1. Երեք հրացանակիրներ

Chapter 8

Առաջին մաս VII. Հրացանակիրներն իրենց տանը

Երբ Լուվրից դուրս գալուց հետո դ’Արտանյանը իր ընկերներին հարցրեց, թե ինչպես ավելի լավ կլինի ծախսել քառասուն պիստոլից իրեն ընկած բաժինը, Աթոսը խորհուրդ տվեց մի լավ ճաշ պատվիրել «Սոճենու Կոնգոմ» ճաշարանում, Պորտոսը՝ մի ծառա վարձել, իսկ Արամիսը՝ մի կարգին սիրուհի ճարել։

Ճաշկերույթը տեղի ունեցավ նույն օրը, և մատուցում էր նոր ծառան։ Ճաշը պատվիրել էր Աթոսը, իսկ սպասավորին գտել էր Պորտոսը։ Դա մի պիկարդացի էր, որին պանծալի հրացանակիրը վարձել էր այդ նույն օրը, այդ նույն ճաշկերույթի առթիվ։ Պորտոսը նրան տեսել էր Լա Տուրնել կամրջի վրա, որտեղ Պլանշեն, ինչպես կոչում էին ծառային, թքում էր ջրի մեջ և հետաքրքրությամբ դիտում, թե ինչպես է ջուրը շրջաններ կազմում։ Պորտոսը պնդում էր, որ այդպիսի զբաղմունքը ցույց է տալիս մարդու դիտողական հակումն ու խոհականությունը, և առանց հետագա տեղեկություններ ստանալու նրան տարավ իր հետ։ Պլանշեին դուր էր գալիս այդ ազնվականի պատկառելի տեսքը, որի մոտ նա ենթադրում էր, թե ծառայության է մտնում, և նա մի փոքր հիասթափվեց, երբ տեսավ, որ այդ տեղն զբաղեցնում է իր նման մեկը Մուշկետոն անունով։ Պորտոսը նրան բացատրեց, որ իր տերը թեպետև շքեղ կյանք է վարում, սակայն միայն մեկ ծառայի կարիք ունի, և Պլանշեն ստիպված պիտի լինի ծառայության մտնել դ’Արտանյանի մոտ։ Սակայն, սպասավորելով այն խնջույքին, որ տալիս էր իր տերը, և տեսնելով, թե ինչպես սա հաշիվը վճարելիս գրպանից մի բուռ ոսկի դրամներ հանեց, Պլանշեն մտածեց, որ իր բախտն ապահովված է և գոհունակություն հայտնեց երկնքին, որ այդպիսի կրեզի<ref>Կրեզ (մոտ. 560-546 թթ. մ. թ. ա.) — Լիդիայի վերջին արքան, որն ուներ անհաշիվ քանակությամբ հարստություն, շնորհիվ որի նրա անունը գործածվում է բացասական երանգով։</ref> մոտ է ընկել։ Այդ նույն համոզմունքը նրա մեջ մնաց, մինչև որ վերջացավ ճաշկերույթը, որի մնացորդներով նա վարձատրեց իր երկար սպասումը։ Սակայն երեկոյան, երբ նա իր տիրոջ անկողինն էր փռում, շքեղ երազանքը հօդս ցնդեց. ամբողջ բնակարանում, որ բաղկացած էր ննջարանից ու նախասենյակից, կար միայն մեկ անկողին։ Պլանշեն քնելու պառկեց նախասենյակում, մի վերմակի վրա, որ նա վերցրել էր դ’Արտանյանի մահճակալից, և այդ օրվանից դ’Արտանյանը ստիպված եղավ յոլա գնալ առանց վերմակի։

Աթոսը նույնպես ուներ մի ծառա, որին հատուկ դաստիարակություն էր տվել։ Նրա անունն էր Գրիմո։ Հարգարժան պարոնը — մենք, իհարկե, նկատի ունենք Աթոսին,— շատ լռակյաց մարդ էր։ Ահա արդեն հինգ թե վեց տարի նա ապրում էր որպես Պորտոսի ու Արամիսի ամենամտերիմ ընկերը։ Այդ ժամանակամիջոցում ընկերները նրա դեմքին ժպիտ շատ անգամ էին տեսել, բայց ծիծաղը երբեք չէին լսել։ Նրա խոսքերը հակիրճ էին և արտահայտիչ, նա միշտ ասում էր այն, ինչ ցանկանում էր ասել, ուրիշ ոչինչ. ոչ մի պչրանք, երանգ ու զարդարանք։ Նա խոսում էր միմիայն էականի մասին, առանց մանրամասնությունները շոշափելու։

