1. Երեք հրացանակիրներ

Chapter 61

Երկրորդ մաս XXXI. Կարմելիտուհիների վանքը Բետյունում

Մեծ ոճրագործներին կյանքում ուղեկցում է նրանց բախտի յուրահատուկ կանխորոշում, որի շնորհիվ նրանք հաղթահարում են բոլոր խոչընդոտները և ազատվում բոլոր վտանգներից մինչև այն պահը, երբ այդ չարագործություններից հոգնած նախախնամության կամքով վրա է հասնում նրանց անօրեն հաջողությունների վախճանը։

Այդպես եղավ նաև միլեդիի հետ, նա հաջողությամբ սողոսկեց երկու պետությունների պահականավերի արանքով և առանց որևէ արկածի ենթարկվելու հասավ Բուլոն։

Պորտսմուտում ափ իջնելիս միլեդին պնդում էր, թե ինքը անգլուհի է, որին ֆրանսիացիների հալածանքները ստիպել են հեռանալ Լա֊Ռոշելից։ Երկու օրվա ծովային ճանապարհորդությունից հետո Բուլոնում ափ իջնելով՝ նա իրեն ներկայացրեց ֆրանսուհի, որին անգլիացիները Պորտսմուտում ճնշում էին Ֆրանսիայի նկատմամբ տածած իրենց ատելության պատճառով։

Միլեդին բացի այդ ուներ ամենահուսալի անձնագիրը, այդ նրա գեղեղկությունն էր, պատկառելի տեսքը և այն առատաձեռնությունը, որով աջ ու ձախ պիստոլներ էր բաժանում։ Սիրալիր ժպիտով և հարգալից վարվեցողությամբ նավահանգստի ծերունի պետին ազատելով սովորական ձևականություններից՝ նա Բուլոնում մնաց միայն այնքան ժամանակ, որքան պահանջվում էր փոստով մի նամակ ուղարկելու համար, որի բովանդակությունը հետևյալն էր.

։։։։։։։։։։«Նորին սրբազնություն մոնսինյոր կարդինալ դը Ռիշելիեին. Լա֊Ռոշելի ճամբար։

։։։։։։։։։։Ձերդ սրբազնությունը կարող է հանգիստ լինել. նորին պայծառափայլություն դուքս Բեկինգհեմը Ֆրանսիա չի մտնի։

։։։։։։։։։։Բուլոն, 25 օգոստոսի, երեկոյան։

։։։։։։։։։։։։։։։։։։։։Միլեդի...։

։։։։։։։։։։P. Տ. Ձերդ սրբազնության ցանկության համաձայն ես գնում եմ Բետյուն, կարմելիտուհիների վանքը, որտեղ կսպասեմ ձեր հրամաններին»։

Իրոք, հենց նույն երեկոյան միլեդին ճանապարհ ընկավ։ Ճանապարհին գիշերը վրա հասավ։ Գիշերելու համար նա կանգ առավ մի հյուրանոցում, առավոտյան ժամը հինգին շարունակեց իր ճանապարհը և երեք ժամ անց՝ հասավ Բետյուն։

Նա հարցրեց, թե որտեղ է կարմելիտուհիների վանքը, և իսկույն ուղևորվեց այնտեղ։

Մայրապետը դուրս եկավ նրան ընդառաջ։ Միլեդին ցույց տվեց կարդինալի հրամանը։ Մայրապետը պատվիրեց սենյակ հատկացնել եկվորին և նախաճաշ մատուցել։

Անցյալն ամբողջովին ջնջվել էր այդ կնոջ հիշողությունից։ Հայացքն ամբողջովին դեպի ապագան հառելով՝ նա իր առջև տեսնում էր միայն մեծ ողորմածությունը կարդինալի, որին նա այնպես հաջողությամբ ծառայություն էր մատուցել, առանց նրա անունը խառնելու այդ արյունոտ գործին։

Նրան համակող նորանոր կրքերը նրա կյանքը նման էին դարձնում այն ամպերին, որոնք երկնքում լող տալով արտացոլում են մերթ լազուրը, մերթ բոց, մերթ փոթորկի մռայլ խավար և երկրի վրա թողնում են սոսկ ավերածության ու մահվան հետքեր։

Նախաճաշից հետո մայրապետը այցելության եկավ նրան։ Վանքում զվարճություններ քիչ կան, և բարեսիրտ մայրապետը շտապում էր շուտ ծանոթանալ իր նոր հովանավորյալի հետ։

Միլեդին ուզում էր դուր գալ մայրապետին, որ դժվար բան չէր փայլուն միտք և հրապուրիչ արտաքին ունեցող այդ կնոջ համար։ Նա աշխատում էր սիրալիր ու դյութիչ լինել և բարեսիրտ մայրապետին թովեց իր հետաքրքիր զրույցներով ու ամբողջ նազանքով։

Մայրապետը նշանավոր ծագում ունեցող անձ էր և շատ էր սիրում պալատական պատմությունները, որոնք այնքան հազվադեպ էին հասնում թագավորության հեռավոր անկյունները և առավել ևս քիչ էին թափանցում վանքերի պատերից ներս, որոնց շեմքին լռում է աշխարհիկ եռուզեռը։

