Chapter 62
Երկրորդ մաս XXXII. Երկու տեսակի դևեր
— Ա՜,— միաժամանակ բացականչեցին միլեդին և Ռոշֆորը,— այդ դո՞ւք եք։
— Այո, ես։
— Եվ որտեղի՞ց,— հարցրեց միլեդին։
— Լա֊Ռոշելի մոտից, իսկ դո՞ւք։
— Անգլիայից։
— Բեկինգհե՞մը։
— Մեռած է կամ ծանր վիրավորված։ Երբ ես մեկնում էի առանց մի բանի հասնելու, մի մոլեռանդ սպանեց նրան։
— Ա՜,— քմծիծաղ տվեց Ռոշֆորը։— Ա՜յ քեզ երջանիկ պատահականություն։ Այդ շատ կուրախացնի նորին սրբազնությանը։ Հայտնե՞լ եք նրան։
— Ես գրել եմ նրան Բուլոնից։ Բայց դուք ինչպե՞ս եք ընկել այստեղ։
— Նորին սրբազնությունն անհանգստանում է և ինձ ուղարկել է ձեզ որոնելու։
— Ես հենց երեկ եմ եկել։
— Իսկ ի՞նչ եք արել երեկվանից։
— Ժամանակն իզուր չեմ կորցրել։
— Օ՜, դրանում ես չեմ կասկածում։
— Գիտե՞ք ում եմ հանդիպել այստեղ։
— Ոչ։
— Իմացեք։
— Ինչպե՞ս կարող եմ իմանալ։
— Այն երիտասարդ կնոջը, որին թագուհին ազատեց բանտից։
— Այն լակոտ դ’Արտանյանի սիրուհո՞ւն։
— Այո, տիկին Բոնասիեին, որի տեղը անհայտ էր կարդինալին։
— Դե, այ քեզ էլի մի երջանիկ պատահականություն, որը հավասար է մյուսին,— ասաց Ռոշֆորը։— Ուղղակի պարոն կարդինալի բախտը բերում է։
— Կարո՞ղ եք երևակայել իմ զարմանքը, երբ ես երես առ երես հանդիպեցի այդ կնոջը,— շարունակեց միլեդին։
— Նա ճանաչո՞ւմ է ձեզ։
— Ոչ։
— Նշանակում է՝ դուք նրա համար օտար եք։
Միլեդին ժպտաց։
— Ես նրա ամենալավ բարեկամն եմ։
— Երդվում եմ պատվովս, սիրելի կոմսուհի, միայն դուք կարող եք այդպիսի հրաշքներ գործել։
— Եվ այդ իմ բախտն է, որ ինձ հաջողվեց նրա բարեկամը դառնալ, ասպետ, գիտե՞ք ինչ է կատարվում այստեղ։
— Ոչ։
— Վաղը կամ մյուս օրը կգան նրա հետևից՝ բերելով թագուհու հրամանը։
— Ա՜յ, թե ինչ։ Իսկ ո՞վ է գալու։
— Դ’Արտանյանը և իր ընկերները։
— Ճշմարիտ եմ ասում, նրանք այնտեղ կհասցնեն, որ մենք ստիպված կլինենք Բաստիլում նստեցնել նրանց։
— Իսկ ինչո՞ւ մինչև հիմա ազատ են նրանք։
— Ի՛նչ կարող ես անել։ Պարոն կարդինալը ինձ համար անհասկանալի ինչ֊որ թուլություն է ցուցաբերում այդ մարդկանց նկատմամբ։
— Իսկապե՞ս։
— Այո։
