1. Հաջամանդ

Chapter 2

Chapter 2

Ճանապարհը մաքուր էր․ վերջերս բարեբախտաբար ուժեղ ձյուն չէր տեղացել, ու Տիգրանը հանգիստ էր, որ ճիշտ ժամանակին կհասնի Երևան։ Հինգ ամիս առաջ, երբ նա այս նույն ճանապարհով գալիս էր Իջևանի զորամաս, այն շատ ավելի քարքարոտ ու փոսերով լի էր թվում, քան հիմա։ Այն ժամանակ ամեն մի ցնցումը ազդում էր նրա վրա, իսկ հիմա նա ոչինչ չէր նկատում․ կարծես նոր ասֆալտապատված ճանապարհով անցներ։ 

   Տիգրանի աչքերը փակվեցին, ու նա համարյա քնում էր, երբ լսեց ավտոբուսի արգելակի ու բացվող դռների ձայնը։ Նա բացեց աչքերն ու պատուհանից այն կողմ տեսավ մի պառավ կնոջ։ Նա կանգնած էր պաստառի կողքին, որի վրա գրված էր Հովք։

  • Տա՛տ, տեղ չունեմ,- կոպտորեն ասաց վարորդը ,- քեզ չեմ կարա վերցնեմ։

  • Ես կանգնած էլ կգամ, բալա՛ ջան։ Էս սառնամանիքին ինձ ճամփի վրա մի թող:

   Պառավն, առանց լսելու վարորդի պատասխանը, դանդաղ ու մեծ դժվարությամբ սկսեց բարձրանալ ավտոբուսը։

  • Այ տա՛տ, էս փոսոտ ճամփեքին, մինչև Երևան կանգնած չես ձգի- այս անգամ վարորդի ձայնի մեջ ավելի շատ հոգատարություն կար, քան կոպտություն։

  • Կձգեմ բալես․ էս տեսակ բաներ ե՞մ ձգել։

   Պառավն արդեն բարձրացել էր, իսկ վարորդն, առանց ինչ-որ բան ավելացնելու, փակեց դռներն ու շարունակեց ճանապարհը։

   Պառավը տեսքից շատ մեծ էր երևում: Տիգրանի կարծիքով մոտ իննսուն տարեկան կլիներ։ Բարձրահասակ էր, բայց կուզի պատճառով այնքան էր կռացել, որ հասակը չէր երևում։ Գլխին գլխաշոր ուներ, որը ներսից կանաչ գույն ուներ, դրսից դեղին։ Դեմքը սովորականից ավելի սև էր ու չափից ավել կնճռոտ։ Աչքերն էլ, կարծես տարիների ընթացքում կորցրած լինեին իրենց փայլն ու չէին արտահայտում ոչինչ։

   Տիգրանի կողքին նստած աղջիկը՝ մոտ ութ տարեկան, կանգնեց, որ տեղը զիջեր պառավին, բայց նրա մյուս կողքին նստած մայրը կտրուկ քաշեց աղջկա ձեռքից ու հետ նստեցրեց նրան։

  • Էս տեղի համար փող ենք տվել։

   Աղջիկը չհակաճառեց մորը։

   Տիգրանը նայեց շուրջն ու հասկացավ, որ այլևս ոչ ոք չի պատրաստվում իր տեղը զիջել պառավ կնոջն, ու ինքը վեր կացավ։ Ոչինչ, էս երկու ժամն էլ կանգնած կգնա, կարևորը՝ հասներ իր երեխային։ Պառավը նստեց Տիգրանի տեղը՝ նրան անդադար օրհնելով ու շնորհակալություն հայտնելով։

   Այդ պահից սկսած, նա կրկին սկսեց զգացլ ճանապարհի ամեն մի խորդուբորդություն ու ակամա հիշեց իր հինգ ամիս առաջվա տանջանքները։

  • Դուք Հովք գյուղից ե՞ք,- հարցրեց աղջիկը արդեն պառավի կողքին նստած:

  • Հա, Հախկխլուից եմ, բալես։

  • Հախկխ ինչի՞ց։

  • Հախկխլու։ Էդ հիմա է Հովք դարձել։ Թուրքական գյուղ էր։

   Տիգրանին առանձնապես չէր հետաքրքրում իր կյանքի մայրամուտում գտնվող զառամյալի ու նոր-նոր կյանք մտնող ու ամեն ինչից հետաքրքրվող երեխայի զրույցը, բայց նրանց լսելուց բացի, ուրիշ բան անել չէր կարող. կանգնած չես քնի, այն էլ այս ճամփեքին։

  • Ո՞նց, ձեր գյուղում թուրքեր ե՞ն ապրում։

  «Ինչքա՜ն բան չգիտի էս երեխեն», մտածեց Տիգրանը։ Պառավը, սակայն, մեծ հաճույքով պատասխանում էր աղջկա միամիտ հարցերին։

  • Չէ, էլ չեն ապրում,- հանգիստ ու անաղմուկ ասաց նա,- կռվի ժամանակ բոլորը փախան՝ գյուղը դատարկվեց։