Իսկ միլեդին լավատեղյակ էր արիստոկրատական բոլոր ինտրիգներին, որոնց մեջ նա ապրել էր հինգ թե վեց տարի շարունակ։ Դրա համար էլ նա սկսեց բարեսիրտ մայրապետին զբաղեցնել պատմություններ անելով ֆրանսիական արքունիքի թեթևամիտ բարքերի մասին, որոնք հաշտ ու խաղաղ համերաշխվում էին թագավորի չափազանցված բարեպաշտության հետ։ Նա մայրապետին ծանոթացրեց պալատական տիկինների ու ազնվականների աղմկալի արկածներին. նրանց անունները լավ հայտնի էին մայրապետին, թեթևակի շոշափեց թագուհու և Բեկինգհեմի սերը և հազար ու մի բան ասաց, որպեսզի իր խոսակցին ստիպի բացվել։

Սակայն մայրապետը միայն լսում էր ու ժպտում, առանց մի խոսք ասելու։ Այնուամենայնիվ, տեսնելով, որ այդպիսի պատմությունները նրան շատ են հետաքրքրում, միլեդին շարունակեց նույն ոգով, սակայն խոսակցությունը շուռ տվեց կարդինալի կողմը։

Այստեղ նա մեծ դժվարության մեջ ընկավ. նրան հայտնի չէր՝ մայրապետը ռոյալիստուհի՞ է, թե՞ կարդինալիստուհի, ուստի աշխատում էր զգուշությամբ միջին դիրք պահել։ Բայց մայրապետն ավելի զգույշ էր պահում իրեն և միայն, ամեն անգամ, երբ եկվորը հիշատակում էր նորին սրբազնության անունը, խոնարհում էր իր գլուխը։

Միլեդին սկսեց մտածել, որ ինքը շատ է ձանձրանալու վանքում, ուստի որոշեց մի համարձակ քայլ անել, որպեսզի միանգամից պարզի, թե ինչպես պետք է վարվի ինքը։ Ցանկանալով տեսնել, թե բարեսիրտ մայրապետի զսպվածությունը մինչև որտեղ կարող է հասնել, նա սկսեց նախ ակնարկներով, ապա և ավելի բացահայտորեն չարախոսություններ անել կարդինալի հասցեին, պատմել մինիստրի սիրային կապերի մասին տիկին դ’Էգիլիոնի, Մարիոն Դելորմի և ուրիշ կուրտիզանուհիների հետ։

Մայրապետը սկսեց ավելի ուշադիր լսել, քիչ֊քիչ աշխուժացավ և ժպտաց։

«Լավ է,— մտածեց միլեդին,— սա արդեն իմ պատմությունների համն առնում է։ Եթե սա կարդինալիստուհի էլ է, համենայն դեպս մոլեռանդություն չի ցուցաբերում»։

Միլեդին սկսեց խոսել, թե ինչպես է կարդինալը հալածում իր թշնամիներին։ Մայրապետը միայն երեսը խաչակնքեց և չարտահայտեց ոչ հավանություն, ոչ կշտամբանք։

Այս բանը միլեդիին համոզեց, որ վանական կինն ավելի շուտ ռոյալիստուհի է, քան կարդինալիստուհի։

Միլեդին շարունակում էր իր պատմությունները՝ ավելի ու ավելի խտացնելով գույները։

— Ես շատ անտեղյակ եմ այդ բոլոր բաներին,— վերջապես ասաց մայրապետը,— բայց որքան էլ հեռու ենք արքունիքից, որքան էլ կտրված ենք աշխարհի գործերից, մենք ունենք այդ բանի տխուր օրինակները, որոնց մասին պատմում եք դուք։ Մեր վանական քույրերից մեկը շատ է տառապել կարդինալի ձեռքից, որովհետև կարդինալը հալածել ու վրեժ է լուծել նրանից։

— Ձեր վանական քույրերից մե՞կը,— կրկնեց միլեդին։— Ա՜խ, աստված իմ։ Խե՜ղճ կին, ես խղճում եմ նրան։

— Եվ իրավացի եք. նա արժանի է խղճալու։ Ինչե՜ր ասես, որ չի կրել խեղճը, և՛ բանտ, և՛ ամեն տեսակի սպառնալիքներ ու դաժանություններ։ Ասենք,— ավելացրեց մայրապետը,— երևի պարոն կարդինալը ծանրակշիռ հիմքեր է ունեցել այդպես վարվելու, և թեպետ արտաքուստ այդ կինն իսկական հրեշտակ է, բայց հո չի կարելի միշտ մարդկանց միասին դատել ըստ նրանց արտաքինի։

«Լավ է,— մտածեց միլեդին։— Ինչ իմանաս, գուցե թե ես այստեղ մի որևէ բան կպարզեմ, բախտս բերում է»։

Նա աշխատեց ամենաանկեղծ արտահայտությունը տալ իր դեմքին և ասաց.

— Ավա՜ղ, ճիշտ է, ես այդ գիտեմ։ Միշտ ասում են, որ մարդու դեմքին չպետք է հավատալ։ Բայց էլ ինչի՞ հավատաս, եթե ո՛չ ստեղծողի ամենաչքնաղ արարածին։ Ես գուցե և ամբողջ կյանքում կխաբվեմ, բայց միշտ կհավատամ այն անձին, որի դեմքը ինձ համար կյանք է ներշնչում։

— Ուրեմն դուք հակված եք մտածելու, որ այդ ջահել կինը ոչ մի մեղք չունի՞,— հարցրեց մայրապետը։

— Պարոն կարդինալը միայն հանցագործներին չի հալածում,— պատասխանեց միլեդին,— կան բարեպաշտ մարդիկ, որոնց նա պակաս խստությամբ չի հալածում։

— Թույլ տվեք, տիկին, իմ զարմանքն արտահայտել,— ասաց մայրապետը։

— Իսկ ի՞նչ առիթով,— միամտաբար հարցրեց միլեդին։

— Ձեր այդ խոսքերի առիթով։

— Ի՞նչ զարմանալի բան եք գտնում դուք իմ խոսքերում,— ժպտալով պատասխանեց միլեդին։

— Քանի որ կարդինալը ձեզ ուղարկել է այստեղ, նշանակում է դուք նրա բարեկամն եք, մինչդեռ...

