Chapter 65
Երկրորդ մաս XXXV. Դատաստան
Գիշերը խավար էր ու փոթորկահույզ, երկնքում ծանր ամպեր էին լողում, որոնք ծածկում էին աստղերը։ Լուսինը դուրս էր գալու միայն կես գիշերին։
Մերթընդմերթ երկնքում շողացող կայծակի լույսի ներքո սպիտակին էր տալիս դեպի հեռուն ձգվող ամայի ճանապարհը, ապա նորից ամեն ինչ թաղվում էր խավարի մեջ։
Աթոսն ամեն րոպե ետ էր կանչում դ’Արտանյանին, որը շարունակ առաջ էր ընկնում փոքրիկ խմբից, և ստիպում էր նրան, որ բոլորի հետ միասին գնա։ Բայց հաջորդ պահին դ’Արտանյանը նորից առաջ ընկած էր լինում, և Աթոսը նորից նույնն էր կրկնում։
Ձիավորները լուռ ու մունջ անցան Ֆեստյուբեր գյուղը, որտեղ մնացել էր վիրավորված ծառան, ապա սլացան Ռիշբուրգի անտառի երկարությամբ։ Երբ հասան Էրուլիե, Պլանշեն, որն առաջվա պես ցույց էր տալիս ճանապարհը, թեքվեց դեպի ձախ։
Մի քանի անգամ մերթ լորդ Վինտերը, մերթ Պորտոսը, մերթ Արամիսը փորձեցին խոսել կարմիր թիկնոցավոր մարդու հետ, սակայն նա իրեն տրված բոլոր հարցերին որպես պատասխան՝ լուռ ու մունջ գլուխ էր տալիս։ Ուղևորները հասկացան, որ անծանոթը լռում է ո՛չ առանց պատճառի, և դադարեցին խոսել նրա հետ։
Փոթորիկն ուժեղանում էր, կայծակի բռնկումներն արագորեն հաջորդում էին իրար, որոտում էր ամպրոպը և մրրկաբեր հողմը սուլում էր ու քրքրում ձիավորների մազերն ու գլխարկների փետուրները։
Խումբն ընթանում էր արագ վարգով։
Ֆրոմելն անցնելուց քիչ հետո փոթորիկ սկսվեց։ Ձիավորները փաթաթվեցին թիկնոցների մեջ։ Մնում էր էլի երեք լյո ճանապարհ, որը նրանք անցան հորդ անձրևի տակ։
Դ’Արտանյանը գլխարկը վերցրեց և թիկնոցը ետ գցեց, նա բավականությամբ հեղեղի առաջ բաց արեց իր ճակատը և տենդային դողից ցնցվող մարմինը։
Երբ խումբը Գոսկալն անցնելուց հետո մոտենում էր փոստակայանին, մի մարդ, որն անձրևից պատսպարվել էր ծառի տակ, անջատվեց նրա բնից, որի հետ միաձուլվել էր խավարի մեջ, դուրս եկավ ճանապարհի մեջտեղը և մատը դրեց շրթունքներին։
Աթոսը ճանաչեց Գրիմոյին։
— Ի՞նչ է պատահել,— գոչեց դ’Արտանյանը։— Չլինի՞ նա հեռացել է Արմանտիերից։
Գրիմոն գլխով դրական նշան արեց։ Դ’Արտանյանն ատամները կրճտացրեց։
— Լռիր, դ’Արտանյան,— հրամայեց Աթոսը։— Ես ամեն ինչ ինձ վրա եմ վերցրել, ուրեմն թող, որ ես հարցեր տամ Գրիմոյին։ Որտե՞ղ է նա,— դարձավ նա Գրիմոյին։
Գրիմոն ձեռքը մեկնեց Լիս գետի ուղղությամբ։
— Հեռո՞ւ է այստեղից,— հարցրեց Աթոսը։
Գրիմոն տիրոջը ցույց տվեց իր ծալած ցուցամատը։
— Մենա՞կ է,— հարցրեց Աթոսը։
Գրիմոն դրական նշան արավ։
— Պարոններ,— ասաց Աթոսը,— նա միայնակ է, այստեղից կես լյո հեռու, գետի ուղղությամբ։
— Լավ,— խոսեց դ’Արտանյանը,— տար մեզ, Գրիմո։
Գրիմոն առաջ ընկավ դաշտի միջով, ձիավորների խումբը հետևեց նրան։
Մի հիսուն քայլի վրա նրանք հանդիպեցին մի գետակի, որն անցան ծանծաղուտով։
Կայծակի լույսի տակ ձիավորները մի ակնթարթ տեսան Էնգինհեմ գյուղը։
— Այնտե՞ղ է, Գրիմո,— հարցրեց Աթոսը։
Գրիմոն գլխով բացասական նշան արավ։
— Կամաց, պարոններ,— ասաց Աթոսը։
Խումբը շարունակեց իր ճանապարհը։
Նորից կայծակը փայլատակեց։ Գրիմոն ձեռքը մեկնեց, և օձագալար կայծակի կապտավուն լույսով ձիավորները տեսան մի մենավոր տնակ՝ գետի ափին, լաստանավից մի հարյուր քայլ հեռու։
Լուսամուտներից մեկը լուսավորված էր։
— Մենք տեղ ենք հասել,— ասաց Աթոսը։
Այդ պահին ոտքի կանգնեց մի մարդ, որ պառկած էր ճամփեզրի առվում։ Դա Մուշկետոնն էր։ Նա մատը մեկնեց դեպի լուսավոր պատուհանը և ասաց.