  • Բա հիմա ո՞վ ա ապրում ձեր գյուղում։

  • Մերի, ձենդ։

   Աղջկա մորը ակնհայտորեն դուր չէր գալիս այդ զրույցը։

  • Թող հարցնի, իմ համար դժվար չի պատասխանելը - մեղմ ձայնով ասաց պառավն, ապա դարձավ աղջկան, - մեր գյուղ էլ էնտեղից փախած հայերն եկան, քաղցր բալա։

  • Դուք էլ ե՞ք այնտեղից փախել,- հարցրեց աղջիկը։

  • Չէ, ես կյանքիս մեծ մասը Հախկխլուում եմ ապրել,- նա մի պահ մտքերով ընկավ, ապա ասաց,- բայց էլ դժար թե հետ գամ։

  • Թուրքերի հետ ե՞ք ապրել։

  • Մերի՛, սուս մնա,- համարյա գոռալով ասաց աղջկա մայրն, ու դրանով նրանց զրույցն ավարտվեց։

***

Ժամը վեցն էր, ու արդեն մթնել էր: Տիգրանը վերջապես տեսավ Երևան գրությամբ պաստառը ու խորը շունչ քաշեց։ Նա չէր էլ հասկանում՝ ավելի շատ տուն վերադառնալու համար էր այդ շունչը, թե այն բանի, որ այլևս ստիպված չէր լինելու կանգնած գնալ։ «Ու ո՞նց էր էս պառավը երկու ժամ կանգնած ձգելու էս ճամփեքին»,- մտածեց նա։ Դժբախտաբար, մինչև Երևան հասնելը ոչ մի ուղևոր չիջավ. նրանք բոլորը դուրս եկան Երևանի կայարանում՝ զրկելով նրան գոնե մի քանի րոպե նստելու հնարավորությունից։ 

   «Էհ, բարի գալուստ քաղաք» մտքում ինքն իրեն ասաց Տիգրանը և արդեն իջնում էր ավտոբուսից, երբ հետևից մեկը բռնեց նրա ձեռքից։ Այնքան ուժ կար այդ ձեռքում, որ սկզբում նա մտածեց, թե դա ավտոբուսում գտնվող տղամարդկանցից մեկն էր, բայց երբ շրջվեց, իր առջև տեսավ պառավին: Իր ոչինչ չասող աչքերն այնպես էր հառել Տիգրանին, որ նա սարսռաց:

  • Տղա ջան, զգույշ կլինես,- պառավն ավելի ուժեղ սեղմեց Տիգրանի ձեռքը: Նրա ձայնի հանգստությանը փոխարինել էր տագնապը - մի բան անելուց առաջ, երկու անգամ կմտածես, նոր կանես։ Վարար գետը չմտնես, հանդարտն էլ որ մտնես, քեզ ապահվով չզգաս։ Չորս պատերի արանքում որ հայտնվես, իմացիր, որ հինգերորդ պատ էլ կա։ Խոստացվածը եկել է: Նրան ոչ արքան կխանգարի, ոչ էլ հոգևորականը,- Տիգրանը փորձում էր ազատվել պառավի ձեռքից, սակայն նրա մատները կարծես մխրճվել էին իր ձեռքի մեջ,- ու թե որոշես կյանքի դիմաց կյանք գնես՝ կմեռնես։

   Պառավը վերջապես բաց թողեց Տիգրանին, որը շփոթմունքից ու վախից չգիտեր՝ ինչ ասեր։ Ավտոբուսում միայն նրանք երկուսն էին մնացել ու, իհարկե, վարորդը, ում դեմքն արտահայտում էր միայն զայրույթ։

  • Այ ջադու, ես գիտեի դու նորմալ կնիկ ես: Քեզ իզուր էլ վերցրի: Նավսդ ա՛ռ ու շուտ իջի՛,-վարորդի գոռգոռոցը մոտակայքում բոլորի ուշադրությունը սևեռել էր դեպի ավտոբուսը,- Հազիվ մի օր առանց գժերի էի ճամփա ընկել, ըհը, խնդրեմ։

   Պառավն, առանց վարորդին պատասխան տալու, իջավ ավտոբուսից ու կորավ մարդկանց այս ու այն կողմ շարժվող բազմության մեջ։

  • Ապեր, դու էլ սրա ասածները լուրջ մի՛ ընդունի։ Զինվոր տղա ես, հանգիստ գնա քո գործերին։

   Թեպետ պառավի խոսքերը անհեթեթ էին թվում, դրանք հեշտությամբ դուրս չէին գալիս Տիգրանի մտքից: Ի՞նչ գետ, ի՞նչ հինգ պատեր։ Արդյոք վարորդի ասած «գիժը» կարող էր նման բաներ հորինել։ Ինչևէ, պետք էր մոռանալ նաև սա, ինչպես մոռացել էր իր զորամասն ու վերջապես հասնել տուն։

Comments