Chapter 1
Գլուխ 1։Նոր կյանքի օբյեկտիվը
Տեսախցիկի օբյեկտիվը ֆոկուս է բռնում։ Կադրում միայն մութն է ու հեռվում թարթող քաղաքային լույսերը, որոնք անդրադառնում են օդանավի պատուհանին։ Հանկարծ լսվում է ցածր, մի փոքր հոգնած, բայց թավշյա մի ձայն։
— «2026 թվական, սեպտեմբերի 14։ Ժամը՝ 04:30։ Ես չգիտեմ՝ սա իմ կյանքի ամենամեծ հիմարությունն է, թե ամենամեծ հնարավորությունը... բայց ես արդեն այստեղ եմ»։
Տեսախցիկը շրջվում է։ Էկրանին հայտնվում է Ազիելը։ Ինքնաթիռի սրահի թույլ լուսավորության տակ նրա փիրուզագույն աչքերը կարծես սեփական լույսն ունենան։ Մուգ, խիտ մազափնջերը թափված են ճակատին՝ ծածկելով հոնքերի սուր գիծը։ Նա թեթևակի ժպտում է՝ ուղղելով տեսախցիկը, ու կադրն ընդհատվում է։
[Սեուլի «Ինչոն» օդանավակայանի աղմուկը, ճամպրուկների անիվների ձայնը և կորեերեն հայտարարությունները]
Ազիելը քայլում էր օդանավակայանի փայլուն հատակի վրայով։ Նրա ամեն մի շարժումը՝ նույնիսկ ուղղակի քայլվածքը, մատնում էր պրոֆեսիոնալ պարողին. մեջքն ուղիղ էր, քայլերը՝ թեթև ու ռիթմիկ։ Շրջապատի մարդիկ ակամա հայացքն ուղղում էին այս օտարերկրացուն, ում սուր, արիստոկրատիկ դիմագծերն ու մուգ մաշկը կտրուկ առանձնանում էին ամբոխից։
Նա դուրս եկավ փողոց։ Կորեայի առավոտը սառն էր ու թաց։
Մեկ ժամ անց Ազիելը կանգնած էր մի նեղ դռան առաջ՝ Սեուլի հանգիստ թաղամասերից մեկում։ Բանալին պտտվեց կողպեքի մեջ, և նա ներս մտավ։
Բնակարանը փոքր էր, բայց լուսավոր։ Մեկ սենյակ, որը պետք է ծառայեր և՛ որպես ննջասենյակ, և՛ որպես հյուրասենյակ, և՛ որպես ստուդիա իր վլոգների համար։Ազիելը ճամպրուկը թողեց դռան մոտ, մոտեցավ պատուհանին ու նորից միացրեց տեսախցիկը։
— «Սա իմ նոր տունն է։ Փոքր է, բայց այստեղից ամեն ինչ սկսվելու է։ Վաղը իմ առաջին աշխատանքային օրն է ռեստորանում։ Ես եկել եմ Եգիպտոսից այսքան հեռու, որպեսզի ցույց տամ՝ պորտապարը միայն արվեստ չէ, այն իմ հոգին է»։
Նա անջատեց տեսախցիկը և հոգնած նստեց մահճակալին։ Ձեռքի մեջ սեղմած էր աշխատանքային պայմանագիրը։
* «The Velvet Lotus» ռեստորանում երեկոն սկսվում էր դանդաղ։
« Թավշյա լոտոս»։
Դահլիճի կենտրոնում, սեղանների արանքով հաստատակամ ու թեթև քայլվածքով շրջում էր մի բարձրահասակ տղամարդ։ Հան Սոջինը իր 188 սմ հասակով շատ էր աչքի ընկնում։Նույնիսկ մատուցողի համազգեստը չէր կարողանում թաքցնել նրա լայն ուսերն ու պրոֆեսիոնալ մարզված մարմինը. կրծքավանդակի մկաններն ընդգծվում էին սպիտակ շապիկի տակից։Նրա դեմքը դասական արևելաասիական գեղեցկության մարմնացում էր. նեղ, խորհրդավոր աչքեր, որոնք սովորաբար կարծես կիսաբաց էին, ինչը նրան հաղորդում էր մի տեսակ հանգիստ,խորամանկ ու ինքնավստահ հայացք։
