1. Հաջամանդ

Chapter 1

Chapter 1

   “Բարև, Տիկ։ Ես լավ եմ, մաման ու պապան էլ են լավ, Աստղիկն էլ։ Երեկ բժիշկն ասաց, որ մի շաբաթից կծնվի երեխան։ Ես մի քիչ վախենում եմ, բայց անհամբեր սպասում եմ էդ օրվան։ Պապադ ձեր կամանձիռի հետ խոսել ա։ Ասում ա՝ հենց երեխան ծնվի, քեզ տաս օրով կուղարկեն օտպուսկ։ Ճիշտ է` քիչ ա, բայց ասում ա, որ դրանից ավել հնարավոր չի։

  Քեզ բոլորս շատ կարոտել ենք ու սպասում ենք մեր նոր պապային։

   Սիրով՝ Թերեզա։

26 դեկտեմբեր 2000թ․”։

   Արդեն յոթերորդ օրն էր, ինչ Տիգրանը կարդում էր կնոջ գրած նամակն ու աղոթում, որ ամեն ինչ բարեհաջող ընթանա։

   Տաս օր։ Այս երկու բառերն անընդհատ նրա մտքում էին։ Նա իր երեխային ընդամենը տաս օր էր տեսնելու ու բաց էր թողնելու նրա կյանքի առաջին մեկ տարին ու յոթ ամիսները։ 

   Թերևս սխալ էր այսքան շուտ ամուսնանալը։ Երեխա ունենալն՝ առավել ևս։ Պետք էր ծառայությունից հետո նոր մտածել այդ մասին։ Բայց հիմա արդեն ուշ էր, իսկ ընտրած ճանապարհից հետդարձ չկար։ 

   Սակայն Տիգրանն այդ ամենի պատճառներն ուներ։ Նա սիրահարվել էր Թերեզային այն պահից, երբ նա առաջին անգամ ոտք դրեց իրենց լսարան։ Նրանք առաջին կուրսից միասին էին ու որոշել էին ամուսնանալ, երբ համալսարանն ավարտելուց հետո Տիգրանը կծառայեր ու կվերադառնար։ Բայց մի օր, երբ նրանք դեռ երրորդ կուրսում էին, Տիգրանի մանկության ընկերոջ՝ Գառնիկի հետ մի դեպք պատահեց։ Նրա ընկերուհին, չսպասելով նրա բանակից վերադառնալուն, ամուսնացավ մեկ ուրիշի հետ։ Այդ դեպքը շատ էր քննարկվում Տիգրանի շրջապատում․ ամեն մեկն սկսեց պատմել իր իմացած պատմությունները՝ բանակից ընկերոջը չսպասած աղջիկների մասին։

   Տիգրանի հայրը հիշեց, թե ինչպես էր իրենց վաշտի վրացի Բեկան մեկ շաբաթ անդադար լաց լինում, երբ իմացավ, որ իր սիրելիի ծնողները ստիպողաբար նրան ամուսնացրել էին ուրիշի հետ։ Թաղի տղաներից Արտակը, պատմեց, իր ծանոթի մասին, ում նշանած աղջիկը փախել էր ուրիշ տղայի հետ Մոսկվա, մինչ նա ծառայում էր։ Նույն թաղի հայտնի հարբեցող Վալոդ հոպարը՝ լսելով Արտակի ու Տիգրանի խոսակցությունը, մեջ ընկավ․

  • Էդ հլը փառք ա, որ փախել ա Մոսկվա։ Մեր հարևան Ծյոմիկը, որ գնաց բանակ, մի ամիս չանցած սիրածի գմփունը հելավ,- Վալոդը սկսեց ծիծաղել, իսկ տղաները լուռ իրար երես էին նայում ու սպասում, թե երբ կավարտվի Վալոդի տհաճ պատմությունը։ Բայց նա շարունակեց,- օրը մի մաշնով տուն էին բերում լրբին։

   Նման խոսակցություններն, ինչքան էլ հեռու էին ու չէին վերաբերում  իր Թերեզին, բուն դրեցին Տիգրանի մեջ, ու նա որոշեց, մինչև բանակ գնալն ամուսնանալ։

   Մոտ երեք ժամից ավտոբուսը կհասնի Երևան ու վերջապես նա կտեսնի իր տղային։ Կամ աղջկան։ Երբ առավոտյան անվանականչին լեյտենանտ Ավագյանը հայտնեց իր տուն գնալու մասին, Տիգրանը ուրախությունից մոռացավ, թե ով էր իր դիմաց կանգնած ու հարցրեց․