— Մինչդեռ ես նրա մասին վատ եմ խոսում,— վրա բերեց միլեդին՝ լրացնելով մայրապետի միտքը։

— Համենայն դեպս դուք ոչ մի լավ բան չեք ասում նրա մասին։

— Այդ նրանից է, որ ես կարդինալի բարեկամը չեմ, այլ նրա զոհն եմ,— հառաչեց միլեդին։

— Բայց այդ նամակը, որով նա ձեզ իմ խնամքին է հանձնում...

— Ինձ համար հրաման է՝ մնալ այստեղ ինչպես բանտում, մինչև որ նա իր արբանյակներից որևէ մեկին կհրամայի դուրս տանել ինձ այստեղից։

— Բայց ինչու՞ դուք չփախաք։

— Իսկ ո՞րը փախչել։ Ձեր կարծիքով աշխարհում կա՞ այնպիսի տեղ, որ չհասնի կարդինալի ձեռքը, եթե միայն նա իրեն նեղություն տա իր ձեռքը մեկնելու։ Եթե ես տղամարդ լինեի, էլի գուցե թե կհաջողվեր, բայց կինը... ի՞նչ կարող է անել կինը... Իսկ այն վանական քույրը, որ ապրում է ձեզ մոտ, փախչելու փորձ արե՞լ է։

— Ոչ, չի փորձել։ Բայց նրա բանն ուրիշ է։ Իմ կարծիքով նրան Ֆրանսիայում պահում է այն, որ նա սիրում է ինչ֊որ մեկին։

— Եթե նա սիրում է,— հառաչելով ասաց միլեդին,— նշանակում է այնքան էլ դժբախտ չէ։

— Նշանակում է,— խոսեց մայրապետը աճող հետաքրքրությամբ նայելով միլեդիին,— ես իմ առաջ տեսնում եմ էլի՞ մի խեղճ, հալածված կին։

— Ավա՜ղ, այո,— պատասխանեց միլեդին։

Մայրապետի աչքերում արտացոլվեց անհանգստություն, ասես նրա մեջ մի նոր միտք ծագեց։

— Դուք մեր սուրբ հավատի թշնամի չե՞ք,— հարցրեց նա կմկմալով։

— Ե՞ս,— գոչեց միլեդին։— Ես բողոքակա՞ն, Ո՛չ, վկա է տեր աստվածը, որ լսում է մեզ, ընդհակառակն, ես մոլի կաթոլիկուհի եմ։

— Եթե այդպես է, տիկին, հանգստացեք,— ժպտալով ասաց մայրապետը,— այս տունը, որտեղ դուք գտնվում եք, դաժան բանտ չի լինի ձեզ համար, և մենք ամեն ինչ կանենք, որ դուք սիրեք ձեր այս բանտարկությունը։ Դեռ ավելին, դուք այստեղ կտեսնեք այն ջահել կնոջը, որը հալածվում է երևի պալատական որևէ ինտրիգի պատճառով։ Նա սիրալիր և հեզ կին է։

— Ի՞նչ է նրա անունը։

— Մի շատ բարձրաստիճան անձ նրան իմ խնամքին է հանձնել Քեթի անունով։ Ես չեմ աշխատել իմանալ նրա իսկական անունը։

— Քեթի՜,— գոչեց միլեդին։— Ինչպե՞ս, դուք դրանում համոզվա՞ծ եք...

— Որ նա այդպե՞ս է կոչում իրեն։ Այո, տիկին։ Դուք ճանաչո՞ւմ եք նրան։

Միլեդին ինքն իրեն քմծիծաղ տվեց, նրա մտքով անցավ, թե գուցե դա իր նախկին սպասուհին է։ Ջահել աղջկան միլեդին զայրույթով էր հիշում, և վրիժառության ծարավը աղավաղեց նրա դիմագծերը։ Ասենք նրա դիմագծերը համարյա իսկույն նորից ստացան նույն հանգիստ ու բարի արտահայտությունը, որ այդ հազարերես կինը մի պահ կորցրել էր։

— Իսկ ե՞րբ կարող եմ տեսնել ես այդ ջահել կնոջը, որի նկատմամբ ես արդեն մեծ համակրանք եմ զգում,— հարցրեց միլեդին։

— Հենց այսօր երեկոյան,— պատասխանեց մայրապետը։— Եթե ուզում եք, նույնիսկ ցերեկը։ Բայց, ինչպես ինքներդ ասացիք, դուք չորս օր ճանապարհին եք եղել, այսօր վեր եք կացել առավոտյան ժամը հինգին և երևի հանգստանալ եք ուզում։ Պառկեցեք և քնեցեք, ճաշի ժամանակ մենք ձեզ կարթնացնենք։