— Շնորհակալություն, ձեր ժպիտն այս երեկոն ավելի լուսավոր դարձրեց,– Սոջինը մեղմ ձայնով դիմեց հաճախորդին՝ շուրթերի ծայրով թեթևակի ժպտալով։
Բայց հենց որ նա հեռացավ սեղանից ու մտավ բարի հետնամասը, այդ բարի ու «սիմպո» տղայի դիմակն ակնթարթորեն փշրվեց։ Աչքերը սառեցին։ Նա հայացքով չափեց դահլիճում նստած կանանց, ինչպես նկարիչը կընտրեր թուղթը՝ իր հերթական էսքիզի համար։
«Այս մեկը շատ է խոսում... իսկ այն մյուսը... միգուցե մի քանի գիշերվա համար արժե փորձել»,– մտածեց նա՝ անփույթ ձեռքով ուղղելով իր մուգ մազերը։ Սոջինը գիտեր իր արժեքը։ Նա գիտեր, որ բավական է միայն հրավիրել իր տուն՝ «նկարելու» պատրվակով, և ոչ ոք չէր կարողանա դիմադրել նրա քայքայիչ հմայքին։ Նրա համար մարդիկ պարզապես գույներ էին իր կտավի վրա, որոնք նա օգտագործում էր ու հետո մոռանում։
«The Velvet Lotus» ռեստորանի հետնամասը լցված էր թեթև աղմուկով։ Սպասքեղենի մեղմ զրնգոցը, անձնակազմի կարճ, գործնական խոսակցությունները և օդում կախված թեթև օծանելիքի ու ալկոհոլի խառնված հոտը ստեղծում էին մի յուրահատուկ լարվածություն, որը լինում է միայն այն վայրերում, որտեղ ամեն ինչ պետք է կատարյալ լինի։
— Բոլորդ մի պահ ուշադրություն դարձրեք, — հնչեց մենեջեր` Կանգ Սերայի ձայնը։
Անձնակազմի մի քանի անդամ շրջվեցին։
Դռան մոտ կանգնած էր նա։
Ազիելը։
Սև, երկար վերարկուն ընդգծում էր նրա բարձրահասակ կազմվածքը, իսկ մազերը, որոնք ազատ թափվում էին ուսերից ներքև, փափուկ փայլ էին տալիս լույսի տակ։ Նրա ներկայությունը չէր փորձում ուշադրություն գրավել, բայց այնուամենայնիվ ուշադրությունը ինքն իրեն էր գալիս դեպի նա։
— Սա Ազիելն է, — շարունակեց մենեջերը։ — Նա մեր նոր պարողն է։ Այսուհետ նա ելույթ կունենա մեր երեկոյան ծրագրի շրջանակում։
Կանգ Սերան իր կորեական դիմագծերով ու մինչև ուսերը հասնող ուղիղ, սև մազերով հիշեցնում էր սառցե արձան։ Նրա ճակատամազը ընդգծում էր հայացքի խստությունը, իսկ կոկիկ արտաքինը՝ անզիջում բնավորությունը։ Ամեն մի շարժումը վստահ էր ու հաշվարկված։
Մի քանի աշխատակիցներ հետաքրքրված հայացքներ փոխանակեցին։
Հենց այդ պահին Սոջինը, ով կանգնած էր բարի մոտ՝ բաժակներ դասավորելով, մի պահ բարձրացրեց հայացքը։
Նրա աչքերը սահեցին Ազիելի վրայով։
Մի վայրկյան։
Ոչ ավելի։
Ոչ հետաքրքրություն։
Ոչ զարմանք։
Ոչ էլ որևէ առանձնահատուկ զգացողություն։
Պարզապես փաստի արձանագրում։
«Այսինքն՝ սա է նոր պարողը», — անցավ նրա մտքով։
Սոջինը արդեն գիտեր, որ արտասահմանից պարող էր գալու։ Եվ գիտեր, որ տղամարդ է։
Դա նրա համար ոչինչ չէր փոխում։
Նրա հայացքը նույնքան արագ վերադարձավ բաժակներին, որքան արագ բարձրացել էր։
Ազիելը նկատեց դա։
Նա նկատեց ամեն ինչ։
Այն, թե ինչպես այդ տղամարդը նույնիսկ չփորձեց երկար նայել իրեն։