— Այնտեղ է։
— Իսկ Բազե՞նը,— հարցրեց Աթոսը։
— Ես այստեղից լուսամուտին էի հսկում, իսկ նա այդ ժամանակ հսկում էր դուռը։
— Լավ, դուք բոլորդ էլ հավատարիմ ծառաներ եք,— գովեց Աթոսը։
Ապա նա ցած թռավ ձիուց, սանձը տվեց Գրիմոյին և մյուս բոլորին նշան անելով, որ անցնեն տան հետևը ու մոտենան դռանը, ինքն ուղղվեց դեպի լուսամուտը։
Տնակը շրջապատված էր երկու֊երեք ոտնաչափ բարձրությամբ կենդանի փշացանկապատով։ Աթոսը ցատկեց այդ ցանկապատի վրայով և մոտեցավ լուսամուտին։ Լուսամուտը խլափեղկ չուներ, բայց մինչև կեսը հասնող վարագույրն ամուր քաշված էր ապակիներին։
Աթոսը բարձրացավ պատի ելուստին և վարագույրի վրայով նայեց սենյակի ներսը։
Լամպի լույսի տակ նա տեսավ մի կնոջ, որը փաթաթված էր մուգ շալի մեջ։ Նա նստել էր մարող օջախի կրակի առաջ, մի աթոռակի վրա և արմունկները հենած մերկ սեղանին՝ գլուխը դրել էր ձեռքերին, որոնք ճերմակ էին փղոսկրի նման։
Կնոջ դեմքը չէր երևում, բայց Աթոսի շուրթերին մի չարագուշակ ժպիտ խաղաց. նա չէր սխալվել, այդ հենց այն կինն էր, որին ինքը որոնում էր։
Հանկարծ ձիու խրխինջ լսվեց։ Միլեդին գլուխը բարձրացրեց, տեսավ Աթոսի գունատ դեմքը ապակուն հպված և մի ճիչ արձակեց։
Աթոսը հասկացավ, որ նա իրեն ճանաչեց։ Նա ծնկով ու ձեռքով հրեց լուսամուտը։ Շրջանակը պոկվեց, ապակիները փշուր֊փշուր եղան։
Աթոսը ցատկեց սենյակի մեջ և կանգնեց միլեդիի առաջ որպես վրեժի ուրվական։
Միլեդին նետվեց դեպի դուռը և բացեց այն... Շեմքում կանգնած էր դ’Արտանյանը՝ ավելի գունատ, ավելի ահեղ, քան Աթոսը։
Միլեդին ճչաց ու ետ քաշվեց։ Դ’Արտանյանը, մտածելով, թե նա փախչելու հնարավորություն կունենա և վախենալով, թե նորից դուրս կպրծնի իրենց ձեռքից, գոտուց դուրս քաշեց ատրճանակը, սակայն Աթոսը ձեռքը բարձրացրեց։
— Զենքը տեղը դրեք, դ’Արտանյան,— ասաց նա։— Այդ կնոջը պետք է դատել, ոչ թե սպանել։ Սպասեցեք էլի մի քիչ, դ’Արտանյան, և դուք գոհացում կստանաք։ Ներս մտեք, պարոններ։
Դ’Արտանյանը հնազանդվեց։ Աթոսը հանդիսավոր ձայն ուներ ու տիրական շարժումներ, նա ասես արարչի ուղարկած դատավոր լիներ։ Դ’Արտանյանի հետևից ներս մտան Պորտոսը, Արամիսը, լորդ Վինտերը և կարմիր թիկնոցավոր մարդը։
Ծառաները պահպանում էին դուռն ու լուսամուտը։
Միլեդին ընկավ աթոռին և ձեռքերը տարածեց, ասես նզովում էր այդ սոսկալի տեսիլքը։ Տեսնելով իր տեգրոջը, նա մի զարհուրելի ճիչ արձակեց։
— Ի՞նչ եք ուզում դուք,— գոռաց նա։
