Chapter 64
Երկրորդ մաս XXXIV. Կարմիր թիկնոցով մարդը
Աթոսի կատաղությանը փոխարինեց մի թաքնված թախիծ, որն ավելի ուժեղացրեց նրա փայլուն մտքի հատկությունները։
Իր տված խոստումի և ստանձնած պատասխանատվության մտքով կլանված՝ նա վերջինը գնաց իր սենյակը, հյուրանոցի տիրոջը խնդրեց բերել իրեն այդ գավառի քարտեզը, կռացավ քարտեզի վրա և ուսումնասիրելով այն՝ պարզեց, որ Բետյունից Արմանտիեր են տանում չորս տարբեր ճանապարհներ։ Նա հրամայեց իր մոտ կանչել իրենց ծառաներին։
Պլանշեն, Գրիմոն, Մուշկետոնն ու Բազենը ներկայացան Աթոսին, նրանից ստացան պարզ, ճշգրիտ և մտածված հրամաններ։
Նրանք պետք է լուսաբացին ճանապարհ ընկնեին դեպի Արմանտիեր, յուրաքանչյուրն առանձին ճանապարհով։ Պլանշեն, որպես չորս ծառաներից ամենախոհունը, պետք է գնար այն ճանապարհով, որով գնացել էր այն կառեթը, որին կրակել էին չորս ընկերները և որին, ինչպես հիշում է ընթերցողը, ուղեկցում էր Ռոշֆորի ծառան։
Աթոսը ծառաներին գործի մեջ ներգրավեց նախևառաջ այն պատճառով, որ նրանց ծառայության ընթացքում նկատել էր, որ չուրաքանչյուրը նրանցից գնահատելի արժանիքներ ունի։ Բացի այդ, եթե ծառաներն են անցորդներին հարցուփորձ անում, ավելի քիչ կասկած են հարուցում, քան նրանց տերերը և ավելի մեծ բարեհաճություն են գտնում նրանց կողմից, ում դիմում են։ Եվ, վերջապես, միլեդին տերերին ճանաչում էր, իսկ ծառաներին՝ ոչ, մինչդեռ ծառաները, ընդհակառակն, լավ էին ճանաչում միլեդիին։
Բոլոր չորսն էլ հաջորդ օրվա ժամը տասնմեկին պետք է հավաքվեին պայմանավորված տեղում։ Եթե նրանց հաջողվեր պարզել, թե որտեղ է թաքնվել միլեդին, երեքը պետք է մնային նրան հսկելու, իսկ չորրորդը պետք է վերադառնար Բետյուն՝ Աթոսին իմաց տալու և չորս ընկերներին ճանապարհը ցույց տալու։
Այս կարգադրությունները լսելուց հետո ծառաները գնացին։
Աթոսը վեր կացավ աթոռից, սուսերը կապեց, թիկնոցի մեջ փաթաթվեց և դուրս գնաց հյուրանոցից։ Ժամը տասին մոտ էր։ Ինչպես հայտնի է, երեկոյան ժամը տասին գավառական քաղաքի փողոցները սովորաբար ամայի են լինում, սակայն Աթոսը, ըստ երևույթին, որոնում էր մեկին, որին կարողանար դիմել մի հարցով։ Վերջապես նա հանդիպեց մի ուշացած անցորդի, մոտեցավ նրան և մի քանի խոսք ասաց։ Մարդը, որին նա դիմեց, վախեցած ետ քաշվեց, բայց և այնպես, որպես հրացանակրի հարցի պատասխան՝ ձեռքով ցույց տվեց մի ինչ֊որ տեղ։ Աթոսը այդ մարդուն կես պիստոլ խոստացավ իրեն այնտեղ առաջնորդելու համար, սակայն անցորդը հրաժարվեց։
Աթոսը խորացավ այն փողոցում, որ անցորդը ցույց տվեց մատով, բայց հասնելով խաչմերուկին՝ նորից կանգ առավ, ըստ երևույթին, դժվարբանում էր որոշել, թե որ կողմը պիտի գնա։ Բայց որովհետև խաչմերուկում ավելի շուտ կարող էր որևէ մեկին հանդիպել, նա շարունակեց կանգնած մնալ այնտեղ։ Եվ իրոք, շուտով երևաց գիշերապահը։ Աթոսը նրան դիմեց նույն հարցով, որն արդեն տվել էր անցորդին։ Գիշերապահն էլ ճիշտ նույնպես վախեցավ, նույնպես հրաժարվեց առաջնորդել Աթոսին և միայն ձեռքով ցույց տվեց ճանապարհը։
