1. Երեք հրացանակիրներ

Chapter 6

Առաջին մաս VI. Նորին մեծություն Լյուդովիկոս XIII թագավորը

Այս պատմությունը մեծ աղմուկ հանեց։ Պ-րն դը Տրևիլը առերևույթ նախատում էր իր հրացանակիրներին, իսկ գաղտուկ շնորհավորում էր նրանց։ Սակայն ժամանակ կորցնել չէր կարելի հարկավոր էր անհապաղ նախազգուշացնել թագավորին, և պ-րն դը Տրևիլն շտապեց Լուվր։ Բայց արդեն ուշ էր. թագավորը կարդինալի հետ միասին փակվել էր։ Դը Տրևիլին ասացին, որ թագավորը զբաղված է և այժմ ոչ ոքի ընդունել չի կարող։ Տրևիլը ներկայացավ երեկոյան, այն ժամին, երբ թագավորը թուղթ էր խաղում։ Թագավորը հաղթել էր, և որովհետև նորին մեծությունը աչքի էր ընկնում խիստ ժլատությամբ, ապա այս դեպքում հիանալի տրամադրության մեջ էր։

— Հապա մի մոտեցեք տեսնեմ, պարոն կապիտան,— կանչեց նա՝ դեռ հեռվից նկատելով դը Տրևիլին։— Մոտեցեք, որպեսզի ես կարողանամ մի լավ նախատել ձեզ։ Հայտնի՞ է ձեզ արդյոք, որ նորին սրբազնությունը ներկայացել է ինձ գանգատվելու ձեր հրացանակիրներից և այնպես էր հուզվել, որ նույնիսկ անկողին է ընկել։ Այս ի՞նչ բան է, ինչ-որ թոկից փախած սատանաներ են ձեր հրացանակիրները։

— Ոչ, ձերդ մեծություն,— պատասխանեց դը Տրևիլը, առաջին իսկ խոսքերից հասկանալով, թե ինչ ընթացք է ստանում գործը։— Ոչ, ճիշտ և ճիշտ հակառակը. նրանք ամենաբարի արարածներն են, հեզ գառնուկի պես, որոնք, վստահեցնում եմ ձեզ, ձգտում են միայն մեկ բանի, որ իրենց սուսերները պատյաններից դուրս գան միայն ձերդ մեծությանը ծառայելու համար։ Բայց ի՞նչ կարող ես անել. պարոն կարդինալի գվարդիականներն ամենուրեք նրանց օձիքից են կպչում, և խեղճ երիտասարդները ստիպված են լինում պաշտպան-վել, թեկուզ հենց հանուն իրենց գնդի պատվի։

— Լսեցե՛ք, պարոն դը Տրևիլ,— գոչեց թագավորը։— Լսեցե՛ք, կարելի է կարծել, թե խոսքը վերաբերում է ինչ-որ վանական եղբայրության։ Իսկապես, իմ թանկագին կապիտան, իմ մեջ ցանկություն է առաջանում զրկել ձեզ կապիտանական աստիճանից և շնորհել այն օրիորդ դը Շեմրոյին<ref>Օրիորդ Շեմրո — Ֆրանսուազա դը Բարբեզիեր դը Շեմրո — պալատական կին՝ Աննա Ավստրիացու շքախմբից, Ռիշելիեի հրահանգով հետևում էր նրան, 1639 թ. շնորհազրկվեց և արտաքսվեց։</ref>, որին ես խոստացել եմ վանքի մայրապետ կարգել։ Բայց չկարծեք, թե ես հենց խոսքով կհավատամ ձեզ։ Ինձ, պարոն դը Տրևիլ, անվանում են Լյուդովիկոս Արդարադատ և ահա հիմա մենք կտեսնենք...

— Հենց նրա համար, որ ես հույս եմ դնում այդ ար-դարադատության վրա, համբերությամբ և լիակատար հանգստությամբ կսպասեմ ձերդ մեծության վճռին։

— Սպասեցեք, սպասեցեք,— ասաց թագավորը։— Ես չեմ ստիպի երկար սպասել։

Այդ ժամանակ խաղի մեջ բախտն սկսեց դավաճանել թագավորին. նա սկսել էր տանուլ տալ և դեմ չէր լինի,— թող ներվի մեզ այսպիսի արտահայտությունը,— դուրս պրծնելու խաղից։ Մի քանի րոպեից թագավորը ոտքի ելավ և գրպանը դնելով առջևում դարսված փողերը, որ համարյա ամբողջը տարել էր, ասաց.

— Լը Վիվիլ, գրավեցեք իմ տեղը։ Ես պետք է խոսեմ պարոն դը Տրևիլի հետ մի կարևոր գործի մասին։ Ա՜խ, այո, այստեղ ես մի ութսուն լուի<ref>Լուի-լուիդոր — ֆրանսիական հինավուրց ոսկեդրամ՝ 6-7 գ քաշով։ Դյուման անճշտություն է թույլ տվել. առաջին անգամ այդ դրամը հատվել է 1640 թ., այսինքն՝ վեպում նկարագրված իրադարձություններից հետո։</ref> ունեի, դրեք մի այդքան, որ տարվողները չտուժեն։ Ամենից առաջ արդարություն։

Ապա նա դարձավ դը Տրևիլին։

— Այսպես ուրեմն, պարոն,— խոսեց նա դը Տրևիլի հետ ուղղվելով դեպի լուսամուտներից մեկը,— դուք պնդում եք, որ նորին սրբազնության գվարդիականնե՞րն են վեճ սկսել ձեր հրացանակիրների հետ։