— Մե՞նք,— ասաց Աթոսը,— մեզ հարկավոր է Շառլոտա Բաքսոնը, որին սկզբում կոչում էին կոմսուհի դը Լա Ֆեր, ապա՝ լեդի Վինտեր, բարոնուհի Շեֆֆիլդ։
— Այդ ես եմ, ես եմ,— մրմնջաց նա՝ սարսափից իրեն կորցրած։— Ի՞նչ եք ուզում ինձնից։
— Մենք ուզում ենք դատել ձեզ ձեր ոճիրների համար,— ասաց Աթոսը,— դուք կարող եք պաշտպանվել. արդարացեք, եթե կարող եք։ Պարոն դ’Արտանյան, առաջին մեղադրական խոսքը ձեզ է պատկանում։
Դ’Արտանյանն առաջ եկավ։
— Աստծու և մարդկանց առաջ,— սկսեց նա,— ես այս կնոջը մեղադրում եմ այն բանում, որ նա թունավորել է Կոնստանցիա Բոնասիեին, որը վախճանվեց երեկ երեկոյան։ Դ’Արտանյանը դարձավ դեպի Պորտոսն ու Արամիսը։
— Մենք հաստատում ենք այդ,— միաբերան ասացին երկու հրացանակիրները։
Դ’Արտանյանը շարունակեց.
— Աստծու և մարդկանց առաջ ես այս կնոջը մեղադրում եմ այն բանում, որ նա փորձել է թունավորել հենց ինձ, թույն խառնելով գինուն, որը նա Վիլերուայից ուղարկել էր ինձ, մի կեղծ նամակով, ցանկանալով հավատացնել ինձ, թե այդ գինին իմ ընկերների ընծան է։ Աստված փրկեց ինձ, բայց իմ փոխարեն մեռավ մի ուրիշ մարդ, որին կոչում էին Բրիզմո։
— Մենք հաստատում ենք այդ,— ասացին Պորտոսն ու Արամիսը։
— Աստծու և մարդկանց առաջ,— շարունակեց դ’Արտանյանը,— ես այս կնոջը մեղադրում եմ այն բանում, որ նա ինձ դրդում էր սպանել կոմս դը Վարդին, և որովհետև այստեղ չկա մեկը, որն այս մեղադրանքի ճշտությունը վկայի, ես ինքս եմ վկայում այն։ Ես վերջացրի։
Դ’Արտանյանը Պորտոսի ու Արամիսի հետ անցավ սենյակի մյուս կողմը։
— Ձեր հերթն է, միլորդ,— ասաց Աթոսը։
Առաջ եկավ բարոնը։
— Աստծու և մարդկանց առաջ,— խոսեց նա,— ես այս կնոջը մեղադրում եմ այն բանում, որ նրա ներշնչմամբ սպանվել է դուքս Բեկինգհեմը։
— Դուքս Բեկինգհեմը սպանվա՞ծ է,— միաձայն գոչեցին ներկա եղողները։
— Այո,— ասաց բարոնը,— սպանված է։ Ստանալով ձեր նամակը, որով դուք ինձ նախազգուշացնում էիք, ես հրամայեցի ձերբակալել այս կնոջը և նրա հսկողությունը հանձնարարեցի ինձ հավատարիմ ու նվիրված մի մարդու։ Բայց սա մոլորեցրեց այդ մարդուն, դաշույնը նրա ձեռքը տվեց ու դրդեց սպանել դքսին, և գուցե թե հենց այս պահին Ֆելտոնը իր գլխով է հատուցել այս ֆուրիայի <ref>Ֆուրիա — հին հռոմեական առասպելաբանության մեջ՝ անդրշիրիմյան թագավորությունում ապրող վրեժի և պատժի երեք աստվածուհիներից յուրաքանչյուրը (ծ. խ.)։</ref> ոճրագործության պատճառով...
