1. Երեք հրացանակիրներ

Chapter 66

Երկրորդ մաս XXXVI. Մահապատիժ

Կեսգիշերը մոտ էր։ Արմանտիեր քաղաքի այն կողմից դուրս էր գալիս նվազ լուսինը, որը շառագունել էր փոթորկի վերջին շողերից, և նրա աղոտ լույսի տակ երևում էին տների մթին գծագրությունները և բարձր զանգակատան կմախքը։ Առջևում Լիս գետն էր գլորում իր ջուրը, որ նման էր հալված կապարի, իսկ գետի մյուս ափին երևում էին ծառերի մթին խմբեր, որոնք պարզ գծագրվում էին փոթորկահույզ երկնքում, որտեղ ձգված խոշոր ծիրանագույն ամպերը խավար կեսգիշերին աղջամուղջի տպավորություն էին գործում։ Ձախ կողմում երևում էր մի հին, լքված հողմաղաց՝ իր անշարժ թևերով, որի ավերակներում մերթընդմերթ հնչում էր բուի սուր, միալար ճիչը, հարթավայրում, ճանապարհի աջ ու ձախ կողմերում, որով առաջ էր շարժվում այդ տխուր երթը, տեղ֊տեղ խավարում երևում էին ցածրիկ հաստաբուն ծառեր։ Դրանք ասես այլանդակ թզուկներ լինեին, որոնք ծունկ չոքած հսկում էին մարդկանց այդ չարագուշակ ժամին։

Երբեմն֊երբեմն կայծակի մի լայն շերտ լուսավորում էր երկինքը, գալարվում ծառերի մթին խմբերի վրա և հրեշավոր յաթաղանի նման երկու կես էր անում երկինքն ու ջուրը։ Խեղդուկ օդի մեջ քամու ոչ մի շունչ չէր զգացվում։ Մռայլ լռություն էր ծանրացել բնության վրա, գետինը խոնավացել ու սայթաքուն էր դարձել նոր եկած անձրևից, և թարմացած խոտը ավելի ուժեղ բուրմունք էր արձակում։

Գրիմոն և Մուշկետոնը միլեդիի ձեռքերից բռնած՝ առաջ էին տանում նրան, դահիճը քայլում էր նրանց հետևից, իսկ լորդ Վինտերը, դ’Արտանյանը, Աթոսը, Պորտոսը ու Արամիսը քայլում էին դահճի ետևից։

Երթը փակում էին Պլանշեն ու Բազենը։

Ծառաները միլեդիին հասցրին գետի մոտ։ Միլեդիի շուրթերն անձայն էին, բայց խոսում էին իրեն հատուկ անբացատրելի պերճախոսությամբ, հերթով աղաչելով ամեն մեկին, ում որ հասնում էր իր հայացքը։

Օգտվելով նրանից, որ մի քանի քայլ առաջ էր ընկել մյուսներից, նա ծառաներին ասաց.

— Ձեզնից յուրաքանչյուրին հազար պիստոլ եմ խոստանում, եթե դուք ինձ օգնեք փախչել։ Բայց եթե դուք ինձ մատնեք ձեր տերերի ձեռքը, իմացեք, այստեղ, մոտերքում ես ունեմ վրիժառուներ, որոնք ձեզ կստիպեն թանկ վճարել իմ կյանքի համար։

Գրիմոն տատանվում էր։ Մուշկետոնն ամբողջ մարմնով դողաց։

Աթոսը միլեդիի ձայնը լսելով արագ մոտեցավ, լորդ Վինտերը հետևեց նրա օրինակին։

— Հեռացրեք այս ծառաներին,— առաջարկեց լորդը,— նա ինչ֊որ բան էր ասում նրանց, ուրեմն այլևս սրանց վրա հույս դնել չի կարելի։

Աթոսը կանչեց Պլանշեին ու Բազենին, և սրանք փոխարինեցին Գրիմոյին ու Մուշկետոնին։

Երբ բոլորը գետի ափը հասան, դահիճը մոտեցավ միլեդիին և նրա ձեռքերն ու ոտքերը կապեց։

Այն ժամանակ միլեդին լռությունը խախտեց և աղաղակեց.