Թեև Աթոսը երեսուն տարեկանից ավելի չէր և հիանալի մարմին ու հոգի ուներ, բայց ոչ ոք չէր լսել, թե նա սիրուհի ունի։ Երբեք նա կանանց մասին չէր խոսում, բայց ուրիշներին էլ չէր խանգարում խոսել այդ թեմայի մասին, թեև հեշտ էր նկատել, որ այդպիսի խոսակցությունը, որին երբեմն միայն նա մի դառն բառ էր ավելացնում կամ մի մռայլ դիտողություն, չափ ազանց տհաճ էր նրան։ Նրա զսպվածությունը, ինքնամփոփությունը, սակավախոսությունը համարյա ծերունի էին դարձնում նրան։ Դրա համար էլ, հարկ չհամարելով փոխել իր սովորությունները, նա Գրիմոյին վարժեցրել էր կատարել իր պահանջները. Գրիմոն հասկանում ու ենթարկվում էր նրա ամեն մի հասարակ նշանին կամ շրթունքների աննշմարելի շարժումին։ Աթոսը նրա հետ խոսում էր միայն ամենաարտակարգ հանգամանքներում։

Պատահում էր, Գրիմոն, որը վախենում էր իր տիրոջից ինչպես կրակից, թեպետև ջերմորեն կապված էր նրան և խոնարհվում էր նրա խելքի առաջ, պատահում է-ր՝ կարծում էր, թե հասկացել է տիրող ցանկությունը և վազում էր կատարելու, բայց ճիշտ և ճիշտ Աթոսի ցանկացածի հակառակն էր կատարում։ Այն ժամանակ Աթոսը թոթվում էր ուսերը և առանց ամենափոքր զայրույթի ծեծում էր Գրիմոյին։ Այդպիսի օրերին նա մի քիչ ավելի զրուցասեր էր լինում։

Պորտոսը, ինչպես արդեն իմացանք, Աթոսի ճիշտ և ճիշտ հակապատկերն էր. նա ոչ միայն շատ էր խոսում, այլև խոսում էր բարձր ձայնով։ Ի դեպ, պետք է արդարացի լինել ասելու, որ նրա համար միևնույն էր՝ լսո՞ւմ են իրեն, թե ոչ։ Նա խոսում էր իր սեփական բավականության և ինքն իրեն լսելու բավականության համար։ Նա խոսում էր վճռականապես ամեն բանի մասին, բացառությամբ գիտությունների, պատճառ բերելով այն խոր զզվանքը, որն, իր ասելով, մանկությունից ներշնչել էին գիտնականները։ Նրա տեսքը այնքան վեհ չէր, որքան Աթոսինը, և Աթոսի գերազանցության գիտակցումը նրանց ծանոթության սկզբնական շրջանում հաճախ գրգռում էր Պորտոսին։ Դրա համար էլ նա բոլոր ջանքերը գործադրում էր, որպեսզի նրան գերազանցի թեկուզ իր հագուստի շքեղությամբ։ Սակայն բավական էր, որ Աթոսը իր հասարակ հրացանակրի թիկնոցը վրան, գլուխը ետ գցած՝ թեկուզ մեկ քայլ աներ, իսկույն գրավում էր իր արժանի տեղը՝ ետին պլան մղելով շքեղազարդ Պորտոսին։

Պորտոսը իրեն մխիթարելու համար պ-րն դը Տրևիլի ընդունարանը և Լուվրի պահակատունը լցնում էր բարձրաձայն պատմություններով՝ կանանց շրջանում ունեցած իր հաջողություններով՝ մի բան, որ Աթոսը երբեք չէր անում։ Վերջին ժամանակներս հայտնի դատավորների կանանցից անցնելով նշանավոր զինվորականների կանանց, աստիճանավորների կանանցից՝ իշխանուհիներին, նա սկսել էր ակնարկներ անել ինչ-որ օտարերկրացի իշխանուհու մասին, որը, որպես թե, հրապուրվել էր իրենով։