— Դե ուրեմն, Ռոշֆոր, ասացեք նրան հետևյալը, ասացեք, որ այդ չորսը գաղտնաբար լսել են մեր խոսակցությունը «Կարմիր Աղավնատուն» հյուրանոցում։ Ասացեք նրան, որ իր մեկնելուց հետո նրանցից մեկը ներկայացավ ինձ և զոռով խլեց ինձնից այն արտոնաթուղթը, որ կարդինալը տվել էր ինձ։ Ասացեք նրան, որ նրանք լորդ Վինտերին նախազգուշացրել են իմ Անգլիա գնալու մասին։ Որ այս անգամ էլ քիչ մնաց նրանք պիտի խանգարեին կատարելու նորին սրբազնության հանձնարարությունը, ինչպես որ խանգարեցին ադամանդե զարդի գործում։ Ասացեք նրան, որ այդ չորս մարդկանցից վտանգավոր են միայն երկուսը՝ դ’Արտանյանը և Աթոսը։ Ասացեք նրան, որ երրորդը՝ Արամիսը, տիկին դը Շևրյոզի սիրեկանն է, նրան պետք է կենդանի թողնել, նրա գաղտնիքը մեզ հայտնի է, և նա կարող է մեզ օգտակար լինել։ Ինչ վերաբերում է չորրորդին՝ Պորտոսին, ապա դա հիմարի մեկն է, ցանցառ ու թեթևսոլիկ և նույնիսկ չարժե նրա վրա ուշադրություն դարձնել։
— Բայց այդ չորսն էլ հիմա պետք է Լա֊Ռոշելի մոտ լինեն։
— Ես էլ այդպես էի կարծում, բայց այն նամակը, որ տիկին Բոնասիեն ստացել է գունդստաբլի կնոջից և անզգուշություն ունեցավ ցույց տալու ինձ, ենթադրել է տալիս, որ, ընդհակառակն, այդ չորսն էլ հիմա ճանապարհին են և գալու են այստեղ տիկին Բոնասիեին փախցնելու։
— Գրողը տանի։ Ի՞նչ անենք ուրեմն։
— Ի՞նչ է հրամայել ձեզ կարդինալը իմ մասին։
— Ստանալ զեկուցագիրը, գրավոր լինի թե բանավոր, և վերադառնալ փոստային ձիերով, իսկ երբ նրան ամեն բան հայտնի կլինի, կորոշի, թե ինչ եք անելու այսուհետև։
— Ուրեմն ես այստե՞ղ եմ մնալու։
— Այստեղ կամ մոտերքում մի որևէ տեղ։
— Դուք չե՞ք կարող ինձ տանել ձեզ հետ։
— Ոչ, ինձ ճշգրիտ հրաման է տրված. ճամբարի շրջակայքում ձեզ կարող են ճանաչել, իսկ ձեր ներկայությունը, ինքներդ էլ հասկանում եք, ստվեր կգցի նորին սրբազնության վրա։
— Լավ, ի՛նչ արած, ստիպված եմ սպասել այստեղ կամ մոտերքում մի որևէ տեղ։
— Միայն թե նախապես ասացեք ինձ, որտե՞ղ եք տեղեկություն սպասելու կարդինալից, որպեսզի ես իմանամ, թե որտեղ կարող եմ գտնել ձեզ։
— Լսեցեք, հավանորեն ես այստեղ չեմ կարող։
— Ինչո՞ւ։
— Դուք մոռանում եք, որ ամեն րոպե կարող են այստեղ գալ իմ թշնամիները։
— Այդ ճիշտ է։ Բայց այդ դեպքում այդ ջահել կինը դուրս կպրծնի նորին սրբազնության ձեռքից։
— Օ՜, ոչ,— պատասխանեց միլեդին միայն իրեն հատուկ ժպիտով,— դուք մոռանում եք, որ ես նրա ամենալավ բարեկամն եմ։
— Այո, ճիշտ որ։ Ուրեմն ես այդ կնոջ մասին կարող եմ կարդինալին ասել...