— Դուք վախկոտ եք, դուք ողորմելի մարդասպաններ եք. տասը տղամարդ հավաքվել եք մի կին սպանելու համար։ Զգուշացե՛ք։ Եթե ինձ օգնության չգան, ապա ինձ համար վրեժ կլուծեն։

— Դուք կին չեք,— սառն պատասխանեց Աթոսը,— դուք մարդ չեք, այլ դժոխքից փախած դև, և մենք ձեզ կստիպենք այնտեղ վերադառնալ։

— O՜, բարեգութ պարոններ,— ասաց միլեդին։— Նկատի ունեցեք, որ ով իմ մազին դիպչի, ինքն էլ իր հերթին մարդասպան կլինի։

— Դահիճը, տիկին, կարող է սպանել և մարդասպան չհամարվել,— առարկեց կարմիր թիկնոցավոր մարդը՝ ձեռքը շրխկացնելով իր լայնաբերան թրին։— Դահիճը վերջին դատավորն է, ուրիշ ոչինչ։ Nachrichter, ինչպես ասում են մեր հարևան գերմանացիները։

Եվ որովհետև այս խոսքերն ասելիս նա կապկպում էր միլեդիին, վերջինս մի վայրի ճիչ արձակեց, որը մռայլ ու օտարոտի հնչելով գիշերային լռության մեջ՝ մարեց անտառի խորքերում։

— Բայց եթե ես մեղավոր եմ, եթե ես կատարել եմ այն ոճիրները, որոնց մեջ դուք մեղադրում եք ինձ,— գոռաց միլեդին,— տարեք ինձ դատարան, դուք հո դատավորներ չե՛ք, որ ինձ դատեք ու դատավճիռ հանեք։

— Ես ձեզ առաջարկեցի Տայբերնը,— ասաց լորդ Վինտերը,— ինչո՞ւ չուզեցիք գնալ։

— Որովհետև մեռնել չեմ ուզում,— գոչեց միլեդին՝ փորձելով դուրս պրծնել դահճի ձեռքից,— որովհետև ես շատ ջահել եմ, իմ մեռնելու ժամանակը չէ։

— Այն կինը, որին դուք թունավորեցիք Բետյունում, ձեզնից ավելի ջահել էր, տիկին, բայց և այնպես նա մեռավ,— ասաց դ’Արտանյանը։

— Ես վանք կմտնեմ, ես միանձնուհի կդառնամ— շարունակեց միլեդին։

— Դուք արդեն եղել եք վանքում,— ասաց դահիճը,— և դուրս եք եկել այնտեղից, որպեսզի կործանեք իմ եղբորը։

Միլեդին սարսափած ճչաց և ծնկների վրա ընկավ։

Դահիճը բարձրացրեց նրան, որպեսզի տանի դեպի մակույկը։

— Ա՜խ, աստվա՜ծ իմ,— գոռաց միլեդին,— աստվա՜ծ իմ, մի՞թե դուք խեղդելու եք ինձ։

Այս աղաղակներն այնպես էին ծվատում մարդու հոգին, որ դ’Արտանյանը, որը մինչ այդ միլեդիի ամենաանողոք հալածողն էր, նստեց մոտակա կոճղին, գլուխը կախ գցեց և ականջները փակեց ձեռքերով։ Սակայն, չնայած դրան, նա էլի լսում էր նրա ողբն ու սպառնալիքները։

Դ’Արտանյանը բոլորից ջահելն էր և չդիմացավ։

— Ես չեմ կարող տեսնել այս զարհուրելի պատկերը։ Ես չեմ կարող թույլ տալ, որ այս կինը մեռնի այս ձևով։

Միլեդին լսեց դ’Արտանյանի խոսքերը, և նրա մեջ հույսի նշույլ ծագեց։

— Դ’Արտանյա՛ն, դ’Արտանյա՛ն,— ձայն տվեց նա,— հիշիր որ ես քեզ սիրում էի։

Երիտասարդը վեր կացավ և մի քայլ արեց դեպի միլեդին։

Բայց Աթոսը դուրս քաշեց սուսերը և նրա ճանապարհը փակեց։

— Եթե դուք էլի մի քայլ անեք, դ’Արտանյան,— ասաց նա,— մեր սուսերները կխաչաձևվեն։

Դ’Արտանյանը ծունկ չոքեց և սկսեց աղոթել։

— Դե՛հ, դահիճ, կատարի՛ր քո գործը,— խոսեց Աթոսը։

— Սիրով, ձերդ ողորմածություն,— ասաց դահիճը,— որովհետև ես լավ կաթոլիկ եմ և հաստատ համոզված եմ, որ այս կնոջ նկատմամբ իմ պարտականությունը կատարելով՝ արդար գործ արած կլինեմ։

Աթոսը մոտեցավ միլեդիին։

— Ես ներում եմ ձեզ այն ամբողջ չարիքը, որ պատճառել եք ինձ,— ասաց նա։— Ներում եմ ձեզ, որ խորտակեցիք իմ ապագան, ներում եմ, որ կործանեցիք իմ պատիվը, անարգեցիք իմ սերն ու իմ հոգին, հավիտյանս կործանեցիք այն հուսահատությամբ, որի մեջ գցեցիք դուք ինձ։ Մեռե՜ք խաղաղությամբ։

Լորդ Վինտերը նույնպես մոտեցավ նրան։

— Ես ներում եմ ձեզ,— ասաց նա,— իմ եղբորը թունավորելը և նորին պայծառափայլություն լորդ Բեկինգհեմի սպանությունը, ես ներում եմ ձեզ խեղճ Ֆելտոնի մահը, ներում եմ ձեր մահափորձերը իմ կյանքի դեմ։ Մեռե՜ք խաղաղությամբ։