— Այո, ձերդ մեծություն, ինչպես և միշտ։

— Ինչպե՞ս է տեղի ունեցել այդ ամենը, պատմեցեք։ Հավանորեն ձեզ հայտնի է, իմ թանկագին կապիտան, որ դատավորը պետք է երկու կողմերին էլ լսի։

— Տե՜ր իմ աստված։ Այդ ամենը տեղի է ունեցել միանգամայն հասարակ ձևով։ Իմ երեք լավագույն զինվորները,— նրանց անունները լավ հայտնի են ձերդ մեծությանը, որը շատ անգամ է առիթ ունեցել գնահատելու, նրանց հավատարմությունը, իսկ նրանք, կարող եմ հավատացնել, ձերդ մեծություն, ամբողջ հոգով նվիրված են իրենց ծառայությանը,— այսպես ուրեմն, իմ երեք զինվորները՝ Աթոսը, Պորտոսը և Արամիսը պատրաստվում են զբոսանքի գնալու մի երիտասարդ գասկոնացու հետ, որին հենց այսօր առավոտյան ես հանձնել էի նրանց ուշադրությանը։ Նրանք, եթե չեմ սխալվում, մտադիր են եղել գնալ Սեն Ժերմեն, և հանդիպման վայր են նշանակել Դեշո վանքի մոտի դաշտը։ Հանկարծ, որտեղից որտեղ, լույս է ընկնում պարոն դը Ժյուսակը՝ պարոն Կայուզակի, Բիկարայի և էլի երկու գվարդիականների ուղեկցությամբ։ Այս պարոններն այդպիսի մեծ խմբով այստեղ են գալիս, ըստ երևույթին, հրովարտակը խախտելու մտադրությամբ։

— Այդպե՜ս, այդպե՜ս, ես միայն հիմա եմ հասկա-նում,— ասաց թագավորը։— Նրանք իրե՞նք են մտադիր եղել մենամարտել այդտեղ։

— Ես նրանց չեմ մեղադրում, ձերդ մեծություն, սակայն ձերդ մեծությունն ինքը կարող է դատել, ի՞նչ նպատակով հինգ հոգի զինված կգնան այնպիսի մի ամայի տեղ, ինչպիսին է կարմելիտների վանքի շրջակայքը։

— Դուք իրավացի եք, Տրևիլ, իրավացի եք։

— Սակայն տեսնելով իմ հրացանակիրներին՝ նրանք իրենց մտադրությունը փոխում են, և անձնական թշնամությունը տեղի է տալիս գնդերի միջև եղած թշնամանքին։ Ձերդ մեծությանը հո հայտնի է, որ հրացանակիրները, որոնք նվիրված են թագավորին և միմիայն թագավորին, վաղեմի թշնամի են գվարդիականներին, որոնք նվիրված են պարոն կարդինալին։

— Այո, Տրևիլ, այո,— տխրությամբ ասաց թագավորը։— Շատ ցավալի բան է Ֆրանսիայում տեսնել այդ բաժա-նումը երկու բանակների։ Շատ ցավալի բան է, որ թագավորությունը երկու գլուխ ունի։ Բայց այդ ամենի վերջը կգա, Տրևիլ, այդ ամենը կվերջանա... Եվ այդպես, դուք ասում եք, որ գվարդիականները կռի՞վ են սկսել հրացանակիրների հետ։

— Ես ասում եմ, որ հավանորեն հենց այդպես է եղել։ Սակայն երաշխավորել չեմ կարող։ Ձեզ հայտնի է, թե որքան դժվար է ճշմարտությունը պարզել։ Դրա համար պետք է ունենալ այն արտասովոր խորաթափանցությունը, որի շնորհիվ Լյուդովիկոս XIII-ը կոչվել է Լյուդովիկոս Արդարադատ։

— Դուք իրավացի եք, Տրևիլ։ Բայց ձեր հրացանակիրները մենակ չեն եղել, նրանց հետ եղել է մի պատանի, համարյա երեխա։

— Այո, ձերդ մեծություն, և մեկն էլ վիրավորված է եղել, այնպես որ թագավորական երեք հրացանակիրները, որոնցից մեկն էլ վիրավորված է եղել, և նրանց հետ մի երեխա, կարողացել են դիմադրել պարոն կարդինալի հինգ ամենահռչակված գվարդիականներին և նույնիսկ նրանցից չորսին ցած են գցել։

— Բայց դա հո հաղթանա՜կ է,— գոչեց թագավորը շողալով։— Կատարյա՛լ հաղթանակ։

— Այո, ձերդ մեծություն, նույնքան կատարյալ, որքան Սեի<ref>Սե (Պոլ դը Սե) — քաղաք-ամրոց Լուարա գետի մոտ, որտեղ 1620 թ. ընդհարում է տեղի ունեցել թագավորական բանակի և ապստամբած ֆեոդալների զորքերի միջև։</ref> մոտ։

— Չորս մա՞րդ, ասացիք, որոնցից մեկը վիրավորված և մեկը համարյա երեխա՞։

— Հազիվ թե նրան կարելի է նույնիսկ երիտասարդ անվանել։ Բայց այդ ընդհարման ժամանակ նա իրեն այնպես լավ է պահել, որ ես համարձակվում եմ նրա համար երաշխավոր լինել ձերդ մեծության առաջ։