Հին առածն ասում է՝ ծառան էլ իր տիրոջն է քաշել։ Դրա համար էլ Աթոսի ծառայից անցնենք Պորտոսի ծառային, այսինքն՝ Գրիմոյից Մուշկետոնին։

Մուշկետոնը նորմանդացի էր, որի Բոնիֆացիոս<ref>Բոնիֆացիոս — անուն, որը նշանակում է՝ «բարի գործ անող, բարեգործ» (լատիներեն|լատ.` bonus — «լավ, բարի» և facere — «անել»)։</ref> խաղաղ անունը իր տերը փոխարինել էր անհամեմատ հնչեղ Մուշկետոն անունով։ Նա Պորտոսի մոտ ծառայության էր մտել մի պայման դնելով, որ իրեն պետք է կերակրեն և հագցնեն, բայց կերակրեն ու հագցնեն շքեղորեն։ Բացի դրանից նա խնդրել էր օրական երկու ժամ ազատ թողնել իրեն՝ զբաղվելու իր արհեստով, որ պետք է ծածկեր նրա մնացած պահանջները։ Պորտոսը համաձայնել էր այդ պայմաններին, դրանք հենց իսկ և իսկ նրա սրտովն էին։ Նա Մռւշկետոնի համար կամզոլներ էր պատվիրում, որոնք կարվում էին հենց Պորտոսի հին հագուստից և պահեստային թիկնոցներից։ Մի ինչ-որ դերձակի ճարպկության շնորհիվ, որը ձևափոխում ու շրջում էր Պորտոսի հնամաշ շորերը, և որի կինը ակներևաբար ձգտում էր Պորտոսին ետ պահել արիստոկրատական սովորություններից, Մուշկետոնը, իր տիրոջն ուղեկցելիս, շատ վայելուչ տեսք էր ունենում։

Ինչ վերաբերում է Արամիսին,— որի բնավորությունը կարծեմ մենք բավական լավ նկարագրել ենք, թեև նրա, ինչպես և իր ընկերների բնավորության զարգացմանը մենք հետագայում էլ կհետևենք,— ապա նրա սպասավորի անունն էր Բազեն։

Նկատի ունենալով, որ Արամիսը հույս ուներ երբևէ հոգևորականի կոչում ստանալ, ապա նրա ծառան, ինչպես վայել է հոգևորականի ծառային, միշտ սև շոր էր հագնում։ Դա երեսունհինգ-քառասուն տարեկան մի բերիացի էր՝ կարճահասակ, հաստլիկ ու հանդարտ։ Ազատ ժամանակը, որ տրամադրում էր նրան իր տերը, նա նվիրում էր հոգևոր գրքերի ընթերցանությանը և անհրաժեշտության դեպքում կարողանում էր հիանալի ճաշ պատրաստել, որը բաղկացած էր լինում ընդամենը մի քանի տեսակից, բայց շատ հիանալի տեսակներից։ Մնացած բաներում նա կույր էր, խուլ ու համր, և նրա հավատարմությունը կարող էր դիմանալ ամեն մի փորձության։

Այժմ, թեկուզ և մակերեսորեն ծանոթանալով և՛ տերերի, և՛ իրենց ծառաների հետ, անցնենք նրանցից յուրաքանչյուրի բնակարանին։ Աթոսը ապրում էր Ֆերու փողոցում, Լյուքսեմբուրգից մի երկու քայլի վրա։ Նա զբաղեցնում էր հաճելի կահավորված երկու փոքրիկ սենյակ, որ տվել էր նրան տան տիրուհին՝ դեռ ոչ պառավ և դեռ շատ գեղեցիկ մի կին, որն ապարդյուն քնքուշ հայացքներ էր գցում Աթոսի վրա։ Այդ համեստ բնակարանի պատերին տեղ-տեղ երևում էին երբեմնի շքեղության առանձին մնացորդներ, օրինակի շքեղորեն զարդարված և, անտարակույս, դեռ Ֆրանցիսկ I-ի ժամանակներից մնացած սուսեր, որի հենց միայն կոթը զարդարված լինելով թանկագին քարերով, պետք է որ երկու հարյուր պիստոլից պակաս չարժենար։ Սակայն Աթոսը նույնիսկ ամենածանր րոպեներին ոչ մի կերպ չէր համաձայնում ո՛չ ծախել, ո՛չ էլ գրավ դնել այն։ Երկար ժամանակ այդ սուսերը Պորտոսի բաղձանքի առարկան էր։ Նա պատրաստ էր իր կյանքից տասը տարի տալ, միայն թե իրավունք ունենար տիրելու այդ սուսերին։