Աթոսը գնաց ցույց տված ուղղությամբ, հասավ քաղաքի արվարձանը։ Այդ արվարձանը գտնվում էր ճիշտ հակառակ կողմում՝ այնտեղից, որտեղով Աթոսն ու իր ընկերները մտել էին քաղաք։ Այստեղ էլ նա նորից տարակուսանքի ու շփոթության մեջ ընկավ և երրորդ անգամ կանգ առավ։
Բարեբախտաբար այդտեղով անցնում էր մի մուրացկան, որը մոտեցավ Աթոսին՝ ողորմություն խնդրելու։ Աթոսը մի էքյու խոստացավ, եթե մուրացկանը իրեն տաներ այնտեղ, ուր ուզում էր գնալ։ Մուրացկանը սկզբում տատանվեց, բայց երբ տեսավ մթության մեջ շողացող արծաթե դրամը, համաձայնեց և Աթոսի առաջն ընկավ։
Հասնելով մի փողոցի անկյունը՝ նա հեռվից Աթոսին ցույց տվեց առանձնացած մի փոքրիկ ու մռայլ տնակ։ Աթոսն ուղղվեց դեպի այդ տնակը, իսկ մուրացկանն իր վարձն ստանալով՝ հեռու փախավ։
Աթոսը ստիպված եղավ պտտվել տան շուրջը, մինչև որ կարողացավ դուռը գտնել ծիրանագույն ներկի ֆոնում, որով ներկված էին պատերը։ Խլափեղկերի միջով լույսի ոչ մի ճառագայթ չէր երևում, չէր լսվում և ոչ մի ձայն, որով կարելի լիներ որոշել, որ այդ տանը բնակվող կա։ Գերեզմանի պես մռայլ ու լուռ էր այդ տունը։
Աթոսը երեք անգամ բախեց, բայց ոչ ոք պատասխան չտվեց։ Սակայն երրորդ բախոցից հետո ներսում մոտեցող քայլերի ձայն լսվեց։ Վերջապես դուռը կիսաբաց եղավ և երևաց բարձրահասակ մի մարդ գունատ դեմքով, թուխ մազերով և թուխ մորուքով։
Աթոսը և անծանոթը շշուկով մի քանի խոսք փոխանակեցին, որից հետո բարձրահասակ մարդը հրացանակրին նշան արեց, որ նա կարող է ներս մտնել։ Աթոսն իսկույն օգտվեց այդ թույլտվությունից, և դուռը ծածկվեց նրա հետևից։
Այդ մարդը, որին գտնելու համար Աթոսն այդքան հեռու էր գնացել և որին այդքան դժվարությամբ էր գտել, Աթոսին տարավ մի սենյակ, որտեղ ինքը դրանից առաջ երկաթալարով ամրացնում էր մի կմախքի ոսկորները։ Ամբողջ կմախքն արդեն հավաքված էր, միայն գանգը դեռ առանձին դրված էր սեղանին։
Սենյակի մնացած ամբողջ կահավորությունը ցույց էր տալիս, որ նրա տերը զբաղվում է բնական գիտություններով. բանկաների մեջ կային զանազան օձեր, չորացած մողեսները դրված էին սև փայտի մեծ֊մեծ շրջանակների մեջ և փայլփլում էին զմրուխտի պես, առաստաղից կախված կամ սենյակի անկյուններում շարված էին վայրի խոտաբույսերի խրձեր, որոնք ուժեղ հոտ էին արձակում և հավանորեն ունեին անտեղյակ մարդկանց անծանոթ հատկություններ։ Աչքի էր ընկնում ընտանիքի ու ծառաների բացակայությունը. բարձրահասակ մարդն այդ տանը մենակ էր ապրում։
Աթոսը անտարբեր ու անվրդով հայացք գցեց մեր նկարագրած այդ առարկաների վրա և անծանոթի հրավերով նստեց։
Ապա նա բացատրեց իր այցելության պատճառը և թե ինչ խնդիրքով է դիմում նրան, բայց հազիվ էր նա վերջացրել իր խոսքը, անծանոթը սոսկումով ետ քաշվեց և հրաժարվեց հրացանակրի առաջարկը կատարելուց։ Այն ժամանակ Աթոսը գրպանից հանեց մի թերթ թուղթ, որի վրա գրված էր երկու տող, հաստատված ստորագրությամբ ու կնիքով, և ցույց տվեց այդ մարդուն, որն շտապել էր իր գարշանքն արտահայտել։ Հենց որ բարձրահասակ մարդն այդ երկու տողը կարդաց, ստորագրությունը տեսավ ու կնիքը ճանաչեց, իսկույն գլուխը խոնարհեց, որպես նշան, որ ինքն այլևս առարկություն չունի և պատրաստ է հնազանդվելու։
