Chapter 3
Մաս 3
Մեկ ամիս էր անցել այն պահից, երբ Հայկազը սկսեց ընկերություն անել Ճարպիկի հետ։ Վերջինս նրան հորեղբայր, կամ Հայկազ էր կոչում։ Հայկազին շատ բաներ դուր չէին գալիս։ Դրանց մասին բարձրաձայնում էր՝ առանց վարանելու։ Այդպիսինն էր։
Ճարպիկը իր կյանքին լուրջ չէր վերավերվում։ Ամեն գիշեր ակումբ էր գնում։ Ամեն անգամ՝ տարբեր։ Աշխատում էր նույն տեղում շատ չերևալ։ Նաև մասնագիտությունից դրդված։ Գործնական զգուշություն էր։ Բայց այնպես էր հարբում ամեն անգամ, որ բարերում նրան հաստատ լավ էին հիշում ու երկար ժամանակ չէին մոռանա։
-Ինձ կոնյակ լցրու, եղբայր, էսօր հարուստ եմ ու շռայլ,- ասաց բարմենին մի անգամ՝ իր կյանքի ամենաանմոռանալի գիշերներից մեկից ժամեր առաջ, երբ սովորականի պես գիշերային ակումբում էր։ Այդ օրը գողացել էր՝ պատահական։ Սևոն չգիտեր։ Նման դեպքերում փողը մնում էր իրեն, իսկ դա արդեն նշելու առիթ էր։
Մի քանի բաժակ կոնյակից հետո սկսեց շոգել։ Աչքերի դիմաց հայտնված պատկերը պտտվում էր ու թվում էր՝ հիմա կընկնի։ Փորձեց կանգնել, բայց սխալ որոշում էր․ հետ ընկավ ու մնաց աթոռի վրա։ Իսկ պատկե՜րը... այ դա պատկեր էր։ Մի գեղեցկուհի, շքեղություն ու անհասանելիություն՝ ամփոփված մի կարմիր վուլգար զգեստի մեջ։ Նա նայեց իրեն ու ժպտաց։ Հետո նորից։
Ճարպիկը մտածեց, որ երկու տարբերակ կա՝ կամ այս եղնիկն իրեն գայթակղում է, կամ ինքն այնքան է հարբել, որ դա իրեն միայն թվում է։ Ինքը հակված էր առաջին տարբերակին։ Միայն մի ձև կար իսկապես ստուգելու։ Այնուամենայնիվ՝ խոսեց (եթե հարբածությունից էլ լիներ՝ ոչինչ, ամեն ինչ իրեն կարելի է, չէ՞ որ հարբած է)․
-Եղնի՛կ։ Որտեղի՞ց եկար։
-Անտառից եմ փախել,- լուրջ պատասխանեց դիցուհին։
-Ու՞մից ես փախել։
-Առյուծից,- ասաց աղջիկն ու ուսի վրայով գլխով ցույց տվեց հետևում նստած ենթադրյալ սիրեկանին։ Ճարպիկն աչքերին չէր հավատում։ Սիրեկանը հենց այն բուլկին էր։ Սթափվեց միանգամից։ Իսկ եթե իրեն ճանաչի՞․․․ ու ընկնի հետևի՞ց։ «Հետո չեմ կարող վազել, ավելի լավ է հիմա անծպտուն հեռանամ» մտածեց Ճարպիկը ու մի օդային համբույր ընծայելով աղջկա ուղղությամբ (ակնհայտորեն ոչ այտին)՝ դանդաղորեն հեռացավ։ Ինչպես օձն է սողում։
Օրեր անց Ճարպիկը նորից եկավ այս ակումբ։ Այս անգամ վհատված էր, օղի էր խմում մի գլուխ։ Սևոն հերթական կողոպուտից հետո նորից խաբել էր ու չէր տվել իր մասնաբաժնի մի մասը։ Խմեց ու խմեց։ Ժամեր անցան։ Արդեն ընկած էր բարի վրա։
Բարին հենված անտեր գլխի կողքին մատների թկթկոց լսվեց։ Ասես մեկն ուզում էր գրավել գլխի տիրոջ ուշադրությունը։ Բայց դա վերջինիս կողմից անարձագանք մնաց։
-Հե՜յ։
Լսեց մի քնքույշ ձայն։ Ասես ականջն էին շոյում։
-Ինձ հիշու՞մ ես,- երկրորդ անգամ ձայնը լուրջ թվաց։
Նորից։ Աղջկա քաղցր ձայն էր։ Գլուխը բարձրացրեց ու մեխվեց կանչողի դեմքին։ Եղնիկն էր։ Ավելի շքեղ, քան նախորդ անգամ։ Մի քանի վայրկյան հիացավ նրանով, բայց դա երկար չտևեց, մի բան անցավ մտքով։ Ոչ։ Գրողը տանի։ Ուրեմն բուլկին ճանաչել է ու եղնիկին ուղարկել իր հետևից։ Թո՛ղ գնան գրողի ծոցը, ինչ լինում է թող լինի, ի վիճակի չի փախչելու։ Աչքերը փակվում են։
Եղնիկները կարծես երկուսն են։ Պարում են իր աչքի առաջ։ Միանգամից անջատվեց, բայց անմիջապես մի սթափեցնող տաք հարված զգաց գլխին։ Ամբողջ մարմինը փշաքաղվելուվ՝ տաքացավ ու ուշագնաց ընկավ։