Նոր արկածի հեռանկարով բորբոքված, որից թպրտում էր ինտրիգների սիրահար նրա սիրտը, միլեդին հիանալի կարող էր մնալ նաև առանց քնի, բայց և այնպես նա հետևեց մայրապետի խորհրդին, վերջին երկու շաբաթվա ընթացքում նա այնքան բազմապիսի հուզումներ էր ապրել, թեև նրա երկաթյա մարմինը դեռ կարող էր դիմանալ հոգնածության, բայց հոգին հանգստի կարիք էր զգում։

Նա հրաժեշտ տվեց մաքրապետին և պառկեց, տարված վրիժառության հաճելի մտքերով, որ նրա մեջ ակամա հարուցեց Քեթիի անունը։ Նա հիշում էր, որ կարդինալը համարյա առանց առարկության խոստացավ գործողությունների ազատություն տալ նրան, եթե հաջողությամբ կատարի իր նախաձեռնությունը։ Նա հասել էր հաջողության, հետևապես, դ’Արտանյանն իր ձեռքումն էր։

Մի բան միայն դող էր գցում միլեդիի սիրտը, այդ իր ամուսնուն՝ կոմս դը Լա Ֆերին հիշելն էր։ Միլեդին կարծում էր, թե նա մեռել է կամ Ֆրանսիայից հեռացել, և հանկարծ ճանաչեց նրան ի դեմս Աթոսի՝ դ’Արտանյանի ամենամտերիմ ընկերոջ։

Բայց եթե նա դ’Արտանյանի ընկերն է, հավանորեն օգնել է նրան այն բոլոր գործերում, որոնց օգնությամբ թագուհին խառնեց նորին սրբազնության բոլոր մտադրությունները։ Եթե նա դ’Արտանյանի բարեկամն է, նշանակում է կարդինալի թշնամին է, և ինքը, իհարկե, կկարողանա նրան էլ քաշել վրիժառության ցանցի մեջ, որ կհյուսի ինքը և որը պետք է հուսալ, կխեղդի երիտասարդ հրացանակրին։

Այս բոլոր հույսերը ուրախ մտքեր էին հարուցում, որոնց օրորի տակ էլ միլեդին շուտով քուն մտավ։

Նրան արթնացրեց մի դուրեկան ձայն, որ հնչեց նրա անկողնու մոտ։ Միլեդին բաց արեց աչքերը և տեսավ մայրապետին խարտյաշ մազերով ու քնքուշ դեմքով մի դեռատի կնոջ հետ, որը բարեհաճությամբ ու հետաքրքրությամբ լի հայացքը հառել էր իր վրա։

Դեռատի կնոջ դեմքը բոլորովին անծանոթ էր միլեդիին։ Նրանք սովորական ողջույն փոխանակելով՝ ուշի֊ուշով նայում էին իրար, նրանք երկուսն էլ շատ գեղեցիկ էին, բայց տարբեր գեղեցկություն ունեին։ Սակայն միլեդին ժպիտը դեմքին մտածեց, որ ինքը շատ ավելի պարթև տեսք և արիստոկրատական շարժուձևեր ունի, քան այդ ջահել կինը։ Թեև, իհարկե, վանականի իրանը պարուրող հագուստը շատ աննպաստ էր այդպիսի մրցության համար։

Մայրապետը նրանց ծանոթացրեց իրար։ Այս ձևականությունը կատարելուց հետո նա դուրս գնաց, որովհետև մայրապետական պարտականությունները նրան եկեղեցի էին կանչում, և երիտասարդ կանայք մնացին մենակ։

Վանական քույրը տեսնելով, որ միլեդին պառկած է անկողնում, ուզեց դուրս գնալ մայրապետի հետևից, բայց միլեդին ետ պահեց նրան։

— Ինչպե՜ս, տիկին,— խոսեց նա,— դեռ նոր եմ ես տեսել ձեզ, և արդեն ուզում եք զրկել ինձ ձեր ընկերակցությունի՞ց, որի վրա, ճիշտն ասած, ես շատ մեծ հույս եմ դրել, քանի դեռ ստիպված եմ այս վանքում լինել։

— Ո՛չ, տիրուհի,— պատասխանեց վանական քույրը,— ես պարզապես մտածում եմ, որ լավ ժամանակ չեմ եկել, դուք քնած էիք, հոգնած եք...

— Ի՛նչ կա որ,— առարկեց միլեդին։— Ի՞նչ կարող են ցանկանալ քնած մարդիկ, հաճելի արթնացում։ Եվ դուք պատճառեցիք ինձ այդ, ուրեմն և հնարավորություն տվեք վայելելու այն։

Եվ դեռատի կնոջ ձեռքը բռնելով՝ միլեդին քաշեց նրան դեպի մահճակալի մոտ դրված բազկաթոռը։

Վանական քույրը նստեց։

— Աստվա՜ծ իմ, ինչպես իմ բախտը չի բերում,— ասաց նա։— Ահա արդեն կես տարի է ես ապրում եմ այստեղ, չունենալով ոչ մի մխիթարական բան, հիմա դուք եկել եք, ձեր ներկայությունը հիանալի ընկերակցություն է խոստանում ինձ, բայց, ահա, ես րոպե առ րոպե սպասում եմ, որ վանքից հեռանամ։

— Ինչպե՜ս,— զարմացավ միլեդին։— Դուք շուտով գնալո՞ւ եք վանքից։

— Համենայն դեպս ես դրա հույսն ունեմ,— պատասխանեց դեռատի կինը ուրախացած, որ նա ամենևին թաքցնել չէր փորձում։

