Chapter 5
Chapter 5
Հիվանդասենյակի դիմաց շատերն էին հավաքված, նրանց մեջ էր նաև տնօրեն Միրզոյանը։ Նա շատ հուսահատ պատասխանում էր լրագրողներից մեկի հարցերին։ Թերեզի հիվանդասենյակ մտնելիս Տիգրանն առաջինը նայեց երեխաների մահճակալներին, որոնք երկուսն էլ դատարկ էին։ Թերեզն իր կրծքին էր սեղմել երեխաներից մեկին՝ ասես վախենալով, որ նրան էլ կառևանգեն։ Նա զրուցում էր ինչ-որ անծանոթ տղամարդու հետ․ հավանաբար քննիչն էր։ Տեսնելով իր ամուսնուն՝ Թերեզի կարմրած աչքերը նորից արցունքով լցվեցին։
Արցունքները Տիգրանի վրա ոչ մի ազդեցություն չթողեցին․ նա հիմա միայն բացատրության էր սպասում։
Տի՛կ, ես գիշերն արթնացա ու տեսա, որ երեխեն չկա։
Տիգրանը նայեց անծանոթ տղամարդուն՝ հասկացնելով նրան, որ իրենց մենակ թողնի։ Նա նստած ինչ-որ գրառումներ էր անում իր նոթատետրում։
Տղամարդը ոտքի կանգնեց։
Ես ձեզ մենակ եմ թողնում, Տիգրան, բայց մենք պետք է զրուցենք։ Հասկանում եք, չէ՞։ Ես այս գործով քննիչն եմ։
Դուք ավելի լավ ա՝ իմ երեխուն գտնեք,— Տիգրանը հասկացավ, որ անտեղի տաքացավ, բայց արդեն ուշ էր։
Ձեր երեխայի փնտրտուքներն արդեն իսկ սկսվել են,— քննիչը նրա կոպիտ խոսքինպատասխանեց հարգանքով,— բայց մենք ամեն դեպքում մի երկու բառ կփոխանակենք։
Լավ, ես ձեզ կմոտենամ։
Երբ քննիչը դուրս եկավ հիվանդասենյակից, Տիգրանը մոտեցավ Թերեզին ու տեսավ, որ նրա ձեռքին Խաչատուրն էր։ Այն նուրբ երեխան, որ ծնվել էր քսաներորդ դարում։
Նրանք կարճ զրույց ունեցան։ Իրականում շատ բան էլ չկար պատմելու․ Թերեզն արթնացել էր ու տեսել, որ Անդրանիկը չկա։ Դրա միակ բացատրությունն էլ այն էր, որ նրան գողացել են։ Թերեզի մայրը՝ Ամալյան, որ գիշերը պետք է մնար իր աղջկա հետ, գերճնշման նոպա էր ունեցել։ Թերեզն էլ, որ իրեն բավականաչափ լավ էր զգում, համոզել էր մորը գնալ տուն, որտեղ նրա մասին հոգ տանող մարդ կար։ Այսպիսով, ոչ ոք չէր տեսել երեխային առևանգողին։
Երբ Տիգրանը դուրս եկավ ու, իր խոստացածի նման, զրուցեց քննիչի հետ, իմացավ, որ պահակներից ու բժիշկներից ոչ մեկը գիշերն անծանոթ մարդ չի նկատել ծննդատան տարածքում։ Տիգրանին մնում էր հույսը դնել ոստիկանների վրա ու սպասել։
Կեսօրին, երբ ծննդատանն այլևս ոստիկաններ ու լրագրողներ չկային, Թերեզին դուրս գրեցին։ Եթե անտեղյակ մեկն այդ պահին հիվանդանոցի դիմաց կանգնած լիներ, զարմանքից բերանը բաց կմնար։ Կինը դուրս էր գալիս իր երեխային գրկած, նրա հետ էին իր բոլոր հարազատները, ու ասես ամեն ինչ կարգին էր, բայց բոլորը սգի մեջ էին։
Տիգրանն իր ընտանիքի մյուս անդամներին տաքսիով ճանապարհեց տուն, իսկ ինքը Թերեզի ու երեխայի հետ նստեց Աշոտի մեքենան։ Նրանց հետ էր նաև Գառնիկը՝ նրանց երրորդ ընկերը։ Աշոտը իրեն ոչ բնորոշ դանդաղությամբ էր վարում մեքենան։ Հենց նա էլ առաջինը խախտեց լռությունը։
Չմտածես, Թերեզ ջան, կգտնենք երեխուն։ Ես հեսա սաղ քաղաքը ոտի կհանեմ։