— Ինչպե՞ս է նրա անունը։

— Դ’Արտանյան, ձերդ մեծություն։ Դա իմ ամենահին բարեկամներից մեկի որդին է։ Որդին է մի մարդու, որը ձերդ մեծության հոր հետ մասնակցել է պատերազմին որպես կամավոր։

— Եվ ասում եք այդ պատանին լա՞վ է պահել իրեն։ Ավելի մանրամասն պատմեցեք ինձ, Տրևիլ, դուք հո գի-տեք, որ ես սիրում եմ պատմություններ լսել կռիվների, ու ճակատամարտերի մասին։

Եվ Լյուդովիկոս XIII թագավորը, հպարտորեն ետ ընկնելով, բեղը ոլորեց։

— Ձերդ մեծություն,— շարունակեց դը Տրևիլը,— պարոն դ’Արտանյանը, որն համարյա դեռ փոքրիկ տղա է, պատիվ չունենալով հրացանակիր լինելու, հագած է եղել քաղաքացու հագուստ։ Պարոն կարդինալի գվարդիականները, նկատի առնելով նրա խիստ ջահելությունը և մանավանդ այն, որ նա գնդին չի պատկանում, նրան առաջարկել են հեռանալ, քանի դեռ իրենք հարձակում չեն գործել։

— Ա՛յ, տեսնո՞ւմ եք, Տրևիլ,— ընդհատեց նրան թագավորը,— ուրեմն առաջինը նրանք են հարձակվել։

— Միանգամայն ճիշտ է, ձերդ մեծություն, այդ կասկածից դուրս է։ Եվ այսպես, նրանք դ’Արտանյանին առաջարկել են հեռանալ, սակայն նա պատասխանել է, որ ինքը հոգով հրացանակիր է և ամբողջովին նվիրված ձերդ մեծությանը, հետևապես, մնում է պարոնայք հրա-ցանակիրների հետ։

— Հիանալի՜ պատանի,— շշնջաց թագավորը։

— Նա իսկապես մնացել է հրացանակիրների հետ, և ձերդ մեծությունը հիանալի զինվոր է ձեռք բերել, որովհետև հենց նա է, որ իր սուսերով պարոն դը Ժյուսակին հասցրել է այն զարհուրելի հարվածը, որն այդպիսի զայրույթ է պատճառել կարդինալին։

— Այդ նա՞ է վիրավորել Ժյուսակին,— գոչեց թագավորը։— Նա՞, այդ տղա՞ն։ Անկարելի բան է, Տրևի՛լ։

— Ամեն ինչ տեղի է ունեցել այնպես, ինչպես ես պատիվ ունեցա զեկուցելու ձեզ։

— Ժյուսակը ամբողջ Ֆրանսիայում ամենալավ սուսերամարտիկներից մեկն է։

— Ի՛նչ կա որ, ձերդ մեծություն։ Նա դեմ է առել մի հակառակորդի, որը գերազանցում է իրեն։

— Ես ուզում եմ տեսնել այդ պատանուն, Տրևիլ, ես ուզում եմ տեսնել նրան և եթե կարելի է նրա համար որևէ բան անել, ապա մենք կզբաղվենք դրանով։

— Ձերդ մեծությունը ե՞րբ կբարեհաճի ընդունել նրան։

— Վաղը կեսօրին, Տրևի՛լ։

— Նրան մենա՞կ բերեմ։

— Ո՛չ, չորսին էլ միասին բեր։ Ես ուզում եմ նրանց բոլորին շնորհակալություն հայտնել միաժամանակ։ Նվիրված մարդիկ հաճախ չեն հանդիպում, Տրևի՛լ, և նվիրվածությունը արժանի է պարգևատրման։

— Կեսօրին, ձերդ մեծություն, մենք կլինենք Լուվրում։

— Փոքր մուտքից, Տրևիլ, փոքր մուտքից։ Կարիք չկա, որ կարդինալն իմանա...

— Լսում եմ, ձերդ մեծություն։

— Դուք հասկանում եք, Տրևիլ. հրովարտակը, այ-նուամենայնիվ, հրովարտակ Է։ Չէ՞ որ, վերջիվերջո, արգելված է մենամարտել։

— Բայց այս ընդհարումը, ձերդ մեծություն, բոլորովին դուրս է գալիս սովորական մենամարտի շրջանակից։ Սա ընդհարում է, և դրա լավագույն ապացույցն այն է, որ կարդինալի գվարդիականները եղել են հինգ հոգի իմ երեք հրացանակիրների և պարոն դ’Արտանյանի դեմ։

— Ճշմարիտ է,— ասաց թագավորը։— Բայց և այնպես, Տրևիլ, եկեք փոքր մուտքից։

Տրևիլը ժպտաց։ Նա հասել էր այն բանին, որ այդ երեխան վրդովվել էր իր ուսուցչի դեմ, և այդ արդեն շատ բան էր։ Նա հարգալից խոնարհվեց թագավորի առաջ և նրա թույլտվությունը խնդրելով՝ հեռացավ։

Նույն երեկոյան բոլոր հրացանակիրներն էլ տեղյակ դարձան այն պատվին, որին արժանանալու էին իրենք։ Վաղուց ճանաչելով թագավորին՝ նրանք այնքան էլ շատ հուզված չէին։ Բայց դ’Արտանյանը գասկոնացու իր երևակայությամբ այդ բանի մեջ տեսնում էր իր ապագա հաջողությունների նախանշանը և ամբողջ գիշեր ամենավարդագույն պատկերներ էր երևակայում։ Առավոտյան ժամը ութին նա արդեն Աթոսի մոտ էր։