— Ես որոշ բան լսել եմ, որ դուք շատ եք տուժել կարդինալի երեսից։ Եթե այդպես է, ուրեմն դա մի նոր պատճառ է մեր փոխադարձ համակրանքի։

— Նշանակում է մեր մայրապետը ասել է ճշմարտությունը, դուք ևս ինձ պես այդ չար հոգևորականի զո՞հն եք։

— Կամա՜ց,— ընդհատեց միլեդին դեռատի կնոջը։— Նույնիսկ այստեղ չի կարելի այդպես խոսել նրա մասին։ Իմ բոլոր դժբախտությունները հենց նրանից են, որ ես մոտավորապես ահա այդպիսի մի միտք արտահայտեցի մի կնոջ հետ, որին ես իմ բարեկամն էի համարում և որը մատնեց ինձ։ Դուք է՞լ դավաճանության զոհ եք։

— Ոչ,— պատասխանեց դեռատի կինը,— ես իմ նվիրվածության զոհն եմ, նվիրված էի մի կնոջ, որին ես սիրում էի, պատրաստ էի կյանքս տալու նրա համար և այսուհետև էլ պատրաստ եմ այդ անելու։

— Եվ որը ձեզ լքե՞լ է դժբախտության մեջ։ Միշտ այդպես է լինում։

— Ես այնքան անարդար էի, որ այդպես էի մտածում, բայց սրանից երկու֊երեք օր առաջ հակառակը համոզվեցի, և դրա համար շնորհակալ եմ ստեղծողից, ինձ համար ծանր կլիներ մտածել, որ նա ինձ մոռացել է... Բայց դուք, տիրուհի, դուք կարծես ազատ եք և եթե ուզենայիք փախչել, այդ միայն ձեր ցանկությունից կախված կլիներ։

— Բայց ո՞ւր պիտի գնամ ես, չունենալով բարեկամներ, չունենալով փող, այս անծանոթ կողմերում, որտեղ ես առաջ երբեք չեմ եղել...

— Ա՜խ, ինչ վերաբերում է բարեկամներին, նրանք ամեն տեղ կլինեն ձեզ համար, որտեղ էլ դուք լինեք,— ասաց վանական քույրը։— Դուք այնքա՜ն բարեսիրտ եք երևում և այնպես գեղեցիկ։

— Որն ինձ չի խանգարում լինել միայնակ ու հալածական,— ասաց միլեդին՝ հրեշտակային արտահայտություն տալով իր ժպիտին։

— Հավատացեք ինձ,— ասաց դեռատի կինը,— հարկավոր է հույս դնել նախախնամության վրա. միշտ լինում է այնպիսի րոպե, երբ մեր արած մի բարությունը մեզ համար միջնորդ է դառնում աստծու առաջ և գուցե թե, որքան էլ ես անզոր եմ ու չնչին, դա ձեր բախտն է, որ ինձ եք հանդիպել։ Եթե ես այստեղից դուրս գամ, ապա այդ կլինի նրա համար, որ ես ունեմ ազդեցիկ բարեկամներ, որոնք պաշտպան կանգնելով ինձ, հետո էլ կարող են պաշտպան կանգնել նաև ձեզ։

— Եթե ես ասացի, որ մենակ եմ, այդ չի նշանակում, թե ես բարձր դիրք գրավող ծանոթներ չունեմ,— շարունակեց միլեդին, հուսալով, որ իր մասին խոսելով՝ դեռատի կնոջն անկեղծություն կներշնչի։— Բայց իմ այդ ծանոթներն իրենք էլ դողում են կարդինալի առաջ, թագուհին ինքն էլ չի համարձակվում որևէ մեկին պաշտպանել ահեղ մինիստրից։ Ես ապացույցներ ունեմ, որ նորին մեծություն թագուհին, չնայած այնքան բարի սիրտ ունի, շատ անգամ ստիպված է եղել իրեն ծառայություն մատուցած մարդկանց զոհաբերել նորին սրբազնության ցասումին։

— Հավատացեք ինձ, տիրուհի, թագուհին կարող է ձևացնել, թե հրաժարվում է նրանցից, բայց արտաքին տպավորությամբ դատել չի կարելի, որքան ավելի են նրանք հալածանքների ենթարկվում, այնքան ավելի է թագուհին մտածում նրանց մասին, և հաճախ այն րոպեին, երբ այդ մարդիկ ամենից քիչ են սպասում օգնություն, համոզվում են, որ նրա ողորմած ուշադրությունից չեն մոռացվել։

— Ճիշտ որ,— ասաց միլեդին,— ես հավատում եմ դրան. ախր թագուհին այնքա՜ն բարի է։

— Ա՜խ, նշանակում է դուք ճանաչո՞ւմ եք մեր չքնաղ ու մեծահոգի թագուհուն, եթե նրա մասին այդպիսի կարծիք եք հայտնում,— ցնծությամբ ասաց վանական քույրը։

— Ես ուզում եմ ասել, որ նրա հետ անձամբ ծանոթ լինելու պատիվը չունեմ,— պատասխանեց միլեդին, գլխի ընկնելով, որ չափից ավելի հեռուն գնաց,— բայց ծանոթ եմ նրա մերձավոր բարեկամներից շատերին, ես ճանաչում եմ պարոն դը Պյուտանժին, Անգլիայում ճանաչում էի պարոն Դյուժարին, ծանոթ եմ պարոն դը Տրևիլի հետ։

