը հրամայական տոնով։— Ջուլի՛կ, տղեքի ափսեները մի հատ թարմացրու։ Աբո՛, դու էլ բաժակները լից։
Տղաներն ուրիշ ելք չունեին։ Տիգրանն ու Գառնիկը նստեցին սեղանի մի կողմի ազատ երկու աթոռներին, իսկ Աշոտը՝ իրենց դիմաց։
Կակռազ կենացները վերջացել էին,— ասաց ծերուկը՝ բարձրացնելով օղիով լի բաժակը։— Տղերքի կենացը։
Տղերքի կենա՜ցը,— միահամուռ կրկնեցին մնացած տղամարդիկ ու նույնքան միահամուռ խմեցին։
Տիգրանը նույնպես խմեց։ Սա նրա կյանքում խմած ամենաթունդ խմիչքն էր։
Խմիչքը դանդաղ այրելով իջնում էր նրա կոկորդով՝ ստիպելով զգալ իր անցած ամբողջ ճանապարհը։ Խմելուց հետո Տիգրանը տեսավ, որ իր ափսեն լիքն է զանազան ուտեստներով, որոնց հիմնական բաղադրիչը միսն էր։ Նա ամեն մեկից մի քանի կտոր փորձեց ու ուզում էր արդեն խոսել այն մասին, ինչի համար նրանք եկել էին, բայց առաջինը խոսեց ծերուկի ձախ կողմում նստած մարդը։ Նա շատ նման էր ծերուկին, միայն ավելի երիտասարդ էր ու գլխին մազեր ուներ։ Հաստատ նրա որդին էր։
Բա էս ո՞ր քամիներն են ձեզ մեր մոտ բերել, տղերք ջան։
Այ տղա՛, ի՞նչ քամի,— զայրացավ նրա հայրը,— թող մարդիկ հաց ուտեն։
Հա էլի՛, հլը բերեք բաժակներդ,— ասաց Աբոն, որ արդեն մի անգամ լցրել էր բոլորի բաժակները։
Տիգրանը ոտքի կանգնեց։
Ժողովուրդ ջան, մենք շնորհակալ ենք բոլորիցդ՝ մեզ սենց ջերմ ընդունելու համար, բայց ես ու ընկերներս ձեր կողմերը շատ լուրջ հարցով ենք եկել։ Ձեր Նոր տարին չեմ ուզում հարամ անեմ, դրա համար չեմ ասի՝ ինչ հարցով։
Իրականում նա ուղղակի չէր ուզում, որ շատ մարդ իմանար այդ դեպքի մասին։
Մեզ ուղղակի մի բան ա հետաքրքիր․ դուք տեղյակ ե՞ք Հաջամանդ գյուղի մասին, ու կա՞ մարդ, որ գիտի դրա տեղը։
Տոնական աղմուկը դադարեց, ու մի պահ բոլորը խորհրդավոր կերպով սկսեցին իրար երես նայել։ Լռությունը երկար չտևեց, ու շուտով ողջ տնով մեկ լսվեց գյուղացիների բարձր ծիծաղը։
Արա՛, Միշա,— ասաց Աշոտի կողքին նստած տղամարդը,— բա ասում էիր՝ քաղաքի ժողովուրդը հումոր չունի։ Էսքան վերջին անգամ ե՞րբ էիր ծիծաղել։
Միշան էլ, որ այդ տղամարդու դեմ-դիմացն էր նստած, հազիվ զսպելով ծիծաղը՝ ասաց․
Այ ախպե՛ր, մի գեղ էլ Երևանն ա էլի։
Բոլորը սկսեցին էլ ավելի բարձր ծիծաղել։ Կանայք նույնպես ծիծաղում էին։ Լուռ էր միայն սեղանի ամենածայրին նստած կինը։ Դա Ջուլիկն էր, որին ծերուկն ասել էր տղաների ափսեները թարմացնել։ Նա մտածկոտ նայում էր ծիծաղողների դեմքերին։
Ստո՜պ,— բացականչեց Աշոտը։
Հռհռոցը դադարեց, ու բոլորի հայացքներն ուղղվեցին նրան։
Մենք էստեղ հաստատ խնդալու համար չենք եկել։ Մեզ կամ ասեք, թե ինչ ա ստեղ կատարվում, կամ մենք գնանք։
Տղերք ջան, մի նեղացեք,— ասաց ծերուկը,— ձեր ընկերոջ ասածն իրոք շատ ծիծաղելու էր, բայց եթե նա լուրջ էր հարցնում, ուրեմն ես էլ լուրջ կպատասխանեմ։ Նման գյուղ գոյություն չունի։ Քսանական թվերին, երբ ես երեխա էի, մերս ինձ հեքիաթներ էր պատմում Հաջամանդի մասին ու վախեցնում, որ եթե խելոք չպահեմ, ինձ կուղարկի էդ գյուղը։ Տատս էլ, ենթադրում եմ, նույն ձևով մորս է վախեցրել։