Դատավորներն ակամա ցնցվեցին, երբ իմացան միլեդիի կատարած այս նոր, իրենց անհայտ ոճիրը։
— Այս դեռ բոլորը չէ,— շարունակեց լորդ Վինտերը։— Իմ եղբայրը, որը սրան դարձրել էր իր ժառանգը, մեռավ ընդամենը երեք ժամվա հիվանդությունից հետո, մի սոսկալի հիվանդություն, որից ամբողջ մարմինը ծածկվել էր կապույտ բծերով։ Ասացեք, իմ հարս, ինչի՞ց մեռավ ձեր ամուսինը։
— Ի՜նչ սոսկալի բան,— գոչեցին Պորտոսն ու Արամիսը։
— Սա Բեկինգհեմին սպանողն է, Ֆելտոնին սպանողը, իմ եղբորը սպանողը։ Ես պահանջում եմ արդարադատություն և հայտարարում եմ, որ եթե այդ արդար դատը չլինի, ապա ես ինքս կանեմ այն։
Լորդ Վինտերը ետ քաշվեց և կանգնեց դ’Արտանյանի կողքին, տեղ բացելով մյուս մեղադրողի համար։
Միլեդին գլուխը թաղել էր ձեռքերի մեջ և ջանում էր ժողովել իր մտքերը, որոնք խառնվում էին մահվան սարսափից։
— Այժմ իմ հերթն է,— ասաց Աթոսը և դողաց, ինչպես առյուծն է դողում օձ տեսնելիս։— Իմ հերթն է։ Ես ամուսնացա այս կնոջ հետ, երբ նա դեռ բոլորովին դեռատի աղջիկ էր, ամուսնացա մեր ամբողջ ընտանիքի կամքին հակառակ։ Ես նրան տվի հարստություն, տվի իմ անունը և մի անգամ ինձ համար պարզվեց, այս կինը խարանված է. նրա ձախ ուսը խարանված է շուշանանման խարանով։
— Օ՜,— գոչեց միլեդին և վեր կացավ։— Համոզված եմ, որ չի գտնվի մի դատարան, որն իմ նկատմամբ կայացրած լինի այդ նողկալի դատավճիռը։ Համոզված եմ, չի գտնվի այն մարդը, ով կատարել է այդ։
— Լռեցե՛ք,— ասաց մի ձայն։— Դրա պատասխանը ես կտամ։
Կարմիր թիկնոցավոր մարդը առաջ եկավ։
— Ո՞վ է սա, ո՞վ է սա,— աղաղակեց միլեդին՝ վախից շնչասպառ լինելով։ Նրա մազերը փռվել ու թափվել էին մահատես դեմքին։
Բոլորի հայացքն ուղղվեց այդ մարդու վրա, ոչ ոք, բացի Աթոսից, չգիտեր, թե ով է նա։
Բայց հենց Աթոսն էլ նայում էր նրան նույնպիսի զարմանքով, ինչպես մյուսները, չհասկանալով, թե ինչպես կարող է այդ մարդը մասնակից լինել այն սոսկալի դրամային, որի հանգույցը լուծվում էր այդ պահին։
Դանդաղ, հանդիսավոր քայլերով մոտենալով միլեդիին այնքան, որ նրանց բաժանում էր միայն սեղանը, անծանոթը վերցրեց իր դիմակը։
Միլեդին մի պահ սաստկացող սարսափով նայում էր նրա գունատ դեմքին, որ շրջանակված էր սև մազերով ու այտմորուսներով և պահպանում էր պաղ ու անտարբեր հանգստություն, ապա հանկարծ վեր թռավ ու ետ֊ետ քաշվեց դեպի պատը։
— Ո՛չ, ո՛չ,— դուրս թռավ նրա բերանից։— Ո՛չ։ Սա դժոխային տեսիլք է։ Սա նա չէ... օգնեցե՜ք, օգնեցե՜ք,— գոռաց նա խռպոտ ձայնով և դարձավ դեպի պատը, ասես ցանկանալով ձեռքով ետ հրել այն ու թաքնվել նրա մեջ։
— Բայց ո՞վ եք դուք,— հարցրին այս տեսարանի բոլոր վկաները։
— Հարցրեք այս կնոջը,— ասաց կարմիր թիկնոցավոր մարդը,— ինքներդ տեսնում եք, որ նա ինձ ճանաչեց։
— Լիլլի դահի՜ճը, Լիլլի դահի՜ճը,— ճչաց միլեդին՝ սարսափից խելքը թռցնելով և ձեռքերով պատը բռնելով, որպեսզի վայր չընկնի։