— Պարոն դը Տրևիլի՞,— գոչեց դեռատի կինը։— Դուք ծանո՞թ եք պարոն դը Տրևիլի հետ։

— Այո, ինչպե՞ս չէ, և այն էլ լավ ծանոթ եմ։

— Արքայական հրացանակիրների կապիտանի՞ հետ։

— Այո, արքայական հրացանակիրների կապիտանի։

— Այդ դեպքում, դուք կտեսնեք, մենք շատ շուտով ձեզ հետ մոտիկ ծանոթներ կդառնանք, համարյա բարեկամներ։ Եթե դուք ծանոթ եք պարոն դը Տրևիլի հետ, հավանորեն եղե՞լ եք նրա տանը։

— Այո, հաճախ,— հաստատեց միլեդին։ Այդ ճանապարհը բռնելով և տեսնելով, որ շատ հաջող է ստում, նա որոշեց մինչև վերջ գնալ նույն ճանապարհով։

— Դուք երևի նրա մոտ հանդիպե՞լ եք հրացանակիրներից ոմանց։

— Բոլորին, ում որ նա սովորաբար ընդունում է իր մոտ,— պատասխանեց միլեդին՝ արդեն իսկապես որ հետաքրքրվելով այդ խոսակցությունով։

— Ասացեք ինձ ձեր ծանոթ հրացանակիրներից որևէ մեկի անունը և դուք կտեսնեք, որ նրանք իմ բարեկամները դուրս կգան։

— Դե, օրինակ...— շփոթմունքով սկսեց միլեդին,— ճանաչում եմ պարոն դը Սուվենիեին, պարոն դը Կուրտիվրոնին, պարոն դը Ֆերյուսակին։

Դեռատի կինը լսում էր միլեդիին առանց ընդհատելու, հետո, տեսնելով, որ նա լռեց, հարց տվեց.

— Չե՞ք ճանաչում արդյոք Աթոս անունով ասպետին։

Միլեդին գունատվեց, ինչպես այն սավանը, որի վրա պառկած էր, և որքան էլ լավ էր կարողանում իրեն տիրապետել, նա ակամա մի ճիչ արձակեց՝ բռնելով զրուցակցի ձեռքը և հայացքով լափելով նրան։

— Ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց ձեզ,— հարցրեց խեղճ կինը։— Ա՜խ, աստվա՜ծ իմ, չլինի ես այնպիսի մի բան ասացի, որից դուք վիրավորվեցիք։

— Ոչ, բայց այդ անունը զարմացրեց ինձ, որովհետև ես էլ էի ճանաչում այդ ասպետին, և ինձ տարօրինակ թվաց հանդիպել մեկին, որը, ինչպես երևում է, նույնպես լավ ծանոթ է նրան։

— Այո, լավ, շատ լավ ծանոթ եմ։ Եվ ոչ միայն նրա, այլև նրա ընկերների հետ, պարոն Պորտոսի ու պարոն Արամիսի հետ։

— Իսկապե՞ս։ Նրանց ես էլ եմ ճանաչում,— գոչեց միլեդին, զգալով, թե ինչպես է ամբողջ մարմինը պաղում վախից։

— Դե որ նրանց ճանաչում եք, իհարկե, ձեզ հայտնի է, որ նրանք հիանալի ու համարձակ մարդիկ են։ Ինչո՞ւ չեք դիմում նրանց, եթե ձեզ օգնություն է հարկավոր։

— Բանն այն է,— կակազելով պատասխանեց միլեդին,— որ ես նրանցից ոչ մեկի հետ բարեկամական կապ չունեմ։ Ես նրանց ճանաչում եմ միայն իրենց ընկեր դ’Արտանյանի պատմածներից։

— Դուք ճանաչո՞ւմ եք պարոն դ’Արտանյանին,— գոչեց դեռատի կինը իր հերթին բռնելով միլեդիի ձեռքը և հայացքը հառելով նրա վրա։

Նկատելով միլեդիի հայացքի տարօրինակ արտահայտությունը՝ նա հարցրեց.

— Ներեցեք, տիկին, ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք դուք նրա հետ։

— Նա...— շփոթվեց միլեդին,— նա... իմ բարեկամն է։

— Դուք ինձ խաբում եք, տիրուհի,— ասաց դեռատի կինը,— դուք նրա սիրուհին եք եղել։

— Այդ դուք եք եղեք դ’Արտանյանի սիրուհին,— գոչեց միլեդին։

— Ե՞ս,— խոսեց վանական քույրը։

— Այո, դուք։ Այժմ ես ձեզ ճանաչում եմ. դուք տիկին Բոնասիեն եք։ Դեռատի կինը զարմացած ու վախեցած ետ֊ետ քաշվեց։

— Մի թաքցրեք, պատասխանեցեք ինձ,— շարունակեց միլեդին։

— Դեհ, ինչ կա որ։ Այո, տիրուհի,— ասաց դեռատի կինը։— Նշանակում է մենք ախոյաննե՞ր ենք։

Միլեդիի դեմքը բռնկեց այնպիսի կատաղի բոցով, որ ամեն մի այլ հանգամանքում տիկին Բոնասիեն վախից փախուստի կդիմեր, բայց այդ րոպեին նա գերի էր իր խանդին։

