Chapter 60
Երկրորդ մաս XXX. Ֆրանսիայում
Երբ անգլիական թագավոր Կառլոս I֊ը Բեկինգհեմի մահն իմացավ, նրա առաջին և ամենամեծ երկյուղն այն էր, թե չլինի՞ այդ զարհուրելի լուրը լարոշելցիներին զրկի հոգու արիությունից։ Դրա համար էլ, ինչպես Ռիշելիեն է պատմում իր «Հուշերում», թագավորն աշխատեց որքան կարելի է երկար ժամանակ այդ լուրը թաքցնել լարոշելցիներից։ Նա հրամայեց փակել իր պետության բոլոր նավահանգիստները և ուշիուշով հսկել, որ ոչ մի նավ ծով դուրս չգա մինչև Բեկինգհեմի պատրաստած զորքի մեկնումը, որի առաքման գործը Բեկինգհեմի մահից հետո թագավորն ինքն էր վերցրել իր վրա։
Այս արգելքի խստությունը թագավորն այնտեղ հասցրեց, որ Անգլիայում պահեց նույնիսկ դանիական դեսպաններին, որոնք արդեն հրաժեշտ էին տվել նրան, և հոլանդական դեսպանին, որը պետք է Ֆլիսինգեն տաներ արևելահնդկական նավերը, որ Կառլոս I֊ը վերադարձրել էր Միացյալ Նիդերլանդներին։
Բայց որովհետև թագավորն այս հրամանը տվել էր տխուր դեպքից միայն հինգ ժամ հետո, այսինքն՝ ցերեկվա ժամը երկուսին, դրա համար էլ երկու նավ արդեն կարողացել էին դուրս գալ նավահանգիստներից։ Դրանցից մեկը, ինչպես մենք գիտենք, տարավ միլեդիին, որն արդեն գլխի էր ընկել, թե ինչ է կատարվել և իր ենթադրության մեջ ավելի էր համոզվել ծովակալության նավի կայմի վրա բարձրացրած սև դրոշակը տեսնելով։
Ինչ վերաբերում է երկրորդ նավին, մենք հետո կպատմենք, թե ով էր նրա վրա, և ինչ ձևով մեկնեց այդ նավը։
Այդ ժամանակամիջոցում, ի դեպ, Լա֊Ռոշելի մոտ գտնվող ճամբարում ոչ մի նոր բան չէր պատահել։ Միայն թե թագավորը, որն, ինչպես միշտ, շատ էր ձանձրանում, իսկ ճամբարում՝ ավելի ևս, քան ուրիշ տեղ, որոշել էր ծպտված գնալ Սեն Ժերմեն՝ սուրբ Լյուդովիկոսի տոնն այնտեղ անցկացնելու և կարդինալին խնդրել էր իրեն ուղեկցորդներ կարգել ընդամենը քսան հրացանակիր։ Կարդինալը, որին նույնպես երբեմն հաղորդվում էր թագավորի ձանձրույթը, մեծ գոհունակությամբ այդ արձակուրդը տրամադրեց իր թագակիր֊օգնականին, որը խոստացավ վերադառնալ մինչև սեպտեմբերի տասնհինգը։
Պարոն դը Տրևիլը նորին սրբազնությունից այս տեղեկությունը ստանալով՝ ճանապարհի պատրաստություն տեսավ և իմանալով, որ իր բարեկամներն իրեն անհաշտ պատճառով մեծ ցանկություն և նույնիսկ խիստ պահանջ ունեն Փարիզ վերադառնալու, իհարկե, նրանց էլ թագավորին ուղեկցող խմբի մեջ նշանակեց։
Չորս երիտասարդ ընկերներն այս նորությունն իմացան պարոն դը Տրևիլից ընդամենը տասնհինգ րոպե հետո, որովհետև դը Տրևիլը առաջինը նրանց հայտնեց այն։ Ահա թե երբ դ’Արտանյանն առանձնապես բարձր գնահատեց կարդինալի ցույց տված ողորմածությունը, որը, վերջապես, նրան թույլ էր տվել հրացանակիրների շարքերը մտնել։ Եթե այդ հանգամանքը չլիներ, դ’Արտանյանը ստիպված պիտի լիներ ճամբարում մնալ, իսկ նրա ընկերները պիտի մեկնեին։
Հարկ չկա ասելու, որ նրանց Փարիզ վերադառնալ էր դրդում այն վտանգը, որ սպառնում էր տիկին Բոնասիեին, երբ նա Բետյունի վանքում կհանդիպեր իր մահացու թշնամուն՝ միլեդիին։ Դրա համար էլ ինչպես արդեն ասել ենք, Արամիսն անհապաղ գրել էր Տուրի սպիտակեղեն կարող Մարի Միշոնին, որն այնպիսի ազդեցիկ ծանոթություններ ուներ, որ թագուհուց կխնդրեր, որպեսզի տիկին Բոնասիեին թույլատրվի վանքից դուրս գալ և գնալ Լոթարինգիա կամ Բելգիա։ Պատասխանը շատ չուշացավ, և ինը֊տասը օրից Արամիսն ստացավ հետևյալ նամակը.