Բոլորը ետ֊ետ քաշվեցին, և կարմիր թիկնոցավոր մարդը մնաց սենյակի մեջտեղը։
— Օ՜, խնայեցե՜ք, խնայեցե՜ք, ներեցե՜ք ինձ,— գոռում էր այդ արգահատելի կինը՝ ծունկ չոքած։
Անծանոթը սպասեց, մինչև լռություն տիրեց։
— Ես ձեզ ասում էի, որ նա ինձ ճանաչեց,— ասաց նա։— Այո, ես Լիլլ քաղաքի դահիճն եմ, և ահա իմ պատմությունը։
Բոլորը ակնապիշ նայում էին այդ մարդուն, հուզված անհամբերությամբ սպասելով, թե ինչ կասի նա։
— Այս դեռատի կինը մի ժամանակ նույնքան գեղեցիկ, ջահել աղջիկ էր։ Նա բենեդիկտուհիների Տապլեմարի վանքի միանձնուհի էր։ Պարզամիտ ու խոր հավատացյալ մի ջահել քահանա ժամերգություն էր կատարում այդ վանքի եկեղեցում։ Այս կինը մտածում է գայթակղել նրան, և այդ նրան հաջողվում է, նա սրբին էլ կարող էր գայթակղել։
Նրանց ընդունած վանական ուխտը սրբազան էր ու անխախտ։ Նրանց կապը չէր կարող երկար տևել, վաղ թե ուշ այդ կապը պետք է կործաներ նրանց։ Ջահել միանձնուհին իր սիրեկանին համոզում է հեռանալ այդ գավառից, բայց գնալու, երկուսով թաքնվելու, Ֆրանսիայի մի ուրիշ մասն անցնելու համար, որտեղ նրանք կարող էին հանգիստ ապրել, որովհետև ոչ ոք նրանց չէր ճանաչի, փող էր հարկավոր։ Իսկ փող չունեին ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Քահանան գողացավ սուրբ անոթները և ծախեց, բայց այն պահին, երբ սիրահարները պատրաստվում էին միասին մեկնելու, նրանց բռնեցին։
Մի շաբաթ անց այս կինը հրապուրեց բանտապահի որդուն և փախավ։ Քահանան դատապարտվեց տասը տարվա շղթայակապ բանտարկության և խարանման։ Ես Լիլլ քաղաքի դահիճն էի, ինչպես հաստատում է այս կինը։ Իմ պարտականությունն էր խարանել մեղավորին, իսկ մեղավորը, պարոններ, իմ եղբայրն էր։
Այն ժամանակ ես երդվեցի, որ այս կինը, որը կործանեց նրան, որն ավելի էր, քան նրա գործակիցը, որովհետև սա էր նրան հանցագործության դրդել, առնվազն պետք է հավասար պատիժ կրի։ Ես գլխի ընկա, թե որտեղ է թաքնվել նա, հետապնդեցի, գտա, կապկպեցի և նույն ձևով խարանեցի նրան, ինչպես խարանել էի եղբորս։ Լիլլ վերադառնալուս հաջորդ օրը իմ եղբորն էլ հաջողվեց բանտից փախչել։ Ինձ մեղադրեցին նրան աջակցելու մեջ և դատապարտեցին բանտարկության այնքան ժամանակ, մինչև որ փախստականը կվերադառնա ու կհանձնվի իշխանությունների ձեռքը։ Իմ խեղճ եղբայրը չգիտեր այդ դատավճռի մասին։ Նա նորից միացել էր այս կնոջը, միասին փախել էին Բերրի, և այնտեղ եղբորս հաջողվել էր մի փոքրիկ ծուխ ստանալ։ Այս կինը իրեն ներկայացրել էր որպես եղբորս քույր։
Այն ազնվականը, որի տիրապետության մեջ էր գտնվում ծխական եկեղեցին, տեսնում է այս կարծեցյալ քրոջը և սիրահարվում նրան, սիրահարվում է այնպես, որ առաջարկում է սրան իր կինը դառնալ։ Այն ժամանակ այս կինը լքում է նրան, ում արդեն կործանել էր, ի սեր այն մարդու, որին պիտի կործաներ, և դառնում է կոմսուհի դը Լա Ֆեր...