— Դե խոստովանեցեք, տիրուհի,— խոսեց նա այնպիսի համառությամբ, որպիսին չէր կարելի սպասել նրանից։— Առաջներո՞ւմ եք եղել, թե՞ հիմա էլ նրա սիրուհին եք դուք։

— Օ՜, ոչ,— գոչեց միլեդին այնպիսի մի ձայնով, որի ճշտությանը կասկած չէր մնում,— երբե՛ք, երբե՛ք չեմ եղել։

— Ես հավատում եմ ձեզ,— ասաց տիկին Բոնասիեն,— բայց ինչո՞ւ այնպիսի ճիչ արձակեցիք դուք։

— Ինչպե՞ս, միթե չեք հասկանում,— զարմացած ձևացավ միլեդին արդեն շփոթմունքից ուշքի գալով և լիովին տիրապետելով իրեն։

— Ինչպե՞ս կարող եմ հասկանալ։ Ես ոչինչ չգիտեմ։

— Դուք չե՞ք հասկանում, որ պարոն դ’Արտանյանը, որպես իր բարեկամի, պատմում էր ինձ իր սրտի գաղտնիքները։

— Իսկապե՞ս։

— Դուք չե՞ք հասկանում, որ ինձ հայտնի է ամեն ինչ. ձեզ փախցնելը Սեն Կլուի տնակից, նրա հուսահատությունը, իր ընկերների հուսահատությունը և ապարդյուն որոնումները։ Եվ ինչպե՞ս չզարմանամ ես, երբ հանկարծ, անսպասելիորեն հանդիպում եմ ձեզ, որի մասին այնքան շատ խոսել ենք, ձեզ, որին նա սիրում է ամբողջ հոգով, և որին նա ինձ ստիպել է սիրել առանց ծանոթ լինելու։ Ա՜խ, սիրելի Կոնստանցիա, վերջապես գտա ձեզ. վերջապես ես տեսնում եմ ձեզ։

Եվ միլեդին տիկին Բոնասիեին մեկնեց ձեռքերը, իսկ տիկին Բոնասիեն, համոզված նրա խոսքերի ճշտությանը, իր անկեղծ ու նվիրված բարեկամն էր համարում այն կնոջը, որին մի րոպե առաջ ախոյան էր համարում։

— Օ՜, ներեցեք ինձ, ներեցե՛ք,— գոչեց նա ու թեքվեց միլեդիի ուսի վրա։— Ես այնպես եմ սիրում նրան։

Երկու կանայք էլ մի պահ այդպես գրկախառնված մնացին։ Եթե միլեդիի ուժերը հավասար լինեին նրա ատելությանը, տիկին Բոնասիեն, իհարկե, մահ կգտներ միլեդիի գրկում։ Սակայն ի վիճակի չլինելով խեղդել նրան՝ միլեդին ժպտաց ու ասաց.

— Իմ անու՜շ գեղեցկուհի, որքա՜ն երջանիկ եմ ես, որ տեսնում եմ ձեզ։ Թողեք, որ մի կուշտ նայեմ ու հիանամ ձեզնով։

Եվ այս ասելիս նա խժռում էր նրան աչքերով։

— Այո, այո, իհարկե, դուք եք։ Այն ամենից, որ նա պատմում էր ինձ, ես հիմա ճանաչում եմ, շատ լավ եմ ճանաչում։

Խեղճ կինը չէր էլ կասկածում, թե ինչպիսի դաժան մտքեր են թաքնված այդ պարզ ճակատի տակ, այդ վճիտ աչքերի հետևում, որոնց մեջ նա կարդում էր միայն կարեկցություն ու խղճահարություն։

— Նշանակում է ձեզ հայտնի՞ է, թե որքան եմ տառապել ես, եթե նա պատմել է իմ տանջանքների մասին...— ասաց տիկին Բոնասիեն։— Բայց նրա համար տանջվելը երանություն է։

Միլեդին մեքենաբար կրկնեց.

— Այո, երանություն է։

Նա ուրիշ բանի մասին էր մտածում։

— Մանավանդ որ իմ տանջանքները շուտով կվերջանան,— շարունակեց տիկին Բոնասիեն,— վաղը կամ գուցեև այսօր երեկոյան ես նրան նորից կտեսնեմ, և տխուր անցյալը կմոռացվի։

— Այսօր երեկոյա՞ն կամ վա՞ղը,— հարցրեց միլեդին, որին այդ խոսքերը դուրս բերին մտազբաղ վիճակից։— Ի՞նչ եք ուզում ասել դրանով։ Դուք որևէ մեկից լո՞ւր եք սպասում։

— Ես հենց իրեն եմ սպասում։

— Հենց իրե՞ն։ Դ’Արտանյանն այստե՞ղ է գալու։

— Այո, այստեղ։

Բայց այդ անկարելի է։ Նա Լա֊Ռոշելը պաշարողների մեջ է, կարդինալի հետ միասին։ Նա կվերադառնա միայն քաղաքը գրավելուց հետո։

— Դուք այդպե՞ս եք կարծում։ Բայց մի՞թե աշխարհում կա մի բան, որ անհնարին լինի իմ դ’Արտանյանի համար, այն ազնիվ ու անբիծ ասպետի համար։

— Ես չեմ կարող հավատալ ձեզ։

— Դե ուրեմն կարդացեք,— հպարտ ուրախությամբ առաջարկեց դեռատի կինը՝ միլեդիին մեկնելով մի նամակ։

«Տիկին դը Շևրյոզի ձեռագիրն է,— ինքն իրեն մտմտաց միլեդին։— Ես այդպես էլ գիտեի, որ նրանք կապ են պահում այդ ճամբարի հետ»։

Եվ նա ագահորեն կարդաց հետևյալը.

