1. Գողը

Chapter 2

Մաս 2

Հանցագործը վերադառնում է դեպքի վայր։ Զուր չէ ասված։ Ճարպիկը երբեմն-երբեմն վերադառնում էր շուկա։ Այստեղ ամեն ինչ ավելի տնավարի էր։ Հետաքրքիր էր տարեցներից ու գեր փողատերերից փախչելը։ Դեռ մի քանի անգամ էլ այստեղից մանր-մունր գողություններ արեց։ Շուկան ինչ-որ առումով դարձել էր իր տունը, այստեղ իրեն լավ էր զգում։

Ի վերջո ուզած, թե չուզած, ընկերացավ Հայկազի հետ։ Մի անգամ համարյա բռնվում էր։ Հայկազը օգնեց նրան թաքնվել (իր դիմացինից էր տանում)։

-Իմացիր, կոնկուրենտիցս չգողանայիր՝ գուցե էդպես էլ բանի տեղ չդնեի քեզ, կամ միանգամից վերջդ տայի, չգիտեմ,- ասել էր Հայկազը, չնայած՝ նրանք երկուսն էլ գիտեին, որ դա սուտ էր։

Ի վերջո ամեն ինչ ավարտվել էր այնպես, որ Հայկազն իր ձեռքով գողոնը վերադարձրել էր տիրոջը։ «Սիրտս չէր տանի» ասել էր նա վերջում։ Ինչպես միշտ։ Դրանից հետո, իհարկե, արժանացավ սիրելի կնոջ ֆշշոցներին։ Մի քանի օր շարունակ։ «Փող էր էլի, վատ կլինե՞ր, գոնե Կարոյի փողը կտայինք»։

Այդ օրը արևը հարկ եղածից ավելի էր շողում։ Գուցե հենց դա էր պատճառը։ Երբ շոգ է, մարդիկ կա՛մ ատում են իրար, կա՛մ չափից ավելի լավ են տրամադրված դիմացինի նկատմամբ։ Իսկ Հայկազը երկրորդ խմբին էր պատկանում։

Այդպես ծանոթացան ու ճանաչեցին միմյանց Ճարպիկն ու Հայկազը։ Մի տարօրինակ ընկերության սկիզբ, որը, հավանաբար, իրավունք չուներ երկար տևելու՝ հաշվի առնելով հիմքերը։

Այդպես էր մտածում Ճարպիկը։

Comments