  • Տղա է թե՞ աղջիկ։

  • Հուսով եմ՝ աղջիկ է։ Քո նմանից ի՞նչ տղա պիտի ծնվի։

   Ավագյանն իր խոսքերից հետո մոտեցավ Տիգրանին՝ նայելով ուղիղ նրա աչքերի մեջ՝ կարծես ասելով՝ դե համարձակություն չունե՞ս, մի բան արա:

   Տիգրանն, ինչքան էլ ուզում էր ամբողջ վաշտի ներկայությամբ հարձակվել հրամանատարի վրա ու մի լավ ծեծ տալ նրան, այնուամենայնիվ զսպեց իրեն՝ հասկանալով, որ կարող էր նոր տարին ընտանիքի հետ անցկացնելու փոխարեն՝ Ավագյանի թեթև ձեռքով հայտնվել գուբախտում կամ էլ ավելի վատ վայրում:  

  • Ժամը երեքին ավտոբուսը գալու ա․ տես՝ չուշանաս, պստի՛կ պապա։

   Տիգրանը լուռ կուլ տվեց Ավագյանի խոսքերը։

   ՊԱԶ կոչվող դեղին ավտոբուսը ժամանեց ճիշտ ժամանակին, ու երբ Տիգրանը բարձրանում էր այն, մեջքի հետևից լսեց ծանոթ ձայն․

  • Տի՜կ։

   Լեննականցի Հայկոն էր։ Տիգրանի համար արդեն պարզ էր, որ նա կամ ինչ-որ բան է խնդրելու, որ Տիգրանն իր հետ քաղաքից բերի զորամաս, կամ հակառակը` ինչ-որ բան ունի փոխանցելու։ Տիգրանը շրջվեց։

  • Ապ ջան, մե խնդրանքըմ ունիմ, պտի չմերժես։

  • Ասա՛, Հայկո։

   Հայկն իր վերարկուի գրպանից մի ծրար հանեց։

  • Տիկ ջան, սոր մեջ փող կա ցավդ տանիմ, պտի հասցնես Լեննական՝ մերոնց։ 

  • Հայկո ի՞նչ Լեննական,- Տիգրանն անկեղծ զարմացել էր նման խնդրանքից,- ես Երևանում հազար հատ գործ ունեմ, չեմ կարա գնամ, կներես ախպե՛ր։

   Տիգրանի ու Հայկոյի միջև մտերմություն կար, բայց նրանք այնքան մոտ չէին, որ Տիգրանն իր թանկագին տաս օրերից մեկը կորցներ Գյումրի գնալ-վերադառնալու համար։

  • Ապ, փոքր քուրս ռակով հիվանդ է,- Հայկի ձայնը հուզմունքից կտրուկ փոխվեց։ Տիգրանը նաև նկատեց, ինչպես նրա աչքերն ակնթարթորեն արտասվակալեցին,- էս փողը իրանց շատ է պետք, սաղ կյանք քեզի շնորհակալ կեղնիմ։

   Տիգրանը Հայկոին մերժելիս արդեն որոշել էր, որ ինչ էլ նա ասեր, չպետք է փոխեր իր որոշումը, բայց Հայկոն նրան ոչ մի շանս չտվեց։ Նա իհարկե շատ հարցեր ուներ․ օրինակ թե ինչու ոչ մեկը չգիտեր իր քրոջ հիվանդության մասին, կամ թե որտեղից նրան այդքան գումար, բայց ժամանակ չկար խոսելու՝ ամբողջ ավտոբուսը նրան էր սպասում։ Տիգրանն ինքը կրտսեր քույր ուներ՝ Աստղիկը, ում տասնվեց տարին նոր էր լրացել։ Երբ նա պատկերացրեց, որ իր քրոջ հետ էլ կարող էր նման բան պատահել, ձեռքը մեկնեց ու վերցրեց Հայկոյի ծրարը։ 

  • Ապեր արագացրու։

   Լսվեց ավտոբուսի վարորդի բամբ ձայնը։

  • Ապրիս Տիկս, քեզի բարի ճամփա։ Հասցեն ու հորս անունը գրած է ծրարի վրա։ Ավզնոց պտի երթաս։

  • Լավ Հայկո, եթե մարդ ես, չկարողանամ էլ գնամ, ապահով մեկի հետ կուղարկեմ էս ծրարը:

   Հայկի քրոջ մասին լուրը շատ ազդեց Տիգրանի վրա, սակայն երբ ավտոբուսի դռները փակվեցին նա մոռացավ ամեն ինչի մասին, թե Հայկոի, թե լեյտենանտ Ավագյանի ու թե այն ամենի, ինչ կապված էր ծառայության հետ, նրա մտքին միայն Թերեզն էր ու իրենց նորածին երեխան։ Տիգրանը նստեց ավտոբուսի ամենավերջում գտնվող չորս նստարաններից միակ ազատին։

   

Comments