Դ’Արտանյանը հրացանակրին գտավ արդեն հագնված և դուրս գալու պատրաստ։ Քանի որ ընդունելությունը թագավորի մոտ նշանակված էր կեսօրին, նա Պորտոսի և Արամիսի հետ պայմանավորվել էր գնալ Լյուքսեմբուրգյան ախոռի մոտ գտնվող պանդոկը և այնտեղ գնդակ խաղալ։ Աթոսը դ’Արտանյանին հրավիրեց իր հետ գնալ այնտեղ, և սա համաձայնեց, թեպետ և այդ խաղին ծանոթ չէր։ Ընդամենը դեռ առավոտվա ժամը իննին մոտ էր, և նա չգիտեր, թե մինչև տասներկուսը ինչպես անցկացնի ժամանակը։

Պորտոսն ու Արամիսն արդեն այնտեղ էին և զվար-ճության համար գնդակ էին նետում իրար։ Աթոսը, որ բոլոր մարմնական վարժություններում աչքի էր ընկնում մեծ ճարպկությամբ, դ’Արտանյանի հետ կանգնեց հրապարակի մյուս կողմում և նրանց առաջարկեց սկսել։ Սակայն առաջին իսկ շարժումին, թեև ձախ ձեռքով էր խաղում, նա հասկացավ, որ իր վերքը դեռ խիստ թարմ է այդպիսի վարժությունների համար։ Այսպիսով՝ դ’Արտանյանը մենակ մնաց, և որովհետև նա նախազգուշացրել էր, որ դեռ խիստ անփորձ է բոլոր կանոններով խաղալու համար, ուստի երկու հրացանակիրներր շարունակում էին միայն գնդակ նետել իրար՝ առանց շահած միավորները հաշվելու։ Գնդակներից մեկը, որ նետվել էր Պորտոսի զորեղ ձեռքով, այնպես թռավ, որ քիչ մնաց պիտի դիպչեր դ’Արտանյանի երեսին, և պատանին մտածեց, որ եթե գնդակը մոտով չանցներ, այլ երեսին դիպչեր, ընդունելությունը, հավանորեն, չէր կարող տեղի ունենալ, որովհետև ինքն ի վիճակի չէր լինի պալատ ներկայանալու։ Բայց չէ՞ որ, ինչպես պատկերացնում էր նա իր գասկոնացու երևակայությամբ, այդ ընդունելությունից էր կախված իր ապագան։ Նա հարգալից գլուխ տվեց Պոր-տոսին ու Արամիսին և ասաց, որ խաղը կշարունակի, երբ ընդունակ կլինի իր ուժերով չափվելու նրանց հետ։ Այս ասելով նա հեռացավ պարանից և տեղ գրավեց հանդիսականների մեջ։

Ի դժբախտություն դ’Արտանյանի՝ հանդիսականների մեջ կար նորին սրբազնության գվարդիականներից մեկը։ Կատաղած լինելով այն պարտությունից, որ հենց նախորդ օրը կրել էին նրա ընկերները, այս գվարդիականը երդվել էր ընկերների վրեժն առնել։ Դեպքը նրան հարմար թվաց։

— Զարմանալի չէ՞,— ասաց նա՝ դառնալով իր հարևանին,— որ այս պատանին վախեցավ գնդակից։ Սա երևի հրացանակիրների աշակերտն է։

Դ’Արտանյանը շուռ եկավ այնպիսի թափով, ասես օձը խայթեց նրան և խոժոռ նայեց այն գվարդիականին, որն այս հանդուգն խոսքերն ասաց։

— Ի՞նչ կա,— շարունակեց գվարդիականը՝ ծաղրաբար ոլորելով բեղը։— Նայեցեք ինձ որքան կուզեք, սիրելիս, ես ասացի այն, ինչ որ ասացի։

— Իսկ քանի որ ձեր ասածը շատ պարզ է և բացատրություններ չի պահանջում,— պատասխանեց դ’Արտանյա-նը,— ես խնդրում եմ ձեզ հետևել ինձ։

— Այսինքն ե՞րբ,— հարցրեց գվարդիականը նույն ծաղրական տոնով։

— Հենց այս րոպեին, խնդրում եմ ձեզ։

— Ձեզ, հուսով եմ, հայտնի է, թե ով եմ ես։

— Դա ինձ ամենևին հայտնի չէ, և բացի այդ, ինձ համար միևնույն է։

— Իզո՜ւր։ Կարող է պատահել, որ եթե իմ անունն իմանայիք, այդպես չշտապեիք։

— Ի՞նչ է ձեր անունը։

— Բերնաժու, ձեզ ծառա։

— Այդպես ուրեմն, պարոն Բերնաժու,— հանգիստ պատասխանեց դ’Արտանյանը,— ես ձեզ կսպասեմ մուտքի մոտ։

— Գնացեք, պարո՛ն։ Ես գալիս եմ ձեր հետևից։

— Ավելորդ շտապողականություն մի ցուցաբերեք, պարո՛ն, որպեսզի ոչ ոք չնկատի, որ մենք միասին դուրս եկանք։ Այն գործի համար, որով մենք պետք է զբաղվենք, մեզ ավելորդ վկաներ պետք չեն։

— Լավ,— համաձայնեց գվարդիականը, զարմացած՝ որ իր անունը պետք եղած տպավորությունը չգործեց։