Սիրելի ազգական,
Ահա ձեզ իմ քրոջ թույլտվությունը՝ մեր ջահել սպասուհուն վերցնելու Բետյունի վանքից, որի օդը, ձեր կարծիքով, վնասակար է նրան։ Իմ քույրը մեծ գոհունակությամբ ուղարկում է ձեզ իր թույլտվությունը, որովհետև նա շատ է սիրում այդ չքնաղ աղջկան և հույս ունի, որ հետագայում էլ հարկ եղած դեպքում оգտակար կլինի նրան։
Համբուրում եմ ձեզ.
։։։։։։։։։։Մարի Միշոն։
Այս նամակին կցված էր թույլտվությունը, որ կազմված էր հետևյալ ձևով.
Բետյունի վանքի մայրապետը պետք է սույն նամակը ներկայացնողի խնամքին հանձնի այն վանական քրոջը, որը վանք է ընդունվել իմ հանձնարարականով և գտնվում է իմ հովանավորության տակ։
։։։։։։։։։։Լուվր, 10 օգոստոսի 1628 թ.։
։։։։։։։։։։Աննա։
Կարելի է պատկերացնել, թե երիտասարդներին ուրախ սրախոսությունների ինչպիսի սնունդ էին տալիս Արամիսի ազգակցական հարաբերությունները այն սպիտակեղեն կարողի հետ, որը թագուհուն իր քույրն էր կոչում։ Բայց Արամիսը Պորտոսի կոպիտ կատակների առթիվ երկու֊երեք անգամ խիստ շառագունելով խնդրեց ընկերներին այլևս այդ թեմային չանդրադառնալ և հայտարարեց, որ եթե նրանք այդ առթիվ գեթ խոսք ասեն, ինքն այլևս նման գործերով իր ազգականուհու միջնորդությանը չի դիմի։
Դրա համար էլ Մարի Միշոնն այլևս չէր հիշատակվում չորս հրացանակիրների խոսակցություններում, մանավանդ որ նրանք արդեն հասել էին իրենց ուզածին, թույլտվություն էին ստացել տիկին Բոնասիեին վերցնելու կարմելիտուհիների Բետյունի վանքից։ Ճիշտ է, այդ թույլտվությունից քիչ օգուտ կար, քանի որ նրանք գտնվում էին Լա֊Ռոշելի մոտ գտնվող ճամբարում, այլ կերպ ասած՝ Ֆրանսիայի մյուս ծայրում։ Դրա համար էլ դ’Արտանյանն արդեն պատրաստվում էր անկեղծորեն խոստովանելու պարոն դը Տրևիլին, թե ինչու իրեն անհրաժեշտ է մեկնել և ուզում էր արձակուրդ խնդրել, երբ հանկարծ պարոն դը Տրևիլը նրան ու նրա երեք ընկերներին հայտնեց, որ թագավորը Փարիզ է դնում քսան հրացանակիրների ուղեկցությամբ, և որ նրանք նշանակված են այդ պահակախմբի մեջ։
Ընկերները շատ ուրախացան։ Նրանք ծառաներին ուղարկեցին իրենց բեռներով, իսկ առավոտյան էլ իրենք մեկնեցին։
Կարդինալը նորին մեծությանն ուղեկցեց Սյուրժերից մինչև Մոզե, և այնտեղ թագավորն ու իր մինիստրը հրաժեշտ տվին՝ բարեկամական զգացմունքների փոխադարձ զեղումներով։
Ցանկանալով մինչև ամսի քսաներեքը հասնել Փարիզ՝ թագավորը հնարավորին չափ արագ էր առաջ գնում։ Սակայն զվարճություններ որոնելով՝ նա մերթ ընդ մերթ կանգ էր առնում բազեով որս անելու. դա նրա ամենասիրած զվարճությունն էր, որի սերը նրա մեջ հարուցել էր դուքս դը Լյուինը <ref>Դուքս դը Լյուին, Շառլ դ’Ալբեր (1578֊1621) — կոննետաբլ, այսինքն՝ բանակի գլխավոր հրամանատարը, Լյուդովիկոս XIII֊ի ֆավորիտը։</ref>։ Այդպիսի դեպքերում քսան հրացանակիրներից տասնվեցը շատ էին ուրախանում, որ ուրախ ժամանակ պիտի անցկացնեն, այնինչ մնացած չորսը, մանավանդ դ’Արտանյանը, անիծում էին աշխարհում ամեն բան։ Նրա ականջները շարունակ զնգում էին, և Պորտոսը դա բացատրում էր հետևյալ կերպ.