«Իմ անուշիկ, պատրաստ եղեք։ Մեր բարեկամը շուտով կայցելի ձեզ և կայցելի միայն նրա համար, որ ձեզ դուրս բերի այն բանտից, որտեղ դուք ստիպված եք եղել թաքնվել ձեր ապահովության համար։ Ուրեմն պատրաստվեցեք մեկնելու և երբեք հույսներդ չկտրեք մեր օգնությունից։

Մեր հիասքանչ գասկոնացին վերջերս, ինչպես և միշտ, ցույց տվեց իրեն որպես քաջ և մեզ նվիրված մարդ։ Հաղորդեցեք նրան, որ մի ինչ֊որ տեղ նրան շատ երախտապարտ են իր նախազգուշացման համար»։

— Այո, այո,— ասաց միլեդին,— նամակում ամեն ինչ պարզ ասված է։ Հայտնի՞ է ձեզ, թե այդ ինչ նախազգուշացում է։

— Ոչ։ Բայց ես գլխի եմ ընկնում, որ նա երևի թագուհուն նախազգուշացրել է կարդինալի որևէ որոգայթի մասին։

— Այո, հավանորեն այդպես է,— ասաց միլեդին՝ տիկին Բոնասիեին վերադարձնելով նամակը և նորից մտքի մեջ ընկած՝ գլուխը կախելով։

Այդ պահին արշավող ձիու սմբակների դոփյուն լսվեց։

— Ա՜խ,— ճչաց տիկին Բոնասիեն՝ նետվելով դեպի լուսամուտը,— արդյոք հենց նա չէ՞։

Միլեդին զարմանքից քար կտրած մնաց անկողնում, նրա վրա մի անգամից այնքան շատ անակնկալներ էին տեղացել, որ կյանքում առաջին անգամ շփոթվել էր։

— Նա է, նա,— շշնջաց միլեդին։— Մի՞թե իսկապես նա է։

Եվ նա շարունակում էր պառկած մնալ անկողնում, անշարժ հայացքը հառած տարածությանը։

— Ավա՜ղ, նա չէ,— հառաչեց տիկին Բոնասիեն։— Դա ինչ֊որ անծանոթ մարդ է, բայց կարծես մեզ մոտ է գալիս։ Այո, նա դանդաղեցրեց ձիու ընթացքը... Կանգ է առնում դարպասի մոտ... Զանգը քաշեց։

Միլեդին անկողնուց վեր թռավ։

— Դուք լիովին համոզվա՞ծ եք, որ այդ նա չէ,— հարցրեց միլեդին։

— Այո, լիովին։

— Գուցե լա՞վ չտեսաք։

— Ա՜խ, բավական է, որ ես նրա գլխարկի փետուրը տեսնեմ կամ թիկնոցի փեշը, իսկույն կճանաչեմ։

Միլեդին շարունակում էր հագնվել։

— Միևնույն է. դուք ասում եք այդ մարդը այստե՞ղ է գալիս։

— Ա՜խ, Աստված իմ, ինչպես հուզված եք դուք։

— Այո, խոստովանում եմ, ես այնպես դյուրահավատ չեմ, ինչպես դուք. ես միշտ երկյուղ եմ կրում կարդինալից։

— Կամա՜ց,— ընդհատեց նրան տիկին Բոնասիեն։— Մարդ է գալիս այստեղ։

Եվ իրոք, դուռը բացվեց, և ներս մտավ մայրապետը։

— Այդ դո՞ւք եք եկել Բուլոնից,— դիմեց նա միլեդիին։

— Այո, ես,— պատասխանեց միլեդին՝ աշխատելով վերադարձնել իր սառնարյունությունը։— Ո՞վ է հարցնում ինձ։

— Մի ինչ֊որ մարդ, որը չի ուզում իր անունը տալ, բայց ասում է, որ եկել է կարդինալի հանձնարարությամբ։

— Եվ ուզում է ինձ տեսնե՞լ։

— Նա ուզում է տեսնել Բուլոնից եկած տիկնոջը։

— Այդ դեպքում, տիրուհի, խնդրում եմ հրավիրեցեք նրան այստեղ։ Ա՜խ, աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, վախեցած հառաչեց տիկին Բոնասիեն։— Չլինի՞ մի որևէ վատ լուր է բերել նա։

— Վախենում եմ, որ այդպես լինի։

— Ես ձեզ մենակ կթողնեմ այդ անծանոթի հետ, բայց հենց որ գնաց, ես, եթե թույլ կտաք, կվերադառնամ ձեզ մոտ։

— Իհարկե, խնդրում եմ։

Մայրապետը և տիկին Բոնասիեն դուրս գնացին։

Միլեդին մենակ մնաց և աչքերը հառեց դռանը։ Մի րոպե անց խթանների զնգոց լսվեց, որը խուլ հնչում էր սանդուղքների վրա, ապա քայլերը մոտեցան, դուռը լայն բացվեց, և շեմքում երևաց մի մարդ։

Միլեդին ուրախ ճիչ արձակեց, այդ մարդը կոմս դը Ռոշֆորն էր, որ հոգով ու մարմնով նվերված էր կարդինալին։

Comments