Բերնաժուի անունը, իրոք որ, հայտնի էր բոլորին, թերևս, բացառությամբ միայն դ’Արտանյանի։ Որովհետև դա անունն էր մի մարդու, որը մասնակից էր լինում համարյա բոլոր կռիվներին ու ընդհարումներին, որոնք չնայած թագավորի ու կարդինալի հրամաններին, տեղի էին ունենում ամեն օր։

Պորտոսը և Արամիսն այնքան էին տարվել խաղով, Աթոսն էլ այնպես ուշադիր էր նայում նրանց, որ ոչ մեկը նույնիսկ չնկատեց էլ երիտասարդի դուրս գնալը, որը, ինչպես խոստացել էր կարդինալի գվարդիականին, կանգ առավ շեմքում։ Մի քանի րոպեից գվարդիա-կանը հետևեց նրան։ Դ’Արտանյանը շտապում էր, վախենալով, թե կուշանա թագավորի ընդունելությանը, որ նշանակված էր կեսօրին։ Շուրջը նայելով՝ նա տեսավ, որ փողոցը դատարկ է։

— Ազնիվ խոսք,— ասաց նա դառնալով իր հակառակորդին,— թեպետև դուք կոչվում եք Բերնաժու, բայց ձեր բախտը բանեց. դուք հանդիպել եք միայն աշակերտ-հրացանակրի։ Ասենք՝ մի՛ անհանգստանաք, ես կանեմ՝ ինչ որ կարող եմ։ Պաշտպանվեցե՛ք։

— Ինձ թվում է,— ասաց գվարդիականը, որին դ’Ար-տանյանը մարտի էր կանչում,— ինձ թվում է, որ անհաջող տեղ է ընտրված։ Մեզ համար ավելի հարմար կլիներ Սեն Ժերմենի աբբատության այն կողմը մի որևէ տեղ, կամ Պրե-օ-Կլերում։

— Ձեր ասածը միանգամայն խելամիտ է,— պատասխանեց դ’Արտանյանը։— Բայց, դժբախտաբար, ես ժամանակ քիչ ունեմ։ Ուղիղ տասներկուսին ես տեսակցություն ունեմ նշանակված։ Ուստի պաշտպանվեցե՛ք, պարո ն, պաշտպանվեցե՛ք։

Բերնաժուն այնպիսի մարդ չէր, որ հարկ լիներ կրկնել նրան այդ մարտահրավերը։ Նույն վայրկյանին սուսերը շողաց նրա ձեռքում, և նա նետվեց հակառակորդի վրա, որին, նկատի առնելով նրա ջահելությունը, հույս ուներ վախեցնելով փախցնել։

Սակայն դ’Արտանյանը նախորդ օրն արդեն լավ դպրոց էր անցել։ Դեռևս ամբողջ մարմնով դողալով հաղթանակի գիտակցությունից, այրվելով սպասվող ողորմածությունից, նա լի էր ոչ մի քայլ չնահանջելու վճռականությամբ։ Սուսերները զրնգոցով խաչաձևվեցին։ Դ’Արտանյանը պինդ էր դիմանում, և հակառակորդը ստիպված եղավ քայլ նահանջել։ Օգտվելով այն բանից, որ այդ շարժումն անելիս Բերնաժուի սուսերը մի փոքր թեքվեց, դ’Արտանյանը իր սուսերն ազատելով առաջ նետվեց և սայրը խփեց հակառակորդի ուսին։ Ապա իսկույն սուսերը վեր բարձրացնելով մի քայլ ետ ցատկեց։ Սակայն Բերնաժուն ձայն տվեց նրան, թե այդ դատարկ բան է, և համարձակորեն առաջ նետվելով՝ ինքը դիպավ դ’Արտանյանի սուսերի սայրին։ Այնուամենայնիվ, որովհետև նա չէր ընկել և իրեն պարտված չէր համարում, այլ միայն նահանջում էր պարոն դը Լա Տրեմուլի<ref>Լա Տրեմուլ — Անրի դուքս դը Լա Տրեմուլ — բողոքական, Ռիշելիեի ճնշմամբ ընդունեց կաթոլիկությունը։</ref> առանձնատան կողմը, որտեղ ծառայում էր նրա ազգականներից մեկը, ապա դ’Արտանյանը, չիմանալով, թե որքան վտանգավոր է վերջին վերքը, որ ինքը հասցրեց հակառակորդին, համառորեն նեղում էր նրան և հավանաբար վերջ կտար նրա կյանքին։ Սակայն փողոցի աղմուկը լսվեց այն շենքի ներսում, որտեղ գնդակ էին խաղում։ Գվարդիականի ընկերներից երկուսը, որոնք նկատել էին, թե իրենց ընկերն ինչպես մի քանի խոսք փոխանակեց դ’Արտանյանի հետ, ապա դուրս գնաց նրա հետևից, սուսերները դուրս քաշելով փողոց նետվեցին և հարձակվեցին հաղթողի վրա։ Բայց հենց այդ նույն ակնթարթին Աթոսը, Պորտոսը և Արամիսը նույնպես երևացին շեմքում և հարձակվելով երկու գվարդիականների, որոնք գրոհել էին նրանց երիտասարդ ընկերոջը, ստիպեցին երեսներն իրենց կողմը դարձնել։ Այս պահին Բերնաժուն ընկավ, և գվարդիականները տեսնելով, որ երկու-սով չորսի դեմ մնացին, աղաղակ բարձրացրին։

