Chapter 63
Երկրորդ մաս XXXIII. Վերջին կաթիլը
Հենց որ Ռոշֆորը դուրս գնաց, տիկին Բոնասիեն վերադարձավ սենյակ և տեսավ, որ միլեդին ուրախ ժպտում է։
— Դե ուրեմն, ինչից որ վախենում էիք, կատարվեց,— խոսեց դեռատի կինը։— Այսօր երեկոյան կամ վաղը կարդինալը մարդ կուղարկի ձեր հետևից։
— Ո՞վ ասաց ձեզ այդ, սիրելիս,— հարցրեց միլեդին։
— Ես այդ լսեցի հենց իր՝ սուրհանդակի բերանից։
— Մոտեցեք և նստեցեք իմ կողքին,— առաջարկեց միլեդին։
— Խնդրեմ։
— Սպասեցեք տեսնեմ, մեզ լսող չկա՞։
— Ինչի՞ համար է այդ նախազգուշությունը։
— Հիմա կիմանաք։
Միլեդին վեր կացավ, մոտեցավ դռանը, բաց արեց, նայեց միջանցք, ապա նորից նստեց տիկին Բոնասիեի մոտ և հարցրեց.
— Նշանակում է նա լա՞վ խաղաց իր դերը։
— Այդ ո՞վ։
— Նա, որ մայրապետին ներկայացավ որպես կարդինալի սուրհանդակ։
— Ուրեմն նա միայն դե՞ր էր խաղում։
— Այո, սիրելիս։
— Նշանակում է այդ մարդը...
— Այդ մարդը,— ասաց միլեդին՝ ձայնը ցածրացնելով,— իմ եղբայրն է։
— Ձեր եղբա՞յրը,— բացականչեց տիկին Բոնասիեն։
— Մենակ դուք գիտեք այդ գաղտնիքը, սիրելիս։ Եթե որևէ մեկին հայտնեք, ես կորած եմ, և գուցե թե դուք էլ ինձ հետ։
— Ա՜խ, Աստվա՜ծ իմ։
— Լսեցեք, թե ինչ է եղել, իմ եղբայրը, որ շտապելիս է եղել այստեղ, ինձ օգնության, որպեսզի, եթե հարկ լինի, ուժով ազատի ինձ, ճանապարհին պատահել է կարդինալի սուրհանդակին, որին կարդինալն ուղարկած է եղել իմ հետևից, և հետապնդել է նրան։ Հասնելով մի ամայի տեղ նա դուրս է քաշել սուսերը և սուրհանդակին սպառնալով պահանջել է իրեն տալ մոտը եղած թղթերը։ Սուրհանդակը փորձել է պաշտպանվել, և իմ եղբայրը սպանել է նրան։
— Ա՜խ,— ցնցվեց տիկին Բոնասիեն։
— Այդ միակ միջոցն է եղել, հասկացեք։ Այնուհետև եղբայրս որոշել է գործել ոչ թե ուժով, այլ խորամանկությամբ, վերցրել է թղթերը, ներկայացել այստեղ որպես կարդինալի սուրհանդակ, և մեկ֊երկու ժամից նորին սրբազանության հրամանով կառեթ է գալու իմ ետևից։
— Հասկանում եմ, այդ կառեթը ձեր եղբայրն է ուղարկելու ձեզ համար։
— Միանգամայն ճիշտ է։ Բայց այդ դեռ բոլորը չէ. այն նամակը, որ դուք ստացել եք, կարծում եք, թե տիկին դը Շևրյոզի՞ց է...
— Է՞։
—...կեղծ նամակ է։
— Ինչպե՞ս թե։
— Այո, կեղծ է. դա մի ծուղակ է, որ սարքել են, որպեսզի երբ ձեր հետևից գան, դուք չդիմադրեք։
— Բայց չէ՞ որ դ’Արտանյանն է գալու։
— Վերջ տվեք ձեր մոլորությանը, դ’Արտանյանն ու նրա ընկերները Լա֊Ռոշելի պաշարման մասնակիցների մեջ են։
— Որտեղի՞ց գիտեք այդ։
— Իմ եղբայրը հանդիպել է կարդինալի ուղարկած մարդկանց, որոնք հրացանակրի հագուստով են եղել։ Ձեզ կկանչեին դարպասի մոտ, դուք կկարծեիք, թե գործ ունեք բարեկամների հետ, ձեզ կփախցնեին ու ետ կտանեին Փարիզ։
— Օ՜, աստվա՜ծ իմ, ես գլուխս կորցնում եմ անօրինությունների այս քաոսի մեջ։ Ձգում եմ, որ եթե այսպես շարունակվի,— ասաց տիկին Բոնասիեն ձեռքերը ճակատին տանելով,— ես կխելագարվեմ։
— Սպասեք...