— ...որ նա կարող է հանգիստ լինել։
— Ուրիշ ոչի՞նչ։
— Նա կհասկանա, թե այդ ինչ է նշանակում։
— Նա կհասկանա։ Իսկ ի՞նչ անեմ ես հիմա։
— Անհապաղ ետ դառնալ։ Իմ կարծիքով այն տեղեկությունները, որ դուք կտանեք կարդինալին, արժանի են, որ շտապեք։
— Երբ ես Լիլիե էի մտնում, իմ կառքը կոտրվեց։
— Հիանալի բան։
— Ինչպե՞ս թե հիանալի։
— Այո, ձեր կառքն ինձ հարկավոր է։
— Հապա ե՞ս ինչպես տեղ կհասնեմ։
— Ձիով։ Քշեցեք ամբողջ թափով։
— Հեշտ է ձեզ համար այդ ասել։ Բայց ես ինչպե՞ս պիտի քշեմ հարյուր ութսուն լյո ճանապարհը։
— Դատարկ բան է։
— Դեհ, լավ։ Ուրի՞շ։
— Ուրիշ. երբ Լիլիեով անցնելիս կլինեք, կառքն ուղարկեցեք ինձ և հրամայեցեք ձեր ծառային, որ նա իմ տրամադրության տակ լինի։
— Լավ։
— Դուք, իհարկե, ունեք կարդինալի որևէ հրամանը։
— Ես գրավոր լիազորություն ունեմ գործելու իմ հայեցողությամբ։
— Ներկայացրեք դա մայրապետին և ասացեք, որ այսօր կամ վաղը իմ հետևից մարդ կգա, և որ ինձ հրամայված է գնալ այն մարդու հետ, որը կներկայանա ձեր անունից։
— Շատ լավ։
— Չմոռանաք մայրապետի հետ խոսելիս իմ մասին խիստ արտահայտվել։
— Այդ ինչո՞ւ։
— Ես կարդինալի զոհն եմ։ Անհրաժեշտ է, որ ես այդ հիմար Բոնասիեին վստահություն ներշնչեմ իմ նկատմամբ։
— Ճիշտ է։ Իսկ հիմա խնդրեմ նեղություն քաշեք զեկուցագիր կազմել ամեն ինչի մասին։
— Դե ես հո ձեզ պատմեցի, թե ինչ ու ինչ է եղել։ Դուք լավ հիշողություն ունեք, կրկնեցեք ամենը, ինչ որ ես ասացի, իսկ թուղթը կարող է կորչել։
— Դուք իրավացի եք։ Միայն ես պետք է իմանամ, թե հետո որտեղ պիտի գտնեմ ձեզ, որպեսզի իզուր չշրջեմ շրջակայքում։
— Ճշմարիտ է։ Սպասեցեք...
— Տա՞մ քարտեզը։
— Օ՜, ես հիանալի գիտեմ այս վայրերը։
— Դո՞ւք։ Ե՞րբ եք եղել այստեղ։
— Ես այստեղ եմ դաստիարակվել։
— Ա՜յ թե ինչ։
— Ինչպես տեսնում եք, երբեմն կարող է պետք գալ և այն հանգամանքը, որ դուք դաստիարակվել եք մի որևէ տեղ։
— Ուրեմն որտե՞ղ եք սպասելու ինձ...
— Թողեք մի րոպե մտածեմ... Հա, ալ թե որտեղ. Արմանտիերում։
— Իսկ այդ ի՞նչ բան է Արմանտիերը։
— Մի փոքրիկ քաղաք է Լիս գետի ափին, բավական է, որ գետն անցնեմ, արդեն մի ուրիշ տերության մեջ կլինեմ։
— Հիանալի է։ Բայց, իհարկե, դուք այնտեղ կգնաք միայն վտանգի դեպքում։
— Հասկանալի է։
— Իսկ եթե այդ պատահեց, ես ինչպե՞ս իմանամ, որտեղ եք դուք։
— Ձեզ հարկավոր չէ՞ ձեր ծառան։
— Ոչ։
— Հուսալի՞ մարդ է նա։
— Միանգամայն։ Նա փորձված մարդ է։
— Ինձ տվեք ձեր ծառային։ Նրան ոչ ոք չի ճանաչում, ես նրան կթողնեմ այնտեղ, որտեղից կգնամ, և նա ձեզ կառաջնորդի այնտեղ, որտեղ ես կլինեմ։