— Օգնեցե՜ք, դը Լա Տրեմուլի՜ մարդիկ։

Այս կանչի վրա դը Լա Տրեմուլի տանից դուրս թափվեցին բոլորը, ովքեր կային այնտեղ և հարձակվեցին չորս հրացանակիրների վրա։

Բայց այդ ժամանակ հրացանակիրներն էլ իրենց հերթին մարտակոչ արին՝ «Հրացանակիրնե՜ր, օգնությա՜ն հասեք»։

Այդ կոչին միշտ արձագանքում էին։ Բոլորը գի-տեին, որ հրացանակիրները նորին սրբազնության թշնամիներն են, և հենց այդ թշնամության համար էլ նրանք սեր էին վայելում։ Ուստի մյուս գնդերի գվարդիականները, որոնք չէին ծառայում Կարմիր Դուքսին, ինչպես անվանել էր նրան Արամիսը, այսպիսի ընդհարումների ժամանակ թագավորի հրացանակիրների կողմն էին բռնում։ Հենց այդ պահին մոտիկից անցնում էին պարոն Դեզեսարի գնդի երեք գվարդիականներ, և նրանցից երկուսը նետվեցին օգնելու չորս ընկերներին, իսկ երրորդը վազեց դեպի դը Տրևիլի տուն՝ բղավելով.

— Օգնությո՜ւն, հրացանակիրնե՜ր, օգնությո՜ւն։

Ինչպես միշտ, պ-րն դը Տրևիլի տան բակը լիքն էր նրա գնդի զինվորներով, որոնք նետվեցին օգնելու իրենց ընկերներին։ Ստացվեց մի ընդհանուր գոտեմարտ, բայց գերակշռությունը հրացանակիրների կողմն էր։ Կարդինալի գվարդիականները և դը Լա Տրեմուլի մարդիկ նահանջեցին դեպի տան բակը և հազիվ կարողացան դարպասը փակել իրենց հետևից, որպեսզի հակառակորդը չներխուժի իրենց հետ։ Վիրավորված Բերնաժուն ծանր վիճակում մինչ այդ արդեն տուն էր փոխադրվել։

Հրացանակիրների ու նրանց դաշնակիցների միջև ծագած գժտությունը ծայրաստիճան լարվել էր, և արդեն հարց էր ծագում, թե պետք չէ՞ արդյոք վառել դը Լա Տրեմուլի տունը, որպես վրեժխնդրություն այն բանի, որ նրա մարդիկ համարձակվել են հարձակվել թագավորի հրացանակիրների վրա։ Ինչ-որ մեկի արած այս առաջարկությունը ցնծությամբ ընդունվեց, սա-կայն, բարեբախտաբար, ժամը տասնմեկը խփեց։ Դ’Արտանյանն ու նրա ընկերները հիշեցին ընդունելության մասին և վախենալով, թե այդպիսի մի հիանալի բան առանց իրենց մասնակցության կանեն, աշխատում էին հանգստացնել այդ տաքգլուխներին։ Այնուամենայնիվ մի քանի քար նետվեց դարպասի վրա։ Սակայն դարպասն ամուր էր։ Այդ բանը մի փոքր պաղեցրեց ամբոխին։ Բացի դրանից. պարագլուխներն արդեն բաժանվել էին ամբոխից և ուղղվել դեպի դը Տրևիլի տուն, որտեղ դը Տրևիլն արդեն դեպքին իրազեկ՝ սպասում էր նրանց։

— Շո՛ւտ դեպի Լո՜ւվր,— ասաց նա։— Դեպի Լո՜ւվր, առանց մի րոպե կորցնելու, և աշխատեցեք տեսնվել թագավորի հետ ավելի շուտ, քան կարդինալը կկարողանա նախազգուշացնել նրան։ Մենք այս գործը նրան կներկայացնենք որպես երեկվա դեպքի շարունակություն, և երկուսն էլ մեկի տեղ կանցնեն։

Պարոն դը Տրևիլը չորս ընկերների ուղեկցությամբ շտապեց Լուվր։ Բայց այնտեղ, ի մեծ զարմանս հրացանակիրների կապիտանի, նրան հաղորդեցին, որ թագավորը գնացել էր Սեն Ժերմենի անտառը՝ եղջերուի որսի։ Պարոն դը Տրևիլը ստիպեց երկու անգամ կրկնել այդ նորությունը և ամեն անգամ ավելի շատ էր մռայլվում։

— Նորին մեծությունը երե՞կ էր որոշել որսի գնալ,— հարցրեց նա։

— Ոչ, ձերդ գերազանցություն,— պատասխանեց սենեկապետը։— Այսօր առավոտյան գլխավոր որսապետը նրան զեկուցեց, որ գիշերը նրա համար մի եղջերու են շուրջկալել։ Թագավորը սկզբում ասաց, որ չի գնա, հետո, չկարողանալով հրաժարվել այդպիսի բավականությունից, ճաշից հետո գնաց։

— Մեկնելուց առաջ թագավորը տեսակցե՞ց կարդինալի հետ,— հարցրեց պարոն դը Տրևիլը։

— Ամենայն հավանականությամբ՝ այո,— պատասխանեց սենեկապետը։— Այսօր առավոտյան ես մուտքի մոտ տեսա նորին սրբազնության կառեթը՝ ձիերը լծած։ Ես հարցրի, թե ո՞ւր է ուզում գնալ նա, ինձ պատասխանեցին՝ Սեն Ժերմեն։