— Ի՞նչ կա։
— Ես ձիու ոտնաձայն եմ լսում. իմ եղբայրն է գնում։ Ես ուզում եմ նորից հրաժեշտ տալ նրան, գնանք։
Միլեդին լուսամուտը բաց արեց և ձեռքի շարժումով մոտ կանչեց տիկին Բոնասիեին։ Դեռատի կինը մոտեցավ։
Ռոշֆորը լուսամուտի տակով սրարշավ քշում էր ձին։
— Ցտեսություն, եղբա՜յր,— ձայն տվեց միլեդին։
Ձիավորը գլուխը բարձրացրեց, տեսավ երկու ջահել կանանց և առանց ընթացքը դանդաղեցնելու սիրալիր ձեռքով արավ միլեդիին։
— Աննման Ժորժ,— ասաց միլեդին՝ քնքուշ ու թախծոտ արտահայտություն տալով իր դեմքին և լուսամուտը փակեց։
Նա նստեց իր նախկին տեղը և ձևացրեց, թե սուզվել է սոսկ իր անձին վերաբերող խոհերի մեջ։
— Ներեցեք, տիրուհի, թույլ տվեք ընդհատել ձեր մտքերը,— դիմեց նրան տիկին Բոնասիեն։— Ի՞նչ խորհուրդ կտաք անել ինձ։ Դուք կյանքի գործերում ինձնից ավելի փորձված եք, սովորեցրեք, ի՞նչ անեմ։
— Ամենից առաջ,— պատասխանեց միլեդին,— հնարավոր է, որ ես սխալվում եմ, և դ’Արտանյանն ու իր ընկերները իրոք կգան ձեզ оգնության։
— Ա՜խ, այդ այնքա՜ն լավ կլիներ, որ նույնիսկ հավատս չի գալիս,— գոչեց տիկին Բոնասիեն։— Այդպիսի երջանկությունն ինձ համար չէ։
— Այդ դեպքում, դուք հասկանո՞ւմ եք, դա ժամանակի հարց է, մի տեսակ մրցություն, թե ով առաջինը կգա։ Եթե ձեր բարեկամները գան, ուրեմն դուք փրկված եք, իսկ եթե կարդինալի արբանյակները գան, դուք կորած եք։
— Օ՜, այո, այո, կորած եմ անվերադարձ։ Ի՞նչ անեմ ուրեմն, ի՞նչ անեմ։
— Կա թերևս մեկ միջոց, շատ պարզ ու միանգամայն բնական միջոց։
— Ի՞նչ միջոց, ասացեք։
— Մոտերքում մի որևէ տեղ թաքնվել ու սպասել և նախ իմանալ, թե ինչ մարդիկ են եկել ձեր հետևից։
— Բայց որտե՞ղ սպասել։
— Դե դա հեշտ բան է։ Ես ինքս էլ թաքնվելու եմ այստեղից մի քանի լյո հեռավորության վրա, մինչև որ եղբայրս կգա։ Այսպես անենք, ես ձեզ կտանեմ ինձ հետ, կթաքնվենք և միասին կսպասենք։
— Բայց ինձ այստեղից բաց չեն թողնի, այստեղ ես գերու վիճարկում եմ։
— Այստեղ կարծում են, որ ես գնում եմ կարդինալի հրամանով, և համոզված են, որ դուք ամենևին հակված չեք ինձ ուղեկցելու։
— Հետո՞։
— Դե ուրեմն, կառեթը կմատուցվի, դուք հրաժեշտ կտաք ինձ, կկանգնեք կառեթի ոտնատեղին, որպես թե ցանկանում եք վերջին անգամ գրկել ինձ։ Իմ եղբոր ծառան, որին նա ուղարկելու է իմ ետևից, նախազգուշացված կլինի, նա նշան կանի կառապանին, և մենք կսլանանք ամբողջ թափով։
— Բայց դ’Արտանյանը, իսկ եթե դ’Արտանյանը գա՞։
— Մենք այդ կիմանանք։
— Ի՞նչ միջոցով։
— Դրանից հեշտ ի՞նչ կա։ Մենք նորից Բետյուն կուղարկենք իմ եղբոր ծառային, որի վրա, կրկնում եմ, լիովին կարող ենք հույս դնել։ Նա կծպտվի և կապրի վանքի դիմաց, եթե կգան կարդինալի մարդիկ, նա տեղից չի շարժվի, իսկ եթե կգան դ’Արտանյանն ու իր ընկերները, նրանց կբերի մեզ մոտ։
— Բայց մի՞թե նա ճանաչում է նրանց։
— Իհարկե ճանաչում է, նա շատ անգամ է դ’Արտանյանին տեսել իմ տանը։
— Այո, ճիշտ որ, դուք իրավացի եք... Ուրեմն ամեն ինչ կարգավորվում է, ամեն ինչ լավ է սարքվում, բայց այստեղից շատ հեռու չգնանք։
— Ամենաշատը յոթ֊ութ լյո։ Մենք կանգ կառնենք սահմանի մոտ մի ծածուկ տեղ և առաջին իսկ վտանգի դեպքում Ֆրանսիայից կհեռանանք։
— Իսկ մինչ այդ ի՞նչ կանենք։
— Կսպասենք։
— Իսկ եթե նրանք գա՞ն։
— Իմ եղբոր կառեթն ավելի շուտ կգա։
— Բայց ի՞նչ կանենք, եթե ձեր գնալու ժամանակ ես այստեղ չլինեմ, օրինակի ճաշելիս կամ ընթրելիս լինեմ։
— Այսպիսի մի բան արեք։
— Ի՞նչ բան։
— Ասացեք ձեր բարի մայրապետին, որ թույլտվություն եք խնդրում ինձ հետ ճաշելու, որպեսզի որքան կարելի է քիչ բաժանվենք իրարից։
— Բայց թույլ կտա՞։
— Դրա մեջ մի վատ բան չկա։
— Շատ լավ։ Այդ դեպքում մենք ոչ մի րոպե չենք բաժանվի իրարից։