Մի անգամ, երբ տեսակցության էր պատրաստվում մի ինչ-որ դքսուհու հետ, նա փորձեց այդ սուսերը փոխարինաբար վերցնել Աթոսից։ Աթոսը լուռ ու մունջ շուռ տվեց բոլոր գրպանները, հավաքեց ամենը, ինչ արժեքավոր բան որ ուներ՝ քսակներ, ճարմանդներ, ոսկե շղթաներ, և բոլորը առաջարկեց Պորտոսին։ Իսկ ինչ վերաբերում է սուսերին, ասաց նա, սուսերը գամված է պատին և այնտեղից կիջնի միայն այն ժամանակ, երբ նրա տերը կհեռանա այս բնակարանից։ Բացի սուսերից, ուշադրություն էր գրավում նաև Հենրիխ III-ի ժամանակների մի նշանավոր ազնվականի դիմանկար. այդ ազնվականը հագնված էր չափազանց շքեղ և կրծքին ուներ Սուրբ Հոգու շքանշան։ Նկարը որոշ նմանություն ուներ Աթոսի հետ, ինչ-որ ընդհանուր տոհմային գծեր, որոնք ցույց էին տալիս, որ անվանի ազնվականը, թագավորական շքանշանների այդ ասպետը Աթոսի նախնին է։

Եվ ի լրումն այս ամենի՝ բուխարու վերին ելուստին դրված էր մի արկղիկ, ակնագործական մի սքանչելի աշխատանք, որ զարդարված էր նույն զինանշանով, ինչ որ սուսերն ու դիմանկարը և իր նրբին շքեղությամբ խիստ աչքի էր ընկնում շրջապատի իրերի մեջ։ Այդ արկղիկի բանալին Աթոսը միշտ իր գրպանում էր պահում։ Բայց մի անգամ նա այդ արկղիկը բաց արեց Պորտոսի ներկայությամբ, և Պորտոսը կարող էր համոզվել, որ արկղիկի մեջ միայն նամակներ են ու թղթեր։ Պետք էր ենթադրել, որ դրանք սիրային նամակներ էին և ընտանեկան արխիվ։

Պորտոսը մի մեծ և արտաքուստ շքեղ բնակարան էր զբաղեցնում Հին Աղավնատուն փողոցում։ Ամեն անգամ ընկերներից որևէ մեկի հետ իր լուսամուտների մոտով անցնելիս, որոնցից մեկի առաջ միշտ կանգնած էր լինում Մուշկետոնը տոնական լիվրեով, Պորտոսը գլուխը բարձրացնում էր և ձեռքով դեպի վեր ցույց տալով ասում, «Ահա իմ կացարանը»։ Սակայն երբեք նրան տանը գտնել չէր հաջողվում, երբեք և ոչ ոքի նա չէր հրավիրում իր հետ վերև բարձրանալ, ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե իրոք հարստություններ կան թաքնված այդ շքեղ արտաքինի հետևը։ Ինչ վերաբերում է Արամիսին, ապա նա ապրում էր մի փոքրիկ բնակարանում, որ բաղկացած էր հյուրա-սենյակից, սեղանատնից և ննջարանից։ Ննջարանը, ինչպես և մյուս բոլոր սենյակները, գտնվում էր առաջին հարկում, նայում էր դեպի մի ստվերախիտ ու թարմ պարտեզ, որի թանձր կանաչը նրան անմատչելի էր դարձ-նում հետաքրքրվող աչքերի համար։

Իսկ թե ինչպես էր տեղավորվել դ’Արտանյանը, մեզ արդեն հայտնի է, և մենք կարողացել ենք ծանոթանալ նրա սպասավոր Պլանշեի հետ։