— Մեզնից առաջ են ընկել,— ասաց դը Տրևիլը։— Այսօր երեկոյան, պարոններ, ես կտեսնեմ թագավորին։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ, խորհուրդ եմ տալիս չերևալ նրա աչքին։

Սա խելացի խորհուրդ էր, իսկ գլխավորը՝ բխում էր թագավորին այնքան լավ ճանաչող մարդուց, այնպես որ չորս ընկերները նույնիսկ չփորձեցին վիճել նրա հետ։ Պարոն դը Տրևիլը նրանց առաջարկեց ցրվել տները և հետագա տեղեկություններ սպասել իրենից։

Տուն վերադառնալով՝ դը Տրևիլը մտածեց, որ հարկավոր է շտապել և առաջինը գանգատ տալ։ Նա իր ծառաներից մեկին ուղարկեց պ-րն դը Լա Տրեմուլի մոտ, տալով մի նամակ, որով խնդրում էր նրան իր տանից վռնդել այն գվարդիականին, որը կարդինալի ծառայության մեջ է, և հանդիմանություն անել իր մարդկանց, որ համարձակվել են հարձակվել հրացանակիրների վրա։ Պ-րն դը Լա Տրեմուլը, արդեն իսկ նախազգուշացված լինելով իր ախոռապետի կողմից, որը, ինչպես հայտնի է, Բերնաժուի ազգականն էր, պատասխանեց, որ ո՛չ պ-րն դը Տրևիլը և ոչ էլ նրա հրացանակիրները պիտի գանգատվեն, այլ ընդհակառակն, պետք է որ հենց ինքը գանգատվեր, որովհետև հրացանակիրներն են գրոհել իր ծառաների վրա և նույնիսկ ցանկացել են վառել իր տունը։ Վեճը այս երկու ազնվականների միջև կարող էր երկար շարունակվել և, իհարկե, նրանցից ամեն մեկը իր ասածը կպնդեր, սակայն դը Տրևիլը գտավ մի ելք, որը պետք է ամեն ինչ պարզեր։ Նա որոշեց անձամբ գնալ պ-րն դը Լա Տրեմուլի մոտ։

Հասնելով պ-րն դը Լա Տրեմուլի տուն՝ նա հրամայեց զեկուցել իր գալու մասին։

Ազնվականները հարգալից ողջունեցին իրար։ Թեպետև ընկերական կապերով կապված չէին, բայց և այնպես նրանք փոխադարձաբար հարգում էին իրար։ Երկուսն էլ պատվասեր և մեծ հոգու տեր մարդիկ էին։ Եվ որովհետև դը Լա Տրեմուլը բողոքական լինելով հազվադեպ էր արքունիք գնում և ոչ մի կուսակցության չէր պատկանում, ուստի սովորաբար մարդկանց հետ իր փոխհարաբերություններում կանխակալ կարծիք չէր մտցնում։ Այս անգամ դը Տրևիլը թեպետև հարգանքով ընդունվեց, սակայն ավելի սառը, քան միշտ։

— Պարոն,— խոսեց հրացանակիրների կապիտանը։— Մենք երկուսս էլ մեզ վիրավորված ենք զգում, և ես եկել եմ ձեզ մոտ, որպեսզի միասին պարզենք գործի բոլոր հանգամանքները։

— Սիրով,— պատասխանեց դը Լա Տրեմուլը։— Բայց նախազգուշացնում եմ ձեզ, որ ես քաջատեղյակ եմ, ամբողջ մեղքը ձեր հրացանակիրների վրա է ընկնում։

— Դուք, պարոն, շատ խոհեմ ու արդարամիտ մարդ եք և չեք հրաժարվի այն առաջարկությունից, որով եկել եմ ես ձեզ մոտ։

— Խնդրեմ, պարոն, ես լսում եմ ձեզ։

— Ինչպե՞ս է զգում իրեն պարոն Բերնաժուն, ձեր ախոռապանի ազգականը։

— Շատ վատ, պարոն։ Բացի թիակի վերքից, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում, նրան տրվել է նաև երկրորդ հարվածը, որը դիպել է թոքին։ Բժիշկը համարյա հույս չունի, թե նա կապաքինվի։

Վիրավորի գիտակցությունը տե՞ղն է։

— Այո, լիովին։

— Նա կարո՞ղ է խոսել։

— Դժվարությամբ, բայց խոսում է։

— Դե ուրեմն, պարոն, գնանք նրա մոտ և աստծու անունով, որի առաջ գուցե թե նրան վիճակված է շուտով կանգնել, երդվել տանք՝ ասելու ճշմարտությունը։ Թող նա ինքը դատավոր լինի իր սեփական գործին, պարոն, և ես կհավատամ ամենին, ինչ որ նա կասի։

Պ-րն դը Լա Տրեմուլը մի պահ մտածեց, բայց գտնելով, որ դրանից ավելի խելացի առաջարկություն անել դժվար է, իսկույն համաձայնեց։ Նրանք երկուսն էլ իջան այն սենյակը, որտեղ պառկած էր վիրավորը։ Տեսնելով այդ անվանի պարոններին, որոնք եկել էին իրեն այցելության, հիվանդը փորձեց մահճակալից բարձրանալ, բայց այնքան թույլ էր, որ իր գործադրած ջանքերից ուժասպառ եղած՝ նո-րից վայր ընկավ՝ համարյա գիտակցությունը կորցրած։