— Գնացեք նրա մոտ և խնդրեցեք։ Իմ գլուխը ծանրացել է, ես էլ կգնամ այգում զբոսնելու։
— Գնացեք, իսկ ես որտե՞ղ կգտնեմ ձեզ։
— Այստեղ, մի ժամ հետո։
— Այստեղ, մի ժամ հետո... Ա՜խ, շնորհակալ եմ ձեզնից, որքա՜ն բարի եք դուք։
— Ինչպես կարող եմ կարեկից չլինել ձեզ։ Եթե նույնիսկ դուք այդքան գեղեցիկ ու թովիչ չլինեիք, այն էլ բավական է, որ իմ ամենալավ բարեկամներից մեկի ընկերուհին եք։
— Սիրելի դ’Արտանյան. որքա՜ն շնորհակալ կլինի նա ձեզնից։
— Հուսով եմ։ Դե, ուրեմն, ամեն ինչի մասին պայմանավորվեցինք, գնանք ցած։
— Դուք այգի՞ եք դնում։
— Այո։
— Անցեք այս միջանցքով և իջեք փոքրիկ սանդուղքով, այն ձեզ ուղիղ այգի կտանի։
— Շատ լավ։ Շնորհակալ եմ ձեզնից։
Նրանք սիրալիր ժպիտներ փոխանակեցին և բաժանվեցին։
Միլեդին ճիշտ էր ասում, նրա գլուխը ծանրացել էր, դեռևս անորոշ, խառնիխուռն մտքերը ճնշում էին նրա ուղեղը։ Նրան հարկավոր էր առանձնանալ, որպեսզի կարգի բերեր իր մտքերը։ Նա աղոտ էր պատկերացնում հետագա անելիքները, նրան հանգիստ ու լռություն էր պետք, որպեսզի որոշակի ձև տա իր անորոշ մտքերին, որպեսզի գործողության ծրագիր կազմի։
Ամենից առաջ հարկավոր էր որքան կարելի է շուտ փախցնել տիկին Բոնասիեին, թաքցնել մի հուսալի տեղ և եթե հարկ լինի, պահել նրան որպես պատանդ։ Միլեդին սկսում էր սարսափել այդ կատաղի պայքարի ելքից, որի մեջ նրա թշնամիները դնում էին այնքան համառություն, որքան ինքը դաժանություն էր դնում։
Բացի այդ նա զգում էր, ինչպես ոմանք զգում են վերահաս վտանգը, որ այդ ելքը մոտ է և անխուսափելիորեն սոսկալի է լինելու։
Այսպիսով, ինչպես արդեն ասել ենք, նրա համար գլխավոր խնդիրն էր՝ իր ճանկը գցել տիկին Բոնասիեին։ Դ’Արտանյանի համար տիկին Բոնասիեն ամեն ինչ էր, նրա կյանքը, սիրած կնոջ կյանքը, նրա համար իր սեփական կյանքից ավելի թանկ էր։ Եթե բախտը դավաճաներ միլեդիին, և նա անհաջողության մեջ ընկներ, տիկին Բոնասիեին իր մոտ պատանդ ունենալով՝ նա կարող էր բանակցությունների մեջ մտնել և հավանաբար ձեռնտու պայմանների հասնել։ Այս խնդիրը նա արդեն լուծել էր. տիկին Բոնասիեն դյուրահավատությամբ կհետևի իրեն։ Եվ եթե նրանք երկուսն էլ թաքնվեն Արմանտիերում, միլեդին հեշտությամբ կհավատացնի տիկին Բոնասիեին, որ դ’Արտանյանը Բետյուն չի եկել։ Ամենաշատը կես ամսից Ռոշֆորը կվերադառնա, իսկ այդ կես ամսվա ընթացքում միլեդին կմտածի, թե ինչպես վրեժ լուծի չորս ընկերներից։ Ձանձրանալու առիթ, փառք աստծո, չի ունենա, ամենահաճելի ժամանակ կանցկացնի, որքան որ հանգամանքները հնարավորություն կտան իր բնավորությունն ունեցող մի կնոջ։ Պետք է կատարելության հասցնել իր վրեժի մտադրությունը։
Այս ամենը մտածելով՝ միլեդին միաժամանակ նայում էր այգու շուրջբոլորը աշխատելով մտքում պահել նրա դիրքը։ Նա գործում էր որպես հմուտ զորավար, որը միաժամանակ նախատեսում է և՛ հաղթանակը, և՛ պարտությունը, ուստի պատրաստվում էր, նայած թե ինչպես կընթանա ճակատամարտը, կամ առաջ գնալու, կամ նահանջելու։
Մեկ ժամ անց նա լսեց, որ մեկը կանչում է իրեն քնքուշ ձայնով. դա տիկին Բոնասիեն էր։ Բարեսիրտ մայրապետը, իհարկե, լիակատար համաձայնություն էր տվել, և ահա երիտասարդ կանայք գնացին միասին ընթրելու։
Երբ նրանք բակ մտան, մոտեցող կառեթի ձայն լսեցին։
Միլեդին ականջ դրեց։
— Դո՞ւք էլ եք լսում,— հարցրեց նա։
— Այո, դարպասի մոտ կառեթ կանգ առավ։
— Այո, հենց այն կառեթն է, որ իմ եղբայրն ուղարկել է մեզ համար։
— Օ՜, աստվա՜ծ իմ։
— Դե լավ, սրտապնդվիր։
Միլեդին չէր սխալվում, վանքի դարպասի մոտ զանգի ձայն հնչեց։
— Գնացեք ձեր սենյակը,— ասաց նա տիկին Բոնասիեին,— դուք երևի կունենաք թանկարժեք բաներ, որ կուզենայիք վերցնել ձեզ հետ։