Դ’Արտանյանը իր բնավորությամբ շատ հետաքրքրասեր էր, ինչպես, ի դեպ, ինտրիգների շնորհք ունեցող մարդկանց մեծ մասը։ Նա լարում էր իր բոլոր ուժերը, որպեսզի իմանա, իրոք ովքեր են Աթոսը, Պորտոսը և Արամիսը։ Որովհետև նրանք բոլորն էլ այդ անունների տակ թաքցնում էին իրենց ազնվականական անունները, և մանավանդ Աթոսը, որին մի ամբողջ մղոն հեռավորությունից կարելի է ճանաչել, որ իսկական ազնվական է։ Նա դիմում էր Պորտոսին, հուսալով տեղեկություններ ստանալ Աթոսի և Արամիսի մասին և Արամիսին՝ որպեսզի իմանա ով է Պորտոսը։

Պորտոսը, դժբախտաբար, իր լռակյաց ընկերոջ մասին գիտեր միայն այն, ինչ հայտնի էր ըստ լուրերի։ Ասում էին, որ նա մեծ վիշտ է կրել, որի պատճառը եղել է սերը, և որպես թե ինչ-որ մեկի ստոր դավաճանությունը թունավորել է այդ պատվարժան մարդու կյանքը։ Սակայն այդ դավաճանության հանգամանքների մասին ոչ ոք ոչինչ չգիտեր։

Ինչ վերաբերում է Պորտոսին, ապա բացառությամբ նրա իսկական անվան, որը, ինչպես և մյուս երկու ընկերների անունները, հայտնի էր միմիայն պարոն դը Տրևիլին, նրա կյանքի մասին դժվար չէր ամեն ինչ իմանալ։ Լինելով սնափառ և շաղակրատ՝ նա ամբողջովին երևում էր ինչպես բյուրեղ, և նրա մասին մոլորության մեջ ընկնել կարելի էր միայն այն դեպքում, եթե մարդ հավատար նրա բոլոր պոռոտախոսություններին։

Բայց Արամիսը, թեպետ և կարող էր թվալ, թե ոչ մի գաղտնիք չունի, ամբողջովին պարուրված էր խորհրդավորությամբ։ Ժլատորեն պատասխանելով ուրիշներին վերաբերող հարցերին՝ նա խնամքով լռության էր մատնում իրեն վերաբերող հարցերը։ Մի անդամ, երբ երկար հարցուփորձից հետո դ’Արտանյանը Արամիսից իմացավ այն լուրերի մասին, որոնք ասում էին, թե իբր նրանց ընկեր Պորտոսը հաղթանակի է հասել ինչ-որ մի դքսուհու նկատմամբ, նա փորձեց թափանցել իր զրուցակցի սիրային արկածների գաղտնիքի մեջ։

— Լավ, իսկ դուք, իմ սիրելի բարեկամ,— ասաց նա,— որ այդպես հիանալի պատմում եք, թե ուրիշներն ինչպիսի կապեր ունեն բարոնուհիների, կոմսուհիների ու դքսուհիների հետ, իսկ դուք ինքնե՞րդ...

— Ներեցեք,— ընդհատեց նրան Արամիսը։— Ես այս բաների մասին խոսում եմ միայն այն պատճառով, որ Պորտոսը ինքն էլ շատ է խոսում սրանց մասին, և մեկ էլ այն պատճառով, որ նա ինքն իմ ներկայությամբ բարձրաձայն պատմում էր այս հետաքրքիր պատմությունները։ Բայց, հավատացեք ինձ, սիրելի դ’Արտանյան, որ եթե այս պատմություններն ինձ հայտնի դառնային ուրիշ աղբյուրից, կամ եթե նա այդ ամենն ինձ վստահած լիներ որպես գաղտնիք, ինձնից ավելի հա-մեստ հոգևորական չէր ճարվի։

— Ես դրան չեմ կասկածում,— ասաց դ’Արտանյանը,— բայց այնպես ինձ թվում է, որ ձեզ էլ լավ ծանոթ են ինչ-որ զինանշաններ, որի մասին վկայում է ինչ-որ ասեղնագործ թաշկինակ, որին ես պարտական եմ ձեզ հետ ծանոթ լինելու պատիվը։

Այս անգամ Արամիսը չբարկացավ, բայց ամենահա-մեստ տեսք ընդունելով սիրալիր պատասխանեց։