— Մի շատ անվանի տիկին ինձ ասել է, թե այդ նշանակում է, որ քեզ մի որևէ տեղ հիշում են։
Վերջապես լույս քսաներեքի գիշերը պահակախումբը Փարիզն անցավ և հասավ իր համար նշանակված տեղը։ Թագավորը շնորհակալություն հայտնեց պարոն դը Տրևիլին և թույլատրեց պահակախմբի հրացանակիրներին հերթով չորսական օր արձակուրդ տալ, այն պայմանով, որ երջանիկներից ոչ ոք, Բաստիլում բանտարկվելու սպառնալիքով, չերևա հասարակական վայրերում։
Առաջին չորս արձակուրդը, ինչպես հեշտ է հասկանալ, ստացան մեր չորս ընկերները։ Դեռ ավելին. Աթոսը պարոն դը Տրևիլից խնդրեց չորսի փոխարեն վեց օրվա արձակուրդ և դրան ավելացրեց, էլի երկու գիշեր, որովհետև նրանք մեկնեցին քսանչորսի երեկոյան ժամը հինգին, բայց սիրալիր պարոն դը Տրևիլը նշանակեց քսանհինգի թվով։
— Ա՜խ, աստված իմ, ես կարծում եմ մենք մեզ շատ նեղություն ենք տալիս մի դատարկ բանի համար, ասաց դ’Արտանյանը, որը ինչպես հայտնի է, ոչ մի բանի չէր կասկածում։— Երկու օրում երկու֊երեք ձի ուժասպառ անելով (այդ ինձ համար մեծ բան չէ, փող ես ունեմ) ես կարող եմ հասնել Բետյուն, մայրապետին կհանձնեմ թագուհու նամակը և իմ անուշիկին ոչ թե կտանեմ Լոթարինգիա կամ Բելգիա, այլ կբերեմ Փարիզ, որտեղ նրան ավելի լավ կարող ենք թաքցնել, մանավանդ, քանի դեռ կարդինալը գտնվում է Լա֊Ռոշելի մոտ։ Իսկ երբ արշավից կվերադառնանք, այստեղ մենք թագուհուց,— մասամբ նրա ազգականուհու հովանավորությունից օգտվելով, մասամբ էլ մեր մատուցած ծառայություններից,— կարող ենք ստանալ ամեն բան, ինչ ցանկանում ենք։ Ուրեմն ավելի լավ է դուք մնացեք այստեղ, իզուր մի չարչարվեք։ Այսպիսի մի հասարակ գործի համար ես ու Պլանշեն միանգամայն բավական ենք։
Աթոսը սրան հանգիստ պատասխանեց.
— Մենք էլ փող ունենք, ես դեռ չեմ խմել իմ բաժինը, իսկ Պորտոսն ու Արամիսը դեռ չեն կերել իրենց բաժինը։ Նշանակում է՝ մենք էլ հեշտությամբ կարող ենք չորս ձի հալից գցել. ինչպես և մեկը։ Բայց մի՛ մոռացեք, դ’Արտանյան,— ավելացրեց նա այնպիսի մռայլ ձայնով, որ դ’Արտանյանն ակամա ցնցվեց,— մի՛ մոռացեք, որ Բետյունն այն քաղաքն է, որտեղ կարդինալը տեսակցություն է նշանակել այն կնոջը, որը որտեղ էլ հայտնվի, մի դժբախտություն կբերի։ Եթե դուք գործ ունենայիք միայն չորս տղամարդու հետ, դ’Արտանյան, ես ձեզ մենակ կթողնեի գնաք։ Բայց դուք գործ եք ունենալու այդ կնոջ հետ, ուրեմն գնանք չորսով, և աստված տա, որ մենք չորսս, դեռ մեր չորս ծառաներն էլ մեզ հետ, բավական լինենք։
— Դուք ինձ վախեցնում եք, Աթոս, ասաց դ’Արտանյանը։— Աստվա՜ ծ իմ, ինչի՞ց եք երկյուղ կրում դուք։
— Ամեն ինչից,— պատասխանեց Աթոսը։
Դ’Արտանյանն ուշադիր նայեց իր ընկերներին, որոնց դեմքը, ինչպես և Աթոսի դեմքը, խոր անհանգստություն էր արտահայտում։ Այլևս առանց մի խոսք ասելու բոլորն էլ խթանեցին իրենց ձիերին և շարունակեցին ճանապարհը։