— Ինձ մոտ նրա նամակները կան,— պատասխանեց տիկին Բոնասիեն։
— Դե ուրեմն վերցրեք և եկեք ինձ մոտ, մենք արագ֊արագ կընթրենք, կարող է պատահել, որ ամբողջ գիշեր ճանապարհ գնանք, հարկավոր է ուժ հավաքել։
— Աստվա՜ծ իմ,— խոսեց տիկին Բոնասիեն ձեռքը կրծքին տանելով։— Սիրտս այնպես արագ է խփում, ես քայլել չեմ կարող։
— Սրտապնդվեցեք, ասում եմ ձեզ, քաջ եղեք։ Մտածեցեք, որ մի քառորդ ժամից դուք փրկված եք։ Եվ հիշեցեք, այս ամենը, որ պատրաստվում եք անելու, անում եք նրա համար։
— Օ՜, այո, ամեն ինչ նրա համար է։ Դուք այդ մի խոսքով վերադարձրիք ինձ իմ արիությունը։ Գնացեք, ես կգամ ձեզ մոտ։
Միլեդին շտապ բարձրացավ իր սենյակը, այնտեղ գտավ Ռոշֆորի ծառային և անհրաժեշտ հրամաններ տվեց նրան։
Ծառան պետք է սպասեր դարպասի մոտ։ Եթե հանկարծ հրացանակիրները երևային, կառեթը պետք է հեռու սլանար, վանքը շրջանցեր, ուղղվեր դեպի անտառի մյուս կողմում գտնվող փոքրիկ գյուղը և այնտեղ սպասեր միլեդիին։ Այդ դեպքում միլեդին պիտի անցներ այգու միջով և ոտքով հասներ այդ գյուղը։ Մենք արդեն ասել ենք, որ միլեդին շատ լավ էր ճանաչում այդ վայրերը։
Իսկ եթե հրացանակիրները չերևային, ամեն ինչ պետք է տեղի ունենար այնպես, ինչպես պայմանավորվել էին, տիկին Բոնասիեն կկանգնի կառեթի ոտնատեղին, որպես թե միլեդիին գրկելու համար, և այդ ժամանակ կառեթը կփախցնի նրան։
Ներս մտավ տիկին Բոնասիեն։ Ցանկանալով ցրել բոլոր կասկածները, որ կարող էին ծագել տիկին Բոնասիեի մեջ, միլեդին նրա ներկայությամբ կրկնեց ծառային տված իր հրամանի երկրորդ մասը։
Ապա նա ծառային մի քանի հարց տվեց կառեթի մասին։ Պարզվեց, որ կառեթին լծված են երեք ձի, որոնց վարում է փոստային կառապանը։ Ռոշֆորի ծառան կառեթին պետք է ուղեկցեր որպես առաջավոր։
Իզուր էր միլեդին վախենում, թե տիկին Բոնասիեի մեջ կարող են կասկածներ ծագել, խեղճ կինն այնքան մաքուր հոգի ուներ, որ չէր կարող կասկածել, թե մի ուրիշ կնոջ մեջ այդպիսի խարդախություն կլինի։ Բացի դրանից կոմսուհի Վինտեր անունը, որ լսել էր նա մայրապետից, բոլորովին անծանոթ էր նրան, և նա նույնիսկ չգիտեր, որ մի ինչ֊որ կին այնքան մեծ ու ճակատագրական մասնակցություն է ունենում իրեն հասած դժբախտություններին։
— Ինչպես տեսնում եք, ամեն ինչ պատրաստ է,— ասաց միլեդին, երբ ծառան դուրս եկավ։— Մայրապետը ոչինչ գլխի չի ընկնում և կարծում է, թե իմ հետևից եկել են կարդինալի հրամանով։ Այդ մարդը գնաց վերջին կարգադրություններն անելու։ Մի քիչ բան կերեք, մի կում գինի խմեցեք և գնանք։
— Այո,— ակամա պատասխանեց տիկին Բոնասիեն,— գնանք։
Միլեդին ձեռքի նշանով հրավիրեց նրան սեղան նստել, մի բաժակ իսպանական գինի լցրեց նրա համար և ճտի մսի մի կտոր դրեց նրա ափսեում։
— Տեսեք, թե ինչպես ամեն ինչ բարեհաջող է մեզ համար,— ասաց նա,— արդեն մութն ընկնում է։ Մինչև լուսաբաց կհասնենք մեր ապաստանը, և՛ ոչ ոք չի իմանա, թե որտեղ ենք մենք։ Դե լավ, մի՛ վհատվեք, մի բան կերեք։
Տիկին Բոնասիեն մեքենաբար մի քանի պատառ կուլ տվեց և գինին շուրթերին մոտեցրեց։
— Խմեցեք, խմեցեք, օրինակ վերցրեք ինձնից,— հորդորում էր միլեդին՝ բերանը տանելով իր բաժակը։
Բայց հենց այն պահին, երբ նա պատրաստվում էր շուրթերը դիպցնել բաժակին, ձեռքը օդում կախված մնաց, նա լսեց արշավող ձիերի հեռավոր դոփյուն։ Դոփյունը շարունակ մոտենում էր, և համարյա նույն պահին լսվեց ձիերի խրխինջ։
Այդ աղմուկը միանգամից դուրս բերեց նրան ուրախ վիճակից, ինչպես ամպրոպի աղմուկն արթնացնում է մեզ և ընդհատում մեր հաճելի երազը։ Միլեդին գունատվեց ու նետվեց դեպի լուսամուտը, իսկ տիկին, Բոնասիեն ամբողջ մարմնով դողալով հենվեց աթոռին, որպեսզի վայր չընկնի։