Իսկ ի՞նչ կար էդ գյուղում վախենալու,— հետաքրքրվեց Տիգրանը։
Ծերուկը մաքրեց կոկորդն ու ասաց․
Ըստ հին լեգենդի, տղերք ջան, երբ ոչ ես կայի, ոչ իմ մերը, ոչ էլ տատս, էս կողմերում եղել ա մի անհոգ գյուղ, ու բոլորը երազել են ապրել էնտեղ։ Բայց քչերին է հաջողվել գտնել այն, իսկ նրանք, ովքեր փնտրել ու գտել են, այլևս այնտեղից հետ չեն վերադարձել։ Ըստ էդ լեգենդների՝ Հաջամանդում կյանքն ուրախ էր, ապրուստը՝ ձրի։ Ուտելիքն ամենահամեղն էր, ջուրը՝ ամենազուլալը, բայց թե մի կտոր էդ հացից ուտես կամ մի կում էդ ջրից խմես, հավերժ կդառնաս իրենց գերին՝ մոռանալով թե՛ քեզ, թե՛ ընտանիքդ, թե՛ ընկերներիդ։
Տիգրանը վերջապես համարձակություն հավաքեց ու որոշեց պատմել ճշմարտությունը։ Միգուցե այն իմանալուց հետո ինչ-որ կերպ օգնություն ստանար։
Իմ նորածին տղային են փախցրել, ու էդ առևանգողն ասել ա, որ եթե ուզում ենք մեր երեխային հետ բերենք, պիտի գանք Հաջամանդ, որը գտնվում ա երեք մարզերի արանքում։
Մի պահ կրկին լռություն տիրեց, ապա բոլորը սկսեցին իրար մեջ քննարկել ու ամոթանք տալ նման բան անող մարդկանց։ Հետո ծերուկն ասաց․
Տղերք, ձեզ մոլորեցրել են։ Նման գյուղ չկա։ Ու լավ իմացեք՝ գողը տնից ա լինում։ Քանի շատ ուշ չէ, գնացեք հետ ու նրան Երևանում փնտրեք։
Տիգրանն ավելին լսելու կարիք չուներ։ Նա կրկին ոտքի ելավ։ Այս անգամ Աշոտն ու Գառնիկը նույնպես կանգնեցին։
Ամեն դեպքում շնորհակալ ենք մեզ լավ ընդունելու համար, ու կխնդրեի, որ էս պատմությունը դուրս չգար այս տան պատերից։
Տիգրանը հասկանում էր, որ դա գրեթե անհնար խնդրանք էր, բայց չէր կարող չզգուշացնել գյուղացիներին։
Տղայիս առևանգողը սպառնացել է, որ կսպանի նրան, եթե էս մասին ոստիկաններն իմանան։
Այ ձեր ցավը տանեմ,— խոսեց ծերուկի աջ կողմում նստած մարդը։ Նա տեսքով այնքան էլ նման չէր ծերուկին, բայց նույն զրնգուն ձայնն ուներ, ինչից Տիգրանը ենթադրեց, որ նա էլ հավանաբար ծերուկի տղան էր։— Եկել-եկել եք, էսօր մնացեք։ Լավ կուտենք, կխմենք, առավոտ բարի լույսով հետ կգնաք քաղաք։
Ա՛յ ախմախ,— հայրը խփեց նրա վզակոթին,— նոր չէի՞ր լսում՝ ինչ էինք խոսում։ Աբո՛, էլ սրա բաժակը չլցնես։ Խմիչքից խելքը կորցրել ա, ու ոչ միայն խելքը։
Տղաները, ուրախ Նոր տարի մաղթելով բոլորին, դուրս եկան։ Նրանց ճանապարհում էր Ջուլիկը։ Երբ տղաներն արդեն քայլում էին դեպի մեքենան, նա դռան արանքից ասաց․
Երեխեք ջան, սրանք չգիտեմ, բայց ես միշտ հավատացել եմ, որ Հաջամանդը գոյություն ունի։ Ու եթե դուք էլ եք հավատում, ու ձեր գործն էնտեղ է հասել, գնացեք ձեր ճամփով ու կգտնեք էդ գյուղը։
Շնորհակալ ենք, մորքուր ջան,— ասաց Տիգրանը՝ մտածելով, որ ամենայն հավանականությամբ իրենք չէին գտնելու այդ առասպելական գյուղը։
Մեր Սուրբ Աստվածածին եկեղեցում անպայման կաղոթեք, նոր ճամփա կընկնեք։ Ա՜յ էն կողմում է։ Աստված ձեզ հաստատ կլսի։
Ուր էր, որ ժամանակ ունենայինք, մի-մի հատ էլ մոմ կվառեինք,— անտարբեր ասաց Աշոտը։
Հենց հետ գանք, անպայման կմտնենք, մորքուր ջան,— ասաց Գառնիկը։