— Ուրեմն ասում եք, որ ինձ կսպասեք Արմանտիերո՞ւմ։
— Այո, Արմանտիերում։
— Գրեք ինձ այդ անունը մի կտոր թղթի վրա, թե չէ ես կարող եմ մոռանալ։ Քաղաքի անունը հո ոչ մի կասկած չի կարող առաջացնել, չէ՞։
— Ով գիտե... Դե լավ, թող այդպես լինի. ես պատրաստ եմ ստվեր գցելու իմ բարի անվան վրա,— համաձայնեց միլեդին և մի կտոր թղթի վրա գրեց այդ անունը։
— Լավ,— ասաց Ռոշֆորը, թուղթը վերցրեց միլեդիի ձեռքից, ծալեց և խրեց իր գլխարկի աստառի մեջ։— Ասենք՝ կարող եք հանգիստ լինել, եթե այս թուղթը կորցնեմ էլ, ամբողջ ճանապարհին երեխայի պես կկրկնեմ այս անունը։ Դեհ, կարծես էլ ոչինչ պետք չէ։
— Կարծես թե այո։
— Ուրեմն մի լավ հիշենք. Բեկինգհեմը սպանված է կամ ծանր վիրավորված... ձեր խոսակցությունը կարդինալի հետ չորս հրացանակիրները լսել են... լորդ Վինտերին նախազգուշացրել էին, որ դուք գնում եք Պորտսմուտ... դ’Արտանյանին ու Աթոսին՝ Բաստիլ... Արամիսը տիկին դը Շևրյոզի սիրեկանն է... Պորտոսը հիմարի մեկն է... տիկին Բոնասիեն գտնված է... որքան հնարավոր է շուտ ուղարկել ձեզ կառքը... իմ ծառային դնել ձեր տրամադրության տակ... ձեզ ներկայացնել կարդինալի զոհ, որպեսզի մայրապետի մեջ ոչ մի կասկած չծագի... Արմանտիեր Լիս գետի ափին։ Այս չէ՞։
— Իսկապես, դուք հիանալի հիշողություն ունեք, սիրելի ասպետ։ Ի դեպ, ավելացրեք էլի մի բան։
— Ի՞նչ։
— Ես մի հիանալի անտառ տեսա, որն, ըստ երևույթին, միանում է վանքի այգուն։ Մայրապետին ասացեք, որ ինձ թույլատրվում է այդ անտառում զբոսնել։ Ո՛վ գիտե, գուցե հարկ լինի, որ ես հետին մուտքով հեռանամ։
— Դուք ամեն ինչի մասին հոգում եք։
— Իսկ դուք մի բան էլ եք մոռացել...
— Ի՞նչ։
— Հարցնել, թե փող հարկավոր չէ՞ ինձ։
— Հա, իսկապես։ Որքա՞ն տամ։
— Ձեզ մոտ եղած ամբողջ ոսկին։
— Ես ունեմ մոտ հինգ հարյուր պիստոլ։
— Ես էլ նույնքան ունեմ։ Հազար պիստոլ ունենալով՝ կարելի է դուրս գալ ամեն դրությունից։ Հանեցեք ամբողջը, ինչ որ կա ձեր գրպանում։
— Համեցեք։
— Լավ։ Գնո՞ւմ եք։
— Մի ժամից։ Ես մի քիչ բան կուտեմ, իսկ այդ ժամանակ որևէ մեկը կգնա փոստային ձի բերելու։
— Հիանալի է։ Բարի ճանապարհ, ասպետ։
— Մնաք բարով, կոմսուհի։
— Իմ հարգանքի հավաստիքը հաղորդեցեք կարդինալին։
— Իսկ դուք՝ իմ հարգանքը սատանային։
Միլեդին ու Ռոշֆորը ժպիտներ փոխանակեցին և բաժանվեցին։
Մի ժամ անց Ռոշֆորը սրարշավ ետ էր սլանում։ Հինգ ժամ անց նա անցնում էր Արրասով։
Մեր ընթերցողներն արդեն գիտեն, թե դ’Արտանյանն ինչպես ճանաչեց նրան, և ինչպես այդ հանդիպումը չորս հրացանակիրների մեջ կասկած հարուցելով՝ ստիպեց նրանց ավելի արագ շարունակել իրենց ճանապարհը։