Դեռ ոչինչ չէր երևում, լսվում էր միայն արագ, անընդհատ մոտեցող դոփյունը։
— Ա՜խ, Աստված իմ, այդ ի՞նչ աղմուկ է,— հարցրեց տիկին Բոնասիեն։
— Այդ կամ մեր բարեկամներն են գալիս, կամ մեր թշնամիները,— պատասխանեց միլեդին իրեն հատուկ զարհուրելի սառնասրտությամբ։— Սպասեք այդտեղ, հիմա ես կասեմ, թե ովքեր են դրանք։
Տիկին Բոնասիեն քար կտրեց տեղում՝ լուռ ու գունատ, ինչպես արձան։
Դոփյունն ավելի ու ավելի ուժեղանում էր, ձիերը, ըստ երևույթին, արդեն վանքից ամենաշատը հարյուր հիսուն քայլ հեռավորության վրա էին գտնվում։ Եթե նրանք դեռ չէին երևում, ապա միայն այն պատճառով, որ ճանապարհն այդտեղ պտույտ էր գործում։ Սակայն դոփյունն արդեն այնքան պարզ էր լսվում, որ սմբակների ընդհատուն ձայնից կարելի էր որոշել, թե քանի ձի են։
Միլեդին լարված նայում էր հեռուն, դեռ այնքան լույս էր, որ կարելի էր եկվորներին ճանաչել։
Հանկարծ նա տեսավ, թե ինչպես ճանապարհի ոլորանում շողացին տրեզներով զարդարված գլխարկները և քամու առաջ ֆռֆռացին նրանց փետուրները։ Միլեդին սկզբում հաշվեց երկու, հետո՝ հինգ և, վերջապես, ութ ձիավոր։ Նրանցից մեկը բավական առաջ էր ընկել։
Միլեդին մի խուլ հառաչանք արձակեց, նա ճանաչեց, որ առջևից սլացող ձիավորը դ’Արտանյանն է։
— Ա՜խ, աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ,— բացականչեց տիկին Բոնասիեն։— Ի՞նչ կա այնտեղ։
— Կարդինալի գվարդիականների համազգեստով մարդիկ են, ոչ մի րոպե կորցնել չի կարելի,— գոռաց միլեդին։— Փախչե՜նք, փախչե՜նք։
— Այո, այո, փախչենք,— կրկնեց տիկին Բոնասիեն, սակայն վախից քար կտրած՝ տեղից շարժվել չէր կարողանում։
Լսվում էր, թե ինչպես ձիավորներն արշավում են լուսամուտի տակով։
— Գնա՛նք, դե շո՛ւտ, գնա՛նք,— գոռաց միլեդին բռնելով դեռատի կնոջ ձեռքը և աշխատելով քաշել իր հետևից։— Այգու միջով դեռ կարող ենք փախչել, ես բանալի ունեմ... Դե շուտ, ևս հինգ րոպե՝ արդեն ուշ կլինի։
Տիկին Բոնասիեն փորձեց գնալ, մի երկու քայլ արեց, բայց ծնկները ծալվեցին, և նա ընկավ։
Միլեդին փորձեց բարձրացնել նրան ու տանել, բայց ուժը չպատեց։
Այդ պահին լսվեց հեռացող կառեթի ձայնը, կառապանը հրացանակիրներին տեսնելով՝ սրարշավ քշել էր ձիերը։ Հետո լսվեց երեք֊չորս կրակոց։
— Վերջին անգամ հարցնում եմ, մտադի՞ր եք գալու, թե՞ չէ,— գոռաց միլեդին։
— Ա՜խ, աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, տեսնում եք, որ ուժերս դավաճանում են ինձ, ինքներդ տեսնում եք, որ ամենևին չեմ կարող քայլել... Դուք մենակ փախեք։
— Մենակ փախչե՞լ, ձեզ թողնեմ այստե՞ղ։ Ո՛չ, ո՛չ մի դեպքում,— գոչեց միլեդին։
Հանկարծ նա կանգ առավ, նրա աչքերը փայլատակեցին չարությամբ, նա վազեց սեղանի մոտ և տիկին Բոնասիեի բաժակի մեջ լցրեց իր մատանու պարունակությունը, որը նա բաց արեց զարմանալի արագությամբ։
Դա մի կարմրավուն հատիկ էր, որն իսկույն լուծվեց գինու մեջ։
Հետո միլեդին բաժակը վերցրեց ու ասաց.
— Խմեցեք, այս գինին ուժ կտա ձեզ, խմեցեք։
Եվ բաժակը մոտեցրեց դեռատի կնոջ շուրթերին։ Տիկին Բոնասիեն մեքենաբար խմեց։
«Ա՜խ, ես այսպես չէի ուզում վրեժ լուծել,— ինքն իրեն ասաց միլեդին դիվային ժպիտով բաժակը դնելով սեղանին,— բայց ստիպված եմ անել այն, ինչ հնարավոր է»։
Եվ նա դուրս նետվեց սենյակից։
Տիկին Բոնասիեն նայեց նրա հետևից, բայց նրա հետ գնալ չէր կարող. նա ընկել էր այն վիճակի մեջ, որ զգում են մարդիկ, երբ երազում տեսնում են, որ մեկը վազում է իրենց հետևից, և իզուր փախչելու փորձեր են անում։
Անցավ մի քանի րոպե, դարպասը կատաղորեն բախեցին։ Տիկին Բոնասիեն ամեն րոպե սպասում էր միլեդիի վերադարձին, բայց նա չէր երևում։