Այն, թե ինչպես նրա շարժումները հանգիստ էին, վստահ, առանց ավելորդ ցուցադրության։
Ազիելը նույնիսկ չզգաց, թե ինչպես իր ողջ ուշադրությունը անդիմադրելիորեն գամվեց Հան Սոջինի վրա։
Լայն ուսեր։
Ուղիղ մեջք։
Հանգիստ շարժումներ։
«Հետաքրքիր է...» — մտածեց Ազիելը։
Ոչ ժպիտ։
Ոչ արտահայտված հետաքրքրություն։
Պարզապես դիտարկում։
— Բարի գալուստ, — ասաց մենեջեր Կանգ Սերան։ — Հիմա կարող ես պատրաստվել։ Քո ելույթը սկսվում է մեկ ժամից։
Երբ բոլորը վերադարձան իրենց գործերին, Սոջինը վերցրեց իր բաճկոնը։
— Ես այսօր ավելի շուտ եմ գնում, — հանգիստ ասաց նա մենեջերին։
— Ամեն ինչ կարգի՞ն է։
— Այո։ Անձնական գործեր ունեմ։
Ոչ մի ավելորդ բացատրություն։
Նա անցավ միջանցքով՝ չնայելով ոչ մեկին։
Մեկ ժամ անց։
Դահլիճի լույսերը մեղմ խամրեցին։
Խոսակցությունները դանդաղեցին։
Բեմի վրա վառվեց լուսավորությունը։
— Հարգելի հյուրեր, — հնչեց հաղորդավարի ձայնը, — «The Velvet Lotus» ռեստորանը հպարտ է ներկայացնել իր նոր արտիստին, ով հատուկ մեզ համար ժամանել է Եգիպտոսից։
Կարճ դադար։
— Ազիել։
Դահլիճում լսվեց հետաքրքրված շշուկ։
Եվ հետո—
նա հայտնվեց։
Ազիելը բեմ բարձրացավ կիսամերկ՝ ընդգծելով իր թուխ մարմինը։ Երաժշտության առաջին իսկ հնչյունների հետ Ազիելի մարմինը կենդանացավ։ Դա արևելյան պար էր՝ լի կրքով և անթերի վերահսկողությամբ։ Նրա որովայնի մկանները շարժվում էին ալիքաձև ու սահուն, կարծես մաշկի տակ ապրող մի օձ։
Սրահում լռություն տիրեց։ Մարդիկ շունչները պահած հետևում էին։
— Նա... անիրական է, — շշնջաց մի կին։
— Ես նման բան երբեք չեմ տեսել, — պատասխանեց մյուսը։
Մի տղամարդ առաջ թեքվեց իր աթոռին։
— Սա արդեն պար չէ։
— Սա ինչ-որ ուրիշ բան է։
Երբ երաժշտությունը ավարտվեց, մի պահ լռություն տիրեց։
Եվ հետո—
ծափահարություններ։
Բարձր։
Անկեղծ։
Երկար։
— Դա... դա հզոր էր, — ցածրաձայն ասաց բարմենը՝ հարգանքով գլխով անելով։ — Դու փոխեցիր սրահի օդը, — ավելացրեց մատուցողուհիներից մեկը՝ դեռևս տպավորված նրա հայացքից։
Հանդերձարանում Ազիելը վերջապես հանեց ծանր, զնգացող գոտին և մետաքսյա անդրավարտիքը։ Մի քանի րոպե անց հայելու մեջ նրան էր նայում սովորական մի տղա՝ պարզ ջինսերով և սև բլուզով։ Բեմական փայլն անհետացել էր՝ իր տեղը զիջելով հաճելի հոգնածությանը։
Տանը լռությունն այլ էր՝ հանգստացնող։ Լվանալով դեմքը և վերջապես ազատվելով օրվա լարվածությունից՝ նա իր համար պարզ ընթրիք պատրաստեց։ Միայնակ ուտելիս նա մտովի դեռ սրահում էր։
_Տեսնես ինչ էր եղել, որ գնաց այն տղան… ոնց էր անունը՞ Սոջին՞ Հան Սոջին՞։
Ազիելը թեթևակի ծամեց շրթունքը։
— Կորեացիները ո՞նց էին ասում տարիքով մեծ ընկերոջը… — մրմնջաց նա ինքն իրեն։
— Ա՜, հիշեցի։
Ազիելը թեթև ծիծաղեց։
— Բայց ես հաստատ "հյոնգ" չեմ ասելու… — մրմնջաց նա։