— Իսկ ես, տիկին,— ասաց դ’Արտանյանը,— խնդրում եմ ներել ինձ, որ ես ազնվականին անվայել խաբեությամբ ձեր զայրույթը հարուցեցի։ Ես ինքս ներում եմ ձեզ իմ անբախտ սիրուհու մահը և ձեր դաժան վրիժառությունը, ես ներում եմ ձեզ և սգում ձեր բախտը; Մեռե՜ք խաղաղությամբ։

— I am lost <ref>Ես կորած եմ (անգլ.)։</ref>,— անգլերեն շշնջաց միլեդին։— I must die <ref>Ես պետք է մեռնեմ (անգլ.)։</ref>։

Եվ նա առանց որևէ մեկի օգնության տեղից վեր կենալով իր շուրջն այնպիսի մի սուր հայացք գցեց, որի մեջ ասես բոց էր բռնկել։

Նա ոչինչ չտեսավ։

Ականջ դրեց, բայց ոչ մի ձայն չլսեց։

Նրա մոտ ոչ ոք չկար, բացի իր թշնամիներից։

— Որտե՞ղ եմ մեռնելու ես,— հարցրեց նա։

— Գետի մյուս ափին,— պատասխանեց դահիճը։

Նա միլեդիին նստեցրեց մակույկ և երբ ինքն էլ ոտքը մեկնեց այնտեղ մտնելու, Աթոսը ոսկով լի մի տոպրակ մեկնեց նրան։

— Վերցրեք,— ասաց նա,— ահա ձեզ դատավճիռն իրագործելու վարձը։ Թող բոլորն իմանան, որ մենք գործում ենք որպես դատավորներ։

— Լավ,— պատասխանեց դահիճը։— Իսկ հիմա թող այս կինն էլ իմանա, որ ես կատարում եմ ոչ թե իմ արհեստը, այլ իմ պարտքը։

Եվ նա ոսկին նետեց գետը։

Մակույկը ափից կտրվեց և լողաց դեպի Լիս գետի ձախ ափը, տանելով հանցագործին ու դահճին։ Մյուսները մնացին աջ ափին և ծունկ չոքեցին։

Մակույկը դանդաղ սահեց լաստանավի ճոպանի երկարությամբ, լուսավորված գետի վրա կանգնած դժգույն ամպի արտացոլումով։

Երևաց, թե ինչպես այն կանգ առավ մյուս ափին։ Միլեդիի և դահճի կերպարանքները սև ուրվականների պես գծագրվեցին ծիրանագույն երկնքում։

Գետն անցնելու ժամանակ միլեդիին հաջողվել էր ոտքերի պարանն արձակել։ Երբ մակույկը ափին մոտեցավ, միլեդին թեթև շարժումով դուրս ցատկեց և սկսեց փախչել։ Բայց գետինը խոնավ էր, զառիթափը բարձրանալիս միլեդին սայթաքեց և ընկավ ծնկների վրա։

Նախապաշարմունքի մի միտք պաշարեց նրան. նա մտածեց, թե երկինքը հրաժարվում է օգնել իրեն, և քարացավ հենց այն վիճակում, ինչպես որ կար, գլուխը կախ, ձեռքերը ծալած։

Այդ ժամանակ մյուս ափից տեսան, թե ինչպես դահիճը դանդաղորեն բարձրացրեց երկու ձեռքը։ Լուսնի լույսի տակ շողաց նրա լայնաբերան թուրը, ապա ձեռքերը ցած իջան։ Լսվեց թրի սուլոցը և զոհի ճիչը, ապա հարվածի տակ գլորվեց գլխատված մարմինը։

Դահիճը արձակեց իր կարմիր թիկնոցը, փռեց գետնին, մարմինը դրեց վրան, այնտեղ գցեց նաև գլուխը, թիկնոցի ծայրերը կապեց, շալակն առավ և նորից մտավ մակույկ։

Հասնելով գետի մեջտեղը՝ նա մակույկը կանգնեցրեց, իր բեռը բարձրացրեց գետի վրա և գոչեց.

— Թող կատարվի աստվածային արդարադատությունը։

Եվ նա դիակը նետեց ջրի խորքը, որն անմիջապես կլանեց նրան։

Երեք օր անց՝ չորս հրացանակիրները վերադարձան Փարիզ։ Նրանք իրենց արձակուրդի ժամկետը չէին անցկացրել և նույն երեկոյան սովորական կարգով այցելության գնացին պարոն դը Տրևիլին։

— Է՛, ի՞նչ կա, պարոննե՛ր,— հարցրեց նրանց քաջ կապիտանը,— լա՞վ զվարճացաք արձակուրդի օրերին։

— Աննման,— պատասխանեց Աթոսը իր և ընկերների կողմից։

Comments