Դեռատի կնոջ ճակատը տաքացել էր երևի վախից և ծածկվում էր պաղ քրտինքով։ Վերջապես նա լսեց բացվող դռան շրխկոց, սանդուղքի վրա կոշիկներ թխկթխկացին և խթաններ զնգացին, բարձրացավ ձայների աղմուկ, որ ավելի ու ավելի մոտենում էր, և նրան թվաց, թե լսում է իր անունը, որ արտասանում էին այդ աղմուկի մեջ։
Հանկարծ նա ուրախ ճիչ արձակեց և նետվեց դեպի դուռը, նա ճանաչել էր դ’Արտանյանի ձայնը։
— Դ’Արտանյա՜ն, դ’Արտանյա՜ն,— գոռաց նա։— Այդ դուք եք։ Այս կո՜ղմը, այստե՜ղ եկեք։
— Կոնստա՜նցիա, Կոնստանցիա, որտե՞ղ եք դուք,— պատասխանում էր երիտասարդը,— աստվա՜ծ իմ, որտե՞ղ եք դուք։
Նույն վայրկյանին խցի դուռը բացվեց, ավելի շուտ՝ պոկվեց դրսի ճնշումից, և մի քանի մարդ լցվեցին սենյակը։ Տիկին Բոնասիեն ընկավ բազկաթոռին և այլևս ուժ չուներ շարժվելու։
Դ’Արտանյանը նետեց դեռևս ծխացող ատրճանակը, որ դեռ ձեռքին էր և ծունկ չոքեց իր սիրած կնոջ առաջ։ Աթոսը գոտին խրեց իր ատրճանակը, իսկ Պորտոսն ու Արամիսը մերկ սուսերները խրեցին պատյանները, որ բռնել էին ձեռքներին։
— Օ՜, դ’Արտանյան, իմ սիրեցյալ, վերջապես եկար, դու չխաբեցիր ինձ... Այո, այդ դու ես։
— Այո, այո, Կոնստանցիա, մենք նորից միասին ենք։
— Որքան էլ նա հավատացնում էր, թե դու չես գա, ես էլի գաղտնաբար հույսս չէի կտրում և փախչել չէի ուզում։ Ա՜խ, ինչ լավ արի ես, որ չփախա, ի՜նչ երջանիկ եմ ես։
Լսելով «նա» խոսքը՝ Աթոսը, որ հանգիստ նստած էր բազկաթոռին, հանկարծ վեր կացավ։
— Նա՞։ Ո՞վ է այդ նա֊ն,— հարցրեց դ’Արտանյանը։
— Իմ բարեկամուհին, այն կինը, որն ինձ փրկելու համար ուզում էր ինձ թաքցնել հալածողներից. նա, որ ձեզ կարդինալի գվարդիականների տեղն էր դրել և հենց նոր փախավ այստեղից։
— Ձեր բարեկամուհի՞ն,— գոչեց դ’Արտանյանը, և նրա դեմքը գունատվեց, քան իր սիրած կնոջ սպիտակ ծածկույթը։— Ի՞նչ բարեկամուհու մասին եք խոսում։
— Նրա, որի կառեթը կանգնած էր դարպասի մոտ, մի կին, որ ձեր մտերիմ բարեկամն է, դ’Արտանյան, և որին դուք ամեն ինչ պատմել եք։
— Նրա անունը, անունը ի՞նչ է,— հարցրեց դ’Արտանյանը։— Աստվա՜ծ իմ։ Մի՞թե դուք նրա անունը չգիտեք։
— Ինչպե՞ս թե, իմ ներկայությամբ նրան կոչում էին... Սպասեցեք... այ զարմանալի բան... Ախ, աստվա՜ծ իմ, գլուխս պտտվում է, աչքերս մթնում են...
— Այստե՜ղ, բարեկամնե՜րս, օգնեցե՜ք,— գոռաց դ’Արտանյանը։— նրա ձեռքերը պաղում են, նա վատ է զգում իրեն... Աստվա՜ծ իմ, նա ուշագնաց է լինում։
Մինչ Պորտոսն ամբողջ ձայնով օգնություն էր կանչում, Արամիսը նետվեց դեպի սեղանը և ուզում էր մի բաժակ ջուր լցնել, բայց տեսնելով, թե Աթոսի դեմքն ինչպես փոխվեց, կանգ առավ։ Աթոսը կանգնել էր սեղանի առաջ, սարսափից սառած աչքերը մի բաժակի հառած և տանջվում էր սոսկալի կասկածից։
— Օ՜, ո՛չ... Ո՛չ, այդ անկարելի է,— կրկնում էր նա։— Աստված չի թույլ տա այդպիսի ոճիր։
— Ջո՜ւր, ջո՜ւր,— գոռում էր դ’Արտանյանը։— Ջո՜ւր։
— Խե՜ղճ, խե՜ղճ կին,— խռպոտ ձայնով շշնջում էր Աթոսը։
Դ’Արտանյանի համբույրներից ուշքի գալով՝ տիկին Բոնասիեն աչքերը բաց արեց։
— Նա ուշքի է գալիս,— գոչեց երիտասարդը։— Փա՜ռք Աստծու։
— Տիկին...— խոսեց Աթոսը,— տիկին, ասացեք, ի սեր աստծո, ո՞ւմն է այս դատարկ բաժակը։
— Իմն է, պարոն...— պատասխանեց դեռատի կինը նվազող ձայնով։
— Իսկ ո՞վ էր լցրել այն գինին, որ կար բաժակում։
— Նա։
— Ախր ով է այդ նա֊ն։
— Ա՜, հիշեցի,— ասաց տիկին Բոնասիեն,— կոմսուհի Վինտերը։
Չորս ընկերները միանգամից ճիչ արձակեցին, բայց Աթոսի ճիչը ամենից բարձրն էր։
Տիկին Բոնասիեի դեմքը ծածկվեց մահվան գունատությամբ, սուր ցավը սեղմեց նրան, և նա ընկավ Պորտոսի ու Արամիսի թևերին։
Դ’Արտանյանն աննկարագրելի տագնապով բռնեց Աթոսի ձեռքը։
— Մի՞թե դու ենթադրում ես, որ...