Բոլորը հայացքները դարձրին դեպի Աթոսը, որին, իրոք, կոչում էին կոմս դը Լա Ֆեր, և Աթոսը գլխի շարժումով հաստատեց, որ դահճի բոլոր ասածները ճշմարտություն են։
— Այն ժամանակ,— շարունակեց դահիճը,— իմ խեղճ եղբայրը հուսահատության մեջ ընկնելով, որոշելով ազատվել կյանքից, որ այս կինը զրկել էր ամեն բանից՝ և՛ պատվից, և՛ երջանկությունից, վերադառնում է Լիլլ։ Իմանալով, որ ես բանտարկված եմ իր փոխարեն, նա կամովին ներկայացավ բանտ և հենց նույն երեկոյան իրեն կախեց բանտի խցում։
Ի դեպ, պետք է արդարամիտ լինել ասելով, որ ինձ դատապարտող իշխանություններն իրենց խոսքին հաստատ մնացին, հենց որ պարզեցին ինքնասպանի անձնավորությունը, ինձ ազատ արձակեցին։
Ահա այն ոճիրը, որի մեջ ես մեղադրում եմ այս կնոջը, ահա թե ինչի համար է խարանված նա։
— Պարոն դ’Արտանյան,— սկսեց Աթոսը,— ի՞նչ պատիժ եք պահանջում դուք այս կնոջ համար։
— Մահապատիժ,— պատասխանեց դ’Արտանյանը։
— Միլորդ Վինտեր, ինչ պատիժ եք պահանջում այս կնոջ համար։
— Մահապատիժ,— պատասխանեց լորդ Վինտերը։
— Պարոն Պորտոս և պարոն Արամիս, դուք այս կնոջ դատավորներն եք, ի՞նչ պատժի եք դատապարտում սրան։
— Մահապատժի՛,— խուլ ձայնով պատասխանեցին երկու հրացանակիրները։
Միլեդին հուսահատական ճիչ արձակեց և ծնկների վրա մի քանի քայլ սողաց դեպի իր դատավորները։
Աթոսը ձեռքը բարձրացրեց։
— Շառլոտա Բաքսոն, կոմսուհի դը Լա Ֆեր, միլեդի Վինտեր։— ասաց նա,— ձեր ոճրագործությունները լցրել են երկրի վրա մարդկանց, երկնքում՝ աստծո համբերության բաժակը։ Եթե դուք որևէ աղոթք գիտեք, ասացեք այդ աղոթքը, որովհետև դուք դատապարտված եք մահվան և պիտի մեռնեք։
Լսելով այս խոսքերը, որոնք այլևս ոչ մի հույսի նշույլ չէին թողնում, միլեդին բարձրացավ, ձգվեց ամբողջ հասակով և ուզում էր ինչ֊որ բան ասել, բայց ուժերը դավաճանեցին նրան։ Նա զգաց, որ մի տիրական ու անողոք ձեռք բռնեց իր մազերը և քարշ տվեց այնպես անդառնալի, ինչպես ճակատագիրն է քարշ տալիս մարդուն։ Նա նույնիսկ չփորձեց դիմադրել և դուրս եկավ տնակից։
Լորդ Վինտերը, դ’Արտանյանը, Աթոսը, Պորտոսն ու Արամիսը դուրս եկան նրա հետևից։ Ծառաներն էլ հետևեցին իրենց տերերին։ Դատարկված սենյակում, որի լուսամուտը փշրված էր և դուռը կրնկի վրա բաց, սեղանի վրա տխուր վառվում էր ծխացող ճրագը։