— Մի՛ մոռացեք, բարեկամս, որ ես պատրաստվում եմ հոգևոր կոչում ընդունելու, ուստի և ինձ խորթ են աշխարհիկ զվարճությունները։ Ձեր տեսած թաշկինակը ինձ չէր ընծայված, այլ միայն թողնված էր ինձ մոտ իմ բարեկամներից մեկի մոռացկոտության պատճառով։ Ես ստիպված էի թաքցնել այն, որպեսզի չանվանարկեմ նրանց, տղամարդուն և այն կնոջը, որին սիրում է նա... Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես սիրուհի չունեմ և ունենալ չեմ ուզում, այս բանում հետևելով Աթոսի իմաստուն օրինակին, որը նույնպես, ինչպես և ես, սրտի դիցուհի չունի։

— Բայց, գրողը տանի, դուք հո աբբատ չե՛ք, քանի որ հրացանակիր եք։

— Հրացանակիր եմ միայն ժամանակավորապես, սիրելիս, ինչպես կարդին այն է ասում՝ ակամա հրացանակիր։ Բայց հոգուս խորքում ես եկեղեցու սպասավոր եմ, հավատացեք ինձ։ Աթոսը և Պորտոսը ինձ այս գործի մեջ են քաշել, որպեսզի մի որևէ բանով զբաղված լինեմ։ Հենց այն ժամանակ, երբ ես պետք է ձեռնադրվեի, ինձ մի մեծ անախորժություն պատահեց... Ասենք՝ սա ձեզ չի կարող հետաքրքրել, և ես խլում եմ ձեր թանկագին ժամանակը։

— Ամենևին ոչ, այդ ամենը ինձ շատ է հետաքրք-րում,— գոչեց դ’Արտանյանը։— Եվ այժմ ես բացարձականապես անելիք չունեմ։

— Այո, բայց իմ աղոթելու ժամանակն է,— ասաց Արա-միսը,— հետո պետք է գնամ ոտանավորներ հորինելու, որի համար խնդրել է ինձ տիկին դ’Էգիլիոնը։ Դրանից հետո պիտի գնամ Սենտ-Օնորե փողոցը, որպեսզի տիկին դը Շևրյոզի համար կարմիր շպար գնեմ։ Ինքներդ էլ տեսնում եք, թանկագինս, որ եթե դուք շտապելու տեղ չունեք, ապա ես խիստ շտապում եմ։

Եվ Արամիսը ձեռքը սիրալիր մեկնեց իր երիտա-սարդ ընկերոջը ու հրաժեշտ տվեց նրան։

Որքան էլ ջանում էր դ’Արտանյանը, նրան այլևս չհաջողվեց որևէ բան իմանալ իր նոր ընկերների մասին։ Նա որոշեց իրոք հավատալ նրան, ինչ պատմում էին նրանց անցյալի մասին, հուսալով, որ ապագան իրեն կհարստացնի ավելի մանրամասն և ավելի արժանահավատ տեղեկություններով։ Առայժմ Աթոսը նրան պատկերվում էր որպես Աքիլլես, Պորտոսը՝ Այաքս, իսկ Արամիսը՝ Հովսեփ<ref>Աքիլլես և Այաքս — հին հունական առասպելաբանության և Հոմերոսի «Իլիականի» հերոսներից։ Աքիլլեսն աչքի էր ընկնում արիությամբ և քաջությամբ, Այաքսը՝ ուժով և արտասովոր հասակով։ Հովսեփ — աստվածաշնչյան լեգենդար կերպար, գեղեցիկ ու ազնիվ պատանի։</ref>։

Ընդհանուր առմամբ երիտասարդներն ապրում էին ուրախ։ Աթոսը խաղում էր և միշտ անհաջող։ Բայց երբեք իր ընկերներից ոչ մի սու պարտք չէր վերցնում, թեև իր քսակը միշտ բաց էր նրանց համար։ Եվ եթե խաղում էր ազնիվ խոսքի վրա, ապա հենց հետևյալ առավո-տյան ժամը վեցին մարդ էր ուղարկում արթնացնելու իր պարտատիրոջը, որպեսզի նրան հանձնի պարտքը։

Պորտոսը սակավ էր խաղում։ Այն օրերին, երբ նա հաղթում էր, հանդուգն էր լինում և հիանալի տրամադրության մեջ։ Իսկ եթե պարտվում էր, ապա մի քանի օրով անհետ կորչում էր, որից հետո գալիս էր գունատ ու երկարած դեմքով, բայց՝ գրպանում փող։