Նրա ձայնը փոխվեց հեծկլտանքի։
— Ես հնարավոր եմ համարում ամեն բան,— պատասխանեց Աթոսը և արյունոտելու չափ կծեց շրթունքը, աշխատելով խեղդել ակամա հառաչանքը։
— Դ’Արտանյան, դ’Արտանյան,— գոչեց տիկին Բոնասիեն։— Որտե՞ղ ես դու։ Մի՛ թողնիր ինձ, տեսնո՞ւմ ես, մեռնում եմ։
Դ’Արտանյանը, որը դեռ դողդողալով սեղմել էր Աթոսի ձեռքը, բաց թողեց այն ու նետվեց դեպի տիկին Բոնասիեն։
Դեռատի կնոջ չքնաղ դեմքը փոխվել էր, պաղած աչքերն արդեն կորցրել էին ամեն արտահայտություն, ջղաձիգ դողը ցնցում էր մարմինը, և ճակատից քրտինք էր ծորում։
— Ի սեր աստծո, վազե՜ք, կանչեցեք որևէ մեկին... Պորտո՛ս, Արամի՛ս, օգնություն կանչեցեք։
— Անօգուտ է,— ասաց Աթոսը։— Անօգուտ է. նրա խառնած թույնի դեմ հակաթույն չկա։
— Այո, այո, օգնեցե՜ք,— շշնջում էր տիկին Բոնասիեն։— Օգնեցե՛ք։
Հետո վերջին ուժերը ժողովելով նա երկու ձեռքով բռնեց պատանու գլուխը, նայեց նրան այնպես, որ ասես այդ հայացքի մեջ էր դրել իր ամբողջ հոգին, և թախծալի հայացքով շուրթերը սեղմեց պատանու շուրթերին։
— Կոնստա՛նցիա, Կոնստա՛նցիա,— գոչեց դ’Արտանյանը։
Մի հառաչանք դուրս թռավ տիկին Բոնասիեի շուրթերից և դիպավ դ’Արտանյանի շուրթերին, այդ նրա անարատ սիրող հոգին էր, որ երկինք համբարձվեց։
Դ’Արտանյանը գրկում սեղմել էր նրա դիակը։
Պատանին մի ճիչ արձակեց և ընկավ իր սիրած կնոջ կողքին նույնքան գունատ ու պաղած, որքան և նա։
Պորտոսը լաց եղավ, Աթոսը բռունցքով սպառնաց երկնքին, Արամիսը երեսը խաչակնքեց։
Այդ պահին դռան մեջ երևաց մի անծանոթ մարդ, որը համարյա նույնքան գունատ էր, որքան սենյակում եղածները, նայեց իր շուրջը և տեսավ մահացած տիկին Բոնասիեին ու նրա մոտ անզգա պառկած դ’Արտանյանին։
Նա ներկայացավ քարացման այն վայրկյանին, որը սովորաբար հաջորդում է մեծ աղետներին։
— Ես չեմ սխալվել,— ասաց նա,— ահա պարոն դ’Արտանյանը, իսկ դուք երեքդ նրա ընկերներն եք՝ պարոններ Աթոսը, Պորտոսը և Արամիսը։
Երեքն էլ զարմանքով նայեցին անծանոթին, որ տվեց յուրաքանչյուրի անունը։ Նրանց բոլորին թվում էր, թե ահա որտեղ որ է կճանաչեն նրան։
— Պարոննե՛ր,— շարունակեց նորեկը,— դուք էլ ինձ պես որոնում եք մի կնոջ, որը,— շարունակեց նա զարհուրելի ժպիտով,— հավանորեն եղել է այստեղ, որովհետև ես դիակ եմ տեսնում։
Երեք ընկերներն առաջվա պես լուռ էին։ Այդ մարդու ձայնը ևս նրանց հիշողության մեջ հարուցեց մեկին, որին առաջ տեսել էին։ Բայց չէին կարողանում հիշել, թե ինչ հանգամանքներում են տեսել նրան։
— Պարոննե՛ր,— նորից խոսեց անծանոթը,— որովհետև դուք չեք ուզում ճանաչել մի մարդու, որը հավանորեն երկու անգամ իր կյանքը պարտական է եղել ձեզ, ստիպված եմ ես ասել իմ անունը։ Ես լորդ Վինտերն եմ, այն կնոջ տեգրը։
Երեք ընկերները զարմանքից ճիչ արձակեցին։
Աթոսը վեր կացավ և ձեռքը մեկնեց լորդ Վինտերին։
— Բարի եք եկել, միլորդ,— ասաց նա,— կգործենք միասին։
— Ես նրանից հինգ ժամով ուշ դուրս եկա Պորտսմուտից,— սկսեց պատմել լորդ Վինտերը,— նրանից երեք ժամ ուշ հասա Բուլոն, ընդամենը մի քսան րոպեով նրանից ուշ մտա Սենտ Օմերե և, վերջապես, Լիլիերում կորցրի նրա հետքը։ Ես ման էի գալիս բախտի հույսով, բոլորին հարցուփորձ էի անում, մեկ էլ հանկարծ դուք սրարշավ անցաք իմ մոտով. ես ճանաչեցի պարոն դ’Արտանյանին։ Ձայն տվի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք։ Ուզում էի քշել ձեր հետևից, բայց իմ ձին ուժասպառ էր եղել և ձեր ձիերի պես արշավել չէր կարող։ Սակայն, չնայած ձեր այդքան շտապելուն, կարծես դուք էլ խիստ ուշ եք հասել այստեղ։
— Ինքներդ տեսնում եք,— պատասխանեց Աթոսը լորդ Վինտերին, մատնացույց անելով անշնչացած տիկին Բոնասիեին ու դ’Արտանյանին, որին Պորտոսն ու Արամիսն աշխատում էին ուշքի բերել։
— Երկուսն էլ մեռա՞ծ են,— անվրդով հարցրեց լորդ Վինտերը։
— Բարեբախտաբար՝ ոչ,— պատասխանեց Աթոսը,— պարոն դ’Արտանյանը միայն ուշաթափ է եղել։
— Ուրեմն, ավելի լավ,— ասաց լորդ Վինտերը։
Իսկապես, այդ պահին դ’Արտանյանը աչքերը բացեց։
Նա դուրս պրծավ Պորտոսի ու Արամիսի ձեռքից և խելագարի պես նետվեց իր սիրած կնոջ դիակի վրա։
Աթոսը վեր կացավ, դանդաղ ու հանդիսավոր մոտեցավ ընկերոջը, քնքշանքով գրկեց նրան, և երբ դ’Արտանյանը հեկեկաց, իր ազնիվ ու խորաթափանց ձայնով ասաց.