Կգտնվի,— վստահ ասաց Գառնիկը, որ նստած էր դիմացի նստատեղին։— Աստված տա՝ կգտնենք։
Տղե՛ք,— վճռական ասաց Տիգրանը,— ժողովրդին տուն հասցնենք, գնանք տենանք՝ ինչ ենք անում։
Իրականում նա գաղափար անգամ չուներ, թե ինչ պետք է աներ։
Թերեզն ամբողջ ճանապարհին լուռ էր։ Երբ նրանք տուն հասան, տան մյուս անդամները դեռ ճանապարհին էին։ Աշոտն ու Գառնիկն էլ մեքենայում Տիգրանին էին սպասում։ Թերեզը երեխային դրեց օրորոցի մեջ։
«Պետք է այստեղ երկու օրորոց լիներ,— մտածեց Տիգրանը,— ինչպես նաև երկու երեխա»։
Թերեզը ծննդատնից դուրս գալուց հետո առաջին անգամ խոսեց։
Տի՛կ, ես քնած չէի, երբ գողացան երեխային, ու գիտեմ, թե ուր են տարել նրան։
Ի՞նչ ես խոսում, Թերեզ։ Դու գժվել ե՞ս։ Էսքան ժամանակ խի՞ բան չէիր ասում։
Տիգրանին մի պահ թվաց, թե կինը իրոք խելքը գցել է։
Հա։ Տղամարդ էր։ Մթության մեջ նրան չեմ տեսել, միայն ձայնն եմ լսել։ Ինքն ասաց, որ եթե ոստիկաններն իմանան էդ մասին, ինքը կսպանի մեր երեխային։ Դրա համար ես բան չէի ասում։
Շարունակի՛ր, Թերեզ, ո՞վ էր էդ մարդը։
Երբ ես արթնացա, երեխան արդեն նրա ձեռքում էր։ Նա ասաց, որ եթե ուզում ես տեսնես քո տղային, կգաս մեր գյուղ։
Ի՞նչ գյուղ։
Հաջամանդ։ Էդ գյուղի անունը Հաջամանդ է։ Նա ասաց, որ իրենց գյուղը գտնելու համար պետք է գնալ այնտեղ, որտեղ հատվում են Շիրակի, Լոռվա ու Արագածոտնի մարզերը։
Չեմ հասկանում, խի՞ պիտի երեխուն գողացողն ասեր, թե ուր է տանում նրան։ Ես կյանքում չեմ լսել էդ Հաջամանդի մասին։ Էստեղ մի բան էն չէ։
Տի՛կ, գնա բեր մեր երեխուն։ Ես շատ եմ վախենում։
Տիգրանն անիմաստ համարեց Թերեզի հետ վիճել այն բանի համար, որ նա կարող էր գոնե թաքուն ավելի շուտ պատմել իրեն այս ամենը։ Թերեզը շատ վախեցած էր ու ի վիճակի չէր ճիշտ կշռադատել իրավիճակը։ Տիգրանը նաև հասկանում էր, որ մինչ այս պահը նրա միակ անելիքը ձեռքերը ծալած նստելն ու ոստիկանների հույսին մնալն էր։ Իսկ Թերեզի ասածները նրան հնարավորություն տվեցին նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու։
Ուրիշ տարբերակ չկա։ Ես տղեքի հետ կգնամ էդ գյուղը։ Դու Խաչատուրին լավ կնայես, մինչև ես հետ գամ։ Մնացածին էլ կասես, որ գնացել եմ երեխուն փնտրելու ու մինչև չգտնեմ նրան, հետ չեմ վերադառնա։
Զգույշ կլինես,— Թերեզը պինդ գրկեց ամուսնուն։— Աստված հետներդ։
Տիգրանը համբուրեց կնոջն ու երեխային, դուրս եկավ ու ամեն ինչ պատմեց Աշոտին ու Գառնիկին՝ նրանց խնդրելով, որ դեռևս ոչ մեկին չասեն այդ մասին։
Երբ Գառնիկն իմացավ այդ գյուղի գտնվելու վայրի մասին, վազեց տուն և իր հետ Հայաստանի քարտեզ բերեց, որով նրանք պետք է գտնեին Հաջամանդը։ Աշոտն առաջարկեց տղերքին էլ կանչել ու մի քանի մեքենայով գնալ, բայց Տիգրանին դուր չեկավ այդ միտքը։ Եթե շատ ուշադրություն գրավեն, դա կարող էր վատ վերջաբան ունենալ իր երեխայի համար, ինչպես զգուշացրել էր առևանգողը։