Արամիսը երբեք չէր խաղում։ Նա ամենավատ հրացանակիրը և ամենատխուր հյուրն էր սեղանի մոտ։ Միշտ այնպես էր լինում, որ նա կարիք էր ունենում գնալ պարապելու։ Պատահում էր՝ խնջույքի ամենաթեժ պահին, երբ բոլորը գինուց տաքացած զրուցելով մտածում էին էլի երկու-երեք ժամ նստել, Արամիսը ժամացույցին նայելով ոտքի էր կանգնում և սիրալիր ժպիտը շուրթերին՝ հրաժեշտ էր տալիս ներկաներին՝ շտապելով, ինչպես ինքն էր ասում, գնալ տեսնելու իրեն ընդունելություն նշանակած գիտնական աստվածաբանին։ Մի ուրիշ անգամ նա տուն էր շտապում, որպեսզի աշխատի իր դիսերտացիայի վրա և ընկերներին խնդրում էր չզբաղեցնել իրեն։

Այդպիսի դեպքերում Աթոսը ժպտում էր իր թովիչ ժպիտով, որն այնքան սազում էր նրա ազնիվ դեմքին, իսկ Պորտոսը խմում էր և երդվում, որ Արամիսից լավագույն դեպքում մի գյուղական քահանա կստացվի։

Պլանշեն՝ դ’Արտանյանի ծառան, արժանապատվությամբ ընդունեց իրեն բաժին ընկած հաջողությու-նը։ Նա օրական երեսուն սու էր ստանում և մի ամբողջ ամիս տուն էր վերադառնում թռչունի պես ուրախ, ուշադիր ու սիրալիր էր դեպի իր տերը։ Երբ Գերեզմանափորների փողոցի բնակարանի գլխին սկսեցին ամպեր կուտակվել, այլ խոսքով՝ երբ Լյուդովիկոս XIII թագավորի քառասուն պիստոլները հալվեցին համարյա առանց մնացորդի, Պլանշեն սկսեց գանգատներ տեղալ, որոնք Աթոսը համարում էր զզվելի, Պորտոսը՝ անվայել, իսկ Արամիսը՝ պարզապես ծիծաղելի։ Աթոսը դ’Արտանյանին խորհուրդ տվեց վռնդել այդ սրիկային, Պորտոսը առաջարկում էր նախապես ծեծել նրան, իսկ Արամիսն ասաց, որ ծառայի տերը ուղղակի ոչ մի բան չպետք է լսի, բացի շողոքորթություններից։

— Ձեզ բոլորիդ հեշտ է խոսել,— ասաց դ’Արտանյա-նը,— ձեզ համար, Աթոս, քանի որ դուք լուռ ու մունջ ապրում եք Գրիմոյի հետ՝ արգելելով նրան խոսել, ուստի և երբեք մի վատ խոսք չեք լսում, ձեզ համար, Պորտոս, քանի որ դուք շքեղ կյանք եք վարում և ձեր Մուշկետոնին աստվածություն եք թվում. վերջապես ձեզ համար, Արամիս, քանի որ շարունակ տարված եք աստվածաբանական պարապմունքներով և դրանով իսկ կարողանում եք մեծագույն հարգանք ներշնչել ձեր ծառա Բազենին, այդ համեստ ու բարեպաշտ մարդուն։ Բայց ես, հող չունենալով ոտքիս տակ, զուրկ լինելով միջոցներից, չլինելով ոչ հրացանակիր, ո՛չ էլ նույ-նիսկ գվարդիական, ես ինչպե՞ս սեր, վախ կամ հարգանք ներշնչեմ իմ Պլանշեին։

— Դա կարևոր հարց է,— պատասխանեցին երեք ընկեր-ները։— Դա ներքին, ընտանեկան գործ է։ Ծառաներին, ինչպես և կանանց, պետք է կարողանալ հենց սկզբից դնել այնտեղ, որտեղ ուզում ես տեսնել նրանց։ Խոր-հեցեք այս մասին։

Դ’Արտանյանը խորհելով որոշեց համենայնդեպս ծեծել Պլանշեին, և այդ բանն արեց այնպիսի բարեխղճությամբ, ինչպիսին նրա ամեն մի գործն էր։ Ինչպես հարկն է ծեծելուց հետո նա Պլանշեին արգելեց տանից հեռանալ ու ծառայությունը թողնել առանց իր թույլտվության։