Պ-րն դը Լա Տրեմուլը մոտեցավ նրան, քթին հպեց ինչ-որ աղանման փոշի, որը և նրան ուշքի բերեց։ Այն ժամանակ պ-րն դը Տրևիլը չցանկանալով, որ իրեն մեղադրեն հիվանդի վրա ճնշում գործադրելու մեջ, դր Լա Տրեմուլին առաջարկեց, որ ինքը հարցեր տա վիրավորին։ Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես ենթադրում էր պ-րն դը Տրևիլը։ Կյանքի ու մահվան միջև գտնվելով՝ Բերնաժուն չկարողացավ ճշմարտությունը թաքցնել։ Եվ նա պատմեց ամեն ինչ այնպես, ինչպես իրոք եղել էր։

Դը Տրևիլը հենց միայն դրան էր սպասում։ Նա Բերնաժուին շուտափույթ ապաքինում ցանկացավ, հրաժեշտ տվեց դը Լա Տրեմուլին, վերադարձավ իր տուն և իսկույն մարդ ուղարկեց չորս ընկերների մոտ՝ ասելու, որ սպասում է նրանց ճաշին։

Պ-րն դը Տրևիլի մոտ ընտիր հասարակություն էր հավաքվել, ի դեպ՝ բոլորը կարդինալի հակառակորդներ։ Ուստի հասկանալի է, որ ամբողջ ճաշի ընթացքում խոսակցությունը պտտվում էր նորին սրբազնության գվարդիականների երկու անգամ կրած պարտության շուրջը։ Եվ որովհետև դ’Արտանյանը երկու կռիվներում էլ հերոս էր եղել, ապա հենց նրա վրա էին տեղում բոլոր գովասանքները, իսկ Աթոսը, Պորտոսը և Արամիսը ուրախ էին այդ գովասանքները նրան զիջելու ոչ միայն որպես լավ ընկերներ, այլև որպես մարդիկ, որոնց այնքան հաճախ էին գովաբանել, որ այս անգամ նրանք կարող էին հրաժարվել իրենց բաժնից։

Ժամը վեցին մոտ դը Տրևիլը հայտարարեց, որ ժամանակն է Լուվր գնալու, որովհետև ընդունելության համար նշանակված ժամն անցել էր, նա արդեն փոքր մուտքով անցնելու թույլտվություն չխնդրեց, այլ իր չորս ուղեկիցների հետ տեղ գրավեց ընդունարանում։ Թագավորը դեռ որսից չէր վերադարձել։ Արդեն մոտ կես ժամ էր, ինչ մեր երիտասարդ բարեկամները սպասում էին, մեկ էլ հանկարծ բոլոր դռները բացվեցին, և ազդարարվեց նորին մեծության ժամանումը։ Դ’Արտանյանը դողում էր։ Հաջորդ րոպեները, ըստ երևույթին, պետք է վճռեին նրա հետագա բախտը։ Շունչը պահած նա հայացքը հառել էր այն դռանը, որով պետք է ներս մտներ թագավորը։

Լյուդովիկոս XIII-ը երևաց շեմքում։ Նա իր ուղեկիցներից առաջ էր ընկել։ Հագին բոլորովին փոշոտված որսորդական հագուստ էր և բոտֆորտներ<ref>Երկարաճիտ կոշիկներ։</ref>։ Ձեռքին մի մտրակ ուներ։ Առաջին իսկ հայացքից դ’Արտանյանը հասկացավ, որ փոթորիկն անխուսափելի է։

Որքան էլ ակնհայտ էր, որ թագավորի տրամադրությունը լավ չէ, այնուամենայնիվ բոլոր պալատականները շարվեցին նրա ճանապարհի երկարությամբ. թագավորական ընդունարաններում գերադասում են ցասումնալից հայացքի տակ ընկնել, քան ամենևին չարժանանալ հայացքի։ Դրա համար էլ երեք հրացանակիրներն առանց տատանվելու առաջ քայլեցին, այնինչ դ’Արտանյանը, ընդհակառակն, աշխատում էր թաքնվել նրանց թիկունքներում։ Եվ թեպետ թագավորը Աթոսին, Պորտոսին ու Արամիսին դեմքով ճանաչում էր, այնուամենայնիվ անցավ նրանց մոտով, նույնիսկ չնայելով, ոչ մի խոսք չասելով, ասես երբեք նրանց չէր տեսել։ Ինչ վերաբերում է դը Տրևիլին, երբ թագավորի հայացքը կանգ առավ նրա վրա, նա այնպիսի ամրությամբ դիմացավ այդ հայացքին, որ թագավորն ակամա իր հայացքը հեռացրեց։ Դրանից հետո նորին մեծությունը ինչ-որ անհասկանալի հնչյուններ արտասանելով անցավ իր սենյակները։

— Գործերը վատ են,— ժպտալով ասաց Աթոսը։— Այս անգամ էլ մենք օրդենի ասպետ չենք դառնա։

— Սպասեցեք այստեղ մի տասը րոպե,— ասաց պ-րն Տրևիլը։— Եվ եթե այդ ժամանակամիջոցում ես չգամ, գնացեք իմ տուն. այլևս սպասելն անօգուտ կլինի։

Չորս ընկերները սպասեցին տասը րոպե, տասնհինգ րոպե, քսան րոպե։ Տեսնելով, որ դը Տրևիլը չի երևում, նրանք հեռացան շատ անհանգստացած։

Comments