— Բարեկամս, տղամարդ եղիր, կանայք սուգ են անում մեռածի վրա, տղամարդիկ վրեժ են առնում։
— Այո՛,— ասաց դ’Արտանյանը։— Այո՛, նրա վրեժը լուծելու համար ես պատրաստ եմ հետևելու ձեզ, ուր որ ցանկանաք։
Աթոսն օգտվեց ուժերի րոպեական հորդումից, որ նրա անբախտ ընկերոջ մեջ առաջացրեց վրիժառության հույսը, և Պորտոսին ու Արամիսին նշան արեց գնալ և կանչել մայրապետին։
Նրանք երկուսն էլ մայրապետին հանդիպեցին միջանցքում՝ հուզված և այդքան շատ իրադարձություններից գլուխը կորցրած։ Մայրապետը կանչեց մի քանի միանձնուհիների, և նրանք, հակառակ վանքի բոլոր սովորություններին, ընկան հինգ տղամարդկանց հասարակության մեջ։
— Տիրուհի,— դիմեց մայրապետին Աթոսը, դ’Արտանյանին թևանցուկ անելով,— մենք ձեր ազնիվ հոգացողությանն ենք հանձնում այս թշվառ կնոջ մարմինը։ Երկնային հրեշտակ դառնալուց առաջ նա հրեշտակ էր երկրի վրա։ Թաղեցեք նրան որպես ձեր վանական քրոջը, ժամանակին մենք կգանք աղոթելու նրա գերեզմանի վրա։
Դ’Արտանյանը երեսը սեղմեց Աթոսի կրծքին և հեծկլտաց։
— Լաց եղիր,— ասաց Աթոսը,— լաց եղիր, քո սիրտը լի է սիրով, ջահելությամբ և կյանքով։ Ա՜խ, եթե ես էլ կարողանայի լաց լինել ձեզ պես։
Եվ նա դուրս տարավ ընկերոջը, սիրով հովանավորելով նրան ինչպես հայր, մխիթարելով ինչպես քահանա և ցուցաբերելով այն մարդու վեհությունը, որն ինքն էլ շատ է տառապել։
Բոլոր հինգն էլ իրենց ծառաների ուղեկցությամբ, որոնք ձիերն էին տանում սանձից բռնած, ուղղվեցին դեպի Բետյուն քաղաքը, որի արվարձանները երևում էին հեռվում, և կանգ առան ճանապարհին առաջին իսկ հանդիպած հյուրանոցում։
— Իսկ ինչո՞ւ չենք որոնում այդ կնոջը,— հարցրեց դ’Արտանյանը։
Հետաձգենք նրան հետապնդելը,— պատասխանեց Աթոսը,— նախ պետք է որոշ միջոցներ ձեռք առնել։
— Նա դուրս կպրծնի մեր ձեռքից,— անհանգստացավ երիտասարդը,— դուրս կպրծնի, Աթոս, և դուք կլինեք մեղավորը։
— Ես պատասխանատու եմ նրա համար,— ասաց Աթոսը։
Դ’Արտանյանն այնպիսի վստահություն ուներ իր ընկերոջ նկատմամբ, որ գլուխը կախեց և այլևս առանց առարկելու մտավ հյուրանոցում։
Պորտոսն ու Արամիսն իրար նայեցին, չհասկանալով, թե ինչու Աթոսն այդքան վստահ է։
Լորդ Վինտերը մտածեց, որ Աթոսն այդ ասում է դ’Արտանյանի վիշտը մեղմելու համար։
— Հիմա, պարոննե՛ր, քաշվենք յուրաքանչյուրս մեր սենյակը,— առաջարկեց Աթոսը, երբ իմացավ, որ հյուրանոցում հինգ ազատ սենյակ կա,— դ’Արտանյանին անհրաժեշտ է մենակ մնալ, որպեսզի ուզածի չափ լաց լինի և քնի։ Ես ամեն ինչ վերցնում եմ ինձ վրա, հանգիստ եղեք։
— Բայց կարծում եմ,— նկատեց լորդ Վինտերը,— որ եթե հարկավոր է միջոցներ ձեռք առնել կոմսուհու դեմ, ապա դա իմ գործն է. նա իմ հարսն է։
— Նաև իմ,— ասաց Աթոսը,— նա իմ կինն է։
Դ’Արտանյանը ժպտաց. նա հասկացավ, որ եթե Աթոսն իր գաղտնիքը բացեց, նշանակում է վստահ է, որ պիտի վրեժ լուծի։ Պորտոսն ու Արամիսը գունատվեցին և իրար նայեցին։ Լորդ Վինտերը մտածեց, թե Աթոսը խելքը թռցրել է։
— Դե ուրեմն, գնացեք յուրաքանչյուրդ ձեր սենյակը,— կրկնեց Աթոսը,— և թողեք, որ ես գործեմ։ Ինքներդ էլ տեսնում եք, որ այդ իմ գործն է, որովհետև ես նրա ամուսինն եմ։ Միայն թե, դ’Արտանյան, տվեք ինձ այն թուղթը, եթե չեք կորցրել, որ ընկել էր այն մարդու գլխարկից և որի վրա գրված էր մի գյուղի անուն։
— Ա՜, հասկանում եմ,— ասաց դ’Արտանյանը,— այն անունը, որ գրված էր նրա ձեռքով...
— Տեսնո՞ւմ ես ուրեմն ,— ասաց Աթոսը,— երկնքում աստված կա։