— Նկատի ունեցիր,— ավելացրեց դ’Արտանյանը,— որ ապագան ինձ չի խաբի։ Կգան լավ ժամանակներ։ Եվ քո բախտը կկարգավորվի, եթե դու մնաս ինձ մոտ։ Իսկ ես խիստ բարի տեր եմ և չեմ թույլ տա քեզ կործանել բախտդ, չեմ համաձայնի բաց թողնել քեզ, ինչպես խնդրում ես դու։

Գործողության այս եղանակը հրացանակիրներին խոր հարգանք ներշնչեց դեպի դ’Արտանյանի դիվանագիտական ընդունակությունները։ Պլանշեն նույնպես հիացմունքով համակվեց և այլևս հեռանալու մասին ծպտուն չէր հանում։

Երիտասարդները հետզհետե սկսեցին ապրել ընդհանուր կյանքով։ Դ’Արտանյանը չունենալով իր սեփական սովորությունները, որովհետև առաջին անգամ գավառից եկել ու սուզվել էր իր համար միանգամայն նոր մի աշխարհ, յուրացրեց իր բարեկամների սովորությունները։

Ձմեռը վեր էին կենում ժամը ութին, ամառը՝ վեցին և գնում էին պ-րն դը Տրևիլի մոտ՝ նշանաբանն իմանալու և նորություններ որսալու։ Դ’Արտանյանը, թեպետև հրացանակիր չէր, սրտառուչ բարեխղճությամբ էր ծառայում։ Նա շարունակ պահակախմբումն էր լինում, որովհետև միշտ ուղեկցում էր իր ընկերներից նրան, ով այդ օրը պահակության էր գնում։ Հրացանակիրների զորանոցում նրան ճանաչում էին, և բոլորը լավ ընկեր էին համարում։ Պարոն դը Տրևիլը, որ նրան գնահատել էր առաջին իսկ հայացքից և անկեղծորեն բարեհաճ էր նրա նկատմամբ, ամեն անգամ թագավորի առաջ գովում էր նրան։

Երեք հրացանակիրներն էլ շատ էին սիրում իրենց երիտասարդ ընկերոջը։ Այդ չորս մարդկանց իրար հետ կապող բարեկամությունը և օրական մի քանի անգամ՝ մերթ որևէ մենամարտի առթիվ, մերթ գործով, մերթ որևէ զվարճության համար իրար տեսնելու մշտական պահանջը նրանց ստիպում էր ամբողջ օրերով վազվզել միմյանց հետևից։ Այդ անբաժան ընկերներին միշտ կարելի էր տեսնել իրար որոնելիս՝ Լյուքսեմբուրգից մինչև Սեն Սյուլպիս հրապարակը կամ Հին Աղավնատուն փողոցից մինչև Լյուքսեմբուրգ։

Մինչ այդ դը Տրևիլի տված խոստումներն աստիճանաբար իրականանում էին։ Մի գեղեցիկ օր թագավորը ասպետ Դեզեսարին հրամայեց դ’Արտանյանին ընդունել իր գվարդիական վաշտում, որպես կադետ։ Դ’Արտանյանը հոգոց հանելով հագավ գվարդիական մունդիրը. նա պատրաստ էր տասը տարի տալու իր կյանքից, միայն թե իրավունք ունենար փոխարինել այն հրացանակրի թիկնոցով։ Բայց պարոն դը Տրևիլը խոստացել էր այդ ողորմածությունը նրան անել ո՛չ շուտ քան երկու տարվա փորձից հետո, սակայն, ի դեպ, այդ ժամկետը կարող էր կրճատվել, եթե դ’Արտանյանը առիթ ունենար ծառայություն մատուցելու թագավորին կամ մեկ այլ եղանակով առանձնապես աչքի ընկներ։ Այս խոստումը ստանալով՝ դ’Արտանյանը հեռացավ և հենց հաջորդ օրը սկսեց իր ծառայությունը։

Այժմ Աթոսի, Պորտոսի ու Արամիսի հերթը հասավ՝ պահակության գնալու դ’Արտանյանի հետ, երբ նա պահակության մեջ էր լինում։ Այսպիսով այն օրը, երբ դ’Արտանյանը ծառայության մտավ, պ-րն Դեզեսարի վաշտը իր շարքերն ընդունեց ոչ թե մեկ, այլ չորս մարդ։

Comments