Աթոսին հենց միայն այդ էր հարկավոր։ Նա վեր կացավ, հրաժեշտ տվեց, եկած ճանապարհով ետ դարձավ հյուրանոց և փակվեց իր սենյակում։
Լուսաբացին դ’Արտանյանը մտավ նրա սենյակը և հարցրեց, թե ինչ պետք է անել։
— Սպասել,— պատասխանեց Աթոսը։
Շուտով մայրապետը հրացանակիրներին տեղեկացրեց, որ թաղումը տեղի է ունենալու կեսօրին։ Ինչ վերաբերում է թունավորողին, նրա մասին ոչ մի տեղեկություն չկար։ Միայն ենթադրում էին, որ նա փախել է այգու միջով, այնտեղ տեսել էին նրա հետքերը, իսկ այգու դռնակը փակ էր, և նրա բանալին կորել էր։
Նշանակված ժամին լորդ Վինտերը և չորս ընկերները գնացին վանք։ Այնտեղ բոլոր զանգերը խփում էին, մատուռի դռները բաց էին, բայց բեմի վանդակը փակ էր։ Բեմի կենտրոնում դրված էր մի դագաղ, նրա մեջ՝ ոճրագործության զոհը՝ վանականի հագուստով։ Բեմի երկու կողմերում, վանդակի հետևում, որի դուռը բացվում էր ուղղակի վանքից, շարված էին կարմելիտուհիները՝ լրիվ կազմով։ Նրանք ունկնդրում էին հոգեհանգստի արարողությունը և իրենց երգը միացնում քահանաների երգին, առանց տեսնելու աշխարհական մարդկանց և իրենք էլ չերևալով նրանց։
Մատուռի դռանը մոտենալիս դ’Արտանյանը զգաց, որ ինքը նորից կորցնում է արիությունը։ Նա շուռ եկավ հայացքով որոնելով Աթոսին, սակայն Աթոսը անհայտացել էր։
Հավատարիմ մնալով վրեժխնդրության մասին իր ստանձնած խնդրին՝ Աթոսը պատվիրել էր իրեն ուղեկցել այգի։ Այստեղ նա քայլեց ավազի վրա մնացած թեթև հետքերով, որ թողել էր միլեդին, որն ամենուրեք, ուր ոտք էր դնում, արյան հետք էր թողնում իր հետևից, Աթոսը հասավ այգու դռնակին, որ բացվում էր դեպի անտառի եզրը, հրամայեց բաց անել այն և խորացավ անտառի մեջ։
Այստեղ նրա բոլոր ենթադրությունները հաստատվեցին. այն ճանապարհը, դեպի ուր շուռ էր եկել կառեթը, շրջանցում էր անտառը։
Աթոսի միառժամանակ հայացքը գետնին հառած՝ գնում էր այդ ճանապարհով։ Նա հաճախ այնտեղ նկատում էր արյան մանր բծեր, որոնք ցույց էին տալիս, որ կամ այն մարդն է վիրավորվել, որը ձին նստած ուղեկցում էր կառեթին, կամ թե ձիերից մեկը։ Իսկ վանքից մի երեք քառորդ լյո հեռանալուց հետո, Ֆեստյուբերից մոտ հիսուն քայլ հեռավորության վրա երևաց արյան մի ավելի մեծ բիծ, որի շուրջը ձիերը տրորել էին գետինը։ Անտառի և այդ տրորված վայրի միջև, ձիերի սմբակների փորփրած տեղից մի քիչ հեռու նորից երևացին նույն մանր քայլերի հետքերը, ինչ֊որ կային այգում։ Այստեղ, ըստ երևույթին, կառեթը կանգ էր առել։
Այստեղ միլեդին դուրս էր եկել անտառից և կառեթ նստել։
Գոհ լինելով իր այս հայտնագործությունից, որը հաստատում էր իր բոլոր ենթադրությունները, Աթոսը վերադարձավ հյուրանոց և այնտեղ գտավ Պլանշեին, որն անհամբեր նրան էր սպասում։
Ամեն ինչ եղել էր այնպես, ինչպես ենթադրում էր Աթոսը։
Պլանշեն նույնպես, ինչպես և Աթոսը, ճանապարհով առաջ գնալիս նկատել էր արյան բծեր և այնտեղը, որտեղ կանգ էին առել ձիերը։ Բայց Աթոսն այդտեղից ետ էր դարձել, իսկ Պլանշեն առաջ էր գնացել և Ֆեստյուբեր գյուղի պանդոկում նստած գինի խմելիս նա, նույնիսկ առանց որևէ մեկին հարցեր տալու, իմացել էր, որ նախորդ օրը, երեկոյան ժամը ութին և կեսին մի վիրավորված մարդ, որն ուղեկցում էր փոստային կառեթով ճանապարհորդող մի տիկնոջ, ստիպված է եղել կանգ առնել այդտեղ, որովհետև այլևս առաջ գնալ չէր կարող։ Անցորդներն այդ դեպքի համար մեղադրում էին ավազակներին, որոնք, նրանց ասելով, անտառում հարձակվել էին կառեթի վրա։ Վիրավորը մնացել է գյուղում, իսկ կինը ձիերը փոխել է և իր ճանապարհը շարունակել։