Ամսի քսանհինգի իրիկնապահին, երբ նրանք մտան Աբրաս, և դ’Արտանյանը «Ոսկե Փոցխի» մոտ ձիուց իջավ, որ մի բաժակ գինի խմի այդ հյուրանոցում, ինչ֊որ ձիավոր դուրս եկավ փոստատան բակից, որտեղ նա փոխել էր իր ձին, և թարմ նժույգը հեծած՝ սլացավ Փարիզ տանող ճանապարհով։
Այն պահին, երբ դարպասից դուրս էր գալիս փողոց, քամին թափ տվեց նրա թիկնոցը, որի մեջ փաթաթված էր նա, չհայած օգոստոս ամիսն էր, և քիչ մնաց պիտի փախցներ նրա գլխարկը, բայց ուղևորը ժամանակին բռնեց այն հենց օդում և արագ քաշեց աչքերին։
Դ’Արտանյանը, որն ակնդետ նայում էր այդ մարդուն, խիստ գունատվեց և բաժակը ձեռքից գցեց։
— Ի՞նչ եղավ ձեզ, տեր իմ,— անհանգստացավ Պլանշեն։— Է՜յ, պարոննե՛ր, օգնությա՜ն հասեք, իմ պարոնը վատ է զգում իրեն։
Երեք ընկերները մոտ վազեցին և տեսան, որ դ’Արտանյանը չի էլ մտածում ուշաթափվել, այլ նետվեց դեպի իր ձին։ Ընկերները փակեցին նրա ճանապարհը։
— Գրողը տանի, այդ ո՞ւր ես վազում գլխապատառ,— գոռաց Աթոսը։
— Այդ նա էր,— գոչեց դ’Արտանյանը։— Նա՛ էր։ Թողեք հասնեմ ետևից։
— Ախր ո՞վ էր,— հարցրեց Աթոսը։
— Նա՛, այն մարդը։
— Ի՞նչ մարդ։
— Այն նզովյալ մարդը, այն չար ոգին, որ ամեն անգամ հանդիպում է ինձ, երբ ինձ որևէ դժբախտություն է սպառնում։ Նա՛, որ ուղեկցում էր այն սոսկալի կնոջը, երբ ես առաջին անգամ հանդիպեցի նրան, նա՛, որին ես որոնում էի, երբ մենամարտի հրավիրեցի մեր բարեկամ Աթոսին, որին ես տեսա հենց այն առավոտը, երբ փախցրին տիկին Բոնասիեին։ Ես լավ տեսա նրան, այդ նա՛ է։ Ես ճանաչեցի նրան, երբ քամին ետ գցեց նրա թիկնոցը։
— Գրողը տանի,— մտախոհ ասաց Աթոսը։
— Հեծեք ձիերը, պարոննե՛ր, հեծե՛ք, և մենք կհասնենք նրա ետևից։
— Սիրելիս,— ասաց Արամիսը,— նկատի ունեցեք, որ նա գնում է մեր ճանապարհի հակառակ ուղղությամբ։ Բացի այդ, նրա ձին թարմ է, իսկ մերը՝ հոգնած, հետևապես, մենք նրան հասնելու ոչ մի հույս չենք կարող ունենալ։ Թողենք այդ մարդուն, դ’Արտանյան, գնանք այն կնոջը փրկելու։
— Է՛յ, պարո՜ն,— գոռաց ձիապանը դուրս թռչելով դարպասից և վազելով անծանոթի հետևից,— է՜յ, պարո՜ն, այս թուղթը ձեր գլխարկից ընկավ, է՜յ, պարո՜ն, է՜յ։
— Բարեկամս,— կանգնեցրեց նրան դ’Արտանյանը,— ուզո՞ւմ ես կես պիստոլ ստանալ այդ թղթի համար։
— Խնդրեմ, տեր իմ, մեծ գոհունակությամբ։ Ահա ձեզ թուղթը։
Ձիապանն այս հաջողակ գործարքից հիացած վերադարձավ փոստատան բակը, իսկ դ’Արտանյանը թուղթը բաց արեց։
— Ի՞նչ թուղթ է այդ,— հարցրին ընկերները նրան շրջապատելով։
— Ընդամենը մեկ բառ,— պատասխանեց դ’Արտանյանը։
— Այո,— հաստատեց Արամիսը,— բայց այդ բառը քաղաքի կամ գյուղի անուն է։
— «Արմանտիեր»,— կարդաց Պորտոսը։— Արմանտիեր... Այդպիսի անուն չեմ լսել։
— Եվ քաղաքի կամ գյուղի այդ անունը գրված է այն կնոջ ձեռքով,— ասաց Աթոսը։
— Եթե այդպես է, լավ պահենք այս թուղթը, կարող է պատահել, որ ես իզուր չեմ կես պիստոլ տվել սրա համար,— եզրակացրեց դ’Արտանյանը։— Հեծնենք ձիերը, բարեկամներս, հեծնենք։
Եվ չորս ընկերները արշավեցին Բետյուն տանող ճանապարհով։