Chapter 1
I
Արևը սաստիկ կիզիչ էր, մանավանդ նավահանգստի վրա, ուր նրա տաքությունը պատերի մեջ մթերված՝ անդրադառնում—այրում էր վրայի աշխատավորներին։
Նրանք կրում էին։ Սև քրտինքը աղբյուրի պես ծորում էր սևացած դեմքերի վրայից։ Վագոնի մեջ մտած Մկոն ու Ակոն կարճ բահերով վերցնում էին մարգանեցի կույտից, լցնում կողովների մեջ, դրսի կողմից մի առ մի առաջ էին գալիս ուրիշները, շալակում կողովները, ու տախտակյա կամուրջից շոգենավ վազելով, դատարկում էին այնտեղ։
Այդ բոլորը կատարվում էր սև, թանձր փոշու մի ամպի մեջ։ Կուլ էին տալիս նոքա ածխային փոշի։ Ոմանք տապից կիսովին մերկացել,մերկ մասն էլ լավ սևացած, ուրիշները մուր թքելով… աշխատում էին, արագ աշխատում…
Քսան հոգի էին. մի թուրք կապալառուի մշակները։ Բոլորն էլ թուրքահայեր։ Թողած տունուտեղ, կին ու որդի, վաղուց էր, որ նրանք այնտեղ էին և մարգանեցի փոշի էին կուլ տալիս։
Մկոն էլ նրանց հետ էր, իր հորեղբորորդի Ակոյի հետ։ Մեծ շոգենավը կաթսան վառել, շոգի էր ճնշում. բեռնվել էր. մի ժամ ևս և մտադիր էր դուրս գնալ դեպի ծովը: Պատյանը սարսռում էր շոգու ճնշումից, իսկ լայն ծխնելույզը թանձր ծուխ էր ժայթքում։ Նավի կամուրջի վրա կանգնել էր անգլիացի գեր նավապետը, ծխամորճը բերնի անկյունին, հափրացած աչքերով դիտում էր մշակների աշխատանքը և հազիվ, ուրեմն, շարժում էր գործում՝ տեսնելու համար, թե շա՞տ էր մնում ամբարի լցվելուն։
Նավահանգստի ներսում ջրերը խաղաղ էին. քարե նավամատույցի վրա կենդանություն կար։ Դեմ առ դեմ, ավազոտ ափին ձկնորսները վահանաձկեր էին փռել արևի դեմ, իսկ նոցա գլխի վրա թռչունները խուլ ճիչեր արձակելով՝ իջնում֊բարձրանում էին։
Թուրքահայերն աշխատում էին. պարբերական արագ և միակերպ աշխատություն։ Չէին խոսում։ Հազիվ երբեմն լսվում էր ընդհատ բառեր, կարճ, կտրուկ հրամաններ, որոնք ուղղվում էին մշակներին՝ քիչ հեռու կանգնած վերակացուի կողմից։
Այդ բոլորը կատարվում էր պատի այն մասում, ուր երկաթուղու գիծը հասնելով, շոգենավի համար վագոններով մարգանեց էր բերել կանգնեցրել։ Պատի վերևի մասը դատարկ էր։
Երբ բավական կրել էին, Ակոն կանգ առավ և դառնալով հորեղբորորդուն ասաց.
— Կարծեմ կեսօրը մոտ է։
— Հա՞— արեց միայն Մկոն և գործը շարունակեց։
Շոգենավից քիչ հեռու խարսխել էր հունական մի առագաստանավ. նրա մեջ նավապետի ընտանիքը այժմ բազմել էր հովանոցի տակ և ճաշում էր. կերակուրի հոտը բուրում-հասնում էր մինչև աշխատավորները։ Իսկ մարգանեցի սև փոշին հոսում էր դեպի մշակների բերանը, քթածակերը։ Երբեմն թքում էին, սևացած թևերով սև ճակատի սև քրտինքը սրբում, որ ծորում էր մինչև մարմնի խորքերը։
— Պարտքիցդ շա՞տ է մնացել,—հարցնում էր այդ միջոցին Ակոն Մկոյին, կամենալով մի բան խոսել։
Ակոն տրամադիր չէր, բայց ցուցամատը աղեղնաձև ծալեց և նորանով աջից ձախ ցած հոսեցրեց քրտինքը, և երբ ճակաաը քիչ սպիտակի էր, ասաց.
— Դեռ կա… քսան մանեթ էլ կա:
Ակոն լռեց և բահը մղեց մարգանեցի մեջ:
Խե՜ղճ Մկո. մինչև երբ պիտի կարողանար այդ գումարը վճարեր: Չէ՞ որ քսան ռուբլի վճարելու ընթացքում նրան ապրել էր պետք, տուն փող ուղարկել… Ուրեմն էլի պարտք պիտի աներ, էլի պիտի հաշիվներ ունենար։ Խե՛ղճ Մկո։
Այդ մտածելով, Ակոն նայեց Մկոյի սև դեմքին։
— Կուզես իմ օրականից քիչ վերցրու,— խոսեց նա պահ մի հետո։
— Դու քի՞չ պետք ունես,— մռմռաց Ակոն,— Սրապիոն աղայի անհատնում պարտքդ մոռացե՞լ ես։
Եվ երկուսն էլ միաժամանակ բահերը խրեցին մարգանեցի կույտի մեջ։
Այդ միջոցին հեռվում կանգնած մի շոգենավի վրայից լսվեց նախ զանգակի և իսկույն հետո սուլումի ձայն։
— Կեսօ՛ր,— գոչեց մեկը ցածից։
— Կեսօր…— ասացին միմյանց ետևից ամենքը և տեղնուտեղը ցած գցեցին կողովները։
Հոգնել էին, սաստիկ հոգնել։ Ցած դրին կողովները և նրանց կողքին էլ նստան։
— Հաց ուտենք,— ասաց Ակոն։
— Անոթի չեմ,— առարկեց Մկոն,— բայց գնանք, նավամատույցն վերին ծայրը ելնենք, սիրում եմ ծովին նայել, դիտել հեռու, շատ սիրուն է տեսարանը, ծայր չունի…
Աչքերը տրորեց, թևով մի այտը սրբեց ու դուրս թռավ վագոնից՝ վերի պատի վրա: Ակոն հետևեց նրան։ Ամեն կողմ, իրենց կողովների մոտ նստոտել էին և հանգստանում սև թշվառները։ Մեկը ընկողմանած մարգանեցի կույտի վրա, մյուսը՝ մեջքի վրա փռված այրող արևի մեջ տաք քարերի վրա, մի ուրիշը թիկն տված վագոնին… Ջուր չկար լվացվելու. ծովը խոր էր, ջուրն էլ աղի։ Ստիպված էին սև մնալ ու իրենց մի կտոր ցամաք հացը սև ակռաներով խածնել ու փոշու հետ կուլ տալ:
Վագոնի մի անկյունից Ակոն հանեց թաշկինակով կապած հացը, երկու եղբորորդիները հեռացան դեպի նավամատույցի ծայրը, հով տեղ չկար․ արևի տակ, կիզիչ քարերի վրա նստեցին և պահ մի լուռ՝ սկսեցին ուտել։