Պլանշեն որոնել էր այդ կառեթի կառապանին և գտել։ Կառապանը տիկնոջը տարել էր մինչև Ֆրոմել, իսկ Ֆրոմելից այդ կինը գնացել էր Արմանտիեր։ Պլանշեն կարճ ճանապարհով ուղևորվել էր Արմանտիեր և առավոտյան ժամը յոթին հասել այնտեղ։
Պարզվել էր, որ այդտեղ միայն մեկ հյուրանոց կա՝ փոստակայանին կից։ Պլանշեն գնացել էր այնտեղ, որպես թե առանց աշխատանքի մնացած ծառա է և իր համար ծառայություն է որոնում։ Հյուրանոցի ծառայի հետ հազիվ մի տասը րոպե զրուցելուց հետո նրա համար պարզվել էր, որ նախորդ օրը երեկոյան ժամը տասնմեկին մի ինչ֊որ կին, առանց որևէ մեկի ուղեկցության, եկել է այդտեղ, պատվիրել է իր մոտ կանչել հյուրանոցի տնօրենին և ասել է նրան, որ ինքը կուզենար միառժամանակ ապրել Արմանտիերի շրջակայքում։
Պլանշեն, այսպիսով, իմացել էր ամեն բան, ինչ իրեն հարկավոր էր։ Նա վազել էր տեսակցության համար նշանակված տեղը, այնտեղ, ինչպես պայմանավորվել էին, հանդիպել էր մյուս երեք ծառաներին, նրանց պատվիրել էր հսկել հյուրանոցի բոլոր դռները և ինքը ետ էր շտապել Աթոսի մոտ։ Պլանշեն դեռ իր հավաքած այս տեղեկություններն է հայտնում Աթոսին, երբ թաղումից վերադարձան Աթոսի ընկերները։
Բոլորի դեմքերը, նույնիսկ Արամիսի հեզ դեմքը, մռայլ էր ու տրտում։
— Ի՞նչ պետք է անել,— հարցրեց դ’Արտանյանը։
— Սպասել,— պատասխանեց Աթոսը։
Բոլորը ցրվեցին իրենց սենյակները։
Երեկոյան ժամը ութին Աթոսը հրամայեց ձիերը թամբել և պատվիրեց լորդ Վինտերին ու իր ընկերներին հայտնել, որ նրանք ճանապարհ ընկնեն։
Բոլոր հինգն էլ մի ակնթարթում պատրաստ էին։ Նրանցից յուրաքանչյուրը զննեց իր զենքը և կարգի բերեց։ Աթոսը վերջինը ցած իջավ։ Դ’Արտանյանն արդեն հեծել էր ձին և շտապում էր ճանապարհ ընկնելու։
— Սպասեք մի քիչ,— ասաց Աթոսը,— դեռ էլի մի մարդ պակասում է մեզնից։
Չորս ձիավորները զարմացած շուրջը նայեցին, նրանցից յուրաքանչյուրն ապարդյուն մտածում էր ու մտածում, թե այդ ով է պակասում։
Մինչ այդ Պլանշեն բերեց Աթոսի ձին։ Հրացանակիրը թեթև շարժումով ցատկեց թամբի վրա։
— Սպասեցեք ինձ, ես հիմա ետ կգամ,— ասաց նա ու ձին քշեց։
Իսկապես, մի քառորդ ժամից նա վերադարձավ մի մարդու հետ, որը երեսին դիմակ ուներ և փաթաթված էր մի մեծ, կարմիր թիկնոցի մեջ։
Լորդ Վինտերը և երեք հրացանակիրները հարցական հայացքով իրար նայեցին։ Բայց նրանցից ոչ մեկը մյուսներին բացատրել չէր կարող, ոչ մեկին հայտնի չէր, թե ով է այդ մարդը։ Նրանք իրենց մտքում որոշեցին, որ այդպես էլ պետք է լինի, քանի որ Աթոսն է արել այդ։
Ժամը իննին ձիավորների այդ փոքրիկ խումբը Պլանշեի առաջնորդությամբ ուղևորվեց այն նույն ճանապարհով, որով անցել էր կառեթը։
Տխուր պատկեր էին ներկայացնում այդ վեց մարդը, որոնք գնում էին լուռ, իրենց մտքերի մեջ սուզված, մռայլ ինչպես հուսահատություն և ահեղ ինչպես վրեժխնդրություն։